Սմբատ Հովհաննիսյան | Յո՞ երթաս․ «կուսակցական տուրիզմ» կամ «քաղաքական գաղթ»

Ժամանակակից աշխարհում իշխանափոխությունը բնորոշ է դեմոկրատական ցանկացած պետության։ Իշխանության վերարտադրության համար իշխող վերնախավերն իրենց տրամադրության տակ ունեն մրցակցությունը կանխող բազմաթիվ գործիքներ։ Դրանց միջոցով էլ հարթվում է իշխանության գալու ոչ լեգիտիմ ճանապարհը՝ հայտնի իբրև «իշխանության զավթում» կամ «իշխանության յուրացում»։ Ակնհայտ է, որ նման ճանապարհով իշխանությունը պահպանվում է բնավ էլ ո՛չ ծրագրերի շնորհիվ, այլ նյութական խթանների (կաշառքներ, պարգևներ և այլն) միջոցով։ Այստեղից էլ՝ «իշխանության յուրացման» խնդիրը։ Մանավանդ երբ հաճախ չափազանց դժվար է օրինական իշխանությունը յուրացված (զավթված, կասեցված, զուգահեռ իրականացված) իշխանությունից զանազանելը, քանի որ սովորական է դարձել թվացյալ իրավական և ժողովրդավարական հաստատությունների ընթացակարգերին դիմելն ու այդ ճանապարհով լեգիտիմություն ձեռք բերելու պրակտիկան։

Այսու՝ թեպետ գիտական գրականության մեջ բազմաթիվ անդրադարձներ կան իշխանության յուրացման կամ զավթման ձևերի վերաբերյալ, մանավանդ իշխանության յուրացման ամենավտանգավոր ձևերից մեկի՝ իշխանության դատական յուրացման վերաբերյալ, բայց կա և իշխանության յուրացման մեկ այլ՝ նուրբ և «թավշյա» մի ձև, որին կարծես այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Խոսքը «կուսակցական տուրիզմի» կամ «քաղաքական գաղթի» մասին է։

Արդ, ի՞նչ ասել է «կուսակցական տուրիզմ» կամ «քաղաքական գաղթ»։ Նախ՝ դրանք ենթադրում են մի կուսակցությունից կամ խմբակցությունից մեկ այլ կուսակցություն կամ խմբավորում անցումը։ «Կուսակցական տուրիզմի» միջոցով հնարավոր է խորհրդարանական ուժերի արհեստական վերադասավորում կատարել՝ հօգուտ ինչ-որ խմբի նեղ շահերի։ Որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ «շենգենյան» ունեն։ Եվ այդպես կարող են ոչ միայն ուղղակի ոչնչացնել խորհրդարանական մեծամասնությունը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրություններ հրահրել։ Այլ կերպ ասած՝ սա իշխանության յուրացման մի նուրբ միջոց է, որով հնարավոր է լինում շրջանցել ընտրողների քվեն։

«Կուսակցական տուրիզմը» կամ «քաղաքական գաղթն» իրենց  հետևանքներով ավելի վտանգավոր են, քանի որ սպասարկում են ոչ միայն պարզապես կուսակցության, բիզնեսի բոսերի (կամ այլոց) շահերին կամ դրանց իշխանության վերարտադրությանը, այլև կարող են սպասարկել արտաքին ուժերի շահերին։ Այսու՝ դրանք ոչ միայն սասանում են պետության ներքաղաքական հավասարակշռությունը, այլև հարմար հարթակ են արտաքին ուժերի միջամտության համար։ Նկատենք, որ «կուսակցական տուրիզմի» դեպքում «տուրիստական» գործունեությունը սահմանափակված է կուսակցական գործունեության շրջանակներոով (թեպետ ավելի մեծ խաղ ևս կարող է ենթադրել)։ Ի տարբերություն «կուսակցական տուրիզմի»՝ «քաղաքական գաղթը» չի սահմանափակվում կուսակցական գործիչներով․ ներառում է թե՛ ժուռնալիստների, թե՛ բիզնեսմենների, թե՛ մտավորականության և թե՛ կարծիքի բազմաթիվ այլ առաջնորդների։

Այսպիսով՝ կուսակցությունից կուսակցություն «գաղթելով»՝ իշխանական դիրքերը պահպանելը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի լեգիտիմացում, ավելին՝ կոռուպցիայի սրբազնացում։ Կուսակցական գործունեությունը, որը պետք է միտված լինի պետության և ժողովրդի բարօրությանը, վերածվում է քաղաքական կլանների, մաֆիաների շահերի սպասարկման միջոցի։ Փաստորեն քաղաքական գործիչ-տուրիստները կամ քաղաքականությանը ծառայող «վարձկանները» (մտավորականություն, լրատվություն և այլն) վերածվում են ոչ թե երկրի ու ժողովրդի բարօրությանը ծառայող շերտի, այլ ինչ-որ նեղ խմբերի շահերը սպասարկող շերտի։ Հընթացս ժամանակի նման փոխակերպումներով ոչ միայն ու ոչ պարզապես ճգնաժամն է խորանում, այլև ու հատկապես պետությունը «պատանդ» է վերցվում։ Անգամ միմյանցից օտարվում են հասարակությունն ու պետությունը։ Տեղի է ունենում «պետության զավթում» (state capture)․ համակարգային քաղաքական կոռուպցիայի մի տեսակ, երբ մասնավոր շահերն էապես ազդում են պետական որոշումների կայացման գործընթացների վրա։ Դրա տևականությունն ապահովելու համար ստեղծվում են բարդ «կլիենտային հարաբերություններ», որոնց միջոցով էլ լեգիտիմության կոռուպցիոն հայեցակարգի շրջանակներում «կուսակցական տուրիզմի» կամ «քաղաքական գաղթի» միջոցով տեղի է ունենում ինչպես իշխանության վերարտադրությունը, այնպես էլ ռեսուրսների, սոցիալական դիրքերի և այլնի վերաբաշխումը։

Այստեղից էլ՝ վտանգների մի ամբողջ փաթեթ՝ սկսած կարճաժամկետ, միջնաժամկետ իրողություններից մինչև երկարաժամկետները։ «Կուսակցական տուրիզմի» կամ «քաղաքական գաղթի» ավելի երկարաժամկետ վտանգն այն է, որ այն նվազեցնում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական համակարգի նկատմամբ ընդհանուր վստահությունը, այլև կարող է հասցնել պետականության ու ինքնիշխանության կորստի։ Այսու՝ սկզբնապես տվյալ պետության ինչ-որ շերտի նեղ շահերին ծառայելով՝ հաջորդիվ «կուսակցական տուրիզմը» կամ «քաղաքական գաղթը» պետական համակեցությունը վերածում են «ռիսկային հասարակության», որն իր մեջ կրում է «այլընտրանքների պայթեցման» վտանգ, որի արդյունքում տվյալ հասարակությունը (մեծ հաշվով՝ մարդկությունը) մղվում է քաղաքակրթական ինքնաոչնչացման։

Ակնհայտ է, որ գործ ունենք ազգային անվտանգության խնդրի հետ, որը պայմանավորված է հատկապես օրենսդրական տիրույթի «բացթողումներով»։ Երբ կուսակցության ներկայացուցիչն ունի անհամաձայնություն քաղաքական իր կուսակցության գծի հետ, իրավասու է այն լքելու: Նույնը՝ երբ կուսակցությունը ձախողվել կամ էլ արատավորվել է։ Երկու դեպքում էլ հարցը հետևյալն է․ ինչպե՞ս պետք է վարվի կուսակցության ներկայացուցիչը կամ քաղաքական գործիչը, երբ կա այդ անհամաձայնությունը, բայց և առկա է իր գիտելիքներն ի շահ պետության ու ժողովրդի օգտագործելու միտումը։ Տեղափոխվի՞։ Վարք, որը ճիշտ է իրավական առումով, և որի դեպքում օրենսդրությունն ու էթիկան ներադշնակ են։ Մեկ այլ դեպքում, սակայն, հնարավոր է օրենսդրության և էթիկայի խզում, երբ առերևույթ նույն իրավիճակում տարբեր են փոխատեղության շարժառիթները․ մեկ այլ քաղաքական գործիչ կուսակցությունից կուսակցություն է տեղափոխվում հանուն «կլորիկ գումարի», այլ կերպ ասած՝ քաղաքական գործիչն ինքնակամորեն վերածվում է  «քաղաքական վարձկանի»։ Այս դեպքում այլ հարց է առաջ գալիս՝ ո՞ւր մնաց ժողովրդական քվեարկությունը․ չէ՞ որ նման անցումով քաղաքական գործիչը խախտում է իրեն տրված քվեի պահանջը, և տեղի է ունենում ժողովրդական կամարտահայտության վատնում կամ չարաշահում։ «Ծառայում է ժողովրդին և ոչ թե կուսակցությանը» դրույթը կեղծակերպվում է, քանզի ճշմարտությունն այն է, որ «ծառայում է ինչոր խմբի նեղ շահերին և ոչ թե ժողովրդին»։

Այս համատեքստում ոչ պակաս կարևոր մի խնդիր էլ է ջրի երես ելնում՝ անպատասխանատվության սինդրոմը․ լեգիտիմություն է ձեռք բերում նաև անպատասխանատվությունը՝ իշխանության մարմինների և քաղաքական կուսակցությունների կողմից «պահի լրջության» քաղաքականության շրջանառմամբ արդարացվող։ Համաբերվում են միմյանց հետ կապ չունեցող խնդիրներ, որի արդյունքում  ամենաաննշան, ամենաանհեթեթ իրադարձությունը, (ամենա)երկրորդական մարտահրավերները հույժ կարևոր նշանակություն են ստանում իրենց ուռճացմամբ, բայց որոնք անհնար է որևէ կերպ իմաստավորել։ Օրինապահ կառավարությունը և օրինակարգ իշխանությունը վերածվում են անօրինականության և կամայականության՝ հանգեցնելով վտանգավոր նախադեպերի։ Մինչդեռ պահի լրջության քաղաքականությունը հնարավոր է միայն ու միայն ժամանակի երկար տևողության լրջության գիտակցմամբ։

Ի վերջո  «կուսակցական տուրիզմից» կամ «քաղաքական գաղթից» քաղաքական գործիչներ չեն ծնվում, ոչ էլ բարգավաճում են պետությունները։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *