Կոնստանտինոս Կավաֆիս | Միալարություն

Հետ արի

Հաճախ արի ու տար ինձ քո հետ,
կաթոգի՜ն հուզում, արի ու տար ինձ,
երբ հիշողությունը մարմին է առնում
և հին կիրքն է արյան մեջ եռում,
երբ շուրթերը քո հոժար նվաղում են
և կարծես հպվում ես ինձ նորեն:

Հաճախ արի ու եկ կորսվենք գիշերում,
երբ շուրթերը քո հոժար նվաղում են…

 

Ձայներ

Սիրելի ու հարազատ ձայներ,
մահացածների ու կորածների,
որ մահացածի հաշիվ են էլի:

Մերթ լեզու են առնում մեր երազներում,
մերթ թափանցում խորքերը մտքի:

Ու արձագանքը նրանց շշուկների,
(իսկական նվագ գիշերային),
արթնացնում է մեկիկ-մեկիկ
մեր քնաթաթախ ուրվականներին,
ապա մարում հանդարտ, պոետիկ:

 

Միալարություն

Միալար օրերը շարվում են իրար կողքի:
Նույնադեմ անցքերի, դիպվածների նույնաոճ
հորձանուտն է մեզ կուլ տալիս ու դուրս թքում անդլակի:

Ամիսն անցնում է և նոր ամիս է բերում իրեն փոխանորդ`
հրամցնելով երեկվա ձանձրույթն ու հոգնությունը ամենից:
Եւ դժվար չէ կռահել բնավ` վաղվա օրը պատճեն է լինելու պատճենից:

 

Տենչանք

Հանց սիրուն մարմիններ մեռյալների դեռատի,
սգով օծված ու զնդանված
դամբարանում պերճ`
վարդե պսակ գլուխներին ու ոտքերի տակ` հասմիկ,
այդպեսև տենչանքն է, որ մարել է առանց հագեցվելու,
որ անցել է առանց պարգևելու հեշտանքի գեթ մի գիշեր
կամ արբեցման այգաբաց:

 

Հիշի՛ր, մարմին

Մարմին, հիշիր ոչ միայն սերերիդ,
ոչ միայն անկողինները, որոնց վրա պառկել ես,
այլ նաև հիշիր քո համար շողացող բյուրեղյա աչքերի, դողդողուն ձայնի կիրքը հին, մոլի,
որ պատահական մի խոչընդոտ վիժեցնում էր նրան դյուրին:
Այժմ, երբ ամենայն ինչ անցյալի գիրկն է անցել,
այնպիսի զգացողություն է, ասես տրվել ես հին կրքին.
ինչպե՜ս էր նա փայլում, հիշիր, բյուրեղյա աչքերում, ինչպե՜ս էր դողում ձայնի մեջ նա` քեզ համար հիշիր, մարմին:

 

Իոնական

Ինչու՞ ենք փշրել արձանները նրանց,
ինչու՞ ենք նրանց վտարել տաճարներից,
աստվածները դրանից չմահացան բնավ:
Օ՜, Իոնիա աշխարհ, քեզ դեռ սիրում են աստվածները,
Քո տաք հուշն են գգվում հոգում իրենց:
Երբ այգալույսն է վառվում քո վերևում,
նրանց կենարար ուժով է հագենում քո օդը,
երբեմն էլ պատանեկան եթերային, աղոտ ուրուն է հապճեպ սուրում քո բլուրների գագաթներից էլ վեր:

 

Այնքան երկար հայեցի…

Դյութանքիդ այնքան երկար հայեցի,
որ աչքս կշտացավ ի վերջո:

Սլացիկ կազմվածք: Կարմիր շուրթեր: Ցանկասեր անդամներ: Մազեր, ասես ծեփված հունական անդրիներից` միշտ հրաշագեղ, սակայն երբեք չսանրված,
որ թեթևակի ծածկում են սպիտակ ճակատը:
Սիրո տեսիլներ` այնպիսի, ինչպիսի բաղձում էր իմ պոեզիան… երիտասարդ օրերիս գիշերներում, թաքուն հանդիպումների ժամին, իմ գիշերներում…

 

Մոխրագույն

Մի կիսամոխրագույն արևաքար զննելիս
միտս ընկան այն երկու մոխրագույն աչքերը դուրեկան,
որոնց հանդիպել էի շուրջ քսան տարի առաջ…

 

***

Մի ամսվա սիրավեպ:
Մեկնեց հետո,
Իզմիր մեկնեց գործի բերումով, թե չեմ սխալվում:
Չտեսնվեցինք դրանից հետո:

Դժգունել են, թե որ ողջ է, աչքերը մոխրագույն,
այլանդակվել դիմագծերը երբեմնի գեղանի:

Հիշողությու՜ն իմ, արդ պահպանիր հին պատկերը աչքերի,
Եւ, հիշողությու՜ն, ինչ էլ հաջողես դարձնել սիրուց իմ վաղեմի
հետ բեր, ինձ բեր այս երեկո:

 

1903 թ.-ի օրերը

Ես այլևս չգտա նրանց` այդքան կանուխ կորցրածներս…
այն աչքերը ոգեշունչ, դալուկ
դեմքը… չգտա փողոցների մթնշաղում…

Ես այլևս չգտա նրանց` դիպվածաբար ձեռք բերված
ու հեշտությամբ լքվածներին,
բայց տենդորեն ցանկալի:
Այն աչքերը ոգեշունչ, դալուկ դեմքը,
շուրթերը այն, ավա՜ղ, ես այլևս չգտա…

 

Ջահը

Դատարկ ու նեղլիկ այս սենյակի
բոլոր չորս պատերն էլ վարագուրված են,
վառվում է սիրուն բազմաճյուղ մի ջահ, շիկանում է հետզհետե

ու ամեն մի հուր կայծկլտում է`
արթնացնելով տկարություն մարմնական ու մարմնական մի պոռթկում:

Այդ սենյակը նեղլիկ, ուր բռնկվել, բոց է շնչում ջահը բազմաճյուղ,
անսովոր կրակով է բորբոքվել:
Երկչո՛տ մարմիններ, շրջանցեք սենյակն այս մոլի հաճույքի:

 

Թարգմանությունը հունարենից՝ Տաթևիկ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *