Տաթևիկ Մխիթարովա | Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» վեպը որպես լուռ ճիչերի հանգրվան

Վեպ` իրականության մասին: Կամ, երևի, մի փոքր ավելիի մասին, քան իրականությունն է: Ինչպես գրել է հեղինակը` Դիանա Համբարձումյանը, և ինչպես գրքի գլխավոր հերոսը` Մանեն է ասում` սա մի փոքր ավելին է, քան պարզապես ընտանիքի պատմություն… Չէ՞ որ կարող էր յուրաքանչյուրիս պատմությունը լինել: Վեպում երևույթներն ու ճակատագրի տարատեսակ խոչընդոտներն այնպիսի երանգներով ու հոգին կիսող իրադարձություններով են պատկերված, որ ընթերցողի համար անհնար է չունենալ ապրումակցման զգացողություն: Առաջին հայացքից տառապանքն ու հենց տարաբախտությունն այնքան ուժգին են, որ չես էլ հանդգնի մտածել ապրումակցելու մասին, սակայն տող առ տող, բառ առ բառ խորանալով՝ կորցնում ես սթափությունդ, ու անգամ ցանկություն է առաջանում վեպի հերոսների փոխարեն մի պահ սեփական անձդ պատկերացնելու: Հոժար կամքովդ ես ապրումակցում: Վեպն իսկապես հզոր դարձնող գլխավոր հատկանիշը հենց ապրումակցումն է: Այդ ապրումակցումն իր մեջ ամեն ինչ ունի. սեր, լիքը սեր, ընտանիք ու ընկերություն, դավաճանություն ու կորցրած հայրենիք, տուն` հեռու, բայց սրտում տաքուկ պահած, անելանելիություն, փակուղի, կարոտ ու սպասում:
Պատմությունն սկսում է մեծ Մանեն` հիշելով փոքրիկ Մանեին: Ոչինչ չի ուզում թաքցնել ընթերցողից: Կարծես իր պարտքն է համարում զգուշացնել, մի սարսափելի բանից հետ պահել: Ու հերիք չէ, որ ինքն է զգուշացնում, իբրև ապացույց մեզ ցույց է տալիս մոր օրագրի էջերը: Վտանգն այնքան ահարկու է, որ անգամ մոր գրառումների գաղտնիությունը կարելի է զոհել: Միայն թե հասցնի զգուշացնել, միայն թե մեկ ընտանիք էլ չընկնի նույն որոգայթը: Երբ փոքրիկ էր, ուրախ ու անհոգ ապրում էր քույր-եղբայրների հետ հարմարավետ տանը՝ առանց կարիքի: Կարծես կյանքն ամեն հարմարություն ստեղծել էր թվացյալ երջանկության համար: Բայց Մանեն ակամա շուտ է մեծանում: Մեծանում է` «առնետին» տեսնելով, մեծանում է` հասկանալով, որ «մեծական» գործերն իր ուսերին են մնացել, մեծանում է, երբ Թումաս Թրանսը դառնում է ամենահուսալի բարեկամը, իսկ հայրիկը պարզապես չկա:
Օտարության մեջ Նարեն Սկալդինա է դառնում: Գրքի էջերից ոնց որ մեկը գոռա, թե օտարության գրկում քեզ կարող ես կորցնել, ու կապ չունի, թե որքան զգոն կամ ուշադիր ես, հանգամանքները ստիպելու են, որ երեկվա Նարեն այսօր դառնա Սկալդինա, որ աչքերիդ երբևէ եղած փայլը լոկ մոխրաջուր դառնա: Սկալդինա մայրիկը հիվանդ է: Տատիկն էկրանից այն կողմ է: Լռությունը գոռում է տողարանքից: Ստորակետերից հետո եղած բացատներում Մանեի գիշերվա լուռ ճիչերն են: Այնպես լուռ, որ եկել ու մտել են տառերի միջև, էլ տեղ չունեն գնալու, բայց չեն էլ խեղդվում: Ար հայրիկը Սկալդինա մայրիկին տառապել է սովորեցնում, բայց վերջինս չի զղջում, չէ՞ որ ինքն էլ նրան սիրել սովորեցրեց: Ու տառապանքի, սիրո, լուռ ճիչերի, գիշերային մղձավանջների ու սքայփի զանգի ձայնի ուղեկցությամբ Մանեն վազում է Ստոկհոլմի փողոցներով:
Մանեն Երևանի փողոցների մասին լսել է միայն ծնողների պատմություններից: Աներևակայելի կերպով են նկարագրված աղջնակի պատկերացումները երբեք չտեսած քաղաքի ու հեռավոր հայրենիքի մասին: Խորենացի փողոցի ցածրիկ տները կենդանանում են ընթերցողի գլխում Մանեի երևակայության շնորհիվ, միախառնվում հայրիկի մշուշված հայացքին: Իրականությունն ահասարսուռ է, համակերպվել չի լինում: Մանեն անընդհատ հիշում է այն ժամանակները, երբ իրենք բոլորը միասին էին, երբ ոչինչ չէր խաթարում ընտանիքի թվացյալ երջանկությունը: Փեակներն էլ էին մի ժամանակ երջանիկ, ու զուգահեռներն ընտանիքի ու տարաբախտ դարձած փեակների միջև հեղինակը շատ նուրբ է անցկացրել: Հարց է առաջանում, թե ինչու է ամեն լավ բան մի օր փշրվում: Թվում է, թե անհատն արդեն հասել է այն ամենին, ինչ պետք է հոգու ներդաշնակության, արտաքին աշխարհի հավասարակշռվածության համար, բայց մեկ վայրկյանում երկար փափագած ներքին խաղաղությունը փոշիանում է:
Վեպը պարզապես հայրենիքը լքելու ու անելանելիության մասին չէ: Նրանում ավելի խորն են արծարծված այն դրդապատճառները, որոնք կարող են մարդու մոտ փախչելու, հեռանալու, գլուխն ազատելու ցանկություն առաջացնել: Երբեմն էլ մարդն ուզում է ազատել, փրկել ոչ թե իր անձը, այլ՝ ուրիշի, ու դրանով իսկ ինքն իրեն անդունդն է գլորում: Ժամանակային առումով վեպը նման է խճանկարի, ու բեկորները հատիկ առ հատիկ իրենց տեղն են ընկնում՝ ստեղծելով եղելության ամբողջական պատկերը: Կարդալիս ընթերցողը վեպի իրականության հետ ծանոթանում է աստիճանաբար ու տեսնում, թե երբեմն ինչ թանկ գին կարող ես վճարել սեփական երջանկության համար:
Վեպի ավարտը շատերին կարող է ևս մեկ անգամ ապացուցել մի պարզ ճշմարտություն. մարդը, ի վերջո, ամեն ինչի հետ համակերպվում է: Թեև մինչև վերջ չի հաշտվում, քանզի կան բաներ, որոնց հետ հաշտվել չի լինի, բայց ընդունում է այն դժոխքը, որտեղ իրեն նետել է կյանքը, սեփական որոշումների շարանն ու արտաքին գործոնների շղթան, ու ապրում է այդ դժոխքում, քարշ տալիս սեփական գոյությունը՝ անցյալի բեկորները սրտում պինդ պահելով: Սերն ու մի ժամանակ եղած երջանկությունը, հին օրերի կարոտը, կորցրած ամեն մի վայրկյանը, որ կարող էր փոխել դեպքերի ընթացքը, գլխում եղած ձայները, մեղքի ճահիճը, վախն ու դառնությունը հավիտյան մնում են գիտակցության ու ենթագիտակցության ամենաթաքուն անկյուններում, ամենամութ շերտերում, իսկ մարդուն մնում է միայն ընկերանալ սեփական ինքնախարազանման հետ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *