Իլլնեաս | Նախքան ինչ-որ մեկին դատելը

Իլլնեասը Սալոնիկում բնակվող հույն ռեժիսոր և բանաստեղծ է։
Ներկայումս իր պոեզիայի տեսանյութերը տեղադրում է YouTube-ում և տարբեր սոցիալական ցանցերում՝ միաժամանակ փորձարկելով այլ նախագծեր։

 

Եթե մենք քո մանկության մասին պոեմ գրեինք, կարո՞ղ ենք գնալ և ապրել այնտեղ,
Պոեմ՝ կորած գնդակների, զինվորիկների և անվերջ ամառների մասին,
Եթե վախենում ես մեծանալուց, մենք կարող ենք թաքնվել առավոտյան մուլտֆիլմների և շիլայի հատվածում,
Եթե ատում ես աշխատանքդ, կարող ենք պահմտոցի խաղալ և թաքնված մնալ,
Եթե միայնակ ես զգում, կարող ես վերապրել քո ամենաջերմ ձյան օրը։
Արի գրենք այն մասին, թե ինչքան ենք ատում մեծահասակներին և հուսանք, որ ժամանակը կանգ կառնի։
Արի գրենք տղաների մասին, որ գիտեն ինչ զգալ և աղջիկների մասին, որ վարդագույն չեն կրում մինչև ինքնության պատրանքը մեր երազանքների պես փշրվի,
Այս պոեմը ափսոսանքների և վատնված պոտենցիալի մասին չէ,
Այս պոեմը մեր նոր տունն է՝ քո բազմոցի բարձերով,
Գրկախառնությունների և քո ընկերների մասին հատվածներով,
Արի գրենք քո լաց լինելու պահերի մասին, և թե ինչպես է այն հղկել քեզ,
Արի ստեղծենք պատմություն քո խիզախության և կապտուկների մասին, և թե ինչպես աշխարհի խուլիգանները երբեք չեն համարձակվի նայել աչքերիդ մեջ,
Արի ապրենք հին հեծանիվների, քերված ծնկների, առաջին համբույրենրի և մոռացված օրորոցայինների մասին պոեմում,
Մանկությունը երբեք էլ անհոգության և անսահման հնարավորությունների մասին չի եղել,
Այլ պարզապես ավելի բարի աշխարհներ կառուցելու ունակության մասին,
Եթե գրեինք անծանոթի մանկության մասին պոեմ, կապրեի՞ր այնտեղ,
Հավանաբար կգրեիր անընկեր առավոտների կամ վատնված պոտենցիալների մասին,
Տողեր՝ անպատասխան սիրո մասին, Երևի ստիպված կլինեիր հանգավորել բռնությունն անմեղության հետ,
Կարո՞ղ ես տեսանելի և անտեսանելի սպիերի մասին փոխաբերություններ հնարել,
Ալկոհոլի հոտի և ճիչերի արձագանքնրի մասին,
Պատրաստ եղիր գրել մահվան կամ բռնության մասին,
Քո պամությունը, հնարավոր է, ընդգրկի առաջին ներշնչումները պատերազմում
Կամ վերջին ներշնչումները ինչ-որ տեղ աշխարհում,
Նկատի ունեցիր, որ հնարավոր է գրես կոտրվածների մասին, որոնք դարձան իրենց ծնողերից վատը
Կամ կոտրվածների մասին, որ այդպես էլ չհանդիպեցին իրենց ծնողներին,
Մենք ձևավորում ենք հասարակություն արդարության և բալանսի մասին,
Բայց կարծես մոռանում ենք, որ մեր չափահասությունը ազդում է մեկ ուրիշի մանկության վրա, Մենք քայլում ենք այս աշխարհով՝ համոզված, որ այս խաղը երբեք արդար չի լինի, չնայած երբեք չենք փորձել ուղղել այն,
Բայց սարսափի և քնքշության միջև
Այն քիչ մարդիկ են, որոնք առերեսվել են վատին և կարողացել են փոխել պատմությունը,
Մարդիկ, որոնք հրաժարվել են ավելի վատը դառնալ, երբ նրանցից հենց դա էին սպասում, Խիզախ ոգիները, որ ոչնչից ինչ-որ բան են ստեղծել,
Մենք սրա մեջ միասին ենք, բայց մեզնից յուրաքանչյուրն ուրիշ խաղ է խաղում,
Որոշ մարդիկ ծանր ստվերներ են կրում, մյուսները ավելի մեծ հնարավորությունների դեմ են խաղում, քան՝ դու և հաղթում են,
Երբ այս մարդիկ ժպտում են,տիեզերքը ժպտում է նրանց հետ, նախքան ինչ-որ մեկին դատելը, մտածիր այդ մասին։

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *