Դանիել Վարուժան
Նաւասարդեան
Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ՛
Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։
Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
Աստուածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
Հուր ու արիւն։
Եվ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
Լեցու՜ր, լեցու՜ր։
Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարէն կոյս,
Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։
Հակոբ Մովսես
ՕԳՈՍՏՈՍ
Դ.
Ես սիրո համար եղա սիրելիս: –
Մինչև լուսաբաց… Մինչև լուսաբաց…
Խնձորենու տակ քո երակների,
քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:
Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից:
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:
Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,
կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:
Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ,
ցույց տուր մեզ տեսնենք`
որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:
Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:
Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա,
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:
Դու նրանց ասա, որ առավոտյան,
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,
երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,
նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`
ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի…
Հենրիկ Էդոյան
ՕԳՈՍՏՈՍ
ԱՐԵՎԸ սրբում է ուսերս հոգնությունից –
ես այստեղ մնալ չեմ կարող, որովհետև
ամառն ասում է – «Հավաքիր իրերդ,
գնանք այստեղից, արդեն ուշանում ենք»:
Սա իմ ժամանակն է,
իսկական ժամանակը –
կատարելու այն, ինչ պետք է կատարվեր,
եվ ասելու այն ինչ պետք է ասվեր:
Խոսքի ժամանակը,
փրկության ժամանակը,
բարձրացումը սիրո հզոր թևերի –
ապրելու ժամանակը,
եւ վերջապես կատարյալ
իմ կյանքի ժամանակը,
պսակի մեջ Կույսի համաստեղության:
***
Սերը կանաչ օգոստոսյան սաղարթ է,
Թեքված ներքև, մարմնի վրա և հոգու,
(օ, դու, խզիր խաղաղությունն այս մաքուր
և արթնացրու շարժումներն այն),
բայց արդեն օդն են կտրում նոր թռչուններ,
նոր վարդեր, օգոստոսն է խեցու նման ճառագում,
սերն անցնում է, ինչպես աստղը քաղաքում,
(իբրև նորից վերադարձող մի պատկեր),
միրաժի մեջ օգոստոսյան կրակի
բռնկվում են թռիչքները ցանկության,
արձագանքներն ուժգնանում են կրկնակի,
մեծանում են, անշարժանում հոգու մեջ,
դառնում փայլուն մարմին առած ակնթարթ,
(ոսկու ձուլվածք, կանաչ սաղարթ, երազ, վերջ):
***
Կիրակի: Ամառ: Կեսօրից հետո:
Բակերից գալիս է վառվող մսի հոտ:
Պատշգամբներից լսվում է չխչխկոց
շշերի, ափսեների, պատառաքաղների:
Նստել մտածել ունայնությա՞ն մասին:
Եռանդուն քայլերով փողոցն է կտրում
շիկահեր մի կին և անհետանում
շքամուտքի մեջ: Ու՞ր ենք մենք գնում:
Ու՞ր է մեզ տանում քո տված Կիրակին…
Գևորգ Թումանյան
համբերատար
առանց թնկթնկալու անցնել օգոստոսով
երբ հետևում մնացին հունիսը և հուլիսը
Ներսես Աթաբեկյան
Մենք այստեղ եղել ենք:
Հիշեցի’: –
Այստեղ բույրեր կան դեռ
Անցյալ օգոստոսից,
երբ ծորում էր ինչպես
դեղին մեղրը հացին
հետկեսօրը` թանձր ու թափանցիկ,
և բույրերից հստակ առանձնանում,
բարձրանում էր բույրը հասած դեղձի,
դռնապանը մայթին
մի պուտ ջուր էր ցանում
ու պրկվում էր նեղլիկ ծիածանով
անածական սիրուն եկեղեցին:
Քո արմունկից քիչ վեր
աղվամազ էր դեղձի,
քո արմունկից քիչ վար
կիսած դեղձի փոսիկ,
շոգն իսկապես շոգ էր,
ու թվաց ինձ
շոգած մայթը հիմա պիտի մայթով հոսի:
Անթափանցիկ շոգ էր,
Երբ հպվեցիր,
փշաքաղվաշ դեղձի
աղվամազ էր, ու քեզ
կարոտեցի հեռվից սիրածի պես
ու սիրեցի ինչպես հեռացածին…
ՆՇԱՆՆԵՐ
Էս շոգած ամառվա մասին
մի բաժակ գարեջուր կհիշվի,
Հյուսիսի աղջկա պես ճերմակ
ձմեռվա մի փաթիլ-երազում,
ու վտիտ ստվերներ, որոնց տակ,
օգոստո՛ս, օրերդ կհաշվեն
և իրենց տեսիլքներն անհստակ
փողոցի շները տիրազուրկ։
Կհիշվի օրացույցը պատի՝
թերթ առ թերթ էս տարին էլ խմող,
էն ո՞վ է, որ պիտի կարկատի
հավատի հիմնասյուն ու դռներ,
ամառը շոգում է անշտապ՝
քրտինքի շարոցը ճակատին,
և ապրելն անհեթեթ է այնքան,
որ նույնիսկ անհարմար է մեռնել…
Ավագ Եփրեմյան
Ներսից ու դրսից
Զգայարաններին ընդդեմ օգոստոսի
արեւ, տարածության հոտ է «բուրում»,
եւ դրդում է խոսել ինչպես Իոսիֆ
Բրոդսկին, մի ժամանակ, Իստամբուլում։
Բայց ես ուրիշ մեկն եմ, թեպետ երերում են
Ցավերն իմ ցավի մեջ։ Նաեւ՝ եթե
Անդունդը կա, ապա պիտի վերեւում էլ
Երկինք լինի, «…քանզի անհեթեթ է»։
Հավատում եմ։ Ներսեր ու դրսերից
Մարդ ու աղբ է հորդում. միմյանցով են դալար։
Ուրիշ՝ Ոչինչ։ Ոչինչն իր դարսերից
հանած իր կամքերն է ցփնում։ Օձագալար
ազատությունները. հենց «բյուրվիշապ»՝
այստեղերում մի օր գրված՝ ցնծուն տառով։
Գալիքիդ հուշերը – Աղոտ Վերը հիշած –
ընկրկում են եւս հազար ազատ տարով։
Մարինե Պետրոսյան
Դաշտային ծաղիկներ
օգոստոս երեւան մեռյալ սեզոն
բայց ամառը սրա հետ կապ չունի
մեռյալ սեզոնը սկսվել ա վաղուց
ու նման ա դաշտային մանր ծաղիկներին
որ ընկնում են ոտքիդ տակ բայց դու չգիտես
ինչ ա դրանց անունը ու որ հարցնում ես
ոչ ոք էլ չգիտի
չգիտեմ ինչու հիշեցի դաշտային ծաղիկները
էս անկապ սրճարանում նստած
երեւի որովհետեւ շոգ ա ու հոգնած եմ շատ
կամ էլ որովհետեւ դաշտային ծաղիկները
միակ հիշությունն են աստծո մասին
որ չկա վաղուց բայց թողել ա իրանից
հիշատակ
Հովհաննես Գրիգորյան
Օգոստոս
Զարմանալի ամիս, որի լայնք ու երկայնքով
առյուծներ են թափառում` ծույլ-ծույլ թափահարելով պոչերը:
Մի գունագեղ Աֆրիկա,
որը հարմար տեղավորվել է երեսուն օրերի մեջ:
Ստեղծված են սքանչելի պայմաններ դդումների
հասունացման համար,
և չկա ոչ մի լուր քեզանից:
Դատարկ արկղերի բարիկադներ, որոնց բարեբեր
պարունակությունը
արդեն տարածվել է քաղաքով մեկ, և հոգնած
գործակատարը ստվերում նստած ուտում է վերջին պոմիդորը,
անտարբեր նայելով փողոցի կեսը բռնած մի անհնարին տիկնոջ,
որն այնքան շատ էր մի փոքրիկ, բազմաչարչար ժողովրդի համար,
որն հիմա ապրում է խաղաղ ու ապահով կյանքով,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Սա քո ամիսն է,
երբ փողոցներում, թատրոններում և համերգասրահներում
հետզհետե ստվարանում է այն մարդկանց բազմությունը,
որոնք տանջահար են եղել զանազան ծովափներում և հիմա,
ինչպես գուրգուրված շնիկի` ցուցադրության են հանում
իրենց թխացած մաշկերը,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Իսկ կույր աշուղների երամը վերջապես իջավ դիմացի
կանաչ լանջին,
նախ սկսվեց լարվող գործիքների ճնկճնկոցն ու միանգամից
հնչեց համերաշխ երաժշտությունը, և մի ձայն
չափազանց տաք ու քաղցր երգեց – չկա ոչ մի
լուր քեզանից, չկա ոչ մի լուր քեզանից – գնում-գալիս էի
պատշգամբում – չկա, ասում էի, չկա ոչ մի լուր քեզանից,
և մատներս էի կոտրատում նյարդայնացած…
Լավ կլիներ, եթե անձրև գար (երևի կինս էր խոսողը),
լավ կլիներ…
…Լսեցի՞ր, երեխայի ճիչ, լսեցի՞ր…
…Լսեցի՞ր, երեխայի լաց, լսեցի՞ր…
Իսկ տատս թափահարեց ոտներիցս ու ասաց.
Տղա է, թող երկար կյանք տա Աստված:
Հուսիկ Արա
Թերակղզի
Ճայը` սպիտակ թռիչք,
կտրում է կապույտը հավասար.
թևերից վերև ասում է` երկինք
ու ծով է ասում թևերից ներքև:
Կեսգիշերին երկու կապույտ է առանց ցամաք:
Աստված վաղուց է բնակվում այս թերակղզում:
Վաղնջական են տապանը, գիրը
և խաչը` քարին փորված:
Մութ եկեղեցու ավերներ,
ու երկու գմբեթ` դեռ բաց դռներով:
Տաճար ունեին նախա աստվածներն այստեղ:
Հի՞ն է, թե՞ նոր ժամանակը.
դեռ պատմում են
1000 տարի առաջ
ծովամարտը արքայի:
Նորից չեմ մտնի օգոստոսը այս,
ուրիշ կլինի ամառը հետո.
անկապույտ,
առանց լողափի մերկության`
օտար լեզվով աղջկա,
որ ճայի սպիտակ թռիչքն էր
ավազին պառկած: