Գերտրուդ Աթերտոն | Մահը և կինը

Մահանում էր ամուսինը: Կինը նստած էր կողքին: Ամառ էր: Բոլոր ծառաները գնացել էին, բացի խոհարարից:
Պատուհանից թափանցում էր խիտ օդը: Դաշտերից ու հարեւան տներից ոչ-մի ձայն չէր գալիս:
Նա նստած էր ամուսնու կողքին՝ խորը վշտի մեջ սուզված: Վերջին հույսը նույնպես հազիվ էր երեւում: Դառնությամբ ու կոտրված սրտով անդադար հետեւում էր մի տղամարդու, ով արդեն հինգ տարի իր միակ ընկերն ու կողակիցն էր: Ով մարում էր հիվանդությունից, ում դեմքը խորշոմած էր, գիշերանոցը լայնորեն էր ծածկում բարակած մարմինը, որը մի ժամանակ մարզված էր, ակներեւ ջերմեռանդ ու առողջ:
Ի՜նչ սիրելի էին ամուսնու ձեռքերը, նրանց ուժն ու ձգողականությունը: Այժմ դրանք անուժ ու դեղին էին, սառը ու թաց: Հանկարծ դող անցավ կնոջ մարմնով ու նա երկու անգամ կրկնեց՝ «հավե՜րժ, հավե՜րժ»:
Նա թեքվեց դեպի ամուսինը, ով դեռ այնտեղ էր: Ինչ-որ տեղ: Բայց որտե՞ղ: Նա դեռ ջանում էր շնչել և նրա ողջ Էությունը, Հոգին ու Անհատականությունը , ծանր կարծրություն հաղթահարելով, փորձում էին խոսքի կերպարանք ստանալ: Տանջվո՞ւմ էր արդյոք, երբ տեսնում էր կնոջ տառապանքը: Նա ամուսնու անունը տվեց, թեթեւակի հրեց, բայց եւ մեծ ցանկություն ուներ ամուսնու մարմինը մասնատել՝ առաջվա սիրելիին նորից գտնելու համար, բայց անգամ այդ պահին գիտակցում էր, որ այդպիսով կարագացնի նրա հեռացումը:
Մահացող տղամարդը որեւէ կերպ չէր արձագանքում: Կինը մոտեցրեց շուրթերը ամուսնու սրտին ու կրկին շշնջաց նրա անունը: Նրանց միությունը կատարյալ էր: Բայց ինչո՞ւ չէր արձագանքում: Անգամ կնոջ շշնջալուց հետո սրտի զարկերը չէին արագանում: Կինը սկսեց օդում պատկերներ գծել, ասես փորձում էր ինչ-որ բան նկարել: Եւ հենց դա էր իրեն խենթության մղում:
Պատուհանից այն կողմ կանաչ դաշտերը արդեն չէին երեւում: Գիշերն էր մոտենում:
Նա վերադարձավ ամուսնու մոտ՝ կարծելով, որ մի քանի ժամ է անցկացրել պատուհանի մոտ: Այդ միտքը սարսափ առաջացրեց: Արդյոք ամուսինը մահացե՞լ է: Բայց ամուսնու դեմքը դեռ նույնն էր: Մահը չէր թուլացրել այն: Կինը շուրթերը մոտեցրեց ամուսնու այտին:
Ի վերջո ընկղմվեց աթոռի մեջ, ձեռքերը դրեց սրտին՝ հայացքը սեւեռած ճերմակած մարմնին, որը մթության մեջ ավելի ու ավելի էր խամրում: Նա միտումնավոր լույսը չէր վառում, որպեսզի չտեսնի ամուսնու մահը:

Նրա մտքերն այնքան իրական էին, որ արդեն ոչինչ չէր նկատում: Նա փակեց աչքերը ու սպասեց մինչ դրանց թացությունը անցնի: Երբ աչքերը բաց արեց, ամուսինը արդեն անհետացել էր մթության մեջ: Մութ գիշեր էր:
Վախով մոտեցրեց ականջը ամուսնու շուրթերին: Դեռ շնչում էր: Նա համբուրեց ամուսնու շուրթերը ու կրկին ընկավ աթոռի մեջ:
Ամուսնու շնչառությունը այնքան թույլ էր, որ իր կիսախոնարհված դիրքով անգամ կինը չէր կարողանում լսել: Ձեռքը դրեց ամուսնու սրտին: Մահվան մասին գիտակցումը չէր միայն, որ անհրաժեշտ էր: Այլ սիրո պատիվը, որի համար նա պետք է իր ամուսնու կողքին լիներ, երբ վերջինս կլքեր այս աշխարհը:
Գիշերվա մթության մեջ նստած նա զգում էր ամուսնու սրտի զարկերը: Հանկարծ մի տարօրինակ միտք ծագեց գլխում: Որտե՞ղ է մահը: Ինչու՞ է հապաղում: Ո՞վ է ուշացնում նրան: Ո՞ր անկյունից պիտի գա: Այն դանդաղ քայլերով էր մոտենում: Այդ պահը նման էր թատրոնում հնչող այն դանդաղ երաժշտությանը, որ հնչում է, երբ ներկայացման հերոսուհին պետք է մուտք գործի կամ որեւէ կարեւոր իրադարձություն պիտի տեղի ունենա:
Բարկությունից հոնքերը մոտեցան: Այդ մտքերը թեթեւամտություն էին: Նա իր ձեռքը ամուր սեղմեց ամուսնու սրտին ու թեթեւություն զգաց: Նա դեռ ապրում էր:
Տարօրինակ զգացողություն է. միայնակ նստել այդ մեծ տանը ու սպասել մահվան, որը իր ամուսնուն պետք է տաներ: Իսկ ո՞վ է մահը: Մի անմեղ ու մեղավոր, անտեսանելի, անարդար թշնամի, ում առաջ մարդ անզոր է: Եթե այն գար տղամարդու նման, հնարավոր կլիներ նրա դեմ պայքարել տղամարդու նման: Կանայք կարող են անգամ ամենավտանգավոր հսկաների հենց սրտին հարվածել:
Նա սարսափով էր շնչում: Ինչ-որ բան էր շարժվում պատուհանի մոտ: Նրա ոտքերը սկսեցին դողալ, պատուհանի մոտից երկու կանաչ աստղեր էին շողում: Հետո մի կատու իջավ պատուհանագոգից ու աստղերն անհետացան:
Նա հանկարծ գիտակցեց, որ ահավոր վախեցած է: Հնարավո՞ր է: Արդեն վախենո՞ւմ եմ մահից, որ դեռ չի եկել: Ես միշտ ուժեղ կին եմ եղել: Նա ինձ միշտ հերոսուհի է անվանել: Բայց երեւի հենց ինքն էր այդպիսին լինելուս պատճառը: Իր հետ ես անվախ էի՛:
Նա կրկին ընկղմվեց աթոռի մեջ ու մտածեց, որ պետք է Մերիին խնդրեր՝ դռան մոտ նստել: Սենյակում զանգ չկար: Իսկ սենյակից դուրս գալն ու զանգելը անհնար էր: Գուցե վերադարձին նա արդեն մահացած լիներ: Միայնա՜կ մահացած:
Արդեն անիմաստ էր հերքելը: Նա անբացատրելի սարսափի մեջ էր: Աչքերը անդադար այս ու այն կողմ էին պտտվում՝ ասես պետք է տեսներ, թե ինչպես է գալիս մահը:
Այսքան սպասել-սպասել ու սպասել ու զգալ, որ ինչ-որ բան է մոտենում, անդիմակայելի էր դառնում:
Հանկարծ ձայն լսվեց տան մյուս ծայրից, խլացնող երաժշտություն: Մահվան ալիքն էր մոտենում: Սարսափեցնող էր: Գուցե վախն էր այս սառնության ու գունատության պատճառը:
Մահն էր, անկասկած, որ լուռորեն ներխուժում էր այդ լքված տունը: Ցավագին բարձրանում էր աստիճաններով, ասես հոգնած ծեր մարդ լիներ: Դեռ որքա՞ն պետք է ձգվեր այդ ամենը: Որքա՞ն պետք է հոգին տառապեր: Ամեն վայրկյան ավելի անդիմակայելի էր դառնում տառապանքը, ավելի սառը՝ ձեռքերը:
Կինը մոտեցրեց ձեռքն իր սրտին: Զարկերը գրեթե վերջանում էին: Եւ կյանքն էր վերջանում: Նա արդեն գիտակցություն ու լսողություն էր դառնում:
Իսկ աստիճաններից քայլերի ձայներ էին գալիս, որոնք անվերջ էին թվում: Քանի՞ աստիճան կա աստիճանավանդակի վրա: Երանի՜ իմանար:
Մի վերջին դողացող շարժումով ընկավ ամուսնու գիրկը:
Երբ Մերին բաց արեց դուռը ու ներս մտավ, գտավ մահացած կնոջը՝ մահացած տղամարդու գրկում:

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *