Օսվալդս Զեբրիս | Երկվորյակները

Նրանց հետ հանդիպումը միշտ ցավ է պատճառել: Չկա աջ ձեռք, որ մեկնեն, չկա լեզու, որ բլբլան և դեռ խուլ էլ են: Այսպիսի լրիվ անպետք արարածներ են, երկու հոգս` անատամ սոված բերաններով և մյուս բաներով, ինչը ամեն նորմալ մարդու համար է:
Փոստատար կինն է եկել, կարելի է վստահ դուրս ծլկել, ծերուկը ոչինչ չի անի:
-Պետք էր նրանց դնգստել, քանի դեռ փոքր էին,- քթի տակ մրթմրթալով` եզրակացնում է ծերուկը` երկուսի հայրը, ով հավերժ պառկած է նեղ թախտին: Մութ սենյակում առանց փոստատարի նա մեն-մենակ է. պառավը վաղուց է մահացել, և ուրիշ մեկն էլ այս սենյակում երկար չի մնա: Ծերուկը շնչահեղձ է լինում, երկար հազում, հետո բարձրաձայն շունչը տեղը բերում:
-Բայց չէ՞ որ քեզ նրանց համար վճարում են, ո՞նց էիր գոյատևելու առանց դրա,- կոպտորեն ասում է փոստատարը պառկած տղամարդուն, հաշվում ու սեղանի անկյունում դնում մի քանի թղթադրամ:
Ծերուկը հանկարծ ընկում է այն տարօրինակ կայծակնային քնի մեջ, որը գալիս ու անցնում է մի քանի րոպեների ընթացքում: Փոստատարը հասցնում է ճանկել մի թղթադրամ և ոտքը դուրս է դնում «Արագիլ» կոչվող կապույտ տան շեմից:
Ծերուկը վեր է կենում: Երկար նայում է մոխրագույն առաստաղին. բազմաթիվ սև ճաքեր են հայտվել կենտրոնում` այնտեղ, որտեղ ժամանակին լամպն է եղել, իսկ հիմա միայն հոսանքի լարի հաստ կտորն է: Լարերը մեկուսացված չեն, քանի որ մեջը հոսանք չկա: Ծերուկը փորձում է հասկանալ, թե ժամը քանիսն է, թե ուր է կորել փոստատարը, թե ինչու է նորից սոված, մեջքն էլ ցավում է, ցուրտ է ու խոնավ, ուր են կորել երկու խեղանդամները, որ չի լսվում նրանց կտրտված ձայները և բարձր տնտնալը այս սենյակի անկյունում: Ծերուկը վեր է կենում ու ջուր դնում, որ տաքանա:
Երկվորյակները բակ են դուրս եկել, թաքնվել են բարձր սոճու ետևում, և նրանցից մեկը մի ահագին քար է նետում փոստատարի ուղղությամբ: Նրանք, բարձրաձայն բլբլացնելով, փախչում են: Քարն, իհարկե, կողքով է անցնում և ընկնում է փողոցի փոշիների մեջ: Վերևի հարևանները բացում են պատուհանները, գեր կինը գոռում է, որ ծերուկը այդ երկուսին պետք է կառավարի, որ նրանք կարող են ինչ-որ մեկին սպանել, բայց նրան ոչ ոք չի պատասխանում, քանի որ զույգերը խուլ են, փոստատարն արդեն հեռու է, ծերուկն էլ նորից կայծակնային քուն է մտել: Շենքի մյուս բնակիչները այս պահին չկան: Գեր կինը ինչ-որ ժամանակ բարկացած քայլում է իր երկրորդ հարկում` բարձր վրդովվելով, բայց հետո նորից լռություն է տիրում:
Ծերուկը երկար դանակով սև հաց է կտրատում: Մեկն իրեն ու մեկական կտոր տղաներին: Անդիսը տեսնում է, որ Էրիկի հացը մի քիչ ավելի հաստ է և փորձում է ցույց տալ վրդովմունքը, որ ծերուկը դա նկատի և մյուս անգամ ավելի ուշադիր լինի: Անդիսը քացով խփում է եղբոր ոտքին, սա փախցնում է, Անդիսի ոտքը դիպչում է սեղանի ոտքին, թեյնիկն ընկնում է, հացը թրջվում, և ծերուկը ասես կատաղած ոռնում է. զույգերը տեսնում են նրա բարձրացրած ձեռքերը, դուրս պրծած աչքերը, գզգզված մազերը, որ իրենց մոխրագույնով ծածանվում են շարժվող ճակատի վրա: Էրիկը լայն ժպտում է. հիմար եղբայրն այս անգամ կարգին համը հանեց, ու հայրը լուրջ է փրփրել: Միայն հազի հերթական նոպան է պահում հոր ձեռքերը, որոնք արդեն ձգվում էին ինչ-որ հարվածող բան վերցնելու: Ծերուկը հենվում է սեղանի եզրին, սահում բազկաթոռին, թուլացած ձեռքը թրջվում է թեյի մեջ, որը նաև գետնին է հոսել: Անդիսին այս անգամ բավական է իր միակ ձեռքը, որով ուժեղ հրում է հորը: Երբ բազկաթոռի ոտքը սահում է թեյի լճի մեջ, հազացող մարմինը սկզբում շրմփում է պատին, ապա ծերուկը թեք սահում է կանաչավուն պատով: Մոխրագույն գլուխը դիպչում է գազօջախի անկյունին, և արյունը սկզբում մի քանի ուժեղ շիթերով է դուրս խփում, հետո հանդարտ հոսում է ականջով ու սփրթնած վզի վրայով: Զույգերը տեսնում են, որ կարմիրը արագ ներծծվում է հոր բամբազյա դեղին վերնաշապիկի օձիքի մեջ: Սկզբում անհանգստացած պլշում են իրար վրա, հետո մի բարձր ծղրտոց արձակելով` դուրս են պրծնում տանից: Երկրորդ հարկի գեր կինը կարծես լսել է շրմփոցը և հիմա նորից սկսում է վրդովվել, բայց զույգերն ի ծնե խոր լռության գերիներ են, և ոչ մի ճվաղոց նրանց չի կարող անհանգստացնել:
Էրիկը մի քիչ ավելի բարձրահասակ է ու առաջ է ընկել: Անդիսը երբեք արագ վազել չի կարողացել. շունչը կտրվում է արդեն մի քանի րոպեի ջանքերից, քանի որ սիրտը թույլ է: Նրանք կանգ են առնում երկաթգծի լիրքի մոտ: Օրը շոգ է, ռելսերի վրա դիզելային վառելիքի գարշահոտությունն է: Անդիսը նստում է հենց կարմրագորշ քարերի վրա: Էրիկը քիչ ավելի հեռու է գնում ու նայում է հեռացող վագոններին: Նա մտածում է, որ գնացքով կարելի է արագ հեռանալ այս անիծված տեղից և թաքնվել ուրիշ քաղաքում կամ անգամ ուրիշ երկրում: Էրիկի առողջ ձեռքը տաք օդում նշան է անում Անդիսին, որ կարելի է գնացքով` բեռնատարով գնալ, թաքնվել վագոնների արանքում, հետո դուրս գալ մի հեռավոր քաղաքում և ողորմություն խնդրել: Հնարավոր է` Անդիսը կարողանար իր նկարներից վաճառել: Գուցե նաև նվագել կարողանան: Անդիսը ոչինչ չի պատասխանում. նրան միևնույն է: Նա հասկանում է, որ այսօր սպանել է հորը, ով այս երկար տարիներին իրեն ու Էրիկին շալակն առած համբերատար պահել է: Երկու խուլուհամր միձեռքանիները ում վզին էլ լինեին, վաղ թե ուշ կքամեին անգամ ամենչնչին հույսն ու ավյունը: «Ի՞նչ սահման ունի մարդու պատասխանատվությունը իր մերձավորի հանդեպ»,- ցավով մտածում է Անդիսն ու վեր կենում, որ հետևի անհանգստացած եղբորը:
«Մենք պետք է մոտավորապես գնացքի մեջտեղի վագոններից մեկը բարձրանանք, որ չտեսնեն»,- շարժումներով հասկացնելով` կանաչ լոկոմոտիվն է ցույց տալիս Էրիկը: Բայց գնացքն այստեղով արագ է անցնում, և երկու խեղանդամները զուր են մտածում գնացք նստելու մասին: «Պետք է կայարան փնտրել և փորձել այնտեղ»,- որոշում է Էրիկը, ու երկուսով գնում են վագոնների հետևից: Որոշ ժամանակ անց փայլուն ռելսերին կարմիր գույն է ընկում, աջից շուտով արևը մայր կմտնի, քաղաքը մնացել է հետևում` բավական հեռվում, և երկվորյակները սովածություն են զգում: Կայարանը դեռ չի երևում, և ոչ մի գնացք էլ չի եղել:
Հենց գծերի եզրին`բետոնապատ հրապարակի մոտ, երկվորյակները կրակ են վառում: Պարզվում է` Էրիկը հետը թրջված սև հաց է թռցրել, և հիմա կարող են այն խորովել: Հացից սուր հոտ է տարածվում, այն մխում է, մի քանի վառ կայծ բարձրանում են երկինք: Հացի կտորները արագ խփշտում են, Անդիսը ցույց է տալիս եղբորը, որ սովածությունն ավելի ուժեղացավ, Էրիկը ձեռքը թափ է տալիս ու սև գլուխը իջեցնում է ջինսով ծնկներին: Ննջում է: Գիշերը արագ է մոտենում, քամու մի քանի ուժեղ ալիքներ բորբոքում են ածուխները, բայց հետո դրանք հանգչում են: Անծանոթ շրջապատը և օրվա իրադարձությունները թույլ չեն տալիս զույգերին քնել: Նրանք սովոր չեն նման բաների, և այն պահին, երբ երկուսն էլ այնքան հոգնած են, որ կարող են աչքները կպցնել, մոտենում է գիշերային գնացքի փայլուն աչքը: Դղրդոցը նրանք չեն լսում ու չեն լսում նաև այն, որ գնացքը արագ կանգ է առում. գծերից պակասել են մի քանի փայտակոճ, գծերն անհարթ են, և դրանց վրայով անցնելն անվտանգ չէ: Լույսի առաջին ճառագայթի հետ Անդիսը գնում է մի քիչ հեռու ու նկատում, որ ոչ շատ հեռու գնացք է կանգնած:
Երկուսն էլ` գզգզված ու թրջված, կաղալով գնում են գծերի երկայնքով: Մառախուղը թույլ է տալիս զույգերին գնացք բարձրանալ աննկատ: Ո’չ վագոնների արանքում, ո’չ տամբուրում, ո’չ վագոնում, ոչ մի տեղ էլ նրանք իրենց տեղը չեն գտնում: Իհարկե, երկու կեղտոտ խեղանդամ չեն կարող աննկատ մնալ. որոշ ուղևորների առավոտյան քունն է խանգարվել, ոմանք վախենում են, ոմանք զզվում: Զզվելի է նաև իրենց, բայց մեքենավարը սուլելով ազդանշանում է կայարանը, երկվորյակները վագոնում անցուդարձ են նկատում: Քրտնած պատուհաններն արդեն վաղուց այնքան յուղոտված են, որ կայարանի շենքերի փոխարեն կարելի է տեսնել միայն մութ գծեր: Մարդիկ աշխատում են արագ հեռանալ հարթակից. գծերի նորոգումը նրանց կարգին ուշացրել է, հիմա էլ այս թանձր խոնավությունը:
Քաղաքը զույգերի համար խիստ օտար է, և անգամ, եթե նրանք լսել կարողանային, այստեղի լեզուն նրանց համար անհասկանալի կմնար: Գուցե ինչ-որ բառեր կամ արտահայտություններ կարողանային ընկալել, բայց ոչ լսածի իմաստը: Հավանաբար այս քաղաքի բնակիչն էլ գլուխը կթեքեր և ուսերը թափ կտար, եթե զույգերից մեկը հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր ու խոսեր: Այսքան տարբեր են նրանք: Անդիսը ձեռքով ցույց է տալիս փողոցի մյուս մայթի մսի խանութի մուտքի մոտ ինչ-որ բարձրահասակ տղամարդու, որը փայլուն կոշիկով հրում է դեղնավուն շանը: Հավանաբար շունը խանութի մուտքին շատ էր մոտեցել կամ էլ տղամարդու ոտքին, ո՞վ գիտի: Երևում է, որ քռչոտ շունը փնչացնում է, կաղալով մի քիչ հեռանում, բայց աչքը չի կտրում մեծ կոշիկից, որը նորից է պատրաստվում հարվածի, ասես, եթե մի կարգին հարվածից հաջողվել է պրծնել, կարողանալու է անմիջապես մյուսից էլ խուսափել: Պարզ չէ, թե ինչու է երկու մոլորված խեղանդամներին գրավել այս սովորական իրավիճակը, բայց հենց այս դեղնալեհեր շունը, ավելի ճիշտ՝ նրա անուշադիր անցուդարձը խանութի մոտ, գործի դրեց այն իրադարձություների շղթան, որը ճակատագրական պիտի դառնար զույգերի համար:
Տարիներ առաջ` մոր մահից ոչ շատ անց, նրանց դուռն էր եկել մուգ մոխրագույն գանգրամազ շան ձագ` Միխը: Սկզբում եղբայրները նրան պահում էին մառանիկում` փայտե աստիճաների տակ, բայց երբ մեզի հոտը սկսեց հասնել մինչև անգամ երկրորդ հարկ, ստիպված էին շանը քարշ տալ հոր մոտ: Մի քանի օրվա ձևական դժգոհությունից հետո հայրը թույլ տվեց պահել Միխին, և նրանք առաջին անգամ ունեցան ընկեր` իրենց մռայլ եռյակից դուրս: Սուրբ Ծննդյան և հին Նոր տարվա արանքում եղած ազատ շաբաթներից էր, երբ եղբայրները նեղ սենյակի կիսամութի մեջ սկսեցին նկարել Միխի դիմանկարը: Ինչպես միշտ, Անդիսի նկարածն ասես լուսանկար լիներ, իսկ Էրիկինը նրանցից չէր, որ ինչ-որ մեկն ուզենար որպես հիշատակ պահել: Ամեն ինչ շատ արագ կատարվեց. հայրը ներս եկավ վառելափայտը գրկին, և Միխը, հավանաբար հոգնած երկար բնորդելուց, դուրս պրծավ դռան նեղ ճեղքից: Հայրը հասցրել էր լսել նրա հաչոցը, բայց մարմինը գտան միայն երեք օր անց: Անցքերը գլխում և փորում վկայում էին այն մասին, որ կրակել էին երկփողանի հրացանից: Երևի տեղում մեռել էր, բայց ինչ-որ մեկը քարշ էր տվել դիակը ճանապարհից դուրս, իբր, որ ճանապարհի մեջտեղում` սպիտակ ձյան վրա չմնա: Կրակողի մասին ոչինչ չիմացան: Այդ երեկո զույգերը դեռ երկար միմյանց նշաններ էին անում, և դա շատ արագ էր տեղի ունենում. անգամ հայրն իր որդիներին չէր հասկանում: Միխին թաղեցին բակում հուղարկավորության փոքր արարողությամբ. վերջապես վեց տարի միասին էին, եկել էին նաև հարևաններից գերը, նրա ամուսինը և փոստատարը:
Մի ակնթարթից զույգերն արդեն փողոցի մյուս կողմում են և շրջապատել են բարձրահասակ տղամարդուն: Յուրաքանչյուրն իր կողմից հրմշտելով` նրան գինետան ու մսի խանութի արանքի խորշն են խցկում: Երկու եղբայրներն էլ ունեն մեկական ուժեղ ձեռք` երկու ջլոտ կեռեր, նրանք շփոթված պարոնին խցկել են մութ անկյունն ու շան ծեծ են տալիս: Փայլուն լաքապատ կոշիկները դառնում են զույգերի ավար, իսկ մթոտ խորշի ծայրում արդեն հավաքվում են մարդիկ: Հեռացած շունն ու նրա պաշտպանները հետաքրքրություն են առաջացրել, մինչդեռ ոչ մեկը չի էլ տեսել իրադարձությունների սկիզբը:
-Մա՜ամ, նրանք պաշտպանեցին շունիկին, այս բոյովը քացով խփում էր շանը,- ասում է փոքրիկ աղջիկն իր շատ բարձրահասակ մորը:
Հետաքրքրասերների խումբը ճեղքվում է, և արանքից դուրս են գալիս եղբայրները` երկու անճոռնի միձեռքանիները: Զույգերը դանդաղ են գնում, քանի որ Անդիսի սիրտն էլի խփում է: Հավաքվածներից մեկն առաջարկում է, որ այս երկուսին, այնուամենայնիվ, պետք է բռնել, քանի որ հայտնի չէ, թե իսկապես ինչ է տեղի ունեցել: «Իհարկե, իհարկե»,- փնթփնթում են կանայք, բայց այս ամբոխի մեջ նրանց բռնող չի գտնվում, և ժողովուրդը սկսում է ցրվել: Բարձրահասակ պարոնը` քաղաքային թերթի խմբագրի տեղակալ Ինոկենտի Օբրազցովը, մի կերպ դուրս է գալիս խորշից, հասնում լուսավոր փողոց, օգնություն կանչում: Փռվում է գետնին ու գլուխն այնպես է հարվածում, որ ամբողջությամբ երևում է նրա տպավորիչ ծոծրակի ոսկորը, տարածում է ոսկրոտ ձեռքերը փողոցի կողմը ու էլի մի քանի անգամ օգնության կանչում: Անցորդներից ոմանք կանգ են առնում, բայց նրանք քիչ առաջվա հետաքրքրվածները չեն, այդ պատճառով չեն կարող իմանալ եղելությունը և կասկածամտորեն զննում են Ինոկենտիին: Նրա ժակետն ու բաճկոնը վստահություն են ներշնչում. ինչ-որ շիկահեր սիրունիկ օգնում է Օբրազցովին ոտքի կանգնել, շտապում են նաև երկու երիտասարդ և միասին ուղեկցում կարմիր գուլպա հագած տուժածին մինչև այգու ծայրի նստարանը: Ինչ-որ մեկն արդեն բժիշկ է կանչել, և մարդիկ կարող են հանգիստ շարունակել իրենց ճանապարհը:
Այս ընթացքում երկվորյակները հասնում են այգու հակառակ ծայրը, նստում կլոր շատրվանի եզրին, մտածում իրենց հետագա անելիքների մասին: Անդիսը պետք է նկարի. սա է հիմա նրանց միակ հույսը: Եկեղեցու մոտ երեկվա վաստակած երեք դրամով նրանք ճարել են տասը մեծ թուղթ և երկու հաստ մատիտ: Անդիսի մոտ նկարելը լավ է ստացվում` Միխը, հայրը, երկրորդ հարկի գերը, և, իհարկե, Էրիկը, որոնք կախված են նրանց մութ տան պատի այն անկյունում, որտեղ երկվորյակների մահճակալն է: Դեղնած նկարները հիմա օտարներն են զննում, քանի որ գերը գտել է ծերուկի դին և ոստիկանություն է կանչել: Դրսում ինչ-որ մեկը ակորդեոն է նվագում, և քննիչները տխուր են. նորից դիակ, նորից սպանություն, նորից ինչ-որ մեկն իր մտերիմի գլուխը կոտրելու հիմար պատճառ է ունեցել:
Երկվորյակներն անցել են նկարելուն: Էրիկը ջանում է հաճախորդներին գրավել, նա ժպտում է, միակ ձեռքն ուղղված է դեպի շատրվանի մոտ նստած եղբայրը: Երկու նոր մատիտները բազմաթիվ փոքրերի են կոտրտված, որ թվա, թե մի ամբոջ գունային հավաքածու է: Սկզբում Անդիսին բաժին է ընկնում նկարել մի անհանգիստ երեխայի, որին պինդ բռնել են ժպտերես ծնողները: Հնարավոր է` երեխայի ծննդյան օրն է, կամ կնունքը, որովհետև երեքն էլ տոնական հագուստով են, երևի սրճարանից են դուրս եկել. մոր ձեռքի փոքր տոպրակի մեջ երկու կծած հաց կա: Հետո մի ավելի տարիքավոր պարոն օրիորդի դիմանկար է ուզում, երևում է, որ նա դուստրը չի, որովհետև պարոնը ցուցադրաբար հրաժարվում է մանրադրամից: Օրը տաք է, և եղբայրներն արդեն վերադարձրել են իրենց երեք դրամը: Հաջորդ հաճախորդն արդեն եկամուտ կբերի, և նրանք վերջապես կգնան հացի հետևից:
Երրորդ հաճախորդը Անդիսին հենց սկզբից ծանոթ է թվում, Էրիկին էլ է այդպես թվում. նրանց փոքրիկ փրկիչն է, որին երկուսն էլ նկատել էին մութ խորշից դուրս գալիս: Շանը ծեծողի հետ կապված դեպքից հետո նա ինչ-որ բան էր ասել, և մարդկանց ոչ մեծ ամբոխը բացվել էր ու ճանապարհ տվել եղբայրներին: Անդիսը ժպտում է, նշաններով շնորհակալություն ասում, աղջիկը թեքվում է դեպի մայրը, և նրանք կարծես նորից քննարկում են առավոտվա եղածը: Աղջիկը ժպտում է, իբր, ասում էի չէ՞, մա՛մ, որ նրանք ազնիվ մարդիկ են, ու հիմա պարզվում է, որ անգամ նկարիչներ են: Այս դիմանկարն, իհարկե, նրանք անվճար կնկարեն, և, չնայած, հացավաճառի մոտ դեռ չեն կարող գնալ, բայց արդեն խաղաղված են: Էրիկը նստում է եղբոր կողքին. երկուսին էլ հանգիստ է պետք:
-Սարսափելի վիճակ է,- գրում է Անդիսը եղբորը չորրորդ թղթի ներքևում: Ծուռումուռ տառերի տակ նկարում է երկու տխուր միձեռքանիների:
-Սարսափելի տուն եմ ուզում,- մանր տառերով պատասխանում է Էրիկն ու մեկական դանակ ավելացնում նկարի միձեռքանիների փորերի մեջ:
Բարձրահասակ պարոնն անճոռնի քայլում է այգու միջով: Կեսօրն անց է, և Ինոկենտի Օբրազցովը վերջապես բռնում է տան ճամփան: Գործընկերոջից վերցրած մաշված կոշիկները նեղ են, ցավում են աջ կողքն ու գլուխը: Ահավոր օր է, բայց հույսը չի կորցնում, որ այդ խեղանդամները դեռ կբռնվեն: Հազվադեպ, բայց պատահում է այնպես, որ հենց մեկի մասին մտածում ես, անմիջապես հանդիպում ես: Սա հենց այդպիսի դեպքերից էր, և պարոնը հեռվից հեռու ճանաչում է իրեն նեղացնողներին, սկզբում վախենում է, թաքնվում սաղարթախիտ թխենու հետևում ու նայում: Շատրվանի մոտ գետնին նստած` երկուսով թղթի վրա ինչ-որ բան են խզբզում. հիմարներն իրենց նկարչի տեղ են դրել: Ինոկենտի Օբրազցովը լարվում է, իր ոչ երիտասարդ մարմնով մեկ թեթև դողում է, և «օգնեք բռնել բանդիտներին» բացականչությամբ նետվում է երկվորյակների ուղղությամբ: Անդիսը նստած է մեջքով դեպի թխենին, բայց եղբոր աչքերում տեսնում է սարսափ: Նրանք ճարպիկ են, և մեծ Օբրազցովին դժվար թե հաջողվի բռնել զույգին, եթե միայն Անդիսի թույլ սիրտը չդավաճանի: Տղամարդն այս անգամ ունի անսպասելի օգնականներ` մսավաճառի տղան բռնել է խեղանդամներից մեկի միակ ձեռքից ու քարշ է տալիս այգու թփուտները: Էրիկը զգում է, որ իրեն է մոտենում հետապնդողներից մեկը, կտրուկ ձախ է թեքվում, մտնում ցածր թփերի տակ ու դուրս գալիս փողոց` հենց տրամվայի առաջ: Անդիսը չի տեսնում և չի լսում խուլ դմփոցը, իսկ ուժեղ ձեռքերն այնպես են սեղմում նրան երեկոյան խոնավ խոտի մեջ, որ բերանում աղի համ է զգում ու շունչը կտրվում է: «Սիրտս չի դիմանա»,-մտածում է նա, և հանկարծ ինչ-որ բան բարձրացնում ու տանում է նրան:
Դեղնավուն շունը մեն-մենակ թափառում է քաղաքի խանութների երկայնքով: Նա անտանելի սովից նվաղում է, տեսնում է ինչ-որ պարոնի` թարմ երշիկի և մսի բույրով լի տռզած պորտֆելը թևատակին: Դեղնավունն անգամ պատրաստ է սպանել` սովը հագեցնելու համար: «Պարոնը ցածրահասակ է, և դժվար թե շատ ուժեղ լինի»,- մտածում է շունը: Պորտֆելը թեքվում է ինչ-որ լուռ նրբանցք, իսկ դեղին շունը, մեջքն ուռեցրած, լուռ հետևում է նրան:

Թարգմանությունը լատվիերենից՝ Նաիրա Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *