Մարիամ Կարապետյան | Բնակություն

Կիսակառույցները

Թաղամասը հուշերիս կեսն է ծածկում,
հին պատմությունները մինչև կեսն են հասնում:
Երկար եմ զվարթ մնում այդ առավոտներին…

Վերջին դատարկ շենքերին կհասնեմ երեկոյան,
որտեղ ոմանց փողերն են կորել.
այնպես պա՜րզ եմ դրանց ներսը տեսնում…

Վերջնական, երբ հանդիպում են, բաց.
ինչպե՜ս են նշան անում… Սահուն
այստեղից այնտեղ են գնում վերից վար:

Նրանց պատուհաններն իրարից հեռու են.
երբեմն տանիքները բաց են թողնում…
Նոսր՝ ամեն տեղից ի՛նձ են հասնում,
չեն մեջբերում իրար…

Ավելի են բացվում կիսակառույցները:
Ցածր սարն է ասածները ասում:
Ի՞նչ են լինելու նրանց եզրերը: Ափսո՜ս են.
դաշտերի ժամանա՛կ եզրերին…

 

Բնակություն
1.
Շենքերը հուզիչ են մինչև գիշեր տևում:
Ես նույնն իմ մասին կարող եմ ասել:
Երբ առավոտ է, նրանք ինձ են նման.

հերթով և մտերիմ, երբ վերադառնում են,
որոշ դանդաղություն նրանց միջև…

2.
Ամառվա Մասիվներ՝ ցերեկվա գյուտ,
արժե վերադառնալ․

նրանք ինձ մինչև վե՜րջ են հասնում…
Դռների՜ն հասնող պատմություն…

3.
Ինը հարկերի խողովակներ, պարույկ և ջուրը՝
արագ, քան ճանապարհը…

Դեռ էլի՛ են կարող բարձրանալ ծորակները.
Նորքեր, երեխաներ, մյուս բոլոր կողմերը…

 

Գորգը՝

որտեղ որ, ինչպես որ, մինչև որ․․․

Օրհնության նման գեղեցիկ:

Համարյա անտեսում է,
ինչ թափթփված է։

Թաղամասի դարձերեսին։
Ոչ մի ցամաք տեսարան եզրերում։

Ոլորանը։ Նյութի վիճակները՝

կռահածը, պատմածը, կամեցածը․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *