Նիհաթ Օզդալ | Կոճակներ

 

Լուսանկարը՝ Ջերրի Ստոլվիժքի (Jerry Stolwijk)

Նիհաթ Օզդալը ժամանակակից թուրք գրականության ինքնատիպ գրողներից մեկն է:
Ծնվել է 1984 թ. Եփրատի ափին՝ Հալֆեթիում(Ուրֆա), որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչև օրս:
Ծագումով հայ բանաստեղծը 6 ժողովածուի հեղինակ է: Բանաստեղծությունները՝ թարգմանաբար և բնագիր, տպագրվել են թուրքական և արտասահմանյան մի շարք գրական պարբերականներում:
Ստորև ներկայացվող բանաստեղծություններն ընտրված են «Կոճակներ» (Düğmeler, Yasakmeyve, 2015) գրքից, որը «Մաշկ» (Deri, Yasakmeyve, 2017) և անտիպ «Կոորդինատներ» գրքերի հետ միասին կազմում է մեծ հետաքրքրություն առաջացրած եռապատում:
Ի դեպ, «Մաշկ» ժողովածուի համար Ն. Օզդալն 2017 թ. արժանացել է «Ոսկե դափնի» գրական մրցանակին:

 

իններորդ կոճակ

Գիշերվա ամեն շարժում տեսանելի դարձնող
լուսնի փուլերի նման
կոճակներն ամեն անգամ չեն կոճկվի նույն հերթականությամբ։

 

տասնմեկերորդ կոճակ

Արձակի՜ր կոճակներդ.
փքվեցին քամիներից կիսված առագաստները…

 

տասներեքերորդ կոճակ

Լաքան, որ մկրատն անզոր էր քավել,
չես կարող համարել անցած.
օձիքիս մոխրահար նախշերը
շրթներիդ՝ ծաղկած այգիներին սպասեցին…

 

քսանչորսերորդ կոճակ

Ինձ հասկանալու անկարողությունիցդ ցավում,
կոճակներն եմ պոկում՝ երբեմն…
Հասկանալը միշտ մի լամբակի սխալ է սոսկ.
ակներդ շատ սիրուն էլ լինեն՝ ձեռքդ կարող է արնահոսել:
Մենք վարպետ դերձակների վաղամեռիկ կտորներն ենք…

 

երեսունհինգերորդ կոճակ

Ամպերի կուտակման ընթացքն է փոխվում հստակ կորերից.
ափերիդ մեջ սալորածոր նախշեր գտա:
Ինձ երկու ճամփի վրա
ցույց տվիր ցամաքները, որ
նախքան ձիերը՝
բաժանված էին միայնության վերքերի:
Գետն անցանք առանց լույսի՝
առաջին խոնավության գյուղում:

 

Թարգմանությունը թուրքերենից՝ Կարոլինա Սահակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *