Լուսանե Ջալալյան | Սա Մեղրուտն է. այստեղ մեղուներն ինքնաթիռներից աղմկոտ են թռչում


Սա Մեղրուտն է. այստեղ մեղուներն ինքնաթիռներից աղմկոտ են թռչում:
Մոտակա տան դարպասի կողպեքը ժանգոտած է։ Թե որքա՜ն է լքված տունը կարելի է կռահել նաեւ նույն կողպեքի մեծությունից։ Երեւի այդպես է. երբ գնում ես անժամանակ, կարեւոր է, որ դարպասդ ամուր փակվի, իսկ բացելու մասին վաղ է մտածել։
Բայց Մանիկ տատի տունը ոչ ոք չի լքել ինքնակամ. այստեղ, պարզապես, էլ ապրող չկա։ Մանիկ տատը՝ գյուղի եկեղեցու պատմության դաստուն, նաեւ գյուղի ակտիվիստը, իր տան ինտելեկտուալ գլուխն ու թաղի իմաստունը, մեռավ քաղցկեղից։
Բայց դեռ տարիներ առաջ կյանքի ու մահու այդ նույն կռվում Մանիկն էր հաղթել, ասում էր, թե՝ «հավատով, առ մարդն ու աստված»։
Մանիկ տատը՝ գլխից կպած սակավ, մոխրագույն գանգուրներով, կլոր ակնոցների տակ՝ կլոր, զարմացած աչքերով, ու հողոտ մատների արիստոկրատ շարժուձեւով կին էր, որը, ճիշտ է, այդ նույն մատներով էլ կերակրում էր թոռներին, երբ կողքին դեռ որդի ու թոռ կար, հարսներ կային։
Չէ, Մանիկը մենակ չի մեռել, մենակ չի էլ ապրել. Արարատը՝ նրա ամուսինը, հովիվ էր. մի խելոք մարդ, որը, թեեւ չէր կիսում կնոջ էնտուզիազմը՝ գյուղական տոնախմբություններ կազմակերպելու գործում, բայց իրիկնահացի մի աման տաք ճաշը փոխհատուցում էր մինիմալ քաղաքավարությամբ, որին նրան ծանորթացրել էր… գուշակեք, թե ով։
Կնոջ վերջին օրերին Արարատը երկու կես էր լինում՝ նախ դարդից, հետո, որովհետեւ կնոջ մարելուն զուգընթաց ծննդաբերում էր իր պտղատու կովը՝ Անաստասիան։
Հետագա մի քանի տարիներին, քանի դեռ նրանց տունը պահպանել էր տաք ճաշի հոտը, այդ հոտն էլ դեռ պահում էր Արարատին ոտքի վրա, մեր ականջներին էր հասնում, թե ոնց է նա դես-դեն անում ու կանչում՝ «Մանի՜կ, ջան», «դե ջուր խմի, Մանիկ ջան», «Մանիկ ջան, հե՜չ»…
Մենք երեխա էինք. սկզբում քչփչում էինք, թե Մանիկ տատի հոգին է մտել հորթի մեջ ու դեռ հրահանգներ է տալիս։ Հետո կարծում էինք, թե նա չի էլ մեռել։ Հետո մեծացանք։
Արարատը ավելի կռացավ, անասուններին ծախեց, պահեց հորթին, ու երբեմն, եթե արթնանար ու որեւէ անբացատրելի հիշողությամբ Մանիկի ճաշի հոտը քթով տար, հորթին այդ օրը սարը կաներ։ Հարեւանի որպիսությունը կիմանար, ճամփի անծանոթին գլխով կաներ, ետդարձին քոլի տանձ կքաղեր՝ թաղի երեխեքի համար. չէ՞ որ Մանիկն էր մեռել, բայց ոչ նրա դրվածքը։
Արարատը մահացավ՝ քնի մեջ։ Մենք պատանի էինք ու նախընտրեցինք հավատալ, թե իր վերջին երազում նա դաշտի ձնծաղիկ էր տանում ջահել կնոջը, որին առավոտը նեղացրել էր՝ մի միամիտ, բռի խոսքով։
Հորթը, որին Արարատը կնոջ անունն էր տվել՝ անճարությունից, փախել էր։ Գուցե դա էր մահացողի վերջին կամքը։
Խայտաբղետ կին էր Մանիկ տատը. նրա այգու սերկեւիլի զամբյուղները բաժին էին հասնում ընտրյալներին, նա կազմակերպում են գյուղի լավագույն տնօրհնեքները, եւ նա էր պայմանական Անո տոտային առաջինը հուշում, որ նրա որդին տանը սիրո պակաս ունի։
Մանիկ տատի այգու ճաղավանդակից կախված սերկեւիլի ճղներն, այսօր, առատ չեն, իհարկե, եւ պտուղն է որդնել. բնությունը հաղթել է,- ասում է Գոհարը։
Ափսոս, մարդուն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *