Շուշանիկ Արամ | Քաղաքի աղմուկը ճնշում է լսողությունս

Նկարը՝ Պետո Պողոսյանի, «Շերտեր»

Այն բառը,
Որ չեմ ասել
Երեկ,
Մի գուցե քեզ կասեմ
վաղը՝
ականջիդ ու շշուկով,
որ քո երեկը
հանկարծ չլսի,
ու չնեղանա։
Այն անձրևանոցը,
որը չի չորացել
դեռ անցյալ
անձրևից,
վաղը անպայման
կբացեմ արևին
ու կաթիլները,
որ սառել էին
այտիս,
կբարձրանան վերև։
19. 09. 2021

 

***

Իմ բնակության
հասցեն չգիտեմ,
ոչ էլ փոստային
ինդեքսն եմ
հիշում,
բայց հստակ
գիտեմ, թե որտեղ է
այն վայրը,
ուր գնում եմ
հոգնած և տխուր
ժամերին.
դա իրականության
և երևակայականի
արանքում ինչ-որ
կիսախավար կայարան է,
որտեղ ես
ծուռթաթ արջի դիրքով
նստում եմ առաջին իսկ
պատահած նստարանին,
հայացքս հառած
անորոշ կետի
ու չեմ սպասում
ոչ մի գնացքի։

18. 09. 2021

***

Քաղաքի աղմուկը
Ճնշում է լսողությունս,
և ես ինձ օտար,
օտար եմ զգում
փողոցն անցնելիս,
մայթին, սրճարանում,
նույնիսկ շատրվանների
կողքին, որոնց գեղեցկության
միջով պաղ ու անտարբեր
դեմքեր ու հայացքներ են
սահանցում։
Քաղաքի փոշին, որ նստել է
կոշիկներիս ու քայլերս դարձրել
ծանր,ծանր,
ու ճանապարհը, որ ոչ մի
տեղ չի տանում, բացի
ինքս ինձանից
հեռացնելուց։
Քաղաքի ժամն ու
վայրկյանը կանգ է առել,
ու երթևեկը դարձել է
անտանելի։
Ու թվում է օդը, օդը
գնալով պակասում է,
որովհետև 21_րդ դարում
միայն քարե ծառեր են
աճում։
25.08.2021

 

***
Փողոց,
Հայացքս մեխվել է
շինության կիսաքանդ
պատին՝
ժանգոտ մեխի
փոխարեն,
ու անցորդները
հայացքիցս ինչ_որ
իրեր են կախում…
Հոգնած եմ…
28. 08. 2021

 

***
Սպիտակ գիշերներ,
գայլերի ոռնոց,
ճոճվող փշատենու
բույրը սենյակում
պտույտ էր գալիս,
ես էլ փորձում էի
անքնությունս վաճառել
պատուհանս թակող
քամուն,
բայց քամին հո միամիտ չէր,
անվճար էր ուզում,
ես էլ հո միամիտ չեմ,
չտվեցի…
26. 08.2021

 

***
Մանրավաճառից
ինձ համար
գունավոր ուլունքներ
ու վառվռուն գլխաշոր
գնիր,
հետո աշխարհին ասա,
որ ես հոգնել եմ գորշությունից…
26. 08.2021

 

***

Ինձ ծաղիկներ մի նվիրիր,
միևնույն է դրանք ծաղկամանում
երկար կյանք չունեն,
ու ես էլ մեքսիկացի
նկարչուհի չեմ,
որ զարդարեմ մազերս
քո նվիրած ծաղիկներով,
հետո ծաղկազարդ
գլուխս համադրեմ
սարսափելի երազներիս
ու անմահացնեմ քո
ծաղիկները,
դրանք անիմաստ
թոշնելու են,
ու միակ սարսափելի
երազը, որ կհամադրվի
այդ ծաղիկներին,
դա մի քանի օրից
մեր փողոցով անցնող
աղբատար մեքենան է…
27. 08 2021

 

Սուպերմատից մինչև գերթափանցիկություն

Սև քառակուսու
տիրույթներում էլ
երբեմն կարելի է
հարմարավետ զգալ,
մանավանդ եթե
երազներիդ փորձում են
գորշություն քսել,
իսկ կատարյալ
մթության մեջ
գորշը միևնույն է
նկատելի չէ։
Քառակուսու
հնարավորությունները,
քեզ թույլ չեն տա
թևերդ լայն բացել,
փոխարենը կսովորեցնեն
ամուր գրկել,
գրկել ինքդ քեզ,
որ սևը քեզ էլ
կուլ չտա կամ
չտարրալուծվի քո մեջ,
իսկ գույնի գերբնական
խտությունը կօգնի
չկորցնել ինքնությունդ,
և գուցե հասցնես
փրկել այն հեքիաթը,
որ մթության մեջ
կուչ է եկել
որևէ 90 աստիճանում
և չի հասցրել ընկնել
հատման տակ։
31.08. 2021

 

Ջրահարսը

ջրերի վրա
ու ծովերի խորքում
անվերջ ծիծաղում էր,
ու Վերա Վոնգի
շղարշների տակից
տեսիլվում էին
նրա կատարյալ
գեղեցկությունը
և անկատար
տխրությունը։

4.09. 2021

 

***

Տագնապը վազում էր
փողոցով,
անտուն մի մարդ
վազող ջրերի մեջ
հույս էր փնտրում,
մի շուն նայում էր
տխուր, տխուր…
Բայց իմ տխուր երազները
էլ չեմ ուզում քեզ պատմել,
ավելի լավ է
գլուխս հենեմ ուսիդ ,
և մինչև առավոտ
Ֆելինին թող պատմի
իր «Քաղցր կյանքը»…
10.09. 2021

 

***

Փնտրում եմ
Ոսկե ձկնիկին,
որ հարցնեմ, թե
ինքը ինչ երազանքներ ունի։

 

***
Եթե ես ցախավելի
վրա թռչող
վհուկ լինեի,
իմ ցախավելը
ավելի սիրուն
տեսք կունենար…
21.06.2021

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *