Սեդա Մխիթարյան | Լղոզված սահմաններ

Նա հիմա իր մատները տաքացնում էր մետաղյա վառարանի կողքին: Նա տուն էր եկել դրսից, որտեղ կանգնած էր իրենց երկու այգիների արանքում: Ներքեւի այգում գոմ կար, գոմի կողքին խոտի դեզն էր, իսկ դեզի հետեւից դեռ ծիկրակում էր արեւը: Երկինքը կապույտ էր, ամառվա երկնքի նման, իսկ հորիզոնում կարծես լեռների գլխի ձյունը մի տեսակ լղոզված էր սպիտակ ամպերի մեջ ու չէր տարբերվում ձյունն ու ամպը: Դեզի կողքին մայրը չարչարվում էր, որ խոտից խոտ պոկի ու քարշ տա դեպի գոմ, տեղավորի մսուրների մեջ: Մայրը խոտի վրա խոտ էր դնում ու չարչարվում, որ խոտից խոտ պոկի: Ինքը կանգնած էր երկու այգիների արանքում: Վերեւի այգում հորթերն էին, որոնք այլեւս հորթ չէին որովհետեւ ինքն այդտեղ էր, որ հորթերը այգու դռնակի վրայով դուրս չթռչեն, ուրեմն նրանք էլ հորթ չեն: Ու արեւի շողը որ ծիկրակում էր դեզի հետեւից ստվեր էր գցել տան կտուրների վրա, մերկացած ծառերի ճյուղերը իրենց բոլոր մանրամասներով երեւում էին տան կտուրների վրա: Երկինքը կապույտ կապույտ էր, ամառվա երկնքի պես: Ինքը կանգնած էր երկու այգիների արանքում ու ներքեւի այգու կիսատ պռատ ցանկապատի տակով անընդմեջ փորձում էին դուրս սողոսկել իրենց երկու սպիտակ խոզերը: Ինքը ձեռքին փայտ չուներ, փայտի փոխարեն վերցրել էր արեւածաղկի ցողունը, որ համարյա փայտի նման էր, բայց թեթեւ ու սնամեջ էր, արեւածաղիկների պոկված ցողունները ներքեւի այգում անկանոն թափված էին ու ինքը օրը մեկը վերցնում ու իրեն փայտ էր դարձնում: Խոզերին քշում էր ներքեւ, հորթերին չէր թողնում հասնել այգու ցածրիկ դռնակին: Հորթերից մեկը իր ականջի հետեւը քորում էր քսելով՝ բալենուն, որի վրա ոչ մի տերեւ այլեւս չկար, ամռանը, այդ նույն բալենին այնքան բարձր էր թվում, երբ պետք էր քաղել բալը, բալենին բարձր էր թվում, իսկ հիմա բալենին առանց բալի խեղճացել է այս մի փոքրիկ հորթի առաջ, ու հորթը քորում է իր ականջի հետեւը: Իր մայրը գոմում շարունակում է արարողակարգը, մսուրների մեջ տեղավորում է չարչարանքով խոտից պոկված խոտը:
Փողոցում հայտնված կինը բարեւում է իրենց: Որպիսություն է հարցնում ու հեռանում: Նրա հագին կապույտ երկար խալաթ է, ու հողագույն գլխարկը ծածկում է կիսասպիտակ մազերը: Նա անցնում է առաջ ու մի տեսակ լուծվում կապույտ սարերի ու հողի հետ: Նա պոկվում է սարերից, իսկ մայրը խոտ է պոկում խոտից ու չարչարվելով քարշ է տալիս խոտը դեպի գոմ ու տեղավորում մսուրների մեջ: Լեռներին ձուլված կինը մոտեցնում է ձեռքը հողագույն գլխարկին ու աչքերը կկոցելով նայում է բլուրն ի վեր ու ասում, որ իրենց կովերը բլուրի վրա են, ու որ հարմար մի երեխա լիներ բարձրանար իջեցներ կովերը: Ինքը նայեց շուրջն ու հասկացավ, որ տարածքում գուցե ամենահարմարն ինքն է, բայց ինքը հիմա զբաղված է մի շատ կարեւոր գործով, նա հետ է ուղարկում խոզերին, որ ուզում են դուրս պրծնել հազար ու մի ծակով, որ կա իրենց ցանկապատի տակ, ու կանգնում է այգու դռնակի մոտ, որ հորթերը չթռչեն ցածրիկ դռնակի վրայով: Իսկ կապույտ խալաթով կինը մի տեսակ թեք նայում է իրեն, ու ինքը իրեն հույս է տալիս, որ ինքը շատ կարեւոր գործ է անում, արեւածաղկի ցողունը ձեռքին նա մեկ հորթերին է քշում,մերթ վազում է դեպի խոզերը, ու իրեն թվում է, թե կապույտ խալաթով կինը կապույտ լեռների հետ ձուլվել է ու չկա, ու չի նայում իրեն թեք հայացքով: Մայրը գոմում շարունակում է արարողակարգը, մսուրների մեջ տեղավորում է խոտը ու խոտի վրա էլ մի մի բուռ լափ դնում խոզերի բաժնից, խոզերի լափը արդեն լցված է ամանների մեջ ու այն տաք տաք է, վրայից բարձրանում է գոլորշի ու տաք կարտոֆիլը արդեն խոզերի բերանն է այրում, հավերը հավաքվում են խոզերի գլխին ու կտուցները բոլոր հնարավոր տեղերից մտցնում են լափամանը, իսկ խոզերը դնչով շպրտում են հավերին: Իսկ կապույտ խալաթով կինը արդեն իջեցրել է իր կովերը ու չկա, պոկվել է սարերից ու գնում է: Տաք լափը ալարկոտ է դարձնում վազվզող խոզերին ու նրանք գնում են տաք գոմում քնելու: Հորթերին թույլ ենք տալիս դուրս գալ ցածրիկ դռնակով ու գնալ դեպի մսուրները, որտեղ իր մայրը չարչարվելով տեղավորել է խոտից պոկած խոտը: Արեւն արդեն բոլորովին չի երեւում դեզի հետեւից, երկինքը իր ամբողջ պարզությամբ փայլում է, ու կիսալուսինը պարզ երեւում է, հորիզոնի լղոզված սպիտակին խառնվում է մի քիչ ոսկեգույն, իսկ ձյունն ու ամպը դեռ չեն տարբերվում, ինքը կանգնած է երկու այգիների արանքում, արեւածաղկի ցողունը ձեռքին է, խոզերի լափամանները դատարկ են, հորթերը արդեն գոմում են, իսկ ինքը նայում է հորիզոնին ու տեսնում, որ սարերի գլխի սպիտակը ամպերի հետ լղոզված է, որ սա մի գեղեցիկ ուշ աշուն է, որ շուտով տուն է բերելու իր հորը, հայրը գալու է, փակելու է ցանկապատի տակի բոլոր անցքերը, բարձրացնելու է ցածրիկ դռնակը, խոտը ուղղակի վերցնելու է դեզի գլխից, տանելու է մսուր ու մայրը չի չարչարվելու, որ խոտ պոկի խոտից ու քարշ տա դեպի գոմ, որ հայրը հավաքելու է այգում թափված արեւածաղկի ցողունները, որ ինքն էլ չի գալու ու կանգնելու երկու այգիների արանքում ու, որ երկնքում էլ չեն խառնվելու ձյունն ու ամպերը: Նրա հայրը, կապույտ խալաթով կնոջ տղան, իրենց հարեւանը ու էլի շատերը գնացել են հեռու, գնացել են կապույտ սարերից այն կողմ, որովհետեւ այնտեղ ինչ որ մարդիկ ուզում են հայրենիք պոկել հայրենիքից,ուզում են սահմաններ լղոզել, իսկ ինքը ահա կանգնած է այդ սահմաններից այս կողմ, կանգնել ու պաշտպանում է իրենց երկու այգիների սահմանները: Բայց սա տխուր ու գեղեցիկ ուշ աշուն է, որը հետ է բերելու բոլոր նրանց ովքեր գնացել են հայրենիքը հայրենիքին միացնելու….
Սեդա Մխիթարյան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *