Թեպետ պոեզիան միշտ առաջատար տեղ է գրավել ադրբեջանական ժողովրդի գեղարվեստական մտածողության մեջ, երկիրն ունի արձակի այնպիսի վառ ու լայնորեն հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մ. Ֆ. Ախունդովը, Ն. Նարիմանովը, Ա. Խաքվերդիեւը, Ջ. Մամեդկուլիզադեն, Յու. Վ. Չամանզամինլին, Ի. Շիխլին։ Խորհրդային իշխանության յոթանասունամյա ժամանակաշրջանում արձակը, ինչպես եւ արվեստի մյուս բոլոր ձեւերը, վեր էր ածվել ռեժիմի գաղափարական զենքի, որի հիմնական առաքելությունը «մասսաների բոլշեւիկյան դաստիարակությունն էրե։ Համարյա 40 տարի արձակագիրների մեծ մասը ձգտում էր քայլել ժամանակին համընթաց՝ հարմարվելով նրա պահանջներին, փոքր մասը գերադասում էր պարզապես լռել, եւ միայն ոմանք համարձակվեցին իրենց կյանքի գնով բողոքել։
Ադրբեջանական նոր գրականությունը սկսեց ձեւավորվել անցյալ դարի 60-ական թվականներին՝ մի ողջ սերնդի մուտքով գրականություն։ Այս նորացման հիմքը (գրականության ապաիդեոլոգացումը այնքանով, որքանով դա հնարավոր էր այն ժամանակներում) դրվեց դեւռեւս 50-ական թվականների վերջերին` Իսա Հուսեյնովի կողմից։ Նրա արձակն անմիջապես ուշադրություն գրավեց նոր ոճով, ձեւերով ու կերպարներով։ Իսա Հուսեյնովի վիպակները համեմատվում էին Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունների հետ, իսկ հետագա տարիներին գրված «Դատաստանի օրըե, «Իդեալե եւ «Հավերժությունե վեպերը բացարձակապես նոր մտածողության եւ գրողական մեծ տաղանդի արդյունք էին։
60-ական թվականներին գրական անդաստան իջած գրողները՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի շրջանավարտներ Աքրամ Այլիսլին, Յուսիֆ Սամեդօղլուն, Անարը, Ռուստամ եւ Մաքսուդ Իբրահիմբեկովները, Էլչինը, Բաքվում կրթություն ստացած Սաբիր Ահմեդլին, Իսի Մելիքզադեն, Մովլուդ Սուլեյմանլին ձեւավորեցին ադրբեջանական նոր գրականության դեմքը եւ նրա զարգացման ուղիները։
Նոր ձեւերի եւ ոճի, նոր կերպարների եւ գրականության նոր լեզվի փնտրտուքը բացատրվում է նաեւ նրանով, որ իդեոլոգիական գրաքննությունը դեռեւս մնում էր, եւ «արգելվածե թեմաների դիմող գրողներին խստիվ պատժում էին։ Ա. Այլիսլիի կոլորիտային լեզուն, Անարի՝ իր «խռովարարե մտքերը տողատակերում արտահայտելու հմտությունը, Յու Սամեդօղլուի՝ վարպետորեն հոգեբանական տրամադրություն ստեղծելու կարողությունը, Էլչինի կիրառած ձեւերի բազմազանությունը, Ս. Ահմեդլինի մտածողության լայնությունը, Ի. Մելիքզադեի յուրօրրնակ քնարականությունը պայմանավորեցին ադրբեջանական նոր գրականության հաջողությունը։ Իսկ Ռուստամ եւ Մաքսուդ Իբրահիմբեկովների պատմվածքները, որ քաջ ծանոթ են ռուսալեզու ընթերցողին, արձակը մոտեցրին կինեմատոգրաֆին, միահյուսեցին դրանց տարրերը։
Երբ սկսվեց 1988 թվականի ժողովրդական շարժումը, 60-ականների գրականության ներկայացուցիչներն ամբիոն բարձրացան։ Մարդիկ հավատում էին նրանց եւ ցանկանում էին նրանց լսել խոսքը։ Երիտասարդ քաղաքական գործիչների հետ Յու. Սեմեդօղլուն, Անարը, Ս. Ռուստամխանլին, Խ. Ռզան իրենց վրա վերցրին ժողովրդի ձգտումներն արտահայտելու առաքելությունը։ Յու. Սամեդօղլուն ներկայացված էր Ադրբեջանի ժողովրդակն ճակատի ղեկավար կազմում, Անարը ջանում էր Ադրբեջանի ձայնը հասցնել մոսկովյան իշխանություններին, Ս. Ռուստամխանլին եւ Խ. Ռզան միտինգային շարժման ակտիվ ղեկավարներից էին։ Մոտավորապես նույն ժամանակներում հասունացավ ադրբեջանական արձակի նոր սերունդը, որ պայմանականորեն անվանվում է «80-ականների սերունդե։ Այսպիսով, նոր ձեւերի, ոճի, արտահայտչամիջոցների, կերպարների փնտրտուքը հանգեցրեց ադրբեջանական գրականության մեջ նոր պրոզայիկ մտածողության վերջնական ձեւավորմանը։
Այս կայքում ներկայացված հեղինակների մի մասը՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի շրջանավարտներ Սաֆար Ալիշարլին, Սադայ Բուդաղլին, Բաքվում ապրող եւ ստեղծագործող Էյվազ Ալազօղլուն, Աֆաղ Մասուդը, Ալաբասը, Նարիման Աբդուլռահմանլին հենց այդ սերնդի ներկայացուցիչներ են։ Իսկ հեղինակների մյուս մասի՝ Ռաշադ Մեջիդի, Յաշարի, Ֆախրի Ուղուրլուի, Գյունել Անարգըզիի, Գուրբան Յաղուբօղլուի, Սամիր Սադահաթօղլուի ստեղծագործական ակտիվության տարիներն արդեն համընկնում են երկրի անկախության ժամանակաշրջանին։ Այստեղ ժամանակակից ադրբեջանական արձակի պատկերն ընթերցողին է ներկայացվում հենց նրանց ստեղծագործություններով։