Մարգարիտ Հակոբյան | Ինքը

Երբ խուլ ու համրը կխոսի բնության լեզվով
Ու կսկսի լսել ճանճի զրույցը տևական հավերժության մասին,
Ծաղիկը վերստին բողբոջ կդառնա նորից ծաղկելու կույր հավատով,
Թռչուններն ու ինքնաթիռները կընկերանան գիտակցելով,
Որ միևնույն է իրենք նույն աշխարհից են,
Փայտփորիկը կհրաժարվի ցավեցնել ծառին,
Ու լռությունը երգ կհյուսի քամու հետ,
Մարդիկ կսկսեն քայլել, որ գտնեն իրենք իրենց,
Ես կլսեմ դեպի ինձ տանող ծանր քայլեր ու վախից կդառնամ խուլ և համար…
Ւնչ-որ կերպ արթնացրու ինձ այդ ցնորքից….

Ինքը քայլում էր սպիտակ ավազի վրայով, ու առջևում իրեն սպասում էր անծայրածիր ճերմակ անապատը, որը միախառնվել, ասես ձուլվել էր ամպերի հետ… ըըը, այո, ինքը ու ինքն անուն չունի, որովհետև անունը ենթադրում է նկարագիր, իսկ նկարագիրը ինչ-որ առումով կարծրատիպ է: Ինքը աղջիկ է կամ տղա, կին կամ ծերունի, փոքրիկ կամ գուցե ծաղիկ, կամ հենց դու ես, որ մոլորվել ես քո մտքերի մեջ՝ անկախ քո կամքից։ Անապատում շատ շոգ էր, բայց ինքը մրսում էր։ Ներսի դատարկությունը փոթորկի նման սառեցնում էր մինչև ոսկորները։ Եվ թերևս դա միակ զգացողությունն էր, որ ստիպում էր իրեն կենդանի զգալ։ Այդ պահին փոթորիկը իր ուղեղի մեջ լցրել էր խենթ մտքեր։ Նա կարող էր սևագիր լինել, բայց այս դարում դա այլևս գայթակղիչ չէ։ 50 կամ 100 տարի առաջ լրիվ ուրիշ կլիներ՝ անթերի թղթի վրա փետուրով և թանաքով գրված, նա կլիներ ինչ-որ մեկի կիսատ թողած նամակ, չուղարկված սիրո խոստովանություն, գաղտնի տեղեկություն կամ առեղծվածային այլ սևագիր, իսկ այսօր առավելագույնը կարող է լինել բժշկի դեղատոմս։ Միայն այդ մտքից նա այլայլվեց «Միայն ոչ աղբաման նետված դեղատոմս, եթե աղբաման նետված գոնե հեռագիր»։ Այս մտքի վրա նա նկատեց առաջին վառվող աստղին ու պարկեց, որ հանգստանա։

Բետոնե ջունգլիների աղմուկը խլացնում էր ամեն բան, իսկ անզգա երկնաքերները զարմացած նայում էին նրան։ Մի տեսակ խուճապ պատեց սրտին, քրտինքը սկսեց թափվել դեմքից, ու սկսեց արագացնել քայլքը։ Ինչ-որ մեկի քայլերը մոտենում էին իրեն, կարծես զգում էր մեկի շնչառությունը։ Շրջվեց, մարդ չկար, դանդաղեցրեց քայլը, հետապնդումը՝ դադարեց, արագացրեց, կրկին սկսեց զգալ մեկի ներկայությունը։

Ցայտնոտի մեջ վեր թռավ՝ երազ էր տեսնում։ Արևը կարմիր էր ներկել ողջ անապատը եւ երկինքը։ Այդ տեսարանը նրան ստիպեց պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ինքը կտավ լիներ։ Նկարիչը ներկապնակից առանձնակի խնամքով կվերցներ ներկերը եւ կլողացներ իրեն գույների ծովում։ Այդ միտքը նրան մի պահ երջանկացրեց հետո նորից խճճեց։ Իսկ եթե իր վրա նկարեն ինչ-որ մեկի դիմանկարն ու էլի դնեն կաղապարների մեջ։ Ինքը ստիպված լինի լինել այնպիսին, ինչպիսին իրեն տեսնում են։ Մենակ դա պատկերացնելով, նա գժվեց, իսկ եթե հայելի լինի, որ կոտրվել է ապակե ծաղկամանով՝ մանր-մանր մասերի։ Այո, թերեւս դա միակ ճիշտ տարբերակը կլիներ, որ իր մեջ միաձուլված լինեին աշխարհի բոլոր հայլիները։ «Մենք այն չենք, ինչ երեւում ենք, նույնիսկ այն չենք, ինչ զգում ենք, այդքանով հանդերձ տարօրինակ է, որ գոյություն ունենք։» Մտածեց նա ու նայեց շուրջը։ Հսկա կակտուսի կողքով էր անցնում։ Մոտեցավ, մատը ուժեղ սեղմեց փշերից մեկին, կարծես ստուգում էր, որ ինքը դեռ կա։ Իսկ, եթե կակտուս լիներ՝ նույն կապանքների մեջ մի հավերժություն: «Չէ, եթե բույս, ուրեմն խատուտիկ՝ նախ ծաղկես, հետո թեթեւվակի զեփյուռից ճախրես հեռու, ձուլվես օդի մեջ ու անէանաս։ Բայց լինես միլիարդավորների նման ու լինես մոլախոտ։»․․․ուֆ այս հեռանկարն էլ իրեն զայրացրեց։

Մինչ նրա գլխի միջի տարականները վիճում էին, թե ով է ավելի խելացի, նա նստեց մոտակա կակտուսների մոտ, քանի որ միակ ստվեր ապահովողները նրանք էին։ Մի քանի րոպե հետո նկատեց, որ ջուր է կաթում վրան, շրջվեց, տեսավ կակտուսից է։ Ձեռքերով փորձեց պոկել կակտուսի մակերեսը, որ մի փոքր խմի այդ հեղուկից։ Վայրկյիաններ հետո գիտակցությունը կորցրեց։

Հորիզոնում ծով երեւաց, արագ շտապեց դեպի ծովը, որքան մոտենում էր, այդքան հեռանում էր ծովը, ու այդ ընթցքում անընդմեջ զգում էր ինչ-որ մեկի հետապնդումը։ Մի ամբողջ հավերժություն թվացող ակնթարթներից հետո բացեց աչքերն ու մտածեց, թե ինչ լավ կլիներ, եթե հենց ինքը լիներ ծով, մեղմ կշոյեր ավազն ու անհամբեր կսպասեր, թե երբ է արևին իր գիրկն առնելու, իսկ սարերը այնպես հպարտ կկանգնեին, ասես ոչինչ չեն տեսնում։ Բայց ծովերը տեղյակ չեն, թե երկնքում ինչ է տեղի ունենում։ Միգուցե սար լիներ՝ կապեր երկինքը երկրի հետ ու դրա համար իրեն զգար սկիզբն ու վերջն աշխարի, բայց ծերանալ սեփական անկողնու մեջ, դա նույնպես դաժան հեռանկար է։ Ինքը կարող էր արեւ լիներ՝ ինքնաայրվելով լույս ու կյանք տար ամեն ինչին աշխարհում։ Լիներ աշխարի գոյատեւման հիմնական նախապայմանը եւ իր գոյությամբ բարին տարածեր, ինքն իրեն վերջապես «լավը» զգար։ է՜ «լավը» ուղղակի անիմաստ ածականներ ենք կպցնում ամեն ինչին՝ ինքներս մեզ արժևորելու համար, իրականում չկա «լավ» կամ «վատ» մենք այնպիսին ենք ինչպիսին կանք ու չէինք կարող չլինել։ Լինել արեւ՝ մի ամբողջ միլենյում ջերմություն տալ ու չստանալ եւ չհանձնվել, կրկին ճառագել, միգուցե վերջում մնա մարդկային հիշողության մեջ, բայց ոչ, մարդկային «դրական» հիշողությունը շատ կարճ է հավերժության մեջ դրոշմվելու համար։ Այս հավերժության պատրանքն էլ սահելով անցավ նրա կողքով։ Իսկ միգուցե քամի լինի, հենց ինքը սահի ամեն բանի կողքով, թե չէ այսպես իրեն անդադար թվում է, թե ինչ-որ կարևոր բան իր կողքով անցնում, գնում է անվերադարձ։ Այնինչ քամին թեթևություն ունի, որ ոչ ոք չունի, տանում է այնտեղ, ուր ոչ ոք չի եղել, ունի ազատություն, որը ուրիշ ոչ մի տեղ գոյություն չունի։ Այո քամի պետք է լիներ, բայց հաջորդ ակնթարթում ինքն իրեն ասաց «Չէ, քամին ազատամիտ է, արժեքներ չունի, ոչինչ եւ ոչ-ոք չի կարող իրեն պահել մի վայրում գոնե մի փոքր երկար, որքան էլ ցանկանա»։

Այո, նա կարող էր գիրք լինել, արժեքների ու խոսքերի համախումբ, որ մարդկանց մտքներին ազատություն տար, ստիպեր ճախրել, իրենց գտնել, վերաարժեւորել շատ ու շատ բաներ, վիճել, համաձայնվել։ Իսկ եթե հանկարծ ինչ-որ «սիրային վիպակ» լիներ, որ սովորեցնում է ինչպես սիրել, նկարագրում է, թե ինչ է կիրքը․․․,յախք վանդակների մեջ է դնում միակ բանը, որը անսահման է ու չունի նկարագիր։

Արդեն լսվում էր գիշերվա պատմած հեքիաթի վերջաբանը, երբ որոշեց մի փոքր ննջել ու հանգստանալ։ Այդ նույն թերակղզին նա բազմիցս տեսել էր երազում․ մի հրաշք դրախտավայր՝ անկրկնելի բուսական ու կենդանական աշխարհով, բայց այս անգամ այդ կղզու կենտրոնում հրաբուխ էր, որ ամեն վայրկիան պատրաստ էր ժայթքել։ Նա քայլում էր ու էլի ինչ-որ բան կամ մեկը հետապնդում էր նրան։ Այս սաղարթախիտ անտառում հետապնդումն ավելի սահմռկեցուցիչ էր։ Ոտքի տակ ջերմություն զգաց, իրեն թվաց հրաբուխն է հասել իրեն ու այդ այրոցից վեր թռավ։ Լույսը բացվել էր, ու արևի շողերը արդեն վառում էին անխնա։

Լավ միտք է, իսկ եթե ինքը լինի անմարդաբնակ կղզի՝ կտրված ամեն ինչից և բոլորից, ինքն իր բզեզներով, իրեն սիրող բուսական ու կենդանական աշխարհով։ Իսկ, եթե իր վրա էլ օրերից մի օր հրաբուխ բուսնի…օ ոչ կենդանի-կենդանի այրվելը ճիշտ է հերոսացվում է ֆիլմերում, բայց միայն ֆիլմերում, իսկ իրականում այրվողի համար ահավոր է։ Այդ ցավը միայն ինքն է զգում ու հնարավորություն էլ չունի նկարագրելու՝ երևի դանդաղ, երևի վառող, երևի սեփական մոխրի համը զգացող, երևի սեփական մոխիրը շնչող, երևի ոռնացող, երևի ինչ-որ պահից ուղղակի վերացող՝ ցավին չդիմանալու պատճառով։ «Չէ վերացող կղզի չեմ ուզում լինել»։ Իսկ, եթե հենց հրաբուխ լինի կրակով եփվի, հենց կրակ լինի, կամաց-կամաց ամեն բան հալելով ու վառելով իջնի, տարածվի ամեն բանի վրա ու ամեն բան ոչնչացնի։ «Հետո մնամ դատարկ իմ դատարկության մեջ ու շարունակ դատարկվեմ, ինքս ինձ կլանեմ բերմունդյան եռանկյունու պես…»

-Ահա, պետք է բերմունդյան եռանկյունի լինեմ։ Իմ մեջ ներառեմ ինքնաթիռներ, նավեր, մարդկային ճակատագրեր։ Չէ, սա հետարքիր չէ, ցանկացած միջին վիճակագրական մարդ ձգտում է խորտակել, եթե նավ, ինքնաթիռ չեն կարողանում, ուրեմն հաստատ գտնում են մի մարդ, ում կխորտակեն։ Եվ դա անում են ասես վերջին օգնության ճիչը մերժելու համար։

Այսքանը մտածելով, մոտը անհագ ցանկություն առաջացավ բումերանգ դառնալ և խորտակել խորտակողներին, բայց դա էլ ճղճիմ վրեժխնդրություն նրան թվաց։ Չէ, ինքը բարձր է նման քայլերից։

Արդեն չհասկանալով արթուն է, թե քնած, ասես զգաց ինչպես են աստղերն իրեն հետևում, ինչ-որ անհասկանալի ձայն և գոյություն իրեն հանգիստ չէր տալիս։ Ասես տիեզերքի ողջ ներկայացուցիչներն առանձին առանձին իրեն կարևոր հաղորդագրություն էին ուզում ուղարկել, իսկ ինքը իզորու չէր…ասես երկինքը մաս-մաս բաժանվել ու սպասում էր իր գլխին թափվելու ժամին։

Իսկ միգուցե ինքը այս մոլորակում տեղ չունի ու պետք է հեռու գնա, աննկարագրելի հեռու։ Կամ ուղղակի դառնա կարմրավուն մոլորակ արեգնակնային համակարգում՝ երկրի խնդիրներից հեռու։ Բայց Մարսի երկու արբայնակները նրան կձանձրացնեն անընդմեջ շուրջը պտտվելով չէ որ կապվածությունը դառնում է անտանելի, երբ վերածվում է խեղդող կախվածության։ Բացի այդ, Մարսի վրայի հրաբուխներն էլ կոչնչացնեին առանց այդ էլ սակավաթիվ գոյության նշանները։ «ընտրությունը մեծ է» մտածեց նա կարող է Սատուրնը լինել։ Հսկա մոլորակ լինելու գաղափարը նրան դուր եկավ, այս անգամ իր շուրջը պտտվող օղակները նրան նույնիսկ գեղեցիկ թվացին։ «էհ լինել ամբողջությամբ գազ, կնշանակեր լինել և չլինել միաժամանակ, տարօրինակ չգոյություն»։

Անապատը բարեհամբյուր էր իր նկատմամբ, թե՝ ոչ, իր համար սկզբունքորեն միևնույն էր, նա քայլում էր ասես օդով ու ոչինչ իրեն չէր դիպչում ու տպավորություն էր, որ նույնիսկ, եթե օձը ցանկանա իրեն կծել կբախվի ապակե թափանցիկ գնդի, որի մեջ էլ հենց նա էր իր մտքերի հետ շաղախված։ Մտքերը սովորություն ունեն գոլորշիրանալու՝ չարտահայտվելուց, բայց երբեմն նույնիսկ քեզանից էլ մեծանում են, լցնում են շուրջդ ու չէ, դու չես խեղդվում դրանց մեջ, այլ անէանում ես ինքդ քեզանից, դառնում ես միտք ու վերջույթներիդ ծայրերը վերանում են քեզ համար, սեփական մարմնի կաղապարները լղոզվում են իրականության հետ ու չկա նյութի մի վիճակ, որ ճիշտ բնութագրի, թե ինչի ես վերածվում։

Ժամանակի ու տարածության սառեցումը ստիպում է ձգտել արագության, որ գուցե արագությունը արթնացնի քարացած զգայարանները։ Ու այդ մտքի վրա նա գիտակցեց, որ երկնաքար լինելը հիանալի միտք է՝ վայրկյիանի տևողությամբ լինել ամեն տեղ, սլանալ անասելի արագ, վայելել տիեզերքն ու չհասցնել ձանձրանալ, չունենալ իրեն կապող ոչ մի կապանքներ։ «Միգուցե օրերից մի օր երկրի ձգողությունը ինձ էլ իր գիրկը տանի, ու ես հարվածեմ, հարված ստանամ, ցավեցնեմ, ցավ զգամ, կլանվեմ ու ոչնչանամ։»

Նա կարող է աստղ լինել՝ առավելագույնս բաժանվի երկրից, լինի անհնարին հեռու, լուսավոր ու պայծառ, միլիոնավոր տարիներ պսպղա ու փայլի։ Իսկ, եթե մի օր իրեն իր մեջ կլանի սեւ խոռոչը․․․«Անհայտության մեջ ինքդ քեզ կորցնելը սարսափելի է, առավել զարհուրելի է այն, որ դու ինքդ անհայտ ես լինելու, ո՞վ կամ ի՞նչ ես դառնալու…»

-Վերջապես,- բղավեց նա,- սև խոռոչ կլինեմ իմ մեջ կկլանեմ տիեզերական ցանկացած մարմին ու կվերածեմ անհասկանալի ու չբացահայտված էներգիայի տեսակի։ Ոչնչացնել մի բան որովհետև այն դադարել է իդեալական լինել ու այն վերածել ավելի կատարյալ մեկ այլ երևույթի, որը հիմնովին կտարբերվի նախորդից իր էությամբ, ուղղակի ինչ-որ մի տեղ կկրի նախկինի էներգետիկ հիշողությունը։

Ոչնչացնելու ու ստեղծելու միտքը նրան տվեց տիեզերական ամենայի զգացողություն, ու երկար այդ ամենան նրան բաց չէր թողնում, մինչև մի պահ հետևյալ միտքը վազող տողի նման սկսեց պտտվել ուղեղում «Իսկ եթե կարիք լինի ինձ ոչնչացնել, որովհետև ես, մեղմ ասած, կատարյալ չեմ ոչնչացնում ու ստեղծում»։

Ավելի լավ է հենց էներգիա լինի ինքը, երբեք չկորի ու չանհետանա, երբ սպառի իրեն մի տեսակի մեջ, այլևս չլինի կատարյալ, մի տեսակից մյուսը դառնա ավելի լավը, ավելի ուրիշ..: Այս դեպքում էլ մտավախություն կա մի օր խճճվել ինքնության տեսակների մեջ ու դառնալ քաոս…Այո քաոս լինել եւ չնեղվել սեփական գժական պոռտկումներից ու մինչեւ ականջները ներխուժել այդ անկանոնության մեջ, ինքդ քո հետ միեւնույն հաճախության կամ դրա բացակայության մեջ լինել…Ինքը կարող էր լինել կարգավորված քաոս, ու այս քաոսների տեղատարափից աչքերը փակվեցին:

Աչքերը բացեց՝ ծովի հատակին կանգնած էր ու, ի զարմանս իրեն, չէր խեղդվում: Հիանալի ծովային աշխարհը ասես գրկաբաց ողջունում էր իրեն: Միանգամից տագնապ մեջն ընկավ: Նա վստահ էր, որ իրեն հետեւում են, արդեն համոզել էր ինքն իրեն, որ շնաձուկը շուտով կմոտենա, երբ հեռվից լսվող ձայնի արձագանքը կամաց-կամաց դարձավ հասկանալի։
-Մի վախեցի ես եմ։
-Դու ով ես։
-Ես քեզ հետապնդել եմ ու հետապնդելու եմ։ Դու ինձ երբեք չես գտնում, բայց միշտ ունես։ Ես քո համար միշտ քիչ եմ, բայց երբեմն քեզ թվում է, թե միշտ կլինեմ։ Դու ինձ արհամարհում ես ու դրանով հանդերձ պահանջներ ունես իմ հանդեպ։ Կամ մեծարում ես ինձ, կամ հավասարեցնում՝ զրոյի։ Ես վերջանում եմ քեզ համար, հենց դու ինքդ վերջանում ես։ Ես քեզ ուժ եմ տալիս, երբ դու ուժեղ ես և թուլացնում, երբ անօգնական ես։ Դու ինձ չես ճանաչում, բայց մենք հարազատներ ենք։ Ես սկսում եմ սիրել քեզ, երբ դու ինձ սիրում ես։ Ես ճշմարիտ հակասությունների թատրոնն եմ, իմ անսահմանությունում չկան պայմանականություններ, ու չկա ոչ մի շինծու կաղապար։ Ասում են թե ես բուժում եմ վերքերը, բայց ես ընդամենը բթացնում եմ ցավը։ Իմ անվերջության խորքից առ ոչինչ են քո մտորումները։ Դու քո մտքերը ավելի շատ ես գնահատում, քան այն փաստը, որ այդ ընթացքում ինձ կորցնում ես ու ես հոսելու, անցնելու եմ քո կողքով։ Քեզ թվում է, թե դու չես հասցնելու շատ ու շատ բաներ, և դու չես էլ անում գեթ մի բան։ Դու համակերպվել ես, որ ինձ կորցրել ես ու էլ չես գտնի։ Դու կարծում ես, որ կարող էիր լինել ամեն բան, եթե չլինեիր այն ինչ ես, իսկ ես այդ ընթացքում լուռ գլորվում եմ․․․եթե ուզում ես լինել՝ եղիր, եթե չես՝ ուրեմն չես ուզում․․․

Անորոշության մեջ վեր թռավ երազից՝ անապատում էր։ Հնարավոր կլիներ գուցե նկարագրել զգացմունքները, եթե վաղուց որոշած չլիներ իր համար, որ դրանք ընդամենը քիմիա են ու ոչ մի կշիռ չունեն ինքնաըմբռնման ճանապարհին։ Մարդկային բանականությունն էլ դուռը շրխկացնելով գնաց՝ այլեւս չցանկանալով իր հետ առնչվել։ Մնաց ինքն իր վակուումով՝ անեզր, անսկիզբ, անբովանդակ, անմիտ, ան-երի անվերջությամբ․․.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *