Դոննա Սթոունսայֆեր | Քաղաքի նմանօրինակ

Դոննա Սթոունսայֆերն ամերիկացի պոետ է ու թարգմանիչ: Մանկությունն անցկացրել է Սիեթլում և Թեհրանում: Նրա գրչին են պատկանում «Քաղաքի նմանօրինակ», «Կոսմոպոլիտանը» շարքերը: Թարգմանում է ֆրանսերենից ու գերմաներենից: Այժմ բնակվում է Բեռլինում:
«Քաղաքի նմանօրինակ» ժողովածուն պատկերում է կյանքը Բեռլինում:
Դոննայի հետ ծանոթացա 2015-ին, երբ Բեռլինում էի սովորում: Անմիջապես սիրահարվեցի «Քաղաքի նմանօրինակ» շարքին, հենց հաջորդ օրը գնեցի ու որոշեցի մի օր հայերեն թարգմանել:

[1] Ասես ձմեռային մի օր աչքերդ բացես նորակառույց շենքերով լի քաղաքում, հետո հասկանաս, որ աչքիդ առաջ հոթելներ են ծլում:
Ասես անկողնումդ անքուն պառկած մտովի թափառես բոլոր այն դատարկ սենյակներով, որ կառուցվում են չգոյություն պահպանելու համար:
Ասես “hotel”-ի “o” – ի միջով ներքև գլորվես, ինչպես որ սեփական անկողնում քնի գիրկն ես ընկնում, բայց վերջին պահին արթուն միտքդ մարմինդ հետ է քաշում:
Ասես հանձնվես «ես»-իդ, մոտենաս պատուհանին ու նայես “hotel” բառի լուսավորված տարբերակներին, որ քաղաքով մեկ ազդարարում են իրենց փոփոխվող բացակայությունը:

[2] Ասես ճամփիցդ շեղվես՝ այցելելու երկաթի հանքին կից կառուցված մի չքաղաք, որ ուղղակի մակետ է, որի կոկիկ շարված լապտերները լուսավորում են կյանքի մութ խորշերը:
Ասես մտնես ամենալքված չքաղաքը՝ չտարբերակելով նրա դիմագծերը, քանի որ դրանք ձուլվել են մնացած քաղաքների չքաղաքային դիմագծերին:
Ասես բաց պատուհաններով ընթանաս չքաղաքի գլխավոր պողոտայով՝ մտածելով, որ սխալ տեղում ես, որ նոր ու ճիշտ չքաղաքը հեռվում է:
Ասես կանգնես ամեն գաղափարից զուրկ մի սխալ չքաղաքի՝ այդ կոկիկ շարված լապտերներից մեկի լույսի տակ ու նայես տախտակապատ պատուհաններին, որ թաքցնում են մակետային կյանք վարելու վաղուց մոռացված իղձերը:

[3] Ասես մի օր ծանոթ քաղաքի անծանոթ հատվածում վերնանցումի տակով անցնես մի փոքր խանութի կողքով, որտեղ բոլոր ապրանքները կապույտ են:
Ասես կտրուկ կանգ առնես կապույտ խանութի դիմաց՝ ավելի մոտիկից նայելու ապակու միջով, որում կապույտ երկինքն է արտացոլված:
Ասես ապշած նայես, թե ինչպես են բազմերանգ կապույտ ապրանքները՝ մատիտները, շապիկները, սանրերն ու ձվամաններն առանձնանում կապույտ երկնքի արտացոլանքից:
Ասես գիտակցես, որ քաղաքի ծանոթ մասում երբեք չէիր անցնի այդ խանութի կողքով, որ կապույտ խանութի մասին իմանալը քաղաքի այս մասն էլ ավելի անծանոթ է դարձնում:

[4] Ասես մի օր քաղաքի հենց կենտրոնում իսկական աղվես տեսնես, հենց աղվես, ոչ թե աղվեսի խրտվիլակ կամ աղվեսով լոգո կամ էլ աղվեսանման մեկին, ում հետ կուզեիր քնել:
Ասես փողոցում զբոսնող մյուս մարդկանց պես տեղումդ քարանաս՝ աչքերդ աղվեսի վրա չռած:
Ասես նայես մի իսական, փափուկ, դարչնագույն աղվեսի, որ բուսածածկ լանդշաֆտով նրբորեն սահող միակ էակն է, որ հայացքներ է նետում մայթին կանգնած աչքերը չռողների վրա:
Ասես աղվեսը շեղի իր ապշեցնող արտաքինի վրա սևեռված հայացքները՝ փողոցով անդադար շարժվելով, գնալով միայն իրեն հայտնի՝ մութ ու անգույն աղվեսաբույնը:

[5] Ասես տաքսիով անցնես օտար քաղաքի փողոցներով՝ հայացքդ belle époque շենքերի բարձր պատուհանների վրա փակցված «Տրվում է վարձով» նշաններին:
Ասես պատկերացնես՝ ինչպես ես belle époque շենքերից մեկում բնակարան վարձում, ձուլվում օտար քաղաքին՝ կորցնելուվ օտարի կարգավիճակդ ու բարձր պատուհաններիցդ նայում ես տաքսիներով անցնող օտարներին:
Ասես մտորես վարձակալության պայմանագրի կոպիտ գեղեցկության ու վարձածիդ հոգեբանական տարածության մասին, որ նման է տաքսու ու քաղաքում դատարկ մի հատված է առաջարկում՝ մերկացնելու քո իսկ օտարությունն ու տնավարի վիճակը:
Ասես նայես «Տրվում է վարձով» նշանին՝ մտորելով պատուհանի ձևավորման սկզբունքի շուրջ՝ լույս ու օդ, ներս ու դուրս, ծավալ ու մնացորդ, պատկանող ու չպատկանող, ապակու նման անթափանց սկզբունքները:

[44] Ասես սուպերմարկետում կանգնես շվեյցարական շոկոլադի անթիվ շարքերի մոտ ու նայես շոկոլադի թղթերի վրա պատկերված ձյունածածկ Ալպերի նկարներին ու լուսանկարներին:
Ասես գիտակցես, որ ձյունածածկ Ալպերի նկարներով շոկոլադն ավելի թանկ է, քան ձյունածածկ Ալպերի լուսանկարներով շոկոլադը:
Ասես գիտակցես, որ շոկոլադը ծածկող ձյունապատ Ալպերի նկարներն էլ են լուսանկար ու ժպտաս շուկայի՝ եզակիության առեղծվածի արժեքի կայունության վրա:
Ասես տատանվես՝ պատկերելով հսկայական ցիստեռները՝ լի շոկոլադով, որ հետագայում շոկոլադի սալիկներ է դարձել, ու վերցնում ես ձյունածածկ Ալպերի նկարով մի սալիկ, որովհետև չէ՞ որ դու էլ ես եզակի:

[53] Ասես տաքսիով թափառես քեզ որդեգրած քաղաքի գիշերային փողոցներով, որ հասնես վարձած սենյակդ՝ հետևում թողնելով հոթելները :
Ասես HOTEL բառն ամբողջ քաղաքով մեկ շաղ տված լինի, դու էլ տաքսու մեջ մոլագարի պես ուզես պատռել շորերդ, քերթել մաշկդ, որ գտնես գոնե մի բան, որ քոնն է:
Ասես ուզես վրայիցդ ամեն ինչ հանել՝ շորերդ, մաշկդ, դիպչես խորքում բաբախող սրտիդ՝ մտածելով, որ մարմինդ հոթել է հյուրերի համար, ում, թվում է, գիտես, բայց երբեք չես տեսել:
Ասես գնաս տուն, բայց հոգուդ խորքում մտնես հոթել, որ նման է դատարկ մարմնիդ, որ սիրածներիդ ես հրամցնում:

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլլի Ղազարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *