Նարեկ Թոփուզյան | Միզապարկի բիոպսիա

«Հին Ջրվեժի» առանձնասենյակում նստած, տղերքը փորձում էին կողմնորոշվել, թե ինչ օղի ընտրեն՝ «Ֆինլանդիա», թե դժվար արտաբերվող անվամբ «Կոսկենկորվա»: Ի վերջո ընտրեցին առաջինն այն տրամաբանությամբ, որ հայտնի մարդու զեղծարար ձեռքերը «Ֆինլանդիայի» շշափողի նեղլիկ միջակայքով դժվար թե ունակ լինեին ներս սողոսկել և պարսկական սպիրտով պղտորել դրա քառասուն տոկոսանոց վճիտությունը, ուստի խմած օղին այդ տրամաբանությամբ ալկոհոլային թունավորման կամ առավոտյան անտանելի գանգացավի առաջ չէր կանգնեցնի: Առաջարկվող մոտեցմանն առավել համահունչ կլիներ երկրորդն՝ իր լեզուն փաթ գցող անվամբ, որովհետև սովորաբար կեղծում են պարզունակ անուններով ու աներկիմաստ համուհոտով օղիները՝ Ելցին-Շմելցին, Պուծինկա-Շմուծինկա և «Ֆինլանդիան» էլ այդ առումով բացառություն չէ:
Օղու ընտրությունը խնջույքի միակ խոչընդոտն էր, ուտելիքի առումով ընտրություն բեմադրելու մեծ հնարավորություն չկա, էթնիկ պանդոկում ի՞նչ ընտրես՝ խո՜տ՝ խառը կանաչու իմաստով, ջու՜ր՝ թարխունի լիմոնադի ու ջերմուկի իմաստով, հա՛ց՝ լավաշի ու նորաթուխ շոթիի տեսքով, խորոված-մորոված, քյաբաբ-մաբաբ, թթու-մթու, պանրի տեսականի, երշիկեղեն: Ամբողջն ահա այս է «Հին Ջրվեժում» ու ոչ միայն այնտեղ՝ ամենուր է ընտրությունը նույնը, ուստի տղերքը տեղավորվեցին սեղանի շուրջը համակերպմամբ, որի մեջ մի տեսակ ուրախություն էլ կար՝ յանի խորոված-քյաբաբն էլ վատ չի:
– Դե, բարով տեսանք,–օղու բաժակը ճակատի մակարդակից վեր բարձրացնելով ասաց տղերքից մեկը,–Մարդանյա՛ն, բարով, մի ամիս կլինի ինչ Գերմանիա ես գնացել, էդ ընթացքում իրար չենք տեսել, նենց որ քո դեպքում բարով տեսանքը ճիշտ տեղին էր:
– Բարով տեսանք, Գրիգորյան ջան,–պատասխանեց Մարդանյան անվանվածն ու բաժակն ուղղեց իրար զարկվելու պատրաստ բաժակների թափանցիկ խրձին:
– Մարդանյան, Գերմանիա՞ ինչ կար,–հարցրեցի ես այն բանից հետո, երբ բոլորս պարպեցինք «բարով տեսանքի» բաժակը. ես ինչպես միշտ ամեն ինչ իմանում եմ վերջում. դա իմ հիմար առանձնահատկություններից մեկն է` հեռու պահել անձս ինձ չվերաբերող տեղեկություններից ու մնալ իրադարձությունների լուսանցքում:
– Ապե, դե աներս միզապարկի ռակ ուներ չէ՞, տարել էի Գերմանիա բուժելու:
– Մարդանյան, իսկականից, մոռացանք էլ հարցնենք, աներդ բուժվե՞ց, բժիշկներն ի՞նչ են ասում,–Գրիգորյանի տեղեկացվածությունն աչքի էր զարնում:
– Փառք աստծո Գրիգորյան ջան, Հայաստան գալուց առաջ բիոպսիա արեցին, տվեց լրիվ մաքուր, մենակ թե ստիպված միզապարկը հեռացրին:
– Ուրիշ հնար չկար հա՞, երևի,–հարցրեց մեր տղերքից Մուկուչը:
– Չէ, Մուկուչ ջան չկար, էլ էն վիճակը չէր, որ պահել լիներ, պահեին հիմա մետաստազները կխեղդեին, երկար կյանք չէր ունենա:
– Բա զուգարան գնալու պա՞հը, ոտին բան ա կապում…ը՜:
– Հա, ոտքին միշտ պլաստիկից մեշոկ ա կապած, մի քիչ նեղվում էր, բայց կարա՞ս բան անես,– թոթվեց Մարդանյանն ուսերը:
– Ախպե՜ր, կյանքից թանկ բան չկա աշխարհում, դե հիմա ինչ կարաս անես, ավելի լավ ա կենդանի, բայց մեշոկով, քան մեռած՝ առանց մեշոկի:– ասացի ու երբ այդ ասում էի որոշակի զրկանքներով կյանքի ու բացարձակ մահվան համեմատական արժեքավորության վերաբերյալ իմ այդ վերջին եզրահանգման էությունը հասկանում էի ամենայն խորությամբ: Դրանք բառեր չէին, որոնք ասվում էին պարզապես ասվելու համար, իմ գլխին նման բան եկել է, ես հնարավորություն եմ ունեցել այդպիսի եզրահանգում անել խիստ առարկայորեն:
Եվ այսպես աներոջս ապրածի մեջ նշանակալի մի բան չկար, ինչպես միլիոնավորների դեպքում է. Սովետի կործանման, բայցև ազատ Երկրի կայացման համար էլ չէր մարտնչել, ծանրակշիռ քաղաքական գործիչ չէր եղել, ոչ էլ նույնիսկ մի կոպեկ ավել փող էր ունեցել, չնայած Ազատամարտի տարիներին զենք-զինամթերքի հետ առնչություն ունենալով, մի չէ, երկու՜, երե՜ք կոպեկ ավել ունենալու հնարավորություն էր ունեցել: Դրա հետ կապված հիշում եմ, երբ կանգնած էի արդար, թե կաշառակեր լինելու երկընտրանքի առաջ, աներս մի անգամ ասաց. «Ավելի լավ է ասեն՝ գեշ ա, քան թե էշ ա»: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը՝ մերժելով մի կոպեկ ավել ունենալու ի՛մ հնարավորությունը ու երևի ի հեճուկս իր խորհրդի, Ազատամարտի այդ տարիներին նա էլ ընտրել էր երկրորդ տարբերակը, այլ կերպ մտածելու հնարավորությունից զրկված եմ, նկատի ունենալով այն հրճվանքը, որ ապրում էր նա ութսունհինգ թվի «07-ը» ձեռք բերելիս. գեշ մարդիկ տասնհինգ թվի «Պորշ Պանամերայից» էլ առանձնակի բերկրանք չեն ապրում, ուր մնաց, թե «07-ից», նույնիսկ տասնհինգ թվականի արտադրության:
Հիսունիննը տարեկան ոստիկանության թոշակառու փոխգնդապետ էր նա: Ոստիկանության պահպանության համակարգում աշխատել էր մինչև ոստիկանի համար օրենքով սահմանված առավելագույն տարիքը` հիսունհինգն ու առավելագույն թույլատրելիի սահմանաչափից մի երկու տարի էլ ավելի աշխատել էր հանրապետական ոստիկանության պետի հատուկ կարգադրագիր-թույլտվությամբ և, վերջիվերջո, անցել էր աշխատանքային թոշակի այն ժամանակ, երբ նրա արտաքին կերպարանքում ոչինչ չէր հուշում նրա՝ թոշակառու լինելու մասին: Թոշակառու ժամանակ քայլում էր հաստատուն` նպատակները քաջ գիտակցող մարդու քայլվածքով ու բազմամյա ոստիկանի քիչ պղտոր, բայց սևեռուն հայացքով, կյանքից դժգոհում էր ոչ հաճախ, քան գլխացավից դժգոհող գրասենյակային ծառայողը, առողջությունից՝ ոչ հաճախ, քան երբեմն փորլուծությունից տառապող բկլիկ ճիժը, ընտանեկան անդորրի պակասությունից՝ ոչ հաճախ, քան երբեմն ընթրիքի աղի փլավից դժգոհող աշխատավոր ամուսինը: Թոշակառու ժամանակ նրա գլխին այնքան մազ կար, որ ալոպեցիայով տառապող շատ ավելի երիտասարդ տղամարդիկ կերազեին այդ մասին, նրա գլուխը մինչևիսկ նորմալ ճերմակած էլ չէր ու նա ոտուձեռը կապնված, մահվան հետ հարափոփոխ հաջողությամբ բրիջ խաղացող այն թոշակառուներից էլ չէր: Թոշակառու լինելով հանդերձ ոստիկանության «Մ» վարչական շրջանի տարածքային կառույցում աշխատում էր քաղաքացիական պաշտոնի գլուխն անցած ու այդ աշխատանքի շրջանակներում զբաղվում էր առևտրային նշանակության օբյեկտների անվտանգության համակարգերի մոնտաժով, դրանց հետագա սպասարկմամբ, մատուցված ծառայությունների ամսավճարների հավաքագրմամբ, իսկ, ամենակարևորը, շատ բան տեսած ոստիկանի իր փորձառությամբ աշխատում էր որպես բանիմաց անջրպետ երիտասարդ ղեկավարի ընչաքաղցության ու մշտապես նրան ուղեկցող անդունդի միջև, ինչի համար նա գնահատված էր աշխատավայրում, այսինքն աներս միաժամանակ և՛ թոշակ էր ստանում, և՛ աշխատում էր, մի բան, որ ուժային ծառայությունից թոշակի անցած շատ-շատերն են անում, որովհետև մեր օրերում աշխատավարձով ապրող մարդու մոտ չի ստացվում ապրելը, ուր մնաց ստացվի թոշակառուի մոտ: Ոչինչ չէր հուշում այն մասին, որ նրան կարող է ինչ-որ չոռ ու ցավ կպնել, նա մինչև յոթանասուն տարեկանն անցավ, իսկ յոթանասունից հետո փոփոխական ցավերով էլի մի տասը տարի ապրելու բոլոր նախադրյալներն ուներ, մինչդեռ չարաբաստիկ մի օր որդին նրանից թաքուն ինձ ցույց տվեց էխոյի մի նկար, որում անհասկանալի եզրագծերով, հավանականորեն օրգան էր, որի կենտրոնում երևակվում էր պնդուկի մեծության գնդիկը: Պարզվեց վերջին շրջանում աներս ամոթույքի շրջանում պարբերական ցավեր ուներ, միզելու մասին մտածելիս սիրտը դող էր ընկնում, միզելիս արյուն էր միզում, միզում էր երկու ձեռքերով զուգարանի պատերին հենված, պատերը ճանկռելով, ճակատի սառը քրտինքը մաքրելով ու զգայական մի ֆոնի ուղեկցությամբ, որ հատուկ է միայն ծննդաբերող կնոջը, այդքան ահա դժվար:
Աներձագս հուսահատության մեջ էր, իրեն բռնած փոթորիկը մի կերպ կառավարելով, իր էդ փոթորիկը հյուրասենյակում նստած հորը չմատնելով, գոտեմարտում էր հյուրասենյակի լույսով դեպի իրեն ձգվող հոր ստվերի հետ, մեղադրում նրան ցավերի ու արյան ի հայտ գալուն պես բժշկի չգնալու անպատասխանատվության համար, նրա համար, որ թողել էր դանակը ոսկորին, ի՛ր սեփական ոսկորին հասնի: Իսկ մեղադրելու բան, թերևս, կար՝ նկարի անորոշ եզրագիծը միզապարկն էր, պնդուկի մեծության գնդիկը՝ ուռուցքը: Իննսունհինգ տոկոս հավանականությամբ բժիշկները նրա մոտ միզապարկի քաղցկեղ էին արձանագրել, չարորակ քաղցկեղ:
Բժիշկները մեխը մինչև վերջ չէին մխել, փրկության հինգ տոկոսի հավանականություն էին թողել ու կապել այն առաջիկա հետազոտության հետ, իբր եթե մի հատ էլ հետազոտեն մի բան գուցե փոխվի՞, բայց հույսի այդ հինգ տոկոսը հեչ բան էր, սովորական բժշկական տակտիկա՝ չնչին հույսի մի քանի կաթիլով դատապարտելով հիվանդին, չսպանել նաև նրա հարազատին այնքան, մինչև նա կսովորի անխուսափելի կորստյան մտքին ու ինքն անձամբ կաղաչի տոկոսների իրական պատկերը: Արցունքները ստորին կոպերի եզրագծերում մեծ դժվարությամբ պահած, աներձագս դողդոջուն ձայնով ասում էր՝ ամեն ինչ արել է հորը բժշկի քարշ տալու համար՝ խնդրել, սպառնացել, հոխորտացել է, բայց անօգուտ ու, խնդրեմ, ահա արդյունքը: Չգիտեմ էդ պահին նա պախարակում էր իրե՞ն, որ հոր դոշերը չէր հավաքել ու զոռով բժշկի տանելու փոխարեն սոսկ խնդրել, համոզել էր, բայց մի բան ակնհայտ էր՝ ինքնախաբեության աներձագս հակված չէր, անխուսափելի կորստյան մտքին առանց բժշկական հնարքների էլ արդեն սովորել էր:
Առավելապես աներս չգիտեր գլխի գալիքը, նախ որովհետև բժիշկներն անկեղծացել էին միայն որդու հետ և, վերջապես, որովհետև վատ բանի մասին մտածելիս, եթե նույնիսկ մարդը դրա մասին ամեն ինչ չի, որ գիտի, նա իր էության լուսափթիթ կեսով սովորաբար ընկճում է մյուս կեսի խավարչուտը: Դա երևում էր իր հետ տեղի ունեցող վերջին իրադարձություններին առնչվելու նրա թեթևությունից, որն ավելի նշանակալի դարձավ նրա միզապարկի հետ տեղի ունեցած բժշկական միջամտությունից հետո: Երբ այդ միջամտությունից հետո նա ուժերի գերլարումով ու անմարդկային ցավերի գնով միզեց բժշկական թեթև ձեռքով մանրագույն կտորների վերածված ուռուցքի ամենամեծ, միզուղու տրամագծերի հետ հազիվ համատեղելի կտորն ու այդուհետ սկսեց իր բնական կարիքները հոգալ նորածին մանկան անպղտոր մարմնի դյուրությամբ, նա կարծեց թեև ոչ շարքային, բայց պատուհաս էր, եկավ-անցավ: Հիշում եմ պրոցեսի նրա նկարագրությունը մինչև միջամտությունն ու դրանից հետո, այն խնդությունը, որով նա նկարագրում էր մինչ այդ Աստծո պատիժ զուգարան գնալը: Ոչ ոք առօրեական այդ գործը կատարելիս չի կարող պատկերացնել, որ կարելի է ուրախանալ թվում է բնականորեն այդքան ենթադրելի բանի համար, ինչպիսին պարզապես միզելն է: Դու մտնում ես զուգարան, փակում կամ չես փակում դուռը, իջեցնում կամ պարզապես բացում ես տաբատի լայնույթը, դուրս գցում գործիքդ, բռնում այն աջ կամ ձախ ձեռքով կամ չես բռնում առհասարակ ու երբ ցողելով զուգարանակոնքի ճեղքն ու երբեմն եզերերը, ավարտում և անցնում ես ձեռքերդ լվանալու, մտքովդ էլ չի անցնում, որ կարելի է խնդություն ապրել միզապարկի դատարկության անցավ գիտակցումից, մինչդեռ աներս խնդության մեջ էր այն մտքից, որ գնում է զուգարան, իսկ մեզն իր մարմնից հեռանում է այդքան անկսկիծ ու այդքան դյուրաքայլ:
Քաղցկեղը, սակայն չարորակ էր: Շուտով այն իր հետ կատարված բժշկական միջամտությունից հետո էլ ավելի հուժկու թափով արշավեց ու իր ճակատագրին վերաբերվելու աներոջս այդ թեթևությունն արագորեն անցնելով՝ վերջնականապես սպառվեց այն ժամանակ, երբ կատետըրը մի եզրով սկիզբ առնելով աներոջս ամոթույքից, ոտքն ի վար իջավ ու մի եզրով հանգրվանեց ծնկահոդից քիչ վար ամրակայված պլաստիկե պարկի ընդերքում: Անժխտելի է, որ դա ավելի լավ էր, քան բացարձակ անէությունը, այդպես բոլորն էին ասում՝ կինը, երեխաները, հարսը, խնամիները, ընկերները, նույնիսկ որդու ընկերներն ու, դե իհարկե` ես: Կյանքիս չեղած փորձի ու իմաստնության ողջ ռեսուրսը լեզվիս ծերին կենտրոնացրած, վարպետ ճառախոսի պես լեզուս բերանումս պտտեցնելով՝ ճառում էի, որ նա ընդամենը հիսունիննը տարեկան է և իրավունք չունի այդպես հապճեպ անձնատուր լինելու, որ շատերը կյանքն իր կյանքի հետ անընտրել շաղկապած, առանց նրա արդեն ապրել չեն կարողանա, հատ-հատ թվում էի այդ մարդկանց, հուսալով, որ ցուցակն իր հագեցվածությամբ նրա տաք գլխին սառուցյալ ջրի ազդեցություն կթողնի, իսկ ցուցակն այնքան էլ փոքր չէր՝ կինը, երեխաները, ընկերները, անաղուհաց որդուց լքված ու իր հույսին ապրող զոքանչը, նույնիսկ մշտական ծխախոտավաճառն ու անգամ ջահել, անփորձ ղեկավարը և վերջապես թոռները, թոռները, որոնց համար խելքը մաղվում էր: Ի՞նչ կլիներ նրանց հետ, եթե նրանք զրկվեին պապից այսքան շուտ, ի՞նչ կլիներ հենց իր հիշատակի հետ, եթե գնար քանի դեռ թոռները չէին մեծացել ու չէին հասցրել նրա կերպարն իրենց սրտերում անդարձ հաստատել – հարցնում էի նրան:
Թեև նրան առաջվա պես ոչ ոք չէր ասել իր ծանր ախտորոշման մասին, բայց նա կյանքում հազար բան տեսած մարդ, արագ հասկացել էր ամենն ու, չնայած դրան, անդրդվելի էր՝ բժշկի գնալ չէր ցանկանում ու միզապարկի ամբողջական հեռացում ենթադրող բուժման մասին լսել էլ չէր ուզում: Ասում էր՝ կես մարդու պես ապրելն իրեն պետք չի ու ոչ մի ճառ չէր օգնում նրան վերադարձնելու ապրելու ցանկությունը: Բոլոր այդ ճշմարտությունները, որոնք, ի դեպ, առանց ինձ էլ հայտնի էին նրան, գալիս ու անցնում էին նրա քար կտրած սրտի կողքով, նա միայն ձեռքն էր թափ տալիս իր հիվանդության վրա. «Ա՜հ, ինձ ի՞նչ պիտի լինի»,–հարցնում էր նա կասկածելով: Չգիտեմ նա խորապես պատկերացնու՞մ էր այն, ինչ կարող էր իրեն պատահել էդ հիվանդության արդյունքում: Եթե պատկերացնում էր խորապես, ապա բռնել էր մահ իմացյալի ճանապարհը, ինչի պատճառը նա չուներ, ախր մեռնելու հեչ մի պատճառ չուներ, ախր աշխատում էլ էր, հետևաբար պետքականության զգացման դեֆիցիտն էլ նրան վերաբերելի չէր: Ինձ, սակայն, թվում է՝ չէր պատկերացնում ո՛չ իրապես, ո՛չ խորապես, ոչ էլ ոչ մի ձև: Ամենայն հավանականությամբ նա իր էության լուսափթիթ կեսով հեռու էր վանում մահվան վերաբերյալ ցանկացած սև միտք ու հիվանդությանը վերաբերվում էր այնպես, ինչպես գրիպով հիվանդը կվերաբերվեր իր հիվանդությանը՝ գրիպի վերջն ի՞նչ է՝ հա՞զ, գլխացա՞վ առավելագույնը անապա-գելենջիկի ծովային օդով բուժվող թոքաբո՞րբ, միթե կարելի է քաղցկեղին լուրջ վերաբերվել, երբ դրան վերաբերվում ես որպես գրիպի: Մենք բոլորով փորձում էինք նրան հենց այդ միտքը ներշնչել, ներշնչել, որ նա իր այդ վերաբերմունքով շտապում է դեպի անդունդը, դեպի ինչը նա դեռ բավարար ժամանակ ունի, սակայն նա հակված չէր դեպի փաստարկումները… Անկեղծ ասած մի տեղ հասկանալի էլ էր նրա այդ կամակորությունը՝ վաթսուն էլ դեռ չկար, տղամարդու կրակը երևի փոքր ինչ շիջված, հաստատ բայց ներսում լրիվ չէր մարել, Աստված չանի իմացվի, բայց երևի դժվար է ապրել պլաստմասե փողրակը մշտապես առնանդամից արտացցված:
Կյանքից հաստատապես հեռացող մարդու դեպքում ի՞նչն է հատկանշական` անդառնալիությու՛նը, հուսահատությու՛նը, անզորությու՛նը չէ՞, ափսոսա՛նքը չէ՞, հիվանդի թախանձագին աչքերը, զսպված հեծեծանքները, մորֆինին սովոր տառապանքը: Այդպիսի բաներ աներոջս դեպքում ինչ որ չեմ կարողանում մտաբերել, չեմ կարողանում մտաբերել նրան անընդունակ առանց լրացուցիչ օգնության տեղաշարժվելու ու անկողնին անվերադարձ գամված, թեև աներձագս ասում էր, որ վերջում այնքան տկար էր, որ ոչ թե նրան էին տանում զուգարան, այլ զուգարանն էին բերում նրա մոտ: Չեմ կարողանում մտաբերել նրան չոփի պես բարակած, հյութաքամ եղած, կյանքի լույսն աչքերում մարած, չնայած աներձագս ասում էր, որ վերջում նա հենց չոփի տեսք էլ ուներ: Ամենակարևորը չեմ կարողանում մտաբերել անմարդավայել ցավերից սկիզբ առնող անամոք մռնչյուններ, պատեպատ զարնվող մարմնի շառաչուն գալարապտույտներ, մորֆինից զորեղ ցավազրկողի բացակայության վերաբերյալ ճարահատյալ խոստովանություններ, ոչինչ նման չեմ կարողանում մտաբերել, առհասարակ դժվար եմ մտաբերում աներոջս ճակատագրական հիվանդության գերյալի կարգավիճակում, միայն հիշում եմ այդ ընթացքում տեղի ունեցած մի ընթրիք, երբ աղերսագին դեմքով խնդրեց իրեն փոքր շիշ օղի գնել, նույնիսկ հիշում եմ օղու շշի չափն ակնարկող մատների բացատը: Նրան արգելել էին ալկոհոլ օգտագործել և նրա այդ աղերսագին դեմքում ու մատների բացատում ոչ թե կարիքավորի թախանձանքն էր արտացոլված, այլ մեռնող մարդու կոչը չանսալու բոլոր այն արգելքներին, որոնք մեռնող մարդուն միևնույն է նախատեսվածից ավելի արագ չէին սպանի:
Աներս կյանքից հեռացավ երեքից հինգ ամսվա ընթացքում, ավելի ստույգ ասելու համար բժշկական փաստաթղթերն են պետք, բայց դրանք ստանալու և ուսումնասիրելու իմ ցանկության մեջ հետևողական չեղա, չցանկացա քրքրել մի կերպ կեղևակալող վերքերը: Ամեն դեպքում երեք, թե հինգ, քաղցկեղն աներոջս լափեց հայտնաբերման օրվանից շատ կարճ ժամանակ անց, այնքան կարճ, որ պիտի խոստովանեմ չկարողացա հասցնել խորապես գիտակցել նրա` անբուժելի հիվանդ լինելու հանգամանքն ու լցվել նրա կորստյան ափսոսանքով: Ձմեռային մի երեկո ի զարմանս բոլորի, նա մեծագույն ախորժակով մի մեծ ափսե թթվասերով բորշ կերավ ու պառկեց քնելու, երկար ժամանակ էր ինչ նա այդպիսի հաճույքով չէր ընթրել ու նույնիսկ ձեռք չէր տվել օղու մեկ-երկու բաժակին, որ նրա ճաշ-ընթրիքի անբաժանելի ատրբուտն էր: Արթնացավ նա վաղ առավոտյան, որովայնից լսվող այնպիսի ղռղռոցից, որը հարևան փողոցով անցնող տրամվայի ձայնից ոչնչով չէր տարբերվում: Հարցրեց կնոջն արդյոք՝ նա՞ էլ է լսել նույն ձայնն, ինչ ինքն ու դրանից գրեթե անմիջապես հետո բռնեց հավերժի ճանապարհը, մինչդեռ նախորդ օրվա ախորժակով կերված բորշը զարթոնքի այնքան հույսեր էր արթնացրել: Մահացավ նա առանց հոգեմաշ չարչարանքների, ժպիտը դեմքին ու այնքան կայծակնաբար, որ շտապօգնության բժշկին մնացել էր միայն այսպիսի հանկարծակիությունից զարհուրած հարազատների մոտ արձանագրել նրա անժամանակ մահը: «Մամ ջա՜ն, մամա ջա՜ն» – վերջին նրա բառերն էին՝ ասված այնպես, ինչպես կասեր մանչուկն աշխատանքից երեկոյան տուն վերադարձող մորն ընդառաջ վազելիս: Վարկածներ կան, որ այն աշխարհ ճանապարհվելիս նրան դիմավորելու էր եկել վաղամեռիկ մայրը և դեմքին քարացած նրա այդ ժպիտը մոր կարոտի տասնյակ տարիներ զսպված պոռթկումն էր, բայց դրանք միայն վարկածներ են, որովհետև ոչ ոք հաստատապես չի կարող ասել, որ դա հենց այդպես է:
(…)
– Հա՜, ախպեր ես էլ էի աներոջս էդ ասում,–ասաց Մարդանյանն ի պատասխան,–էլ թոռներ, էլ կնիկ-երեխա, ինչով ասես չեմ համոզել, սպառնացել, շանտաժ էլ եմ արել՝ մի անգամ ասի, եթե չգաս քեզ բուժելու տանեմ, սաղ լևի գնացածներդ կնկադ եմ պատմելու տունդ քանդեմ, անգամ էդ ասելուց չէր համաձայնվում, ասում էր դու տունս կքանդես, եթե ինձ բժշկի տանես, անաստվածը ոչ մի կերպ դանակի տակ պառկել չէր ուզում, ասում էր չի ուզում կես մարդու պես ապրել, բայց էլ ասելուն չնայեցի, տեսա շատ ա ձև բռնում դոշերը բուռս հավաքեցի, առա տարա Գերմանիա ու հիմա արևովս ա երդվում:
– Ապրես Մարդանյան, հալալ լինի,– իրապես հիացական տոնայնությամբ բացականչեց Գրիգորյանը,– ամեն մարդ չէր անի էն ինչ, որ դու ես արել:
– Դավ ջան չէի կարա չանեի, ի՞նչ տարբերություն՝ հերս ա, թե կնոջս հերը, աներոջս որ մի բան լիներ, կնկաս սիրտն էր ցավալու, կնկաս սիրտը որ ցավար, երեխեքիս սիրտը ցավալու՞ էր, ցավալու՛ էր, էդքանից հետո իմ սիրտն էդ բոլորի համար կցավա՞ր, կցավա՛ր, նենց, որ համարի էն ինչ արել եմ, առաջին հերթին իմ համար եմ արել, արել եմ նենց, ոնց որ հորս համար կանեի, եթե տնից-տեղից հեռու, հորս նման բան պատահեր:
Անմիջապես աչքիս առաջ եկավ Մարդանյանի կինը, այսպիսի ուժեղ մարդու հարաբերությամբ հավանաբար վտիտ ու թույլ մի էակ, ով առնչվում է նրա հետ ինչպես մերձճանապարհային սյանն անզիջում կառչած լուսամփոփը, տեսա նրա կնոջ անբարբառ երախտագիտության մեն մի կաթիլ արցունքը, գիշերվա մթնամթում պեծին տվող հրատոչոր հայացքը, տարփալից գրկախառնումները, լսեցի գգվանքների մեղմիկ շրշյունը, գոհացումի նրա հառաչանքներն ու վերջակետի մեն մի ճիչը: Եթե աներոջ փրկությունից հետո Մարդանյանին վրա հասած երախտագիտության ակտն այն տեսքն ուներ, ինչպիսին ես պատկերացրեցի նրա բառերից հետո, ապա նա արժանի էր դրան: Մարդանյանը պարապի ճամարտակություններով չէր զբաղվել՝ աներոջ դոշերը բռում հավաքած, ով գիտի նրա անհիմն հրաժարումը կանխարգելելու համար գուցե նաև բռունցքը նրա դեմքին սպառնալի նշան բռնած, հավաքել-տարել էր փրկության ճանապարհով հենց այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ, իսկ ե՞ս ինչ արեցի աներոջս փրկելու համար, լա՛վ, նրա կարգավիճակը դեռ մի կողմ, ին՞չ արեցի պարզապես մարդու համար, ով ապրելու կարիք ուներ ու ի՞նչ եմ անում, երբ մարդու եմ տեսնում, ով վերահաս փրկության կարիք ունի: Հիմա ասեմ: Սովորաբար հանդես եմ գալիս ինչ-որ անպետք ճառերով, ինչպես աներոջս դեպքում էր: Ես մի անգամ հանդես եկա պարապի ճառով՝ համալրված այնպիսի հանրահռչակ ճշմարտություններով, որոնց կարիքն աներս ամենևին չուներ, քանի որ նա ինքն ինձնից գեշ-բեթար ավելի լավ էր հասկանում դրանց կուռ տրամաբանականությունը: Ընդամենը մի անգամ, և երբ դրանից հետո դեմ եկա իմ առաջ կանգնեցված մերժման նրա պատին, ձեռքերս լվացի, քաշվեցի մի կողմ, իմանալով հանդերձ, որ այդ մարդը կմեռնի, եթե հետ քաշվեմ, արեցի դա՝ ինքս ինձ մխիթարելով, թե իր կյանքն իր, հետևաբար մեռնել-չմեռնելն էլ իր գործն է: Ստացվում է, ըստ էության, ոչինչ էլ չարեցի, դեռ լավ էր՝ գոնե գնեցի այնքան աղերսագին խնդրարկված այդ մի փոքր շիշ օղին: Չեմ հիշում, որ նա երբևէ որևէ բան խնդրած լիներ գնել իր համար ու հիմա կքրքրեի-կլափեի ինքս ինձ, եթե, անսալով բժշկական փուչ տաբուներին՝ նրա այդ միս-միակ խնդրանքը չբավարարեի, ի դեպ, այդ մի խնդրանքը պահանջվածից ավելի չափով արեցի՝ նա ուզում էր տեղական, իսկ ես իրեն ռուսական լավ օղի գնեցի… հըմ, կարելի է կարծել մե՜ծ բան: Մեծ, թե փոքր, մյուս կողմից, բայց ի՞նչ կարող էի անել: Նրան փրկելու իմ հնարավորությունները հազիվ բավարարեին Երևան-Բեռլին տոմսն առնելու համար, բա մնացա՞ծը, բա տունդարձից առաջ պարտադիր միզապարկի բիոպսիա՞ն ու վերջապես հնարավորություններն էլ մի կողմ՝ փրկես մարդուն, ով փրկվելու ցանկություն ունի, իսկ այդ մարդն ակներևաբար փրկվել չէր ուզում:
Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց որդիս երբեմն տալիս էր նրա անունը, քիչ, թե շատ հարցնում նրա մասին, հարցնում էր՝ ուր է գնացել, երբ կվերադառնա և, եթե վերադառնա, կբերի՞ արդյոք իր համար շոկոլադե ձվիկ կամ «Սպայդերմենի» տիկնիկ: Պաշտելի կնոջս կսկծալից ուրախությանը սահման չկար՝ ուրեմն հիշում է, ուրեմն հայրն անհետ չի կորչել: Տարիների հետ, բայց այդ հարցադրումներն անհետացան, մոռացե՞լ է, թե մոռանալու ճանապարհին է, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ այլևս չի հարցնում ու առայժմ փաստ չէ, որ նրա տեսողական պատկերն առհավետ տպվել է մտքում, առայժմ թող մեծանա, իսկ հետո կտեսնենք:
01 – 11 մարտի 2015թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *