Լիլիթ Ավագյան | Կարմիր ուղղաթիռն ու խատուտիկները…

Աղջիկը կարմիր ուղղաթիռ ուներ` բացվող դռներով և իրականության թևերը կտրող երևակայություն ուներ: Մտացածին իր աշխարհում իրենց մեկսենյականոց բնակարանը հսկաների թագավորությունն էր, տան չորս անդամներն էլ հսկաները: Պատշգամբն ամեն տեսակ բուսականությամբ հարուստ անտառ էր,իսկ անկյունում իրար վրա դրված աթոռների արանքներում կենդանիների բներն էին, որտեղ կողք-կողքի, համերաշխ ապրում էին և՛ գիշատիչները, և՛ խոտակերները, և՛ տնային կենդանիները: Աղջիկը` երազող հսկան, ամեն օր կանաչ անտառի բնակիչներին երկուական կամ թմբլիկների դեպքում` միայնակ, նստեցնում էր ուղղաթիռ ու տանում հսկաների թագավորության հեռավոր ու ծածուկ անկյունները: Նրանք միասին բացահայտում էին խոհանոցում վեր խոյացած լեռները, որոնց մեջ կային նաև հրաբխային լեռներ` օրվա մի ժամին ժայթքող, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուղղակի քնած (այո’, այո’, իննսունականների առավելություններից մեկը, թե չէ ամբողջ օրը ժայթքող հրաբու՞խ), հմայվում էին լեռներից իջնող միակ ջրվեժով, որը նույնպես երբեմն քչքչալով խփվում էր քարերին, իսկ երբեմն լրիվ անջուր էր: Բաղնիքում օվկիանոսն էր` մամայի հավաքած «փիրուզագույն» ջրերով ու փրփուր ալիքներով: Եթե օվկիանոսն էլ ցամաքած չէր լինում ջրվեժի նման, աղջիկը ուղղաթիռից իջեցնում էր կենդանիներին և գցում վաննայի մեջ, որ լող տան օվկիանի ջրերում: Իսկ վերջում ճաշասենյակն էր, կամ հսկաների թագավորության այն հատվածը, որտեղ երեկոյան հավաքվում էին բոլոր չորս հսկաները: Այնտեղ մեծ շենքեր կային. շուշեղենի պահարան շենքը, գրքերի պահարան շենքը և մի կախարդական արկղ կար` զարմանահրաշ պատկերներով, ձայներով ու գույներով:
Այսօր ծվծվան աղվեսի ու կապույտ նապաստակի ուղղաթիռով զբոսնելու օրն էր: Հասան խոհանոց ու աղջիկը նկատեց սալօջախին դրված կաթսայից բարձրացող գոլորշին: «Ահա՜, լեռը ժայթքում է, ուրեմն լույսը տվել են»: Նա բարձրացրեց կաթսայի կափարիչը և գոլորշին դեմքը տաք խոնավությամբ պատեց, իսկ ճաշի անուշ հոտից փորիկում տարօրինակ ձայներ լսվեցին: «Սրանք ժայռերի խորքից եկող ձայներ են»,-հանգստացրեց նա ուղղաթիռում գտնվող գազանիկներին ու շարունակեց թռիչքը: Նրանք մոտեցան խոհանոցի լվացարանին, աղջիկը բացեց ծորակը և, ի զարմանս իրեն, ջուրը սկսեց կաթիլները գցել այս ու այն կողմ:
-Նայեք` ի՜նչ գեղեցիկ է ջրվեժը:
-Ջուրը փակի՛ր, ինչու՞ ես էդքան երկար բաց պահում:
Խոհանոցի դռնից երևաց մոր հենց նոր լվացած, սրբիչով փաթաթած գլուխը:
-Մա՜մ, թող գազանիկները ջրվեժը տեսնեն էլի:
-Ինչ ջրվեժ էէէ՜, մեծ աղջիկ ես:
Ու մայրը փակեց ծորակը:
«Չէ՛, երևի բարի հսկայի փոխարեն, անունդ փոխեմ գոռգոռացող հսկա»:
Ու հենց այդ պահին էր, որ յոթ սարից այն կողմ լսվեց անուշ մի ձայն. «երջանկության արցունքները,սերովդ դու ինձի տվիր»… Մոռացած,որ ուղղաթիռում գազանիկներ կային, աղջիկը բռնեց ուղղաթիռի պոչից ու իրեն գցեց ճաշասենյակ, ձայնը կախարդական արկղից էր գալիս: Հայրը ֆիլմ էր նայում, կոչվում էր հենց այդպես «Երջանկության արցունքները», արկղի միջի մարդը Մանուել Մենինկիչյանն էր: Աղջիկը դյութվեց ֆիլմով և այնպե՜ս ուզեց հայտնվել հեքիաթային այդ արկղում:
-Ֆիլմը դուրդ եկա՞վ:
-Պապ, իսկ ի՞նչ է ֆիլմը:
Եվ իմաստուն հսկան պատմեց այն ամենը ինչ գիտեր և ինչքանով գիտեր ֆիլմերի ստեղծման մասին: Եվ ինչքան հայրը պատմում էր, այնքան երազկոտ հսկան դառնում էր ավելի՜ ու ավելի՜……երազկոտ: Ու հետաքրքրությունը հետզհետե դարձավ սեր, հետո էլ երազանք:
-Պա’պ, ես որոշել եմ ֆիլմեր ստեղծել,-մի օր վստահ հայտարարեց աղջիկը:
Հայրը ժպտաց ու մատով խփեց աղջկա քիթիկին.
-Սկզբում սովորիր երազանքդ սնել, նրան թևեր տալ ու թռցնել, որ հետո էլ նա քեզ թռցնի:
Հոր ամբողջ ասածից նա ըմբռնեց միայն երազանքը թռցնելու պահը ու օրեր շարունակ մտածում էր հենց դրա մասին: Մի օր էլ, երբ էլի պատշգամբում խաղում էր, բաց պատուհանից մի կլոր թիթեռ ներս ընկավ: Աղջիկը բռնեց նրան ու ցույց տվեց լվացք փռող մորը:
-Մա’մ, նայիր, թիթեռ եմ բռնել:
Աղջիկը բացեց ափը և մայրը ծիծաղից թափահարվեց:
-Սա թիթեռ չի, խատուտիկի սերմ է, խաբար բերող է, լուր է բերել մեզ, փչի թող թռնի:
Աղջիկը փչեց ու խատուտիկը ոլոր-մոլոր անելով թռավ ու կորավ, բայց միտքը ծնվեց ու տեղավորվեց աղջկա գլխում:
Հաջորդ օրը Մերգելյանի այգում ոչ մի խատուտիկասերմացու չմնաց, բոլոր խատուտիկները գլխատվեցին, իսկ գլուխները հայտնվեցին խնձորիկով, վանդակավոր շորի փեշերում: Մոր հետ տուն վերադարձավ և լծվեց մտքերի իրականացմանը:
Կանգնել էր բաց պատուհանի առջև և նայում էր երկնքին, ամպերը լողում էին վերևում, կարծես լճում լողացող կարապներ լինեին: Կարմիր ուղղաթիռը ձեռքում էր, երազանքներն ուղեղիկում: Ուղղաթիռի դուռը բացեց և սկսեց խառը, ոնց պատահի ներս գցել երազանքները, երբ բոլոր երազանքները տեղավորեց, հերթը հասավ խատուտիկներին: Աղջիկը խատուտիկների մի մասին էլ տեղավորեց ուղղաթիռում և շշնջաց. «Թռցրեք իմ երազանքները», նա սկսեց ուժեղ փչել ու երկրորդ հարկի պատուհանից թռցրեց ուղղաթիռը: Հետևից փոքրիկ բաժակով ջուր լցրեց, տատիկն էր միշտ այդպես անում գյուղից ճանապարհ ընկնելու ժամանակ: Բայց ջրի կաթիլները դեռ պարում էին օդում, երբ ուղղաթիռը ընկավ ու խփվեց մուտքի աստիճաններին: Ինչպես թե, ինչու՞ ուղղաթիռը չթռավ, երևի ինչ-որ բան ճիշտ չէր արել: Նա իջավ բակ, բարձրացրեց ուղղաթիռը: Նորից նայեց երկնքին, ամպերը թափահարվում էին մայրիկի փռած լվացքի նման: Աղջիկը նորից երազանքները տեղավորեց ուղղաթիռում, այս անգամ հերթականությամբ, այնպես, ինչպես մայրն էր դարակներում շարում արդուկված լվացքը: Խատուտիկներին տեղավորեց ու էլի փչեց` առաջվանից ավելի ուժեղ, համարյա թոքերը պոկելով ու բաց թողեց…..
ուղղաթիռը հայտնվեց նույն տեղում` աստիճանների վրա: Եվ ոչ մի փորձ հաջողությամբ չպսակվեց, միայն խատուտիկները պակասեցին. դուրս էին թռել ուղղաթիռի կիսաբաց դռնից: Աղջիկը հուսահատվեց, հուսահատությունից մոլորվեց: Շուտով իմաստուն հսկան նկատեց դստեր չարչարանքները.
-Բալե՛ս, խատուտիկները չեն կարող ուղղաթիռդ բարձրացնել, շատ ծանր է:
Իհարկե ծանր կլինի,մտածեց աղջիկը, չէ որ այնտեղ այնքան երազանք է տեղավորել: Ուրեմն պետք է երազանքներից որոշ բաներ հանել:
Երազանքները հերթով հանեց, բայց դա էլ ոչինչ չփոխեց, ուղղաթիռը օդ չէր բարձրանում: Ու մի օր էլ ուղղաթիռը լրիվ դատարկելով, աղջիկն էնտեղ թողեց միայն իր գլխավոր երազանքը:
«Հիմա հաստատ կթռնես»,- ուրախացավ նա: Բայց խատուտիկները փչելուց հետո, ուղղաթիռն էլի շրխկոցով ցած ընկավ: Աղջիկը բարկացավ, լաց եղավ, որ չկարողացավ այդպես էլ իր երազանքները թռցնել ու որոշեց էլ երբեք ձեռքը չառնել կարմիր ուղղաթիռը: Եվ այլևս անտառի և ոչ մի բնակիչ չմտավ ուղղաթիռ ու չճամփորդեց հսկաների թագավորությունով: Ժամանակն անցավ, տունը փոխեցին, հետո մեկ այլ տուն գնացին ու էդ ճանապարհին էլ կորավ արկղի մեջ փակված ու մոռացված կարմիր ուղղաթիռը կամ գուցե մայրը այն նվիրեց ինչ որ մեկին: Ինչևէ, աղջիկն այլևս չտեսավ ուղղաթիռը, ու հայրն էլ արդեն չկար, որ մի օր չթռցրած երազանքները հիշելիս, արցունքներից խեղդվելով մոտենար հորն ու ասեր, որ այն ժամանակ ինքը ուղղաթիռը չէր ուզում թռցնել, այլ երազանքները: Ու այդպես էլ նրան ոչ ոք չասաց, որ ծանրը պլաստմասսե ուղղաթիռն էր, այլ ոչ թե երազանքները, որ երազանքները թռցնելու համար դրանք չեն բանտարկում ուղղաթիռում` թեկուզև կարմիր, թեկուզև բացվող դռներով, այլ բաց են թողնում, որ ճոճվեն ազատության մեջ, հետո թևեր առնեն ու մի օր երազանքից նպատակ դառնան: Ու մի օր, հասնելով ու փարվելով նպատակ դարձած երազանքիդ, գրկումդ կսեղմես նրան ամուր-ամուր ու հենց նա էլ կդառնա իրականության ճամփեքին ոչ թե քայլելու, այլ նույն իրականության մեջ քեզ թռիչք տալու, ճախրելու պատրաստ քո թևերը:
Ու աղջիկն այդպես էլ չիմացավ` բացվե՞ց երբևէ փակված արկղը, հանե՞ց ինչ-որ մեկն այնտեղից ուղղաթիռը, այդ ժամանակ գուցե երազանքը դուրս թռչեր ու գնար, փարվեր ուրիշ ինչ-որ մեկին, դառնար նրանը: Կամ գուցե, արկղը երբեք էլ չբացվեց` հայտնվելով որևէ աղբանոցում, մնաց այնտեղ, մեջը կարմիր ուղղաթիռը` բանտարկած երազանքով:

Գուցե մի օր ինչ-որ հրաշքով` փակ դռներով ուղղաթիռից դուրս պրծած երազանքս թռչի գա ինձ մոտ ու ես ամուր, ամուր սեղմեմ նրան գրկումս, ճզմեմ, ճզմրտեմ ու նրանից նպատակ քամեմ: Ես էլ եմ ուզում թռչել…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *