Պաուլու Կոելյու | Խավարի նոր դարաշրջանը

1974 թվականի մայիսի 28: Մի խումբ զինված անձինք ներխուժում են իմ բնակարան: Տակնուվրա են անում դարակներն ու պահարանները. գաղափար անգամ չունեմ՝ ինչ են փնտրում: Ես ընդամենը ռոք երգիչ եմ: Մեկը՝ մեջներից սիրալիրը, խնդրում է գնալ իրենց հետ «ընդամենը մի քանի բան պարզելու համար»: Հարևանս ամեն ինչ տեսնում է և տեղեկացնում ընտանիքիս, որն իսկույն խուճապի է մատնվում: Բոլորը գիտեին՝ ինչ էր կատարվում Բրազիլիայում, թեև թերթերը ոչինչ չէին լուսաբանում:
Ինձ ուղեկում են DOPS (քաղաքական և սոցիալական հարցերի վարչություն), լուսանկարում և մատնահետք վերցնում: Հարցնում եմ՝ ինչ եմ արել, պատասխանում են, որ իրենք են հարց տվողները: Մի լեյտենանտ հիմար հարցեր տվեց և բաց թողեց տուն: Այդ պահից սկսած ես պաշտոնապես բանտում չեմ, ուստի, կառավարությունն իմ հանդեպ ոչ մի պատասխանատվություն չի կրում: Երբ դուրս եմ գալիս, այն մարդը, որ ինձ բերել էր DOPS, առաջարկում է սրճել: Մի տաքսի է կանգնեցնում և սիրալիր բացում դուռը: Նստում եմ և խնդրում քշել ծնողներիս տուն. նրանք պետք է տեղյակ լինեին եղելությունից:
Ճանապարհին երկու մեքենա շրջափակում են տաքսին: Մեկից մի ատրճանակավոր է դուրս գալիս ու ինձ դուրս քաշում մեքենայից: Ես ընկնում եմ գետնին ու վզիս զգում ատրճանակի փողը: Նայում եմ դիմացի հյուրանոցին ու մտածում ՝ դեռ վաղ է մեռնել: Մի տեսակ կատատոնիկ վիճակ է սկսվում մոտս. ես չեմ վախենում, ես ոչինչ չեմ զգում: Գիտեմ անհետացած ընկերներիս պատմությունները. ես էլ կանհետանամ, և տեսածս վերջին բանը կլինի այս հյուրանոցը: Մարդը բարձրացնում է ինձ, նստեցնում իր մեքենան ու հրամայում կապիշոնը գլխիս քաշել:
Մոտ կես ժամ է՝ մեքենան քշում է: Երևի ինձ վերացնելու տեղ են փնտրում, իսկ ես դեռ ոչինչ չեմ զգում: Համակերպվել եմ ճակատագրին: Մեքենան կանգ է առնում: Ինձ դուրս են քաշում, ծեծում և հրում միջանցքի պես մի տեղ: Ես գոռում եմ՝ հասկանալով, որ ոչ ոք չի լսում, որովհետև նրանք ևս գոռում են: Ասում են՝ դու տեռորիստ ես: Մահվան ես արժանի: Դու պայքարում ես քո սեփական երկրի դեմ: Քեզ դանդաղ մահ է սպասվում, բայց նախ լավ կտանջվես: Զավեշտալի է, տարերայնորեն կենդանի մնալու բնազդս կամաց-կամաց գլուխ է բարձրացնում:
Ինձ տանում են բարձր հատակ ունեցեղ կտտանքների սենյակ: Սայթաքում եմ, քանի որ ոչինչ չեմ տեսնում: Խնդրում եմ չհրել, բայց մեջքից հարված եմ ստանում և տապալվում գետնին: Ինձ հրամայում են հանվել: Հարցաքննությունը սկսվում է հարցերով, որոնց պատասխանները չունեմ: Ինձ ստիպում են մատնել մարդկանց, որոնց մասին երբեք չեմ լսել: Ասում են՝ չե՞ս ուզում համագործակցել, հատակին ջուր են լցնում ու ինչ-որ բան դնում ոտքերիս: Հետո կապիշոնի տակից տեսնում եմ, որ էլեկտրոդներով սարքը ամրացնում են սեռական օրգաններիս:
Հիմա եմ հասկանում, որ բացի հարվածներից, որ չէի տեսնում (և հետևաբար չէի կարողանում մարմինս կծկել հարվածը մեղմելու համար), հիմա էլ էլեկտրական հոսանք եմ ստանալու: Ասում եմ, որ դրա կարիքը չկա, կխոստովանեմ՝ ինչ ուզում են, կստորագրեմ՝ ինչ ուզում են: Բայց դա նրանց չի բավարարում: Հուսահատված՝ սկսում եմ ճանկռել ինքս ինձ ու ծվատել մարմինս: Դահիճներս կարծես վախենում են՝ տեսնելով սեփական արյունով ծածկված մարմինս: Ինձ մենակ են թողնում: Ասում են՝ կապիշոնը կարող եմ հանել, երբ դուռը փակվի: Կապիշոնը հանում եմ ու տեսնում, որ ձայնամեկուսացված սենյակում եմ, որի պատերը ծակծկված են փամփուշտներից: Ահա թե ինչու էր հատակը բարձր…
Հաջորդ օրը կտտանքների նոր փուլ է սկսվում, նույն հարցերով: Կրկնում եմ, որ կստորագրեմ ինչ կասեն, կխոստովանեմ, ինչ կուզեն, մենակ ասեն՝ ինչ է պետք խոստովանել: Խնդրանքս անտեսվում է: Հետո, արդեն չգիտեմ ինչքան ժամանակ և քանի փուլ անց (դժոխքում ժամանակը ժամերով չի հաշվվում), դուռը թակում են, ու կապիշոնը նորից քաշում եմ գլխիս: Մեկը թևիցս բռնում է ու շփոթված ասում՝ դու մեղավոր չես: Ինձ տանում են ամբողջովին սև ներկված, հզոր օդափոխությամբ մի փոքրիկ սենյակ: Լույսն անջատում են: Միայն մթություն, ցուրտ ու ազդանշանի չդադարող ձայնը: Սկսում եմ խելագարվել: Ձիերի տեսիլքներ են հայտնվում: Ծեծում եմ «Սառնարանի» դուռը (հետո իմացա՝ սենյակն այդպես էին կոչում), բայց ոչ ոք չի բացում: Գիտակցությունս կորցնում եմ: Հետո վեր կենում ու ուշաթափվում կրկին ու կրկին, ու հանկարծ մտածում եմ ՝ ավելի լավ է պարտվել, քան մնալ այստեղ:
Վեր կացա: Դեռ սենյակում եմ: Լույսն անընդհատ միացրած է, և ի վիճակի չեմ ասել, թե քանի օր ու գիշեր է անցել: Ասես՝ մի ամբողջ հավերժություն այստեղ լինեմ: Տարիներ անց քույրս ասաց, որ ծնողներս չէին քնում, մայրս անդադար լալիս էր, հայրս ներփակվել էր իր լռության մեջ ու չէր խոսում:
Ինձ այլևս չեն քննում: Մեկուսի բանտարկություն: Մի պայծառ օր ինչ-որ մեկը հագուստս նետում է գետնին ու հրամայում հագնվել: Հագնվում եմ ու կապիշոնը քաշում գլխիս: Ինձ տանում են մեքենայի մոտ ու նետում բեռնախցիկը: Քշում են երևի մի ամբողջ հավերժություն, մինչև կանգնելը. հիմա մեռնելո՞ւեմ: Ինձ հրամայվում է կապիշոնըը հանել ու դուրս գալ բեռնախցիկից: Ես Ռիոյում եմ, ինչ-որ տեղ, չգիտեմ էլ որտեղ, երեխաներով լի մի հրապարակում:
Ուղղվում եմ ծնողներիս տուն: Մայրս ծերացել է, հայրս ասաց, որ այլևս տնից դուրս չգամ: Փորձում եմ կապվել ընկերներիս հետ, իմ երգչի հետ. ոչ ոք չի պատասխանում: Ես մենակ եմ. երևի մտածում են՝ եթե ինձ ձերբակալել են, ուրեմն ինչ-որ բան եմ արել: Նախկին բանտարկյալի հետ շփվելը վտանգավոր է: Ես դուրս եմ եկել բանտից, բայց բանտն իմ միջից՝ ոչ: Փրկությունը եկավ, երբ ինձ երկու հոգի, որոնց հետ այնքան էլ մոտ չէի, աշխատանք առաջարկեցին: Ծնողներս այդպես էլ ուշքի չեկան կատարվածից:
Տասնամյակներ անց, բռնակալության արխիվները հանրայնացվեցին, և իմ կենսագիրը վերցրեց բոլոր նյութերը: Հարցրեցի՝ ինձ ինչու են ձերբակալել: Ինչ-որ մեկը մեղադրել էր քեզ՝ պատասխանեց նա: Կուզե՞ս իմանալ՝ ով: Չգիտեմ: Դա չի փոխի անցյալը:
Հենց այս «անագե» տարիներն է ուզում իմ երկրին վերադարձնել նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը Կոնգրեսում ամենաատելի դահճին անվանեց իր կուռքը:

Թարգմանությունը անգլերենից՝ Հռիփսիմե Մադոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *