Դավիթ Պողոսյան | Մանկության հուշեր

Հայրս պատմում էր․․․․․․․․․․․․
1992 թվականն էր։ Աշխատում էի Քաղացիական Ավիացիայի Հայկական Վարչության Ավիացիոն Տեխնիկական Բազայում որպես հերթափոխի պետ։ Առաջարկ ստացա տեղափոխվել նոր ստեղծվող «Երևան-Ավիա» ընկերություն` աշխատելու որպես Իլ-76 ինքնաթիռի առաջատար ինժեներ։ Համաձայնությունս տվեցի և կարճ ժամանակ հետո տեղափոխվեցի նշված ընկերություն։ Ինքնաթիռի տեսակը նոր էր ինձ համար և աշխատանքի բնույթը բավականին տարբերվում էր մարդատար ինքնաթիռների սպասարկումից։ Նոր մարտահրավեր էր, նոր մարդիկ, նոր հարաբերություններ։ Ավիացիայում 12 տարի աշխատելուց հետո նոր անմիջական հարաբերություններ սկսվեցին ինժեներ-տեխնիկական կազմի և թռիչքային անձնակազմերի միջև։ Անձնակազմերից մեկում կար Աշոտ Ասլանյան անունով 2-րդ օդաչու, որը մինչ այդ եղել էր Տու-134 օդանավի հրամանատար, նա իր գործի գիտակն էր, և բոլոր օդաչուները նրա մասին արտահայտվում էին նույն խոսքերով՝ «Աշոտը Աստծու կողմից շնորհված օդաչու է»։
Աշխատանքի առաջին տարվա մեջ մահացան Աշոտի տատը, մայրը այնուհետև հայրը։ Այդ դեպքերի ժամանակ հայրս կանգնած է եղել նրա կողքին և դա առիթ հանդիսացավ նրանց ընկերության, այնուհետև այդ մտերմությունը աճեց և նրանք սկսեցին ընտանիքներով ընկերություն անել։ Հաճախակի դարձան նրա այցելությունները մեր տուն, և նա դարձավ մեր ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկը։ Նա շատ հարցերում աջակցեց հորս։ Այնուհետև 1996թ․ նրանք միասին մի անձնակազմում մեկնեցին արտասահման աշխատանքի և աշխատեցին միասին մինչև 1998թ։ Նույն տարվա վերջում Աշոտը ընտանիքով տեղափոխվեց մշտական բնակության ՌԴ՝ Մոսկվա քաղաք։ Նրանց ընկերությունը շարունակվեց մինչև նրա մահը՝ 2008թ դեկտեմբեր։ Նա մահացավ 53 տարեկան հասակում, և ովքեր նրան ճանաչում էին, մեծ ափսոսանք ապրեցին։ Իրենից հետո նա թողեց բարի անուն և ջերմ հիշողություններ։
Իսկ հիմա ձեր ուշադրությանը ներկայացնեմ իմ հիշողությունները կապված նրա հետ։
Ես որպես հարազատ հորեղբայր ընդունեցի նրան, քանի որ իմ հարազատ հորեղբայրը զոհվել էր բանակում 1968թ-ին, և ես նրա մասին միայն պատմություններից գիտեի։
Ուստի Աշոտ ՄԱՐԴԸ կատարյալ կերպ լրացնում էր այդ բացը։
Հիշում եմ, երբ գալիս էր մեր տուն, երկու ձեռքերը դնում էր իմ ձեռքերին ու մի քանի րոպե ուղղակի ոչինչ չէր ասում, ասես իր ներքին էներգիան ձեռքերի միջոցով փոխանցում էր ինձ՝ կարդալով իմ հոգեվիճակը։ Այնուհետև մեղմ ձայնով սկսում էր խոսել առօրյայից, ֆուտբոլից, քանի որ գիտեր իմ նախասիրությունները։ Շատ մարդիկ կան, որ ինձ լավ են ճանաչում, բայց Աշոտը յուրահատուկ մարդ էր, հատկապես ինձ համար։ Չեմ սխալվի, եթե նրան համեմատեմ Թեոդոր Ռուզվելտի հետ, քանի որ շատ ընդհանուր բնավորության գծեր էի տեսնում նրանց միջև։ Հայրս պատմում էր, որ իրենք Ռուսաստանում Աշոտի տանը պատուհանի մոտ կանգնած են եղել, երբ Աշոտն ասել է, թե ամեն ինչ կտայի Դավիթին փրկելու համար, քանի որ ինքն էլ առաջին ամուսնությունից ուներ Դավիթ անունով որդի, ըստ երևութի դա էր պատճառը, որ իմ հանդեպ այդպիսի ջերմ զգացմունք էր տածում։
Արտասովոր մարդ էր։ Մինչև այսօր նման երկրորդ մարդու չեմ հանդիպել։ Երբ ես որևէ թեմայից իրեն հարց էի տալիս, անմիջապես չէր պատասխանում, մի պահ դադար էր տալիս, կարծես կենտրոնանում էր այդ հարցի շուրջը, այնուհետև ամենայն հստակությամբ տալիս էր սպառիչ պատասխան։
Երկրորդ ամուսնությունից Աշոտը որդի ուներ և մի օր ասաց, թէ ուզում է որդու ծնունդը նշել, բայց մտածում է որտեղ անցկացնել միջոցառումը։ Առաջարկեցի գնալ Արտաշատ՝ իմ մորական պապիկի տուն, որը գտնվում է Մրգավան գյուղում։ Տունը սեփական է, բակով, այգիով և բոլոր հարմարություններով։ Հավանություն տվեց այդ մտքին, ու որդու ծննդյան օրը բոլորով, նաև հայրիկիս մի քանի այլ ընկերների հետ մեկնեցինք Մրգավան։ Պապիկս մեծ ուրախությամբ ընդունեց մեզ ու մեր հյուրերին։ Թոնիրում քեռիս խորովեց միսը, նստեցինք սեղան և մինչև ուշ գիշեր քեֆ արեցինք։ Բավականին լավ նշեցինք որդու ծնունդը, և ժամանկն էլ արագ անցավ ու շատ հաճելի։ Հյուրերին ճանապարհեցինք, իսկ մենք Աշոտի ընտանիքի հետ մնացինք պապիկիս տանը գիշերելու։ Հաջորդ օրը վերադարձանք Երևան։ Դրանից հետո հաճախ էինք հիշում այդ անցկացրած օրը և ինչպիսի լավ մթնոլորտ էր այնտեղ։
Անցան տարիներ։ 2002թ մայիս ամսին Աշոտը եկավ Երևան, որպեսզի այստեղ գտնվող իր մեքենան տեղափոխի Մոսկվա։
Ցավոք սրտի այդ ժամանակ նա արդեն տառապում էր շաքարային դիաբետով և ինսուլին էր սրսկվում։ Այդ իսկ պատճառով հայրիկս նրան թույլ չտվեց մենակ մնալ իրենց Երևանի բնակարանում։ Հյուընկալվեց մեզ մոտ մեկ շաբաթ այնուհետև ասաց, որ հաջորդ օրը պատրաստվում է մեքենայով շարժվել դեպի Մոսկվա։ Հայրիկս հաշվի առնելով նրա առողջական վիճակը մեկնեց նրա հետ։ Երկուսով մեքենան հասցրին Մոսկվա ու հաջորդ օրը հայրիկս վերադարձավ։ Դա եղավ նրա վերջին այցելությունը։ Հետագա շփումը լինում էր միայն հեռախոսով։ Երբ նա մահացավ, կինը որոշեց նրան հուղակավորել Մոսկվայու, որտեղ էլ նա գտավ իր վերջին հանգրվանը։
Շատ ափսոս, որ նման արտասովոր մարդը այդքան կարճ կյանք ապրեց։
Ես շատ ժամանակ չեմ անցկացրել նրա հետ, բայց նա կմնա իմ հիշողության մեջ որպես մեծ հոգու ու գիտելիքների տեր մարդ։
Աշոտը շատ բարի մարդ էր, գալիս էր մեզ հետ համակարգչով մեքենա էր վարում և դա անում էր մեզնից լավ, կարծես թե նրան ամեն ինչ հասանելի էր։
Աշոտի առաջին ամուսնությունից դուստրն ու որդին, իմանալով իրենց հոր մահվան մասին, ցանկություն էին հայտնել գալ Հայաստան, տեսնել իրենց հայրական տունը, այդ հարցում նրանց աջակցեց իրենց հորաքույրը։ Նրանք մեզ այցելեցին և նույնիսկ հյուրընկալվեցին մեզ։ Նրա որդին Դավիթը կարծես նրա կլոնը լիներ։ Երբ առաջին անգամ եկավ նստեց իմ առջև, ձեռքս բռնեց երկու ձեռքով, օ Աստված իմ, ինձ թվաց թե Աշոտն է, նույն կերպ, նույն ձևով երկար լուռ նայում էր ինձ, և այդ լռության մեջ շատ բան կար։
Հայրս սկսեց իրենց անցած ուղուց պատմել նրա երեխաներին, աղջիկը չէր կարողանում զսպել արցունքները։ Նրանք մեծ ափսոսանք էին ապրում իրենց հորից հեռու ու կարոտով ապրած տարիների համար։
Ես այս պատմությունը գրել եմ ցույց տալու համար, թէ որքան սիրելի կարող ենք լինել իրար համար մեր արարքներով և վերաբերմունքով, մեր բարությամբ, մեր աղ ու հացով, ինչպես Աշոտն էր։ Եվ ես ուզում եմ ավարտել մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի ասած խոսքերով, որը նա ասել է Պետրոս առաքյալին․ «Եղեք այն քարը, ովքեր կարող են կառուցել իրենց եկեղեցին Ձեզ վրա»

Աստված Հոգիդ լուսավորի ԱՇՈՏ ԱՍԼԱՆՅԱՆ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *