Նարեկ Թոփուզյան | Կիսել նրա հացը

Հարևանների համար Սահակի հետ հեշտ չէր ու հարբած մարդու հետ սովորաբար հենց հեշտ չի լինում: Լսում ես հարբած ժամանակ բրթածը, նայում ես դեմքին ու միակ ցանկությունը նույն պահին որ ծնվում է, էդ ժեխը բրթող դեմքը նախշելն է, շամփուրի նման ուղեղիդ չալաղաջ տեղերը շշի քաշող բառերը ճակտին տնգելը, էդ, էդ, էդ զազրախոս պռոշները բնորոշ եզրագծերերից մկրատով կտրելն ու շների դեմը գցելը, բայց ոչ, գիտակցությունն ու գիտությունը՝ ասենք կոգնիտիվ հոգեբանությունը հուշում են, որ հարբած մարդու հետ անիմաստ է, հարբած մարդու հետ գլուխ դնելը նույնն է ինչ Հրապարակի ժամացույցի հետ Նիկոլի կառավարության լավն ու վատն անելը` նա կասի լավն է, դու կասես եսիմ ինչ չի ու վերջը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեք գա: Հետևանքն այն է, որ դու վարվում ես բարեկրոն մարդու պես, բայց չբավարարվածությունը դրանից չի լքում քեզ:
Ամեն մարդ հարբեցողության, «02-ը» կասեր խոտոր ճանապարհ դուրս գալու իր ունիկալ պատճառներն ունի: Այդ ճանապարհ նրան կարող է դուրս բերել պարզ մոլությունը դեպի զգայարանների էթիլային թմրությունը, ակնկալիքներն ու այդ ակնկալիքների անիրագործելիության հետագա գիտակցումը, հիվանդությունը կամ հիվանդությանը հակազդելու հնարավորության բացակայությունը, անկարողությունից մազերը պռճոկելու ցանկությունը: Կարող է կնիկը: Հաստատապես: Կնիկն ինչպես Սահակի դեպքում էր, կարող է տղամարդուն հասցնել փառքի անհաս բարձունքները կամ գցել էնպիսի փոսը, որտեղ չեն հասնում նույնիսկ բջջային ցանցի ամենակարող «LTE» ազդակները: Այո սըր, Սահակի փոսը փորեց կնիկը, ավելի ճիշտ էդ փոսը փորեցին մի քանի ղոչաղ կնիկ համատեղ ջանքերով, մեկը մյուսից բեխաբար ու մեկը մյուսին փոխլրացնելով: Առաջին կնիկը լապատկեն հողին խփեց, մի քիչ փորփրեց ու փոխանցեց այն մյուսին, մյուսն էն մյուսին, մյուսն էն մյուսին ու տենց էնքան, որ երբ վերջինը լապատկեն մի պահ պատին դեմ տվեց, որ մի քիչ շունչ առնի ու չորցած պռոշների վրա մի քանի կաթիլ ջուր կաթացնի, Սահակի ոտի տակ մի նենց մեծ վիհ էր գոյացել, որ դրանից հետո այլևս իմաստ չկար այն խորացնելու: Սահակն ընկավ էդ փոսը ընտանեկան երջանկության ակնկալիքների անիրագործելիության հետագա գիտակցման պատճառով: Նա փոսն ընկավ բոլորովին ադեկվատ մարդու ու նորմալ հեռանկարային արհեստավորի հռչակով, իսկ փոսից դուրս եկավ ալկոհոլիկ պատուհասի կարգավիճակով՝ այնտեղ թողնելով բարեկիրթ քաղաքացու և լավ արհեստավորի համարումը:
Ընդհանրապես Սահակին ոչ ոք չէր ասի աչքիդ վերևում ունք կա ու ոչ ոք ոչ մի խմողի նման վերապահմամբ չէր դիմի, եթե նա, խմիչքի իր բաժինը ներս առնելով, գլուխը խախանդ մի տեղ քաշեր և վայելեր երակներում ծոր տվող կարճառոտ ու անիրական բերկրանքի իր բաժինը, բայց բանն այն է, որ նրանք խմելուն պես հիմնականում մղվում են հանրայնացնելու իրենց ապրումները: Այո, սըր, հենց այդպես: Խմողներին բնորոշ այս նախասիրությունը Սահակի մոտ ի հայտ եկավ հենց առաջին անգամից, երբ նա բարձրացրեց բաժակը` դրա մեջ ինքն իրեն թաղելու համար: Հենց առաջին անգամից Սահակին թվաց, թե մարդկությունն ի դեմս դրա նեղ շրջանակի՝ իր հարևանների, պե´տք է ներառվի իրեն պատած էմոցիոնալ շրջապտույտի մեջ. «Էթանք մի-մի բաժակ բան խմենք»,–առաջարկեց նա էդ օրը գործից տուն վերադարձող հարևան Արթուրին: Սահակին թվում էր, որ եթե իրեն պատիվ անեն, հանդես գան իրեն ուղղված նման առաջարկով, նա կազդվի նման սրտացավությունից ու հակադարձ տրամաբանությամբ թվաց, որ դիմացինին ուղղված նման առաջարկից պիտի ազդվի նաև հարևանը, բայց հարևան Արթուրն ակնհայտ անտարբեր մնաց, համենայնդեպս, արհամարանքը, որ ուրվագծվեց նրա դեմքին էժանագին սպիրտի տեսքից, Սահակը գնահատեց իբրև անտարբերություն:
Հետո Սահակի հոգին երգել ուզեց, Սահակին թվաց, որ եթե «Հորովելը» սեփական մեկնաբանմամբ հուզել է իր հոգին, ապա այն պետք է հուզի նաև դրկից սպառողներին, նրան վստահաբար թվաց, որ հարևանները պարզապես պարտավոր են ազդվել մատուցման էն նրբությունից, որին հասել է նա էս երգը մեկնաբանելիս, բայց միակ արձագանքը Սահակի կաղկանձյունին եղավ շների հեռավոր ոհմակային արձագանքը և թուրքական «Գիզեր» ֆիրմայի չուստը, որը հայտնի չի որտեղից արկի նման արձակվեց ու սուրաց դեպի Սահակի խեղճ գլուխը: Հաջորդ դեպքը եղավ Սահակի հերթական կանանցից մեկի ինքնաբացարկի հետևանքը: Սահակին էդ ժամանակ թվաց, որ եթե փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի բարձրությունն ունեցող իր հայհոյանքներն ուղղված Եվայի ցեղին, տղավարի հասկանալի են իրեն ու արդարացված, ապա դրանք պետք է հասկանալի լինեն նաև հարևաններին: Հարևանները, սակայն հասկանալու փոխարեն դժգոհ մնացին արված ընդհանրացումից: Գենդերային հավասարության հիմունքները խարխլող «Եվայի ցեղ» որակումը թեև դեմքին աճած բեխ-միրուքի խտությամբ իր եզրութաբանական շրջանակներից դուրս էր թողնում հարևաններից ոմանց մերերին ու թեև պլոճիկների ամրությունը, նրանց կանանցից շատերին թույլ էր տալիս գնահատել պլորով-կնիկ արտահայտությամբ, բայց որակումն, այդուամենայնիվ, իր շրջանակների մեջ էր ներառում նրանցից շատ-շատերի մայր ու քույրերին, կանանց ու հարսներին: Հարևաններին հեչ դուր չեկավ, որ իրենց կանանց քֆրտելու իրավունքն իրեն է վերապահել ոմն մի հարբեցող ու նրանք դրա համար իրիկունը ուշ, գիտակցությունը կորցնելու աստիճան թակեցին Սահակին:
Հաջորդ օրը Սահակն արթնացավ քերծքրծված դեմքով, քթի վրա երկայնական այնպիսի վերքով, որ կասեիր քիթ չէր, այլ նեղ շերտով կլպած Մարտունա կորտոլ: Նա դժվարությամբ հիշեց նախորդ օրը, առհասարակ չհիշեց մահճակալում հայտնվելու մանրամասներն ու զգաց, որ ամբողջ մարմինն ահազանգում է ինչպես հակաօդային շչակը օդային հարձակման ժամանակ: Նա զննեց ներսը ու չգտավ մեղքի զգացումը, որ կարող էր արդարացնել իր նկատմամբ նման վերաբերմունքը: Ասենք ներսում չգտավ պնդումը, թե իրեն տեղն է ու հլը մի բան էլ քիչ: «Ես ձեզ համար, դու՞ք՝ ում»,–ինքնագոհ կերպով ձևակերպեց անպատասխան հարցը Սահակն ու նեղսրտեց այն աստիճան, որ բարի կամքի դրսևորումները դադարեցին լինել նրա վարքագծի շարժիչ ուժը: Բայց մինչև դա այդպես կլիներ, Սահակը մի անգամ էլ փորձեց կիսել իր բաժին բերկրանքը հարևանների ու հատկապես հարևան Արթուրի հետ, բայց բան չստացվեց: Այդ անգամ շարքային հարբեցողի պարենամթերքով` ծվատված պոմիդորով, քառատված վարունգով ու սպիրտով իր բեսեդկի սեղանը կիսելու հրավեր արեց նա հարևան Արթուրին:
– Լա՜վ ախպեր,–ասաց նա,–արի իրար հետ մի կտոր հաց ու մի թաս բան կիսենք:
– Տո դու ինչ հաց կիսելու բան ես,–արհամարաբար նետեց հարևանն ու մի քիչ մտածելով՝ հավելեց,–քելեխիդ հացն էլ լինի, քելեխիդ հացն աշխարհի վերջին կտոր հացն էլ լինի, ես քո հացը չեմ ուտի:
«Կուտե՜ս, մի օր անպայման կուտես»,–քթի տակ մռլտաց Սահակը, բայց դրանից հետո այլևս ոչ ոքի հաց կիսելու առաջարկ չարեց, եթե հաց էր ուզում կիսել, ապա միայն ինքն իր հետ, ինքն իր համար, վերցնում էր հացը, ձեռքով մեջտեղից կիսում, մի կեսն էստեղ, մյուս կեսը դիմացն ու ահավասիկ խնդրեմ: Դրանից հետո նաև երգել չուզեց Սահակը, եթե երգում էր, ապա միայն իր համար ու ջհանդամը թե էդ երգը քերում էր միայն իր սրտի փորոքները և վերջապես Եվայի ցեղը: Դրա որևէ ներկայացուցչի հետ հերթական անհամատեղելիությունից հետո Սահակը հեռու էր պահում իրեն ընդհանրացումներ կատարելու գայթակղություններից, հայտնի իրադարձություներից հետո, եթե քավարանի դռները հասցնելու անհրաժեշտություն էր ծագում, ապա դեպի այդ դռներն էին ուղարկվում կոնկրետ կանայք միայն, օրինակ Ազգուշն իր մոր հետ կամ Մանուշն իր ազգուտակի կամ դրա առանձին ներկայացուցիչների հետ:
Պարզ չի ինչ՝ հաշվարկ է, բայց հայտարարված է, որ ալկոհոլը չարաշահողները սովորաբար իրենց մահով չեն մեռնում: Հաշվարկված է նաև, որ չարաշահողների վաթսուներկու ու մեկ տոկոսը ինքնասպանություն է գործում, վաթսունյոթ ու յոթ տոկոսը մահանում է լյարդի ցիռոզից, վաթսունը` պանկրեատիտից, քսաներեք ու երեքը` սիրտ-անոթային հիվանդություններից: Սահակն իր մահով չմահացավ, նա հաջողացրեց մահկանացուն կնքել ալկոհոլամոլության դեպքում մահացության ամենացածր ցուցանիշն ունեցող հիվանդությունից` սիրտ-անոթային անբավարարությունից, ընդ որում բոլորովին աննկատ: Չմեռներ Սահակի էժան հերը, երեք օր շարունակ նրա բայաթիներին, քֆուր-քյաֆարներին սովոր փողոցը չտեսավ նրան և նույնիսկ չհիշեց նրան ու միայն չորրորդ օրը հարևաններից ինչ-որ մեկը գլխի ընկավ, որ շտօտը երկար ժամանակ հանգիստ մնացին առանց Սահակի. «Սահակն էս եթե փողոց դուրս չի գալիս, մի բան ուրեմն էն չի»,–վատի կանխազգացմամբ փսփսաց նա հարևանի ականջին ու քիչ անց հարևանների խումբը լոմիկը սևեռեց նրա տան դռան ու շրջանակի արանքը:
Երբ Անատոմիկի «Գազելը» տեղափոխելու համար նրան պառկած տեղից վեր էին բարձրացնում, Սահակի գլխի հատվածից արդեն այնպիսի փտահոտ էր գալիս, որ գործը ստանձնած կամավորը գլուխը զզվանքով աջից ձախ պտտեց, որձկաց ու քիչ մնաց Սահակին վայր գցի: Սահակին հերձելուց ու Անատոմիկում մի քանի օր պահելուց հետո խոպանից եկավ նրա եղբայրը: Հուղարկավորությունը եղավ Նուբարաշենի գերեզմանատանը, որտեղ էդ օղրաշները` Սահակի հարևանները ներկայացել էին այնպիսի համապարփակ կազմով՝ կասեիր Սահակը նրանցից յուրաքանչյուրի անձնական բարերարն էր, այլ ոչ մեկն, ում հացից խուսափում էին ինչպես ժամկետանց ձկան կանսերվից: Արարողությունը սկսվեց ժամանակից շուտ, ասես բոլորը շտապում էին րոպե առաջ լուծել երկրակեղևը Սահակի ծանր բեռից ազատելու հարցը: Նախ իր ծիսակարգային ուղերձները կարդաց տերտերը, հետո «Մեռելի հետևից կամ լավը կամ ոչինչ» սկզբունքով մի երկու հարևան խոսեցին, ապա Սահակին իջեցրին փոսը, որտեղից նա ճիշտն ասած սկի դուրս չէր էլ եկել ու վրա տվեցին հողը: Հետո հոգևորականը հանգուցյալի հարազատների դրդմամբ ազդարարեց նրանց պլանները` «Հարազատներն ի գիտություն բոլորի հայտարարում են, որ լուսավորյալ հոգի Սահակի հոգեհանգստյան հացը կտրվի «Օֆոնե» ռեստորանային համալիրում: Հանգուցյալի հարազատները թախանձագին խնդրում են, որ բոլորն առանց բացառության գերեզմանատնից ուղևորվեն այնտեղ»:
Թաղման արարողությունից կես ժամ անց «Օֆոնե» ռեստորանային համալիրի դիմաց ցամքոցը մի ձեռքից կախ տված, մյուսով կրուշկեն բռնած կնոջ առաջ լեռնացավ մարդկանց հերթը: Հերթի վերջում շուտով նշմարվեց Սահակի հարևան Արթուրն ու լսվեց նրա շշնջոցը. «Արա՜, սրա ախպերն ունևոր մարդ ա, սրա գցած սեղանը հաստատ ճոխ կլինի»: Քիչ անց եկավ ձեռքերը լվանալու Արթուրի հերթն ու ձեռքերը լվանալուց հետո նա հպարտ կեցվածքով մտավ դահլիճ՝ կիսելու Սահակի հացը: Քիչ անց նրա ծնոտները սկսեցին վերուվարել ինչպես «Ստանկոնորմալի» ստանոկներն, իսկ երկնքում մի տեղ Սահակը ձեռքերն իրար շփեց ու հաղթանակած բացականչեց. «Տեսա՞ր արա, բա որ ասում էի կուտես»:
15 – 22 հունիսի 2018թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *