Ժաննա Հայրապետյան | Սիգ ձկան տարիները

1997 թվականին, երբ ես Երևան եկա սովորելու, Երևանում, կարելի է ասել, սիգ ձկան տարիներն էին, բայց ոչ թե արբունքի կամ ծաղկունքի տարիները, այլ սիգի համատարած ոչնչացման տարիներն էին….
Ամեն բակում մի քանի ձուկ վաճառող կար, գինն էլ հիսունից հարյուր դրամ էր…
Ես այս քաղաքում բազմաթիվ ուտեստներից էի ձկան համ առնում, հատկապես տոլմայից ու կոտլետից, որ այդ տարիներին գրեթե առանց բացառության ձկան մսից էին պատրաստում:
Քաղաքամայրը մեզ հեռվից հեռու շատ էր գայթակղել իր համ ու համալսարանով, շռայլ խոստումներ տվել, դարձել մեր երազանքն ու երազը և մի գեղեցիկ օր էլ պատսպարել մեզ, պատսպարել ոչ թե իր սրտում, ինչպես որ խոստացել էր մեր երազներում, այլ համատարած ցրտում…
Սիգ ձկան տարիներին ես դասից գալուց հետո հաճախ ինքս էի հանում եփվող ձկան աչքերը… Հանում էի` ինձ ու իրեն համոզելով, որ վաղուց եփված է արդեն…
Սիգ ձկան տարիներին մեզ մեր գյուղի հետ միակ կապող միջոցը մի կանաչ գույնի «Երազ» մակնիշի մեքենա էր, որը կիրակի օրերին մեզ համար քաղցր երազի նման ծանրոցներ ու գյուղահոտ ուտելիքներ էր բերում և մեր կարոտներն ու թախիծը գյուղ տանում ծրարների ու նամակների մեջ…
Մեքենայի կայանատեղին ուղղակի մեր գյուղամիջի մեյդանն էր դառնում կիրակի օրերին, ուր աջուձախ հնչում էր մեր հարազատ բարբառը…
-Այ բալա,- ինչ տի ըլի, նույն գեղնա, էլի’, էշի պոչի նման ո’չ երկարումա, ո’չ կարճանում…
– Քոդի ձյաձյա, իմ տատին ասա’, որ բանա ասվիլ չի, թոշակ ստանա, ուղարկի էլի, ավտոբուսի, մարշուտկի փող…
ՈՒ Քոդի ձյաձյան, մարդկանց տեղավորելուն զուգընթաց, հիշում էր քաղաքի ավտոբուսի վարորդներին, որ ուսանողից էլ են փող վերցնում ու մինչև գյուղ նախշում ու մանրամասն նախշազարդում նրանց ողջ տոհմածառը…
Սիգ ձկան տարիներին էր, որ մենք մի օր խմբով փախանք գրաբարի դասից…
Հետո երբ լսարան եկանք, տեսանք, որ մեր գրաբարի դասախոսը` ընկեր Մանուկյանը, նստել է լսարանում ու սպասում է մեզ…
Երկար նայեց բոլորիս, զննեց ու ասաց ինձ` առա’ջ արի…
Ես` ոգևորված ու հպարտ, առաջ եկա, մտքումս հասցրի շոյվել, որ գրաբարի Մանուկյանը այդքանի միջից ինձ ընտրեց որպես գրաբարի ապագա փրկիչ, լուսեղեն ջահակիր ու անմնացորդ ռահվիրա…
Նայեց, գլուխն օրորեց ու ասաց.
– Հայրապետյան ժաննա- հայտնի բուֆետչիկ…
-ՈՒրիշ ոչինչ չեմ կարող ասել այս աղջկա մասին, ամբողջ օրը բուֆետտում է…
Սիգ ձկան տարիներին` ամռան ամիսներին, երբ գյուղ էի գնում, պապիս հետ պարտադիր գնում էինք մեր դաշտերում խոտ հավաքելու: Խոտը հավաքելուց հետո պապիս հետ եղանով բլուր էինք սարքում…
Մեծացել էր, ուժը չէր հերիքում, մեր տղամարդիկ էլ համատարած գնացել էին, ռուսաստանների ոսկե ափերն էին ապարդյուն փորփրում, բլուրը դնելիս պարտադիր օգնում էի, պապս նայում էր ինձ, աչքերը լցնում ու ասում.
-Դու մի’ չարչարվի, ա’յ, բալա, դու քո համալսարանում արդեն քո բաժին խոտը չարչարվել, հավաքել ես…
Պապիս այս խոսքերից հետո ես սովորաբար հիշում էի գրաբարի Մանուկյանին ու հեռվից այնպես էի շպրտում եղանը, որ սիրուն ցցվում էր խոտի բլուրի մեջ…
-Մի’ չարչարվիր, հանգստացի’ր,- սա ասում էր այն պապս, որ ամբողջ կյանքում ատելով ատում էր քաղաքից գյուղ հանգստանալու եկած, բայց երբեք ինչ- որ տեղ չաշխատած, շորը ուսներին գցած, մեր գյուղի գետի կողքերին մի քանի վերուվար անողների…
– Մթամ թե գիշերը լուսնյակի լույսով կարճ գարի են հնձել, հմի էլ եկել են հանգստանալու…
-Ղաժի ճիպոտը հանես, ջաններուն մի լավ վառես, որ լավ հանգստանան…
Սիգ ձկան տարիներին էր, ուսանող էինք, ընկերուհուս հայրն էր մահացել, կյանքը դառնացել էր միանգամից, դառը լեղի էր դարձել ու մնացել կոկորդներիս, ծամում, ծամում էինք ու չէինք կարողանում կուլ տալ… Միասին մտանք ռեկտորատ, որ խնդրենք` վարձը զեղչեն…
-Ձեզ էլ մի առիթ է պետք, որ վազեք ռեկտորատ, ասաց զուգված ու պճնված քարտուղարուհին, ու երբ այդ օրը սենյակից մի կերպ դուրս հանեցի թուղթը գործավարուհու երեսին շպրտած ընկերուհուս, ինձ թվաց, թե մենք միջանցքի առաստաղի վրայով ենք քայլում, հատակը չէի զգում ոտքիս տակ, աշխարհն այնպես շրջվեց գլխներիս…
Սիգ ձկան տարիներին քաղաքային մեր փոքրիկ թաղամասի` Դավիթաշենի բնակիչները Ամանորի գիշերը հավաքվում էին թաղամասի հրապարակում ու միասին, լիարժեք տոնում Ամանորը…
Սովորություն էր, թաղի երիտասարդները լցվում էին փոքրիկ հրապարակն ու մինչև լույս ուրախանում…
Հիմա նույն թաղամասի բնակիչները նույն հրապարակում կառուցված «Երևան սիթի» սուպերմարկետից, հերթերի համար կռիվ տալով, օրեր շարունակ առևտուր են անում, որ տոն նկարեն իրենց սեղաններին, պատերին ու զարմանում են շարունակ, ի՞նչ եղավ իրենց ուրախության հետ, ո°ւր գնաց, հետ չեկավ, ինչո՞ւ մնաց սուպերմարկետի փորած հիմքերի տակ….
Մի անգամ էլ հայրս Ռուսաստանից փող էր ուղարկել մի անծանոթի հետ, սիգ ձկան տարիներն էին, ո’չ բանկեր կային այսքան շատ, ո’չ բանկոմատներ, ինձ էլ ասել էր` կգնաս օդանավակայան, կմոտենաս մեր գյուղացի Իշխանանց Էդոյի նման մի լիքոտ տղա է փող բերողը, փողը կտա, կվերցնես:
Ես այդ օրը հասկացա, որ ինքնաթիռից բոլոր իջնողները, նույնիսկ բոլոր անիմաստ անցնող-դարձողները մեր գյուղացի Իշխանանց Էդոյի նման լիքոտ ու կիսալիքոտ տղաներ էին ու հերթով մոտենում էի` կարմրելով, շառագունելով և երեսիս հազար ու մի գույն տալով – առնելով հարցաքննության ենթարկում բոլորին…
Մայրաքաղաքը մեզ խորթ մոր նման ընդունեց իր տանը, երեսը շրջեց, հանգիստ քնեց, մեզ էլ ասաց` դուք ձեր գյուղից բերած հոնի մուրաբան կերե’ք, կշտացե’ք ու քնե’ք, բայց մենք, միևնույնն է, ինչ-որ տեղ հաղթող սերունդ դուրս եկանք, որովհետև ձմռան ձյուների մեջ ժպտալով, ասել- խոսելով, պաղպաղակ ուտելով էինք քայլում ու չէինք բողոքում մեր կյանքից, չէինք նվնվում, հա’, իսկապես, մեզ հաջողվեց թարմ պահել գյուղից հետներս բերած մեր ժպիտները. այն չթառամեց, ո’չ Երևանի թեժ արևի ճառագայթներից, ո’չ էլ ցրտահարվեց այս սառը քաղաքի համատարած ցրտում, չսառցակալեց կապույտ սառույց կապած փողոցներում…
Մենք պահեցինք ու պահպանեցինք մեր ժպիտը, որը չհալվեց շուտ հալվող պաղպաղակի հետ, մենք փոքր ու աննշան բաների մեջ մեծ ուրախություններ էինք գտնում ու մեծ ուրախությունների խարույկի շուրջը խմբված` տաքացնում մեր ցուրտ օրերը…
Մենք գունավոր երազանքներ ունեինք ու կարողանում էինք դրանք փռել մեր անգույն ու անզգա օրերի պարաններին…
Եվ եթե ինչ-որ մի օր մի քանդակագործի մտքով երբևէ անցնի` մեր երիտասարդության տարիները խորհրդանշող որևէ կենդանու արձան քանդակել, ես չեմ զարմանա, որ դա լինի սիգ ձուկը, որովհետև այդ ձուկը մեզ` հայերիս, 90-ականներին փրկեց քաղցից, մեկ էլ ոչխարի բուրդը` ցրտից…
ՈՒ թեև մենք միանգամից մեծացանք սիգ ձկան տարիներին, քանի որ հասկացանք, որ մեր թիկունքին ինքներս մեզ ունենք` ուժեղ ու հավատարիմ, թեև դժվար եղավ, բայց մենք կարողացանք լողալ քաղաքի ջրի հոսանքներում, այն սիգ ձկան նման, որին իր քաղցրահամ ջրից հանեցին մի օր ու աղի ջուրը նետեցին…
Լողացինք մի կերպ…
Կարողացանք…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *