Ռուդի Ֆրանցիսկո | Սիրտը եւ բռունցքը

Եվ հոդվածում ասվում է․
«Մեքսիկայի կառավարությունը ամեն տարի բռնագրավում է մոտավորապես 30,000 ապօրինի հրազեն»։
Երբ զենքերը հավաքվում են, մաս-մաս են արվում, և մետաղն օգտագործվում է ուրիշ տեսակի զինամթերք պատրաստելու համար, որը հետագայում կիրառելու է զինվորականությունը։
2012 թվականին Պեդրո Ռեյեսը՝ արվեստագետ Մեխիկոյից, համոզեց կառավարությանը՝ զենքերը փոխանցել իրեն, և դրանք վերածեց երաժշտական գործիքների։
ՈՒրեմն ինչ-որ մի տեղ կա դափ, հարվածային գործիքներ, կիթառ՝
Ստեղծված իրերից, որոնք մարդկանց կյանքեր էին խլում,
Իսկ այժմ հնչյուններ են ստեղծում, որոնք կյանք են վերադարձնում մարդկանց մարմինների մեջ,
Այսինքն, հասկանո՞ւմ ես, զենքը միշտ էլ զենք է մնալու,
Սակայն ընտրողը մենք ենք՝ ինչպես պատերազմել,
Եվ սրանից ես սովորել եմ, որ նույնիսկ ամենակործանարար գործիքները կարող են, միևնույնն է, պարելու արժանի մեղեդի ստեղծել,
Եվ արդյո՞ք երբեմն մենք դա ճակատամարտ չենք կոչում։
Մտածում եմ՝ որքա՞ն ժամանակ է տևում առաջին հրաձիգին համոզելը, որ կարող է գրություն պարունակել փամփուշտի փոխարեն, և դարձյալ կրակել ամբոխին ու ստիպել բոլորին շարժվել։
Երբ վեց տարեկան էի, ինձ սովորեցրին բռունցքով հարվածել,
Իսկ 80-ականներին բուլիինգի դեմ շարժումն էր։
Առաջին անգամ դասընկերներիցս մեկը «քո մաման» կատակը փոքր-ինչ հեռուն տարավ, ու ես հիշեցի մարզումներս՝
Նրա քիթը շատրվանի վերածելով։
Իմ առաջին 5 պենսերը,
Փակեցի աչքերս,
Երազանք պահեցի։
Տուն եկա արյունոտ-կոտրտված մատներով, և դա առաջին անգամն էր, որ ընտանիքս իմ արվեստի գործը կախեց սառնարանից։
Հիշում եմ՝ էնպես էի նայում ձեռքերիս ինչպես դու ես նայում միջանկյալիդ, երբ բոլոր պատասխաններդ ճիշտ են։
Չգիտեի՝ ո՞ր դասն էր,
Բայց հաստատ գիտեի՝ ստացել եմ,
Եվ արդյո՞ք սրան չի վերածվել տղամարդկությունը։
Լիքը տղամարդիկ, վախեցած սեփական զգացմունքներից,
Սարսափած բոլոր էմոցիաներից, բացի կատաղությունից,
Պատի ստվերի վրա գոռացող,
Բայց դեռ չեն գիտակցել, որ մենք ենք լույսի դիմաց կանգնածը։
Մենք սովորում ենք՝ ինչպես կռանալ ու հարվածել։
Մենք սովորում ենք խառնվել նախքան ձեռք բարձրացնելը։
Մենք սովորում ենք, որ սիրտը բռունցքի չափ է,
Բայց շարունակում ենք մոռանալ, որ նրանք նույն գործառույթները չունեն։
Մենք շարունակ ասում ենք իրար՝ տղամա՛րդ եղիր, գրո՛ղը տանի,
Երբ ինքներս էլ չգիտենք՝ ինչ գրողի տարած նշանակություն ունի դա։
Մենք մեր տղաներին սվինների ենք վերածում
Սխալ տեղ ենք ուղղում,
Քաշում ենք նրանց ձգանները,
Եվ հետո զուտ բանի տեղ չենք գնում բոլոր վնասները, որ հասցնում են հեռվում։
«Վերաօգտագործել» բառը
Նշանակում է վերցնել մի առարկա և ամնեզիա տալ դրան,
Նշանակում է ստիպել ինչ-որ բանի մոռանալ՝ ինչ էր սովոր անել, որպեսզի ավելի լավ նպարակով օգտագործես։
Ես սովորում եմ, որ այս մարմինը հրացան չէ։
Ես սովորում եմ, որ այս մարմինը ատրճանակ չէ։
Ես սովորում եմ, որ մարդը չի բացատրվում նրանով, թե ինչ կարող է կործանել։ Ես սովորում եմ, որ մարդը, որը միայն կռվել գիտի, կարող է հաղորդակցվել միայն բռնությամբ,
Իսկ դա չպետք է լինի ոչ մեկի առաջին լեզուն,
Ես սովորում եմ, որ այգու և գերեզմանատան միակ տարբերությունն այն է՝ ինչ ես ընտրում հողի մեջ դնել։
Գիտե՞ս՝ մի անգամ տարօրինակ տեսք ունեցող ջութակ պատահեց։
Գրությունն ասում էր՝ պատրաստված է զենքից։
Ինքս ինձ մտածեցի․ «Մի օր սա կարող եմ ես լինել»։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *