Անրի Գրիգորյան | Օլիգարխի Հիսուսը

Բոլոր երջանիկ օլիգարխները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ օլիգարխ դժբախտ է յուրովի։
-Տատս ասում էր՝ մարդ էրկու բան պըտի միշտ մաքուր պահի՝ տուտուզն ու դեմքը,- չինովնիկ Բարխուդարյանը փոշոտ պայուսակը ցած դրեց ու սուզվեց հսկայական մորթեպատ բազմոցի մեջ։
-Բա խի՞ տատուդ չլսեցիր,- հռհռաց օլիգարխը։
Ամեն անգամ նրա դղյակի աժդահա դարպասի տակ չինովնիկը վայրկենապես որբանում էր ու հետո խաչակնքում նրա անձնական վանքի առաջ՝ բակի շատրվանների արանքում։
-Ազիզ, դե հավատքը շատ լիչնի բան ա,- ասում էր օլիգարխն ու հավատքի ք-ն հնարավորինս շեշտում։
Վանքի քահանան գործի բերումով նաև օլիգարխի սուփրի թամադան էր ու ընտանեկան հոգեբանը։ Երբ մարդ ու կնիկ կռվում էին, քահանան բազմոցի մեջ սուզված՝ շոյում էր մորուքը, կրծքի խաչն ու մրմնջում․
-Աստված մարդուն իր պատկերով է ստեղծել․․․ Աստված մարդուն․․․
Զահլեքս գնաց, այ մարդ, ի՞նչ կապ ունի ում պատկերով ա ստեղծել, եթե մարդը ուզում ա ասենք երշիկի բիզնես դնել, իսկ կինը՝ եմիշի։ Դու ավելի լավ ա մի կարգին աղոթք հնարես, որ էդ անբաշար սիրամարգերի պոչերը վերջապես բացվեն, թե չէ աչքներս ջուր կտրեց։
Հայաստանում բոլորը գիտեին, որ Բլինչիկ Բենոյի սիրամարգերի պոչերը եկած օրվանից չէին բացվում։ Հնդկաստանից էին բերել․ աչքները՝ զույգ գիշեր, փորները՝ կապուտ լուսին, բայց արի ու տես Հայաստանի օդը վրները չեկավ․ պոչները մնացին փակ։ Բլինչիկ Բենոն նույնիսկ արտասահմանից փորձագետներ բերեց, բայց սիրամարգերը պոչերը քաշած պահեցին։ Շորոր-մորոր շատրվանների արանքում ու հրեշտակների մարմարե տուտուզների տակ։
-Թու՜, ես ձեր ռախիտ տիրումերը…
-Ինչո՞վ կարամ օգնեմ, Բենիամին Ազատիչ․․․- չինովնիկ Բարխուդարյանը արձակեց փորը սեղմող կոստյումի կոճակը,- էս ձեր դարպասի մոտ մի պապի էր կանգնած, հարցնում էր՝ ով ա տանտերը․․․
Կա-չկա Հիսուսի արձանի գործով ա կանչել, կամ էլ, ով գիտի, կանչել ա, որ հիմա էլ ինձ մեղադրի յոթերորդ սիրամարգի գողության մեջ։ Քաղաքը տակնուվրա արեցին՝ էդ թշվառին չգտան, բոլոր բմբուլները ստուգեց, բոլորի բմբուլները հաշվեց, քամուն տվեց, ում ասես մեղադրեց, տան բոլոր աշխատողներին փոխեց, կյանքները թունավորեց, բայց սիրամարգը չգտնվեց, սատանան կուլ տվեց։ Այ-այ, Բարխուդարյան, հիմա տես գլխիդ գալիքը՝ Հիսուսի տեղը կիսանդրիդ ա դնելու Հանրապետության հրապարակում։
-Սիրամարգին տենց էլ չգտա՞ք, Ազատիչ։
-Ի՞նչ սիրամարգ, ազիզ,- օլիգարխը մի հազար դրամանոց գցեց սեղանի վրա։
-Էն որ փախել էր․․․
-Հա՜․․․ խի՞, բան գիտե՞ս, որ ես չգիտեմ։
-Չէ-չէ-չէ, ի՞նչ ես ասում, Ազատիչ ջան․․․
-Բա խի՞ ես ասում փախել էր, է կարող ա փախցրե՞լ են․․․
-Վա՜յ, Ազատիչ ջան, շա՞ռ ես ման գալիս, բան իմանայի, բա քեզ չէի ասի՞։
-Ասենք շեֆդ տեսել ա էդ թիթիզներին, սիրտը կպել ա, գցել սումկեն, տարել ա, դու էլ շեֆիդ պամպերսը փոխելուց իմանում ես, հիմա կգաս՝ ինձ կասե՞ս,- օլիգարխը ոսկեզօծ տրցակից սպիտակ փոշի լցրեց սեղանին ու երկու գծի բաժանեց։
-Աաաա՜, Ազատիչ ջան, ուզում ես էլի ծուղակը գցել ինձ։
-Ի․․․ ե՞ս, աչքիս դու իսկականից մի բան գիտես այ, Բարխուդարյա՞ն, բա Ազգային Ժողովում տենց տղա են դաստիրակու՞մ։
-Ազատիչ, ես հավատացնում եմ քեզ, որ շեֆս․․․
-Տո շեֆիդ լավն էլ, դու ասա՝ քաշու՞մ ես հետս։
-Վայ չէ-չէ-չէ, Ազատիչ ջան, մնա մյուս անգամ․․․
-Այ տենց եք անում էլի, որ քաքի համը հելնում ա, էս անգամը ինչո՞վ ա պակաս, խի՞ ես կարծում, որ մյուս անգամը ավելի թույն ա ըլնելու, բա որ մյուս անգամ դու չըլնե՞ս, լավ, ոնց ասես, ազիզ, էսա քաշեմ քթերս, ծակերս բացվեն, ուղեղս խոդի քցեմ, խոսալու թեմա կա,- օլիգարխը հազար դրամանոցը ոլորեց ու ներս քաշեց փոշին։
-Չարենցով քաշածը ուրիշ կայֆ ա տալի, ապո, ասում են՝ էդ տղեն հանճար էր, դու գիտե՞ս՝ ինչ ա հանճարը։
-Այ Չարենցը․․․
-Անճարի հակառակն ա, այսինքն՝ ճարով մարդ, այսինքն՝ տոշնի ես։
-Հա, հա, էդ էի ասելու, Ազատիչ ջան, համամիտ եմ, համամիտ։
-Բայց պալիծիկա անողներդ հեչ համարձակ չեք, այ մարդ, պալիծիկան կնգա պես բան ա՝ համարձակներին ա սիրում, իսկ անհամարձակներին կամ սիկտիր ա անում, կամ դավաճանում։
-Մի քիչ վախենում եմ էդ փոշուց, ճիշտն ասած, ի՞նչ իմանամ ի․․․ ինչ ա․․․
-Իյա՜, բա ես վատ բան կտա՞մ, այ զասռանեց, ու վաբշե, հացն ուտելուց՝ իմանու՞մ ես՝ ում ցորենի արտից ա, շաքարը, որ լցում ես չայիդ մեջ, իմանու՞մ ես ումն ա, էսի էլ տենց ա, ազիզ, պըտի պռոստը վստահես էս քաքին, ու վաբշե քեզ բան ասեմ՝ ռաս ի նավսիգդա հիշի, քաքը քեզ երբեք պադվաձիտ չի անի։
-Դե․․․ հացը Գուրգենիչի արտից ա, շաքարն էլ․․․ Կարենիչի․․․
Օլիգարխի հոնքերը թանձրացան ու միանգամից բացվեցին։
-Աաաա՜․․․ վատ չէր, վատ չէր, մանրից սովորեցիր ձեռիս տակ, շուստռիացել ես, բայց տես հա՜, ինձնից առաջ չանցնես․․․
-Բենո՞, Բենո ջան․․․
-Հա, մամ ջան․․․
-Արի, բոյիդ մեռնեմ, տելեֆոնն ա, քեզ են ուզում։
-Սաղ ինձ են ուզում, ապո ջան, առանց ինձ կյանք չունեն, կյանքս էլ՝ ընդամենը մետր-իննսունյոթ բոյ ունի։
Չինովնիկը մենակ մնաց ու մի փոքր շունչ քաշեց։ Մեկ էլ հիշեց օլիգարխի էրեխեքին, ու դեմքի գույնը թռավ։ Թվով ինը կամ տասը։ Կինն ասում էր՝ ինն են, մարդն ասում էր՝ տասը, մայրն էլ թե՝ տղես սաղ օր թվերի հետ ա աշխատում, ավտոմատ կլորացնում ա։
-Կնգաս լավ չեմ ճանաչում, ապո, ե՞րբ ճանաչեի, կռուգլի գոդ հղի էր։
Վերջին վեցը հենց տեսնում էին չինովնիկին՝ գալիս հարձակվում էին վրան, փռում հատակին ու թռվռում փորի վրա։ Չինովնիկն էլ․․․ ճարն ի՞նչ, քանի՞ ձու ուներ, որ չտրվեր Բլինչիկ Բենոյի ճտերի քմահաճույքներին։ Բա տասներկուամյա Հենոն․․․ հոր հրամանով հայտնվում էր իր ֆլեյտայով ու սկսում անխղճորեն ծվծվացնել բոլոր ծակերից։ Հերն էլ ծափ էր տալիս ու գոռում՝ իմ տղեն ա, է՜, իմ տղեն ա․․․
-Փը՜սսս․․․
Չինովնիկը շրջվեց։ Քրտինքը վրա տվեց։ Մեկ այլ փորձություն, որ վաղ թե ուշ գլխին փորձանք էր դառնալու։ Ճարն ի՞նչ․․․
-Արի ծառի հետևը,- ասաց օլիգարխի կինը։
Չինովնիկը ծխախոտ հանեց։ Օլիգարխի կինը մի խորը մուխ քաշեց ու ծուխը դանդաղ բաց թողեց։
-Գործ ունեմ հետդ․․․ Բենոն ուզում ա՝ Հայաստանում Հիսուսի արձանը դնի, իբր արձանների պակաս կա, նստել ա Հիսուսի էշին՝ չի ուզում իջնի, մի բան արա, Բարխուդարյան, ականջին նստի՝ միտքը փոխի, մի բան հնարի, ասա՝ Աստված զայրացել ա, ասա՝ վերևներում էլ՝ վարչապետ-նախագահով դեմ են, Աստված իմ, ո՜նց եմ սիրում ձիշովի սիգարետդ, տես հա՜՝ Բենոն չիմանա։
-Դե․․․ ախր մեր Բենիամին Ազատիչն ա, ախր պիտի հասկանաս նրան․․․ եթե սիրում ես․․․ ուզում եմ ասել․․․ եթե սի․․․․ սիրում ես, չէ՞․․․
-Լուրջ ես հարցնու՞մ։
-Չէ․․․ հա․․․ եսիմ․․․
-Սիրում են նրան, ով ոչ ոք ա, ջան, իսկ Բենոն վաժնի մարդ ա․․․ ու հիմա փողերը աջուձախ ցխում ա, մենակ թե լավամարդ դուրս գա, ամեն եկեղեցի գնալը մի կարողություն էր նստում վրեն, էնքան արեց, վերջն ասի՝ արի մեր եկեղեցին դնենք մեր հայաթում, մի քահանա պահենք, պրծնենք, բայց ախորժակը բացվեց՝ սկսեց աջուձախ եկեղեցիներ տնկել, մերն էլ պաշտպանում ա տղուն, թե բա՝ աստվածավախ տղա եմ մեծացրել․․․
-Համամիտ եմ, համամիտ․․․
-Ինչի՞ հետ։
-Ի՞նչը՝ ինչի․․․
-Ասում ես՝ համամիտ եմ․․․
-Պետք չի Հիսուսի արձանը դնել Հայաստանում, չէ էլի, մի․․․ մի բուռ երկիր ա վերջապես, այ ախպեր, շարժվելու տեղ չկա, ախր ավտոները․․․ Աստված իմ, պռոբկեքից պրծում չկա․․․
-Բա Բարխուդարյան ջան, կարգին մարդ ես, իզուր չի, որ հույսս քո վրա եմ դրել․․․ ի՞նչ գործով ա կանչել բա։
-Աչքիս՝ Հիսուսի․․․
-Տեսա՞ր, սիրտս վկայեց, դե քեզ տենամ, Բարխուդարյան, ժողովուրդը իզուր հո չի՞ ընտրել քեզ, տես հա՜՝ պադվաձիտ չանես մեզ, մի ողջ ազգ քո հույսին ա մնացել, ջերմագին բարևներս աննման կնոջդ, համոզված եմ՝ շատ ա սիրում քեզ։
Բլինչիկ Բենոն նստած էր բազմոցի մեջ, աչքերը հետ գցած։ Չինովնիկը նստեց դիմացն ու մաքրեց կոկորդը։
-Շշշշ՜․․․ մտածում եմ․․․
Սեղանին դրված էր Բուդդայի ձեռքը, որ իրոք նման էր ձեռքի, կամ՝ հավի ոտքի։ Երբ էդ մրգի անունն ընկավ օլիգարխի ականջը, քուն ու հանգիստ կորցրեց, ոչ աղոթքը օգնեց, ոչ էլ՝ կազինոն, ոչ՝ կինը, ոչ էլ՝ քահանան։
-Սիրտս Բուդդայի ձեռք ա ուզում, տղերքին ասեմ՝ Հնդկաստանից բերեն։
Ով հետո փորձեց՝ թքեց։
-Է՜, էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ ա, դուք՝ ու՜ր, էկզոծիկան՝ ու՜ր, այ ես էրկու բան լավ գիտեմ․ պալիծիկա ու էկզոծիկա, մնացածը՝ պոշլիություն ա։
Վերջը քարը փեշից թափեց։
-Բայց շատ անհամ միրգ դուս էկար, Բուդդայի թաթ ջան, կամ էլ հասար Հայաստան՝ անհամացար, իսկ սիրամարգերս հնդկահավացան։
Բուդդայի ձեռքը հիմա հանգիստ ծերանում էր մրգամանի մեջ։
-Բարխուդարյան, կասե՞ս՝ փողը ինչ ա։
-Ձեռի կեղտ, Ազատիչ։
-Յա՜․․․ ուրեմն եկեղեցիները կեղտո՞վ են սարքում, այ տղա։
-Հետո ի՞նչ, Ազատիչ ջան, մարդուն էլ Աստված ցեխից ա ստեղծել։
-Իսկ կարա՞ս ասել՝ խի են ինձ Բլինչիկ Բենո ասում։
Տասներկուամյա Բենոն մոր սարքած բլինչիկները թաքուն լցնում էր պայուսակն ու դպրոցի հետևը ծախում դպրոցականների վրա։ Ու՞մ էին պետք սովետահամ բուլկիները, երբ կային պուճուր ցեխավիկի անուշահամ բլինչիկները։
-Ձեր տղան հակասովետական գործունեություն է ծավալում մեր քթի տակ,- հայտարարեց տնօրենը ապագա օլիգարխի մորը։
-Ուզում եք ասել՝ առաջ տղայիս կդատապարտեին ռաստրելի՞։
-Ճիշտ այդպես։
-Հիսուս Քրիստո՜ս, ինչպիսի՜ վայրագություն, մի քորփա էրեխա։
Բենոյին նստեցրին գրատախտակի տակ ու ամոթանք տվեցին բոլորի առաջ։ Բենոն էլ գլխով էր անում ու բլինչիկ ուտում։
-Տղես միշտ սամթը գտնում էր, ճիշտ պահը ձեռից բաց չէր թողում, հիմա հազար ու մի անուն են կպցնում, բայց տղես գլուխը կախ միշտ իրա գործն ա արել, տենց ա, երբ ամեն ինչում առաջինն ես, պիտի անպայման մի անուն ունենաս, գործ անողին էսօր օլիգարխ են ասում, ղալաթ են անում, շան քթից ջուր խմողին են անպատվում անբանները, եկեղեցի կառուցողին են օլիգարխ ասում, երկիր շենացնողին, տղես ինը լույս էրեխա ա երկրին տվել, բա չէ քձիպների պես, որ մի էրեխա են քցում, կարծում են՝ մեծ գորձ են արել, թե բա՝ օլիգա՜րխ, պադումաեշ,- Բլինչիկ Բենոյի մայրը ճանճեր էր խփում,- բա մի տենայիք դպրոցում ի՜նչ տղա էր Բենոս, մենակ իրա բոյով արդեն սաղի աչքն էր մտնում, բա խե՜լքը, նմանը չկար, միշտ առաջինն էր, դասերը անգիր արած, օրագրի մեջ հինգերը խփած, ափսոս էդ օրագրերը կորցրել ենք, հիմա լվացքի տեղ փռեի՝ սաղի աչքը հանեի, արձակուրդին էլ գիրքը ձեռիցը բաց չէր թողում, կանչում էինք՝ Բենո՜, Բենո՜, այ բալա, թող էդ գիրքը, արի մի քիչ խաղա, հանգստացի, հելնում էր ծառի կատարը՝ հիմա էլ էնտեղ էր կարդում, մի թիքա էրեխա՝ Րաֆֆու հատորներն էր չրթում, հերը ասում էր՝ այ տղա, էս շոգին մարդ Րաֆֆի՞ կկարդա, գնա գնդակ տշի արա, քրքրում էր գրքերը, քրքրում, էս ճանճերից էլ պրծում չկա, այ մարդ, սրանց քոքը կտրվի հա՜։
-Իսկ կարա՞ս ասել՝ ով ա ամենահզոր մոնոպոլիստը,- հարցրեց Բլինչիկ Բենոն՝ աչքերը փակ։
-Հայաստանո՞ւմ, Ազատիչ ջան։
-Աստվածը, Բարխուդարյան, Աստվածը, մյուս բոլոր աստվածներին տշեց, որ ինքը մեն-մենակ իշխի, կլասիկ օլիգարխ։
-Հա՜, համամիտ եմ, համամիտ․․․
-Մեզ վնուշատ են անում, որ Հիսուսը աղքատ էր, յանըմ բան չուներ, դաժե մի տապըչկա չուներ, ո՞նց չուներ, Աստծու տղեն էր, իսկ Աստված ամենահզոր սեփականատերն ա, գլոբուսը ձեռի տակ, որ կողմ ուզի՝ ֆռցնում ա։
-Հա, հա, շատ համարձակ բան ես ասում, Ազատիչ ջան։
-Բայց էդ գլոբուսը պահելու համար՝ պըտի անպայման տա, մեկին շատ, մյուսին քիչ, ինչ էլ տաս՝ մարդը գառ ա դառնում, եթե չտաս՝ գազան, դրա համար պըտի տաս ու իներցիայով պըտի տաս, Բարխուդարյան, իներցիայով, եթե ուզում ես իշխանությունը չկորցնես։
-Համամիտ եմ, Ազատիչ, իսկ խի՞ մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ։
-Եթե սաղին նույնը տաս, վաղ թե ուշ գլխիդ կնստեն, եթե մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ, մեկը մեկի գլխին կնստի, իրար միս կուտեն ու ոչ թե քեզ․․․
-Հա՜, ճիշտ բան ես ասում, Ազատիչ, համամիտ եմ, Հիսուսի գործո՞վ ես կանչել, հա՞․․․
-Ի՞նչ Հիսուս․․․
-Արձանի․․․
-Բայց ինչ ախմախ գյադա դուրս էկար դու, Բարխուդարյան, արդեն հասնում էի բուն գործին, մտքիս թելը կտրեցիր։
-Հիսուսի գործով՝ չէ, սիրամարգի գործով էլ՝ չէ, ինտրիգ ես քցում այ, վարպե՛տ։
-Բա էդ սիրամարգի պատմության վերջը լսի դու, մի օր մտա էս մեր վանք՝ մոմ վառեմ, մոտեցա խորանին, որ չոքեմ, մեկ էլ տենամ՝ սիրամարգի փետուր ա ընկած, ֆազերս քցեց, էս մեր քահանային կանչեցի մոտս, լավ հաց տվի, լավ ֆրանսական գինի էլ խմցրի, կերավ-խմեց, Աստծուն հիշեց, թե բա՝ մարդուն իրա պատկերով ա ստեղծել, բան-ման, ես էլ սիրամարգիս փետուրը կոխեցի աչքը, վա՜յ, Աստծու դեմքը կորցրեց թշվառը։
-Տեր հայր, եքա մարդ ես արա, բա չես ամաչո՞ւմ՝ տիրոջդ քթի տակից սիրամարգ ես փախցնո՞ւմ։
-Բենիամին Ազատիչ, սխալ ես մեկնաբանում։
-Իյա՜, բա մեկնաբանի իմանանք։
-Սիրամարգիդ Աստծուն եմ զոհաբերել, որ օջախդ շեն մնա։
-Ախպեր էդ խեղճի բուկը կտրեցիր Աստծու դեմը, բա հետո՞…
-Խաշեցի, կերա։
-Տնաշեն, իմ օջախի համար մատաղ ես արել, լավ ես արել, ցավդ էլ տանեմ, բայց մի հատ ձեն հանեիր, զադնի տայիր, ինձ էլ էդ մսից փայ հասներ, մեն-մենակ խեղդել ես, որ ի՞նչ․․․
-Բենիամին Ազատիչ, Աստված ասել է՝ երբ աջդ մի լավ գործ է անում, ձախդ չպիտի իմանա։
-Էդ խի՞ որ․․․
-Անքննելի են գործերն Աստծո։
-Այ քեզ կռուտի՜տ․․․
Մի ճանճ հա բզզում էր չինովնիկի ականջին։
-Հենո՜, Հենո՜,- գոռաց Բլինչիկ Բենոն։
-Ի՞նչ ա,- գոռաց մայրը։
-Հլը էդ լակոտին ղրգեք մոտս։
Չինովնիկը ճանճին բռնեց բռի մեջ։
Հենոն, ֆլեյտան ձեռը, վազեց հոր մոտ։
-Մեռնեմ ջանիդ, մի հատ փչի՝ հորդ սիրտը մաշի։
Հենոն սկսեց ողբը բոլոր ծակերից։
Չինովնիկը գլուխը հենել էր բռունցքին։
-Տղես ա, է՜, տղես ա, Բարխուդարյան, լսի, լսի՝ ո՜նց ա նվագում, վայ մեռնեմ ջանիդ, արա, բալասան ես հորդ սրտին, հայոց լեռների գետերի կարկաչի արձագանքն ա տղուս բերանից․․․ բանը․․․ ոնց են ասո՞ւմ․․․
-Համամիտ եմ, համամիտ,- չինովնիկը ծափ տվեց, ու ճանճը թռավ պատուհանից։
Ճըլմփ․․․ Օլիգարխի մայրը ճանճին սատկացրեց ու ձեռքով կանչեց չինովնիկին։ Չինովնիկը պատուհանից գլուխը հանեց։
-Գործ ունեմ հետդ, Բարխուդարյան։
-Հիմա՞․․․ ախր շատ սոված եմ․․․
-Տղես մեռավ սաղին կերակրելով, սաղի համար վիզ ա դնում, շատ ձեռնբաց ա, ու դրա համար օրնիբուն աշխատում ա, մեռնեմ դրա տրուդավոյ ջանին, բայց նիհարել ա, չոփ ա դառել, Բարխուդարյան, տես՝ ինչ տուն ա կառուցել, կարծում ես՝ հե՞շտ ա, ինչքան ծառ ա տնկել շուրջը, մեն-մենակ, առաջ էստեղ դաշտ էր, օձեր ու խլեզներ էին վխտում, հիմա տես ինչ տեղ ա դառել, դրա՜խտ, հրեշտականո՜ց, Բարխուդարյան, դու էլ մի էրկու խոսք ասա նրան, քեզ կլսի, ասա՝ մի քիչ հանգստացի, շունչ քաշի, պետք չի էդքան նվիրվես բոլորին, ախր շատ քիչ ա ուտում, առողջությունը կմաշի տղես, առանց նրա ի՞նչ պիտի անենք, ախր երկիրն էլ փուլ կգա առանց նրա, տես՝ ինչքան եկեղեցի ա կառուցել, շուտով Հիսուսի արձան էլ կունենանք, տղես պատմություն ա կերտում, բայց իրա առողջության հաշվին, Բարխուդարյան, համոզի նրան, որ շատ ուտի, չշարժվես, ճանճ ա նստել ուսիդ․․․
-Ի՞նչ կխմես, Բարխուդարյան,- աշխարհի ինչ խմիչք ասես կար օլիգարխի դարակների վրա,- գինի՞, թե՞ ռուսկի ստանդարտ։
-Ռուսկի․․․ երևի․․․
-Ճիշտ ես ասում, գինին կնգա խմիչք ա, մնացածն էլ գյոթերի, ճիշտը ռսի արաղն ա։
-Ոնց որ շատ շոգեց, պապս ասում էր․․․ հա, իրոք, գալուց մի պապի տեսա դարպասի մոտ, գոռում էր՝ տանտերը ուր ա․․․
-Խմի՝ կհովանաս, հեսա մադամ Ժոզեֆինան էլ կգա,- օղին քաշեց գլուխն ու հաջորդը լցրեց։
-Մադա՞մ․․․
-Ֆրանցուժենկան՝ «Նետ ու աղեղ» ֆոնդի ձիրեկտըրը, փող են տալի հայ ուսանողներին, որ գնան զագռանիցա սովորեն, տալիս են, չէ մի, տվողը ես եմ, նետը ուսանողն ա, աղեղն էլ՝ ես,- օլիգարխը էլի մի բաժակ քաշեց։
-Հայ չէ՞ր տնօրենը։
-Ֆրանսահայ, շատ խճճված կնիկ ա, խոսում, խոսում ա, բան չի մտնում գլուխս, հալալ կնիկ ա, բան չեմ ասում, իրա ցավն էլ տանեմ, սաղ ֆրանսահայերի ցավն էլ էնտեղ տանեմ, բայց պռոբլեմը էն ա, որ իմ ցավը տանողը չկա։
-Ի՞նչ եք ասում, Ազատիչ ջան, այ ձեր մաման հենց նոր…
-Ես ու մադամ Ժոզեֆինան իրար հետ չունենք, դե չունենքը որս ա, ախպեր, պռոստը չենք բռնում իրար էլի, ինքը վեշնի օդերով ա, իսկ ես հողի մարդ եմ էլի վսյո տըկի։
Երբ առաջին անգամ մադամ Ժոզեֆինան հանդիպեց Բլինչիկ Բենոյին, սեթևեթելով ձեռքը մեկնեց նրան։
-Ժոզեֆին…
-Իսկ ես՝ Նապալյոն Բենո։
-C’est très vulgaire!
-Երբ մեր մեծ ախպերը էդ ֆոնդը բացում էր, սխոդկա արեց, ասեց փող եք քցվելու, դե ախպեր ասի, քանի որ դու ես խնդրում, էս մի անգամը քցվենք հը, բայց դե, ախպեր ջան, էդ մի անգամը դառավ Հիսուս Քրիստոս, այ տենց ամեն տարի ընձի էլ են խաչը հանում, կաշվիցս դուս եմ գալի ու որպես մեծ մարդ մեծ փայը ես եմ տալի, չեմ ջոգում, Բարխուդարյան ջան, ինչի՞ն ա պետք էդ ֆոնդը, պալիծիկան լավ գիտեմ ինչ բան ա, ազիզ, մի ոտս դրա մեջ ա, մյուս ոտս էլ նենց չի էլի, որ շատ հեռու ա, համ էլ՝ էրկու տարբեր տապըչկա չի ըլնում, բայց դե էդ ֆոնդը չերեսչուր ա էլի, փող էին ուզում լվալ, էս երկրում լվացքի մաշընեքից շատ ի՞նչ կա, լից ու ֆռցրա, վոբշըմ, մտածեցի՝ մեր մեծ ախպերն ա, տարիքն առել ա, սիրտը փափկացել ա, էդ էրեխեքն էլ վսյո տըկի մերն են, հո չե՞մ ասի՝ քաք ես ուտում, մեծ մարդ ա՝ ուզում ա՝ ուտում ա, ոնց ասում են՝ ճաշակին ընգեր չկա, բայց դե ինձ էլ հասկացի, ախպեր ջան, ես էլ հո քաքակեր չեմ, արա դե լավ բան ա էս ռուսկի ստանդարտը, հո զոռով չի, քաշի գլուխդ՝ թող էթա․․․
-Դե դու որ բիզնեսով ես զբաղվում, Ազատիչ ջան․․․
Օլիգարխը մի պահ լռեց։
-Ախ տե՜նց, Բարխուդարյան,- օղի լցրեց,- լա՜վ, սենց ասեմ՝ ես բիզնեսով չեմ զբաղվում, զբաղվում են սեքսով ու Ազգային Ժողովում կոճակ սղմելով, ես երկիր եմ կառուցում, իսկ երկրից լավ բիզնես չկա։
-Ազատիչ ջան, ինձ սխալ հասկացար․․․
-Այ քո նմաններն են ուժեղ ու պռադվինուտի մարդկանց ցեխը կոխում, իսկ ես իրականում պռաստոյ սիրտ ունեմ, եթե կինոյի արծիստկեն սաղ չի, կինոն նայելուց լացում եմ, ես էլ թարսի պես չոռնաբելի կինոներ եմ սիրում, բա գիտեիր Բենոն սիրտ չունի՞, ունի, ունի, ես պռոստը ճկուն մարդ եմ, գյոթերը կռիվ են անում՝ կամունիզմը քաք էր, չէ՝ կապիտալիզմն ա քաքը, տո կամունիզմի մերն էլ, կապիտալիզմի հերն էլ, իմ նման տղեքի հագով թե կամունիզմն ա, թե կապիտալիզմը, կարևորը՝ ոռատու չըլնես, մնացածից գլուխ կհանես, ու թե ուզում ես իմանալ՝ էս կյանքը սենց բան ա՝ իներցիայով սպանում ու իներցիայով ծնում ես, ճիշտը իներցիան ա, մնացածը՝ տուֆտություն ա․․․ խմի, խմի, ոնց որ լեզուդ բացվում ա, դառնում թշնամու թուր․․․
-Համամիտ եմ, համա․․․
-Տո հերիք ա էլի, մի անգամ չեղավ համամիտ չըլնես արա, սկի կնիկս էդքան համամիտ չի հետս, ինշքան՝ դու, վիզս կտրեմ, մինչև հիմա բաժանվելու էի, եթե շան պես հա գլխով աներ ասածներիս, տղա ես՝ մի բան էլ ծուռ ասա, մի ասածս էլ մերժիր, շան տղա ըլնեմ, դաժե կնգաս էդքան չեմ դզում, ինշքան քեզ․․․
-Դե Ազատիչ ջան, եթե ճիշտ բաներ ես միշտ խոսում, ո՞նց համամիտ չըլնեմ, ցավդ տանեմ, բայց մի բան կա, որ ուզում եմ ասել, այ Հիսուսի արձանը․․․
-Հեսա մադամ Ժոզեֆինան գա՝ հետը կխոսաս, ինչ ուզում ա անի, ոնց ուզում ա անի, ինձնից յան տան, ասա փողը պրծել ա, նորից գնում ա Ռսաստան՝ զրոյից սկսի, ասա ուրիշ իստոչնիկներ ման արի, էդ զագռանիցեքում լավ էլ փող են քամում, ինքն էլ ըտուց ա, թող գնա մի քիչ էլ դրանցից քերի, վերջին հաշվով մի բուռ երգիր ենք, դրանց հնարավորությունները ու՜ր, մերը ու՜ր․․․
-Բայց Ազատիչ ջան․․․
-Կամ գնա՝ մեծ ախպոր հետ խոսա․․․
-Վայ Ազատիչ ջան, ախր․․․
-Տես հա՜՝ դավադիտ չանես ինձ, պադվադիտը հլը կարամ ներեմ, իսկ այ․․․ կստածի, կնգաս հետ ի՞նչ էիք անում ծառի հետևը։
-Ի՞նչ․․․
-Թարգի, եքա մարդ ես արա․․․
-Ծը․․․ ծը․․․ ծխում էինք․․․
-Իյա՜, կնիկս ծխում ա՞, բա էդ ե՞րբ էիր ինձ ասելու․․․
-Ազատիչ ջան, ինքը խնդրեց, որ չասեի, ներող եղիր․․․
-Բա որ կնիկս խնդրեց՝ չասես, խի՞ ասիր, կնգաս խնդրանքը չես հարգո՞ւմ․․․
-Այ հիմա իսկականից շփոթվեցի, Ազատիչ ջան․․․
-Այ որ չշփոթվես, Բարխուդարյան ջան, մադամին կտանես էդ ծառի հետևն ու մի լավ կծխացնես։
-Հա, հա, Ազատիչ ջան, ոնց ասես, ոնց ասես․․․
-Տես հա՜, քեզ վստահում եմ, Բարխուդարյան․․․
-Ես էլ, ես էլ, Ազատիչ ջան․․․
-Զարմանում եմ, արա, էս մի բուռ Հայաստանում ինշքան էլ խելքով էրեխա կա, տո՛, ամեն տարի մի դափոն հավաքվում ա, կրճատեք դրանց խելքը արա, մեզ չոբան ու սվառշիկ էլ ա պետք, ամեն մեկը գալըստուկ կապի, էս երգիրը կքանդվի․․․
-Պետք ա, պետք ա, բա պե՞տք չի․․․
-Իմ փողերով գնում են, հետ չեն գալի, բեզպրեդել ա արա, բայց մադամին հարցնես՝ յանըմ հայկական աշխարհն են հարստացնում, տո հայկական աշխարհը ես եմ, թող գան՝ վրես աշխատեն, ոչ թե՝ թալանեն։
-Այ էլի ճիշտ ես ասում, Ազատիչ, սովորել են ուզում՝ թող մնան Հայաստանում սովորեն, ի՞նչ են կպել էդ աշխարհի բուհերին, ինչո՞վ են պակաս մեր բուհերը։
-Հա էլի բոզը․․․
Երբ մադամ Ժոզեֆինան մտավ հյուրասենյակ, նրան հրավիրեցին նստել բազմոցին։
-Չէ, մեղսի, կատաստղոֆ սոֆա է, կարծես նստում ես կենդանու բերանի մեջ։
-Ի՞նչ կխմես, մադամ Ժոզեֆինա ջան,- հարցրեց Բլինչիկ Բենոն,- գինի՞, թե՞ ռուսկի ստանդարտ։
-Գինի, սիլվուպլե,- մադամ Ժոզեֆինան նստեց աթոռին ու ոտքը ոտքի վրա գցեց,- պարոն Բենիամին, ձեր շատոյի մոտ մի պապի ճչում էր՝ ուր է տանտերը։
-Ֆրանսական ստանդարտ մադամի համար՝ շատոյի պապից։
Շատոնյոֆ դյու Պապ գինու խցանը քաշեցին։
-Ինչպես կասեն՝ Christ n’a pas changé le vin en eau, mais l’eau en vin, նշանակում է, որ Քրիստոսը․․․
-Տո ճիշտ էլ ասում են, բա ոնց․․․
Մադամ Ժոզեֆինան, խոսքը բերանում, մի պստիկ կում արեց։
-Այս ինչքան շատ սիրուն սիրամարգ ունեք, պարոն Բենիամին, Հայաստանում մենք բազմացնո՞ւմ ենք սիրամարգեր։
-Վայ, մադամ ջան, պռաշու նե սիպ մնե սոլ նա ռանու․․․
-Այդ ի՞նչ է նշանակում․․․
Բլինչիկ Բենոյի էրեխեքը, մոր ու տատու գլխավորությամբ, մտան սենյակ մադամին ողջունելու։ Բայց հենց տեսան չինովնիկին՝ էրեխեքը աղմուկ-աղաղակով հարձակվեցին վրան, գցեցին հատակին ու սկսեցին թռչկոտալ վրան, բռունցքներով խփել դեմքին, քաշքշել ականջներն ու կոպերը։
-Հենո՜, Հենո՛․․․ արի ստե, որ կանչում եմ արա․․․ մի հատ էդ ֆլեյտան քոքի մադամի համար․․․
Հենոն փչեց։
-Իմ տղեն ա՜, է՜, իմ տղեն ա, մադամ, լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, ինչ ա անում է՜, վայ ես քու պուճուր ջանին մեռնեմ, հորդ կտորն ես արա, տղես ա, է՜, բրդուճ տղես․․․
-C’est très vulgaire!
-Ոնց ասում են՝ սելյավի, մադամ ջան, Հայաստանի կենացը․․․
-Օ, Հայաստանը պիտի նոր վերելքներ ունենա․․․
-Բա ոնց, բա ոնց․․․
-Երբ պառկում ենք քնելու, պիտի մտածենք ինչ երեք լավ բան ենք արել այդ օրը Հայաստանի համար․․․
-Հա, հա, մադամ ջան, խի՞ երեք, թող վեց հատ ըլնի․․․
-Անշուշտ․․․ Հայաստանը աշխարհի պղոցեսներին պիտի մասնակցի շատ աքթիվորեն, մենք հավաքում ենք անձնական ստեղծագործ ուժ հիմա, որ նվիրենք նաև աշխարհին, այս տեսակ հզոր ժողովուրդ ենք․․․
-Հա․․․ հա․․․ ու՜ժ․․․ հմմ․․․ դե ոնց ասես, մադամ ջան, պրոբլեմ չի․․․
-Պարոն Բենիամին, ահա թե ինչու ձեզի շատ հարգում եմ, միշտ ասում եք պղոբլեմ չկա, այդ նշանակում է, որ հույս կա․․․
-Հա՜, լավ բան ա հույսը, բա ոնց․․․
-Այդ պատճառն է, որ մեր ուսանողներին ուղարկում ենք աշխարհի մտային կենտղոններ, մաստեղ և ասպիղանտուղ, ամբողջ ոլորտներում, ֆինանսներ, մաղքեթինգ, փսիքոլոժի, էքոլոժի, պղոքթոլոժի, պոլիթիք, որ մանրամասն ուսումնասիրում են և անձնական ուժ հավաքում, որ ճիշտ մեսաժներ հաղորդեն աշխարհին և աշխարհին տան և այդպիսով Հայաստանը կապեն աշխարհի հետ։
-Կենաց եմ ասել, հորս արև, բայց, մադամ ջան, էդ դառմայեդներին խի՞ ենք նվիրում աշխարհին, ո՞ւմ են պետք։
-Այդ ինչ տեսակ գեղեցիկ բառ ասացիք․․․ այսօր ունենք հինգ հարյուր դաղմայեդիկներ, որ կրթությունը ստացել են աշխարհի լավագույն համալսարաններում, հինգ հարյուր նետեր, որ ուղարկում ենք աշխարհի տարբեր անկյուններ, հզոր է, չէ՞, հինգ հարյուր մեսաժներ, որ պատմում են աշխարհին՝ ինչպես կապում ենք մեր անցյալ հարստությունը այսօրվա հետ և ստեղծում հզորություն և ստեղծում համագործակցություն և նաև համաստեղծում մեր բաց սրտով և բաց մտքով և բաց կուրծքով․․․
-Մադամ Ժոզեֆինա, սիրտս հալվեց․․․
-Այդ պատճառն է, որ իրար հետ աշխատում ենք, պարոն Բենիամին։
-Աշխատո՜ւմ ենք․․․ լսո՞ւմ ես մասծեր կլասը, Բարխուդարյան, այ սենց գորձ անեիք՝ երգիրն էլ կշենանար․․․
Բարխուդարյանը հազիվ ուշքի էր գալիս։ Էրեխեքը փողկապը սեղմել էին կոկորդին, չէր կարողանում քանդել։
-Էլի աշխատենք, մադամ Ժոզեֆինա ջան, մենք չաշխատենք՝ ո՞վ կաշխատի, բայց խի՞ ենք օգնում էդ ջահելներին, մեկ ա, չեմ ջոգում էլի, թող մատը մատին խփեն ու․․․
-Պարոն Բենիամին, մեր ծրագրի մեջ մենք չենք օգնում, այլ փոխանցում ենք գիտելիքները իրար մեջ, մենք միավորում ենք բոլոր հայերը ամբողջ աշխարհով ու․․․
-Էդ ի՞նչ շուխուռ ա ըտե արա․․․- բղավեց Բլինչիկ Բենոն։
Նրան զեկուցեցին, որ մի պապի դարպասի մոտ գոռգոռում է ու կանչում տանտիրոջը։
-Պապի՞․․․ վսմիսլե պապի․․․ պառա՞վ․․․ ինշքա՞ն պառավ․․․ սավսե՞մ․․․ հա լավ, թողեք գա․․․
Պապուն ներս բերեցին։
-Հը, պապի ջան, էկել-հասել ես, հըմի ասա՝ ի՞նչ կխմես, գինի՞, թե՞ ռուսկի ստանդարտ։
Պապին ծղոտե գլխարկը հանեց ու զննեց բոլորի դեմքերը։
-Ինչ կխմե՞մ․․․
-Դու հին մարդ ես, վսյո ժե արաղ երևի, հը՞․․․
-Արա՞ղ․․․
-Շոգը գլխիդ ա խփել, պապի, խմի, կհովանաս։
-Դո՞ւ ես տանտերը։
-Ո՞նց․․․ չես ճանաչու՞մ ինձ։
-Դո՞ւ ես էս պալատը կառուցել։
-Ինքը, ինքն ա կառուցել, տղես ա, իրա ձեռքերով ա կառուցել,- թափահարեց ճանճի փետը Բլինչիկ Բենոյի մայրը։
-Ախր էստեղ հրաշալի դաշտ էր, մե՜ծ, կանա՜չ, ո՞ւր ա էդ դաշտը․․․
-Ի՞նչ դաշտ, հայրիկ ջան, օձ ու խլեզից բացի բան չկար, տես փոխարենը ինչ դրախտ ա տղես դրել։
-Ու ինչ էլ երկար ճանապարհ անցա․․․
-Հենո, ցավդ տանեմ, պապու համար էլ մի հատ փչի, սիրտը հուզի․․․
Հենոն փչեց։
Մադամ Ժոզեֆինան գինին մի շնչով դատարկեց։
-Տղես ա, պապի, տղես ա, է, լսո՞ւմ ես՝ ինչ ա անում, է, տղես ա, մեռնեմ դրա ջանին, բլինչիկ տղես ա։
-Չէ՛, չէ՛, չէ՛, տղեդ տաղանդ չունի։
Բլինչիկ Բենոն տեղից թռավ։
-Ո՞նց թե չունի․․․
-C’est très tragique!
Ծերունին արաղը գլուխը քաշեց։
-Ո՞նց թե չունի․․․ ուրեմն․․․ ուրեմն․․․ էդ ֆլեյտան․․․ էդ ֆլեյտա կոչվածը․․․ պըտի թաղենք, հա՛, հա՛, պըտի թաղենք, հենց հիմա, դավայ, դավայ, շարժվեք, մի մարդու պես, ռազ, դվա, շագոմ մա՜րշ, տեր հա՜յր․․․
Տեր հայրը բերանը սրբելով դուրս եկավ վանքից։
Ծառի տակ փոս փորեցին ու ֆլեյտան մեջը դրեցին։
-Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայություն քո․․․- մրմնջում էր քահանան։
Բոլորը ձայնակցեցին․
-Եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի․․․
Մոմ վառեցին։
Մի սիրամարգ թռավ ու նստեց հողաթմբի վրա։
-Դե վսյո, վսյո, հիմա սաղդ ցրվեք տներով, թողեք մարդը սգա․․․
Իրիկունը չինովնիկ Բարխուդարյանը հսկայական մորթեպատ բազմոցի մեջ սուզված՝ նայում էր Բուդդայի ձեռքից թաքուն պոկած մատին ու գինի խմում։
Մադամ Ժոզեֆինան հեռախոսով խոսում էր Փարիզում բնակվող հոր հետ։
-Ի՞նչ երազ ես տեսել այս գիշեր, պապա…
Բլինչիկ Բենոյի մայրը մի քանի սատկած ճանճ ավելացրեց իր ճանճերի հավաքածուին, փակեց արկղն ու անկողին մտավ։
-Ինն անգամ ինը անում ա ութսունմեկ․․․ ութսունմեկը բաժանած տասներկուսի․․․ Բենո՞, ինչքա՞ն ա ութսունմեկը բաժանած տասներկուսի․․․
Բլինչիկ Բենոն քնած էր։
-Տասներկուսին գումարած տաներկուս անում ա քսանչորս․․․ քսնաչորսին գումարած քսանչորս` քառասունութ․․․ երկուսին գումարած երկու՝ չորս․․․ հինգ․․․ վեց․․․ գոսպըձի, վեց տարուց ավել հղի եմ էղե՞լ․․․ վայ մամա ջան․․․
Օլիգարխի կինը ձեռքը քնքշորեն սահեցրեց վերմակի տակ, մտցրեց Բլինչիկ Բենոյի տրուսիկի մեջ ու ականջին շշնջաց․
-Զարթնիր լաո, պոչը բացվեց…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *