Անի Տոնոյան | Կարմրահեր քաղաք

Ես քայլում եմ կարմրահեր էս քաղաքով,
փողոց-փողոց խաղում նորից, սովորելու համար Աբովյանի տեղը,
հետո Պուշկինի,
հետո Սարյանի,
մինչև կչափեմ մեզ քաղաքի եռացող ասֆալտին,
որին գոլորշի է երևում երեխայի թափած ջրից,
որից գունավոր ու զուրկ մանկությունն է թանձրանում օդից կախված ինքնաթիռի պես
ու սպասում,
որ քաղաքը կլռի թնքոցներից այն ծանրության, որ վազքի է վերածվում հարյուրավոր ուշացողների շարժից
ուշացողների միշտ,
ինձ նման,
ուր էլ գնալու, որ լինեն
ուշացած,
ուշացած,
ուշացած:
Դե հո՞ դիտմամբ չի, օրինակ`
տեսակ է չէ՞ մարդու հավատացյալի պես, որ միշտ խաչակնքվում է, երբ հանկարծ եկեղեցու կողքով է անցնում, թեկուզև երեք կիլոմետր հեռու,
բայց հո՞ գիտի, որ երեք կիլոմետր էն կողմ Սուրբ Սարգիսն է կամ կոնդի չիմացած ու չտեսած Հովհաննես Մկրտիչը,
մարդու տեսակ է`
ուշացողն էլ,
հավատացյալն էլ,
հավատացյալ-արբեցողն էլ:
Ես քայլում եմ տեսակով էդ կարմրահեր էս քաղաքում
ու քաղում եփած ապակիների լույսը,
վերցնում,
ծալում պայուսակիս մեջ,
հատ-հատ գունավոր իմ քաղաքի լուսամուտները,
շենքերն ու տները
էլի առանձին-առանձին տեսակավորված`
կենտրոն,
մասիվ,
սարի թաղ:
Էս կարմրահեր քաղաքի,
էս կարմրաթուշ քաղաքի,
որ դեռահասի պես ծալել է ոտքերը թթենու տակ ու ալարում է կուլ տալ քաղածը,
ես վազում եմ գիրկը քո,
դեռահասի սիրածի պես չամաչող ու սպասումով,
վազում եմ գիրկդ ու քայլերս հաշվում մայթերիդ,
քայլում եմ կամարաշատ ու կոր քաղաքով,
գծագրերից դուրս,
շենքերի վրայով,
անցումներով խորը,
մութ,
սառը,
ամառ-ձմեռ նույն միզածոր անցումների միջով,
նույն թքաշատ կանգառներով,
քայլում եմ տաքսիներից արագ,
տաքսիներից երկար,
հեռու՜,
մինչև գտնեմ մի փողոց, որի անունը չեմ իմանա
ու կուրախանամ, որ էդ տեղն էլ գտա,
իմացա,
ճանաչեցի,
ի՞նչ իմանաս,
մեկ էլ մի օր տաքսու ղեկին գուցե լինես,
էդպես չի՞ ստացվում մեծ մասի կյանքը ինստիտուտներից ու ակադեմիաներից հետո`
օրվա հաց,
ղեկը ձեռքիդ,
առավոտից իրիկուն
եռա մեքենայի շարժիչից ուժեղ,
պատմիր կյանքդ` աջ ու ձախ,
դրոշակի պես ձեռքիդ պահած
թե՛ ես մոսկվաներում, թե՛ ես էս, թե՛ ես էն,
պատմիր տուրիստներին էն ինչ իրանց պետք չի,
վաճառիր պատմությունդ, վաճառիր մշակույթդ,
վերջում էլ ճռճռացող տասը վերցրու հազարի տեղ,
խցկիր գրպանդ ու խիղճդ թող ոտքիդ տակ.
քայլում եմ քաղաքով էս տոթ,
հուլիսյան անանձրև ժամերին
հուլիսյան ծարավ մայթերով,
գնում-գալիս անմխիթար կայարանների գնացքներով`
նարնջագույն,
նարնջագույն,
նարնջագույն.
Տուն եմ գնում ու ճանապարհիս վաճառված տիկնիկներ են շարված,
ինչպես չվաճառված կանաչին շուկայում շարված
կամ զինվորների պես
սովետի ականջներով հարուստ, բայց սառը ու անբերան պատերի տակ,
նաիրիտի կիսափուլ գրասենյակների դռներին կքած,
սովետի անտաշ ու անհերքելի հետքերի կողքին,
վաճառված տիկնիկներ են`
լավ չներկված,
չսիրունացած,
այսինքն ներկված էն ամենով ինչ կա,
կարևորը բարձրակրունկն է,
զուգագուլպան ցանց,
ներկված կարմիր շուրթեր,
որ միայն գնի մասին պետք է խոսեն,
մնացածը շարժումն է,
մնացածը ժամանակն է,
մնացածը փողն է.
Մնացածը էն է, որ սովետը չկա,
Լևոնը չկա,
Քոչարյանն ու եսիմ ինչեր չկան,
ամեն բան ազատ է, բայց
կերե՛ք իրար Եվրոպա,
կերե՛ք իրար տձևացած հեղափոխություններից հետո,
կերե՛ք իրար`
աթոռը նարդու քարի պես շրխկացնելով էս պատից էն պատ,
կերե՛ք իրար` գլորելով զառը
ու եթե վեց ու վեց,
ա՜յ թե բախտդ բերեց,
վերցրու բաժինդ ու հայդե
սովետից սառը,
սովետացած սարսափներից հեռու,
մոնումենտի դղյակներից մեկում լափելու հողը,
հողը,
հողը
ու էս կարմրահեր քաղաքը.
Քայլում եմ տուն անձև ու լարախեղդ փողոցներով
Քաղաքը ո՞նց չի կախվում:

Հուլիս 2020

 

***
առաջ
քաղաքն այս կարմրահեր էր,
հիմա`
սևահեր,
սևազգեստ,
նիրհող,
այս քաղաքում ձայները
կարմիր-կապույտ գույներ ունեն`
խլացնող,
խլացնող,
խլացնող,
ձայները քաղաքում անուններ են կանչում լացով,
ձայները քաղաքում անուններ են փնտրում ճիգով ,
ձայները զրնգում են եկեղեցու զանգերից
ուժեղ,
համառ,
անսպառ,
զրնգում են ձայները
ու խաչում անուններ պատերին,
ու խաչում սերը պատերին,
ու խաչում հավատը պատերին,
ու խաչում ամենավերջինը`
հույսը,
որ սպիտակ է,
որ վերջինն է ինչը
կարելի է խաչել հավատքի պատերին,
կանչում են ձայները խաղաղություն,
որ չի գալիս
ու չի տալիս
ոչ մի խոստում,
քաղաքում մնացել են ձայները`
կարմիր-կապույտ,
պտույտներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ

 

***
քեզ ունենալու համար, մա,
նորից տաս տարեկան աղջնակ պետք է դառնամ՝
կարմիր-սպիտակ պուտերով թիթեռները գլխիս,
քեզ ունենալու համար միշտ,
պետք է վազեմ ետ՝
հասնելու այն ձեռքին,
որ տանում է մանկություն,
որ մեծ է իմ ձեռքից,
որ նուրբ է բոլորից,
որ չի տանի ինձ ի փորձություն…
քեզ, մա, ունենալու համար,
ես պատրաստ եմ մեծանալ մի օր,
պատրաստ եմ տաք հագնվել միշտ՝
շապիկով, գուլպաներով, գլխարկով,
պատրաստ եմ լվանալ աշխարհի բոլոր ձվերը սառնարան դնելիս,
պատրաստ եմ արդուկել բոլոր վարագույրներն աշխարհի,
որ մի օր փրկեն ինձ մեղքից,
պատրաստ եմ քայլել սովորել նորից,
սովորել հանրահաշիվն անթերի,
ինչպես և անթերի մաքրել հատակն
ու թխել հացը ժամանակին…
պատրաստ եմ, մա,
սովորել թելել ասեղն ու նստել կողքիդ մինչև լույս,
որ մեր չեղած տանից չպակասեն երբեք քո գունավոր հետքերը՝
թել ու կտորի տեսքով,
որ մեքենան կարի, չխկչխկա անդադար,
ու ես առաջվա պես չսիրեմ մեր տուն եկող կանանց ձայները,
որ խանգարում էին ինձ քնել ժամը իննին…
քեզ ունենալու համար մա,
ես պետք է մաքրեմ իմ դեմքը,
որ արդեն փոշոտ է ու լեզուս հազար անգամ ստած,
պետք է դառնամ երեխա՝
պեպենոտ, խաղաղ ու համարձակ,
ու նորից պետք է մեծանամ թթենուն թառած կամ կտուրից կտուր վազելիս,
պետք է չափեմ փողոցները գյուղի,
փնտրեմ ինձ մաքուր-մաքուր երեխա որպես՝
կուչ եկած մի ծառի տակ,
պետք է գտնեմ ինձ հողամասը ջրելիս,
խնձոր քաղելիս, լոբի հավաքելիս,
պետք է ետ գնամ տեսնելու համար գիշերները թաքուն յուղ ու շաքար գողանալս, աստղեր հաշվելս ու սև, մութ ուրվականներից չսարսափելս…
պետք է գամ գիրկդ մա,
ու ուշաթափվեմ հազարերորդ անգամ,
որ դեղ ու դարմանս լինես դու,
որ աշխարհում ուր էլ լինեմ մոտդ վազեմ նախատվելու համար,
ունենալու համար մա,
թող մնամ երեխա միշտ,
թող մնամ երեխա ճիշտ ու սխալ չիմացող,
չլացող,
չկորցնող,
չզղջացող,
թող մնամ անպարտ երեխա փողոցի տղաների մոտ,
թող լինեմ թեթև-թեթև գնդակ,
ու գլորվելով հասնեմ ոտքերիդ,
որ գլուխս դնելու տեղ ունենամ միշտ,
թող լինեմ երեխա ու ամենասկզբից սովորեմ խոսել սիրո մասին քո,
որ ներսս է այսքան տարի,
որ չես լսել այսքան տարի,
թող պատմեմ քեզ մա,
ու ասա՛,
ի՞նչ անեմ քեզ միշտ ունենալու համար…

դեկտեմբեր 2020

 

***

Քեզ նորից մոռանում եմ առաջվա պես,
առաջվանից ուժեղ զգում, որ նորից գրկել եմ գլուխդ պինդ-պինդ,
ու ափերիս մեջ վախն է դողում
նորից քեզ մոռանալու համար,
վախը նորից չսիրելու,
վախը, որ մոռանալը նույնքան հեշտ է, որքան սիրելը երբևէ ու ամեն բան
Աստված իմ…
Նորից թվում է, թե փոքրիկ ու անհաղթահարելի աղջիկ եմ կողքիդ,
թվում է` հետ եմ կանչելու քեզ մի օր
ու մոռանամ դրա մասին մինչև գալդ, եթե գաս,
եթե գաս,
եթե գաս,
պատմելում եմ, թե ինչպես մոռացա քեզ,
որքա՜ն արագ,
ների՛ր,
պետք է պատմեմ, թե ինչպես չեմ նկատել քեզ փողոցում մի օր,
և ինչպես չէի շփոթի քեզ առաջ նույն փողոցում,
մարդկանց մեջ,
բոլոր այն տղամարդկանց, որ նման էին քեզ,
ինչպես մի օր հանկարծ սիրտս չնվվաց քեզ տեսնելու համար,
քեզ տեսնելու պահին,
ինչպես մոռացա,
ինչպես մոռացա,
Աստված իմ, պետք է պատմեմ, որ սարսափելի ծանր է մոռանալը քեզ նորից,
նորից,
նորից,
պետք է պատմեմ, թե ինչպես եմ ամաչում մոռանալուս համար
չսպասելուս համար,
չսիրելուս համար,
չունենալուս համար
քեզ,
ուզում եմ գաս ու տեսնես,
թե ինչ է մնացել ինձանից,
տեսնես ու ճանաչես քեզ, անասելի ամաչում եմ նաև չգալուդ համար,
չմնալուդ համար,
չտեսնելուդ համար,
կանչում էի, որպեսզի ծալեի մատներդ երեսիս,
սանրեի մազերդ խնամքով ու հավատայի,
որ իմ տան սենյակներում, սերը աճում է մոլախոտի պես,
որ սերը մոլախոտի պես թույլ չէր տա գնալդ,
կկապեր ոտքերդ,
կաճեր մարմնիս ու մարմնիդ միջով,
կծակեր մաշկը ու կամաչեր մերձեցման տնքոցներից,
կաճեր այնքան, որ թաքցներ մեզ ուրիշներից,
որ չերևայիր ուրիշներին,
չերևայիր ու մնայիր,
սարսափելի ամաչում եմ, որ մոռացել եմ ,
և ուզում եմ ասել, որ մոռացումը ավելին է,
բայց ավելին չի տալիս,
քան այն ամոթը մենակության,
որ հնարավոր է կորցնել
միշտ,
միշտ,
միշտ,
ուզում եմ գաս ու տեսնես,
թե ինչ է մնացել ինձանից,
ու ճանաչես քեզ
ու ճանաչես քեզ:

մայիս 2020

 

***
Ինձ չեն պատմել քո մասին,
ես քեզ գիտեմ քո թափանցիկ աչքերի ու ձեռքերիդ պինդ սեղմումներից,
ես քեզ գիտեմ կարճացող այս օրերի երեկոներից ստեղծված իմ երազներում ու դրանցից դուրս,
քեզ գիտեմ անգիր՝
ինչպես Չարենցից մի երկու տող,
գիտեմ ու ճանաչում եմ քեզ մանկությունիցդ մինչ օրս,
չգրված տողերից դուրս կամ դրանց մեջ,
գիտեմ, որ դու հակառակ ինձ`
սիրում ես շներին ու կատուներին,
քաղցրը սիրում ես չփչփացնելով ուտել,
սիրում ես սևն ու սպիտակը…
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն:
Ես երևի փոխվել եմ,
հասունացել երկարող այն օրերի ու չթերթված գրքերիդ մեջ,
ես փոխվել եմ գուցե,
բայց կատուները սիրելի չդարձան ինձ երբեք,
և առաջվա պես իմ բաժին շոկոլադը հանգիստ կփոխեմ մի բաժակ անշաքար թեյի հետ,
փոխվել եմ գուցե,
բայց հնդկաձավարն ինձ սիրելի չէ դեռ:
Դու չեկար,
և արդեն քանիերորդ անգամ
աշնանն այս չորացող ճյուղերի նման ես թողնում եմ, որ երկարեն մազերս,
ու կտրում եմ դրանց գարնանը` հավատալով, թե կնկատես:
Դու չեկար,
ու ես չիմացա սիրում ես մազերս երկարած, թե՞ հենց այսպես`
չսանրած ու խառնիխուռն դեմքիս լցված:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
Ի՞նչ տարբերություն…
Չիմացա արդյոք լսելո՞ւ ես ինձ հետ երգերը իմ,
թե՞ դեմ դիմաց նստած, ծաղրուծանակի ենք վերածելու մեր ծայրահեղությունները:
Դու մնացիր նույնը,
ես՝փոխվեցի աննկատ,
բայց ես էլի չեմ քնում գիշերները
և սիրում եմ կաթը, որից սրտխառնոց ունեիր դու,
հիմա, չգիտեմ,
գուցեև կում-կում խմվող սուրճդ փոխել ես մի բաժակ կաթով և թողել ես ծխելդ,
գուցե դու էլ ես փոխվել կաթնագույն այն առավոտների պես աննկատ:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն…
Ես մնացի մեր բակում կանգնած
այն թզենու պես`
մեն-մենակ ու թաց,
մեն-մենակ փակ ու բաց այս դռների մեջ,
այս դռներից դուրս,
կամ դրանց դիմաց թակելու պատրաստ,
մնացի թզենու թփերի պես`
ճկված ու համառ,
խզված ու պատառ-պատառ,
մնացի անսպառ քո ժպիտներով,
մնացի միշտ քեզ ժպիտ բերող:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն…
Մեզանից մեկը շատ հեռուն գնաց
կամ մնաց տեղում:
Ու քո դողդոջուն մատներով բռնած ծխախոտի պես մարեց մի հպում,
ու իմ նվաղած ձայնից դու հոգնած,
ու այդ նվաղած ձայնից ես հոգնած
չեմ կարողանում կատարել շարժում,
ու վաղուց է, որ եղունգներովս չեմ ճանկռոտել ջինսե բաճկոնդ`
կապտավուն ու թաց գարնանային այն անձրևներից:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն,
ի՞նչ տարբերություն…
Ես առաջվա պես Բիթլզ եմ սիրում,
ու խեղդում եմ օրը մի բաժակ լիքը թեյի բաժակում,
առաջվանից էլ թունդ թեյ եմ պատվիրում, որ բաժակում փնտրեմ քո խիտ հոնքերի թնդությունը սև,
գամ, նստեմ կողքդ,
գլուխս` ուսիդ,
քո տարօրինակ պատմություններից,
իմ օրակարգված լռություններով
նորից խեղդվես էմոցիաներիդ անզուսպ հառաչով,
նորից փոթորկվես,
ու քո ձեռքերի պինդ սեղմումներով ճանաչեմ՞ես քեզ
քո սև ու սպիտակ ֆոտոներից դուրս,
ճանաչեմ նորից իմ գունավորված աշխարհներից ներս:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն…
Ես տուն դառնալիս երթուղայինի կարճ պատուհանից հաշվում եմ ճամփին իրարից հեռու լուսարձակները, որ շարված են խախտված գծով`
քայլ առաջ ու հետ,
դու տուն գնալիս փակում ես նորից բակի ծորակը,
որ ջուր խնայես,
ու առաջվա պես մաքրում ես աղբից փողոցները քաղաքի մեր,
Սարյանից Պուշկին ձգվող մայթերում հանդիպած ամեն մի շշին խոնարհումներով մեջքիդ ես հետևում էի,
ու քո անթարթ, հանդարտ ժպտացող աչքերի թափանցիկ լույսը ես սիրում էի:
Ես սիրում էի պահը,
ի՞նչ խոսք,
դու սիրում էիր հասարակությունից դուրս հասարակության մեջ այս ծամածռված Կոնդի պատերը:
Դու չեկար…
Աստիճաններից ընկնում էի,
բռնեցիր ձեռքս,
բռնեցի ձեռքդ ու քո ձեռքերի պինդ սեղմումներով ճանաչեցի քեզ,
սիրահարված էի,
գինին ոտնատակ Սարյան փողոցում սիրահարված էր,
ծիծաղն ու լացը Երևանով մեկ սիրահարված էին:
Դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն…
Թեյս սառում է,
դեպի խոհանոց այնքա՜ն է հեռու,
որ ալարում եմ գալ, նստել կողդք,
փնտրել հոնքերի քո թնդությունը այդ բաժակի մեջ,
դո՞ւ չեկար, թե՞ ես,
ի՞նչ տարբերություն,
ի՞նչ տարբերություն…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *