Գիրք ասեմ՝ կարդա | Քամալ Ռուհայիմ. Մահմեդական հրեայի օրագիրը

«Մահմեդական հրեայի օրագիրը» Քամալ Ռուհայիմի եռագրության առաջին գիրքն է, որը 2021 թվականին «Անտարես» հրատարակչությունը թարգմանել է հայերեն: Ցավոք, անհայտ է՝ կթարգմանվեն վեպի հաջորդ մասերը հայերեն, թե ոչ, սակայն կարող ենք փաստել, որ «Մահմեդական հրեայի օրագիրը» գիրքն ինքնին ամբողջական ստեղծագործություն է, և կարելի է հանգիստ կարդալ՝ գնահատելով գրողի գրական հմտություններն ու հետևել Եգիպտոսում ապրող արաբ տղայի՝ Գալալի կյանքի իրադարձություններին:
Գալալի մայրը հրեա է, իսկ հայրը` արաբ, հետևապես հասկանալի է դառնում, որ տղայի ամբողջ կյանք ընթանալու է երկու կրոնների, երկու իրականություններ բախման կետում: Պատմական, քաղաքական, պատերազմական մի բարդ դարաշրջանի արտացոլք կա այս գրքում, որը սակայն ցուցադրված է միայն դեմոգրաֆիկական, սոցիալական կյանքի վրա իր ունեցած ազդեցությունների փոփոխման հարթությունում:
Մինչև 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը հրեաներն ու եգիպտացիները հաշտ ու խաղաղ ապրել են իրար կողքի՝ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները: 1948 թվականից հետո հրեաները մասսայաբար լքել են Եգիպտոսը՝ արտագաղթելով արտասահման:
Որպեսզի ավելի վառ պատկերացնեք իրավիճակը, կարող եք զուգահեռ անցկացնել մեր իրականության հետ ու ետ գնալ մինչ 1988 թվական, երբ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում էին հարևանության խաղաղ մթնոլորտում: Հետո՝ ազգամիջյան բախումներ, պատերազմ, իրականության փոփոխություն: Ավելի ուշ՝ ինչպես է արտահայտվում այդ փոփոխությունը տարբեր ազգությամբ ծնողներ ունեցող երեխայի ճակատագրի վրա:
Ռուհաննին ասում է, որ ճիշտ է, այժմ Եգիպտոսում գրեթե հրեաներ չեն մնացել, բայց ինքը ցանկացել է վեպ գրել ի հիշատակ երբևէ իրենց հետ ապրած հրեաների:
Հիմա գանք վեպին. վեպը թեթև ընթերցվող գիրք է, մի քանի օրում հավեսով կկարդաք, առանց լարվելու: Խոհափիլիսոփայական խորացումներ չկան, պատմումը շարադրված է առաջին դեմքով՝ հենց Գալալի անունից: Եթե կարելի է այսպես ասել՝ վեպը մի տեսակ եսակենտրոն է, մյուս հերոսների մտորումներն ու հայացքները գրքում գրեթե անհնար է տեսնել. միայն Գալալն է, նրա ապրումների ու տվյատնանքերը: Տղայի մայրը, պապը, հորեղբայրը, մյուս հարևան հարազատները այնքանով են վեպում ներկա, որքան Գալալն է նրանց հասկանում-ներկայացնում: Ամբողջ վեպում երկու-երեք դրվագ կհանդիպեք, որտեղ իրադրություն ու մարդիկ գնահատվում են Գալալի ուղղաձիգ հայացքից դուրս՝ մեկ ուրիշի կողմից: Եվ հենց այս փաստն է, որ նեղացնում է վեպի տեսադաշտը, վեպը զրկում բազմաշերտությունից:
Գագալի կյանքի պատմությունը ներկայացվում է 6 ամսականից մինչև գրեթե չափահասություն: (ենթադրում եմ, որ մնացածը՝ եռագրության մյուս մասերում է): Գալարի մոր ընտանիքն ավելի ազատմիտ է, գուցե նաև ավելի փոփոխական, հորական կողմի հարազատներն՝ ավելի պահպանողական են: Եվ տղան, ապրելով մորական կողմի հարազատների հետ, ենթագիտակցական մեծ կարոտ է զգում հորական պապի հանդեպ, անգամ երազներում հաճախ նրա հետ է զրուցում: Պապն ու գյուղը, որտեղ նրանք ապրում են, Գալալին ներկայանում են որպես իսկական Եգիպտոս, հայրենիք, որն իր ուսերին է կրում երկիրը պահելու, կերակրելու ճիգը: Բայց միևնույն ժամանակ, տղան ուզում է սովորել, նրան նեղում են մահմեդական աշխարհի ամուսնական պարտադրանքի կամայականությունները:
Ներկայացնեմ մի հատված թունսցի շեյխ Մունջիի և Գալալի երկխոսությունիվ, ում Գալալը արդեն հանդիպում է Փարիզում. արտագաղթի, սեփական ինքնությունը պահպանելու թեմաները նաև մեզ են շատ բնորոշ:
– Տուն գնա, տղա՛ս: Բժիշկ կամ ինժեներ դարձիր, մեծացիր սեփական երկրում: Կապ չունի՝ Փարիզում ինչքան առաջ կգնաս, ինչի կհասնես, երբեք մեծ բարձունքեր չես նվաճի:
-Ուրեմն ո՞նց է ստացվել, որ էստեղ եք ապրում, Շեյխ:
-Մի բան ասեմ, որդի: Էստեղ ապրում ենք՝ ոնց Թունիսում: Մեր ուտելիքն ու խմելիքը հարյուր տոկոս թունիսական են: Ֆրանկների երկրի մասին բան չգիտենք, մենակ անձնագիրն է ֆրանսաիական,- մի պատառ լռությունից հետո շարունակեց,- բացի դրանից՝ դու ինձ նման չես: Ես թունիսցիների մեջ եմ ապրում, իսկ դու ո՞վ ունես էստեղ:
-Մայրս, Շեյխ:
– Մայրդ, տղա՛ս, որոշել է մնալ, որովհետև օտարների մեջ չի: Ընտանիքի՝ հոր, մոր, եղբայրների և քույրերի՝ իր նման հրեաների հետ է ապրում: Նույնիսկ մորդ սոցիալական շրջանակը չունես:
Իսկ թե ինչ է անում Գալալը՝ վերադառնո՞ւմ է հայրենիք, թե՞ ոչ, կիմանանք, եթե «Անտարես» հրատարակչությունը որոշի հաջորդ մասերը տպագրել ))) Կամ էլ՝ անգլերեն պետք է կարդանք: Վեպը հայերեն է թարգմանված անգլերենից: Թարգմանիչը Լիլիթ Քալաշյան է: Շատ գրագետ թարգմանություն է, բազմաշերտ հայերեն է, զգացվում է, որ ջանացել են հայերենի ամբողջ զինանոցն օգտագործել թարգմանության մեջ, բայց երբեմն որոշ դրվագներում տպավորություն էի ունենում, որ բալանսը կորցրել են. օրագրային, մտերմիկ շարադրանքով վեպում վսեմաշուք, ոչ գործածական բառեր կային, որոնք մի տեսակ խորթ էին ամբողջ գրքի մթնոլորտին:
Վեպը գնահատում եմ 5/3 միավոր:

Հասմիկ Հակոբյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *