
(1939)
Ժողովրդավարության մասին իմ անձնական իմացությունը բխում է մի խոհեմությունից, որը ցանկալի էր ձեռք բերել, և որն ի սկզբանե օտար էր իմ գերմանական բուրժուական-մտավորական ծագմանն ու դաստիարակությանը. դա այն շրջահայացությունն է, ըստ որի՝ քաղաքականն ու սոցիալականը կազմում են մարդկային կեցության մի մասը, և այն ամբողջությամբ հումանիտար խնդիր է, որն արտածվում է ոգուց: Այդ ամբողջությունն ունի վտանգավոր, մշակութային սպառնալիք ներկայացնող բաց, եթե այն զուրկ է քաղաքական և սոցիալական տարրից:
Կարող է տարօրինակ հնչել, եթե ես պարզապես ժողովրդավարությունը նույնացնեմ քաղաքականությանը՝ այն սահմանելով որպես հոգևորի քաղաքական կողմ, որպես ոգու քաղաքականության պատրաստակամություն: Սակայն ես դա արել եմ քսան տարի առաջ՝ «Ապաքաղաքական մտորումներ» վերնագրով ծավալուն գրքում, որտեղ այդ սահմանմանը տվել եմ բացասական նշան և ողջ ուժով հակադրվել եմ նրան, ինչն ես անվանում էի «ժողովրդավարություն»։ Այսինքն՝ մշակույթի և նույնիսկ ազատության անունից հակադրվել եմ ոգու քաղաքականացմանը: Իմ պատկերացմամբ՝ ազատության յուրաքանչյուր դրսևորում բարոյական ազատություն է: Քաղաքացիական ազատությանը վերաբերող հարաբերությունների մասին ես քիչ բան գիտեի և քիչ բան էի ցանկանում իմանալ: Պատերազմական տարիներին գրված գիրքը ինքնահետազոտման, իմ արմատներին ու հիմնարար ավանդույթներին վերաբերող ջանադիր աշխատանքի մի հատված էր. դա քաղաքականապես օտար գերմանական բուրժուական-մտավորական աշխարհի ավանդույթ էր, մշակույթի մի հղացք, որի կաղապարը միավորում էր երաժշտությունը, մետաֆիզիկան, հոգեբանությունը, հոռետեսական էթիկան և անհատական կրթական իդեալիզմը, բայց որը քամահրանքով մերժում էր քաղաքական տարրը:
Ինքնաճանաչումը, եթե բավականին հիմնավոր է լինում, սովորաբար փոխակերպման առաջին քայլն է. ես հասկացա, որ դրանից հետո ոչ ոք չի մնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր: Այդ գիրքն ինքնին՝ ամեն ինչի մասին միաժամանակ խոսելու իր մղումով, ճգնաժամի արտահայտություն էր, որը խորապես անհանգստացնող արտաքին իրադարձությունների հետևանքով ծագած նոր իրավիճակի ծնունդն էր: Մարդու հարցը, մարդկության խնդիրն իր ամբողջությամբ ավելի պահանջկոտ էր, քան երբևէ, և խղճի առջև հառնելով՝ այն ուղղակի խոստովանություն էր, որ ոգին և քաղաքականությունը չեն կարող հստակ տարանջատվել: Գերմանական բուրժուազիան սխալվում էր, երբ հավատում էր, թե կարելի է լինել ապաքաղաքական, մշակութային մարդ, և որ մշակույթը լուրջ վտանգի է ենթարկվում, եթե զրկվում է քաղաքական բնազդից և կամքից: Ժողովրդավարական ճանաչումը սեղմում էր շրթունքները և ցանկանում էր ազատվել դրանից՝ չնայած հակաքաղաքական ավանդույթի բոլոր արգելքներին: Շնորհակալ եմ իմ բարի հանճարին, որ ես այն բաց չեմ թողնում: Որտե՞ղ կլինեի ես այսօր, ո՞ր կողմում կգտնվեի, եթե իմ պահպանողականությամբ մնայի գերմանական ինքնության կողքին, և եթե նրա ոգին ու երաժշտությունն ամբողջությամբ չկարողանային կանխել արևմտյան քաղաքակրթության հիմքերին սպառնացող ցածրագույն մակարդակի իջած բռնության պաշտամունքն ու բարբարոսությունը:
Թե որքանով է գերմանական չարաբաստիկ պատմությունը և դեպի ազգային սոցիալիզմի մշակութային աղետ տանող ճանապարհը կապված Գերմանիայում բուրժուական ոգու ապաքաղաքական բնույթի, հոգևոր և կրթական բարձունքներից քաղաքական ու սոցիալական ոլորտ նրա հակաժողովրդավարական անցման հետ, ինձ համար կրկին ակնհայտ դարձավ, երբ վերականգնեցի իմ կապը գերմանացի մեծ մտածողի և առաջատար գրողի հետ, որն ուժեղ ազդեցություն է ունեցել իմ երիտասարդ տարիներին. նա Արթուր Շոպենհաուերն է:
Այդ արտասովոր գլուխը՝ Նիցշեի նախորդը և հակաինտելեկտուալիզմի ուսուցիչը, հեղափոխական ռեակցիոները, որը գահընկեց արեց բանականությունը և այն դարձրեց «կամքի» մութ մղումները բավարարող էություն և ծառայող գործիք, Հեգելի ամենակոշտ հակառակորդն էր: Նա Հեգելի կողմից քաղաքականության և պետության մեծարումը՝ որպես բոլոր ձգտումների գագաթնակետ, ճանաչեց որպես մեծագույն քաղքենիություն: Իր հերթին նա պետությունը համարեց անհրաժեշտ չարիք և իր անկողմնակալ ու մեղմ չեզոքությունն ապահովագրեց նրանցից, որոնք ստանձնել են ժողովրդին կառավարելու անշնորհակալ առաքելությունը: Ըստ այդմ՝ դժվար է կառավարել խառնակ ռասային, պահպանել օրենքը, խաղաղությունն ու կարգուկանոնը նրանց մեջ, ինչպես նաև պաշտպանել նրանց, որոնք ունեցվածք են ձեռք բերել այն բազմաթիվ մարդկանց հաշվին, որոնք ոչինչ չունեն, բացի իրենց ֆիզիկական ուժից: Հիմա մենք տեսնում ենք այդ ուսմունքի անմարդկային սարսափները, որի անունից պետությունը խեղել է մարդկանց ճակատագիրը, և հասկանում ենք պետության դերի բացարձակացման դեմ ուղղված ապստամբությունը, որի միջոցով, ըստ Շոպենհաուերի, «մեր գոյության բարձր նպատակը լիովին վերանում է տեսադաշտից»: Բայց մի՞թե պետության՝ որպես սեփականությունը պաշտպանող ինստիտուտի ընկալումը նույնքան մոտ չէ «քաղքենիությանը» (միայն թե այլ տեսանկյունից), որքան Հեգելի կողմից պետության աստվածացումը: Եվ արդյո՞ք փիլիսոփայորեն դա չէր նշանակում փոքր կապիտալիստի հեգնական հրաժարումը քաղաքական ոլորտում ցանկացած միջամտությունից, մտքի հրաժարումը ցանկացած քաղաքական կրքից, մարդկային կրքի իրավունքից: Շոպենհաուերի հռչակած կարգախոսն էր. «Ամեն առավոտ շնորհակալ եմ Աստծուն, որ կարիք չունեմ անհանգստանալու Սրբազան Հռոմեական կայսրության համար»։ Կարգախոս, որը կարող էր այդքան ներդաշնակ լինել պետությանը՝ իսկական քաղքենիություն և պեդանտություն. մի կարգախոս, որը հասկանալի չէր, թե ինչպես կարող էր Շոպենհաուերի նման հոգևոր մարտիկը որդեգրել:
Այդ մտքից հրաժարումն, ըստ էության, սխալ է, ինքնախաբեություն. այդկերպ մարդը քաղաքականությունից չի փախչում, նա միայն կրքոտ ձևով հայտնվում է սխալ կողմում:
Ապաքաղաքականությունը պարզապես նշանակում է հակաժողովրդավարություն. այն նաև ցանկանում է ցույց տալ, թե ինչպիսի ինքնասպան ձևով է միտքը հակասում ամեն մի հոգևորին, և դա առավել կրքոտ ձևով դրսևորվում է միայն ծայրահեղ իրավիճակներում: Շոպենհաուերի վարքագիծը 1848 թվականին բնութագրվում էր մռայլ մանրախնդրությամբ և տրագիկոմեդիայով: Նա սրտով բացարձակապես նրանց հետ չէր, ովքեր բավականին ոգևորված էին և հույս ունեին այն ժամանակվա գերմանական հասարակական կյանքին հաղորդել այն ուղղությունը, որը մինչև մեր օրերը հասնող Եվրոպայի ողջ պատմության համար կանխորոշել էր ավելի երջանիկ ընթացք, և որը բխում էր յուրաքանչյուր մտավորականի շահերից. դա ժողովրդավարական ուղղությունն էր: Նա ժողովրդին անվանում էր ոչ այլ ինչ, քան «ինքնիշխան սրիկաներ» և ցուցադրաբար իր հեռադիտակը տրամադրեց իր բնակարանից բարիկադավորներին հետախուզող սպային, որպեսզի նա կարողանա ավելի լավ կրակ բացել նրանց վրա: Սա՞ է այն, ինչ դուք անվանում եք քաղաքականության նկատմամբ առավելություն: Դա պարզապես ռեակցիոն կիրք է, որի հոգևոր պատճառներն, անշուշտ, մեզ համար ակնհայտ են: Շատ հեռու է պետք գնալ՝ քննարկելու, թե որքանով է Շոպենհաուերի հակահեղափոխականությունը տրամաբանական և որքանով է արմատներ գցել նրա մտածողության մեջ և աշխարհայացքում. դա կախված էր նրա տրամադրությունից: Դա մի աշխարհայացք է, որը բխում է էթիկական հոռետեսությունից՝ «խաչի, մահվան և գերեզմանի» տրամադրություն է, որը գործում է հռետորաբանության, ազատության պաթոսից և մարդկության պաշտամունքից բխող հոգեբանական անհրաժեշտությամբ: Այս մտածողը քաղաքական տեսանկյունից հակահեղափոխական է, որը ելնում է մելամաղձությունից և տառապանքի պաշտամունքից, դեմագոգիկ առաջընթացի «անպարկեշտ լավատեսության» նկատմամբ ատելությունից: Ընդհանուր առմամբ նա օրինակելի ձևով մարմնավորում է գերմանական մտավորական բուրժուական մթնոլորտը, որը թվում է չափազանց ծանոթ, չափազանց տնական-գերմանական հենց այն պատճառով, որ այն հոգևոր է: Նրա ներքին բնույթը, նրա պահպանողական արմատականությունը, ցանկացած ժողովրդավարական պրագմատիզմից բացարձակ օտարումը, նրա «մաքուր հանճարը», նրա անամոթ անազատությունը, նրա խորն ապաքաղաքական բնույթն առանձնահատուկ գերմանական հնարավորություն, օրինաչափություն և վտանգ են ներկայացնում:
Գերմանական մշակութային հղացքի քաղաքական ամլությունը, նրանում ժողովրդավարության բացակայությունը սարսափելի հետևանքներ է թողել. այն գերմանական ոգին դարձրել է պետական ամբողջատիրության զոհ, որը զրկում է այն թե՛ բարոյական, թե՛ քաղաքացիական ազատությունից: Եթե ժողովրդավարությունը նշանակում է քաղաքականը և սոցիալականը ճանաչել որպես մարդկային ամբողջականության մաս, պահպանում է բարոյական ազատությունը՝ ներառելով քաղաքացիական ազատությունը, ապա դրա հակառակ կողմը, որում դիալեկտիկորեն վերափոխվում է ոգու հակաժողովրդավարական ամբարտավանությունը, այն տեսությունն ու հիմնականում հակամարդկային գործելաոճն է, որը մարդկային գործունեության մի մասը, այսինքն՝ քաղաքականը, բարձրացնում է մինչև ամբողջատիրության մակարդակի: Այն ոչինչ չի ճանաչում, քան պետության և իշխանության գաղափարը, զոհաբերում է մարդկությանը և մարդկային ամեն ինչ՝ վերջ դնելով ցանկացած ազատության: Գործընթացը թողել է անողոք և ողբերգական հետևանքներ: Գերմանիայում մտքի քաղաքական վակուումը, կիրթ քաղաքացու էլիտար վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ, ազատության նկատմամբ նրա արհամարհանքը, որում նա տեսնում էր միայն արևմտյան քաղաքակրթության հռետորաբանությանը բնորոշ դարձվածք, նրան վերածել են պետության և իշխանության ստրուկի, ամբողջատիրական քաղաքականության պարզունակ գործիքի և հասցրել այնպիսի նվաստացման, որ մարդ զարմանում է, թե ինչպես է նա երբևէ կարողանալու աչքերը նորից բացել համաշխարհային ոգու առջև:
Ենթադրելով, որ նա իր կյանքի ընթացքում ընդհանրապես խուսափում է այդ սարսափելի փորձառությունից, գերմանական ոգին կարելի է պատկերացնել Գյոթեի խոսքերով. «Որտեղի՞ց է սկսվել լավագույն կրթությունը, եթե ոչ քաղաքացուց»։ Եվ եթե նա դեռևս չի կարողանում իրեն պատկերացնել քաղաքացուց բացի մեկ այլ բան և գոյատևում է՝ անկախ ազգային սոցիալիզմ կոչվող լիակատար անարգանքից, ապա կարելի է հուսալ, որ մարդկության՝ քաղաքական նախապատվության նկատմամբ նրա կուրության հետևանքը կարող էր դաժան, բայց ուսուցողական և փրկարար դպրոց լինել նրա համար: Ես հաճախ եմ ասել. նախքան Գերմանիայում իրավիճակը կբարելավվի, պետք է հասնել այն կետին, որ այնտեղ մարդիկ «ազատություն» բառից արցունքներ թափեն: Հիմա նրանք այդ կետից հեռու չեն թվում: Իրականում ի՞նչ են նշանակում ազատությունը, արդարությունը, մարդկային արժանապատվությունը, խղճի անձեռնմխելիությունը. դրանք պարզունակ հեղափոխականության մասին հումանիտար դարձվածքներից ավելին են: Թվում է, թե գեստապոյական պետության վեց տարվա գոյատևումից հետո Գերմանիայի քաղաքացին սկսել է դա հասկանալ: Սակայն որոշ բաներ ավելի հեշտ կորչում են, քան վերականգնվում, և կասկած է հարուցում այն հարցը, որի պատասխանը կախված է ներկա աղետի տևողությունից, դրա բնույթից՝ թե՛ որպես միջանկյալ խաղ, թե՛ որպես դարաշրջան, և արդյոք Գերմանիայի քաղաքացիական ոգին կկարողանա օգտվել իր փորձից: Առայժմ ճակատագիրն իր ընթացքն ունի, և քաղաքականությունից ազատ գերմանական ոգու անկման պարադոքսն ավարտվում է քաղաքական ահաբեկչությամբ՝ այն սարսափելի ֆենոմենով, որին նա՝ հակահեղափոխականը, կարողացել էր ծանոթանալ միայն կրոնական և հոգևոր ոլորտների հեղափոխություններից: Սակայն նա ատում և արհամարհում էր քաղաքական ամեն բան և ստիպված էր դառնալ աշխարհը համակած բացառիկ հեղափոխության սանսկյուլոտի կրողը. մի հեղափոխություն, որը հազիվ թե կարելի է անվանել հոգևոր կամ մարդկային, քանի որ այն ուղղված է այն ամենի դեմ, ինչն Արևմուտքի պատմությունը մեզ սովորեցրել է հասկանալ՝ իշխանության սին քաղաքական գաղափարին ծառայող բոլոր բարոյական հիմքերի բացարձակ և համակարգված քայքայման և ոչնչացման հեղափոխություն:
Սա՛ է գերմանական կոչվող հեղափոխության նպատակը, և ուրիշ ոչինչ. այն չի ճանաչում որևէ հոգևոր, բարոյական կամ մարդկային կապ, բացի իշխանության և հպատակության խելագար ու դատարկ կամքից: Ամեն մի «գաղափար», «աշխարհայացք», դոկտրին կամ համոզմունք պետք է ծառայի միայն որպես ֆոն, պատրվակ կամ խաբեության միջոց՝ բարոյական բոլոր նորմերից զուրկ իշխանությանը նպատակին հասնելու համար: Սա պետք է հատկապես ակնհայտ լիներ նրանց համար, որոնք Գերմանիայում և արտերկրում կարծում էին, թե «ազգային սոցիալիզմի» մեջ կարող են տեսնել ցանկացած կարգից պաշտպանող պատնեշ, նույնիսկ եթե դա վերաբերում է միայն կապիտալիստական տնտեսական կարգին: Այս «հեղափոխության» ժամանակ, եթե Արևմուտքում արժանապատվության զգացումը շարունակի նահանջել, ավելի շատերը կկործանվեն, քան պարզապես կապիտալիստական տնտեսական կարգը ծիծաղելի համարողները. հենց այս կարգին դեմ հանդիման կկանգնեն նրանք, որոնք իշխանությունը պահպանելու և ընդլայնելու համար պատրաստ են լիակատար ցինիզմով ընդունել ցանկացած կարգախոս, ինչպես արդեն հարյուրավոր նշաններ ուղղորդում են՝ ընդունելու այն կարգախոսը, որը խոստացել էր պաշտպանել բուրժուական աշխարհից. դա բոլշևիկյան կարգախոսն է:
Եվրոպական, իրականում՝ համաշխարհային բուրժուազիան, տրվել է այդ «անկողմնակալ», ցանկացած հոգևորի հանդեպ անպատվաբեր, զուտ մարտավարական առումով օպորտունիստական շարժմանը՝ այն համարելով ապահովագրում բոլշևիզմից. մինչդեռ բուրժուազիան դեռևս կառչած է այդ կեղծիքից այն ժամանակ, երբ գործնականում շատ ուշ է սխալը հասկանալու համար:
Աններելի մոլորություն: Ոչ մի առողջ բնազդ երբեք չէր կարող չհասկանալ, որ այդ «շարժումը», որը գնում է առ ոչինչ, և որը, խոստովանենք, սկսվել է տարբեր քողարկումներով՝ լինի դա ազգայնական, թե մանր-բուրժուական մշակութային-պահպանողական, հենց այն է, ինչ բուրժուական երևակայությունը պատկերացնում է, երբ լսում է բոլշևիզմի առասպելական անունը: Ահա այն ամենն, ինչ կարելի է պատկերացնել այդ ապոկալիպտիկ անվան ներքո՝ բռնություն, անարխիա, արյուն, կրակ և ամբոխի կառավարում, հավատի հալածանք, զզվելի դաժանություն, բոլոր հասկացությունների աղավաղում, օրենքի և բանականության անարգանք, ճշմարտության անամոթ, ծիծաղելի և դժոխային աղավաղում, ստորին դասերի հրահրում, պետական կարգի քայքայում և լուծարում: Եվ այդ ամենը, որը տարածվել է ցամաքներով ու ծովերով, աշխարհի բոլոր անկյուններում ականապատվում է փողով, կաշառակերությամբ, խլացնող համոզմունքներով, անվերջ լրտեսությամբ և քարոզչությամբ, մինչև ամենուրեք ձախողվում է դիմադրությունը, կարգուկանոնը՝ խախտվում, և երկիրը վերածվում է ազատության համար միապաղաղ գերեզմանի, որի վերևում ծածանվում է անմիտ ստրկության դրոշը՝ ազգային սոցիալիզմը, որը հենց բոլշևիզմն է: Եվ եթե տեղի ունենան ավելի ավերիչ ու բարբարոսական պատերազմներ, քան Երեսնամյա պատերազմն է, և դրանք տարածվեն Եվրոպայով մեկ՝ այն մասնատելով և դարեր շարունակ հետ մղելով, նա՝ մարդկության թշնամին, կլինի դրանց հրահրողը:
Մարդկության թշնամին: Ահա թե որքան հեռու է գնացել գերմանական ոգին՝ քաղաքականության նկատմամբ իր քամահրանքով և գերմանական մտքից ու ոգուց բխող հպարտ հակաժողովրդավարական տրամադրություններով, մինչև այն աստիճան, որ այդ սարսափելի և ամոթալի անունը, նզովյալ անունը դարձել է դրա մի մասը: Նա երբեք չի երազել այդ մասին և հավատում է, որ երազելով դա կիրականանա: Եվ, այնուամենայնիվ, սա իրականություն է: Քաղաքականության՝ հումանիտար խնդիրները ճանաչելուց հրաժարվելը հանգեցրել է քաղաքականության նկատմամբ սարսափի, իշխանության ստրկության, ամբողջատիրական պետության: Նրա գեղագիտական բուրժուական մշակույթը զգացմունքների, միջոցների և նպատակների այնպիսի բարբարոս պտուղ է տվել, ինչպիսին աշխարհն երբեք չի տեսել: Եվ հենց ցանկացած ազատագրական հեղափոխության դեմ գերազանցության շնորհիվ է, որ նա դարձել է կատաղի հեղաշրջման գործիք՝ արևմտյան ողջ բարոյականության և քաղաքակրթության հիմքերին ու հենասյուներին սպառնացող անարխիկ ամբողջատիրական հեղափոխություն, որի հետ անցյալ ժամանակների ոչ մի հումանիտար ներխուժում չի կարող համեմատվել:
Նա կարող էր հակաժողովրդավարական վարք դրսևորել, քանի որ չգիտեր, որ ժողովրդավարությունը նույնականացվում է այդ հիմքերի և հենասյուների հետ, և որ դրանք ոչ այլ ինչ են, քան արևմտյան քրիստոնեության քաղաքական դրոշմ, և որ քաղաքականությունն ոչ այլ ինչ է, քան ոգու բարոյականություն, առանց որի այն ոչնչանում է: Մենք ուզում ենք հայտարարել. մինչ արտաքուստ ժողովրդի կյանքում սկսվել է քաղաքակրթական հետընթացի, անարժան պայմանագրերի, անօրինականության, բարի կամքի և հավատի փլուզման դարաշրջան, ոգին մուտք է գործել բարոյական դարաշրջան, այսինքն՝ հստակեցման, բարու և չարի միջև հավակնոտ տարբերակման դարաշրջան: Սա իրեն վերստին բարբարոսացնելու և երիտասարդացնելու ձևն է: Այո՛, մենք արդեն գիտենք, թե որն է բարին և չարը: Չարը մեր առջև այնպիսի մերկությամբ և ստորությամբ է հառնել, որ մեր աչքերը բացվել են բարության, արժանապատվության և պարզ գեղեցկության հանդեպ, որ մենք համարձակվել ենք խոստովանել այն և չհամարել մեր բանականության կողոպուտը: Մենք կրկին համարձակվում ենք օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ազատությունը, ճշմարտությունը և արդարությունը. անբարոյականության ավելցուկը մեզ զրկել է դրանց նկատմամբ մեր սկեպտիկ ամաչկոտությունից: Մենք այդ կերպ ընդդիմանում ենք մարդկության թշնամուն, ինչպես ժամանակին մի վանական խաչն էր պահում անհանգիստ սատանայի առջև. այն ամենին, ինչին ժամանակը մեզ ստիպում էր դիմանալ, բազմապատկվում է հոգու նորացման երջանկությամբ՝ հայտնվելու իրեն հավերժ վերապահված դերում. Դավթի դերում՝ ընդդեմ Գողիաթի, Սուրբ Գևորգի պատկերով՝ ստի և բռնության վիշապի դեմ:
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի
