Մարիա Չուպրինենկո | Երգ

Լուսանկարը՝ Դիրկ Սկիբայի

Գլխիս փոխարեն տակառ է բերնեբերան լցված լուրերով
Խոնավությունը պատում է դեմքս
Ինչպես ակացիաներն են ծածկում հողը
Սովորաբար ծաղկում են մայիսին
Եթե չեն աճել մայթեզրին կարող ես ուտել
Պառկում եմ գետնին
Ամսի քսանին մամայի ծնունդն է
Իմ շրջանն օկուպացված է
Քաջության ու հերոսության կողքին
Կանգնած են գողերն իմ արյան
Պատերազմից փայ պոկողներ
Դեղը կիսող հիվանդներ
Ուկրաինայի օրհներգը
Հունգարական երգչախմբում
Փոխվում է եղանակը
Գարուն է անխուսափելիորեն
Ինքնաթիռներ գլխավերևում
Ոչ մի սիրեն
Մնում եմ Սլովակիայում
Լսում Աստծու լացը
Հանդիպում է առաջին դասարանցիների, պրոֆեսորների, հարբրեցողների
Ցույց տալիս գովազդով չընդմիջվող մուլտեր
Որ հանկարծ ոչ ոք աչքն էկրանից չթեքի
Դրախտ ընկած գերիների մասին չկան երգեր
Պալյանիցան ու Ջավելինինն էլ չեն թարգմանվում
Մտածում եմ ի՞նչ հրաշքով է այս մի կտոր հողը տուն դարձել
Մտածում եմ ինչո՞ւ այս նշաձև աչքերով կանայք նման չեն ինձ
Ինչո՞ւ են դիմագծիս երանգներներն ընկած բաց դաշտում
Գլադկովկայի ու Գոլա Պրիստանի միջև
Ինչո՞ւ է ամեն հատապտուղ թթվահամ պաղպաղակից հետո կերածի պես
Մտածում եմ հավատի մասին
Մտածում, որ ռուս զինվորները ոչ մի գազանի անվամբ կոչվելու արժանի չեն
Գազաններին վիրավորել չի կարելի
Բոլոր ուկրաինացիների պես ինձ էլ են ծվատում մտքերը
Ինչո՞ւ պատերազմը Սիրիայում հեչ պետքս չէր
Փոխարենը
Ականջակալներս դրել, երաժշտություն էի լսում
Իսկ հիմա աշխարհից պահանջում եմ քայլ անել
Այ քեզ հեգնանք
Ո՞նց կարող եք հանգիստ ապրել, երբ իմ ժողովուրդը վտանգի մեջ է
Չնայած ինքս
Ութը տարում մատս մատիս չեմ տվել կանխելու պատերազմը
Ինձ մեղավոր եմ զգում
Կներես, սիրելիս
Ես պարզապես թաքնվում եմ թիկունքումդ
Ձայնիս մեջ զնգացող մետաղը չի բավարարի սարքելու ոչ զենք, ոչ էլ պատ
Երգս միայն քո մասին է
Ու դու միայն իմ միջով կհնչես։

Թարգմանությունը՝ Տաթև Չախեան

Բանաստեղծությունը թարգմանվել է ԱնտիԲաբելոն միջլեզվական ծրագրի շրջանակում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *