Ռաֆայել Ալբերտի Մերելլո (1902 թվ. դեկտեմբերի 16, 1999 թվ. հոկտեմբերի 28), իսպանացի գրող, հատկապես հայտնի է որպես բանաստեղծ, «27 սերնդի» ներկայացուցիչ, իսպանական գրականության «Արծաթե դար»-ի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, արժանացել է մի շարք պարգևների:
Աղավնին
Սխալվեց աղավնին,
սխալվում էր:
Հյուսիս պիտի գնար, Հարավ գնաց,
կարծեց թե ցորենը ջուր էր,
կարծեց թե ծովը երկինք էր,
գիշերը` առավոտ:
Աստղերը շփոթեց շաղի հետ,
շոգը` ձնաբքի:
Թե կիսաշրջազգեստդ բլուզդ էր,
թե քո սիրտն իր տունն էր:
(Աղավնին քնեց ափին,
իսկ դու` ճյուղի ծայրին:)
***
Մռնչալով` տեսնելու համար ծովը,
մի նավաստի` ցամաքին
երկինք է հասցնում այս ողբը.
«Ա՜խ, նավաստու իմ բլուզ
քամին միշտ էլ քեզ բորբոքում էր`
նշմրելով ստորջրյա խութը»:
***
Ծո՜վը: Ծո՜վը:
Ծո՜վը: Միա՜յն ծով:
«Հայրի՛կ, ինչու˚ ինձ բերեցիր քաղաք,
ինչու˚ ինձ պոկեցիր ծովից»:
Երազներում սրտիցս
ալեկոծություն է դուրս թռչում,
կուզենայի` ինձ հետը տաներ:
«Հայրի՛կ, ինչու˚ ինձ բերեցիր այստեղ»:
Լապտերագործը և իր հարսնացուն
-Լա՛վ, կարող ես ինձ այստեղ սիրել,
որովհետև լուսնին ես թաքցրի,
դու՛, այո՛, քո պատճառով, այո՛, դու՛, քո պատճառով:
-Այո՛, ի՛մ պատճառով:
-Լա՛վ, կարող ես համբուրել ինձ այստեղ:
-Դե՛, լա՛վ, լա՛վ:
-Դե կարող ես ինձ սպանել այստեղ,
լուսնի սառը հարսնացու…
***
Ինչ-որ մեկը
Ինչ-որ մեկն ավլում է,
և՛ երգում է,
և՛ ավլում է,
(փայտե կոշիկների ձայներ վաղ առավոտյան):
Ինչ-որ մեկը
Կրակում է դռներին:
Ի՜նչ վախենալու է, մայրի՜կ:
Ինչ-որ մեկն ավլում է,
և՛ երգում է,
և՛ ավլում է:
Ինչ-որ ձի` հեռանալով
իր սմբակը սեղմում է,
և փողոցում լսվում է արձագանքը:
Ի՜նչ վախենալու է, մայրի՜կ:
Եթե մեկը դուռը թակեր:
Եթե հայրիկը հայտնվեր իր`
մինչև կրունկները հասնող անթև ներքնաշապիկով`
գետնին քարշ տալով…
Ի՜նչ վախենալու է, մայրի՜կ:
Ինչ-որ մեկն ավլում է,
և՛ երգում է,
և՛ ավլում է:
Ութերորդ երգ
Այսօր ամպերը թռչելով ինձ բերին
իսպանիայի քարտեզը:
Որքա՜ն փոքր է ծովից
և որքա՜ն մեծ` արոտավայրից.
ստվեր էր ցուցադրում:
Ստվերը , որ ցուցադրում էր,
լցվեց ձիերով:
Ես, ձիու ստվերին հետևելով,
փնտրեցի իմ գյուղն ու տունը:
Մտա այն բակը, որ մի օր
ջրով լցված աղբյուր կար:
Չնայած աղբյուրն այլևս չկար,
ձայնը միշտ լսվում էր,
եվ ջուրը, որ արդեն չէր հոսում,
վերադարձավ, որ ինձ ջուր տա:
Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
lav banastexcutyunner en