Արսեն Ներսես | Ժամանակի փորձասենյակում

1

Քրտնած մարմնիդ վրա
լուսամուտն արձակում է,
_որպես գթություն,_
միջանցիկ քամու մի ակնթարթ.
հետո,
ծովի պես մակընթաց,
որ գալարվող ալյաց
հետ է քաշում խորքն իր,_
քեզ թողնում է նորից
տապի ափերում.

քրտնած մարմնիդ վրա
ծովն ու անապատն են հերթափոխվում:

Դեռ մինչ լուսաբաց
անիրական կյանքն է
ուղեղիդ մեջ հաստատելու
գոյության մերժված իր կիսգունդը,
որ իրապաշտ կեսօրների
կանոնական մղձավանջը քաղաքային
պիտի ջանա հերքել ու մոռացնել:

Ու երբ կասկածես,
թե գոյության պարունակներում
ո՛ր մեկ վանդակն է
քեզ ավելի իրական դարձնում,_
դու կճանաչես ժամանակի և հավերժության խաղը`
մարմնիդ վրա.

գաղափարն ու հույզերն անիրական են
գոյության բջիջներում.

դու իրական ես միայն
գիտակցումի մեջ
տիեզերաչափ քո էության
և չսպառվող քո գոյության:

2

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում,
որ քարն ու ջուրը`
ժամանակի փորձասենյակում,
զավեշտախաղ են ու ողբերգություն`
քար ու ջուր լինելու մասին,

և նյութի խաղը ժամանակի մեջ_ գիտություն է,
և նյութի խաղը հավերժության մեջ_ երջանկություն է,

և գոյությունը ժամանակի մեջ_ կյանք է,
և գոյությունը հավերժության մեջ_ երջանկություն է,

և ճշմարտությունը ժամանակի մեջ_ փաստ է,
և ճշմարտությունը հավերժության մեջ_ երջանկություն է,

և սերը ժամանակի մեջ_ գոյության հանճար է,
և սերը հավերժության մեջ_ երջանկություն է:

3

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում,
որ գոյության լիությունն են_
աղքատն ու հարուստը,
ծերն ու մանուկը,
փոքրն ու մեծը,
սևն ու ճերմակը…

Սևը հանճարն է խտացումի`
բոլոր երանգներն իր մեջ ապաստանած,
և ժամանակի սկզբի ու վերջի կայանում
Սևն է հսկում
ճշմարտությունը գույների
և նայում ճերմակին`
նույն աչքերով,
որով,
_ սկզբից մինչև վերջ`
տարածության մեջ,_
Ճերմակն է նայում Սևին:
Իրար ձգտելու,
իրարորվ գոյության ճշմարտությունը փաստելու,
հավատալու,
լինելու
հանճարն են Սևն ու Ճերմակը,

և ծնունդը կյանքի սիրո`
երանգների ներկապնակն արարչական,
իրերի տիեզերքն են պատմում`
անմեկնելի.

և ծնունդը կյանքի սիրո`
երանգների ներկապնակն արարչական,
տեսանող աչքի և գոյության միջև
կանգնած երջանկությունն են`
անպատմելի:

Եվ ինչպես քեզ պատմեմ
Կարմիրի և Սևի մասին,
և ինչպես քեզ պատմեմ
Կապույտի և Դեղինի
կանաչ սիրավեպի մասին:

4

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում,
որ գոյության թշվառությունն են
աղքատությունն ու հարստությունը,
ծերությունն ու մանկությունը,
փոքրութունն ու մեծությունը,
սևությունն ու ճերմակությունը…

Եվ Սևի ու Ճերմակի,
Կապույտի, Կարմիրի կամ Կանաչի՝
զգացական ու բանական գունախաղը
սպանվում է երջանկության պահին`
ժամանակի փորձասենյակում,_

ուր մենացած Սևը դառնում է_
սևություն,
ուր մենացած Ճերմակը դառնում է_
ճերմակություն.

քանզի բոլոր գույներն արարումի
իրար հետ խաղով են մեկնում միայն
ներկայությունն աստվածային`
գեղեցկության
և տեսանող աչքերի միջև…

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում,
որ քարն ու ջուրը`
ժամանակի փորձասենյակում,
զավեշտախաղ են ու ողբերգություն`
քար ու ջուր լինելու մասին…

5

Իր արնածարավ միջատներով ու վայրկյաններով`
բաց լուսամուտից անքնությունը ցատկեց դուրս,
երբ սառնությունը ցայգալուսի`
պարտությամբ գիշերվա հեղձուկի
և առագաստով վարագույրների,
ծիսաբար մոտեցավ
իմ անքնության կառամատույցին:

Ու ես ժպտացի գիշերվա ուշացած երազին,
և նա ծովի պես մակընթաց,
որ գալարվող ալյաց հետ է քաշում խորքն իր,
ինձ տարավ դեպի իրականության իր կիսգունդը`

մինչ նոր արթնություն,
մինչ նոր կեսգիշեր…

Ալեքսանդրիա
Մայիս 2019թ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *