Կուշանե Չոբանյան | Կաթի ավտոն

Լուսաբացն արթնացավ, ճո՜խ հորանջեց ու աչքերն անմիջապես գցեց ներքև:

-Տանձենու վերջին տերևներն էլ ընկան,- մտածեց:

Ծեր ու հոգնած՝ հսկա ծառը կանգնել էր այգու մեջտեղում, որտեղ արմատներ էր գցել դեռ 100 տարի առաջ ու ծուռ աշխարհի միտն էր անում: Երեխաներ շատ ուներ՝ անթիվ-անհամար՝ մեկ մեկից պես-պես ու սիրուն: Ամրակազմ էր՝ չնայած բարալիկ ձեռքերը վկայում էին ծեր լինելու մասին, բայց ինքը չէր հանձնվում:
Բակի բնակիչները մի հնար էին գտել բարակ ձեռքերն ամրացնելու, որի վրա հաստատոուն պահում էր ձագերին. գոնե հենակ ունենային, որ չնվաղեին ու չընկնեին: Հենակ ամրացնելիս ճտտոց եկավ, հարևան Աստղիկն էր գոռաց.
-Վայ թե ջարդվեց:
-Չէ՜,- ծոր տվեց Լևոնն ու շարունակեց ամրացնել:
Իսկ նա կանգնել էր լուռ ու անհաղորդ՝ ասես խոսքն իր ձեռքերի մասին չէ, ասես ուզում էր միջամտել.
-Ա՛յ մարդ, ես իմ ձագերին տեր եմ, ես որ բերել եմ, կպահեմ էլ, դուք հանգիստ կացեք…
Բայց լսող չկար:
Ժամեր անց, բակի երեխաների զվարթ խաղերի մեջ ոչ ոք չնկատեց, որ տանձերն ընկան. բակում առանց այդ էլ դարդերը շատ էին: Հարևան խոզերը խրախճանքի մեջ էին, լափում էին տանձերը…Այդ քոչվոր խոզերը, որ մեր սիրունների պոչին իսկի արժանի չէին, գինարբուք էին անում:
Մեր զառամյալ տանձենին գլխիկոր, բայց արժանապատիվ կանգնած էր նույն տեղում, իսկ 90-ամյա պապը էլի գիշերը չէր քնել մեջքի ցավերից, տատն էլ ձենը գլուխն էր գցել, թե.
-Քեզ տեղն ա: Էրեկ, որ 18 տարեկանի պես բացվել ու նարդի էիր խաղում տղերքի հետ, իրանց էլ գնա ասա, թող գան յոդ քսեն,- փնթփնթալով փոքրիկ արկղի միջից հանեց յոդն ու առանց պապի համաձայնության՝ անցավ գործի:

-Բայց ճիշտ է ասում,- հոգոց հանեց լուսաբացը,- ախր պապը… ու չհասցրեց ավարտել խոսքը, երբ կաթի մեքենան եկավ:

Գոգնոց կապած, թթվի փակոցը կիսատ թողած կանայք, բանկաները ձեռքներին՝ խմբվեցին կաթի ավտոյի շուրջը:

-Վարսիկ, հարսդ էրեկ կաթ առել ա, քիչ ա, հա՞,- քթի տակ ծիծաղելով ակնարկեց հարևանը:
-Լալա ջան, ուրախ եմ, որ տեսողությունդ մինչև մեր պոդեզդ հասնումա, բայց դու գործերիդ նայի:
Կաթ բերող Հակոբն էլ, թե.

-Այ մարդ, սաղիդ էլ կհասնի, ի՜նչ եք իրար խառնվել:

Ամեն բակում կաթի ավտոն մնում է 13-17 րոպե՝ կախված հարևանների կռվազրույցի տևողությունից: Ու ամեն շաբաթ օրը մեր բակը գիտի, որ կաթի ավտոն գալու է՝ անկախ եղանակից, անկախ հանգամաքներից ու հարևանների զրույցի բովանդակությունից:

Շաբաթ օրը կաթի ավտոն չեկավ, մյուս շաբաթ էլ չեկավ, բայց հարևանները սովորության համաձայն, կաթի ժամին նույն տեղում կանգնած էին:

Երրորդ շաբաթ բակում անսովոր աղմուկ էր.
-Հը, Վարսիկ, մի բան իմացա՞ր:
-Հակոբի տղեն պատերազմում ա, ի՞նչ իմանաս, ինչ ա էղել: Էհհհ…

Հինգ ամիս շարունակ ամեն շաբաթ օր կաթ առնող ու չառնող պատուհաններից ձգվում էին ուղիղ 10:20 րոպեին, որ տեսնեին՝ կաթի ավտոն էկա՞վ, բայց անձրև էր գալիս, հետո ձյուն էր տեղում, հետո…ու ավտոն չէր գալիս:

Լուսաբացն արթանցավ տատի գոռոցներից: Նայեց ներքև…տանձենին բողբոջել էր ու ավելի փթթուն կանգնել այգու մեջտեղում: Բակում քար լռության մեջ տատի զիլ ձայնն ավելի էր բարձրանում:

-Այ տա, ի՞նչ ա, հիմա ի՞նչ էղավ:
-Կաթի ավտոն էկա՜վ, կաթի ավտոն էկա՜վ,- աչքերը լցրած գոռում էր տատը:

Ու մեր ամբողջ շենքը, սուրճը կիսատ թողած ու առանց բանկաների, ամեն բան մոռացած՝ իջավ ներքև, որովհետև եթե կաթի ավտոն էկավ, ուրեմն Հակոբի տղան տուն վերադարձավ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *