Զոյա Փիրզադ | Ռահելեն և իր ծխածաղիկները

Երեկո է: Բակն ու այգին ջրելուց հետո ամառային երկարաձիգ շոգը տեղի է տալիս: Այգին լի է ծխածաղիկներով՝ ճերմակ, բիլ, վարդագույն:
Ռահելեն ծորակն է փակում: Հանդիսավոր կերպով հավաքում է խողովակը, դնում բակի անկյունում: Գնում է բակն ու պատշգամբն իրար կապող երեք աստիճաններից երկրորդի վրա նստում: Ձեռքը դնում է ծնոտիկ տակ և նայում ծխածաղիկներին:
Այգին ու բակը ջրելը նրա վերջին պարտականությունն է: Այս ամենից հաճույք է ստանում, բայց անհանգստանում է ու տխրում այն մտքից, որ այլևս զբաղվելու գործ չկա: Չի սիրում պարապ մնալ: Հենց պարապ է մնում, մտքերի տունն է ընկնում: Անախորժ ու անիմաստ մտքեր: Վախենում է մտածմունքից ու մտայնությունից: Բակին է նայում ու մտածում. «Նկուղը կդասավորեմ, հնոտիքն ու ավելորդ իրերը մի կողմ կդնեմ. վաղը կտամ Մոհարամին»: Մոհարամը շրջանի հավաքարարն է: Ռահելեն գիտի, որ նկուղում ոչ մի ավելորդ բան էլ չի գտնելու: Գիտի, որ մեկ-երկու ժամ այնտեղ ժամանակ կվատնի և միայն ձեռքերը կկեղտոտի՝ իրերի փոշիները սրբելով: Գիտի, բայց մեկ-երկու ժամ անցկացնելն էլ բան է:
Բակի կիսաբաց դռնից փողոցին է նայում: Ինչ-որ մեկն է՞ գալիս: Փողոցը դատարկ է: Երեկոները՝ այգին ջրելու ժամանակ, մշտապես բաց է թողնում բակի դուռը: Ասում է. «Երբ այգում եմ լինում, դռան զանգի ձայնը չեմ լսում»: Զանգի ձայնը միայն սենյակներում է լսվում: Եվ երեկոյան՝ այգին ջրելու ժամանակ, Ռահելեի ամբողջ ուշքն ու միտքը բակի կողմն է: Ինչ-որ մեկն է՞ գալիս: Երանի մեկը գա: Էլահեն կամ Համեդը:
Էլահեի տունը հեռու է՝ քաղաքի մյուս կողմում: Ամեն երեքշաբթի, երբ Ռահելեն գնում է Էլահեին տեսնելու, ուղիղ մեկ ու կես ժամ է տևում, մինչ հասնում է դստեր տուն, և հաջորդ երեքշաբթի, Էլահեն ու ամուսինն են գնում նրան տեսնելու, մշտապես ճանապարհի հեռավորությունից են փնթփնթում:
Էլահեն ասում է.
– Մայրի՛կ, էս մեծ տունն ինչի՞դ է: Վաճառիր, արի մեզ մոտ մի բնակարան գնիր: Համ մենք կհանգստանանք, համ՝ դու:
Փեսան ասում է.
– Տիկի՛ն, այսպիսի մեծ տունը ջանք ու եռանդ է պահանջում: Հոգնում եք:
Ռահելեն նայում է աղջկան ու փեսային: Այգու ծխածաղիկներին է նայում և ասում.
– Էսօր ձեզ համար ֆենջան եմ պատրաստել. կուզե՞ք:
Համեդին ու կնոջը ամիսը մեկ անգամ հազիվ է տեսնում: Համեդը շատ է աշխատում ու շատ ծխում: Կինն էլ:
Ռահելեն ասում է.
– Էդքան մի՛ ծխեք: Առողջությանը վնաս է:
Համեդն ու կինը ծիծաղում են: Համդի կինն ասում է.
– Տիկի՛ն, ես պիտի Ձեզ ծխել սովորեցնեմ, որ մեզնից ձեռ քաշեք:
Ռահելեն ծիծաղում է: Համեդի կնոջը սիրում է, բայց, չգիտես ինչու, հաճախ նրանից վախենում է:
Համեդի կինը փոքրամարմին է, նիհարիկ ու սև, խոշոր աչքերով: Նկարներ է անում, որոնցից Ռահելեն գլուխ չի հանում: Ինչպես, օրինակ, մի օր Ռահելեին մի պաստառ ցույց տվեց ու ասաց.
– Տիկի՛ն, գիտե՞ք՝ սա ինչ է:
Ռահելեն կտավի վրա միայն գույներ տեսավ. մեղմ երանգներ՝ միախառնված մուգ գույներին: Ոչինչ չհասկացավ և գլուխը տարուբերեց, թե՝ չգիտեմ: Համեդի կինը ծիծաղեց:
– Ձեր այգու ծխածաղիկներն են:
Ռահելեն ասաց.
– Այգու ծխածաղիկներին ընդհանրապես նման չեն:
– Ես Ձեր ծխածաղիկներն էսպես եմ տեսնում:
Ռահելեն ասաց.
– Ինչո՞ւ երեխա չեք ունենում:
– Այս խառնիճաղանջ աշխարհում երեխա բերելը ոճրագործություն չէ՞:
Ռահելեն մի արագ-արագ աչքերը թարթեց, թե՝ խաղնիճաղանջն ի՞նչ է:
Համեդն ու կինը ծիծաղեցին:
Ռահելեն ասաց.
– Ձեզ համար ձկով փլավ եմ եփել, կուզե՞ք:
Ռահելեն ծխածաղիկներին է նայում: Օրը մթնում է: Վեր է կենում, գնում է բակի կողմը: Փակում է դուռն ու վերադառնում: Ռետինե հողաթափերը բակի սալահատակի վրա խուլ ու մարող ձայն են արձակում: Բարձրանում է երեք աստիճաններով: Անցնում է պատշգամբով: Տուն է մտնում, վառում միջանցքի լույսը: Միջանցքով անցնում, գնում է ճաշասենյակ: Վառում է լույսը. մի մեծ սեղան և տասներկու դատարկ աթոռ: Խոհանոց է գնում ու լույսը վառում՝ գազօջախին ոչինչ չկա: Հյուրասենյակում տասը մոմանոց ջահը աղոտ լույս է տալիս: Վերադառնում է միջանցք, աստիճաններով բարձրանում: Երկրորդ հարկի միջանցքի լույսն է վառում: Բաց է անում ննջասենյակի դուռը: Համիդի սենյակը, երբ այստեղ էր ապրում: Երկրորդ սենյակն է գնում. Էլահեի սենյակը, երբ դեռ չէր ամուսնացել: Դուրս է գալիս, երրորդ սենյակի լույսն է վառում. սենյակի մեջտեղում մի մեծ, երկտեղանոց մահճակալ կա, և պատին՝ փայտյա շրջանակով սև ու սպիտակ մի լուսակար: Սև-սպիտակ շորերով հարս ու փեսա: Պետք է շատ ուշադիր լինել՝ նկատելու հարսի և Ռահելեի նմանությունը: Մի քանի վայրկյան կանգ է առնում, նայում է: Հետո դուրս է գալիս: Միջանցքի վերջում մի սենյակի դուռ է բացում: Տարիներ են, ինչ այս փոքրիկ սենյակը Ռահելեին է պատկանում: Առանց լույսը վառելու գնում է բակին նայող պատուհանի կողմը: Վարագույրն է քաշում: Ծխածաղիկները մթության մեջ խունացած են թվում: Տեսողությունն է լարում և ուշադիր նայում: Այգում միայն գույն է տեսնում. մեղմ երանգներ՝ միախառնված մուգ գույներին:
Վարագույրը հետ է քաշում:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *