Լևոն Մկրտչյան | Ցատկ

Բարև։ Ես Ջեքոբ «Ջեյք» Հյուզն եմ, երևի լսել եք իմ մասին։ Գիտնական, բարեգործ, միլիարդատեր… «Պանօպտիկում» համակարգի ստեղծողը։ Տեսագրման պահին ես մոլորակի ամենահարուստ մարդն եմ։ Երբ միացնեք տեսագրությունը, ես ձեզ հետ էլ չեմ լինի։ Բայց հեռանալուց հարկ եմ համարում պատմել, թե ինչպես Յակով Կապլանը, ֆիզիկայի գրեթե անհայտ դասախոսը, դարձավ Ջեյք Հյուզ։ Հնարավոր է, պատմությունս չհամընկնի արդեն տասից ավելի կենսագրական գրքերի հետ, որ, հավանաբար, կարդացել եք։ Բայց այն ճշմարիտ է։

Երիտասարդ էի, հույսերով լի ու սիրահարված։ Բոլորս էլ այդ տարիքում այդպիսին ենք։ Հարուստ չէի, բայց դա չէր չեզոքացնում փաստը, որ ֆիզիկայի փոքր ու գրեթե անհայտ բնագավառը, որում մասնագիտացել էի, արդեն դարձրել էի կյանքիս գործը։ Եթե թեմայով հետաքրքրվում եք, ապա լսած կլինեք Էվերեթիկայի մասին։ Նույնիսկ տպագրված հոդվածներ ունեի։ Չէ, կարող եք չփնտրել, չեք գտնի։ Բայց համակարծիք ֆիզիկոսների նեղ շրջանակում հասել էի որոշակի համբավի որպես խոստումնալից, քաջ ու գիտական կոնսենսուսը ոտնակոխ անող երիտասարդ մասնագետ։

Փորձում եմ թեման հետաձգել, չխոսել։ Պետք է պատմեմ Էննիի մասին, առանց նրա պատմությունս իմաստազրկվում է։ Էննին լուսավոր էր, երբ ժպտում էր, մոռանում էի ֆիզիկայի, ֆինանսական դժվարությունների, ուշացող գրանտերի ու ձախողված էքսպերիմենտների մասին։ Հավատում էի, որ ամեն բան լավ կլինի։ Դպրոցից սկսած միասին էինք։ Երևի տեսել եք չինական «տայցզի» խորհրդանիշը, որին ոչ այդքան գրագետ հիփսթերներն անվանում են «ինյան» ու դաջում մարմնի տարբեր մասերին։ Եթե չեք տեսել, Նիլս Բորն այն պատկերել էր սեփական զինանշանի վրա, կարող եք փնտրել։ Այ մենք այդպիսին էինք։ Համալրում էինք իրար, անբաժան էինք, բայց այնքան տարբեր․․․

Ես ղեկին էի, Էննին կողքիս։ Տուն էինք վերադառնում Էննիի ծնողների ամառանոցից։ Օտիս Շեռմանը, ում անունը դաջված է ուղեղումս, բազմատոննայանոց բեռնատարի ղեկին էր։ Օտիսից կինն էր փախել՝ հետը տանելով երեխաներին։ Օտիսը ղեկին նստելուց առաջ կես շիշ վիսկի էր կոնծել, վրայից մեթ քաշել ու ճանապարհին չէր նայում։ Խաչմերուկին Օտիսի բեռնատարը ու մեր պուճուրիկ «Ռենոն» հանդիպեցին։ Ես դարձա հաշմանդամ, Էննին տեղում մահացավ։ Օտիսը մի երկու կոտրվածք ստացավ։ Հա, ես գիտեմ, որ հիմա ձեզ հետ է խոսում գերազանց առողջ մարմին ունեցող Ջեյքը, ոչ թե ողնաշարը ջարդուխուրդ եղած Յակովը։ Սպասեք, հիմա կհասնեմ։

Հետագա մի քանի տարին վատ եմ հիշում։ Հիվանդանոց, վիրահատություններ, ֆիզիոթերապիա, որն ավելի շատ ինկվիզիտորական տանջանքներ էր հիշացնում, ցավազրկողներ։ Մարմնի ամեն բջիջ թափանցող ուժգին, ցավազրկողներն անտեսող ցավ։ Որը նույնիսկ մոտ չէր այն ցավին, որն ինձ խեղդեց, երբ իմացա, որ Էննին, իմ Էննին այլևս չկա։ Ես արդեն մոռացել եմ ֆիզիկական ցավը, բայց այդ երկրորդ, անհամեմատ ավելի ուժեղ ցավը դեռ ինձ հետ է։ Կյանքս իմաստազուրկ էր։ Ռեվոլվեր էի գնել (վաճառողը կասկածամտորեն նայեց հաշմանդամի սայլակով «Կոլտ» գնող հաճախորդին, բայց փաստաթղթերը տեղն էին, ես էլ ասացի, որ տանս մեջ ուզում եմ ինձ ավելի ապահով զգալ), ու երեկոները բթացած նայում էի ատրճանակին՝ քաջություն հավաքելով։ Մի օր արդեն փողը դրել էի քներակիս, երբ Սատանան, եթե իրոք կա, ականջիս շշնջաց սպասել ու մի բան փորձել։

Լավ։ Հասանք պատմության բեկումնային կետին։ Բայց այն հասկանալու համար որոշակի գիտելիքներ են պետք։ Մնացյալը պատմելու եմ հնարավորինս պարզեցված, ու ֆիզիկայի տեսանկյունից ոչ այնքան ճշգրիտ։ Ժամանակս սուղ է, չեմ կարող խորանալ հաշվարկների ու տեսությունների մեջ։ Թող ներեն ինձ երբեմնի գործընկերներս, բայց Շրյոդինգերի հավասարումը ես չեմ հիշատակելու։

Սկսեմ ամենապարզից։ Քվանտային մեխանիկայի տարածված երկու մեկնաբանություն կա` կոպենհագենյանն ու բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը։ Ինչու՞ են առաջացել այդ մեկնաբանությունները։ Որովհետև քվանտային տեսության հիմքում ընկած մաթեմատիկական իրականությունը կարելի է առօրյա փորձի տեսանկյունից տարբեր կերպ թարգմանել։ Այդ իրականությունը կոչվում է ալիքային ֆունկցիա, ու այն, ինչպես է ալիքային ֆունկցիան իրեն պահելու, նկարագրվում է Շրյոդինգերի հավասարումով… էհ, խոսք էի տվել պարզ։

Եթե համառոտ, ալիքային ֆունկցիան փաստում է, որ մինչև դիտարկումը քվանտային օբյեկտը, օրինակ` մասնիկը, ընդհանուր դեպքում չունի որևիցե մեծության կոնկրետ արժեք։ Կարճ ասած, ձեր այդ օբյեկտիվ իրականությունը, երբ աշխարհում ամեն բան իր տեղում է ու շարժվում է կոնկրետ ուղղությամբ, պատրանք է։

Պատկերացրեք մատիտ, որը դրել ենք սուր ծայրի վրա։ Ո՞ր կողմ է այն ընկնելու։ Ըստ քվանտային մեխանիկայի, եթե մատիտը իզոլացված է շրջակա միջավայրից, ապա այն գտնվելու է սուպերպոզիցիայի մեջ։ Մի բազիսում, այսինքն` դիտարկման մի գործիքի համար, այն լինելու է սուր ծայրի վրա կանգնած մատիտ, իսկ մեկ այլ բազիսում մատիտն ընկնելու է բոլոր ուղղություններով միաժամանակ։ Ու եթե քվանտային մակարդակում գործ ունենք ալիքային ֆունկցիայի սուպերպոզիցիայի հետ, եթե դա է իրականությունը, ինչու՞ առօրյայում այդ սուպերպոզիցիան տեղի չի ունենում, ու մատիտը միշտ ընկնում է կողմերից մեկի ուղղությամբ։

Կոպենհագենյան մենկաբանությունը, եթե պարզեցնեմ, ասում է, որ համակարգի ալիքային ֆունկցիան ենթարկվում է Շրյոդինգերի հավասարմանը, բացառությամբ դեպքերի, երբ մենք դիտարկում ենք այն։ Ինչ-որ պահի ալիքային ֆունկցիան ենթարկվում է կոլապսի` ստիպելով, որ մեր մատիտը բոլոր հավանական ուղղություններից ընտրի միայն մեկը։ Բայց կոպենհագենյան մեկնաբանությունը չի կարող բացատրել, թե ինչու է ալիքային ֆունկցիայի դետերմինիստիկ էվոլյուցիան այդքան կտրուկ ընդհատվում ոչ դետերմինիստիկ ձևով։ Այդ փաստը կոպենհագենյան մեկնաբանության կողմնակիցներին այդքան էլ չի հետաքրքրում։ Նրանց համար ավելի կարևոր է ալիքային ֆունկցիայի մաթեմատիկական ճշգրտությունն ու կանխատեսումների համապատասխանությունը գիտափորձին, իսկ հենց ինչ է տեղի ունենում իրականում, կոպենհագենյան մեկնաբանությունը չի էլ ձգտում բացատրել։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունն ավելի էլեգանտ է։ Այն ալիքային ֆունկցիան օբյեկտիվ տեսանկյունից իրական է համարում ու ժխտում է ալիքային ֆունկցիայի կոլապսը։ Ալիքային ֆունկցիան միշտ ենթարկվում է Շրյոդինգերի հավասարմանը։ Մատիտը միշտ ընկնում է բոլոր կողմերով։ Ուղղակի ամեն կողմ գտնվում է իր սեփական աշխարհում։ Մատիտի անկումը գրանցող սարքը, գտնվելով մատիտի հետ խճճվածության մեջ, նույնպես հայտնվում է տարբեր աշխարհներում՝ գրանցելով մատիտի անկման բոլոր հնարավոր արդյունքները, ամեն աշխարհում` որևիցե արդյունք։ Սարքի հետ փոխազդող դիտորդը նույնպես խճճվածության մեջ է սարքի հետ։ Ու նույնպես հայտնվում է տարբեր աշխարհներում՝ տրոհվելով բազում դիտորդների։

Իսկ հիմա մոռացեք մատիտի մասին՝ այն փոխարինելով ալիքային ֆունկցիայով ու սուպերպոզիցիայի մեջ գտնվող էլեկտրոնով։

Կարճ ասած, բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունից հետևում է, որ բոլոր հնարավոր անցյալներն ու ապագաները իրական են, ու ինչ-որ աշխարհում տեղի են ունենում։ Ինչը նշանակում է, որ կան բազմաթիվ, հնարավոր է` անթիվ աշխարհներ, որտեղ տեղի է ունենում այն ամենն, ինչ արգելված չէ պահպանման խիստ օրենքներով։ Պատկերացրեք ծառ, որն ամեն ակնթարթ տրոհվում է նորանոր ճյուղերի, որոնք, իրենց հերթին, նոր ճյուղեր են աճեցնում։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր ճյուղ բաղկացած է անթիվ աշխարհներից։ Մեր իրականությունն այդ ծառով անցնող ընդամենը մեկ գծային ճանապարհ է, բայց կան անվերջ քանակի այլ ճանապարհներ ու իրականություններ։

Պատկերացրի՞ք։ Եթե գլխապտույտ, շփոթվածություն, վախ չի առաջացել, ուրեմն չեք պատկերացրել։ Իսկ հիմա` ամենակարևորը։

Լսե՞լ եք Շրյոդինգերի կատվի մասին։ Գոնե մեմերից պիտի ծանոթ լինեք։ Եթե համառոտ` խեղճ կատուն պողպատյա փակ տուփի մեջ է, հետը` դժոխային մեքենա։ Մեքենան պարունակում է ռադիոակտիվ նյութ, այնքան աննշան, որ մի ժամվա ընթացքում կարող է տրոհվել ընդամենը մեկ ատոմ։ Կամ չտրոհվել։ Եթե տրոհվում է, դժոխային մեքենան թունավոր գազ է արձակում, կատուն մեռնում է։ Եթե չի տրոհվում, կատուն կենդանի է։ Ըստ քվանտային մեխանիկայի, եթե միջուկը չի դիտարկվում, այն մեր մատիտի նման միաժամանակ և տրոհված է, և չտրոհված, ու քանի դեռ արկղը բացված չէ ու դիտարկում չի կատարվել, կատուն համ կենդանի է, համ մեռած: Խճճված է տրոհված+չտրոհված միջուկի հետ, ինչպես կասեր Շրյոդինգերը` շարունակելով, թե քանի որ կատուն միշտ պետք է լինի կամ մեռած, կամ կենդանի, ապա քվանտային մեխանիկայի մտային կառույցները վերանայման կարիք ունեն։

Քվանտային մեխանիկայի տարբեր մեկնաբանություններ բազում բացատրություններ ունեն, թե ինչու Շրյոդինգերի փորձը չի կարող տեղի ունենալ։ Դրանցից մեկն այն է, որ դիտորդ կարող է հանդիսանալ ինչպես կատուն, այնպես էլ ոչ կենդանի օբյեկտները՝ ընդհուպ մինչև ատոմներ։ Բայց մեր դեպքում կարևորը դա չէ, կարևորն այն է, իսկ ինչ է տեղի ունենում, երբ կատվի մտային փորձը հանդիպում է բազմաթիվ աշխարհների մեկնաբանությանը։

Բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը ավելի պարզ լուծում է առաջարկում։ Ոչ մի կոլապս էլ չկա։ Փորձի ժամանակ առաջանում է ճյուղավորում, աշխարհը օնթոլոգիկ իմաստով տրոհվում է երկու զուգահեռ, բայց մի քիչ տարբեր աշխարհների։ Մի ճյուղում կատուն կենդանի է, մյուսում` մեռած։ Մենք, խճճված լինելով միջուկի հետ խճճված կատվի հետ, ընկալում ենք ճյուղերից մեկը։ Մեր մեկ այլ տարբերակ մեկ այլ աշխարհում ընկալելու է մյուս ճյուղը։ Չկա ոչ մի պարադոքս, կա ահռելի մեծ, խելացնոր, աժդահա աշխարհների անընդհատ շատացող անվերջ բազմություն։ Գերօրգանիզմի նման ապրող, զարգացող, նորանոր ճյուղեր աճացնող։

Հուսամ` դեռ չեք ձանձրացել։ Համարյա հասել ենք, մի քիչ էլ դիմացեք, հիմա ավելի հետաքրքիր է դառնալու։ Կանադացի ինժեներ Հանս Մորավեքը առաջարկել է մեկ այլ մտային փորձ։ Իսկ ի՞նչ, եթե արկղում կատվի փոխարեն մարդ լինի։ Մի քիչ ավելի մեծ արկղում աթոռին նստած մարդ, ում վրա ուղղված է հրացանի փողը։ Մնացածը նույնն է՝ ատոմը տրոհվում է, հրացանը կրակում, մարդը մեռնում է։ Ատոմը չի տրոհվում, մարդը կենդանի է մնում։ Եթե ճիշտ է Կոպենհագենյան մեկնաբանությունը, ալիքային ֆունկցիայի կոլապսի ժամանակ հրացանը կամ չի կրակելու, ու մարդը կենդանի է մնալու, կամ կրակելու է, ու մարդու պատմությունն ընդմիշտ ավարտվելու է։ Բայց եթե ճիշտ է բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը, մարդը կենդանի է մնալու միշտ։

Ենթադրենք, այդ մարդը ես եմ։ Իմ գիտակցությունն է դիտարկում իմ իրականությունը, ու քանի որ ես կարող եմ դիտարկում իրականացնել բազում աշխարհների միայն այն ճյուղերում, որտեղ կենդանի եմ մնացել, ապա գիտափորձն իմ տեսանկյունից միշտ ավարտվելու է իմ ողջ մնալով։ Զուգահեռ աշխարհում` այլոց տեսանկյունից, իմ ուղեղը կարող է ծեփվել արկղի պատով, բայց դա ոչ էական դետալ է։ Ու եթե կատվի դեպքում մենք ստանում ենք երկու դիտորդ, որոնցից մեկը տեսնելու է ողջ կատվին, իսկ մյուսը՝ մեռածին, ապա Մորավեքի առաջարկած մտային փորձի դեպքում ստանում ենք երկու աշխարհ, բայց միայն մեկ դիտորդ աշխարհում, որում այդ դիտորդը կենդանի է մնացել։

Հանճարեղ տիեզերագետ, աստղագետ, ֆիզիկոս Մաքս Թեգմարքն էլ ավելի է մանրամասնել Մորավեքի մտային փորձը։ Նախ, ըստ Թեգմարքի, դիտորդը պետք է խճճվածության մեջ լինի ընդհուպ մինչև քվանտային մակարդակ։ Եթե համակարգը, որի հետ խճճված է դիտորդը, դետերմինիստիկ է, էքսպերիմենտը չի ենթարկվելու բազում աշխարհների մեկնաբանության բացատրությանը, աշխարհների տրոհում չի լինելու։ Այդպես, հասարակ ինքնասպանությունը ինձ կսպանի։ Երկրորդ, գրում է Թեգմարքը, դիտորդը պետք է բուն էքսպերիմենտի ժամանակ անգիտակից լինի։ Մահը պետք է տեղի ունենա ավելի կարճ ժամանակահատվածում, քան դիտորդի՝ էքսպերիմենտի արդյունքի դիտարկումն է։ Եվ երրորդ ու ամենակարևոր կետը՝ էքսպերիմենտը պետք է հաստատ սպանի դիտորդին։ Հակառակ դեպքում, դիտորդը հնարավոր է հայտնվի այն աշխարհում, որտեղ հրացանը կրակել է, իսկ ինքը ողջ է մնացել ու կոմայի մեջ է։

Իսկ հիմա պատկերացրեք ինձ, մութ սենյակում նստած, քներակիս ատրճանակի փող։ Թեգմարքը կատակում էր, որ կցանկանար փորձն անել, բայց չի անում, որովհետև նույնիսկ հաջող փորձի դեպքում ճյուղավորված աշխարհներից մեկում իր կինը՝ Անժելիկան, այրի կմնար։ Ես կին այլևս չունեի։

Լաբորատոր պայմաններից դուրս կառուցել համակարգ, որը կբավարարի Թեգմարքի պայմաններին, այն էլ` հաշմանդամի սայլակին գամված մարդու համար, շատ դժվար է։ Բայց ես կարողացա։ Իմ կառուցած դժոխային մեխանիզմն ինձ անվնաս քնաբեր էր ներարկելու։ Ապա, համոզվելով, որ ես անգիտակից եմ, չափելու էր միջուկի տրոհման փաստը, ու կախված միջուկի տրոհումից, կամ ինձ սպանելու էր՝ պենտոբարբիտալի ու մորֆինի մահացու չափաբաժին ներարկելով, կամ չէր սպանելու։ Չէ, մի հարցրեք, թե որտեղից ինձ պենտոբարբիտալ։ Ճարեցի։ Իմ նախնական մտադրությունը ատրճանակից կրակ արձակող մեխանիզմի ստեղծելն էր, բայց ես վստահ չէի, որ նույնիսկ ուղեղս մտած փամփուշտից կմեռնեմ։ Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ նույնիսկ այդպիսի վերքերից են կենդանի մնում։ Մորֆինին խառնած պենտոբարբիտալը, վստահ էի, շատ ավելի մեծ հավանականությամբ իր գործը կանի։

Կարճ կապեմ։ Ես արթնացա գլխացավով, բայց արթնացա։ Հնարավոր է, միջուկը ուղղակի չէր տրոհվել։ Եվս մեկ անգամ կրկնեցի փորձը։ Էլի արթնացա։ Հետո էլի։ Ու էլի։ Համոզված եմ, ինձ համար ոչ այդքան հաջող ավարտ ունեցող աշխարհներում հարազատներս գտնում էին մարմինս, ու իմ ինքնասպանությունը ցնցում էր լոկալ համացանցը։ Բայց իմ իրականության մեջ ես ամեն անգամ արթնանում էի, ինչը բավարար էր ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ տարաձայնություններից մեկի հստակ պատասխանն իմանալու համար։

Բայց ամենազարմանալին դա չէր։ Ամեն նոր աշխարհում ես աննշան փոփոխություններ էի նկատում։ Անցյալիս որոշ փաստեր փոխված էին։ Ինձ շրջապատող իրականության որոշ հանգամանքներ` նույնպես։ Նոր աշխարհները ոչ միայն ուղղակի տրոհում էին ինձ ծանոթ աշխարհը, այլ հենց նոր աշխարհներ էին։ Առաջին հայացքից հներից չտարբերվող, բայց միայն առաջին հայացքից։ Ինչ-որ բան էր տեղի ունենում, ինչի բացատրությունը ես չունեի։ Ինչ չպիտի տեղի ունենար, բայց տեղի էր ունենում։ Վերջին փորձից հետո տրոհված աշխարհում հայելու միջից ինձ էր նայում իմ, բայց այնուամենայնիվ ոչ իմ, աննշան տարբերվող, մի քիչ ավելի գեր դեմքը։ Աննշան տատանվում էր բանկային հաշիվս։ Փոխվում էր աչքերիս գույնը։ Ես շարունակաբար ես էի մնում։ Իմ հիշողություններով, իմ ցավերով ու հարցերով։ Մնացած ամեն ինչ փոխվում էր։

Իսկ ի՞նչ եթե ամեն անգամ ցատկելուց աշխարհը տրոհվելու փոխարեն վերակառուցվում է զրոյից։ Կամ այն գոյություն ունի միշտ, իսկ ցատկում էր զուտ իմ գիտակցությունը։ Այդ դեպքում որոշ դետալներ առօրյայում պետք է որ իրոք տարբերվեին։ Ու այդտեղ մտքիս եկավ ամենահանդուգն բանը, որ երբևէ արել է մարդ արարածը։

Եղած խնայողություններով արժեթղթեր գնեցի։ Խիստ տատանվող, ռիսկային, որոնց գնման համար գործից հասկացող ցանկացած բրոքեր ինձ կսպաներ։ Դժոխային մեքենայի մեջ ուղիղ մեկ փոփոխություն արեցի։ Հանեցի տրոհվող միջուկը։ Ավելացրեցի համակարգիչ, որը չափում էր պորտֆելիս ինդեքսը։ Եթե ինդեքսը չէր կրկնապատկվելու, մեքենան ներարկելու էր պենտոբարբիտալն ու մորֆինը։ Եթե կրկնապատկվելու էր, ես ողջ էի մնալու։ Շատ ավելի հարուստ, քան կայի։ Փորձը կոպտորեն խախտում էր Թեգմարքի պայմանները, բայց ես այդ մանրուքի վրա թքած ունեի։

Ես արթնացա։ Ինդեքսը կրկնապատկված էր։ Ենթադրաբար, բազում աշխարհներում, որտեղ դա տեղի չէր ունեցել, գտան դիակս։ Փոփոխությունները նոր աշխարհում ավելի ակներև էին ու շատ։ Նախագահը այլ մարդ էր։ Անունս անձնագրում Յակովի փոխարեն Ջեքոբ էր։ Միևնույն է` նստած էի սայլակում, ու աշխարհը հիմնականում նույն աշխարհն էր, բայց ես այլևս Կանզասում չէի, Տոտո։

Փորձը բազմիցս կրկնեցի։ Ամեն անգամ հարստանալով։ Ամեն անգամ փոխվելով։ Նաև զարգացնում էի մեքենան, ավելի ու ավելի ընդարձակելով իր՝ աշխարհներ գտնելու պարամետրները։ Շուտով մասնաբաժին ունեի գրեթե բոլոր խոշոր ընկերություններում, իսկ անունս համացանցում բացարձակապես ամենուր էր։ Ինչ-որ պահի մեքենային հանձնարարություն տվեցի՝ սպանել ինձ բոլոր իրականություններում, որոնցում ողնաշարս բուժված չէ։ Արթնացա առողջ։

Պատմությունս մոտենում է ավարտին։ «Պանօպտիկումի» մասին գիտեն բոլորը։ Համակարգ, որը սքանավորում է Երկիր մոլորակի բոլոր հասարակայնորեն հասանելի տարածքները, գումարած նրանք, որոնց հասանելիությունը օգտատերերը որոշում են իրենք տալ։ Այո, եթե մտնեք «Պանօպտիկումի» կայքն ու համաձայնություն տաք, համակարգը, ձեզ վճարելով կլորիկ գումար, կսքանավորի նաև ձեր բնակարանը։ Ինչպե՞ս։ Տիեզերական նորագույն տեխնոլոգիաներ, նանոբոտներ ու էլ ինչ ասես։ Նույնիսկ ես ամեն ինչ չէ, որ հասկանում եմ։ Համակարգը քարտեզագրում է մոլորակը, այն գրանցում է վիրտուալ իրականության մեջ, և փաստացի ստեղծում է երկրորդ, վիրտուալ մոլորակ։ Վիրտուալ իրականության ապագան այստեղ է, ու իր ստեղծողը ես եմ ու իմ հավաքած ու ֆինանսավորած թիմը։ Վաղը համակարգի մեկնարկն է։ Մեծ տոնակատարություն, պրեզենտացիաների շարան, օնլայն հեռարձակում, սրտիկներ ու ծափահարություններ։

Բայց ինձ վիրտուալ իրականություն պետք չէ։ Ինձ պետք չէ տոնակատարությունը։ Ինձ պետք չեն սրտիկներն ու ծափահարությունները։ «Պանօպտիկումի» միացման պահին ես կցելու եմ այն իմ դժոխային մեքենային։ Համակարգը սկսելու է սքանավորել մոլորակը՝ փողոցները, անտառները, բնակարաններն ու նկուղները։ Նույնիսկ նրանք, որոնց սքանավորելու թույլտվություն այն չունի։ «Պանօպտիկումը» փնտրելու է կոնկրետ մեկ մարդու։ Բոլոր այն աշխարհներում, որտեղ այդ մարդը չկա, ես մահանալու եմ։

Ինձ պետք չեն աշխարհներ, որտեղ Էննին չկա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *