Գոլի Թարաղի | Պարոն Ա-ի տարօրինակ սովորույթներն օտարության մեջ

Վաղ առավոտ էր, երբ պարոն Ա-ն շփոթված վեր թռավ քնից: Տարօրինակ զգացողությունը համակել էր սիրտը: Մրսում էր: Մի տկար հուզմունք ֆիզիկական ցավի նման պտույտ էր տալիս մարմնում: Լարեց լսողությունը. մեկը քայլում էր վերևում, մեկ ուրիշը լվացվում պատի հետևում. հեռվից հնչում էին եկեղեցու տխրագին զանգերը: Չէր ուզում արթնանալ: Չէր ուզում մտածել: Կոպերի տակ շնչում էր օրը: Շիփ-շիտակ լույսի մեջ էր, որը չէր սիրում. երկյուղում էր ինչ-ինչ բաների բացորոշությունից: Թավալվեց: Վերմակը քաշեց երեսին և տեսավ փախչող երազի մնացուկը, նայեց կոպերի տակ ալիքվող մութ հեռուներին և հիշողությունից անդին սփռված խաղաղ մոռացությանը: Քունը տարավ, ու այդ կարճ ընթացքում տեսավ երկար երազ, երազ մարդկանց մասին, որոնց չէր ճանաչում և քաղաքների մասին, որտեղ չէր եղել: Սրտի հանկարծակի տրոփյունից դարձյալ արթնացավ և խորը զառանցանքի մեջ լող տվողի նման շվարած հայացքը հառեց շրջակայքի անծանոթ առարկաներին ու արտասովոր ստվերներին: Սենյակի անկյուններից փչում էր անծանոթ մի հոտ, սին, անհուշ մի հոտ, որ չէր կապակցվում իր հիշողություններում առկա որևէ իրողության հետ: Լսեց՝ բանալին պտտվեց կողպեքի մեջ: Լսեց՝ աղմկելով սուրաց գնացքը, և անձրևը թակեց լուսամուտը: Գուցե իրիկնամուտ էր: Գուցե առավոտն ավարտվելու վրա էր: Գուցե ցայգ էր: Չգիտեր: Մեկնեց ոտքերը: Կծկեց ոտքերը: Պառկեց փորի վրա և մահճակալից կախ ձեռքը սահեցրեց փայտե սառը հատակի վրայով՝ փնտրելով ծանոթ իր կամ անձ, շոշափեց պատի խոնավ եզրագիծն ու պաստառը: Հարցրեց ինքն իրեն՝ որտե՞ղ եմ, և շրջակա օտարությունից վախեցավ: Նստեց: Վառեց կողքի լուսամփոփը, և քունն աչքերից փախավ: Տեսավ՝ նույն Ա-ն է՝ հիսուներկու տարեկան, իրանցի, մուսուլման, Շապուհի անվան դպրոցի պատմության ուսուցիչ, Թեհրանի բնակիչ, սա էլ իր անձուկ ու անարև սենյակն է՝ Փարիզի Քսաներորդ թաղամասում՝ հինգերորդ հարկում՝ միջանցքի ծայրին:
Տիկին Նաբովաթը գրել էր. «Երանի՜ քեզ: Երանի՜ մենք էլ լինեինք այդտեղ՝ այդ եդեմում, որ հարսիկն է աշխարհի քաղաքների»: Եվ արտասվել էր: Ու արցունքները՝ առատ ու խոշոր, թափվել էին նամակի վրա, թանաքը հոսել, լղոզվել էր: Ամեն էջը համբուրել էր կարմիր շուրթերով և վերջին երկու տողում կրկին գրել. «Երանի՜ քեզ: Երանի՜ ես էլ գայի: Երանի՜ ես էլ այդտեղ լինեի»: Նրա նամակն էլ էր իր նման՝ անուշիկ ու կատարյալ, և բուրում էր ծանոթ բույրով, գյուղական թարմ համեմունքների ու տնական տաք ուտելիքների բույրով: Մայրն էլ գրել էր ոտքի ցավի ու կատարախտի մասին, մահվան շեմին՝ կուրության ու մենակության մասին: Կտակ էր կազմել, հրաժեշտ տվել ու պատգամել՝ օտարության մեջ փայփայի և պահպանի առողջությունը, հավատն ու փողերը: Հորեղբոր նամակը ողբ էր՝ շուկայի լճացած առևտրի ու պարտքերի, փախստական որդու ու հեղափոխական հարևանների մասին: Գրել էր. «Եղբորս սիրելի տղա, Թավրիզի գորգն էլ ստիպված ծախեցինք, ու ոտքներիս տակը դատարկվեց: Էդ հին գորգի հետ կորցրինք նաև մեր նամուսն ու պատիվը: Ի՜նչ բախտավորություն էր՝ ժամանակին գնացիր: Եթե էդ կողմերում իմ ու խեղճ տղաներիս համար գործ լինի, գրի՛ր, արագ կհավաքվենք, կգանք: Մեր մեծերը ճիշտ են ասել՝ հո՛ չենք մեռնելու թշվառության մեջ, ինչ է թե էստեղ ենք ծնվել»: Հետո ստորագրել էր և՛ պարսկերեն, և՛ ֆրանսերեն ու «Հաջի Մահդի» ընկերության կնիքով կնքել:
Բարեկամներից հիսունվեց նամակ էր ստացել: Նամակները լցրել էր բարձի տակ: Գիշերը սենյակի կատարյալ լռության մեջ լսում էր դրանց քնքշալի խշխշոցը, և անկողինը կամաց-կամաց պարուրվում էր Նաբովաթի անտեսանելի ներկայությամբ ու տաք շնչով, դպրոցի բակի աշակերտների աղմուկով, ամառային երեկոների ու ծաղկանոցի թաց ծխածաղիկների բույրով, կաղամախիների հետևում ցոլցլացող լուսնի, Էլբուրսի բարձր գագաթների, արևառատ տների, անձրևով լվացված նեղլիկ գորշ փողոցների մասին հիշողություններով: Ողջ գիշեր՝ քնած թե արթուն, տեսնում էր իրեն պապենական տանն ու մանկության թաղերում՝ վաղեմի հուշերով ապահով պարսպված, ապուպապերից ժառանգած ձև ու կերպի, ցեղակիցների ձայների կենտրոնում, և այդ հարազատ աշխարհի սահմաններում խաղաղվում էր, հանգիստ քնում, երազում այգի ու ավանակ տեսնում. ուրախ էր, որ իրական տեղում է, ստույգ ժամանակահատվածում, և որևէ անտրամաբանական ու օտար բան չի սպառնում իր մարդկային արժանապատվությանը:
Ֆազելիին՝ քիմիայի ուսուցչին, գրել էր.«Այստեղ ես կորած, կորսված եմ: Շատ բաների իմաստը չեմ ընկալում: Արարքներս չարախնդությամբ են ընդունվում, դռները շրխկացնում են երեսիս: Անցյալ չունեմ, ապագայի մասին պատկերացումներս էլ ձգվում են մինչև շաբաթվա վերջ: Ամեն աստծո օր արտասովոր բաներ եմ անում ու ընկնում տհաճ իրավիճակի մեջ: Կորցնում եմ փողերս, բանալիներս: Բախվում եմ դռներին ու պատերին: Զգում եմ՝ փոխվել եմ: Երբեմն ուղեղիս սթափության վրա էլ եմ կասկածում: Վախենում եմ՝ օտարության մեջ ամբողջովին խելքս թռցնեմ»:
Միլանիին՝ անգլերենի ուսուցչին, գրել էր. «Սիրելի՛ ընկեր, չհասկացա՝ ինչպե՞ս

հանկարծ հայտնվեցի աշխարհի այս կողմում: Ինչպե՞ս եղավ, ի՞նչ պատահեց: Հավատո՞ւմ ես՝ ես, որ պատմության ուսուցիչ եմ, պատմությունից ոչինչ չեմ ուզում և ցանկանում եմ, որ պատմությունն էլ ինձնից ոչինչ չպահանջի»:
Աշակերտների մեղքն էր, իր սիրելի աշակերտների, իր երեխաների: Եթե նրանք իր մահվան վճիռը չկայացնեին, եթե վերևի հարկի դասասենյակի պատուհանից քարով չխփեին գլխին, բանն այստեղ չէր հասնի: Կմնար հայրենիքում, իր ընկերների կողքին, իր Նաբովաթ խանումի հետ: Բայց քարը դիպել էր գլխին, այրվում էին գլխի կարերը: Մինչև հիմա էլ չէր հավատում, թվում էր՝ երազ է տեսել: Տրորում էր վզակոթն ու տնքում: Օրական հարյուր անգամ ինքն իրեն հարցնում էր՝ իր սիրելի աշակերտներից ո՞ր մեկն էր էդ անիծյալ քարն իր գլխին տվել, ինչո՞ւ, ինչի՞ համար: Ուզում էր իմանալ: Ուզում էր հասկանալ: Սիրում էր իր աշակերտներին, մեծացրել էր նրանց և իր ողջ կյանքն ու ապագան կապել նրանց հետ: Ասում էր. «Սրանք իմ երեխաներն են, իմ այգու ճնճղուկները»,- և սիրտը թրթռում էր իր թռչնակների համար: Հեղափոխության օրերին վազում էր նրանց հետևից և կրկնում նրանց կարգախոսերը: Հանուն նրանց էր ավելի լավ վաղվա օր տենչում և ընդառաջ էր գնում այնպիսի բաների, որոնցից ինքն էլ գլուխ չէր հանում: Ուզում էր մոռանալ նրանց, բայց չէր ստացվում: Անունները չէր արտաբերում, վանում էր մտքից, նրանց մասին չէր խոսում, բայց ամեն գիշեր տեսնում էր նրանց երազում: Հոգու ճիչով արթնանում էր ու կծկվում ցավից: Վերքը սրտի խորքում էր, շամփրում էր, զրկում քուն ու դադարից:
Հորեղբայրը ճիշտ էր. անձուկն առ անցյալ նման էր մեռած կնոջ հետ սիրավեպի, օրհնություն ու բարեբաստություն չուներ: Նույնիսկ Նաբովաթ խանումն էր գրել. «Առա՛ջ նայիր, սկսի՛ր նորից, տես՝ ուր կհասնես: Գուցե մի լավ բան պատահի: Գուցե մի նոր բան բացահայտես»:
Նրանք իրավացի էին: Առջևում քառասուն տարի ուներ: Քառասուն անգամ տասներկու ամիս, անգամ երեսուն, անգամ հազարավոր ժամեր, միլիոնավոր վայրկյաններ: Կյանքը հենց ապագան էր, հենց ավելի լավ բաներին սպասելը: Գրողի ծոցն անցյալը: Գրողի ծոցն ազգը, գերդաստանը, հողն ու հիշողությունը: Պետք է թիկունք աներ ապուպապերի պատմությանը, Համմուրաբիի գերեզմանին ու Թախթե Ջամշիդի ավերականերին, երես շրջեր հանգուցյալներից, առասպելներից ու հոգիներից, հետևում թողներ Ֆին այգին ու Սպաների ակումբը, հորեղբորը, հորաքրոջը, Ռաբաբ Սուլթանին, հունապը, մանանան, սեփեսթանը , անտեսեր սովորույթի գրավչությունն ու ծանոթ իրերի հանդեպ ձգտումը: Պետք է մուտք գործեր նոր տարածություն ու ժամանակ, մուտք գործեր արդի պատմություն՝ թարմ մտքերով ու նոր փորձառություններով:
Դրսից լսվում են խոսակցության ձայներ, բարձր ու հանդիմանալի ձայներ: Տանտիրուհին է: Վիճում է ներքևի հարկի հնդիկ վարձակալի հետ: «Ա»-ն անհանգիստ նայում է դռանը, և սիրտը դող է ընկնում: Այդ խառնիխուռն խոսակցությունից բան չի հասկանում, բայց համոզված է՝ տան կարգ ու կանոնին հակառակ ինչ-որ բան է կատարվել, և վախենում է: Գուցե մեկն աղբի տոպրակը բակի աստիճանների մո՞տ է դրել, կամ նոր կենվորը մոռացել է դրսի դուռը փակել: Ինքն էլ է ժամանակ առ ժամանակ նմանատիպ բաներ անում: Որքան ջանում էր ավելի կարգապահ և ուշադիր լինել, այնքան հակառակն էր ստացվում: Հաճախ մոռանում էր մարել միջանցքի զուգարանի լույսը, երբեմն ծխուկն ակամայից նետում էր բակի պատի տակ ու անցնում, և միշտ գտնվում էր մեկը, որ տեսնում ու լուրը տեղ էր հասցնում. հայտնվում էր տանտիրուհին, կշտամբում, սպառնում, և «Ա»-ն կուչ էր գալիս ամոթից: Ուզում էր բացատրել, որ ինքը պատվարժան ու հարգված մարդ է, բարեկիրթ ընտանիքի զավակ, որ Թեհրանում իր տունը պատշգամբ, այգի, ջրավազան ու շատրվան ունի, և ինքը ճարահատյալ է հայտնվել այս նկուղում: Արտահայտվելը դժվար էր, և լեզվի չիմացությունը հաստատում էր նրա զանցանքը, ու մեղադրական վճիռը կտրական էր դառնում:
Դրսից շարունակվում էին լսվել վեճ ու կռվի ձայներ: «Ա»-ն ականջ դրեց, լսեց՝ հնդիկ վարձակալն անհասկանալի լեզվով բլբլում է: Գլխի ընկավ՝ տանտիրուհին իրեն ևս մատնացույց է անում, և վտանգի մեջ գտնվողի նման կուչ եկավ, փոքրացավ ու սահեց ծածկոցի տակ, վերմակը երեսին քաշեց և ջանաց անուշադրության մատնել դրսի ձայները, մտածել լավ բաների՝ մեհրի մեկի ու դասերն սկսվելու, մաքուր կոշիկներով ու նոր տետրերով դասին պատրաստ աշակերտների, դասամիջոցի զանգի, փոքր ուսուցչանոցում հավաքված ուսուցիչների, քաղաքական բանավեճերի, Ֆազելիի կրկնվող կատակների, տնօրենի եղջերավոր ստերի, Չերաղիի՝ մաթեմատիկայի ուսուցչուհու գարշահոտ օծանելիքի, թեյի ու չորահացի մատուցարանը ձեռքին՝ Սայիդի՝ վաղեմի սպասավորի, առաջին առատ ձյան, չորահացի կտորներով լի թեյի բաժակի, զարմանալիորեն հաճելի ու առավել քաղցր վերջին ումպի, հանկարծակի լռած՝ նավթավառի շուրջը խմբված ուսուցիչների, ձյան շշունջով լցված ողջ դպրոցի և անսպասելի սսկված ու դատարկ քաղաքի մասին: Կրկին հիշեց տիկին Նաբովաթին, նրա ծաղկավոր կիսաշրջազգեստն ու քաթանե կոշիկները, կաշվե գոտին ու ոսկեգույն կոճակներով վերնաշապիկը, մշտապես վզից կախ փոքրիկ սուլիչը և նրա հետ կապված ամենայն մանրուք: Տիկին Նաբովաթի ամուսինը՝ Ալի Ռեզան, ասում էր՝ սիրելի կնոջս սուլիչն Էսրաֆիլի շեփորն է, դատաստանի օրն էլ է սուլելու: Ամեն անգամ, երբ «Ա»-ն լսում էր սուլիչի ձայնը, հասկանում էր, որ Նաբովաթի նամակը ճանապարհին է, և սպասվելիք հավանական երջանկության մտքից սիրտը թպրտում էր:
Նաբովաթ խանումի նամակներն անմիջապես չէր կարդում, դնում էր գրպանը, զբաղվում առօրյա հոգսերով ու գնումներով: Մտնում էր բանկ ու փոստ, զբոսնում գետի շուրջն ու գետի վրա: Եկեղեցու կողքով անցնելիս ներս էր մտնում, մոմ վառում, և այդ ողջ ընթացքում կրում էր փոքրիկ ծրարի ծանրությունը՝ ճակատագրի քաղցր բեռի նման: Վերադառնում էր տուն ու էլի չէր շտապում: Լվանում էր ձեռքերը, հանում կոշիկներն ու հագուստը, կարգի բերում սենյակը, սրբում այս կամ այն բանի փոշին, պատուհանի մոտ աթոռին մեկնվում, ծխախոտ վառում: Ջուր էր ըմպում և հետո միայն խաղաղ ու հանգիստ գրպանից հանում էր տիկին Նաբովաթի անուշաբույր ձեռագիրը՝ նման սուրբ աղոթագրքի, և սիրահարվածի երկյուղածությամբ նայում վրան: Ձեռագրի յուրաքանչյուր մանրուք, թանաքի յուրաքանչյուր բիծ, յուրաքանչյուր ավելորդ մասնիկ հազար ու մի նշանակություն ունեին նրա համար: Որոշ հատվածներ չէր կարդում, թողնում էր գիշերվան՝ նախքան քնելը, կամ առավոտյան՝ արթնանալիս՝ ափսեի անկյունում մնացած վերջին համեղ պատառի նման: Բառերը պահում էր բերանում, պտտեցնում լեզվի տակ, աչքերը փակ սպասում, որ բառերի համը զգա մարմնի ամեն մի բջիջում, և կարդում էր նորից: Ըմբոշխնում էր նախադասությունները, ճաշակում կետն ու ստորակետը, կաթիլ-կաթիլ ըմպում բառահյութը, ինչպես օրհնված բուժահեղուկը: Ամենավատն օրն այն էր, երբ անձրև էր մաղում, և փոստարկղը մնում էր դատարկ: Չէր իմանում ինչ անել: Վերցնում էր անձրևոցը, գնում մինչև փողոցի ծայրը: Նստում էր որևէ սրճարանում ու ակնապիշ նայում մարդկանց, որոնց չէր ճանաչում: Գնում էր մի օրաթերթ, կարդում տեղեկություններ, որոնց իմաստը չէր էլ ընկալում: Տուն էր վերադառնում, լվանում շորերը, կարկատում գուլպաները, կարում բաճկոնի պատռվածքը կամ վերնաշապիկի պոկված կոճակը և շուտ պառկում քնելու:
Հորեղբայրը գրել էր. «Սիրելի՛ եղբորոդի, ավելի լավ է մենակ մնալ օտարության մեջ, քան տառապել հայրենիքում: Մենք մեր քաղաքում օտարներից էլ, մուրացիկներից էլ վատ վիճակում ենք. մտածում ենք՝ գնանք, մնանք: Եթե գնանք, ո՞ւր գնանք»:
Պետք է վեր կենա, առավոտվա մեծ մասն անցել է: Անկողնում պառկած մնալը նոր սովորույթ է, որ տանջում է նրան: Մի ողջ կյանք արթնացել էր վաղ առավոտյան և ուշացած աշակերտներին չէր թույլատրել դասարան մտնել: Հիմա ինքն է անբան ու անգործ փռված մահճակալին՝ նիրհում: Զգում է՝ ուրիշ մարդ է դարձել, և «ուրիշ դառնալը» նրան դուր չի գալիս: Վախենում է՝ մտքերն էլ հետզհետե ուրիշ դառնան, և ակամայից փոխվեն ցանկությունները ևս: Հիշողությունների հարատևության վրա էլ է կասկածում: Համոզված է՝ օտարությունն աներևույթ թթվի նման կքայքայի իր՝ պարոն «Ա»-ի ինքնությունը:
Այնուամենայնիվ, վեր կենա՝ ի՞նչ անի:
Կյանքը, որ պատուհանից այն կողմ է, կապ չունի իր հետ: Դրսի օրերն անցնում են առանց իրեն, և իրադարձությունները կատարվում են իր բացակայությամբ հանդերձ: Անկողինը տաքուկ ու ապահով տեղ է՝ զերծ ուրիշի ոտնձգություններից: Հենց այստեղ էլ կմնա: Կթափառի հիշողությունների գրկում, կհետևի տիկին Նաբովաթի հազարավոր ցիրուցան պատկերներին՝ մտքում պահած:
Սիրելի Նաբովաթ՝ Շապուհի անվան դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ վազելիս, ցատկելիս, գնդակը նետելիս, երկաթե սուլիչով սուլելիս, առավոտյան հիմնը երգելիս:
Ջահել Նաբովաթ՝ սև երկար վարսերով, ճերմակ առողջ ատամներով, պիրկ, աննկուն մարմնով, կյանքով ու ուժով լի՝ կյանքին պոզահարել պատրաստվող հարբած կենդանու նման:
Փոքրիկ Նաբովաթ՝ մանկության օրերի խաղընկեր, հարևանի աղմկարար աղջնակ՝ եռանիվ հեծանվին նստած, կախված ծառերի ճյուղերից, գոռում-գոչյունով, ճիչ-աղաղակով՝ հարևանների տան կտուրներին կատուների հետևից վազելիս:
Երբեմն ուզում էր բռնել այդ խելառ աղջնակին և քոթակել, որքան ուժը կպատեր: Փչացրել էր հեծանիվը: Ոչինչ, կթռցնի նրա հեծանիվի ակն ու կքաշի հյուսքերից:
Երբեմն էլ, ընդհակառակը, ցանկանում էր իր բոլոր գնդիկները, բոլոր գունավոր մատիտները, արտասահմանյան նամականիշներն ու չորացրած ծաղիկները նրան նվիրել, գրել տնայինները, խիճերով, մետաղյա տուփերով, հազար ու մի մանրուքով լցված նրա ծանր պայուսակը դպրոց տանել:
Ամառները հարևանի փոքրիկ աղջիկը լողում, լողանում էր իրենց լողավազանում: Փափլիկ էր ու թմբլիկ, գանգուր մազերը լցվում էին դեմքին ու ուսերին: Ուներ հազար տեսակ կենդանի ու միջատ՝ ճուտ, թիթեռ, մողես, կրիա, սարդ, շերամ: Բոլորին դնում էր արկղիկի մեջ: Լողանալիս դրանց բաց էր թողնում ջրավազանի շուրջը: Ճտերին օճառով լողացնում էր: Թիթեռնիկներին կապում էր թելով ու խաղացնում ջրի վրա: Սուզվում էր, գլուխկոնծի տալիս և ողջ ընթացքում ծիծաղում ու նշան անում իրեն, որ քրտնաշաղախ ծիկրակում էր կտուրից՝ թթվի կճուճների հետևից, իրեն, ով ամաչկոտ էր, նիհար ու վտիտ և վախենում էր ջրից. եթե նույնիսկ առվակի մեջ էլ ընկներ, տեղնուտեղը կխեղդվեր:
Տիկին Նաբովաթի վերջին նամակը գլխի տակ է: Հանում է: Բացում: Տասը էջ է: Թերթերը շաղ է տալիս վրան՝ կրծքին, երեսին, փորին, ոտքերին: Փակում է աչքերը: Տեսնում է Նաբովաթին, որ կանգնած է օդակայանի ապակե միջնորմի հետևում. արցունքները հոսում էին աչքերից: Երկուշաբթի՝ մեհրի քսանմեկին, իր՝ Փարիզ մեկնելու օրն էր: Նաբովաթը հեռվից իրեն էր մատնացույց անում և ինչ-որ անհասկանալի բաներ ասում: Ուշ էր տեղ հասել: Ուզում էր ներս մտնել, թույլ չտվեցին: Մարդկանց հրում էր մի կողմ ու բռունցքով հարվածում ապակուն: Օդակայանից հատուկենտ կրակոցների ձայներ էին լսվում: Ասում էին՝ օդանավի մեջ ռումբ կա: Արտասահմանյան անձնակազմին պատանդ էին վերցրել: Ուղևորները պտույտ էին տալիս միմյանց շուրջը, և հենց մի դուռ էր բացվում, գրոհում էին այդ ուղղությամբ: Աստիճանների վրա ծեր կին էր ուշաթափվել: Մի երիտասարդ թփթփացնում էր նրա գլխին ու դեմքին, լացում և ոստիկաններից, հսկիչներից, օդանավակայանի անձնակազմից խնդրում, որ օդանավում տեղ տան իրեն: Հարյուրավոր անտեր ճամպրուկներ էին թափված սրահի կենտրոնում: Անվտանգության աշխատակիցներն ամբոխի մեջ կասկածելի անձանց էին փնտրում և ստուգում անձնագրերը: Նաբովաթն ապակու հետևում էր: Չէր շարժվում: Չէր շնչում: Փոշու նոսր ամպը ջնջում էր նրա դեմքը. հին խեցու վրայի մաշված ուրվագծի էր նման:
Կանչում էին ուղևորներին: «Ա»-ն ստիպված էր գնալ: Պետք է հրեր ծանր ճամպրուկներն ու քարշ տար հատակի վրայով: Ամենավատը մարմնի զննությունն էր: Պիտի մերկանար: Հանեց բաճկոնն ու տաբատը, կոշիկներն ու գուլպաները: Բացեց բերանը, լեզուն դուրս գցեց: Պաշտոնյան փայտիկով տնտղեց նրա մազերը, ականջների հետևը, շալվարի ներսը: Պիջակի ուսագլուխների բարձիկները շատ մեծ էին: Մեկը մկրատն առել, պատրաստ կանգնել էր: Երանի հենց այդ պահին հետ դառնար: Գրողի ծոցը, թե աշակերտները գլուխը չէին ջարդել: Նման քարեր բոլորի գլխին էլ տվել էին: Նաբովաթի հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյան օտարության մեջ ապրած հազար կյանք արժեր: Փարիզն իր քաղաքը չէր: Իր տեղը չէր: Ի՞նչ պարտադիր էր: Ինչո՞վ էր հիվանդ: Ումի՞ց և ինչի՞ց էր փախչում: Աշակերտների մեղքն էր: Շահի մեղքն էր, որ թողեց ու գնաց: Իր մեղքն էր, որ չգիտեր՝ ինչ է ուզում և ինչ պիտի անի: Հավատացել էր հեղափոխությանը, թուդեականների գաղափարախոսությանը, ժամանակի հրամայականին ու նահատակների արյունին: Վիրավորների համար դեղորայք ու ծածկոց էր տարել: Մեկ լիտր արյուն էր տվել ցույցերում վիրավորվածներին, աշխատավարձը նվիրաբերել էր հանուն մամուլի գործադուլի և ուրախացել էր, որ, ի վերջո, այս թշվառ ժողովրդի կյանքում ինչ-որ կարևոր իրադարձություն է, և աշխարհի աչքը սևեռված է այդ մոռացված երկրի վրա: Հպարտության զգացողություն ուներ, մի մարդու զգացողություն, որը կա և կարող է տնօրինել սեփական ճակատագիրը:
Երեկոնները լսում էր կտուրներից հնչող «Ալլահ աքբար»-ը, և սիրտը զարկում էր: Հավատացյալ չէր, կամ գոնե մտածում էր, որ հավատացյալ չէ: Կրոնից միշտ պաշտպանել էր բանականությունը, գիտությունն ու նորամուծությունը: Նույնիսկ իրեն թույլ էր տվել կասկածի տակ առնել Աստծո գոյությունը: Ընկերների հետ խոսել էր մատերիայի հիմունքներից, աշակերտների հետ՝ պատմության զարգացումներից ու հասարակական նորմերից: Իրեն զարգացած մարդու տեղ էր դրել. վախենում էր կրոնական ծեսերից ու նամազից: Այժմ չէր հասկանում՝ որտեղի՞ց է իր մեջ կրոնի հանդեպ հակում առաջացել: Չէր հասկանում՝ ի՞նչ ուժ է, որ ընդդեմ բանական գաղափարներին ու դրույթներին, իրեն ձգում է դեպի հոգևոր ու մետաֆիզիկական աշխարհ, դեպի երկրային իրականությունից անդին:
Վաղ առավոտ էր: Քայլում էր քաղաքի հրապարակում: Համալսարանը հեղեղված էր մարդկանցով: Հնչում էր աղոթականչը: Նամազի ժամն էր: Այր, կին, ահել-ջահել, ծեր ու մանուկ՝ բոլորը ծնկաչոք էին ու երկրպագում էին: Ծնկի էր իջել մի երիտասարդի կողքին և նրան հետևելով՝ աղոթք արել, խառն ու խճճված աղոթք: Չգիտեր: Կարևոր էլ չէր: Նախկինում ամեն անգամ նեղվում ու նյարդայնանում էր, երբ տեսնում էր հորը՝ աղոթքի կարպետին ծնրադրած: Ամեն անգամ, երբ մայրն ուրբաթ երեկոյան ողբասացության արարողություն էր կազմակերպում, փախչում էր տնից: Որտեղ մահմեդական հոգևորականի էր հանդիպում, խոժոռվում էր: Իր սաներին ոգևորում էր պատմությունը գովերգելով, Մարքսի դրույթներով, բնական գիտություններով: Հիմա դարձել էր այլ մարդ՝ լուսնահար ու ապշահար:
Աշուրայի՝ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրը՝ առավոտյան, դրսում էր: Դպրոցականները, ուսուցիչները, հարևանները, ընկերները, բոլորը եկել էին, բոլորը՝ բացի տիկին Նաբովաթից: Պողոտան քիչ-քիչ լցվում էր մարդկանցով: Ասեղ գցելու տեղ չկար: Մոտակա փողոցներից «Ալլահ աքբար» գոչող փոքր խմբեր էին գալիս, ձուլվում իրար: Բազմության մի հատվածը կուրծք էր ծեծում, մյուսները շղթաներով հարվածում էին սեփական թիկունքին ու ուսերին: Չադրայավոր աղջիկները, ձեռք ձեռքի բռնած, թախծոտ երգ էին երգում: Ճերմակ սավաններով երեխաները, պառավները, հաշմանդամները՝ սայլակներին նստած, գալիս էին ամբոխի հետևից. վերջինների ձայնն ամենաբարձրն էր: Դատաստանի օրն էր, օդում ալիքվում էր Հոսեյնի արյան բույրը, Սիավուշի արնահոտը: Կանայք բռնել էին իրենց նահատակ որդիների՝ փայտերի ծայրերին ամրացված լուսանկարները, սգավոր տղամարդիկ կուրծք էին ծեծում: Բոլորը ողբում էին: Բոլորն անիծում էին դավաճան շահին ու բիրտ Յազիդին: Մեծ բազմություն էր լցվել փողոցի կենտրոն ու փակել վերադարձի ճանապարհը: Քաղաքական լոզունգներից անտեղյակ էր, կրոնական երգեր չգիտեր: Այնուհանդերձ, զարմանալիորեն ուրախ էր. մասնակիցն էր պատմական իրադարձության: Վստահության զգացողություն ուներ, ինչ-որ նշանակալից ու կատարյալ բանի հանդեպ կապվածության զգացողություն: Ականջներում արձագանքում էին ձայներ, բերանում պտտվում կցկտուր խոսքեր: Նման էր մեկին, որը ջերմում է, և մտքերն իրենից անկախ են ծագում գլխում: Կարծես հողը բացել էր երախը, և այդ միահյուս բազմությունն իր հետ քաշում, տանում էր իրեն: Կամաց–կամաց, արբելով ազատության աննախադեպ զգացողությամբ, բարձր բղավել էր, բղավոց, որ բխում էր սրտի, հոգու, ժամանակի խորքից, Եվայի ու Ադամի ժամանակաշրջանից, չարտաբերված բոլոր խոսքերից, կյանքի ու ճակատագրի նկատմամբ ունեցած բոլոր տրտունջներից, մանկության տարիների բոլոր լացերից ու վախերից, իր, քարանձավաբնակ պապերի ու անճար հայրերի վախերից, Նաբովաթի հանդեպ անսահման սիրուց, աշխարհի, պատմության, Աստծո դեմ ունեցած ամենայն բողոքից. ամեն ինչ ամփոփված էր անասնական այդ բղավոցի մեջ, բղավոց, որ մնացել էր կոկորդում և դուրս չէր եկել մինչ այդ օրը: Նույնիսկ ծնվելիս չէր ճչացել, մտածել էին՝ մեռել է: Հետո էլ չէր խոսում: Եղբայրներն իրենց մեղքը միշտ իր վրա էին բարդում, և երբ հայրը կաշվե գոտիով մտրակում էր իրեն, ծպտուն չէր հանում: Ողբը ոտնաթաթերից սահում էր վեր, գալարվում որովայնում, սեղմում կուրծքը, նստում կոկորդում ու կոպերի տակ. բերանից դուրս չէր գալիս: Աղաղակը հին մրուրի նման թանձրանում էր մաշկի տակ և հաստատվում մի հեռավոր խորշում՝ անձեռնմխելի տեղում՝ հոգու ամենախուլ անկյուններում:
Բիբի խանումը մոր մորաքույրն էր: Իրեն շոյում, գուրգուրում էր: Ջուր ու շաքար էր բերում, մեջքի՝ մտրակի հարվածից առաջացած կապտուկներին տաք յուղ քսում: Բիբի խանումն էր նրա համար գիշերները հեքիաթ կարդում, ցրտից ճաքճքած ձեռքերը ճակնդեղի հյութով մերսում, պարանոցի ու ճակատի գորտնուկների վրա սև թել կապում, ամեն առավոտ սոված փորին մի մեծ գդալ ձկան յուղ խմեցնում և ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը՝ երեկոյան, հետը տանում փողոցի վերջնամասի հասարակական բաղնիք: Մայրը, քեռակինները, մորաքրոջ արջանման գեր աղջիկները, հարևան պառավները, Գիթի խանումը՝ Մոհանդեսի կինը, և դերձակ Շեքուֆեն բաղնիքում էին. նրանց մերկ ու պարարտ մարմիններից անուշեղենի, շաքարաջրի, հինայի ու ցաքու բույրեր էին տարածվում: Երազում հայտնված աղոտ ու ցիրուցան տեսիլների նման նրանք շուռումուռ էին գալիս բաղնիքի թանձր գոլորշու մեջ: Այլ էին նրանց ծիծաղի ձայները, նրանց խոսակցությունն ասես անծանոթ աշխարհից էր լսվում: Բիբի խանումն էր լվանում նրա մարմինն ու մազերը, կտրում ոտքերի ու ձեռքերի եղունգները: Փչում էր մեծ ճիլոպը և դրանով, որ կարծես օճառի փրփուրով լի փուչիկ լիներ, շփում մեջքն ու կուրծքը: Եռման ջրով ու մանգանի լուծույթով մատով լվանում էր ականջները՝ թմբակաթաղանթը ուր որ է պատռելու աստիճանի: Քարով մաքրում էր ոտնաթաթերը, յոթ անգամ ավազանի մեջ սուզում՝ ամեն անգամ այնքան պահելով ջրի տակ, մինչև նա թափահարում էր ձեռքն ու ոտքը, խռխռում, կապտում: Հետո աշխարհի ամենակոշտ սրբիչով չորացնում էր մարմինը և այնքան շոր հագցնում, որ ոտքերը փոխելու ուժ էլ չէր մնում, և երբ բոլորովին ձեռքից գնում էր, մի պաղ ու ճզմած նուռ էր լցնում բերանը և այդ ամենն անում էր մայրական քնքշանքով ու գորովալից աչքերով և քթի տակ աղոթք մրմնջալով՝ նրան տուն էր տանում:
Հետո, երբ մեծացավ, հոր հետ էր բաղնիք գնում: Մենակ ու տրտում նստում էր մի անկյունում ու ինքնուրույն լողանում: Եղբայրները ևս լուռ ու հանգիստ էին: Վախենում էին: Ոչ մեկը խոսելու կամ խաղալու իրավունք չուներ: Հոր բոլոր ընկերներն էլ ծեր էին, և նրանց խոնջացած մարմինները պատրաստ էին լքելու այս աշխարհը: Հայրը սառը լոգանք էր ընդունում: Նա բաց էր թողնում բաղնիքի օդանցքը և սրթսրթացող տղաներին պատմում սատանայի, դժոխքի, մեղքի ու հանցանքի մասին՝ ժամանակ առ ժամանակ ապտակելով նրանցից մեկի ականջին. համոզված էր՝ լացն անհրաժեշտ է չար աչքից ու անեծքից մաքրվելու համար: Ուզում էր ինչ-որ բան ասել, ինչ-որ բան անել: Մեծ տղա էր: Կարող էր վեր կենալ ու գնալ, առնվազն բաղնիքի օդանցքը փակել, կա՛մ տաք ջուրը բացել, կա՛մ ձեռքն առաջ պարզել՝ ապտակի ցավը մեղմելու համար: Բայց լռում էր և խեղդում լացը: Գլուխը կախ՝ հոր անարդար վերաբերմունքի դեմ բողոքը թողնում հետոյին:
Տիկին Նաբովաթին էլ անգամ խոսք չէր ասել, սրտի խոսքը: Պետք էր ընդառաջել ու հարևանի աղջկան ասել, որ սիրում է նրան: Հենց այդքան պարզ: Տեսնում էր, որ հարևանուհին նայում է իրեն ու սպասում, որ հուսահատ ու ընկճված գնում-գալիս է այգու վերջնամասի ծառերի ստվերում ու ծամծմում ուռենու դալար շիվերը: Տեսնում էր՝ հարևանուհին լղարել, դեղնել, հյուծվել է, իրեն հանդիպելիս դողում է, հազը բռնում է, կուչ է գալիս և խելագարի նման մեկիկ-մեկիկ գետնով է տալիս հասմիկների թաղարներն ու ջարդում և ի հեճուկս իրեն, միայն իրեն զայրացնելու համար թևանցուկ է անում Ալի Ռեզա Նաբովաթին ու քահ-քահ ծիծաղում, հյուրերի մեջ՝ սենյակի կենտրոնում, մեն-մենակ պար է գալիս, փռփռացնում փեշերը, վարսերը քամուն տալիս, համբուրում սրան-նրան, նույնիսկ անծանոթներին, մատնեմատի մատանին խոթում հյուրերի և հատկապես իր աչքը, բուռ-բուռ պիստակ, չարազ, թթի չիր, նշով կոնֆետ է լցնում բերանը ու ժամը մեկ զուգարան է վազում՝ գունատ ու տրտմագին, արտասվախառն աչքերով իրեն նայելով. ինքը տեսնում էր սերն ու ցասումը և մնացյալը ու էլի ծպտուն չէր հանում:
Իհարկե, եթե համարձակվեր, եթե խոսեր հարևանի աղջկա հետ, կփոխվեր շատ բան. կյանքի հունը, այն քարի հունը, իր պատմության հունը, Ալի Ռեզա Նաբովաթինն ու մնացած շատերինը: Ո՞վ իմանա: Գուցե փոխվեր ամեն բան՝ բոլոր ուղիները, աշխարհի բոլոր անցուդարձերը:

Դուռն են թակում: «Ա»-ն լսում է, բայց բանի տեղ չի դնում: Ինքն իրեն համոզում է՝ հարևանի դուռն է, և ապարդյուն կառչում է արթմնի երազին, որ թռչում է գլխից: Ճար չկա, ուղեղի մի մասն արթնացել է արդեն, և փակ աչքերով շփոթված նայում է դռանն ու անկոչ հյուրին, որ միջանցքում սպասում է իրեն: Ո՞վ կարող է լինել: Գուցե տանտիրուհի՞ն է, որ եկել է բողոքելու: Թե՞ իրանցի ճամփորդ է: Վեր է կենում: Քնաթաթախ ու մոլորված փոխում է քայլերը: Կանգնում է ինչ-որ սուր առարկայի վրա: Լսվում է նրա նվոցը: Դնում է ակնոցը, փնտրում կոշիկները: Հողաթափի զույգը չի գտնում: Այդ մի թիզ տեղում էլ ամեն ինչ կորցնում է: Նայում է մահճակալի տակ ու վարագույրների հետևը: Չկա: Մտափոխվում է: Հատակից վերցնում է շալվարը, թափ տալիս, գցում աթոռի հենակին: Մանրադրամները շաղ են գալիս: Նայում է շուրջը, նայում է իրեն և ընկճվում: Շուրջբոլորը գրքեր են, հին օրաթերթեր, ծխուկներով լի մոխրաման: Ի՜նչ փնթի ու անտարբեր է դարձել: Հեռավոր նմանություն ունի իր՝ նախկին «Ա»-ի հետ: Ինչ իրեն հիշում է, կարգապահ, օրինավոր մարդ է եղել, շորերը՝ արդուկած, տունը՝ մաքուր, դասարանը՝ հավաք, մտքերը՝ տրամաբանված, ծրագրերը՝ հաշվարկված: Երբանի՞ց է փոխվել: Ո՞ր օրից, ո՞ր ամսվանից կամ ժամից:
Կրկին լսվում է դռան թակոցը: «Ա»-ն սթափվում է և գնում դեպի դուռը: Դարձյալ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ կարող է լինել, և երկու քայլ չգցած՝ քարանում: Զգում է՝ ոտքերն անշարժացել են, սիրտն արագ ու անհամաչափ է զարկում: Նույն միտքը պտտվում է գլխում՝ ո՞վ կարող է լինել: Մի համր բառ է հայտնվում շուրթերին և ձև ու կերպար չառած՝ անհետանում: Ականջ է դնում: Ձայն չկա: Գուցե փոստատարն էր, նամակներ էր բերել: Կարծեց՝ սենյակում մարդ չկա, գնաց: Գուցեև ուրիշն էր: Բայց ո՞վ: Չէր համարձակվում մտածել: Ուզում էր վերադառնալ ու նորից քնել: Պատուհանը բացել ու խորը շնչել: Բայց չի կարողանում քայլ անգամ անել: Ոտքերը սոսնձվել են հատակին, աչքերը՝ դռանը: Ակնապիշ նայում է: Գուցե Նաբովաթն էր: Գուցե: Չէր կարողանում հավատալ: Չէր էլ կարողանում այլ բան մտածել: Չի կարող պատահել: Անհնար է: Անիրական է: Բայց ինչո՞ւ ոչ: Նման բաներ պատահում են, նման բաներ շատ-շատ են պատահել, իհարկե ուրիշների կյանքում: Մարդու ամեն տեսակ հաշվարկ մազից է կախված, ամեն տեսակ երջանկություն, ամեն տեսակ տարաբախտություն: Յուրաքանչյուր վայրկյան կարող է կա՛մ հրաշք, կա՛մ աղետ լինել: Հիմա ո՞րն է: Ի՞նչ պիտի անի: Դուռը բացի ու ի՞նչ ասի: Խնդա՞, ճչա՞, ուշաթափվի՞: Գլուխը պատեպա՞տ տա: Չէ՛, չէ՛, նման հիմարություններ ինքն իրեն թույլ չի տա: Խաղաղ ու հավասարակշռված կմնա, լուռ ու սառնասիրտ. ինչպես միշտ: Պատասխանում է՝ սպասե՛ք, հիմա կգամ, և ձգձգում է՝ հընթացս հավաքելով սենյակը: Աճապարանքով սափրում է մորուքը, մաքրում ատամները, հագուստը փոխում, և ողջ ընթացքում իր նազանի Նաբովաթը հոգնած ու ուժասպառ սպասում է դռան հետևում, և հուզվում է: Հավանաբար կարծում է, որ ինքը հյուր ունի՝ ֆրանսուհի, պարսկուհի, կամ Աստված գիտի՝ ով: Խանդում է: Նեղանում է: Գուցեև փոշմանում է, որ եկել է, թողնում է ու հեռանում:
Մեկն անհույս թակում է դուռը, ակնհայտ է՝ ուզում է հեռանալ: «Ա»-ն հանկարծակիի է գալիս, վեր թռչում, մոտենում դռանը, ձեռքը դնում բռնակին ու անվճռական կանգնում: Վերջին հարվածը հատուկ նշանակություն ունի: Կոշտ է, անհամբեր: Սիրուց ու անհանգստությունից չի բխում: Նաբովաթի հարվածները մեղմ են ու քնքուշ՝ երեխաների մեջքին՝ մտերմիկ թփթփոցի նման: Այս թակոցներում մի տեսակ ոտնձգություն կա, մի տեսակ գրոհ ու սառնություն: Դռան անցքից մի թունդ, այրող շունչ է ներս սպրդում: «Ա»-ն հազար փարսախից ճանաչում է տիկին Նաբովաթի բույրը: Այս տաք շնչի մեջ բացի Եվրոպայի օդի խոնավությունից, այլ բան չկա:
Ի՜նչ սիրուն մտքեր է հյուսել, տիկին Նաբովաթը՝ Փարիզո՜ւմ: Գուցե խելքը գցել է ու քիչ-քիչ խելագարվում է: Քնից է ու երազից, երկնքի ու երկրի, անցյալի և ոչնչի միջև թրև գալուց: Կռանում ու նայում է բանալու անցքից: Կնոջ մի զույգ սև գուլպաներ և տղամարդու կոշիկներ է տեսնում: Հանկարծակիի է գալիս: Դուռը բացում է դառը ափսոսանքով: Հայացքը կանգնում է փոքր-մոքր, գեր կնոջ վրա, որ հավանաբար պառավ բուժաշխատող է կամ գթության քույր: Կինը բարևում է և ֆրանսերեն մի երկար նախադասություն ասում: Օտար առոգանություն ունի: «Ա»-ն նրա ասածներից մի բառ անգամ չի հասկանում: Շիկնում է, բռնազբոս ժպտում ու անկապ տմբտմբացնում գլուխը. այդ շարժումը կարող է և՛ այո, և՛ ոչ նշանակել: Հետո կրկին ծիծաղում է և ի վերջո հասկանում, որ ծիծաղն անտեղի է ու հիմար, և լուրջ տեսք է ընդունում: Տարեց կինը կրկնում է ասածը, հին ու դեղնած ծրարի միջից մի քանի փոստաքարտ հանում և ցույց տալիս «Ա»-ին: Գեղեցիկ նկարներ են: Քրիստոսի, սուրբ Մարիամի և Աստվածամոր տաճարի պատկերներն են: «Ա»-ն կարդացել էր «Փարիզի Աստվածամոր տաճարը» և Վիկտոր Հյուգոյի նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ: Նկարները վերցնում է և գոհունակ մատնացույց անում տաճարի պատկերը: Նրան թվում է՝ կինը հասկացել է՝ ինչ է ուզում ասել ինքը, և այդ հոգևոր կապից, հանկարծակի մտերմությունից ուրախանում է: Ինքն իրեն ցույց տալով՝ ներողություն է խնդրում, որ գիշերազգեստով է ու բոկոտն, և ծիծաղում է:
Կինը նայում է նրան:
«Ա»- ն հապճեպ փնտրում է ֆրանսերեն ճիշտ արտահայտություն իր հիշողության ծալքերում, բայց չի գտնում: Վերջին նախադասությունը, որ սովորել էր ֆրանսերենի դասընթացին, վերաբերում էր երկաթգծի կայարանին ու բեռնակիր փնտրելուն: Կինը գրպանից թաշկինակ է հանում ու բռնում քիթը: «Ա»-ն իսկույն տնտղում է նկարները, յուրաքանչյուրի տակ գրվածը բարձր-բարձր կարդում, ինքն իրեն հարցնում՝ չլինի՞ պետք է վճարի, և անմիջապես էլ հերքում է ինքն իրեն: Գթության քույրը եկեղեցուց է եկել, և նրա նպատակը քրիստոնությունը տարածելն է ու միայնակ, հայրենիքից հեռու օտարականների հետ մտերմանալը: Կհանդիմանի: Փող չի վերցնի: Կխայտառակի:
Կինն այլ նկարներ էլ ուներ, հանում է ու ցույց տալիս: «Ա»- ն հարգալից ու թախծոտ նայում է խաչված Հիսուսի պատկերին և տիկնոջը բացատրում, որ ինքը իրանցի է, մուսուլման, ու նրան թվում է՝ կինը տեղյակ է իր բոլոր խնդիրներին ու մտատանջություններին: Երկար հառաչում է և բարեկամական տոնով ներս հրավիրում կնոջը: Նույնիսկ ձեռքը մտերմորեն խփում է նրա ուսին: Դուռն ավելի լայն բացելով՝ կանգնում է պատի տակ: Կինը տեղից չի շարժվում: «Ա»-ն պնդում է ու ինքն առաջ ընկնում: Հիսուսի նկարը փակցնում է պատի հայելուն ու սպասում:
Կինը ներս է մտնում ու նստում սենյակի միակ աթոռին: Ոտքը ցավում է, մերսում է ծունկն ու տնքում: Ա»- ն ներողություն է խնդրում սենյակի թափթփվածության համար և շտապ-շտապ կարգի բերում անկողինը: Հավաքում է մահճակալի մոտ թափված օրաթերթերն ու դնում վարագույրի հետևում: Առաջին անգամ է, որ ֆրանսիացի է իր տուն եկել, մեկը, որ ընկեր է և կռվելու մտադրություն չունի: Հարցնում է. «Թեյ կցանկանա՞ք: Իրանակա՞ն թեյ, «Շահրզա՞դ» թեյ»: Կինը տարուբերում է գլուխը: «Ա»-ն սենյակի անկյունի ճամպրուկից հանում է գազի տուփը, մաքրում վրայի փոշին ու հյուրասիրում կնոջը: Կինը տարակուսանքով նայում է ու հրաժարվում: Տեսնելով, որ քաղցրավենիքի տուփը շարունակում է մնալ քթի առաջ, ճարահատյալ վերցնում է մեկը և պահում բռան մեջ: «Ա»-ն լցնում է թեյնիկը, դնում էլեկտարական սալիկին: Մի կտոր գազ է գցում բերանը, ծամում, ճպճպացնում և կնոջը հասկացնում, որ արտասովոր համեղ է: Կինը, որը կարծես գազ ուտելու մտադրություն չունի, շրջում է գլուխն ու նայում պատին ամրացված Իրանի քարտեզին: Ծպտուն չի հանում: Ուղղում է ակնոցն ու աչքը գցում շրջանակի՝ Նաբովաթի նկարին, սենյակի կենտրոնում փռված փոքր գորգին: «Ա»- ն ցանկանում է խոսել գորգագործության մասին, երբ կինը վեր է կենում: Ակներև է՝ ուշացել է և շտապում է: «Ա»-ն նոր-նոր էր պատրաստվում զրուցել: Ցանկանում է նստել և անլեզու լեզվով սիրտը բացել իր ծեր ընկերոջ առաջ: Բայց գիտի՝ եվրոպացիները զբաղված են, համառությունն ու հյուրասիրությունները նրանց սրտով չեն: Զգուշավոր, պահպանողական մարդիկ են և անծանոթների հետ առաջին հանդիպման ժամանակ զրույցի չեն բռնվում: Կարևոր չէ: Կհամբերի մինչ հաջորդ հանդիպում, գուցեև մինչ հաջորդ հանդիպումներ:
Կինը վերցնում է սև ձեռնոցները: Ձեռքի գազը գցում է պայուսակի մեջ և ասում. «Հիսուն ֆրանկ՝ հինգ փոստաքարտի համար»: Ահա այդ նախադասությունն «Ա»-ն հասկանում է: Անակնկալի է գալիս, և մտքերը խառնվում են: Զգում է՝ կարմրում է, և աչքերն արտասովոր տեսք են ընդունում: Ջանում է թաքցնել հանկարծակի բարկությունն ու մտքի խառնաշփոթը: Ցանկանում է ասել՝ ո՛չ, չե՛մ ուզում, շնորհակա՛լ եմ, և նկարները հետ տալ, բայց զգում է՝ չի կարող: Ամոթից կմեռնի: Բացում է բերանը, սակայն ծպտուն չի հանում: Ձեռքն ակամայից պարզում է, կարծես ցանկանում է կնոջը հրաժեշտ տալ, բայց մտափոխվում է: Ձեռքը գրպանն է տանում: Քաշում է գրպանի խորքի թելը, որը չի պոկվում: Փաթաթում է մատին ու ավելի ուժեղ ձգում: Կինը կրկնում է ասածը. Այս անգամ բառերն արտաբերում է հատիկ-հատիկ: Նրան թվացել էր «Ա»-ն չի հասկացել իր ասածը: «Ա»-ն կծկվել էր՝ ամոթահար ու շփոթված: Չէ՛, գումար չի տա: Չի համաձայնի: Տարօրինակ բարկություն է պատել նրան: Հասկանում է՝ իրեն հիմարացրել են, վիրավորել արժանապատվությունը: Բայց ի՞նչ անի: Ընդամենը մի երկուհարյուրանոց ֆրանկ ունի: Ուրախանում է: Լավ պատրվակ է: Ասում է. «Ներեցե՛ք: Մանր չունեմ: Կարող եք գալ վաղը կամ մի ուրիշ օր»: Դա արտաբերելը դժվար էր նրա համար, բայց կինը պատրաստ է ցանկացած իրավիճակի: Նա վերցնում է թղթադրամը, հիսուն ֆրանկն իրեն պահում ու վերադարձնում մանրը: Հետո շնորհակալություն հայտնելով՝ հեռանում է:

«Ա»-ն փակում է դուռն ու շվարած կանգնում սենյակի կենտրոնում: Թեյնիկի ջուրը եռում էր, բլթբլթում: Շոգում էր: Բաճկոնակը հանում է, արձակում գիշերազգեստի վերին կոճակները: Ստամոքսն այրվում է, մարմնում պտույտ է տալիս նոր բռնկված մի հուզմունք: Ասես ճզմում են ուսերն ու ձգում ողերը: Գազի տուփին խավարասեր կա: Ողջ տունը լցված է դրանցով: Ինչքան դեղ լցնում է, մեկ է՝ չի օգնում: Ինքն իրեն ասում է. «Պետք է գնամ այստեղից: Պիտի փոխեմ տունս»,- և ձեռքի տակ եղած գրքով ուժեղ հարվածում միջատին: Շրջում է գլուխը: Աչքն ընկնում է Հիսուսի պատկերին, ավելի է բարկանում: Ասում է. «Մյուս անգամ գիտեմ՝ ինչ կանեմ: Դուռը կբացեմ ու վրա կտամ: Չեմ թողնի՝ որևէ վաճառական բերանը բանա: Եթե համառի էլ, օձիքը կբռնեմ: Եթե բողոքի, ու տանտիրուհին էլ միջամտի, ավելի լավ. մի ապտակ էլ նրան կհասցնեմ: Ոստիկանություն կկանչե՞ն, կարևոր չէ: Ծպտուն հանի, բռունցքով դեմքին կխփեմ ու բերանս ինչ գա՝ կասեմ»: Մեղքն իրենն էր: Կարող էր ասել՝ չէ՛: Այլ բան պետք չէր: «Չէ՛», պարզ, հասարակ բառ: Ասում է՝ չէ՛, չե՛մ ուզում, չե՛մ տալիս, չե՛մ անում: Ալի Ռեզա Նաբովաթին էլ կարող էր ասել՝ չէ՛, հեծանիվս չեմ տալիս: Ի՛մն է: Ինձ պետք է: Բայց չէր ասում: Հեծանիվը տալիս էր և վազում նրա ու հարևանի աղջկա հետևից, որ նույնպես հեծանվով էր: Երեքով էին, բայց երկու հեծանիվ ունեին: Հարևանուհին հեծանիվը ոչ մեկին չէր տալիս: Եթե դիպչում էր զանգին կամ հեծանվի նստատեղին, գոչում էր: Ուրբաթ օրերը խաղում էին Էլահիեի զառիթափերին: Ալի Ռեզան վերցնում էր իր հեծանիվն ու ուղեկցում հարևանի աղջկան: Երկուսով սրընթաց իջնում էին Ֆիրդուսու այգու զառիթափից: Ինքը լնգլնգալով վազում, գալիս էր հեռվից: Ուրախ էր ու գոհ: Ծիծաղում էին, և նրանց ծիծաղը բխում էր մտերմությունից: Հասնում էին մինչև զառիվայրի ստորոտը: Ալի Ռեզան հանում էր վերնաշապիկն ու մեկնվում առվի մեջ: Պիրկ ու գեղեցիկ մարմին ուներ: Այն ժամանակ, նույնիսկ հետո, նույնիսկ մինչ այն օրը «Ա»-ն մտածում էր, որ սիրուն տեսքով այդ երիտասարդին արժանի է աշխարհի բոլոր հեծանիվները, գուցեև աշխարհի բոլոր կանայք՝ նույնիսկ հարևանի փոքրիկ աղջիկը: Վերադառնալիս Ալի Ռեզա Նաբովաթը վերադարձնում էր հեծանիվը, քայլում հետը, խոսելիս ձեռքը իր ուսին դնում: Այդ ձեռքի մեջ այրական ընկերության ջերմություն կար: Հարևանի աղջիկը ճամփեզրից քաղած խակ սալորները բաժանում էր երեք մասի: Իրեն, Ալի Ռեզայի աչքից հեռու, երեք-չորս հատ ավելի էր տալիս: Ամառային այդ հետկեսօրներին աշխարհում ոչ ոք նրանց չափ երջանիկ չէր:

Հնչում էին եկեղեցու զանգերը: Գրեթե կեսօր էր: «Ա»-ն երկար հոգոց է հանում ու տրտմագին տարուբերում գլուխը: Ողերի արանքում խոնավություն է նստած: Սիրտն արև է տենչում, անապատի արև, որ Զուլֆաղար թրի նման զարկեր գլխին: Մոտենում է պատուհանին ու բացում վարագույրը: Տեսնում է՝ բարակ լուսաշերտ է երևում ամպերի տակից, դիմացի այգում երեխաներ են խաղում, լսում է՝ հարևանի տանիքի տակ երգում են թռչունները և հիշում, որ ֆարվարդինի երեքն է, նրան թվում է՝ չնայած ցրտին՝ հողը շնչում է, և գարնան գալուստի ու ամռանը հասնելու մասին միտքը նրան նոր կյանք է պարգևում: Սիրտը բացվում է, ու ինքն իրեն ասում՝ ամեն ինչ կկարգավորվի, պետք է մի քիչ համբերել, հույսը չկորցնել, ու նայում է Հիսուսի պատկերին: Թվում է՝ Հիսուսն էլ իրեն է նայում, և հենց այդ պահին աչքին է ընկնում կորած հողաթափը. վատ տրամադրության մնացուկը չքվում է: Ծեր կնոջ գալը լավ նշան է համարում, բացում պատուհանը, ու թեև սառը հոսանք է փչում, խորը շունչ է քաշում ու մրմնջում.
«Երբ Աստված մի դուռ է փակում իմաստությունից դրդված,
Գթասրտությունը նրան ստիպում է բացել մեկ ուրիշ դուռ»:
Հանկարծ ոգևորված ու հուսավառ՝ որոշում է ամենից առաջ կարգի բերել սենյակը: Հատիկ-հատիկ լվանում է նախորդ օրերից մնացած ու իրար վրա լցված կեղտոտ ամանները: Հավաքում է անկողինը, Նաբովաթի նամակները դնում բարձի տակ: Ջրում է թաղարի խորդենին, պատրաստում նախաճաշ: Ջանում է գործերն անել հանգիստ ու անաղմուկ, ոչինչ չգցել գետնին, դռները զգուշորեն փակել և քստքստացնելով չքայլել: Ժամանման առաջին օրերին շատ հուզված էր, ամեն գնով ցանկանում էր երջանիկ լինել: Առավոտյան վաղ էր վեր կենում: Բացում էր պատուհանը: Բարձրացնում պատի ռադիոյի ձայնը: Սուլելով սափրվում էր: Երբեմն էլ միացնում էր փոքրիկ ինքնաեռը, որ հետն էր բերել: Բաժակները շարում էր սկուտեղին: Նողլի, գազի, սուհանի տուփերը հանում էր ճամպրուկից և սենյակի դուռը կիսաբաց էր թողնում, որ հնարավորինս արագ ծանոթանա ու մտերմանա հարևանների հետ:
Դրկից ու ներքևի հարկի կենվորները բողոքել էին, և տանտիրուհին նկատողական երկտող էր ուղարկել նրան: Դրանից հետո «Ա»-ն փակում էր սենյակի դուռն ու պատուհանը, չէր մարզվում: Եթե մարզվում էլ էր, մեկնվում էր հատակին կամ մահճակալին: Զգուշորեն շարժում էր պարանոցը, ձեռքն ու ոտքը և լռության մեջ ըմպում էր թեյը:
Դրսից լսվում է տանտիրուհու ձայնը: Խոսում է իր շնիկի հետ: Քաղցր-մեղցր բառեր է ասում, խրատ ու խորհուրդ տալիս: Երբեմն նեղանում էր շնիկից ու անտեսում նրա հաչոցները: Երբեմն էլ դնում էր ծնկներին, մաքրում քիթը, գլխին ու պոչին գունագեղ ժապավեններ կապում: Անդուր, անպետք շուն էր: «Ա»-ին չէր սիրում և հենց տեսնում էր նրան, հաչում էր: Գուցե դեռ հիշում էր այն թույլ աքացին: Տանտիրուհին էլ կասկածանքով գրկում էր շնիկին, խեթ-խեթ նայելով «Ա»-ին՝ փնթփնթում: «Ա»-ն անուշադրության էր մատնում և գլխարկը հանելով՝ ակնածանքով բարի լույս մաղթում: Ձեռքով հեռվից մտերմիկ ողջունում էր գազազած շանը: Ակնարկելով եղանակի լավ ու վատ լինելը՝ ֆրանսիացիների նման հնչյուններ էր արտաբերում: Դուռը հարգանքով բացում էր և սառնասրտորեն ու հպարտ շարունակելով քայլելը՝ հեռանում:
Փոստատարը գալիս էր կեսօրին մոտ: «Ա»-ն հավաքում է նախաճաշի պարագաները: Աղավնիների համար մի կողմ է դնում հացի փշրանքը: Հագնվում է: Կողպում դուռն ու զգուշորեն իջնում աստիճաններից: Աստիճանների լույսերը չի վառում: Գերադասում է աննկատ մնալ: Փոստարկղը դատարկ է: Անհանգստանում է: Վատ բան է պատահել: Ի՞նչ: Փորձում է մտքից հանել: Հանկարծակի առաջացած հուզմունքը կապում է միայնության, Եվրոպայի վատ եղանակի հետ: Մտածում է գարնան մասին, որի գալուստը մոտ է: Գորովալից նայում է այգու եզրամասում երկու կանոնավոր շարքերով կարմիր կակաչներին և զարմանում, որ ոչ ոք գիշերը չի քաղել դրանք: Ինքն իրեն ասում է. «Օ՜, ինչ բարեկիրթ մարդիկ են: Ճիշտ արեցի, որ եկա»,- և բարձր տրամադրությամբ մտնում փոստատուն: Սովորականից բարձր բարևում է, ու թեև դուրս գալիս գլուխը խփում է թափանցիկ ապակուն, անտեսում և գոհ հեռանում է: Հեռվից նկատելով տանտիրուհուն՝ շուտափույթ փոխում է ճանապարհը և թեքվում դեպի մեկ այլ փողոց:
Փոքրիկ դպրոցականները՝ ծանր պայուսակներով, վերադառնում էին տուն: Օրը ճաշ էր դարձել: «Ա»-ն քայլում է նրանց կողքով: Լսում նրանց քաղցրիկ, մեղմիկ խոսակցությունը, նրանց անհասկանալի խոսակցությունը՝ նման աղունիկների գեղգեղանքի: Երբեմն կտրում է նրանց առաջն ու սառնաշաքար հյուրասիրում: Եթե կանգնում են, շոյում է գլուխներն ու մեջքերը: Եթե թույլ են տալիս, կոճկում է բաճկոնակների կոճակները, կապում կոշիկների քուղերը: Շատ է ուզում նայել նրանց գրավորները: Ուզում է նրանց տետրակներում կարմիր գրիչով գրել՝ կեցցե՛ս, ու քսան նշանակել:
Տանտիրուհու շունը հաչում է հեռվից: «Ա»-ն շրջում է գլուխը և արագացնում քայլերը: Կանգնում է թերթի կրպակի մոտ: Մի լրագիր է վերցնում, թերթում: Նկարներն է նայում: Դնում է տեղը: Մեկ ուրիշն է վերցնում: Նայում է վարձու բնակարանների հայտարարությունների էջը. ցանկանում էր փոխել սենյակը: Երկուսենյականոց մի բնակարան է հավանում: Գրիչը հանում է, նշված հեռախոսահամարը շտապ-շտապ գրում թղթի պատառի վրա: Լրագրավաճառը հետևում է նրան: Տեսնում է ու նկատողություն անում: «Ա»-ն հասկանում է, որ սխալ է վարվել և իր արարմունքի համար ամաչում է: Դողդոջուն ժպտում է և անվճռական նայում լրագրին ու գնին: Թանկ է: Հիշում է, որ Հիսուսի ու եկեղեցու համար այսօր հիսուն ֆրանկ է ծախսել, և խիղճը հանգստանում է: Թերթը դնում է տեղը և, անտեսելով վաճառողի խոժոռ հայացքը, հեռանում: Մտածում է՝ ինչպես և որտեղ անցկացնի օրը: Ֆրանսերենի դասերին ծանոթացել էր փախստական գնդապետի հետ: Կարող էր Նովրուզը շնորհավորելու համար նրան տեսության գնալ: Սակայն գնդապետը տուն ու տեղ չուներ և կնոջ ու երեխայի հետ ապրում էր մի ուսանողի սենյակում: Այդ ուսանողը հենց առաջին հանդիպման ժամանակ իրենից պարտքով փող էր վերցրել և չէր վերադարձնում: Հնարավոր է՝ նորից ուզեր: Եթե ֆոտոխցիկը վերցրած լիներ, կգնար ու պատմական շինությունները կնկարեր: Ֆազելին Նապոլեոնի դամբարանի լուսանկարն էր ուզել: Ուսմասվարն էլ իր նամակների շարանում խնդրում էր ուղարկել փորի ցավի ու փքունքի համար դեղ: Ստույգ դեղ էր ուզում, որի անունը չգիտեր: Բայց բացատրել էր՝ կլոր է, փոքր, նարնջագույն: Հարևանի համար Փարիզից էին ուղարկել: Գնել էին Էտուալ հրապարակին մոտ դեղատնից: Հարևանը նախքան շունչը փչելը օրական երկու հաբ խմել էր և գոհ մեռել: Այդ դեղատունն այն թաղամասում էր, որտեղ ինքն էր ապրում: Բայց գնար, ի՞նչ ասեր: Դեղ, որի անունը չգիտի: Խայտառակ էր լինելու: Մի անգամ գնդապետի ու նրա կնոջ հետ գնացել էր բժշկի: Ոչ մեկը կարգին խոսել չգիտեր: Գնդապետի բողոքները իրենց իմացած ոչ մի բառով հնարավոր չէր եղել նկարագրել: Ասել էր՝ ստամոքսը ջղայնացել է, իսկ ոտնաթաթերը սվսվում են: Գնդապետի կինն էլ սրտի «անհանգստություն» ուներ, և «Ա»-ից պահանջում էր՝ բժշկին բացատրել, որ սիրտը «ցիրուցան» է լինում: Չէ՛, ոչ թե ցավում է կամ արագ է զարկում կամ կանգնում է, չէ՛, ցիրուցան է լինում: «Ա»-ն «ցիրուցան» բառը չգիտեր: Կինը պարզաբանել էր, որ սիրտը ժամանակ առ ժամանակ ձգվում է տաք մաստակի կամ մոմի նման, և բժիշկը՝ զարմացած ու խենթացած, արագ-արագ գրել էր դեղատոմսը:
Հեռվից ավտոբուս էր գալիս: Գնաց, կանգնեց կանգառում՝ կողքի կնոջից որոշակի հեռավորություն պահպանելով: Գիտեր՝ կինը խոսելու մտադրություն ունի. խոսք կբացի եղանակի, ավտոբուսի ուշանալու կամ իր նեղվածության մասին: Ինքն էլ նրա ասածների կեսից ավելի չի հասկանա և ստիպված ենթադրություններ կանի: Եվ ըստ այդ ենթադրությունների՝ ճիշտ կամ սխալ, կասի որոշ բաներ՝ մեծամասամբ ձեռք ու ոտքով: Այդ ամենը դժվար էր նրա համար և հոգնեցուցիչ:
Ավտոբուսը դատարկ էր: Նստեց պատուհանի մոտ ու մեկնեց ոտքերը: Ստույգ նպատակակետ չուներ: Կգնար մինչև վերջին կանգառ: Կնայեր, ժամանակ կանցկացներ: Կիջներ ու նույն ճանապարհով կվերադառնար:
Փարիզը գեղեցիկ քաղաք էր՝ արձան արձանի հետևից, հայելու կողքին հայելի, հրապարակ, պատմական շինություններ, եկեղեցի, աշտարակ, թանգարան՝ լի հուշարձաններով, լի ինչ-որ բաներով, բազմազանությամբ, լի խոսքով, գրքով, գրվածքով, ուտելիքով, հագուստով, լի մենակությամբ, ծածուկ վախերով, մեռնելու ահով, լի շներով, մարդակերպ շներով՝ ինքնավստահ, հպարտ՝ հմայիչ արքայադստեր նման՝ հազար տեսակ գաղտնիքով ու խորմանակությամբ, դյութող, բայց մահաբեր, երիտասարդ ու գեղեցիկ, մեռնող մարդու դիմաց կանգնած. գուցե հենց դրա համար էր երկյուղում այդ քաղաքում, վախենում Աստվածամոր տաճարից՝ իրար միահյուսված, խճճված հին ոլոր-մոլորի գեղեցկությամբ, այդ սատանաներով ու չարքերով, սև խորշերով, շլացուցիչ լույսերով, այդ կշռով, ծանրությամբ ու նյութով: Նոտր Դամի առաջ նրա շունչը բռնվում էր. ասես ողջ երկինքը, դրախտն ու երկնային թագավորությունը վերածել էին զանգվածի և Հիսուսի ձեռքն ու ոտքը գամել աշխարհի երեսին, և ամեն անգամ, երբ «Ա»-ն հետևում էր եկեղեցու ծանր ստվերներին, աչքերի առաջ էր գալիս հայրը, և հիշում էր բաղնիքի սառնությունը, ապտակները, ու սիրտը արև, անապատ, բաց դաշտեր ու Բիբի խանումի գգվանքներն էր տենչում:
Ֆարվարդինի երեքն էր: Ամպերի տակից երևում էր գունատ արևը: «Ա»-ն ապակու գոլորշու մեջ տեսավ Նաբովաթին, որ նստել էր տոնական սեղանի մոտ և բոլորի համար բարձր-բարձր կարդում էր իր ուղարկած վերջին նամակը: Նոր տարվա օրերը՝ անցյալ և մյուս տարիների՝ հեղափոխությունից առաջ ու մանկության, գնացքի վագոնների նման հայտնվեցին պատուհանի ապակուն. տեսավ մորը, որ լվանում էր գորգերն ու վարագույրները, իրեն ու եղբայրներին: Բոլորը նոր հագուստներով էին, նոր կոշիկներով, նոր գուլպաներով, ներքնաշորերով, նոր վերնաշապիկով, տաբատով, բաճկոնով, և ամենուրեք մաքուր-մաքուր էր: Ընտանիքի բոլոր անդամները սպասում էին փոփոխության ժամին, սպասում էին մեկ այլ բանի, ավելի լավ բանի ու ավելի լավ օրերի:
Բիբի խանումը հավատում էր Նոր տարվա հետ աշխարհի մաքրվելուն ու նոր ժամանակի ծնունդին: Տունն ամբողջությամբ մաքրում էր: Երեխաներին տանում էր բաղնիք և լողացնում: Ամեն երեկո լվանում, ավլում էր շքամուտքը: Բակի աստիճանների ու աղյուսների վրա վարդաջուր էր ցողում և ասում, որ օրերից մի օր սուրբ Խազերն իրենց տեսության կգա կամ կանցնի իրենց փողոցով, և նա, ով կտեսնի Խազերին, կկատարվի նրա ցանկություններն ու երազանքները: Փոքրիկ «Ա»-ն Նոր տարվա գիշերներին չէր քնում՝ Խազերին տեսնելու ուրախությունից: Արթուն մեկնվում էր Բիբի խանումի մահճակալին, և երկուսն էլ ականջ էին դնում դրսի ձայներին: Ամեն խշշոցի հետ տեղներից վեր էին թռչում: Բիբի խանումն աղոթում էր: Փչում էր շուրջը: Մանուկ «Ա»-ն պատուհանից անքթիթ նայում էր ծառերի շարժվող ստվերներին, և սիրտը հրճվանքից ու վախից դողում էր:
Երբ մեծացավ, Խազերի պատմությունը մոռացավ, բայց նրան սպասելու սովորույթը մնաց: Ամանորի գիշերներին տարօրինակ իրարանցում էր բռնկվում նրա ներսում, և սրտահաճո հուզմունքը խանգարում էր նրան քնել: Նույնիսկ Նաբովաթն էր կատակով գրել. «Սիրելի՛ս, սենյակիդ դուռը մի՛ կողպիր: Ի՞նչ իմանաս, գուցե սուրբ Խազերն էդ կողմերում լինի: Այս օրերին բոլորն են երազում Եվրոպա մեկնելու մասին: Մենք փակել ենք մեր տների դռները և հույս ու ակնկալիք չունենք: Բայց դու մեր կազմի մեջ չես մտնում: Լավ հիշում եմ՝ երբ երեխա էինք, Նոր տարվա գիշերներին նստում էիր պատուհանի մոտ ու աչքդ չէիր կտրում բակից: Հիմա էլ սենյակիդ դուռը բաց թող, ով իմանա՝ գուցե Խազերի երազը քեզ բաժին հասնի»:
Ֆարվարդինի յոթին բոլորն այցելում էին իրեն. բոլոր ուսուցիչները, բոլոր աշակերտները: Ֆարվարդինի տասնմեկին Չերաղին՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, նստում էր ու սպասում հյուրերին. նրա տուն այցելելու հերթն էր: Ուսուցիչների մեծ մասը խորամանկությամբ խուսափում էր, ամեն մեկը մի պատճառ էր բռնում կամ հիվանդ ձևանում: Միայն Նաբովաթն ու «Ա»-ն էին գնում և տեսնում, որ Չերաղին երեսուն հոգու համար պատրաստություն է տեսել: Սեղանը լի է մրգերով ու անուշեղենով: Բարկությունից ու հուզմունքից Չերաղին սփրթնում էր: Մանրիկ ու սև քինոտ աչքերը կայծեր էին արձակում, բայց իրեն չէր կորցնում: Թեև թեյ լցնելիս ձեռքերը դողում էին, բայց, ինչպես միշտ, գլուխը բարձր՝ բռնազբոս ծիծաղում էր ու մատնացույց անում փեսացուի՝ պատին փակցված նկարը: Փեսացուն՝ ոստիկանության սպան, Սանանդեջում էր: Ամռանը գալու էր՝ ամուսնանան: Ամառն անցել էր, դեռ չէր եկել: Աշակերտները ևս գիտեին այդ պատմությունը: Տիկին Չերաղիին կեղծ նամակներ էին ուղարկում: Չերաղին էլ վրեժխնդիր էր լինում՝ քանոնի սուր եզրով հարվածելով նրանց: Ականջներից բռնած՝ կտրում էր գետնից: Մատիտով դաղում էր մատների արանքները և եթե հնար լիներ, ուսուցիչների գլխին էլ սև կբերեր ու կդատարկեր սրտի մաղձը:
Ֆարվարդինի տասներեքին միասին Ֆաշամ կամ Մեյգուն էին գնում: Առավոտ կանուխ ճամփա էին ընկնում: Տիկին Նաբովաթը նստում էր ղեկին ու սլանում: Ալի Ռեզա Նաբովաթը մեկնվում էր հետևի նստարանին և շարժիչը դեռ գործի չգցած՝ նիրհում: Ողջ ճանապարհին «Ա»-ն սարսափահար մատնացույց էր անում դիմացի նավթատարները, ուսով, գլխով բախվում մեքենայի առաստաղին, դռանը, պատուհանին, և մահը հարյուր անգամ անցնում էր նրա աչքերի առջևով: Համոզված էր, որ ողջ-առողջ տեղ հասնելն անհնար է: Բայց հասնում էին: Շալն ու կարպետը փռում էին առվեզրին, կաթսաները շարում, խորովածի մանղալը, ինքնաեռը, նարդին, մրգերի տոպրակները դնում մի անկյունում: Ճյուղերից կապում էին վոլեյբոլի ցանցը և ճաշից առաջ քաղցր նիրհում ծառերի ստվերում:
«Ա»-ն սիրում էր այդ կիսարթուն քունը: Տեսնում էր որոշ բաներ, լսում ձայներ, բայց այլ տեղում էր, լուռ ու դատարկ տեղում՝ անցնող երկու ակնթարթների արանքում եղած դադարի նման: Մարմինը սսկվում էր, գլուխը խաղաղվում: Մտքերը՝ սին ու թեթև, խայտացող պղպջակների նման պտտվելով հայտնվում էին անհայտ անկյուններից ու անցնում: Զգացմունքներն ավելի մեղմիկ էին դառնում, քան ջրի մակերևույթի ստվերները: Ուսերից ընկնում էր անտես բեռը: Ժամանակը կարծես պատեհ մի պահ էր պարգևում, և այդ ընթացքը՝ առանց իրադարձության, ճակատագրի անակնկալներից պաշտպանված, մի երևույթ էր, որին «Ա»-ն տվել էր երջանկություն անունը, և որը փնտրել էր ողջ կյանքում. այդ անզբաղ ժամանակը, նստելը, կոշիկը հանելը, քաղցր լռությանն ունկնդրելը:
Ավտոբուսը կանգնում է: Մի քանի ծեր ամերիկուհիներ են նստում: Ցանկանում են Օպերայի հրապարակ գնալ: Ճանապարհը չգիտեն: Ֆրանսերեն էլ չգիտեն: Հարցնում են վարորդին: Ուղևորներին են հարցնում: Ոչ ոք անգլերեն չգիտի: «Ա»-ն ուզում է միջամտել, բայց դրա համբերությունը չունի: Անգլերենին այդչափ տիրապետում է, կարող է պարծենալ: Իրեն դուր է գալիս: Բայց բանի տեղ չի դնում: Դրա համար չարժե գլխացավանքի մեջ ընկնել: Ամերիկայի դեսպանատան գրավումն ու պատանդներ վերցնելը դեռ չի մոռացվել: Գուցե իրեն հարցուփորձ անեն՝ որտեղացի է, ինչով է զբաղվում: Ստիպված կլինի խոստովանել, որ իրանցի է: Ինքն այդ խոստովանությունից վախենում է:
Կանայք ունեն Փարիզի քարտեզն ու մետրոյի գծագիրը. ցույց են տալիս իրար: Ձայները գցել են ավտոբուսում: Ֆրանսիացիները լուռ ու հպարտ նայում են նրանց և կարծես բարկացած են, որ ծեր ամերիկուհիները կատարելապես չեն տիրապետում ֆրանսերենին:
«Ա»-ն նպատակահարմար չի համարում միջամտելը: Երեսը շրջում է, անձրևանոցի օձիքը բարձրացնում: Այս պայմաններում լավագույնն անանուն, չճանաչված մնալն է:
Իրադարձություններից տեղյակ էր: Գիտեր, որ Չերաղին այլևս երևակայական նշանածի մասին չի խոսում. նոր մոլուցք ու ոգևորություն էր փոխարինել նախկին ցանկություններին. աղոթք էր կարդում, մզկիթ այցելում, և հավատն առ հեղափոխություն ու հանուն արդարության անձնազոհությունը նրանից ուրիշ մարդ էր կերտել: Տնօրենի տարօրինակությունների մասին էլ էր լսել: Տեղյակ էր, որ կապը կտրել է բոլորի հետ ու ոչ ոքի, բացի Չերաղիից, իր տուն չի թողնում մտնել: Ամեն բան պիղծ է որակում և ընկերներին մեղադրում սատանայական ոգիների հետ համագործակցելու համար:
Այս ամենը կատարվել էր մեկ տարվա ընթացքում: Ընկերները, տարանջատված արբանյակների նման, դարձել էին անհավատալի ու խճճված ճակատագրի զոհը: Բոլորն էլ իրենց հողն ու ջուրը լքելու մտադրություն ունեին, բոլորը՝ բացի Նաբովաթներից:
Աշակերտներից՝ հեղափոխության ճնճղուկներից, տեղեկություն չուներ: Դեռևս ուզում էր իմանալ՝ ո՞ր մեկն էր քարը իր գլխին տվել, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Րոպե առ րոպե հիշում էր այդ օրը: Հեռախոսը զանգում էր: Հինգ անց տասն էր: Ո՞վ կարող էր լինել: Ով որ էր. չխոսեց: Շունչը լսվում էր, բայց ձայն չհանեց: Մայրն էլ էր արթուն: Գնում-գալիս էր սենյակում: Հեռախոսը կրկին զանգեց, և դարձյալ լռություն: Հիմար կատակ էր: Դրսից վեճ ու կռվի ձայներ էին լսվում: Դիմացի կիսակառույցի աֆղաններն էին վիճում: Հաքեմին ռետինե խողովակով ջրում էր այգին և բարձրացրել էր գրպանի ռադիոյի ձայնը: Ինքը հապշտապ ու առանց ախորժակի նախաճաշեց: Սպասեց մինչև ժամը ութը և գնաց դպրոց: Դասերը կիսատ-պռատ էին անում: Ուսուցիչները գալիս էին հենց այնպես, նստում ուսուցչանոցում և վիճում: Հեղափոխության առաջին օրերն էին: Ոգևորված աշակերտները թրև էին գալիս փողոցներում: Չերաղին, որ սև գլխաշորով ու հաստ գուլպաներով կանգնած էր աստիճանների մոտ, իրեն չնկատելու տվեց: Իր դասասենյակի դուռը կողպած էր: Վրան գրված էր. «Մա՛հ դավաճան ուսուցիչներին»: Պատին նկարված էր իր պատկերը: Ինքն իրեն հարց տվեց՝ ո՞ր դասատուն է դավաճան, և անվստահ պլշած նայեց պատի պատկերին: Զգաց՝ ամեն ինչ առաջվանը չէ, և ինչ-որ նոր բան է կատարվում: Սաների վերաբերմունքը տարօրինակ էր: Իրեն տեսնելուն պես մի կողմ էին քաշվում ու ծիկրակում կիսաբաց դռների հետևից: Ֆազելին քայլում էր բակում: Տիկին Նաբովաթը, ամեն ինչից անտեղյակ, սուլում էր, պտտվում աշակերտների հետևից. ցանկանում էր վոլոյբոլի մրցություն կազմակերպել: Սայիդն ու տնօրենը չէին երևում: Ֆազելին հեռվից մատնացույց էր անում իրեն: Քայլեց: Գլխով մտերմիկ ողջունեց տիկին Նաբովաթին: Կանգնեց, ծխախոտ հանեց, դրեց բերանը, ափով քամու առաջն առավ, վառեց լուցկին, և գլուխը պայթեց: Քարը հետևից դիպել էր գանգին՝ ներքևի հատվածում՝ վզին մոտ: Առաջին մի քանի րոպեներին ոչինչ չէր ընկալում, չէր լսում, չէր տեսնում: Մահվան լռություն ու սևություն էր: Հետո սուր ցավը պտույտ տվեց ողերում, թիկունքում: Տաք արյունը, հոսելով վերնաշապիկի օձիքի վրայով, լցվեց կրծքին: Մարդկանց տեսնում էր, բայց չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Նաբովաթը վազում էր: Բռնել էր աշակերտներից մեկի դաստակից ու թափահարում էր: Շվարած Ֆազելին կիսաբաց բերանով նայում էր իրեն: Արևի ճառագայթներն ընկնում էին աչքերին, շրջապատը լցված էր թրթռուն ստվերներով ու պտտվող կապույտ շրջանակներով: Հենվել էր ծառին, հետո սահել, ընկել գետնին՝ թուլացած, կիսամեռ, երազում գտնվողի նման, համր ու անշարժ, անկարող վազելու, անկարող սրա ու նրա անունը տալու: Ուղեղը չէր աշխատում, զարկերակը չէր խփում, գլուխը կուպրով լի տակառի նման ծանր էր ու ընդարմացած: Գալարվում էր տիկին Նաբովաթի գրկում, և միակ շփումը, որ զգում էր, երկաթե սուլիչի սուր սայրի ճնշումն էր՝ ականջի մեջ:
Դիմացը մի տղամարդ է նստած: Աչք չի կտրում իրենից: «Ա»-ն վրդովված շուռումուռ է գալիս ու անհանգստանալով՝ ձեռքը սահեցնում շալվարի կոճակների վրայով: Ինքն իրեն հարցնում է՝ ինչի՞ն է նայում, և անձրևանոցի գրպանից հանելով թաշկինակ՝ մաքրում է բերանի շուրջն ու քիթը: Աջ ոտքը գցում է ձախին, բացում է ֆրանսերեն գիրքը, թերթում, կարդում: Զգում է տղամարդու հայացքը: Բարկանում է: Ուզում է մի թունդ բան ասել, բայց լեզվի առաջն առնում է: Գուցե մարդը վատ մտադրություն չունի: Շշմել է: Եվրոպացիները հաճախ են շշմում, հատկապես մետրոյի կամ ավտոբուսի մեջ: Այնուամենայնիվ, «Ա»-ն սովոր չէ, երբ իրեն նայում են: Չի սիրում, երբ իրեն նայում են: Դուրը չի գալիս: Վեր է կենում: Անձրևոցն ու գիրքը դնում է թևի տակ, ուղևորներին այս ու այն կողմ է հրում, տրորում մի կնոջ ոտք, ներողություն խնդրում: Հասնում է դռանը, և հենց ավտոբուսը կանգնում է, ամենքից առաջ ինքն է շտապով իջնում և հանգիստ շունչ քաշում:
Չգիտի՝ որտեղ է: Կարևոր չէ: Քայլում է: Զբոսնում: Զբաղվում է: Ժամանակն անցնում է: Նեղ ու երկար փողոց է՝ լի թանկարժեք հնությունների և հազար ու մի մանրուքի վաճառասրահներով: Կանգնում է տղամարդկանց վարսավիրանոցի առաջ, հանկարծակիի է գալիս՝ տեսնելով իրեն պատուհանի մեծ ապակու մեջ: Առաջանում է: Ավելի հանգամանորեն է նայում: Ի՜նչ խայտառակ տեսք ունի՝ թշվառ ու անպետք՝ այդ լայն անձրևոցով, որ հագին չի նստում, մաշված կաշվե գլխարկով, թխամաշկ, սև աչք ու հոնքով, մոխրագույն բեղերով: Նման է գողի կամ փախստական ահաբեկչի: Իր պատկերացնումներում ինքն այլ տեսք ուներ՝ գեղեցկադեմ էր, երևելի, նշանավոր ու հարգարժան, պատմության ուսուցիչ, գրող ու հետազոտող, հեղինակավոր մեկը, սրա ու նրա քննարկման առարկան: Ինքն իրեն նայել էր տիկին Նաբովաթի սիրահար աչքերով, մոր փաղաքշական հայացքով, գնահատել՝ ընկերների գովաբանություններով: Նույնիսկ դպրոցի ջահել աղջիկներն էին չարաճճի հայացքներ նետում իրեն, և նրանց քաղցրիկ ժպիտները լի էին կուսական նազանքով:
Վարսավիրանոցից իրեն է նայում մի տղամարդ: Հմայիչ է ու գեղեցկադեմ, ոսկեգույն մազերը շողշողում են: Կիպ շապիկ է հագել, զարմանալի բարակ իրան ունի: «Ա»-ն կեսհայացք է նետում ինքն իր վրա ու աճապարանքով հանում կաշվե գլխարկը: Շարունակում է ճանապարհը, մտնում մեկ այլ փողոց, աչքի պոչով կրկին զննում իրեն խանութների ապակեպատ լուսամուտների ու դռների մեջ և արագ շրջում երեսը: Թեքվում է և փողոցի եզրին՝ խաչմերուկ չհասած, նկատում է հրետանու գնդապետին, որ հերթ է կանգնել հեռախոսախցիկի առաջ: Գնդապետն էլ իրեն է տեսնում ու կանչում: Փոքրիկ աղջկան նստեցրել է ուսերին և ճոճում է նրան: Սորայա Դիլմողանին՝ գնդապետի կինը, և երիտասարդ ուսանողն էլ են այնտեղ. քիչ հեռվում՝ գնդապետի թիկունքում, զրուցում են: Երկար հերթ է՝ արաբներից, սևամորթերից ու արտասահմանցիներից բաղկացած: Գնդապետն ասում է. «Հեռախոսը փչացել է, կոպեկները կուլ չի տալիս: Կարող ես ձրի զանգել, ուր ուզում ես: Կարող ես մի ժամ խոսել»:
Սորայա Դիլմողանին ծիծաղում է: Սեղմում է «Ա»-ի ձեռքը և կրկին ծիծաղում: Անառիթ, թախծոտ ծիծաղ է: Նուրբ զգեստ է հագին: Թույլ դողում է: Երիտասարդ ուսանողը շրջում է երեսը և ձևացնում՝ իբրև «Ա»-ին չի ճանաչում: Պարզ է՝ պարտքը վերադարձնելու մտադրություն չունի:
Ոստիկականական մեքենա է անցնում: Հերթում գտնվողները անհանգիստ նայում են մեքենային: Մի քանի հոգի էլ են իմացել հեռախոսի մասին: Գալիս են, կանգնում շարքի վերջում:
Մանրիկ անձրև է տեղում: Սորայա Դիլմողանին մրսում է: Հազում է: Ասում է. «Ջհանդամ լինի նման կյանքը»,- և փոքր խոզանակով սանրում է շիկացրած մազերը: Գեղեցիկ կին է, երիտասարդ ու թախծոտ:
Գնդապետի հերթն է: Մտնում է խցիկ: Հավաքում է համարն ու երկար-բարակ խոսում եղբայրների հետ: Մոր հետ էլ է խոսում: Շարքում գտնվողներն անհանգիստ են: Մեկը հեռվից ժամացույցն է ցույց տալիս ու հայհոյում քթի տակ: Գնդապետը բանի տեղ չի դնում: Նորից համար է հավաքում ու լսափողը տալիս կնոջը: Սորայա Դիլմողանին խոսում է քույրերի հետ ու արտասվում: Դուրս է գալիս, կանգնում է պատի տակ ու նորից լացում: Ասում է. «Ես հետ կգնամ: Գրողի ծոցը Փարիզն էլ, Փարիզի օդն ու ջուրն էլ, փարիզցիներն էլ: Ես հետ կգնամ»: Գնդապետը դեռևս խցիկում է: Երիտասարդ ուսանողն ասում է. «Ա՛յ ցավդ տանեմ, Աստծուն փառք տո՛ւր, որ էդ դժոխքից պրծել ես: Տաք արևն ու կապույտ երկինքը՝ ոնց որ ծակ գրպանով քիթը վեր մարդը, քեզ ոչինչ չի տալու»: Գնդապետը կանչում է «Ա»-ին: Ուսանողն ասում է՝ ի՛մ հերթն է: «Ա»-ն շիկնում է ու մի կողմ քաշվում: Մրմնջում է. «Խնդրե՛մ, համեցե՛ք, ես չեմ ուզում որևէ մեկին զանգել»: Սորայա Դիլմողանին գնում, կանգնում է խանութի ծածկի տակ: Անձրևոց ու անձրևանոց չունի: Գնդապետը կանգնած էր խցիկի դռան առաջ: Բռնում է «Ա»-ի ուսից ու ներս հրում: Ասում է. «Զիջել չկա, պարո՛ն ջան: Նման բան էլ չի պատահի: Օգտվի՛ր առիթից»: «Ա»-ն ամոթահար նայում է շարքում կանգնածներին, որոնք դժգոհում են, և լսափողը ձեռքին՝ անվստահ կանգնում է: Ուսանողն ասում է. «Շտապում եմ: Պետք է Սան-Ֆրանցիսկո զանգեմ»: Գնդապետը գրկում է աղջկան և ամուր համբուրում. շատ ամուր: Աղջնակը ճչում է, ճանկում գնդապետի մազերը, բռունցքով խփում աչքերին ու քթին:
Շվարած «Ա»-ն կանգնել է հեռախոսախցիկի մեջ: Չգիտի՝ ինչ անի: Մարդիկ դրսից նայում են իրեն: Հինգ ֆրանկանոց մետաղադրամները խցկվել, մնացել են կես ճանապարհին: Մինչ այդ տիկին Նաբովաթին չի զանգել: Ինքն էլ չգիտի՝ ինչու, գուցե փողի մասին է մտածել, կամ չի իմացել՝ զանգի՝ ինչ ասի: Երկու, երեք, առնվազն հինգ րոպե… Այդ սեղմ, խառնաշփոթ ժամանակահատվածում ինչպե՞ս զրուցի նրա հետ: Նույնիսկ չգիտի՝ որտեղից սկսի և ինչ բառերով, նախադասություններով իրենց անվերջանալի զրույցն ավարտին հասցնի: Լսափողը ձեռքին՝ դողում է: Ճար չունի: Պետք է արագացնի: Հերթում կանգնածներն անհանգիստ են: Հավաքում է տասնինը: Միջազգային կապը միանում է: Կանգ է առնում: Չի ցանկանում շարունակել: Սիրտն ակամայից տակնուվրա է լինում: Հազիվ էր սովորել: Հազիվ էր համբերում: Տիկին Նաբովաթի ձայնն իրեն կխենթացնի: Գլուխը կկորցնի: Երանի՜ կախեր լսափողն ու դուրս գար, բայց չէր կարող, ուշ էր. անծանոթ գայթակղությունը ուժ էր տալիս նրան: Հավաքում է Թեհրանի կոդը: Ընդհատ ազդանշաններ են լսվում: Գնդապետը բացում է խցիկի դուռը, գլուխը ներս խցկում, ասում. «Կարևոր չէ: Մի՛ շտապիր: Անջատի՛ր, նորից զանգի՛ր»: Միջազգային կապը կրկին միանում է: Թեհրանի կոդի՝ 98-21-ի զանգը մի պահ դադար է առնում ու գնում: Լսափողի մեջ հնչում են խառնիխուռն ձայներ: Ձայներ հեռվից՝ ծովերից, լեռներից, ծանոթ լուռ թաղամասերից անդին: Մոխրագույն փոքր լսափողի մեջ հևում է անտեսանելի քաղաքը, և հեռվից լսվում է անծանոթ կնոջ ձայնը: Թեհրանը հպվել է նրա ականջին, և բոլոր փողոցները, որ ճանաչում է, բոլոր տները, ընկերները, իր բոլոր աշակերտները, իր ողջ կյանքը, ամբողջ ցեղը, իր երկրի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, այդ մի ակնթարթում քչփչում են նրա ականջին: Մի պահ թվում է՝ մոռացել է տիկին Նաբովաթի համարը. սարսռում է: Գլխում չկար ոչ մի պատկեր, ոչ մի թիվ: Քսանինը, քառասունինը, երկու հարյուր քառասուներկու: Չի հիշում: Աչքերը փակում է ու մատը դնում երկուսի վրա: Ձեռքը սովոր էր, և ինքնաբերաբար հավաքում է համարը: Այրվում է: Շունչը փորից դուրս չի գալիս: Քրտնաշաղախ է: Մատը՝ ծանոթ համարի հետ շփվելիս, մեղմ ջերմություն է զգում, ասես հպվում է կենդանի մարմնի: Չորս թիվը կասկածելի ձայն է հանում, ղռղռում է, սուլում, բայց կապը չի ընդհատվում: Գործի կեսն արված է, ուր որ է կլսի տիկին Նաբովաթի ձայնը: Ո՞վ կվերցնի լսափողը՝ նա՞, Ալի Ռեզա՞ն, թե՞ կիսախուլ չար աղախինը: Հաստատ տիկին Նաբովաթն ինքը կպատասխանի զանգին: Անակնկալի կգա: Չի հավատա: Իր ձայնը չի ճանաչի: Կշփոթվի, վրա կտա: Կկարծի վատ բան է պատահել: Կհարցնի՝ ի՞նչ է եղել, լա՞վ ես, ողջ-առո՞ղջ ես, հետո կանհանգստանա հեռախոսազանգի թանկ վճարի համար: Կկշտամբի: Պետք է անմիջապես բացատրի, որ ձրի է, կարող է ժամերով խոսել՝ ինչպես այն ժամանակ, ինչպես միշտ: Կարող է ծիծաղել, բամբասել, խոսել սրանից- նրանից՝ տնօրենից, Չերաղիից, Միլանիից, նախորդ գիշերվա երազից, իրենց դարդերից, անակնկալ ատամնացավից կամ անառիթ սրտխառնոցից, գործերից, որ դեռ պետք է անեն, ֆիլմերից, անիմաստ ասեկոսեներից, հազար ու մի այլ բանից՝ ինչպես միշտ, ինչպես ամեն առավոտ ու իրիկուն, երբ զանգում էին իրար:
Գնդապետը տկտկացնում է խցիկի ապակուն: Հարցնում է. «Քունդ տարա՞վ: Ի՞նչ եղավ: Ինչո՞ւ չես խոսում»: «Ա»-ն դարձյալ զանգում է: Երբ ութին է հասնում, միանգամից աչքերի առաջ հայտնվում է ողջ Էլահիե թաղամասը, գլխում ու բերանում պտույտ տալիս նոճիների փողոցի բույրը. հեռվից նկատում է ծեր թթավաճառին, որ անցնում է Հռոմի կամրջի մոտով և իրանական երգ դնդնում: Վերջին թիվը զրոն է: «Ա»-ն մատը դնում է դրա վրա, և քաղցր սարսուռը դաստակից վազում է մինչև աճուկները: Ուշք ու միտքն ամբողջովին կենտրոնացած է այդ փոքր կետի վրա: Ողջ զգացմունքները սահում են դեպի այդ հավերժական կլորակի կողմը: Ասես մատը դրել է տիկին Նաբովաթի պորտին՝ աշխարհի կենտրոնին:
Բոլոր թվերը հավաքել է: Մի պահ լռություն է տիրում, հետո ականջին է հասնում քնքուշ մի խշշոց: Տեսնում է՝ զանգում է միջանցքի մոխրագույն հեռախոսը՝ դրված դռան մոտ՝ սեղանիկին: Կողքին ճերմակ քրիզանթեմներով լի ապակե ծաղկաման է: Ալի Ռեզա Նաբովաթի մեքենայի բանալիները գցած են բյուրեղապակյա մոխրամանի մեջ: Փոշոտ ակնոցը մոռացել են իրար վրա թափված թերթերի տակ: Նրա հանգիստ ու խաղաղ հայացքը պտտվում է սենյակներում ու միջանցքում, անցնում խոհանոցով, լոգասենյակով, հետնամասի խորդանոցով, ապա անհանգիստ՝ աստիճաններով բարձրանում, սահում մահճակալների վրայով, հապաղում տիկին Նաբովաթի հայելու, սանրի, խոզանակի առաջ, դուրս գալիս պատշգամբ, պտտվում կտուրով: Սիրատոչոր շոյում է լվացքի պարանի շորերը և պատի եզրով ներքև սահում: Տրտմագին պտույտ է տալիս բակում և հուսահատ հասնում մինչև փողոցի վերջը: Նկատում է՝ տան լույսերը մարած են, վարագույրները՝ քաշված: Նորից է վերադառնում մութ ու դատարկ միջանցքը և ակնապիշ նայում հեռախոսին:
Դռան արանքից գնդապետը հարցնում է՝ չե՞ն պատասխանում: «Ա»-ն զանգում է տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ անգամ ու լսափողը կախում: Գնդապետն ասում է. «Ուրիշին զանգի՛ր: Ձրի է: Էլ նման հնարավորություն ձեռքդ չի ընկնի»:
Երիտասարդ ուսանողի հերթն էր: Մտնում է խցիկ և դուռը փակում: Հերթում կանգնածները մի քայլ առաջ են գալիս:
Սորայա Դիլմողանին նստած էր սրճարանի անկյունում և շվարած ու պլշած նայում էր թեյի դատարկ բաժակին: Դեռ մրսում էր ու դողում: Գնդապետը միանում է նրան, հրավիրում «Ա»-ին, երեխային դնում ծնկներին, ամուր համբուրում նրա վիզը և կրկին ճչացնում նրան: Ուշ էին ծնող դարձել, և նա նրանց միակ երեխան էր:
Սորայա Դիլմողանին սոված էր: Կրծում է եղունգները: Ասում է՝ առավոտից բերանը ոչինչ չի դրել: Պայուսակից դեղահաբ է հանում, առանց ջրի՝ կուլ տալիս: Գնդապետն անտեսում է: «Ա»-ն պանրով սենդվիչ և երեխայի համար պաղպաղակ է պատվիրում: Նկատում է Սորայայի սիրալիր ու երախտապարտ հայացքը և շիկնում է: Շրջում է գլուխն ու ձեռքով կանչում հեռվից եկող ուսանողին: Վեր է կենում, աթոռը մի կողմ քաշում և փոքր տեղ ազատում նրա համար: Վստահ է՝ երիտասարդը չի վերադարձնելու պարտքը: Ջանում է չմտածել այդ մասին, այլ խոսել գարնանամուտից ու Նոր տարուց և շնորհավորել բոլորին:
Գնդապետը թեյի գդալով մի մեծ կտոր պաղպաղակ է վերցնում աղջկա ամանից ու ուտում: Երեխան լացում է: Սորայան ամոթահար ու շփոթված նայում է շրջապատի մարդկանց: Գնդապետը ծիծաղում է և կրկին պաղպաղակ ճաշակելով՝ հրավիրում է հյուրասիրվելու նաև «Ա»-ին: Հետո զոռով քաշում-հանում է աղջկան, որ մտել էր սեղանի տակ ու հեծկլտում էր, և սիրաշահում է նրան:
Ուսանողն ասում է. «Էս անգամ գործերս կկարգավորվեն: Պայմանավորվեցինք՝ աշխատանքի թույլտվության թերթիկ կուղարկեն: Ես հաստատ կգնամ Ամերիկա, հարյուր տոկոս»:
Սորայա Դիլմողանին սենդվիչի կեսն զգուշորեն փաթաթում է թղթի մեջ և դնում պայուսակը: Ասում է. «Ես կվերադառնամ Իրան: Հանուն մեր հող ու ջրի, արևի ու մարդկանց հետ կգնամ»: Գնդապետն ավելացնում է. «Բոլորս էլ կվերադառնանք: Մինչև եկող օրդիբեհեշթ ամիս Թեհրանում կլինենք»:
«Ա»-ն դեռևս մտածում է սեղանի վրայի մոխրագույն հեռախոսի մասին: Գլուխը լիքն է հեռուներից լսվող ձայներով:
Ուսանողը վեր է կենում: Սուրճի մնացորդը գլուխն է քաշում ու հրաժեշտ տալիս: Սորայա Դիլմողանին խումար աչքերով նրան է նայում:
Վճարում է «Ա»-ն: Գնդապետը գրկում է աղջկան: «Նուշի՜կս, անուշի՜կս, քա՛ղցրս, ես քեզ Իրան կտանեմ: Դու պիտի մեծանաս այնտեղ: Այնտեղ հասակ առնես, նազ անես, ամուսնանաս, տուն ու տեղի տեր դառնաս: Դու ո՜ւր, Ֆրանսիան ուր: Գլխիս մադմուազել Նունուֆար հո չե՞ս դառնալու: Ի՜նչ սխալ է ամեն ինչ: Մերդ Միտերա՞նն է: Հե՞րդ է Միտերանը: Դու իմ աղջիկն ես, իմ՝ թագավորության հրետանու գնդապետի»:
Սորայա Դիլմողանին վերցնում է ամուսնու արձակ բաճկոնը և հագնում: Բոլորից առաջ է ընկնում: Նայում է վերև՝ ամպերին: Չի տեսնում և ընկնում է շան կեղտի մեջ: Ձայնը գլուխն է գցում, այնպես է ճղճղում, ասես այրվում է: Չի իմանում՝ ինչ անի: Ոտքը հանում է կոշիկի միջից և հեծկլտում: Իրեն կորցնում է, հայհոյում, կախվում գնդապետի թևից և անօգնական ու շվարած՝ ակնապիշ նայում «Ա»-ին մեկի հայացքով, որի հետ ասես աշխարհի ամենավատ բանն է տեղի ունեցել: Գնդապետը մրթմրթում է. «Քած շների հերն անիծվի»,-և շրջում է երեսը: Ակնհայտ է՝ կնոջ կոշիկին ձեռք տալու միտք չունի: «Ա»-ն տեսնում է՝ ճար չկա, զզվանքով վերցնում է Սորայայի կոշիկը, տակացուն քսում մայթեզրին ու ասֆալտին: Գրպանից անձեռոցիկ է հանում և մաքրում կոշիկի կողերը: Ասում է. «Սրանից լավ՝ հնարավոր չէ: Դուք գիտեք: Ես լինեի, էդ կոշիկից ձեռք կքաշեի: Հաստատ ոտքս մեջը չէի մտցնի»: Սորայան հագնում է կոշիկը: Պատասխանում է. «Ես այս մի զույգն ունեմ: Թեհրանից եմ հետս բերել: Ֆրանկը դարձել է վեց թուման: Կոշիկի գները հասել են երկնքին: Էդպես որ գնա, շուտով ոտաբոբիկ կմնամ»:
«Ա»-ն այլ կողմ էր գնում: Նրանց ճանապարհը բաժանվում էր: Գնդապետն ասում է. «Եղբա՛յր, Աստված առաջ, նորից կհանդիպենք: Մենք տուն ու տեղ չունենք: Օրական մի տեղ թափառում ենք: Մի օր էլ կտեսնեք՝ Ձեր կողմերում ենք հայտնվել»: «Աչքի՛ս վրա»,-պատասխանում է «Ա»-ն և հեռանում: Անցնում է հեռախոսախցիկի առջևով և տեսնում է՝ մասնագետը վերանորոգում է այն:
Իրիկնամուտ էր, երբ «Ա»-ն վերադառնում է իր թաղամասը: Անձրևը մի պահ դադարել էր: Դիմացի այգին զարմանալիորեն այլ էր, նախկինից ավելի կանաչ էր թվում: Աղավնիները արձանիկների նման՝ անշարժ, լուռումունջ, թառել էին ճյուղերին: «Ա»-ն գրպանից հանում է հացի փշրանքներով փաթեթը, մտնում է այգի, թաշկինակով չորացնում թաց նստարանը և նստում: Աղավնիները ծիկրակում են և բացվում են նրանց կիսափակ աչուկները: «Ա»-ն մի քիչ փշրանք է լցնում մոտակա սիզամարգի վրա: Մի փոքր էլ շաղ է տալիս սեփական ուսերին, գլխին ու ափերին և բացում թևերը: Շշնջում է. «Սրանք են իմ աշակերտները, իմ այգու ճնճղուկները»,- և քթի տակ ծիծաղում է: Բոլոր աղավնիներին անուն էր դրել: Նրանց հատ-հատ ճանաչում էր՝ քնկոտ-ալարկոտ աղավնի, խելքով-շնորհքով աղավնի… Ամեն օր նրանց կերակրում էր: Ներկա-բացակա անում: Գնահատում ու խոսում հետները:
Մի մուրացկան կին էր անցնում այգու այդ հատվածով: Հարբած էր, տրամադրությունը բարձր էր: Երգում էր, և որևէ մեկը նրան չէր հետաքրքրում:
Աղավնիները ղունղունում էին և անվստահ ոստոստում ճյուղից ճյուղ: «Ա»-ն ասում է. «Լսե՛ք, սիրելինե՛րս, հիմա պատմության դաս է, և դուք այսօր քննություն ունեք»: Մի աղունիկ թռչում է, կիսապտույտ տալիս, գալիս, նստում է սիզամարգին, հացի մի փշրանք կտցում ու փախչում: Մյուս աղավնիները ձգում են իրենց վիզը ու միահամուռ գրոհում: «Ա»-ն ասում է. «Հանգի՛ստ, մի՛ աղմկեք: Գրե՛ք: Առաջին հարց»: Աղավնիները թոթափել էին իրենց վախը: Կտցահարում էին իրար, միմյանցից խլում հացի փշրանքները: Թռչուններից մեկը թառել էր «Ա»-ի գլխին: Պոչի փետուրները քսվում էին «Ա»-ի ճակատին ու աչքերին: Աղավնու մարմինը տաք էր, բուրում էր անուշ հոտով, թուխս նստած թռչնի բույրով: Մեկ այլ աղավնի շրջում էր նրա ոտքերի վրա և կտցահարում շալվարի կոճակները: «Ա»-ն զգում էր թռչունների թևերի ջերմությունն ու նրանց շնչի երիտասարդությունը, և սիրտը ճմլվում էր անսահման բարյացակամությունից: Նա բռնում է աղունիկներից մեկին, շոյում պարանոցը, համբուրում կտուցն ու բաց թողնում: Աղավնիները բարձրանում էին մեջքին ու գլխին, ուսերի ու ձեռքերի վրա խաղ անում:
Հաճելի երեկո էր՝ լուռ ու մեղմիկ: Ծառերի կանաչ բներից փչում էր ֆարվարդինի երեքի բույրը: Ճյուղերը լի էին նորաբաց բողբոջներով, լի կյանքով, որ ձև էր առնում, ժամանակով, որ ճանապարհին էր: «Ա»-ն գլուխը հենում է նստարանի հենակին և մեկնում ոտքերը: Մարմնում խայտում է հանկարծահաս երանության զգացողությունը: Ուզում է հենց այդտեղ նստել. տարիներով, մի ողջ կյանք. թո՛ղ աղավնիները բույն հյուսեն բերանին ու աչքերին, մազերի մեջ թուխս նստեն և կրկնեն տարվա բոլոր եղանակներն իր հետ: Փակում է աչքերն ու հայացքը սահում է մանկության թաղերի միջով, հասնում աշխարհի ամենահուռթի այգուն, տեսնում է, որ հարևանի փոքր աղջիկն անհոգ ու զվարթ խաղում է, պստիկ գնդակով հարվածում ժամանակի աստիճաններին, իսկ գույնզգույն օդապարուկը ճախրում է յոթ երկնքից այն կողմ: Փոքրահասակ խաղընկերը հեռվից ձեռքով է անում. պատգամ ունի, որը չի հասնում իր փակ ականջներին:
Եղանակը րոպե առ րոպե մռայլվում է: Ուր որ է կրկին մաղելու է անձրևը: Շրջակայքից՝ ծառերի հետևից, լսվում է ոտքերի քստքստոց: «Ա»-ն շուրջն է նայում: Ոչ ոքի չի տեսնում: Անձրևի երկու-երեք խոշոր կաթիլ է ընկնում դեմքին: Բացում է անձրևոցը: Պահում է գլխավերևը՝ շարունակելով նստած մնալ: Լավ տրամադրություն ունի, և մանկական սիրտը հիսուներկու տարեկանում իզուր տրոփում է՝ ավետիսի հույսով: Մտաբերում է տիկին Նաբովաթի նամակը, որտեղ գրել էր. «Սիրելի՛ս, դուռդ մի՛ կողպիր: Ո՞վ գիտե, գուցե Խազերի երազը քեզ բաժին հասնի»:
Եվրոպայի անձրևը ձեր իմացած կաթկթոցի նման չէ. հորդում է: Աղավնիները թողնում են պատմությունն ու գլխապատառ թաքնվում տների ծածկերի տակ: «Ա»-ն, կիսագինովցածի նման, դնդնում է քթի տակ. «Օդը թարմ է, ես՝ օդերում…»,- և ականջներում հնչում է մի քաղցր զնգոց. տիկին Նաբովաթի սուլիչի շվոցն էր, որ հավերժական ձայնի նման գալիս էր ամենահեռավոր օրերից և անցնում գարնանից գարուն:
Այգու պահակը իր խցի պատուհանից նայում է նրան: «Ա»-ի մտքից թռել էր, որ անձնագիրը մոտը չէ, բնակության իրավունքի թուղթ էլ դեռ չունի: Անձրևոցը իջեցնում է, ծածկում երեսը և նայում կոշիկներին, որ ամբողջովին թրջվել էին: Դրանք Ալի Ռեզա Նաբովաթն էր Թեհրանից ուղարկել: Վեր է կենում, վերցնում հացի փշրանքների փաթեթը, խցկում գրպանը: Աղավնիները նիրհում էին ծածկերի տակ: Ասես մտքով չվում էին հեռավոր երկրներ:
Հեռվից հաչում էր տանտիրուհու շունը:
«Ա»-ն շվարած նայում է շուրջը և հարցնում ինքն իրեն. «Ի՞նչ գործ ունեմ այստեղ»: Եվ դարձյալ մարմինը համակվում է կարծեցյալ քաղցով, դատարկության ու սառնության զգացողությամբ, սրտխառնոց առաջացնող տագնապով: Ասես կանգնել, մնացել էր օտար երազի խորխորատում: Վախենում է: Մրմնջում. «Չէ՛, սա իմ տեղը չէ: Իմ քաղաքը չէ: Կվերադառնամ հենց վաղը, կամ հաջորդ շաբաթ, առաջին իսկ հնարավորության դեպքում»,- և տուն է մտնում այդ սփոփիչ որոշումով: Թափահարում է անձրևոցը: Աստված մի արասցե, կաթիլները կարող են աստիճաններին ընկել ու գլխացավանքի պատճառ դառնալ: Ծխուկը գցում է գրպանը: Զգուշորեն անցնում է հինգ միջանցքները, կողպում սենյակի դուռն ու հանգիստ շունչ քաշում:

Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *