Ռուբեն Ֆիլյան | Քո երկրի դեսպանը

(հատված վեպից)

Մենք հանգցրինք ծխախոտը (ի՜նչ շատ էր ծխվում Մեր երկրում) ու վերջապես, բացելով գիրքը` սկսեցինք թերթել…

«Միաժամանակ կարող է ստրկանալ ու ամենավերջին ստրուկի պես սողալ, և անմիջապես հետո, ճախրել ազատորեն` աշխարհի ամենասպիտակ աղավնու նման…»
«…բայց ովքե՞ր են Մերոնք: Իրեն հարցնես` աշխարհում ինչքան բարեհամբավ, ազատատենչ, քաջսիրտ, լուսավոր, հանրահռչակ ու մեծանուն անձ կա` Բոլորն էլ Մերոնք են…»
«իսկ երբ մենակ է և ուժ ունի խոստովանելու` շարունակ հարցնում է ինքն իրեն, թե ինչու՞, ախր ինչու այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, անհավատալի` Մեր ստրկության մեջ, ու անչափելի` Մեր վեհ թռիչքներով…»
«Եվ Աստվածները տեսան, որ բարի են»…
«Եվ Աստվածները…»
Մենք, համաչափ-ուժգնացող կտկտոցներ լսելով, կտրեցինք մեր հայացքները գրքից և պատուհանից դուրս նայեցինք` բարձրանում էինք Սպիտակ բլուրն ի վեր ու թեթև անձրև էր մաղում…Մեր երկրում մեր առաջին անձրևն էր…
Մենք փակեցինք գիրքն ու տեղը դրինք: Եվ շարունակեցինք նայել պատուհանից դուրս…Մեր կառքը` հանգիստ, իր ճամփով, բարձրանում էր բլուրն ի վեր և գնալով անձրևն ավելի էր ուժեղանում. թափով իջնող կաթիլները, մեր աչքի առաջ, դանդաղորեն սպիտակում էին` գնալով ավելի ու ավելի էին ճերմակում…և ճերմակ անձրևն իջնում էր` փաթի՜լ-փաթի՜լ …

«Քո երկրի դեսպանը», Արի, 2022

Սպիտակ Բլուրն այնքան էլ բարձր չէր` կես սարի չափ Բան էր, և մի՞ թե այդքան տարբերություն կար ներքևի ու վերևի մեջ…
Լավ էր գոնե առավոտյան տաք հագնվեցինք` թե չէ լրիվ կցրտահարվեինք…Ետևից լսվող կանացի ձայնը ձյուն չէր սիրում…Իսկ Մեր երկրի մեր առաջին ձյունն իջնում էր առատորեն և իրենով ծածկում ու ճերմակեցնում ամենուր` այնքան արագ ու այնքան շուտ, որ ժամանակը լույսից արագ էր թռչում կարծես…և մենք հենց այդ արագությամբ էինք գնալու դեպի Բանը, սակայն հաճախակի կանգառներով…
Մեր կառքը կանգ էր առել ու կառապանն էլ չկար` իջել էր: Ուղեկցողն էլ էր իջել: Ձյունով ծածկված պատուհաններից Բան չէր երևում, ու մենք, անհանգստացած, իջանք կառքից: Անիվները խրվել ու թաղվել էին ձների մեջ, և կառապանն ու ուղեկցողը անօգնական այս ու այն կողմ էին նայում: Բոլորս միասին կպանք ու ինչքան ուժ ունեինք` փորձեցինք հրել…բայց ոչ առաջ` ոչ հետ…Անիվներն անհուսորեն թաղվել ու մնացել էին մեր ձյան մեջ, որ առատորեն իջնում էր ու դիզվու՜մ, դիզվում Մեր ճամփին և ամենուր…
– Այս կառքի պատմությունը վերջացած է,- ասաց ուղեկցողը` ձեռքը թափ տալով,- քայլենք-բարձրանանք, իսկ վերադառնալիս` կառապանն արդեն մի Բան արած կլինի: Ժամանակ չկորցնենք քայլենք, քայլենք վեր` ահա գագաթը, Բան չի մնացել…
Մենք նորից կառք բարձրացանք` վերցնելու մեր տաք հագուստը: Մի պահ երկմտեցինք, բայց ձեռքներս տարանք նստատեղի գրպանիկին ու գիրքն էլ վերցրինք: Հետո իջանք կառքից, պինդ կոճկվեցինք ու քայլեցինք ուղեկցողի ետևից` գնալով դեպի գագաթը Սպիտակ Բլրի, որի մյուս լանջին փռված էր Մեր Հնագույն մայրաքաղաքը…
Մենք առանց սայթաքելու, հանգիստ բարձրանում էինք բլուրն ի վեր` դեպի մոտակա գագաթը, և ձյունը ճռճռում էր մեր ոտքերի տակ: Եվ այդ ճռճռոցի հետ մեզ էր հասնում առջևից քայլող ուղեկցողի զրնգուն ու ոգեշնչող ձայնը.
– Հանգիստ եկեք, համարյա Բան չի մնացել,- ահա ուր որ է հասնում ենք գագաթին: Սա ի՞նչ է դեռ` կես սարի չափ մի Բան է: Բարձր գագաթ չեք տեսել: Կողքի այն Մի սարը տեսնու՞մ եք` ա՜յ գագաթ եմ ասել…Դա Մեր ամենաբարձր սարն է, ու գագաթներն ամառ-ձմեռ, միշտ ձյան տակ են: Նույնիսկ ասում էին, թե Մեծ ջրհեղեղի ժամանակ այդ գագաթն է բարձրացել հռչակավոր Նոյան տապանը ու իբր այդպես` փրկվել…բայց իհարկե պարզվեց, որ տապանը ո՛չ կա, ո՛չ էլ եղել է, քանի որ Մեր տարաբախտ պոետը հետքերով գնաց` փնտրելու այն, բայց չգտավ ու այդպես էլ` կորավ-գնաց: Հետո Մեր մեծամեծ պոետներն էլի գնացին փնտրելու…և տարաբախտ պոետին գտան, իսկ տապանը չգտան` չկա՛ր…ու պարզ էր` դրանից հետո Մենք Բոլորս էլ համոզվեցինք, որ ո՛չ կա, ո՛չ էլ եղել է այդ տապանը…
Ուղեկցողը հանկարծակի սայթաքեց ու հետ սղաց: Բայց մի կերպ կառչեց ձներից ու չդիպավ մեզ: Հետո կանգնեց ու շարունակեց նորից բարձրանալ` զգուշացնելով.
– Այստեղ մի փոքր սառույց է` զգույշ եղեք:
Մենք կամաց-կամաց, զգուշորեն ելնում էինք ուղեկցողի ոտնահետքերով, և նկատելիորեն` բարձրանալը գնալով ավելի ու ավելի էր դժվարանում:
Մյուս կողմից էլ առատորեն թափվող ձյունն էր լցվում աչքներս: Բուք էր: Ետևից լսվող կանացի ձայնը զնգրտում էր…Իսկ ուղեկցողը, առանց ետ նայելու, մեծ դժվարությամբ շարունակում էր բարձրանալ վեր` ճամփա բացելով նաև մեզ համար, ու այլևս ծպտուն անգամ չէր հանում` էլ ինչ տապան, ինչ Բան…այդ Բանի մասին խոսք անգամ չէր կարող լինել…
Իսկ ներքևից թվում էր, թե շատ մոտ է ու հեշտությամբ կարելի է բարձրանալ… բայց դժվա՜ր էր…ավելի ու ավելի դժվար…Ներքևից երևացող գագաթն իսկապես խափուսիկ էր, քանի որ մենք` մեծ-սպիտակ ժայռակտորներից բռնվելով բարձրանում էինք, մի կերպ մագլցում վեր ու վեր, բայց վերջնականապես չէինք կարողանում զառիվերը հաղթահարել ու կանգնել կատարին…Իսկ մագլցելը գնալով ավելի դժվար ու սարսափելի վտանգավոր էր դառնում` մի փոքր սայթաքում և մեզնից Բան չէր մնա…
Լավ մի՞ թե այս Սպիտակ Բլուրը, որ կես սարի չափ Բան էր, շրջանցելու հնար իսկապես չկար…Ուրեմն` չկար…և ուրեմն մեզ հետ պիտի պատահեին այն բոլոր բաները, որ Մեզ էին պատահել…այն բոլոր բաները, որոնք իրենցից մի Բան են ներկայացնում…Եվ մենք մագլցում-գնում էինք դեպի այդ Բանը` այլևս լրիվ հաշտված, որ մենք պիտի քավեինք Մեր բոլոր մեղքերը…ճար չկար և ինչ էլ ուզում է լիներ, ինչպես էլ ուզում է լիներ` պիտի դիմանայինք…
Եվ առաջին անգամ` գիրքը մեզ խանգարում էր: Ոչ մի գրպանում տեղ չէր անում, իսկ ձեռքներս բռնած շատ վտանգավոր էր` մագլցելու համար պետք էր ամուր կառչել մեծ-սպիտակ ժայռաբեկորներից: Մի-փոքր սայթաքում և…ավելի լավ էր գիրքը թողնեինք ժայռաբեկորներից մեկի վրա: Կարելի էր թողնել ու մի ձևով նշան անել, որ վերադառնալիս վերցնենք: Բայց ի՞նչ նշան անեինք…կարելի էր խաչ անել…
Կռացած ու հևիհև մագլցում էինք վեր, երբ երկու մեծ ժայռաբեկորների արանքում ճեղք նկատեցինք հանկարծ: Չոր ու ապահով ճեղք էր` մեղմացած ձյան փաթիլները չէին հասնում այնտեղ: Մենք ավելի կռացանք ու գիրքը զգուշորեն դրեցինք ճեղքի մեջ: Հետո ամուր կառչեցինք մեծ ժայռաբեկորից, որ կարողանանք ուղղվել մի կերպ ու մեծ խաչ անել` թողնել մեր վերադարձի նշանը…
Մենք ողջ հասակով մեկ ուղղվեցինք ու վեր նայելով` զարմանքից քարացանք…հենց մեր գլխավերևում կանգնած էր ձյունաթույր հրեշտակը…Չհավատացինք աչքներիս ու տրորելով` ավելի ուշադիր նայեցինք…հենց մեր գլխավերևում, մեծ ժայռակտորի սուր ու երկար սառցալուլային` իր ճերմակ թևը հենած-կանգնած էր ձյունաթույր հրեշտակը: Եվ հրեշտակը երեխայական պեպեններ ուներ դեմքին…Սուր սառցալուլային թեթևակի հենված, նա մեզ էր նայում` թափահարելով իր մյուս, ճերմակ թևը: Փորձում էր մի Բան հասկացնել…նշան էր տալիս մեզ…Իր ազատ ճերմակ թևով մատնացույց էր անում ճեղքի մեջ դրված գիրքը` հասկացնելով, որ վերցնենք ու հետևենք իրեն…
Ու տեսնելով, որ վերջապես մենք հասկացանք` ձյունաթույր հրեշտակը պոկվեց սառցալուլայից ու ժայռակտորի կողքով թռավ-գնաց…և այդ տեղում խիտ ձյուն սկսեց թափվել` պեպե՜ն-պեպե՜ն…
Մենք կռացանք, ճեղքի միջից զգուշորեն վերցրինք գիրքը, ու թեքելով մեր ճամփան` հետևեցինք նրան: Ապշահար ուղեկցողն էլ մեր ետևից:
Մեծ ժայռաբեկորի կողքին աննկատելի, նեղլիկ մի կածան կար` թեթևակի ձյունով ծածկված: Մենք հանգիստ ու վստահ քայլեցինք այդ կածանով ու շրջանցեցինք մեծ ժայռաբեկորը: Հետո անցանք մի քանի ուրիշ ժայռաբեկորների կողքով: Եվ կամաց-կամաց սկսեցինք իջնել ցած: Կածանը մեզ տանում էր ներքև: Փաստորեն շրջանցել էինք ողջ Սպիտակ Բլուրը: Եվ մենք չոր կածանով հանգիստ իջնում էինք ու ներքևում, բլրի լանջին, արդեն պարզ գծագրվում էր Հնագույն մայրաքաղաքը, որի բաց դարպասների մոտ մի պահ երևաց ու չքացավ մեր հրեշտակը…
Սար ու ձորի տարբերություն կար վերևի ու ներքևի մեջ: Եվ մենք, այդ տարբերության միջով, հանգիստ իջնում էինք ներքև` ծաղկաշատ ճանապարհով մոտենում էինք Մեր Հնագույն մայրաքաղաքի դարպասներին, որ բաց էին թատերաբեմի պես…
Մենք կանգ առանք մի պահ: Շոգ էր: Մեր հալալ քրտնքի կաթիլները` խառնվելով ծաղկափոշու հետ, հոսում էին մեր ճակատից: Ուստի արձակեցինք մեր բոլոր կոճակները: Իսկ ուղեկցողը պահը չկորցրեց` տրորելով կակաչները շրջանցեց մեզ ու սկսեց ինչպես միշտ, քայլել առջևից…
– Տեսնում եք չէ՞, դարպասները ներս են բացված,- բացատրեց նա բարձրաձայն,-ներսից ենք մտնում մայրաքաղաք…և փաստորեն, հրեշտակը ոչ թե դարպասներից ներս մտավ` այլ դուրս ելավ: Մայրաքաղաքը` մի կողմ, հրեշտակը` մյուս կողմ…
Մենք քայլում էինք հնագույն մայրաքաղաքի դարպասներից ներս` կակաչապատ ճանապարհով: Մեր մեղուները ուրախ ու ժրաջան բզզում էին, և ամենուր տարածված էր բույրն անարատ մեղրի: Եվ մեղուների բզզոցը խաղաղ էր, հպարտ ու հզոր` զգացվում էր, որ Մեր Մեծ թագավորի մատը խառն էր այդ Բանում…և բզզոցը շա՜տ էր…
Մենք քայլում էինք ու ներքևում, դարպասներից ներս, արդեն նշմարվում էին գույնզգույն տները հնագույն մայրաքաղաքի, ու մեջտեղում մեծ, կլոր Մեր ամֆիթատրոնը` դեպի երկինք բացված մեղվափեթակի նման…
Կակաչապատ ճանապարհով մենք քայլում էինք դարպասներից ներս, և գույնզգույն մայրաքաղաքի մեջտեղից մեզ էր հասնում ամենուր տարածվող ձայնը շեփորների, որ Մեծ թատերգության սկիզբն էին ազդարարում:
-Սկիզբը երկրորդ մասի,- բացատրեց ուղեկցողը,- էլ Բան ու գործ չունեն` առավոտից իրիկուն թատրոն է…
Կակաչապատ ճամփան վերջացավ խաղաղ ու լայն գետի ափին, և մենք կանգ առանք: Դարպասներն արդեն շատ մոտ էին, բայց կամուրջ չկար:
– Քիչ այն կողմ կամուրջ կա, գնանք,- ասաց ուղեկցողը ու քայլեց վեր,- տեսնու՞մ եք իրար կպած այն երկու, մեծ ժայռերը` Սատանի Կամուրջն է դա…
Եվ մենք քայլեցինք հանդարտ գետի հոսանքն ի վեր` դեպի մոտակա, մեծ ժայռերը, դեպի Սատանի Կամուրջը:
Մենք քայլում էինք ծաղիկների միջով ուշադիր ու զգույշ, որ հանկարծ, պատահմամբ ոտքներիս տակ ծաղիկ չտրորենք: Որովհետև գոյություն չունեն, չկան ծաղիկներ` չկա ոչ մի ծաղիկ, որ առանց մեր տեսնելու ու գիտնալու, պատահմամբ տրորվել է ոտքներիս տակ…Մեր ոտքերի տակ պատահական ծաղիկներ չեն տրորվել…քանզի գոյություն չունի, իսկապես չկա այն Բանը, որը չկա…
– Ցած չնայե՛ք,- խորհուրդ տվեց ուղեկցողը` ճարպկորեն անցնելով նեղլիկ կամրջի վրայից,- վտանգավոր է…
Բայց մենք կանգ առանք ու անվախորեն նայեցինք ցած…գնալով ավելի ու ավելի նեղացող, փրփրած գետը ի սկզբանեից եկել-հասել էր մինչև Քրիստոսի ծնունդը, և կատաղած այս ու այն կողմ էր զարնվում` իր ջրային լուսավոր փոշին տարածելով խավար կիրճի մեջ…և այդ փոշին էր, որ ծիածան էր կազմում մեր գլխավերևում…մենք շրջվեցինք և կամուրջի մյուս կողմից նայեցինք ցած…և փրփրած գետը վերջապես ազատվում էր քարային այդ մութ թակարդներից, և զարմանալիորեն խաղաղ ու հանդարտ հոսում էր, գնում` իր հետ տանելով Ծննդյան Ծիածանի լուսավոր գույները…Գլխապտույտ գույները…
Մենք, հավասարակշռություն պահելով, զգուշորեն անցանք նեղլիկ Սատանի Կամուրջի վրայով ու քայլեցինք առաջ: Բայց անմիջապես կանգ առանք` սարսափելի գլխապտույտն ու քաղցը մեզ կանգնեցրին: Այլևս չէինք կարող շարժվել` ոչ առաջ, ոչ` հետ: Եվ մենք սուս ու փուս պառկեցինք ծաղիկների մեջ` թե չէ ողջ հասակով մեկ կտապալվեինք գետին: Վատ էինք` կարծես քառասուն օր ու գիշեր, սոված-ծարավ, անապատում փորձությունների մեջ էինք եղել…
Շփոթված ուղեկցողը հուսահատ այս ու այն կողմ էր նայում` ի՞նչ աներ:
Շատ վատ էինք, և արդեն փակվում էին մեր նախաքրիստոսյան աչքերը: Իսկ ուղեկցողը, աչքերը չռած նայում էր մեծ ժայռի ճեղքին` ուր բզզալով գալիս-մտնում ու ելնում էին Մեր անթիվ, ժրաջան մեղուները…
Նա, դես ու դեն ընկնելով, մի երկար փայտի կտոր գտավ: Զգուշորեն մոտեցավ ժայռին ու ձգվելով` փայտի ծայրը մտցրեց ճեղքի մեջ: Մի լավ խառնեց, հավաքեց: Հետո փայտի ծայրը դուրս հանեց զգուշորեն ու ափի վրա պահած` մոտեցավ մեզ…և ծորում էր փրկարար վայրի մեղրը, մեր մեջ լցվում ու տարածվում…Ետևից լսվող կանացի ձայնը ջարդրտվում էր հաճույքից…Իսկ ուղեկցողը մատներն էր լիզում…Մենք լավ էինք` շա՜տ լավ…
Եվ մենք, որ գիրքը կրծքներիս, ձեռքներս խաչած-պառկած էինք` վերջապես հագեցած փակեցինք մեր բերանը ու աչքներս բացեցինք…Կապույտ երկինքը դանդաղորեն ծածկվում էր վայրի մեղուներով: Մենք անմիջապես վեր կացանք ու արագ-արագ քայլեցինք առաջ` խուսափելով վայրի մեղուների հարձակումից: Ի՞նչ իմանայինք, որ նրանք ոչ թե ուզում են հարձակվել, այլ` ճանապարհում են մեզ…Ճանապարհում են` մինչև Հնագույն մայրաքաղաքի դարպասները…
Դարպասների մոտ, հովին նստած, լուռ աշխատում էր քարտաշը: Նա երկարուկ քարի վրա, խորասուզված, մի Բան էր տաշում` իր հարվածների հետ ներդաշնակ, բերանը բաց ու խուփ անելով: Սակայն Բան չէր լսվում` բզզում էր ողջ Մեր երկիրը, որ մեծ էր, տարօրինակորեն շատ մեծ…ու բզզում էր:
Եվ հնագույն դարպասների հովանու տակ միայն, երբ մեզ հրաժեշտ տվին վայրի մեղուները` վերջապես լսեցինք քարի ձայնը…Անհնար է փոքր քարակտորը զատել մեծից` առանց ձայնի…
Հմուտ քարտաշը, իր գործի մեջ խորացած, երկարուկ քարի վրա մի Բան էր տաշում-փորագրում` ցածրաձայն կրկնելով անգիր արած տեքստը մեռնելիք լեզվի: Եվ Հավիտենության թարմ խորհրդանիշի կողքին, նոր-նոր տաշվում էր այն ծանոթ սեպագիր արձանագրությունը. «Ով այս արձանագրությունը ոչնչացնի…ով ասի` այս Բանը ես եմ կատարել…թող Աստվածները…»
Մենք ուշադիր զննում էինք այդ երկարուկ քարը, որ ժամանակի ընթացքում կիսվելու էր` արձանագրության մասը մնալու էր ներքևում, իսկ Հավիտենության մասը` վերևում…և միայն ժամանակը կարող էր անել այդ Բանը…Ժամանակը, որ քարը քարին չի թողնում…
Եվ չնայած հնագույն դարպասների հովանու տակ այնքան էլ շոգ չէր, սակայն մեր սիրտն այրվում էր շարունակ: Թանձր ու անուշ վայրի մեղրից հետո մեր սիրտը ջուր էր ուզում` լավ, սառը ջուր: Եվ մենք, առանց քաշվելու, մոտեցանք քարտաշին ու ներողություն խնդրելով` հարցրինք մոտակա աղբյուրի տեղը: Կռացած քարտաշը, որ արձանագրության ամենաներքևի մասն էր արդեն փորագրում, առանց դադարեցնելու իր աշխատանքը` գլուխը բարձրացրեց ու նայեց մեզ: Շարունակելով տաշել, նա իր հմուտ աչքերով ոտից-գլուխ չափեց մեզ…իսկ նրա անտեքստ ձեռքերը շարունակում էին տաշել և արձանագրության ներքևում փորագրվում էր այն անհասկանալի Բանը, որ հմուտ քարտաշն իսկ չգիտեր, թե ինչ է նշանակում. Բանը, որ չվերծանված պիտի մնար նույնիսկ Մեր օրերում…
– Դարպասներից դուրս կգաք ու այն ճամփով, ուղիղ կգնաք,- երկար-բարակ զննումներից հետո վերջապես ասաց քարտաշը` հայացքով ցույց տալով այն ճամփան…իսկ անհասկանալի Բանը, մեր պատճառով, տաշվում էր, տաշվու՜մ, տաշվու՜մ: Եվ մենք զարմացած-կանգնած էինք` մի՞ թե այսպես էր եղել…մի՞ թե այսպես պիտի լիներ, որ Այնպես լիներ…և ուրեմն ճիշտ էինք գնում, մինչև այստեղ ճիշտ էինք եկել` անպայման այստեղ պիտի լինեինք…Եթե մենք չլինեինք` այդ Բանը չէր լինի. այդ անհասկանալի Բանը, որի հասկանալիությունն էինք գնում պարզելու…Բա՜ն, մենք առանց քեզ չենք կարող ու դու` առանց մեզ…և ահա՜, գալիս ենք` քո ջրերն ընկած…
Մենք շնորհակալություն ասացինք քարտաշին և նրա հայացքի ուղղությամբ դուրս եկանք Մեր Հնագույն հզոր մայրաքաղաքից…այնքան հզոր, որ Մեր դարպասները բաց էին բոլորի համար…
Մենք դուրս եկանք բաց դարպասներից ու քայլեցինք այն ճամփով` դեպի մոտակա աղբյուրը: Եվ դարպասներից դուրս ամեն բան յոթ-յոթ էր` յոթ ծառ, յոթ աղբյուր, յոթ բլուր, յոթ ուղեկցող, յոթ աստված…
Մեր առջև փռված էին ծաղկապատ բլուրները, որոնք ժամանակի ընթացքում պիտի մաշվեին թշնամու ձիերի սմբակների տակ և որոնց տեղում պիտի տարածվեր Մեծ ճակատամարտի այն հռչակավոր դաշտավայրը: Ու հենց այդ բլուրներից էին իջնում քչքչացող աղբյուրները, որոնք յոթ կողմերից գալիս-հասնում էին մինչև բաց դարպասները ու այնքան էին մոտենում իրար, որ թվում էր, թե ուր որ է կմիանան, մեկ-մեկու գիրկը կընկնեն, բայց մեկ էլ թեքվում էին ու գնում իրենց ճամփով` իրենց անմահականությամբ ողողելու Մեր երկիրը…
Մենք կանգնած էինք այնտեղ, որտեղ պիտի գրկախառնվեին յոթ աղբյուրները: Բոլորն էլ անմահական ջրեր էին, և բոլորից էլ մենք անհագորեն խմում էինք` թրջվում ու զովանում: Եվ աստվածները վկա` մենք լավ էինք, ավելի լավ, քան երբևէ` յոթնապատիկ ավելի լավ…Ետևից լսվող կանացի ձայնն ուրախ ծվծվում էր` ծարավ ու թրջված մկան պես: Մենք հագեցած էինք ու արդեն ուզում էինք առաջ շարժվել, շարունակել ճանապարհը: Սակայն աղբյուրների մոտ կանգնած յոթ ուղեկցողն էլ, մի մարդու պես, իր ճամփան էր առաջարկում` պնդելով, որ իր ուղին է ճիշտ: Բայց մենք գիտեինք, որ բուն ակը մեկն է` միակը, ակունքը բոլոր ջրերի, օվկիանոսների ու լճերի, ծովերի ու գետերի, աղբյուրների ու առուների, ջրհորների ու անձրևների…Գիտեինք նաև, որ այնտեղից, որտեղից սկսում ու գալիս է հոսքը ջրի` հենց այնտեղից էլ գալիս է հոսքը լույսի, հոսքը ձայնի և բոլոր բաների…քանզի ի սկզբանե էր Բանը ու Բանը Աստծու մոտ էր և Բանը Աստված էր ու ամեն բան նրանով եղավ և առանց նրա ոչ մի բան չեղավ` ինչ որ եղավ…
Սակայն չորս կողմը աստվածների մեծ բազմություն էր և նույնիսկ թափառական աստվածները հաճույքով գալիս-հյուրընկալվում ու յոթ-յոթ տեղավորվում էին Մեր երկրի մեծ, տարօրինակորեն շատ մեծ երկնակամարում: Մենք կանգնած էինք աղբյուրների մոտ, յոթ ուղեկցողով և չգիտեինք` ինչ անենք, որ կողմը գնանք: Ու ոչ մի նշան, ոչ մի Բան չկար, որ մեզ հուշեր ճիշտ ճանապարհը, ցույց տար միակ ուղին: Բայց չէ՞ որ մենք իսկապես լավ էինք` այնքան լավ, որ թվում էր, թե մեզ այլևս ոչ մի Բան պետք չէ…և պարզ էր ուրեմն, որ այդ Բանը չի լինի միայն մի դեպքում` երբ այլևս պետք չէ…Ու այդպես, անորոշ, մենք կանգնած էինք` չիմանալով ինչ անել:
Իսկ արևը շարունակում էր այրել: Շոգ էր: Քիչ այն կողմ խիտ-խիտ աճած յոթ խնձորենիներն առատ բերք էին տվել: Դեղնակարմիր խնձորները տերևներից շատ էին կարծես և ճյուղերը ճկռել էին նրանց ծանրությունից:
Թարմ, առատ խոտի միջով մենք քայլեցինք դեպի խնձորենիները` մտածելով, որ Աստված մեծ է` մի Բան կանի: Մենք մոտեցանք ու սկսեցինք քաղել` ամենահասածներն ընտրելով: Հետո պառկեցինք յոթ խնձորենիների հովի տակ և սկսեցինք ուտել: Հյութե՜ղ էին Մեր խնձորները…
Մեր մեծ երկրում հանգիստ էր ու ապահով, և դանդաղորեն փակվում էին մեր աչքերը: Մենք խաղաղ ննջում էինք խնձորենիների հովի տակ ու ականջի ծայրով լսում իրար մեջ, ցածրաձայն զրուցող ուղեկցողներին.
– Ինչ լավ տուն շինելու տեղեր են չէ՞: Մարդ այստեղ տուն-տեղ դներ` բոլոր հարմարություններով, նաև պարտեզով. վարեր, ցաներ, տեսակ-տեսակ սերմեր ու ծառեր տնկեր, կանոնավոր ջրեր ու պատվաստեր և ճաշակեր պարտեզի բարիքները: Հավերը ձու ածեին, երեխաները մեծ բակում խաղային ու աղմկեին, և այդպես մինչև վերջ խաղաղ ու հանգիստ ապրեր Հարազատ տանը, որի դռները միշտ բաց լինեին բոլորի համար…
– Այո, այո՜, իսկապես,-համաձայնվեցին մյուսները,- բայց միևնույն է` հեռանում ենք, եթե բոլոր դռներն անգամ պինդ կողպված են ներսից, քանի որ մենք ամենքս էլ հեռանում ենք` նույնիսկ եթե ունենք, կամ չունենք Տուն…
– Մեզնից լավ Տու՞ն,- երկար լռելուց հետո վերջապես ասացինք մենք` խառնվելով խոսակցությանը: Բայց չկարողացանք աչքներս բացել ու կրկին լռեցինք: Շուրջը հանգիստ էր ու խաղաղ և մեզ էր հասնում աղբյուրների միալար, անուշ քչքչոցը, որ այնքա՜ն քնաբեր է: Եվ մենք մի Բան էինք ուզում միայն` քնել-մնալ: Քչքչան աղբյուրների մոտ, խնձորենիների հովի տակ, թարմ խոտի մեջ քնել ու այլևս չմտածել ոչ մի Բանի մասին…Այն Բանի, որ մեր մեջ էր ու մենք` նրա մեջ: Եվ հոգի կտայինք այդ Բանի համար, որը եթե մեզ տիրություն չաներ` վաղուց էինք կործանվել: Իսկ մենք, ընդհակառակը, անդադար ծնվում ու ծնվում էինք մեր իմացած-չիմացած ու եղած-չեղած բոլոր այն բաների հետ, որ կային ու որոնք տեսել էին Մեր հնագույն աչքերը: Քանզի այն բոլոր բաները, որ մենք ականատես ու ականջալուր ենք լինում և այն Բանը, որ այդպիսով մտնում է մեր մեջ ու մնում է` մնում է հավետ: Իսկ որտեղ, որ Բանի մեջ քեզ տեսնում ես` այնտեղ էլ դու կաս ու այդ Բանն էլ քո մեջ: Բանը, որ մեկ է, մի է ու միակն է…Բանը` փնտրելիքը-փնտրողը-փնտրտուքը…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *