Լեհական պոեզիա | Զրույցներ

Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա

 

Զրույց սրտի հետ

Որտե՞ղ կհանգստանաս․ Վիսլայի ավազներին
թե՞ մարգագետնում մեր՝ գորտնուկների մեջ։
«Կարող եմ միայն հանգստանալ անցյալում»
Ասաց սիրտն իմ պարզ ու հասկանալի,
«Կարող եմ միայն հանգստանալ անցյալում»։

Բայց վաղն ավելի զվարթ է ու քաղցր․
Չե՞ս ուզում դադար առնել հետպատերազմյան աշխարհում։
«Արդեն շատ ուշ է, այ թե ջահել լինեի,
Օ՜, անցյալ, ինչպե՞ս վերադառնամ քեզ մոտ
Օ՜, անցյալ, ինչպե՞ս հասնեմ ես քեզ»։

Սիրտ իմ, սիրտ, պիտի խաղաղվես,
Առաջին հերթին թող խոնարհությունը քեզ հյուրընկալվի,
Ինչից հետո դրախտը նորովի կբացվի քո դեմ.
Ու ասաց սիրտն իմ․ «Բաբախում եմ անցյալի համար։
Ուզում եք սովամա՞հ անել ինձ»։

Սիրտ իմ, համառորեն մեղանչում ես,
Սիրտ իմ, մոլորվում ես կարոտներում,
Թեև աշխարհն Աստծո լի է հրաշքներով,
Ու բարին շատ է ամեն ինչի մեջ,
Բայց Աստված դեռ չի ստեղծել անցյալը՝
Որպես մի վայր մխիթարության ու վերադարձների ․․․

 

Վիսլավա Շիմբորսկա

Զրույց քարի հետ

Թակում եմ դուռը քարի
– Ես եմ, ներս թող ինձ։
Ուզում եմ մտնել քո մեջ,
Դիտել շուրջս,
Լցվել քո շնչով։

-Հեռացիր, -ասում է քարը,-
փակ եմ անթափանց։
Անգամ մասերի բաժանված
կլինենք փակ անթափանց։
Անգամ դարձած ավազ
ոչ մեկին ներս չենք թողնի։

Թակում եմ դուռը քարի․
– Ես եմ, ներս թող ինձ,
գալիս եմ մաքուր հետաքրքրությամբ վառված։
Կյանքը միակ հնարավորությունն է իմ։
Պատրաստվում եմ զբոսնել քո մակերեսով,
Հետո այցելել նաև տերևին ու կաթիլին ջրի,
Քիչ ժամանակ ունեմ այդ ամենի համար,
Իմ մահկանացու լինելը պիտի քեզ հուզի։

-Քարից եմ, ասում է քարը,-
ու ըստ անհրաժեշտության պիտի լուրջ մնամ։
Հեռացիր այստեղից,
Ես չունեմ ծիծաղի մկաններ։

Թակում եմ դուռը քարի․
– Ես եմ, ներս թող ինձ,
Լսել եմ, որ քո մեջ կան մեծ դատարկ սենյակներ,
Չդիտված, զուր գեղեցիկ,
Խուլ, առանց որևէ մեկի քայլի արձագանքի,
Խոստովանիր, որ ինքդ քիչ բան գիտես այդ մասին։

– Մեծ ու դատարկ սենյակներ,-ասում է քարը-
բայց տեղ չկա այնտեղ։
Գեղեցիկ, միգուցե, բայց ոչ ճաշակից զուրկ
քո աղքատ զգայարանների համար։
Կարող ես ծանոթանալ ինձ հետ, բայց ճանաչել՝ երբեք,
Ամբողջ մակերեսով դառնում եմ դեպի քեզ,
Իսկ ներսս ամբողջ շրջված է քեզնից։

Թակում եմ դուռը քարի․
– Ես եմ, ներս թող ինձ,
Հավերժ ապաստան չեմ փնտրում քո մեջ,
Ապերջանիկ չեմ,
Ու ոչ էլ անտուն,
Արժե իմ աշխարհ հետ վերադառնալ,
Կմտնեմ ու դուրս կգամ դատարկ ձեռքերով,
Եվ միակ ապացույցը, որ իրոք եղել եմ այդտեղ,
Կլինեն բառերս լոկ,
Որոնց ոչ ոք չի հավատա։

– Չես մտնի, – ասում է քարը,-
քեզ պակասում է զգացումը մասնակիցը լինելու,
ոչ մի զգացում չի փոփարինի դրան։
Անգամ տեսողությունը սրացած մինչ ամենատեսություն
քեզ պետք չի, բնավ, առանց մասնակիցը լինելու դերի։
Ներս չես գա, ունես միայն գաղափարն այդ զգացումի,
Միայն սաղմերը նրա, երևակայությունը սոսկ։

Թակում եմ դուռը քարի․
-Ես եմ, ներս թող ինձ,
Չեմ կարող սպասել երկու հազար դար
մուտքի մոտ քո տանիքի։

-Եթե չես հավատում ինձ,- ասում է քարը,-
գնա տերևի մոտ, ու կասի նույնն, ինչ ես,
այցելիր ջրի կաթիլին, ու կասի նա այն, ինչ տերևը։
Վերջում հարցրու մազից սեփական գլխիդ,
Ծիծաղն է պայթում իմ մեջ, ծիծաղը, ծիծաղն հսկայական,
Չնայած ծիծաղել չգիտեմ բնավ։

Թակում եմ դուռը քարի․
-Ես եմ, ներս թող ինձ։

-Դուռ չունեմ,- ասում է քարը։

 

Ադամ Միցկևիչ

Զրույց

Սեր իմ, զրույցն ինչների՞ս է պետք,
Ինչու՞ ցանկալով հույզերս հետդ կիսել
Չեմ կարող հոգիս լցնել ուղիղ հոգուդ մեջ
Ինչու՞ պիտի նրան տրոհեմ բառերի,
Որոնց պիտի հասնեն ականջդ ու սիրտդ,
Բերանում շնչահե՞ղձ են լինում, սառչու՞մ են օդում։

Սիրում եմ ախ, սիրում, հարյուր անգամ կանչում,
Իսկ դու տխրում ես ու սկսում նեղսրտել,
Որ ես իմ սիրուց գլուխ չեմ հանում,
Բավ է խոսել, արտահայտվել, երգել,
Ինչպես քնի մեջ, չեմ տեսնում ես ելք`
Ցույց տալու կյանքի նշաններ, որ խուսափեմ մահից:

Վատնեցի շուրթերն իմ իզուր,
Հիմա ուզում եմ նրանց հալեցնել շուրթերովդ,
Եվ ուզում եմ խոսել միայն սրտի զարկով,
Ու հոգոցներով ու համբույրներով
Ու այպդես խոսել ժամեր, օրեր, տարիներ,
Մինչև աշխարհի վերջն ու դրանից անդին:

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *