Սի Մուրոն | Նախախնամություն

Նախախնամություն

Եթե մարդիկ իրոք վերածնվում են, եթե գոյություն ունի սանսարա
ինչպիսի՞ն է եղել մեր սերը նախորդ կյանքում։
Թե դու Յանցզիի հարավում ջրաշուշան հավաքող աղջիկ էիր
ես քո նրբագեղ ձեռքերից վրիպած այն մի ծաղիկն էի։
Թե դասերը բաց թողնող չարաճճի երեխա էիր
ես քո գրպանից ընկած մարմարե գնդակն էի
որ փողոցի կողքի խոտերի միջից
հետևում էր քեզ։ Քեզ, որ գաղափար չունեիր իմ մասին։
Թե պատի դիմաց աղոթող վանական էիր
ես տաճարում դրված բուրավետ փայտիկն էի
որ լռության մեջ այրվելով ուղեկցում էր քեզ։
Երբ հիմա հանդիպում ենք, զգում եմ՝ նախախնամությունն անավարտ է
բայց պարզ չէ, չեմ կարող հստակ տարբերել
չեմ կարողանում քեզ մեկ առ մեկ ասել:

 

Հրաժեշտ

Ոչ բոլոր երազանքները կհասցնեն ի կատար ածվել
ես էլ ամեն ինչ քեզ չեմ հասցնի ասել։
Մեղքի զգացումն ու զղջումը
խորը պահիր դու բաժանված սրտում
թեև նրանք ասում են՝ աշխարհում ամեն բան
ի վերջո ոչնչի է վերածվում։
Ես չեմ ուզում բաց թողնել
բայց այդպես է ստացվում անընդհատ
բաց եմ թողնում ծաղկափթիթ երեկը
ու նորից բաց կթողնեմ այսօրվա առավոտը
այսօր առավոտյան էլի նույն բաժանումը կկրկնեմ
ու դու մնացած կյանքս ինձ օտար կլինես։
Հազար լի հեռավորության վրա
մթնշաղի մեջ
ես խոնարհվում եմ քո առաջ
խնդրո՛ւմ եմ, փայփայիր ինձ
թեև նրանք ասում են, որ աշխարհում ամեն բան
ի վերջո, ի վերջո ոչնչի է վերածվում։

 

Առաջին հանդիպում

Սիրում եմ քեզ միայն որովհետև ժամանակը թռչում է
ու չմնալը, ետ չնայելը
հիասքանչ կերպար են հյուսում
թաքցնում տառապանքի հետքերը։
Սիրում եմ քեզ միայն որովհետև գնացել ես
ու ոչ մի հիշողություն
չի կարող ալեկոծել շերտ առ շերտ կեղևապատ սիրտս։
Մի շերտը պայքար է
մեկը՝ վերածնունդ։
Ես հանկարծակի ետ եմ նայում. այդ ցավի մեջ
իմ ու քո երիտասարդ տարիներն են հայտնվում

 

Վայրի քամին

Պարզապես խոնարհվիր ու հրաժեշտ տուր
աշխարհում ո՞ր գետն է
հետ հոսում։
Ինչպես աշնանային խոտերն են պայմանավորվում
միասին չորանում ու դեղնում
արի մենք էլ պայմանավորվենք
պայմանավորվենք մոռանալ իրար։
Միայն վայրի քամին չի դադարում
անընդհատ փչում է անտառում
լեռնային ճանապարհի մոտ, փողոցի անկյունում։
Փչում է իմ բծավոր սրտի մեջ
փչում է օդում օրորվող
աշնանային տերևների նման հիշողություններս

 

Ցուցահանդես

Ես գիտեմ՝ ամեն գեղեցիկ բան ակամա է լինում
ու գիտեմ՝ որևէ մեկին նա չի սպասի
ուստի
ես սերս ու վիշտս կախում եմ ցուցահանդեսի պատին
վաճառքի

 

Վերհուշ

Ես գեղեցիկ սիրո կարոտ էի
ուստի չվարանեցի քեզ լքել
թափառում էի ու փնտրում
սակայն չէի սպասում, որ երբ ետ նայեմ,
երիտասարդ դու մի փոքր անգամ լքած չես լինի։
Դու, որ չես լքել, սրտումս ես
գարնան գալու հետ մենք անընդհատ երգում ենք
գետափի ավազը հիշեցնում է
Լիշուեյ փողոցի այն լուսնալույսը
լուսաբացին այգուց մեկի համար պոկած այն ծաղիկը
լաստանավի վերևում քամուց ալիքվող այն շրջազգեստը
որ բարձրանում էր, հետո դանդաղ իջնում
տարիներով խոր թաղվել են, դարձել սաթ։
Մոխրագույն լուսաբացից առաջ ես ետ եմ նայում
սիրելի՛ ընկեր
մի՞թե թռչունը պետք է ինքնահրկիզվի, նոր դառնա փյունիկ
մի՞թե երիտասարդությունը պետք է այսպես անմիտ անցնի
ու սերը թախծալի պիտի լինի

 

Ինչու

Ես կարող եմ փականք դնել գրիչի վրա, ինչու
չեմ կարող փականք դնել սիրո ու վշտի վրա։
Այս երկարատև կյանքում ինչու
ուրախությունը հանկարծակի է անհետանում
ամենաչքնաղ պահը՝ ամենաարագն անցնում։

 

Եթե

Արևը եթե կամենա
օրերը մռայլ կլինեն
ու թե կամենա սերը
միայնակ կանցնի կյանքը
եթե դու այդպես կամենաս, սե՛ր իմ
ես երբեք չեմ հայտնվի։
Բացի կարոտից քո
սիրելի՛ ընկեր, ինձ ոչինչ չի մնացել։
Բայց եթե կամենաս
կհիշեմ քեզ, կթառամեմ ու կմեռնեմ ես
եթե կամենաս
բոլոր սերմերը կփորեմ, կհանեմ
կկտրեմ գետերը բոլոր։
Թող ամայությունը ձգվի մինչև անվերջություն
քեզ երբեք, էլ երբեք չեմ հիշի
բացի․․․․ բացի մի քանի
արցունքոտ ու թաց գիշերներից, եթե․․․
եթե դու այդպես կամենաս

 

Մի՛ արտասվիր, խնդրում եմ

Ես այլևս պոեզիա չունեմ
այլևս չկան թռչող ծաղկաթերթեր, բարակ անձրևով
փոշով ծածկվող եղանակներ
մի՛ արտասվիր, խնդրում եմ։
Ոչինչ, ոչինչ փոխել չի լինի
սիրո մնացորդները մարել են
վերադարձի՛ր աշխարհ ու
երբ արթնանաս, այդ հազար, հարյուրները
հայտնի ճամփաներ են, պարզ ուղիներ։
Հետևի՛ր ամբոխին, գնա՛
ու ժպտա մինչև վերջ։
Ա՜խ, իմ հոգնած սիրտ
խնդրում եմ, փորձիր մոռանալ
մի՛ արտասվիր, խնդրում եմ

 

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկայնի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *