Մհեր Իսրայելյան | Իզաուրա երինջի տեսիլքը

Գյուղից քաղաք գալու ծեծված թեման չէի էլ հանդգնի շոշափել, եթե չլիներ երազս: Ինչ մի հետաքրքիր բան կա, մանավանդ գլոբալիզացիայի մեր դարաշրջանում: Հորս ընկերոջ ասած՝ գյուղից քաղաք եկած ու ձախողված (իր բառերով՝ քաշված) տղեկի վերջին դեպքը տեղի է ունեցել տասնիներորդ դարավերջին, առիթ տալով մեր քերթության անհաս գագաթ Թումանյանին հուզիչ մի պատումով հավերժացնել այն իր «Գիքորը» պատմվածքում: Արցունքը տեղը տեղին ցողված էր, Գիքորը համարյա մոռացված, երբ չարաբաստիկ երազը բռնացրեց ինձ ու ստիպեց հուշադարանից պեղել այս պատմությունը, վրայից մաքրել քառորդդարյա փոշին ու տարակուսել, թե սա ի վերջո մի իրական վերհու՞շ է, թե փչան գրողի երևակայության արգասիք:
Եվ այսպես, երազիս մեջ բասկետբոլ էինք խաղում, երբ մեր կուրսի արթիկցի Նորոյի գլուխը իր գյուղական կարծրության ողջ հմայքով, չուգուն-գլխի պիտակը հավերժ որդեգրելու սպառնալիքն անտեսելով, շրխկաց քթարմատիս՝ ինձ իրավունք ընձեռելով հետագայում առանց սեթևեթանքի քիթս խոթել Նորոյի անձնական կյանքի ամենամութ խութերը: Ով Նորոյի չուգուն-գլուխն իր քթարմատին դեռ չի զգացել, ասեմ, որ աչքերդ պեծպեծին են տալիս, հետո մշուշվում են, հետո կամաց կամաց լուսավորվում, ու երբ վարար արյունը մակարդվում է, գլխավերևում ուրվագծվում է Նորոյի մեղմ ժպիտը։
– Ապ ջան, բան չի եղե, քիչ-ըմ քիթդ է լղոզվե, կանցնի կերթա,- իբր մխիթարեց Նորոն ու ձեռքը մեկնեց ինձ:
– Ապ ջան, ինձնից չնեղանաս, քարը քարի վրա չեմ թողնելու,- խոստացա ես:
Հենց այդ պահին էլ աչքերս բացեցի, լեղապատառ վեր թռա, վազեցի հայելու մոտ ու արտացոլանքիս մեջ տեսա քթիս ծռմռված միջնապատը: Միայն այդժամ հասկացա, որ երազը ոչ էլ երազ էր: Երազը քառորդ դար առաջ տեղի ունեցած մի դեպքի ճշգրիտ արտապատկերն էր, որ մղեց ինձ մտորելու, թե երազը որպես մարդկային մտքի անմեկնելի երևույթ իրականում գիտակցության ինչ-ինչ շոշափուկներով ապագա՞ն է փորձում նախանշել, թե՞ պարզապես անցյալի վաղանցիկ ակնթարթ է: Մղեց ինձ մի բյուրեղյա հստակությամբ վայրկյան առ վայրկյան վերականգնելու Նորոյի պատմական հաղթարշավի մանրամասները:
Ի վերջո, խոստումները պետք է կատարել, ընձեռված իրավունքը անխնա իրացնել հանուն ճշտի ու արդարության անկասելի հաղթանակի։ Վերցնելու եմ գրիչս ու քարը քարի վրա չեմ թողնելու, այնպես եմ նախշելու, որ Նորոն զարմացած բացականչելու է.
– Ծո՛, ինչխ կատղել ես, էս ինչ ես «բորշել», էս հանաք մասխարություն չէ, էս մարդասպանություն է: Ապ ջան, ըդպես բան չի եղել:
Եղել է, թե չի եղել, մենք չենք որոշում: Ով որ կասի, թե Նորո անունով գյուղից քաղաք եկած տղա չի եղել, ուրեմն չի սովորել Երևանի պետական համալսարանում, հեռավոր իննսունական թվականներին, հաղթանակի ցուրտ ու մութ տարիներին: Հետո ինչ, որ Նորոն դեռ մանկուց տաքարյուն երեխա էր, անհաշտ ու կռվարար խառնվածքով, կարևորը՝ գլուխն աշխատում էր հոյակապ, շվեյցարական ժամացույցի նման: Ոսկե մեդալը երաշխավորված էր, դպրոցի տնօրենը՝ հպարտ, գյուղական նախանձախնդիր հասարակությունը՝ գոհ ու երջանիկ: Հետո ինչ, որ երբեմն գլուխն օգտագործում էր այլ նշանակությամբ, արդարության համար պայքարի բովում սառը զենք սարքած ըստ արժանվույն թրծում այն՝ ալեկոծելով գյուղի հաշտ ու խաղաղ առօրյան ու խռովելով միապաղաղ կյանքի հանդարտ ընթացքը:
– Ոչինչ, կը մեծընա, կկակղի,- հույս էին տալիս գյուղի իմաստունները:
– Ծո, էս Նորոն էլ որ չեղնի ձանձրույթից մեռնինք գը,- զվարճանում էին երեխաները:
– Ըսիգ շատ առաջ կերթա,- մարգարեանում էին տեղի իրավապահ մարմինները:
Բոլոր ուժեղ մարդիկ էլ մի թուլություն ունեն: Ով որ կասի թե Իզաուրա անունով երինջ չի եղել, ուրեմն չի զգացել ստրկուհի Իզաուրայի հանուն ազատության կրած տառապանքի ցավը: Պետք չէ վախենալ, երբ արյունը փոթորկվի, Նորոն կփարվի Իզաուրա երինջի պարանոցին, մեղմիկ կշոյի գլուխը, կբզկտի վզատակը: Երինջը երանությունից կնվաղի, կկոցի աչքերը, կբառաչի, երկար-երկար… Բառաչի հրաշագործությամբ Նորոյի նյարդերի կծիկը հանգույց առ հանգույց կքանդվի, գլուխը խուժած արյունը կնահանջի դեպի սրտի փականները: Նահանջի այդ պահերին Նորոն կբռնի Իզաուրայի նոր ծլած պոզիկներից, այսուայնկողմ կտանի-կբերի, շատ զգույշ՝ մեկ աջ, մեկ ձախ, իբր ուզում է գետնին տապալել, իբր ուզում է գլորել անդունդը: Երբ Նորոն գնա քաղաք, Իզաուրան դեռ երկար կբառաչի, ու այն օրը, երբ ծնկի՝ ծնելու առաջին հորթուկին, մեկընդմիշտ կմոռանա Նորոյին ու իր գուրգուրանքները:
Նորոն երևի պատմվածքի հերոս չդառնար, եթե տրամաբանության տառին համահունչ առաջին կիսամյակի քննությունները գերազանցությամբ շրխկացնելուց հետո հենց նույն ոգով էլ շարունակեր ու համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելով իր գիտելիքները ծառայեցներ հանուն հայրենի դիվանագիտության անձնվեր ջանքերի: Կամ էլ իր եռացող արյունը մեծահոգաբար բաշխեր հայրենի ազատամարտին, ինչպես այդ տարիներին շատերն արեցին: Չէ, ո՛չ մեկն էր Նորոյինը, ո՛չ մյուսը: Նորոյի տարերքը, ինչպես պարզվեց, փողոցն էր: Չկար կռիվ, որ Նորոյի չուգուն-գլուխը չխցկվեր մեջը: Իբր անարդարության դեմ աննկուն պայքարի առաջամարտիկ էր, դրամաշորթության ռահվիրա կամ մերօրյա Ռոբին Հուդ, կոչված թալանելու հարուստներին ու պաշտպանելու աղքատներին: Հիմա կմտածեք պատումը համոզիչ չէ, Իզաուրա երինջին փարվող Նորոն ի՞նչ գործ ունի քաղաքի, փողոցի, ռեկետի ու քրեական օրենսգրքի այլ հոդվածների հետ: Կյանքի կեսը գյուղում, մյուս կեսը քաղաքում ապրած մի երևելի ուսանող «հասարակագիտություն» առարկայից քննություն տալիս «գյուղի և քաղաքի տարբերությունը» հարցին հանդգնել էր յուրովի պատասխանել, իբր սեփական կենսափորձի վրա հիմնվելով, որովհետև նախօրոք անգիր չէր արել պահանջվող բանաձևը: Նման քամահրական վերաբերմունքի պատճառով ուսանողը դուրս էր մնացել համալսարանից: Նորոն էլ, արհամարհելով հարցի զգայուն բնույթն ու քողարկված երանգները, կտրականապես մերժել էր տխրահռչակ բանաձևը ու որոշել այդ տարբերությունը ջնջել կացինով.
– Ապ ջան, հեչ տարբերություն էլ չկա, քաղաքն էլ ինչխոր մեծ գյուղ էղնի, մի օր գնանք մեր գյուղ ինքներդ համոզվիք գը:
Երբ գյուղի և քաղաքի տարբերությունը տեղում ստուգելու համար Նորոյի քաղաքացի ընկերները ժամանեցին գյուղ, հենց այդ ժամանակ էլ բացահայտվեց Նորոյի սրտի ամենանուրբ առեղծվածը: Տղաներից մեկի՝ Իզաուրա երինջին ուղղված անզգույշ կատակից Նորոն երեխայի պես նեղացավ (չափազանցության սիրահար մեր ընկերը հիշում է, թե նույնիսկ աչքերն էին լցվել).
– Տո ապ ջան, կովին բան չըսես, կովը սրբություն է, ընտանիք կկերակրե:
– Արա կովը հո սիրած աղջիկ չի, սրբություն ես ասում։
– Տո կովը գոնե կաթ կուդա, պանիր կուդա, թե չէ կեղնին քծիբ մեծահարուստներ, որ ոչ մարդկությանն են պետք, ոչ բնությանը…:
Քաղաքը կլանեց Նորոյին, թե Նորոն քաղաքին, այդպես էլ չիմացանք: Քաղաքը գեղեցկուհի Աննային Նորոյին մատուցեց «կապույտ եզրաշերտերով սկուտեղի վրա», մատուցեց որպես փրկության մի վերջին փարոսիկ:
– Այս աղջիկը պահապան հրեշտակ է, կործանումից կփրկի Նորոյին,- միահամուռ մտածեց քաղաքային հասարակությունը:
– Կամ էլ վերջնականապես կգլորի անդունդը,- մտահոգվեց երամից հետ ընկած մի ագռավ:
Սկուտեղի վրա մատուցված նվերը Նորոն ըմբռնեց յուրովի: Որքան արյան գետեր հոսեցին, որքան պատահական անցորդներ ծեծվեցին, որքան քթեր ջարդուխուրդ եղան, միայն երևի Նորոն կիմանա: «Ինչպիսի սանձարձակություն, ինչպիսի լկտիություն, կեցցես Նորո»՝ քաջալերեց արյան համն առած զվարճասեր հանդիսատեսը:
– էս քաղքցիք լրիվ համը կհանեն,- ասում էր Նորոն ու շրըխկ:
– Ինչխ կնայեք, աղջիկ չե՞ք տեսե,- ասում էր Նորոն ու շրըխկ:
– Ինչխ կբարևեք, գործ չունիք կեսիս հետ,- ասում էր Նորոն ու շրըխկ:
– Տո անտերներ, ըդորից հեռու մնացեք,- ասում էր Նորոն, ու չուգուն-գլուխն իջնում էր հերթական զոհի քթարմատին:
Իհարկե մեկումեջ էլ Նորոն էր ծեծ ուտում, բայց դե ինքներդ գիտեք, ազնիվ զգացմունքի համար պայքարը զոհեր ու արյուն է պահանջում:
– Նորո, խելքիդ աշե, ես հո ձեր Իզաուրա երինջը չեմ, որ ինձ մարդ չնայի, մարդ չբարևե, հետս մարդ չխոսի,- հանդիմանում էր Աննան Նորոյի լեզվով,- ինչխոր վայրենի էղնիս:
– Աղջի, կսպանեմ, չհամեմատվես: Ամեն մեկդ ձեր տեղն ունիք,- անդրդվելի էր մնում Նորոն:
Թողնենք թող Նորոյի ու Աննայի սիրո պատմությունը ձնագնդիկի նման խմորվի, մենք էլ դառնանք Նորոյի հասարակական գործունեության առավել վառ դրվագներին: Ինչպես և ակնկալվում էր, շուտով Նորոյի անունը սկսեց թափառել համալսարանական ուսանուղության խաղացկուն շուրթերին. «Իսկական առյուծ տղա է, ճշտի մեռած, որ եկավ գյուղից ու ապացուցեց, որ արդարությունից անդին ոչինչ չկա»,- ասում էին ոմանք: «Արյունարբու գազան է, ոչ խիղճ ունի, ոչ սիրտ»,- ասում էին այլոք: Աննան շատ լավ գիտեր՝ Նորոն առյուծ տղա էր, Նորոն արյունարբու գազան էր, Նորոն իր խաչն էր, որ պիտի կրեր, որպես նախախնամության հրամցրած ընծա: «Աննա աղջիկ, հույս չունենաս, հո չեմ թողնի շուն ու գելի բաժին դառնաս, սպանեմ-վերջացնեմ գը»,- մի վերջին անգամ զգուշացնում էր Նորոն:
Որոշ չարախոսներ սկսել էին բամբասել, թե երես առած աղջկա հավակնոտ պահանջները բավարարելու համար խեղճ գեղջուկ տղան ընկել է հանցագործ աշխարհի ճիրանները, խաղալիք դարձել դրամաշորթության ու կողոպուտի կազմակերպված սարդոստայնի ձեռքին: Այլ զազրախոսներ մոգոնում էին, թե նույնիսկ ուսանողների թոշակն է ձեռքներից խլում: Երևի կռահեցիք, որ Նորոյի չուգուն-գլուխը վաղ թե ուշ պիտի գրավեր քաղաքային ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության ուշադրությունը, դառնար զննության առարկա, ու փորձագետները պիտի եզրակացնեին, որ ամենակարևոր այդ մարմնամասը պարբերաբար օգտագործվում է հանց սառը զենք: Ոստիկանությունը հավուր պատշաճի պիտի տնտղեր իրեղեն ապացույցը, գցեր-բռներ օգտագործման շարժառիթները ու արձանագրեր.
– Քո պատկերացնումները անարդարության դեմ պայքարի մասին մեղմ ասած համահունչ չեն քրեական օրենսգրքի տառին ու ոգուն: Ռեկետ: Դրամաշորթում, լսե՞լ ես:
– Ծո, ապ ջան ինչ ռեկետ, ինչ դրամաշորթում, էդ բալամը էնքան փող ունի, որ ինձ ու քեզ մեջը թաղե գը:
– Այ տղա, ուրիշի փողի հետ ինչ գործ ունես, դու քո դասերը սովորի: Երևի էն խեղճ ու կրակի թոշակն էլ էր աչքդ ծակել:
Որքան էլ զարմանալի է, հաղթանակի ցուրտ ու մութ տարիներին հայրենական ոստիկանությունը, ինչպես ասում են, բարի աչքեր ուներ, ճանկում էր արյուն քրտինքով վաստակած ապրուստի իր ոսկորը ու ներում մոլորյալներին: Բայց ներման սահմանաչափը մի օր սպառվեց ու Նորոն մատանին հազիվ Աննայի մատը խոթելով, հայտնվեց ճաղերի հետևում՝ ի հաստատումն երամից հետ ընկած ագռավի կռռոցի և ի ապաշխարանք գյուղի ու քաղաքի տարբերությունը ջնջելու անդուլ չարչաչանքների:
Դավաճանությունը ամեն տեղ դավաճանություն է և այլ բառի փնտրտուքը անշնորհակալ գործ է: Նորոյի կապանքներից ազատված գեղեցկուհի Աննան պիտի բռներ ուրացման ճանապարհը ու դառնար շուն ու գելի բաժին: Ուխտադրուժ Աննայի կապանքներից ազատված Նորոն էլ օրեր պիտի հաշվեր, թե երբ է լույս աշխարհ դուրս գալու ու կատարելու վաղեմի խոստումը:
Ասում են, ճիշտ այն օրը, երբ բանտի ծանր դռները բացվել են Նորոյի առաջ ու դուրս հրավիրել նրան, գյուղում Իզաուրան հոգին փչել է: Նորոն Իզաուրայի գերեզմանին է ցողել հիշատակի գինին, եղունգները մխրճել է մեքենայի ղեկի մեջ ու խելակորույս սլացել մայրաքաղաք՝ շուն ու գելի բաժին դառած Աննային սպանելու կրքին հանձնված։ Ականատեսները վկայում են, որ ճանապարհին Նորոյի մթագնած ուղեղը լուսավորվել է ու աչքի առաջ է եկել Իզաուրա երինջի տեսիլքը։ Նորոյին թվացել է, թե քաղաքից եկած հյուրերը ուզում են Իզաուրային մորթել, ծաղրուծանակի ենթարկել ու սարքել մի սովորական մատաղացու։ Նորոն փարվել է Իզաուրայի պարանոցին, մեղմիկ շոյել գլուխը, բզկտել վզատակը ու լիաթոք հեկհեկացել։ Շատ զգույշ բռնել է նոր ծլած պոզիկները, մեկ աջ, մեկ ձախ տարել ու բերել է, իբր ուզում է տապալել գետնին, իբր ուզում է գլորել անդունդը։ Հետո Նորոյի գլուխը խուժած արյունը նահանջել է դեպի սրտի փականները: Իսկ ավելի հետո անդունդի եզրին հավաքված ու հայացքը ներքև կախած հետաքրքրասեր ամբոխը լսել է հաճույքից նվաղած Իզաուրայի բառաչի հետզհետե խլացող արձագանքը։

Հ.Գ. նվիրվում է վաղամեռիկ ընկերոջս՝
արթիկցի Նորոյի հիշատակին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *