Աստղիկ Օհանյան | Սևամորթ փրկիչը և ժամանակակից գրականությունը

Ջազը Գուրգեն  Խանջյանի ստեղծագործության միջոցով

       Երբ լեգենդար ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգին հարցնում են, թե ինչ է ջազը, նա    հետևյալ պատասխանն է տալիս՝ «Եթե հարցնում եք, ուրեմն չեք հասկանա»:

  Գրականությունը կյանքի հայելին պետք է ըլլա, ասում էին մեր մեծերը, իսկ ի՞նչ է կյանքը, առանց երաժշտության. Կուրտ Կոբեյնը գտնում էր, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կարողանաս դրան համապատասխան ճիշտ երաժշտություն ընտրել:

  Երաժշտություն-գրականություն կապը դերեր շարունակ գտնվել է երկկողմանի մշտական փոխհարաբերություների մեջ: Գրականությունը ինչպես նյութ է տվել երաժշտությանը, այնպես է ազդել, ոգեշնչել է երաժիշտներին: Պակաս արժեքավոր չէ նաև հակառակ երևույթը: Պոստմոդեռնիստական գրականությունը հայտնի է իր ինչպես միջտեքստային, այնպես էլ արտատեքստային հարուստ կապերով: Այդ արտատեքստային կապերի մի հետաքրքիր արտահայտություններից մեկի քննությամբ մենք կփորձենք բացահայտել Գուրգեն Խանջյանի ստեղծագործության  կողմերից մեկը: Խոսքը երաժշտության ազդեցության, ավելի ճիշտ կլինի ասել՝ առկայության մասին է գրականության մեջ:

  Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մեջ երաժշտաարվեստի հետ առնչությունները քիչ չեն. այս առումով բավական ուշագրավ են այդ թեմային նվիրված մի քանի էսսեներ, և, հատկապես «Տուր ձեռքդ, պստլո» վեպը, որտեղ հանրագումարի է բերվել  նախորդ փորձերը՝ նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելով:

   Հեղինակի սիրելի երկու երաժշտական ուղղություններն են ռոքը և ջազը: Հենց այս երկուսն էլ (ջազի գերակայությամբ) մշտապես առկա են նրա գրականության մեջ: Մենք կանդրադառնանք հիմնականում ջազին:

  Խանջյանի ամենասիրելի, այսինքն՝ ամենաշատ հիշատակված ջազ երաժիշտը Ջոն Քոլթրեյնն է: 1960թ. սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնը լքեց ջազային հռչակավոր շեփորահար Մայլս Դևիսի բենդն ու անցավ նոր՝ սեփական ծրագրերի իրականացմանը: Քոլթրեյնի նոր ձևավորած քառյակը ազդարարեց երաժշտի նորարարական մոտեցումները ջազի աշխարհում` կատարողական նոր ուղղության և նոր արտահայտչաձևերի կիրառմամբ: Քոլթրենյան մոդալ ջազի, առավել ազատ ուղղությունների մեջ արևելյան մշակույթի ազդեցության ամենավառ դրսևորումներն արտայատվեցին «My Favorite Things» ալբոմում: Այսպիսով` այս ալբոմի ծնունդով ազդարարվեց նաև նոր Քոլթրեյնի մուտքը ջազի գունագեղ աշխարհ:  Խանջյանը Քոլթրեյնի ստեղծագործությանը մի ծավալուն էսսե է նվիրել՝ «Առաքելություն ավարտված է- առաքյալը ետ է վերցվում» վերնագրով:  Դժվար է պատկերացնել երկրորդ մի այսպիս դեպք, երբ գրողը խոսում է այլ արվեստագետի մասին մի այսպիսի բուռն սիրով՝ այն միաձուլելով մասնագիտական և պրոֆեսիոնալ շերտերով: Երբ խոսքը գնում է  Քոլթրեյնի կամ ինչպես հեղինակն է ասում՝ Ջոնի մասին, դժվար է ասելը՝ Խանջյանը ո՞րն է ավելի արժևորում՝ մարդո՞ւն, թե՞ երաժիշտին: Խանջյանը իր էսսեում հիշատակում է հայտնի երաժշտական տեսաբան Ջեյմ Քոլիերի «Ջազի կայացումը» գիրքը, որտեղ Քոլիերը հետևյալն է գրում Քոլթրեյնի մասին. «Ոչ մի ջազային երաժշտի չվերաբերվեցին այնպես, ինչպես Ջոն Քոլթրեյնին: Նա ունկնդրի հերթական սիրեցյալը չէր. նրան պաշտում էին որպես սուրբի, որպես ոմն միստիկական արարածի, ում ներկայությունը երկրի վրա, իբր, ունակ է փոխելու աշխարհը» [1] (ընդգծումն իմն է՝ Ա.Օ.): Խանջյանը ավելի է խորացնում պատկեը՝ Քոլթրեյնին համարելով Աստծու զավակ, որին Աստված աշխարհ է ուղարկել՝ իմանալու համար, թե մարդիկ արդյո՞ք ունակ են ճշմարիտ երաժշտություն լսելու:

  Քոլթրեյնի հանճարը Խանջյանը կապում է միստիկականի, Աստծու խոսքին հասու լինելու, նրա հետ հաղորդակցվելու հետ: Այսպիսով մի աստված, այսինքն՝ արարաիչ էլ ինքն(Ջ. Քոլթրեյնն) է լինում՝ իր «Արարում» («Creation»)  ստեղծագործությունը վկա, որը մոտ քսան րոպե տևողությանը  մեջ սեղմում-ամփոփում է աշխարհի արարումը. արարում ըստ Ջոն Քոլթրեյնի: «…քսան րոպեներն, իհարկե, չեն խոսում նրա իրական տևողության մասին, նա ունի իր ներքին ժամանակային կարգը, գուցեև՝ անժամանակ է՝ մեկ ակնթարթ կամ միլիոնավոր տարիներ: Եվ ահա տեսնում ես աստղեր, արևներ, մոլորակներ, որ Քոլթրեյնը մոտեցնում է՝ ջարդելով ժամանակ և տարածություն, տեսնում ու զգում ես Բարձյալի ամենաստեղծ, ամենընդգրկուն փոթորկուն էներգիան, ուր դիվային բան կա նաև. առանց այդ Դիվայինի, թերևս, թերի կլիներ Արարումը, հետևաբար՝ նաև «Creation»-ը՝ Քոլթրեյնի արարումը»[2]:

  Քոլթրեյնի ստեղծագործությունը Խանջյանին հետաքրքրել է նաև մեկ այլ՝ սրան (արարմանը) տրամագծորեն հակառակ թեմայի՝ վախճանաբանության մշտական առկայությամբ: Քոլթրեյնը զգում էր, որ մոտեցել է վերջին, թերևս սա էր պատճառը, որ իր վերջին ալբոմը՝ «Expression»-ը այդքան ուրիշ էր, այդպես տարբերվում էր ընդամենը երկու ամիս առաջ լույս տեսած «Iterstellar Spase»-ից: Այս ալբոմը դառնում է հրաժեշտի ալբոմ, հեղինակը դա գիտեր. սա է պատճառը, որ այն այդքան գրավել է Խանջյանին. այստեղ կա նա ինքը՝ մահը, որ եկել Է Ջոնի ձեռքը բռնելու: «Արի ու տար ինձ, ես պատրաստ եմ գնալու»,- հիվանդանոցից զանգահարել էր կնոջը: «Պատրաստ էր, այո, անկասկած, սակայն դա բնավ չէր նշանակում, թե անթախիծ է լքելու աշխարհը»[3],- ավելացում է Խանջյանը:

   Հետաքրքրական է նաև «հանդիպումը» Քոլթրեյնի հետ 2012 թվականին հրատարակված «Մունկի կամրջին»  էսսեում: Այստեղ Խանջյանը իր սիրելի նկարիչերի, գրողերի և երաժիշտների հետ Էդվարդ Մունկի հանրահայտ  «Ճիչը» (կամ ինչպես ինքն է կոչում՝ «Գոռոցը») կտավ է բերում նաև Քոլթրեյնին: Մունկի այս կտավին մենք հանդիպում ենք նաև այլ ստեղծագործություներում, հեղինակն ինքն էլ բազմիցս իր հարցազրույցներում հիշատակել է իր հատուկ վերաբերմունքը այս կտավի հանդեպ: «Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը, որը  դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»։ Այն անկյունաքարային երևույթ է մոդեռնիզմի համար, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են։ Հենց այս բնորոշ գծերով էլ կտավը կապվում է Խանջյանի ողջ ստեղծագործության հետ:

  Հենց այս կտավի նման էլ՝ սարսափելի, միստիկ, բայց և գեղեցիկ է պատկերում Խանջյանը Քոլթրեյնին:  «Ահա և ինքը, Ջոն Քոլթրեյնն է` տենոր-սաքսոֆոնը ձեռքին, մերկ, մաշկատված… Լողում է կամրջի վրայով, նյարդաթելերը, անոթները, մկանները, հոդերը, գալարները միացած են սաքսոֆոնին, միաձույլ են ինքն ու իր սաքսոֆոնը:»[4] Հետո Քոլթրեյնի մուտքը. կարծես մի Սասնա Դավիթ էլ ինքն է. «Կափույրները փափուկ կտկտում են` ով քնած է` արթնացե՛ք, ով արթուն է` պատրաստվե՛ք (ընդգծումն իմն է՝ Ա.Օ.), սկսվում է: Հնչում է առաջին ֆրազը` թավ, թանձր, խավոտ, մեղեդային, նուրբ… Ապա ուրիշը` բարձր, չոր, մետաղային, բողոքող, խռովահույզ… «Expression»… Մերթ հղումներով, զուգորդումներով, մերթ մաքուր, ինքնաբավ` հնչյունները սուրում են սառը տիեզերքով, շիկացնում, ձևեր ստեղծում, սերմեր ցանում, կենդանություն տալիս… «Expression»… Հրաժեշտի ողբն է իջնում` կարոտի տաք լեզվով լիզում երկրագունդը… Ողջույնի տագնապած ֆրազն է բարձրանում` արշավում երկինք, հողմապտույտի պես խոյանում` վեր հանելով հնչյունային ամբողջ ծավալը… Դարձյալ է իջնում… Դարձյալ բարձրանում` որոնում, գտնում, կորցնում, տագնապում, սարսափած աղաղակում, վերստին գտնում` ուժ առած սլանում, հայտնաբերում աստղեր, տիեզերքներ, իր անսահման սիրով միավորում, կապում, սոսնձում, հաշտություն, համաձայնություն, ներդաշնակություն տալիս` բոլորին, ամեն ինչին… Ե՛վ քեզ` պստիկ մժղուկ, և քեզ` հսկա հիպոպոտամ, և՛ քեզ` մարդ, ձե՛զ` քար, հող, լուսին, աստղափոշի, արեգակ, սև անցք, անհայտներ…»[5]

  Քոլթրեյնին նվիրված այս փոքրիկ էպիզոդի մեջ առավել կարևոր է սկիզբը. կարծես սովորական է արդեն՝ Քոլթրեյնն Աստծու որդին է. Խանջյանի համար սա արդեն, կարծես, մի անհերքելի ճշմարտություն է, որը պարզապես անցնում է ստեղծագործությունից ստեղծագործություն. «Ձայնն իրենից առաջ է ընկած, Ձայնը եկել` գլորվում է կամրջով, ճանապարհ է հարթում. «Իմ սիրելի որդին է, նրան լսեք»…» (ընդգծումն իմն է՝ Ա.Օ.):[6]  Աստվածաշնչում Աստված երկու անգամ է վկայում  իր որդու մասին, նախ՝ մկրտության ժամանակ. «Սա է իմ սիրելի Որդին. որին հավանեցի» (Մատթեոս Գ 17, Մարկոս Ա 11, Ղուկաս Գ 22), և,  ապա, այլակերպության (Թաբոր) լեռան վրա. «Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեք» (Մատթեոս Ժե 5, Մարկոս Թ 6, Ղուկաս Թ 35

Քոլթրեյնը Աստծու որդին է, շարունակում է պնդել Խանջյանը արդեն ոչ գեղարվեստորեն. 2012 թվականին «Գրեթերթ»-ի 3-րդ համարում լույս է տեսնում Գուրգեն Խանջյանի՝ «ԱՆՀԱՅՏԻՑ ԵԿՈՂ ԿԱՐՈՏԸ» հարցազրույցը, որտեղ Խանջյանը Նառա Վարդանյանի այն հարցին, թե ո՞վ է  իր համար Աստծո որդին, պատասխանում է միանշանակ. «Ջոն Քոլթրեյն, «սևամորթ ախպերս»… Նա միշտ կար իմ շուրջը, իր ջազային շրջանով ծանոթ էր, սակայն նրա ավանգարդային, ապա նաև հոգևոր ազատ որոնումների շրջանին պատրաստ չէի, երբ ինձ պատրաստեցի` եկավ և արդեն երեսուն տարուց ավելի է` միասին ենք, թեև ինքն արդեն քառասունհինգ տարի է` չկա, ամենամոտ ընկերս է, այն ամենը, ինչ նա ուզեց ասել աշխարհին, հաշվետու լինել Տիրոջը` իմ հավաքածուում է(«Բլյու Թրեյն»-ից մինչև «Էքսպրեյշըն»), ես դնում եմ ձայնասկավառակը, նստում, վառում սիգարետը, և սաքսոֆոնի առաջին հնչյունների հետ նա գալիս` նստում է իմ կողքին, հաղորդակցվում ենք, վայելում, զրուցում…»[7]:

  Քոլթրեյնի անունը քիչ անգամներ չի հիշատակված Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում: Երբեմն ծավալուն նկարագրություններ ու պարբերություններ են նվիրված հատկապես վերջին ալբոմին: Կենսագրական բնույթ ունեցող վեպում, ակասկած, գլխավոր կերպարը պիտի հենց հեղինակի ճաշակի կրողը կլիներ: Վեպը ամբողջությամբ կարծես մի փախուստ լինի, որը երկու արտահայտություն է ստանում՝ մեկը սոսկական փախուստն է՝ հեռացումը. հենց այս փախուստով էլ սկսվում է վեպը: Երկրորդը, որը այս դեպքում առնչվում է մեր խնդրին՝ փախուստն է դեպի ներս: Սառը և անհաղորդ աշխարհից Գրիգը, ում բոլոր հարազատները կամ արդեն մահացել էին, կամ էլ արդեն այդ ճանապարհն էին բռնել, չգտնելով սփոփանք անգամ հեռավոր Հյուսիսում՝ սիրելի կնոջ գրկում, նորից ու նորից վերադառնում, ավելի ճիշտ կլինի ասել փախչում է տուն: Տունը Գրիգի համար դառնում է բոլորովին ուրիշ, առանձին քրոնոտոպ, իսկ այս քրոնոտոպը առանձնաում և աչքի է ընկնում այնտեղ մշնտապես հնչող երաժշտությամբ: «Տուն մտնելով՝ նախ տեղավորեց մթերապարկերի պարունակությունը՝ պահարան, սառնարան, ինչ-որ բան էլ՝ բերան՝ ատամի տակ, ապա թեյնիկով ջուր դրեց գազօջախին, մոռացավ օջախը վառել, միտքը զբաղված էր՝ ինչ երաժշետություն դնի…»[8]: Մի այլ դեպքում էլ հեղինակը ուղիղ չորս էջ նվիրում է դարձյալ Քոլթրեյնին՝ «Expression» ալբոմին.««Ահա եկա տուն, Ջոն, պատրաստ եմ»՝ տուն մտնելով Քոլթրեյնին դիմեց Գրիգորը: Եթե դու անցել ես «Expression» թեստը՝ նա քոնն է այլևս, դու՝ նրանը, այդպես ապրում ես, գնում ես, գալիս ես, ինչ-որ բաներ ես անում, իսկ նա համբերատար սպասում է, գիտի՝ փախչելու տեղ չունես, ու մեկ էլ հանկարծ գալիս է օրը, ու դու զգում ես՝ հասունացավ, անկասելի անհրաժեշտություն է, պիտի լսես…»[9]:

 Սակայն միայն երաժշտություը չէ, Ջոնը դառնում է Գրիգի ամենամտերիմ ընկերը` Գրիգի տան պատերից մեկից կախված իր դիմանկարի մշտական ներկայությամբ: Խանջյանը ինչպես էսսեում, այնպես էլ վեպում Քոլթրեյնի մասին խուսում է այնպես, ինչպես կխոսեր իր հին ծանոթներից մեկի մասին, իրենց ծանոթության, առաջին հանդիպման մասին: Քոլթրեյնի առաջ վեպի հերոսը՝ Գրիգը դառնում է պատասխանատու, ինչպես իր խղճի առաջ, որովհետև այնտեղից՝ վերևից, նա հետևում է, նա ամեն ինչ գիտի: Վեպում հանդիպող բազմաթիվ նմանատիպ պատկերները ոչ թե երաժշտության սոսկական պատկերումն են գրականության միջոցով կամ երաժշտական ճաշակը որպես կերպարակերտման հետաքրքիր միջոց կիրառելը, այլ լիարժեք երկխոսություններ՝ հոգեբանական խորը ենթաշերտերով:

  Այսպիսով՝ Գուրգեն Խանջյանը իր երաժշտական բարձր ճաշակով նոր որակ է հաղորդում հետանկախության շրջանի հայ գրականությանը. երաժշտությունը բերելով գրականություն՝ միանգամից մի քանի խնդիր է իր առջև դնում, որոնք ընդհանրանում են գեղագիտական և հոգեբանական կարևորագույն ասպեկտներով՝ ցույց տալով ժամանակաից մարդու փախուստների և որոնումների համար մի կարևոր, գեղեցիկ և արժեքավոր հանգրվան՝ բարձրակարգ երաժշտությունը:

[1] Գուրգեն Խանջյան, Մարդկանց տուն ուղարկիր , Երևան, 2004, էջ 75

[2] Նույն տեղում, Էջ 80

[3] Նույն տեղում, Էջ 84

[4] Տե՛ս https://granish.org/on-the-munk-bridge/

[5] Նույն տեղում

[6] Նույն տեղում

[7] Գրեթերթ, 2012, թիվ 3

[8] Գուրգեն Խանջյան, Տուր ձեռքդ, պստլո , Երևան, 2017

[9] Նույն տեղում, էջ  205

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *