Մոհսեն Էմադի | Խավարան

Մոհսեն Էմադին մեքսիկաբնակ իրանցի պոետ, թարգմանիչ, կինոռեժիսոր և ծրագրավորող է։ Նրա «Խավարան» պոեմը նվիրված է 1988թ. զանգվածաբար սպանված բազմաթիվ քաղբանտարկյալների։ Խավարանը գերեզմանատուն է Թեհրանի մոտակայքում, որի վրա ոչ մի նշում չկա, և անհայտ գերեզմաններ են այնտեղ, ուր հիմնականում թաղված են տարբեր քաղհալածյալներ։ Վայրը նաև անվանում են Լանաթաբադ՝ անիծյալների քաղաք։

 

1. Բառերն իրերի գերեզմանն են։
Մանկությունից չեմ լսել
այս տողերի արանքում դոփող ձիերի ձայնը։
Պատանի էիր, որ մարեց քո ծիծաղը։

Գրում եմ`
ասես ուխտի եմ գնում մեռելների քաղաք։
Եթե հանկարծ ժամանակը հետ է պտտվում,
հորս շշուկն է արձագանքում
տեքստի ականջներում,
կրակոցի ձայնը՝
տողերի քունը տակնուվրա անում։
Բանաստեղծությունը գզգզված մազերով
քայլում է տարիներով փտած սենյակում։

Բառերը շարք են կազմել տան խունացած գծերին.
այստեղ պատուհանն է,
պատուհանի հետևում՝ բակը։

Ոչ ոք չգիտի՝ որ մղձավանջն է
բանաստեղծությանն արթնացնում,
մե՛կ պատուհանն ու հարևանի հարսի գողտու հայացքն է տեսնում,
մե՛կ ճոճանակն ու հեծանիվը,
կամ պատը՝
բոլոր էժանագին նկարներով։
Այնքան է դրանց նայում,
մինչև կենդանանան,
ու կենդանի էակների շունչ-արտաշնչի տակ
քնով է անցնում։

2. Տարիներ առաջ հորս շշուկը
տեքստի մեջ կորցրեց իր ճամփան,
և բանաստեղծությունը երեք հազար մոմ վառեց,
երեք հազար թղթե նավակ պատրաստեց
ու ամենը օվկիանոսին նա հանձնեց։

Հիմա, երբ կապել եմ ճամպրուկներս
ու սպասում եմ առաջին գնացքին,
որն ինձ հետ չի դարձնի,
բանաստեղծությունը, հեծանիվ նստած,
շփոթված ու դողդղալով անցնում է
ջրափոսերի ու արգելակների վրայով,
տալիս դռան զանգը
և հայացքը հառում շշուկներին ու հեկեկոցներին,
որ վախենում են լսվեն։
Բայց շշուկներն այնքան բարձր են,
որ գնացքի սուլոցը լսել չի լինում։

Ես դեռ կայարանում եմ,
իսկ բանաստեղծությունը Խավարանում
զինվորների աչքերից
պաշտպանում է անցած-գնացած մեռելներին։

3. Մի տարի առաջ
բանաստեղծությունն անցավ փշալարերի միջով։
Զինվորները կուրծք-բլուրներն էին հսկում,
շուրթերդ գողացավ,
ձեռքերդ գողացավ՝
մաս առ մաս վերստեղծելով քեզ։

Այս տարի զինվորները
Ոչնչի բարձունքն են հսկում.
մարմինդ գողացել են։

Կայարանում
նստարանս մի մարդ է զբաղեցրել,
որի անունը բանաստեղծությունը չգիտի,
ինչպես չի հիշում անունը քո։

Փամփուշտն ու տաք արյունը
թափանցում են տողերի մեջ,
ոչ մի թուղթ չի կտրի արնահոսությունը։

Կայարանը՝ լի մեռած ուղևորներով,
Հրաձգային ջոկատները,
Կախաղանի պարանները
չեն սպասում ոչ մի գնացքի։

Գերեզմանափորների շշուկը
տալիս է երեք հազար տների զանգը։
Երեք հազար հեծանիվ՝
լքված փողոցներում։

4. Ոչ մի բանաստեղծություն չի առել հրաձգային ջոկատի դեմը,
հրաձգային ջոկատն էլ չգիտի՝
բանաստեղծության որ տեղին նշան բռնի։
Միայն ջրի ու հոսանքի գներն է բարձրացնում,
գները՝ վարձակալության ու հուղարկավորման։
Չեմ կարող կայարանում մեռած երեք հազար հոգու համար ծխախոտ գնել,
բայց կարող եմ նրանց բոլորին կենդանացնել։
Չեմ ուզում բանաստեղծությանը ստիպել՝
նրանց բոլորին գերեզման ուղարկի,
որն այլևս գոյություն իսկ չունի։
Միայն ուզում եմ հիշեցնել, որ
փտել են լքված հեծանիվները,
ու ոչ ոք չի լսելու դռան չընդհատվող զանգը։
Նրանք կայարանում են մնալու,
իսկ թե բանաստեղծությունը կարողանա ամեն ընթերցողից մի տոմս վերցնել,
նրանց առաջին պատահած միակողմանի գնացքը կնստեցնի։

Իմ երկրում երեք հազար մեռելը կայարանում արտասովոր չէ։
Իմ երկրում երեք հազար մեռելը գնացքում արտասովոր չէ։

5. Սահմանային կայարանում
բռնում են մեր լեզուն։
Սահմանն անցնելիս փտում են մեր բառերը,
ես կայարանից դուրս եմ թողել քո ձեռքերը։
Գնացքի սուլոցն ընդհատում է բառերս.
բառերը լցվել են բոլոր խցերով մեկ,
հազար տարվա մղձավանջներ են տեսնում։
Իմ բառերը ջահել են՝
երեսուն տարեկան,
բայց բանտային այս հագուստի տակ
կուտակվել են շերտ առ շերտ։
Դեղինը դպրոցական առաջին կոշիկիս գույնը չէ,
ոչ էլ կարմիրը՝ խնայատուփիս գույնը,
կապույտը՝ առաջին հեծանիվինս։
Բառերը վերնաշապիկիդ գույներով են հասունացել,
նրանք լացող ձիերի երամակ էին,
ծիածան, որ հանում էիր վրայիցդ,
ծիածան, որ կամարակապ եղավ օդում
ու ընկավ ցեխերի մեջ,
ձեռնաշղթաների, խավարի ու «Կրա՛կ» հրամանի մեջ։

6. Հաց ու կաթի համար չեմ կանգնել այս հերթում,
կանգնել եմ, որ լեզուս հանձնեմ,
սահմանն անցնելիս ամեն ինչ թեթևանում է,
կանգնել եմ, որ թարգմանվեմ։

Իմ կողմերում մի հեծանիվ է գնում՝
ջրափոսերի, արգելակների վրայով։
Բանաստեղծությունը հայացքը հառում է կապերին ու շաղկապներին։
Իմ ու իմ միջև հեռավորությունը,
Ես-ից վրա կամ ինձ։
Անձրևում է
կապերի ու շաղկապների վրա,
վերաբերականների վրա։
Անձրևի տակ
ես հեռանում եմ քեզնից,
և հեռավորության մեջ
մեծանում է Խավարանը։

7. Իմ լեզվում
երբ բոլորը հանկարծ լռում են,
մի ոստիկան է ծնվում։
Իմ լեզվում
ամեն մի վախեցած հեծանվի հետևում
երեք հազար մեռածի բառ է նստած։
Իմ լեզվում
փսփսալով են բողոքում,
շշնջալով սև հագնում,
լռությամբ թաղվում։
Իմ լեզուն
լռությունն է։
Ո՞վ կթարգմանի իմ լռությունը։
Ինչպե՞ս անցնեմ ես սահմանը։

Թարգմանությունը  պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Բանաստեղծության պարսկերեն բնօրինակը կարող եք լսել այստեղ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *