Նազիկ Հակոբյան | Նրա հոգսը

Եթե պատմությունն անկյուններ չունենար,
կգլորեի ցած, թող փշրվեր ձնագնդի նման:

1.
Տղան կախվել է ծառից, ճոճվում է՝ ամբողջ ծանրությունը՝ ձախ ձեռքին, ու կոտրած ատամները բացած՝ ծիծաղում: Ճյուղը ճկվում, նրան հասցնում է մինչև հողն ու նորից վեր թռցնում: Իսկ դեղնած տերևները փշրվում են գլխին ու ուսերին: Բոլոր աղջիկները կռանում են, գետնից փտած խնձորները հավաքում, նետում նրա կողմը: Զարմանում եմ: Եթե այդքան վախենում են, որ ծառը կկոտրվի, կամ նա ոտքերը կկոտրի, ինչո՞ւ են խնձորներով խփում՝ հետն էլ այնպիսի ծղրտոց արձակելով, որ շատ էի ուզում ականջներս փակել ափերով: Նա շարունակում է ծիծաղել, մինչև որ մի խնձոր չի հարվածում այտին: Ձեռքը պոկում է ճյուղից, թմփում գետնին ու նույն ոգևորությամբ սկսում լաց լինել: Աղջիկների խումբը ծիծաղում է: Շատ եմ ուզում մոտենալ նրան, բայց քաշվում եմ, վախենում, որ ինձ էլ կծաղրեն: Ոչ ոք նրան չի սիրում, ես՝ նույնպես: Բայց խղճմտանքը կծկվում է կրծքիս տակ, ու մի անհամարձակ քայլ եմ անում դեպի խոտի ու թաց գետնի վրա նստած տղան: Հորս ձայնը շեղում է ինձ: Նա մեքենայի թափքը բացել, կանգնել է դեպի բաղերը տանող ճանապարհին: Ընկերուհիներս ճչալով, իրար հերթ չտալով, մոտենում եմ հորս, սկսում բողոքել Հակոբի պահվածքից: Ես մեխվել եմ տեղումս, վիզս թեքել դեպի հայրիկն ու մեքենայի շուրջը խմբված աղջիկները: Հայրս մոտենում է մեզ: Հետո թույլ ժպտալով ձեռքը մեկնում զռռացող տղային.
-Եկեք տուն տանեմ ձեզ: Չե՞ք տեսնում՝ օրը մթնում է: Դուք երևի դաս էլ չեք սովորել:
Հակոբը ձգվում-բարձրանում է, շապիկը խոթում տաբատի գոտու տակ: Նրանք երկուսով առաջ են ընկնում: Ես քայլում եմ նրանց հետևից: Երբ, մեքենայի ետնամասում նստած, հանկարծ նկատում եմ կողքիս տեղավորված տղայի հայացքը, նեղվում ու փշաքաղվում եմ զայրույթից: Ուզում եմ չնայել երեսին, բայց նրանից փչող թթվահոտը ստիպում է շրջվել: Այտին փտած խնձորի հետք կա: Քիթը կճատ է, աչքերը՝ մանրիկ, շուրթերը՝ հաստ ու կարմիր: Խոզի դեմքով իմ դասընկերը ինձ տաք հայացքով է նայում, որը երբեք չեմ մոռանա: Ժպտում է, ատամները՝ տգեղ, նոր բուսնած բեղերը՝ ժանգագույն: Ես ետևի լուսամուտից դուրս եմ նայում, իբր շրջվել էի այդ կողմը նայելու: Մայրամուտը հրե գնդով սարերից իջել է խոտի դեզին, հրդեհել ու ինքնագոհ սահում է դեպի թզուկ խնձորենիները: Փորձում եմ բանաստեղծական երկտող հիշել, չի ստացվում, հետո հորինելու փորձ եմ անում, նորից չի ստացվում: Հայացքիս առաջ նրա այտի թթվահետքն է ու մանրիկ աչքերի սուր հայացքը:
Երբ նա իջավ իրենց տան մոտ, հայրիկն ու ես նույն հայացքով ճանապարհեցինք: Ինձ թվա՞ց, թե՞ հայրիկն իսկապես հառաչեց: Ես կամաց հարցրի.
-Ծեծելո՞ւ են:
-Դժվար,- ձայնը դողաց:- Այ, եթե հագուստը մաքուր մնար, երևի ներեին: Շատ չարաճճի է, բայց կփոխվի, հենց մեծանա: Այսպիսի երեխաները լավ մարդ են դառնում, եթե, իհարկե…
Չէի հասկանա, թե հայրս ինչ կասեր հետո, եթե միտքը շարունակեր, բայց ուզում էի, որ այդ «եթե»-ն չասեր:
Մենք տուն ենք հասնում: Սրտիս մի բան է ծանրացել:
2.
Դասի չէի գնացել, բկաբորբով ջերմում էի: Բայց ոտքի վրա վազվզում էի տնով մեկ՝ տրամադրությունս բարձր: Մայրիկը խնդրեց՝ խաղալիքները չթափթփեմ, ես զգույշ մի անկյունում հավաքեցի տիկնիկներս ու սկսեցի մտքում խճանկարի նման դասավորել հերթական պատմությունը: Հետո ձանձրացա, գնացի խոհանոց: Հայրիկը լոբապուր էր խնդրել: Սեղանին՝ դեղին թասի մեջ, տռզել ու տրաքել էին կարմիր հատիկները: Ես շատ էի ուզում մի բուռ վերցնել: Մայրիկը թույլ տվեց՝ ընդամենը հինգը: Հաշվեցի հինգ հատ, ափիս մեջ պահեցի ու բաց դռնով անցա բակ: Մայրիկն ասաց.
-Աշուն է, բայց արևն այրում է ամառվա կրակով:
Հասկացա՝ ինքն իրեն բարձրաձայն համոզում է, որ չեմ մրսի: Մեր բակը ոչ մեկի բակին նման չէր: Մաքուր ավլած էր, կոկիկ: Հավեր, ծառեր չունեինք: Մեկ երրորդը մայրիկը ծաղկանոց էր դարձրել: Իսկ ամենատարբերվողն այն էր, որ ոչ շան բուն ունեինք, ոչ էլ շուն: Բակեր կային, որ շան սատկելուց հետո բունը մի անկյունում մնացել էր:
Լուռ անցա պատի տակով: Լոբահատիկները պարզեցի արևին: Մեկի վրայի կաշին վերնաշապիկի օձիքի նման հետ ծալվեց: Օդի մեջ քամի կար: Ես անհանգստացած նայեցի դեպի խոհանոցի լուսամուտը: Մայրիկը հանկարծ տուն չկանչի: Նույն պահին դարպասի դուռը կամաց ճոճվեց: Լոբահատիկները ափիս մեջ՝ քայլում եմ ու ստվերի նման սահելով` փողոց դուրս գալիս: Արևից նախորդ օրվա ցեխը չորացել է, ճանապարհը՝ ամրացել անցորդների ու մեքենաների անցուդարձից: Աջ կողմում դեռ երկու ափաչափ ջրափոս կա: Մոտենում եմ, ծալում ծնկներս: Տատանվող ջրի մեջ մի կտոր իմ դնչից ու քթից է երևում, հետո վզիս կապած շարֆի պոչերը քամուց ծածանվում են դրոշակի նման: Ջուրը ճոճվում է՝ շարֆիս կանաչ գույնը գրկած: Ուղղվում եմ, քայլում առաջ, հասնում Հակոբենց տանը:
Նրանց տնից միշտ վառած սոխեռածի հոտ է փչում: Դրանից սիրտս խառնում է ամեն անգամ: Հանկարծ տեսնում եմ նրան՝ մեծ ընկուզենու ստվերում կանգնած: Ինչո՞ւ դպրոցում չի: Դիմացը հին մանկասայլակով քույրն է: Նրան երբեք մոտիկից չեմ տեսել: Ասում են՝ նորմալ աղջիկ չէ: Քայլում եմ նրանց կողմը: Մեծ աղջիկ է՝ շեկ, թափթփված մազերով: Ինչո՞ւ է սայլակի մեջ: Նայում, տեսնում եմ՝ ոտքերն ու ձեռքերը ծռմռված են, ճյուղերի նման անճոռնի ու բարակ: Ինձ թվաց, որ նա իմ հասակակիցը կլինի:
Սայլակի մաշված, ճաքած կաշին կեղտից կորցրել է գույնը, աղջկա ծանրության տակ կպել գետնին: Ինձ տեսնելով՝ սկսեց կոկորդից տարօրինակ ձայներ հանել: Ծնկներս դողացին: Առաջին մղումով ուզում էի հետ դառնալ ու վազել, բայց հանկարծ տեսա Հակոբի երեսը՝ սփրթնած, այլայլված, ավելի մեծ վախով, քան ես էի այդ պահին ապրում: Մի մեծ ու կարևոր բան ինձ պահեց տեղում: Խղճացի տղային, լոբահատիկներից ազատ ձեռքս օդում թափահարեցի ու, ձայնիս դողը զսպելով, հարցրի.
-Դո՞ւ էլ ես հիվանդ:
Տղան թոթվեց ուսերը: Մոտեցա: Ինքս էլ չգիտեմ՝ ինչն էր ստիպում մոտենալ սարսափիս: Հակոբը շփոթվեց, առաջ քշեց սայլակը, եկավ ընդառաջ: Կարծես չէր ուզում՝ մոտենայի տանը: Մարմինս վախից սառել էր: Լոբահատիկներն ամուր սեղմել էի ափիս մեջ:
-Արի փողոցի վրա կանգնենք:
Նա ինձնից առաջ անցավ, ես շրջվեցի, քայլեցի նրանց հետևից: Սայլակը կաղ էր, քնձռոտ, աղջիկը օդի մեջ ծռմռում էր թևերն ու գոռում: Նրանց երկուսի հագուստն էլ կեղտոտ էր: Նույն պահին նրանց տան կողմից թիկունքս դաղեց տղամարդու հայհոյանքը: Ամեն բան հասկացա: Արագացրի քայլերս: Կանգնեցինք փողոցի վրա: Կողքի տան դարպասը ճռռաց, Արաքս տատը դուրս եկավ, կանգնեց դռան շեմին:
Հակոբն անհանգստացած նրա կողմը նայեց.
-Զզվում եմ էս պառավից:
-Չի կարելի էդպես խոսել տատիկի հասցեին:
-Բա ի՞նչ անեմ,- Հակոբը համարյա բղավեց երեսիս,- դուրս ա էկել, որ բամբասանք հավաքի:
Ես նայեցի Արաքսի կողմը. սառել-մնացել էր տեղում, այտը հենել չաղլիկ ափին:
-Արի գնանք,- Հակոբը աղերսով նայեց երեսիս,- քայլենք բաղերի կողմը:
Ուզում էի մերժել: Բայց ո՜նց էի խղճում տղային:
-Արի՛…
Մտածում եմ՝ մայրիկն ինձ պատժելու է, հետո էլ երեկոյան հայրիկին պատմի: Ու նույն պահին նորից խիղճս… Բա Հակո՞բն ինչ ասի: Իրենց տունը գյուղով մեկ խայտառակված է հարբեցող հոր պատճառով: Երբ նախորդ աշնանը քաղաքից այստեղ տեղափոխվեցինք, առաջին լսած բամբասանքը նրանց ընտանիքի մասին էր: Կողքից նայեցի Հակոբի՝ խոզի դունչ հիշեցնող կիսադեմին: Միայն կողքերից կախվող ականջներն էին պակասում: Նորից խղճացի ու ամաչեցի. գոնե սիրուն տղա լիներ:
-Մաման ինքն իրեն կպաշտպանի: Ես Ալիսին հանում եմ, որ չտեսնի՝ ոնց են վիճում:
-Հա:
Աղջիկն իր անունը լսել էր ու երեսը բարձրացրել եղբոր կողմը: Մի աչքը՝ արևից կկոցած, քիթ ու բերանը՝ անլվա: Ցնցվեցի, գլուխս կախ շարունակեցի քայլել:
Ճանապարհից անցանք դեպի խոտածածկ բլրակը: Աշուն էր, բայց կանաչ էր ծլել, անուշ կանաչ: Հակոբը կենտրոնացած հրում էր սայլակը: Լուռ հասանք առաջին ծառերին: Նա կանգնեցրեց սայլակը, կռացավ, քանդեց կապերն ու, նորից ուղղվելով, թեքեց սայլակը՝ բեռի նման գետնին թափելով աղջկան: Քիչ մնաց ճչայի: Հակոբը մի կողմ հրեց սայլակը, բռնեց ձեռքս, ափը փշոտ էր, կոշտուկներով։ Տարավ հասցրեց ծառերից մեկին ու, առանց երեսիս նայելու, ասաց.
-Թող մեջքով լինի, մեզ չտեսնի: Մի քիչ հանգստանամ:
Անհանգստացած նայեցի Ալիսի կողմը: Նա թեթևակի ջղաձգվում էր՝ փորձելով վերջույթները մարմնի տակ տեղավորել: Հակոբը նստեց ծառի տակ, ձեռքի ափերով ուղղեց մազերը: Լուռ նստեցի նրա կողքին: Այդ պահին նրան չէի ճանաչում: Միշտ, ամեն անգամ, երբ նրան փողոցում կամ դպրոցում տեսել եմ, մտածել եմ՝ ե՞րբ է մեծանալու այս տղան: Հիմա նա շատ մեծ է՝ հանգիստ շարժումներով, շատ խորը ինքն իր ներսում փակված: Նորից նայեցի Ալիսին: Կարծես աղջկա համար այդպես հարմար էր: Հետո փորձեցի շեղել միտքս, հանգիստ ձևանալ: Նայեցի շուրջս. ամեն բան այնքան ծանոթ էր, բայց այնքան այլկերպ էի ընկալում ու տեսնում: Ի՞նչն էր փոխվել:
Ալիսի նվվոցը ստիպեց նորից նրա կողմը նայել: Բարակ շապիկը քամուց թրթռում էր մեջքին՝ երբեմն հարթվելով ու ընդգծելով ողնաշարը, տափակ տուտուզը հին ռետուզի մեջ, ոտքերը՝ մաշված հողաթափերի: Նրան էլ խղճացի, բայց պատկերացրի, թե Հակոբի համար ինչքան դժվար է քրոջը խնամելը: Տղան երևի զգաց իմ ապրումները, ավելի կախեց գլուխը:
-Դպրոցում էրեխեքին բան-ման չպատմես էլի, Սա՛թ:
-Չէ,- ներքուստ շատ վիրավորվեցի: Նույնիսկ ամենամոտ ընկերուհուս՝ Սեդային, չէի պատրաստվում պատմել տեսածս:
-Դու միշտ նրան խնամո՞ւմ ես:
-Հա, բա ի՞նչ անեմ: Մաման չի հասցնում: Շատ ա պատահել՝ նրան ծեծել ա նեղվածությունից: Ո՜նց ա լացում Ալիսը, սիրտս չի դիմանում: Նայի, ինքը մյուս աղջիկների նման սիրուն լիներ, առողջ, նորմալ, հագնվեր-սանրվեր, գնար դպրոց: Մեղք ա, չէ՞:
-Հա, շա՛տ: Բա ինչի՞ բժշկի չեք տանում:
-Փոքր ժամանակ տարել են, օգուտ չի եղել: Սենց էլ մնալու ա: Հերս շատ ա ուզում տանենք հանձնենք:
-Ո՞ւր հանձնեք,- զարմանքից ծնոտս կախվեց:
-Հիվանդանոցի նման տեղ կա, սենց էրեխեքին պահում են:
-Հա՜…
Ո՜նց էի ուզում տեղիցս ելնեի ու փախչեի: Պատկերացրի մի վայր, որտեղ շատ այսպիսի երեխաներ կային: Սարսափ: Լոբահատիկները շարժվեցին ափիս մեջ: Մատներս ետ տարա, ափս քրտնած էր, հատիկներից երկուսը՝ կոտրված: Երևի սեղմել էի շատ:
-Էդ ի՞նչ ունես:
Հակոբը հետաքրքրությամբ առաջ հակվեց: Ես նրան պարզեցի հատիկները:
-Սերմացո՞ւ են:
-Ի՞նչ:
-Հա, մոռացել էի, դու քաղաքից ես:
-Հետո ինչ, ես հո գիտեմ՝ սերմը ինչ է:
-Բա ինչի՞ են տրաքած:
-Մաման ուզում էր եփեր:
Հակոբը նորից ծիծաղում էր, իր սովորական, կոպիտ, անբնական ծիծաղով: Ավելի չսիրեցի նրան: Ալիսը խռխռաց, անհանգիստ շարժվեց: Հակոբը անմիջապես լռեց, ափը դրեց բերանին.
-Մոռացել էի, սուս մնանք:
-Հա:
Նա զգույշ կեղտոտ եղունգը մոտեցրեց հատիկներից մեկին, հրեց: Ինձ թվաց՝ հատիկը ճոճվում է: Լոբի շատ էի սիրում, խաշած լոբի:
-Որ Ալիսին տուն տանես, արի գնանք մեր տուն, լոբով ճաշ ուտենք,- ինձ համար էլ անսպասելի էր ասածս: Երևի ուզում էի ինչ-որ լավ բան անել տղայի համար:
-Բա էս հինգ հատը չե՞ք եփելու,- տղան հաստատ շփոթվել էր իմ առաջարկից:
-Չէ, ինձ եմ վերցրել:
-Դե արի թաղենք:
-Ինչի՞,- թաքցրի լոբահատիկները ափիս մեջ:
-Թող ծլեն, դառնան լոբու թփեր, մեծանան, վրան շատ լոբիներ աճեն:
-Բա հիմա ցուրտ չի՞:
-Չէ, տես՝ ինչ լավ արև ա:
Նա ոգևորված նայեց շուրջը, ճյուղ գտավ, սկսեց հողը փորել հենց մեր ոտքերի մոտ: Երբ թեյի գավաթի խորությամբ փորել էր, սպասողական նայեց դեմքիս: Հասկացա, որ հարկավոր է լոբիները լցնել փոսի մեջ: Հատ-հատ գցեցի երեք հատիկները, հետո կիսվածները: Լեզուն դուրս գցած՝ հողը ձեռքերով սկսեց հետ լցնել: Շատ նմանվեց Սեդայենց շանը: Նա էլ էր այսպես թաթերով հողը փորում, հետո հետ հավաքում, հետո նորից փորում ու հենց այսպես լեզուն դուրս գցած: Խոզի դեմքով շուն: Նորից ամաչեցի իմ մտքերից:
-Վաղը կգանք, կջրենք:
Արագ կանգնեցի: Պատկերացնել անգամ չէի ուզում, որ վաղը կարող եմ նորից նրա հետ գալ այստեղ, հատկապես, եթե քրոջ հետ լինի: Չգիտեմ՝ այդ պահին դեմքիս ինչ տեսավ, բայց անճանաչելի փոխված հայացքով ու ձայնով դանդաղ խոսեց.
-Ես լացկան չեմ: Գիտե՞ս՝ ինչերի եմ տանը դիմանում ու չեմ լացում: Համ էլ երազանք ունեմ, ուզում եմ ջութակ նվագել:
Հուզվել էի նրա խոսքերից, բայց վերջին նախադասությունը սառը ջուր լցրեց գլխիս:
Մեծ, չաղ խոզ հիշեցնող տղան՝ ջութակը ձեռքին: Չէի ուզում, բայց փռթկացրի: Երբեք չեմ մոռանա նրա հայացքը: Դեմքն այլայլվեց, աչքերը թրջվեցին: Արագ թռավ տեղից.
-Դու էլ ես բոլորի նման: Քեզնից էլ եմ զզվում:
Նա արագ սայլակը մոտեցրեց քրոջը, թևատակերից մի կերպ բարձրացրեց, նստեցրեց ու, կապիչները ձգելով, քթի տակ հայհոյեց: Ես դրանից առաջ հայհոյանք էլի էի լսել՝ նրա հորից, խանութի պահակից, մեր հին տան առաջին հարկում ապրող գիժ Աբոյից: Ցնցվել էի, կարկամել, կարմրել, տպավորվել, բայց այսպիսի ցավ չէի զգացել երբեք, որովհետև դրանք ինձ հասցեագրված չէին եղել:
Հակոբը, առանց իմ կողմը նայելու, արագ քշեց սայլակը: Աղջիկը նվնվում էր, ձեռքերը օդում թափահարում: Ես սառել-մնացել էի բլրակի փեշին: Քամին խնձորենին տանում-բերում էր: Դողում էի ցավից, մեղքի զգացումից, քամուց ու երևի տենդից: Բայց ինձ ստիպեցի պոկվել տեղիցս, քայլել նրանց հետևից:
-Հակոբ, կներես:
-Ես քեզ վստահեցի ու հիմա ատում եմ, զզվանք:
Հակոբը բղավում էր օդի մեջ, վազում, որքան կարողանում էր՝ սայլակը առաջ հրելով: Ինձ թվաց, թե լաց է լինում՝ ոչ սովորականի նման՝ լուռ, անձայն, աչքերով ու սրտով: Ես սկսեցի վազել: Նա ավելի արագացրեց ընթացքը, սլանում էր՝ խոտերի, քարերի միջով գայթելով, բայց ամուր ու վստահ քշելով սայլակը: Արդեն ճանապարհի վրա էինք: Կանգնեցի: Հակոբն առանց հետ նայելու շարունակեց վազել:

3.
Բաճկոնիս մեջ ավելի տաք թաքնվեցի, որովհետև դիմացս կանգնած տղան մինչև ծնկները ջրի մեջ էր: Մեծ ճյուղը ձեռքին փորփրում էր գետի հատակն ու սուլում: Ինձ վաղուց էր նկատել: Կհեռանայի ուրիշ ճամփով, բայց մի բան ստիպեց մոտենալ նրան:
Այնօրվանից երևի մեկ ամիս էր անցել և մենք խուսափում էինք իրար երեսի նայել: Նրա դեմքին չէի տեսնում ատելություն, լավ էր, իհարկե, բայց նաև չէի ուզում՝ մտածեր, թե ես էլ մյուսների նման իրեն հեգնելու ու արհամարհելու մտադրություն ունեմ: Դպրոցում զուսպ անցնում էի կողքով, բայց սրտանց նեղվում էի, երբ նրան ծաղրում էին, ու նա ձայնը գլուխը գցած ծիծաղում էր կամ լաց լինում:
Գետը հազիվ էր հոսում, վրան մի քանի դեղնած ծառեր էին խոնարհվել, քարերը հսկա ու փշաքաղված ցցվել էին հազիվ սողացող ջրերի կենտրոնում: Տասն օրից ձմեռ էր: Մատներս փորձեցի շարժել, փայտացել էին ցրտից: Ո՜նց է Հակոբը կանգնել ջրի մեջ, հագին բարակ բլուզ է, մազերը՝ շատ երկարած, այս ու այն կողմ ցցված, յուղոտ փայլով: Տաբատը՝ հնամաշ: Առաջ հակվեցի, որ տեսնեմ՝ ինչ է հագել ոտքերին: Սովորական կիսակոշիկներ էին, արձակված քուղերը ջրի երեսին լողում էին ու ծածանվում: Ինչի՞ է տաբատն ու կոշիկները թրջում: Հրաշալի պատկերացնում էի՝ տանը հաստատ փոխնորդ հագուստ չունի: Նա ինձ նկատել էր, սուլում էր ու ավելի կենտրոնացած քչփորում գետատակը: Կծկվեցի բաճկոնիս մեջ, համարձակությունս հավաքեցի.
-Բարև:
Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց: Այ, եթե խորամանկ լիներ, անպայման կշարունակեր ձևանալ ու ցույց կտար, թե զարմացել է իմ ձայնը լսելով:
-Ինչի՞ ես ջրի մեջ կանգնել:
-Ուրեմն պետք ա:
-Բա չե՞ս մրսում:
-Բան եմ ման գալիս:
-Ի՞նչ,- չէի հանձնվում:
Նա բարձրացրեց աչքերը, վերջապես նայեց երեսիս:
-էրեկ Սաշիկենք ստեղ կատու են գցել, այ էն բարձր տեղից… Կանգնած էին, ես նայում էի: Խեղդեցին, օլորեցին ձեռքերի մեջ ու գցեցին ստեղ: Հենց ոտքերիս տակ թրմփաց:
Քիչ մնաց ընկնեի անսպասելիությունից: Երևի իմ դեմքին կարդաց՝ ոնց եմ սարսափում նման բաներից, հաճույքով շարունակեց.
-Շատ մեծ կատու չէր, բայց ճուտ էլ չէր: Սև էր: Գցեցին էս քարերի վրա:
-Բա… բա ախր գետը տարած կլինի:
-Չէ, չի հոսում: Հաստատ մի տեղ մնացել ա:
Նա ամբողջ ուժով ճյուղը նորից խրեց գետի խորքը:
Հազիվ զսպեցի ճիչս: Ճյուղը հսկա էր: Տղան ամեն անգամ վեր էր բարձրացնում երկու ձեռքով ու իջեցնում:
-Վատն են, անսիրտ,- ձայնս դողում էր: Կատվին այնպես էի խղճում, այնքան էի վախենում, որ հանկարծ հերթական անգամ ճյուղը դուրս քաշելիս ծայրին տեսնելու եմ արնաշաղախ, սև բրդի կտոր:
-Ես չէի անի ըտենց բան, բայց կարամ հասկանամ, թե ինչի են արել:
-Ի՞նչ կա հասկանալու:
Զայրույթից դողում էի:
-Դե, չեն սիրում սև կատու: Մարդը մի բան, որ չի սիրում, պիտի վերացնի: Հլը պատկերացրու՝ ինչ լավ կլիներ՝ ինչ չէի սիրում, բերեի շպրտեի ջուրը:
-Դու չար չես ախր,- ես համարյա ծղրտում էի անզորությունից,- ոնց կարող ես ինչ-որ ուրիշ շնչավորի բերել խեղդել, սպանել:
-Գիտե՞ս,- Հակոբը հեգնանքով ժպտաց,- գնա հորդ հարցրու, լիքը էդպիսի բաներ կպատմի, իզո՞ւր է պատմության դասատու:
Ո՜նց էի ուզում նրան պատասխանել, ասել՝ դու գնա քո հորը հարցրու, եթե խոսել կարողանա, մի բան կպատմի: Տեսնես, հեչ որևէ բան պատմած կա՞ քեզ: Բայց ինձ զսպեցի, որովհետև հետո խիղճս տանջելու էր, գիշերները լաց լինեի, ու քունս չտաներ:
Հետ դարձա, սկսեցի բարձրանալ դեպի ճանապարհը: Մեկ էլ Հակոբի ձայնը.
-Գիտե՞ս, Սաթիկ, դու ոչ էլ էդքան սիրուն ես: Մանիկը քեզնից լավն ա:
Ապուշ է, ինչ է: Նույնիսկ չշրջվեցի նրա կողմը: Հիմա, երբ երկու տասնամյակ է անցել այդ օրից, շատ լավ եմ հասկանում տղայի խոսքերի նպատակը: Այն ժամանակ շատ էի փոքր դա հասկանալու համար: Բայց նաև խոցվել էի. ոչ մի տարիքում էլ աղջկան հաճելի չէ լսել, որ իրենից լավը կա:

4.
Հայրիկի ձեռքը բռնած՝ անցնում ենք դեպի խանութ տանող ճանապարհը:
Հեռվից էի նկատել նրանց. Հակոբն է քրոջ հետ խանութի ներսում: Քույրը՝ սայլակի վրա: Հայրիկը կանգնեց թերթի կրպակի մոտ, ես մտա խանութ՝ ձեռքիս փքաբլիթներով տոպրակ, որոնք քիչ առաջ փռից էինք գնել: Ուզում էի լիմոնադ գնել, հայրիկը փող էր տվել:
Վաճառողուհի Գալյան ձայնը գլուխը գցած խոսում էր.
-Սրանց ռեխին տեսեք, ո՞վ ա թույլ տվել ամեն անգամ գաս ինձ բան խնդրես, մորդ ասա, թող ինքը գա, երեսը չի՞ բռնում: Ես պարտքով բան տվողը չեմ: Ձեր պարտքի համար առանձին տետր ունեմ՝ Աղայանի գրքից հաստ,- նա ձեռքերը կողքերին կանթած դուրս եկավ պահարանի հետևից, եկավ կանգնեց Հակոբի դիմաց, չափեց նրա՝ զայրույթից ու վիրավորանքից դողացող հասակն ու նայեց Ալիսին.
-Սրան էլ հետդ քարշ ես տալիս ամեն անգամ, որ խղճա՞մ:
Ալիսը նվվում էր: Անկյունում երկու կին էին կանգնած, խղճմտանքից տնքում էին.
-Ախչի, սուս մնա, մեղք է:
Ձեռքիս տոպրակը դրեցի Ալիսի ծնկներին, հետո մի մղումով, ինձ համար էլ անսպասելի առաջ նետվեցի, երկու ձեռքով հարվածեցի կենտրոնում կանգնած վաճառողուհու կրծքին: Երբեք այդպես կատաղած, անողոք չէի եղել ոչ մեկի հանդեպ: Ինձ թվում էր՝ կինը մեռնելու է նույն պահին, հարվածներս այդքան ուժեղ էի կարծում: Չեմ կարող ասել, թե որքան տևեց այդ ամենը, երազի մեջ էի զգում ամեն բան: Շուրջս աղմուկ էր, ականջներիս մեջ խշշում էր: Հանկարծ զգացի հորս ձեռքերը: Ինձ հետ էր քաշում ու չէի հասկանում, թե ինչ էր ասում:
Գալյան խոզի նման ղժժում էր: Հետո, երբ հայրիկը ներողություն խնդրելով ինձ տարավ դեպի դուռը, հևալով նետեց.
-Ընկեր Պավլիկ, լավ չի, մենք էլ բոլորս մեր էրեխեքին քեզ ենք վստահել, չես կարողանում աղջկադ դաստիարակես: Թոկից փախածի մեկն ա:
Հայրս կանգնեց, շփոթված նայեց նրա երեսին.
-Ես դեռ կպարզեմ, թե այստեղ ինչ է կատարվել, հետո կխոսենք այս թեմայով:
-Պահ-պահ,- Գալյան անցավ սեղանի հետևը:- Դուրս կորեք սաղդ, փակում եմ խանութս:
Ես անզուսպ լաց էի լինում՝ հեկեկալով ու սնկրտալով: Մի տեսակ վիրավորված էի Հակոբի համար, նրա հիվանդ ու քաղցած քրոջ համար, և նաև իմ պատճառով հորս անպատվել էին, դա անտանելի ցավոտ էր: Անցանք փողոցը, հայրիկը թևերիցս համարյա քարշ էր տալիս ինձ: Մի քանի սառը փշրանք իջավ երեսիս, աչքերս տրորեցի, ձյուն էր գալիս: Արցունքներս տաք, տաք էին: Հանկարծ տեսա՝ Հակոբը խանութից դուրս է եկել, կանգնել անկյունում ու տոպրակից հանած փքաբլիթներից մեկը պահել այնպես, որ քույրն ուտի: Աղջիկն ագահորեն կծում, կուլ էր տալիս իրեն պարզած ուտելիքը: Զոլավոր, մեծ շալի տակից թևերը չանչերի նման չռվել էին դեպի եղբոր ձեռքերը:
Ձյունը սիրուն էր շատ, տղայի ինձ նայող հայացքը՝ երախտագիտությամբ լի:

5.
Ափսեի մեջ թթու կաղամբով պասուց տոլմա եմ շարել, լավաշով ծածկել: Ընդամենը կես ժամ ունեմ, որ կարողանամ հասնել Հակոբենց տուն ու հետ դառնալ: Բայց շատ եմ վախենում: Վերջին ամիսներին մի տեսակ անընդհատ հերոսանալու պահանջ էի ունենում, երևի նրանից էր, որ սկսել էի տարբերել անարդարությունները:
Որոշել էի Հակոբին վերջին կարդացածս գիրքը նվիրել. ազդեցիկ, անհավանական հուզիչ մի վեպ, որ հայրիկի խորհրդով էի ընթերցել: Ծնողներս մեքենայով գնացել էին լիմոնադ ու երշիկ գնելու: Հասնելու էին կողքի գյուղ տանող ճանապարհի փեշի մեծ խանութին: Ժամանակ ունեի: Տաք բաճկոնս ու կոշիկներս նախապես հագել էի: Սկզբում ուզում էի միայն գիրքը տանել նվիրել Հակոբին, հետո մտածեցի՝ իսկ եթե տանը ուտելու բան չունեն: Հետո՞ ինչ, որ Նոր տարի է: Անցյալ օրը մայրը փողոցով անցնում էր՝ Ալիսի սայլակը հրելով, ու բարձր ձայնով խնդրում օգնել իրենց: Իհարկե, մարդիկ մթերքներ էին տալիս, բայց ոմանք էլ զայրանում էին կնոջ վրա.
-Ինչի՞ չես աշխատում:
Կինը քիթը վեր էր քաշում, զայրույթով ցնցում սայլակը՝ միջի երեխային այնպես թափ տալով, որ վերջինս ամբողջ կոկորդով խռխռացնելով գոռում էր ու լացում:
-Սրա՞ն ինչ անեմ:
-Դրան Հակոբդ է պահում, ո՞վ չի տեսնում:
Երեսս սառը ապակուն սեղմել, փողոց էի նայում: Հակոբի մայրը, դռնեդուռ ընկած, ուտելու բան էր մուրում: Եթե որևէ մեկը մի բան էր տալիս, անմիջապես բացում էր պարկ հիշեցնող մեծ տոպրակն ու տեղավորում մեջը: Երբ մեր տանը հասան, մայրիկն արդեն, մի տոպրակ ուտելիք ձեռքին, դարպասի դռան մոտ սպասում էր: Ես այդ պահին անասելի շատ սիրեցի մորս:
Հիշում էի, ու լացս գալիս էր Ալիսի համար:
Արագ դուրս եկա՝ ափսեն ձեռքիս պահած: Մի տեսակ շատ լուսավոր էր մեր փողոցում: Ձյան վրա այնքան գեղեցիկ էին փայլում ամանորյա լուսերը: Մի կերպ խրվելով ու ելնելով ծնկներիս հասնող ձյան միջով՝ հասա Հակոբենց տանը: Այդ պահին համարձակությունս հետ էր նահանջել, մի քայլ անգամ չէի կարողանում անել: Բայց ժամանակ չկար երկար բարակ մտածելու, ոտքս համարձակ առաջ դրեցի ու նույն պահին Հակոբի ձայնը լսեցի:
-Ո՞ւր ես գնում:
Նայում եմ շուրջս, ոչ ոք չկա:
Հակոբը ծիծաղից խեղդվելով նորից է հարցնում.
-Ո՞ւր ես գնում:
Ոչ ձյունն է տրորվում ոտքերի տակ, ոչ կողքերս է երևում, ոչ՝ մոտենում հետևից: Ահավոր վախեցած՝ արագ շրջվեցի հետ դառնալու: Նույն պահին անասելի աղմուկով գլխավերևիս ճյուղերից ընկավ ուղիղ ոտքերիս տակ: Մի կերպ ափսեն պահեցի ձեռքերիս մեջ, ճչացի ու աչքերս ամուր փակեցի: Թևիս տակից Հերման Զուդերմանի «Հոգսը» սահեց ընկավ ձյան մեջ: Տղան շարունակում էր ծիծաղել: Ես բացել էի աչքերս, տագնապս անցնում էր, փոխարենը զղջում էի, որ եկել եմ: Հակոբը կտրուկ լռեց, ձյան մեջ խրված գիրքը դուրս քաշեց անձեռնոց, փայտացած մատներով: Քիթս վեր ցցեցի:
-Քեզ համար նվեր էի բերում, դու վախեցրիր ինձ:
Հակոբը ոտքի ելավ, մի թեթև թափ տվեց հագուստն ու նայեց երեսիս:
-Իսկ ինչի՞ ես գիրք նվիրում: Դու չգիտե՞ս, որ ես կարդացողը չեմ:
-Բերել եմ, որովհետև շատ եմ ուզում՝ կարդաս: Դա մարդու կյանքը լրիվ փոխում է:
-Պահո՜,- Հակոբը բացեց գիրքը:- Ու քո ասելով՝ էս տառերը պիտի փոխեն սա՞,- նա գլուխը շրջեց տան կողմը:
Շփոթվեցի: Բայց իսկույն բառեր գտա ասածս ուղղելու.
-Մարդուն կտրում են իրականությունից, մոռացնել տալիս բոլոր վատ բաները:
Նա փակեց գիրքը, մատը դրեց վերնագրի վրա.
-Ես անգրագետի մեկն եմ, Սաթիկ, բայց մտածում եմ, որ էս վերնագրով գիրքը դառը բան պիտի լինի: Ո՞նց կմոռացնի վատ բաները:
Ճիշտ էր ասում: Ավելի լավ էր՝ ուրախ գիրք նվիրեի: Հետո սկսեցի չհասկանալ, թե ինչո՞ւ եմ չկարդացող մարդուն գիրք նվիրում: Նա թոթվեց ուսերը, հետո ցույց տվեց ձեռքիս ափսեն.
-Է՞դ ինչ ա:
-Տոլմա, կտանես Ալիսին:
-Հա, եթե իրա համար ա, կտանեմ:
Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ես շնորհավորանք հիշեցնող ինչ-որ խոսքեր ասացի, նա միայն պատասխանեց.
-Ըհը՛:
Երբ հասնում էի մեր տանը ու մտքում նեղվում Հակոբի անտաշ, աննրբանկատ պահվածքից, նորից դրան զուգահեռ լիքը արդարացումներ գտա նրա համար. ո՞վ է դաստիարակել, որ անտաշ չլինի, համ էլ լավ օր չի տեսնում, մեղք է: Գոնե գիրքը կարդա:

6.
Մորս ձեռքերին էի նայում, շատ էի սիրում նայել՝ ոնց են խմոր հունցում: Կարծում էի՝ նրա ձեռքերն առանձին կյանքով են ապրում: Երկար նայում էի ու մտովի հյուսում պատմություն նրանց մասին: Երբ մայրիկը գործ էր անում, ու երկու ձեռքերն էլ զբաղված էին, ես կարողանում էի փորձել իմ ձեռքերը պատկերացնել այդքան հասուն, արագաշարժ, հմուտ: Անթերի շարժումներն ու սլացիկ պտույտները կախարդանք էին թվում, մոգական մի բան:
Նա արդեն բոլոր կերակուրները պատրաստել էր, սեղանը գցել: Բայց ես ու հայրիկը նախորդ օրը ջեռեփուկ էինք խնդրել, ու նա այս պահին որոշել էր գոհացնել մեզ: Երբ բացված խմորի վրա տարածում էր մսի խճողակը, բակից աղմուկ լսվեց, մեկը կոտրելու նման ուժեղ թակում էր դուռը: Հայրիկը արագ ոտքի կանգնեց: Սիրտս անորոշ վախից տագնապեց: Հայրիկը բակով անցնում էր արդեն, երբ ես սեղմվել էի խոհանոցի պատուհանին: Հարևաններից մի քանի տղամարդ դարպասի դուռը բացել, կանգնել էին: Հայրիկը հարցրեց, թե ինչ է պատահել: Նրանք համարյա բղավելով, իրար հերթ չտալով, ասացին.
-Սիմոնի Ալիսն ա կորել: Արդեն մի քանի ժամ ա՝ չկա: Գնանք գտնենք, ընկեր Պավլիկ, չե՞ս գա մեր հետ: Էս ազիզ օրով սգի մեջ չմնանք, բերենք տուն հասցնենք, մի բան չպատահի:
-Ո՞նց կարող էր կորել: Տեսնող չի՞ եղել: Մենակ անգամ նստել չի կարողանում:
-Ոչ ոք չգիտի: Տեսել են՝ չկա ոչ ինքը, ոչ կալյասկեն: Ման են էկել, չեն գտել: Չես գա՞ գնանք…
-Իհարկե:
Երազի մեջ էի տեսնում՝ ոնց է հայրիկը, մի ձեռքով պատին հենված, հագնում կոշիկները: Կողքին ընկած հողաթափերի վրայի փրչոտ ձյունը հալվում էր ու թրջում մաքուր լվացած հատակը: Մայրիկը խմորոտ ձեռքերով սառել-մնացել էր. աչքերը՝ թաց, դեմքը՝ գունատ: Հայրիկի գնալուց հետո մայրիկը ձեռքերը լվաց, կիսատ պատրաստված ուտելիքը հավաքեց, ես ծվարեցի նրա թևի տակ: Նա սեփական մտքերին ու իմ չտված հարցերին կարճ պատասխանեց.
-Կգտնեն:
Սեփական խոսքերս օտարի ձայնով լցվեցին ականջս.
-Բա որ Նոր տարի չլինի:
Այդ օրը, դրան հաջորդող օրերին ոչ ոք չտոնեց ու չուրախացավ:
Հիմա էլ հիշում եմ իմ սարսափը: Միայնակ նույնիսկ իմ սենյակն ու իմ անկողնու մոտ չէի գնում: Երբ մութ էր, թվում էր՝ հատակին Ալիսը սողում է ու հիմա ոտքիցս բռնելու է, որ բարձրանա: Երբեք ոչ մի բանից այդպես չէի վախեցել մինչ այդ պահը: Բավականին մեծ էի, որպեսզի հասկանայի՝ կարեկցել է պետք, հասկանալ, փորձել օգնել, բայց այդպես սարսափել մարդուց, որն անիծված է ու այդքան անօգնական տկար, փոքրոգություն էր, թուլություն: Ինքս ինձ հասկացել էի՝ մինչ այդ օրն էլ էի վախենում Ալիսի գոյությունից, բայց երբ նա իր քրջոտ մանկասայլակի մեջ կապկպված էր, հարազատների աչքի առաջ, համոզված էի՝ ինձ ոչինչ չի սպառնում: Այդպես երևի գիշատչին վանդակի մեջ շղթայված տեսնելիս ես ապահովության զգացում ապրում: Բանական միտքս ինձ հուշում էր՝ նա ախր նույնիսկ քեզ հարվածել չի կարողանա: Բայց սիրտս ճչում էր՝ հանկարծ չդիպչի՜:
Հակոբն ուրվականի նման շրջում էր գյուղով մեկ, փնտրում քրոջն ու ողբում: Նրան խղճում էին բոլորը: Մայրը պատերն էր ճանկռում անզոր վշտից, հայրն ավելի շատ էր խմում ու նույնիսկ ոտքերը շարժել չէր կարողանում, որ գնար, մյուս տղամարդկանց օգնության հասներ: Ոստիկանությունն ու համապատասխան ծառայությունները վաղուց տակնուվրա էին արել գյուղն ու շրջակա յուրաքանչյուր քառակուսի մետրը: Երեխայի հետքն անգամ չկար: Այնքան առատ ձյուն էր եկել ու շարունակում էր գալ, որ որոնումներն ավելի էին դժվարանում: Բոլորին հարցաքննում էին:
Սուրբ Զատկի տոնին աղջկան գտան՝ իր սայլակի մեջ կապված, գետի ոլորված հատվածում, քարերի արանքում: Գյուղի կանայք այնպիսի վայնասուն էին բարձրացրել, թվում էր՝ գյուղում տագնապի ազդանշան է միացել: Մայրիկը բակ էր դուրս եկել, մի քանի կանայք հավաքվել, լաց էին լինում ու խոսում: Աննկատ դուրս եկա տնից, որ մենակ չմնամ պատերի ներսում: Սարսափից քարանում էի: Արուս տատը, ձեռքերը ուղիղ դիմացը պահած, ճոճում էր ու ոգևորված պատմում.
-Այ սենց սառած՝ ջրի էրեսին դրա թևերը լողում էին, աչքովս տեսա: Մաշկը՝ կապուտ-կապուտ…
-Ջուրը սառե՞լ էր, չէ, ոնց որ…
-Սառուց չի, բայց սառն ա, սա՜ռը…
Իմ սարսափն ահռելի չափերով մեծանում էր: Երբ հայրիկը ուշ ժամի տանն էր արդեն, ու մայրիկի հետ քչփչում էին, ես խոհանոցից ոչ մի քայլ չէի հեռանում: Հայրիկը խոժոռված նայեց երեսիս.
-Գնա պառկի, չե՞ս լսում:
Հետո երևի ինքն իրեն մտածեց, որ ես դասընկերոջս համար եմ անհանգստանում, տոնը մեղմացրեց ու ասաց.
-Հակոբի մասին հոգ կտանեն, մի մտածի: Քաղաքից հորեղբայրն է եկել ընտանիքի հետ:
Ես գլխով արեցի ու լաց եղա: Հայրիկը մոտեցավ, գրկեց ինձ, բարձրացրեց ու տարավ իմ սենյակ: Երբ ցած իջեցրեց մահճակալիս, ամուր գրկեցի նրա պարանոցը.
-Պա, ես նրան «Հոգսն» եմ տվել:
-Ի՞նչ հոգս, Սաթ ջան, ո՞ւմ հոգսը:
-Մեր «Հոգսը»՝ Զուդերմանի…
Հայրիկը զարմացած նայեց երեսիս.
-Հակոբի՞ն:
-Հա, նվիրեցի, որ կարդա, փոխվի:
-Պարզ է…,- հայրիկը նստեց, խորը հառաչեց,- ուրախ մի բան էր պետք նվիրել, բայց ոչինչ, չեմ կարծում, թե կարդալու էր: Հաջորդ անգամ կխորհրդակցես ինձ հետ:
Ավելի սրտոտ սկսեցի արտասվել ու ներսիցս դատարկել մաղձը:
Վախս չէր անցնում:

7.
Հիվանդ էի: Հենց աչքս կպնում էր, նույն պատկերն էր աչքիս առաջ. Հակոբը կանգնած է կարճահասակ ծառերի տակ, աղջիկները խնձորներով խփում են, խնձորները ձնագնդիներ են դառնում, նա լաց լինելով սկսում է հրդեհել ծառերը: Ձնե գնդերը նետվում էին թեժացող կրակի մեջ: Թավալվում էի անկողնում, փորձում արթնանալ:
Հայրիկը բժիշկ էր բերել: Ես քնած էի ձևանում: Մարդը շփելով տաքացրեց ձեռքերը, թույլ բռնեց թևս, ինչ-որ բան փնտրելու զգուշությամբ շոշափեց զարկերակս:
-Բարձր է ջերմությունը, կարծում եմ՝ քնած չէ, տարված է, այսպես լինում է, երբ բարձր են ջերմում:
-Ասեք՝ ինչ է հարկավոր, անպայման կհետևենք Ձեր խորհրդին: Երրորդ օրն է այսպես:
-Թող արթնանա, նորմալ քննեմ, թոքերն էլ լսեմ, կասեմ:
-Դե, գնանք թեյենք:
Ոտնաձայներից հասկացա՝ դուրս են գնում սենյակից:
-Այն երեխայի հարցը ի՞նչ եղավ, ընկեր Պավլիկ:
-Հակոբի՞: Ասում են՝ գնացել պատմել է, խոստովանել, որ ինքն է արել:
-Եսիմ, չեմ հավատում:
-Անկեղծ՝ ես էլ:
Նույն պահին թվաց՝ ուրիշն է իմ փոխարեն բղավում.
-Սուտ է, ինքը չէր անի, ինքը Ալիսին սիրում էր, չէր տանի, կատվի նման գցեր ջուրը…
Ես, ձայնս գլուխս գցած, բղավում էի ու լաց լինում, ճիշտ այնպես, ինչպես Հակոբն էր միշտ անում: Հատուկ էի գոռում, որ չլսեի՝ ինչ են ասում: Ու այդ պահին հասկացա նրա այդքան լաց լինելու, ծիծաղելու, աղմկելու պատճառը. չէր ուզում լսել՝ շրջապատում ինչ են խոսում իր մասին:
Հայրս գրկել էր ինձ, ես շարունակում էի բղավել ու լաց լինել:

8.

Հայրիկին խնդրել էի, ու նա ինձ, հագուստի մեջ տաք փաթաթված, հանել էր փողոց: Ուզում էի տեսնել՝ ոնց է Հակոբը հեռանում: Մի քանի օր անընդհատ պատմում էին, որ նրան քննիչները տանում-բերում են իրենց տուն, շրջակայքով ման տալիս, որ մանրամասն պատմի, թե ոնց է տարել կորցրել քրոջը:
Ես հայրիկի թևքից քաշեցի.
-Շատ կարևոր է, որ դու հիմա ինձ այնտեղ տանես, բան ունեմ պատմելու:
Մեր ոտքերի տակ խրթխրթում էր ձյունը, հարևանները հավաքվել էին ընկուզենու տակ: Մենք մոտեցանք ոստիկաններից մեկին, հայրս նրա կողմը խոնարհվեց, մի քանի բառ ասաց: Մի տասը րոպե սպասելուց հետո մենք արդեն ներսում էինք:
Փտած հատակի վրա հալչող ձյան ու ցեխի մեծ-մեծ կտորներով ոտնահետքեր էին: Հակոբը նստած էր թախտին՝ աչքերն ուռած, երեսը կարմրատակած: Մեկը, սեղանի մոտ նստած, թղթերն էր քչփորում ու գրառումներ անում: Ծնողները չէին երևում: Հակոբը նայեց մեր կողմը: Ես զինվորի քայլվածքով առաջ գնացի:
-Գիտե՞ս, եկել եմ հարցնեմ՝ այն տոլմայից քույրդ կերա՞վ:
Հակոբի ծնոտը զարմանքից կախվեց: Հետո գլուխը տարուբերեց:
-Երբ ես ձեզ համար տոլմա բերեցի, ժամը յոթն էր, դու դրսում էիր, ծառի վրա: Երբ ափսեն քեզ տվեցի, դու ուրախացար, որ քրոջդ համար է ու քայլեցիր տուն՝ համոզված, որ նա տանն է: Իսկ նա, փաստորեն, ցերեկվանից չկար:
Հակոբը կարկամել էր, շփոթվել, չէր կարողանում անգամ ձայն հանել: Ես այրվում էի տենդից ու ոգևորությունից: Մի բան այդ տան պատերի ներսում զգույշ շոյում էր իմ՝ կարեկցանքից ու նաև քաջությունից փքված սիրտը: Ես աչքերով ժպտում էի Հակոբին, որովհետև խոհանոցի սեղանին տեսա «Հոգսը»: Քննիչը մոտեցել էր ինձ ու խոնարհվել:
-Դու համոզվա՞ծ ես, աղջիկ ջան:
-Իհարկե:
Բարձրացրի գլուխս, այդ մարդու դեմքին դժգոհություն կար: Չէի հասկանում՝ ինչո՞ւ չի ուզում ճշմարտությունն իմանալ: Հետո հայրս ինձ բացատրեց՝ նրա համար դժվար կլինի իրականությունը բացահայտել, իսկ Հակոբի պատմած տարբերակը հարմար էր, ոչ ժամանակատար: Գործը կփակեին, կավարտեին:

9.

Հալոցք է, տաքացած տանիքներից խելառ աղմուկով ձյունը թափվում է: Կաթնագույն մեքենայի թափքը բաց է: Շիկահեր, հսկա տղամարդը հառաչելով ձեռքի պայուսակը դնում է թափքի մեջ ու աղմուկով փակում: Հակոբը կանգնած է ընկուզենու տակ: Մայրն արդեն մեքենայի մեջ է: Ձայն է տալիս որդուն, որ մոտենա, նստի: Հակոբը հետ է դառնում, նայում պատի տակի ծռված, փայտաշեն նստարանին, ուր շատ էր նստում ինքը, Ալիսը՝ սայլակով ոտքերի առաջ, աչքի առաջ, ուշադրության կենտրոնում:
Այս ամենը զգում ու տեսնում եմ նրա աչքերով, հետո համարձակ մոտենում: Նա պոկվում է ընկուզենու ստվերից: Առատ արևը լցվում է երեսին: Մենք քայլում ենք իրար ընդառաջ:
Հակոբը ձեռքերը գրպաններն է խոթում, ճոճվում կրունկների վրա.
-Դու չլինեիր, հիմա ես էի հորս փոխարեն բանտում:
-Ինչո՞ւ էիր այդպես որոշել:
-Նա կմեռներ բանտում… կմեռնի:
Տղան քիթը վեր քաշեց ու լաց չեղավ: Ժպտացի՝ ուզում էր լսել ինձ:
-Գնում ենք հորոխպորս հետ ապրենք: Լավ մարդ կդառնամ ու կգամ գյուղ քեզ տեսնելու,- հետո շփոթված ծիծաղեց,- գիրքը տանում եմ հետս, մի կերպ կարդամ:
Դա Հակոբի իսկական ծիծաղն էր՝ զրնգուն, ավանակի խրխինջի հետ ոչ մի նմանություն չունեցող, մարդկային ծիծաղ:
Մեքենան նրան տանում էր, նա թեքվել, վիզը ծռել էր մեր տան կողմը: Անասելի ուրախ էի, որ կարողացել էի նրան ազատել՝ երկվորյակ քրոջը գետի մեջ խեղդողի պիտակից: Մեքենան սլացավ բաղերի կողմը՝ ճերմակ փայլով հատելով թզուկ ծառերի բները:
Մենք լոբահատիկներ էինք տնկել ու մոռացել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *