Լիանա Խաչատրյան | Ստամոքսահյութ. 100% organic


1

Ցեխն աղի է: Դու փորձում ես շնչել և կուլ ես տալիս ցեխի ու սեփական արյանդ խառնորդը: Քացով հարված փորիդ: Մարմինդ կծկվում է այն ճմռթված կտորի պես, որը գյուղի աճպարար Ռուբենն անցկացնում էր չափից դուրս բարակ խողովակի միջով: Հետո կեղտոտ կտորը դուրս էր գալիս նրա գրպանից: Աղջիկները սկսում էին փսփսալ իրար ականջի մեջ ու ծիծաղել: Հետո ռադիոն հայտարարեց պատերազմի մասին, ու էլ ոչ-ոք չէր ծիծաղում: Ռուբենը մի կողմ դրեց խողովակն ու կտորը, և միասին գնացիք զենք ստանալու:

Դու դա դեռ չգիտես, բայց աճպարարն էլ ձեռքեր չունի: Նա նաև չի կարողանում գեղեցիկ խոնարհվել: Դու չգիտես այդ ամենը և պառկած ցեխի մեջ խզզոցով փորձում ես թթվածինը մտցնել թոքերիդ մեջ, ինչպես ընկերդ ժամանակին կտորն էր բրդում խողովակի նեղ անցքով: Թքում և միևնույն պահին կուլ ես տալիս արյունդ:

Դուք շրջապատված եք: Կյանքում առաջին անգամ լսում ես գերմաներենը: Քո համազգեստից հագած տղաները բարձրացնում են ձեռքերը: Մարմինդ կուչ է եկել գետնին: Խոզի պես խռխռացնում ես ցեխի մեջ: Թշնամին ինչ-որ բան է ասում, և քո համազգեստով տղաներից մեկը քաշում է ձեռքիցդ: Դու ոտքի ես կանգնում: Դեմքդ սև է, ամբողջովին ցեխոտված:

Դու բացում ես աչքերդ: Ցեխի միջից բուսնում են երկու կանաչ աչքեր: Այդ կանաչից հայրդ էլ ուներ, պապդ էլ…Թշնամու բանակի համազգեստով մարդու հայացքի փոխարեն երկու մոխրագույն զննող ապակիներ են: Նա այնքան ձիգ է կանգնել, որ կուրծքը շնչառությունից գրեթե չի տարուբերվում:

Քո մարմինը դղրդում է: Սիրտդ թաքնվել է գլխիդ մեջ, ականջներիդ թմբկաթաղանթը դմփդմփոցից հեսա կպայթի: Դու լսում ես` ինչպես է մարմնիդ մեջ շռնդալով հոսում արյունդ: Տեսքդ խղճուկ է: Փոքրամարմին, ցեխոտ տղա`երկու սարսափած կանաչ պղպջակներով աչքերի փոխարեն: Թշնամին ձեռքը մտցնում է գրպանը, հետո մեկնում է քեզ: Ափի մեջ թաշկինակ է: Սպիտակ: Մաքուր: Խնամքով ծալած: Վերցնում ես թաշկինակը և մաքրում ես դեմքիդ ցեխը: Ուղեղիդ փոխարեն գանգիդ մեջ հազարավոր մանր որդեր են շարժվում: Մտածում ես` կպարտվեք: Չի կարելի հաղթել նրան, ում գրպանում սպիտակ թաշկինակ կա:

Այդ ժամանակ դու ընդամենը 18 տարեկան էիր: Այժմ 81 ես և ամբողջ մարմնով կուչ եկած քարշ ես տալիս հոգնած ոտքերդ քաղաքի նեղլիկ փողոցով: Լայնեզր գլխարկը պաշտպանում է քո մամռոտ աչքերը արևի ասեղներից: Քայլում ես ձեռքերդ խաչած մեջքիդ ետևում: Հարևաններիցդ մեկն անցնելիս քեզ գլխով է անում: Դու միայն իջեցնում և բարձրացնում ես թոռոմած կոպերդ: Հետո կանգնում ես ու գրպանիցդ հանում ճմռթված, գորշ կտորի գունդը: Մաքրում ես ճակատիդ քրտինքը: Քեզնից լավ պայծառատես դուրս չեկավ: Դուք հաղթեցիք մեծ պատերազմում: Այժմ դու 81 տարեկան ես: Քո գրպանում միշտ թաշկինակ կա: Ամենատարբեր գույների, ինչպես աճպարար Ռուբենի կախարդական կտորները, բայց միշտ մաքուր` թշնամու սպիտակ օգնության նման:

Գերմանացու թաշկինակով դու մաքրում ես դեմքդ ու մեկնում ես նրան արդեն ցեխոտ կտորը: Չի վերցնում: Նրա աչքերում ոչինչ չի կարդացվում: Մոխրագույն արտահայտությունը քեզ համար անհասկանալի է, ինչպես գերմաներենը: Շրջվում է: Դու հետևում ես, թե ինչպես են հեռանում նրա ձիգ ուսերը: Կեղտոտ թաշկինակը ճմռթված գունդ է դառնում ափիդ մեջ: Կանաչ աչքերդ սառել, գրեթե սպիտակել են: Դու չես շարժվում, քարանում ես տեղում: Էլ ոչ մի քայլ առաջ` թշնամու նշանի տակ ես: Ետ ճանապարհ էլ չկա, որովհետև պատերազմից ոչ-ոք երբեք չի վերադառնում:

2

-А у Вас Свобода Слова есть?
-Всмысле?
-У нас вот Свободу отключили…
Տաջիկստանից եկած լրագրողը ի նկատի ունի «Ազատություն» Ռադիոկայանը: Դու ձևացնում ես, թե չես լսում: Թարթում ես աչքերդ համակարգչի առաջ: Խմբագիրդ իր տաջիկ գործընկերոջ հետ կողքիդ փոքրիկ սեղանի շուրջ գարեջուր է խմում: Նա մի ձեռքը մկան վրա է պահում: Անընդհատ ինչ-որ բան է կտկտացնում:
-Видишь там наша студия,-անտարբեր ասում է նա:
Կըտ-կըտ-կըտ…
– Хочешь прямо сейчас иди туда и в прямом эфире скажи что-нибудь оскорбительное в адрес нашего президента?
Կըտ-կըտ-կըտ…
-И что будет?
-Ничего,- խմբագիրդ անտարբերությունից անգամ մի քիչ սփրթնած է:
-У нас есть свобода слова, но она ничего не значит. Нет канала давления снизу вверх. Я могу сказать все, что угодно, писать все, что угодно…Им…- նա մատով ցույց է տալիս առաստաղը,-По большему счету…им насрать…

Դու վերցնում ես այսօրվա հաղորդման քո տեքստը և վազում ես ստուդիա: Գլուխդ պայթում է: Ամբողջ գիշեր չես քնել: Էլի այդ հիմար երազները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Դու ամեն ինչ անում ես, որ չտեսնես դրանք: Կյանքիցդ ջնջել ես ԽՍՀՄ, Հիտլեր, Ստալին, հրեաներ, ֆաշիստներ բառերը: Նման թեմաներով հաղորդումներ չես նայում: Ոչ մի ֆիլմ պատերազմի մասին: Գրքերի և հոդվածների մասին էլ չեմ ասում: Միևնույն է` գիշերները կրակոցներ ես լսում: Մահճակալիդ վրա սև ներկով գրվում է «Աշխատանքն ազատում է»: Գոնե քեզ այդպես է թվում:

Մեջքդ վառվում է ցավից: Ամեն անգամ, երբ կրունկիցդ հետո ոտնաթաթդ կպնում է գետնին գլխիդ մեջ թաքցրած ինչ-որ ական է պայթում: Հեռվից լսվում է Աննայի կրունկների արագ կտկտոցը ` իսկական գնդացիր է: Քայլերը մանր են: Հաստատ էլի նեղ կիսաշրջազգեստի մեջ է խցկվել: Չի կարելի ասել, որ դա քեզ դուր չի գալիս, պարզապես` ոչ այսօր: Հիմա դու չգիտես անգամ` ինչպես էս կարդալու Ա4-ի վրա տպված տառերը: Թղթի վրա գրված յուրաքանչյուր բառը դիպուկահար է, որ սպասում է, թե երբ ես իրեն արտասանելու, որ կրակի: Ուղիղ ճակատիդ երկայնքով կանցնի գնդակը: Դու մտածում ես տանդ մուգ սենյակների մասին: Փակված պատուհանների մասին: Քնաբերի մասին: Կըտ-կըտ-կըտ…
Աննան մոտենում է: Արագ մտնում ես ռադիոստուդիա: Փակում ես դուռը: Տարածքը նեղ է, ասես վերելակի մեջ լինես: Աննան շրխկողոց բացում է դուռը: Ժպիտը շրջափակված է կարմիր շրթներկով: Նա երեկ քեզ զանգում էր, դու չէիր պատասխանում: Աննան ձեռքերով հենվում է սեղանին ու անմեղ աչքերով ողջունում է քեզ, իբր չնկատելով, որ իր վերնաշապիկը ձգողական ուժին հնազանդվելով իջնում է ներքև` մերկացնելով կրծքերի զգալի մասը: Քո սիրտը սկսում է խառնել: Նրա օծանելիքը չափից դուրս քաղցր է: Գլուխդ հոլի պես պտտվում է: Դեմքիդ գամված է բժժած ժպիտը: Աննայի շուրթերը բարակում են, աչքերը`նեղանում:
-Ինչի՞ մասին ես այսօր կարդալու:
Նստում ես աթոռին, միացնում խոսափողը: Դեմքիդ մկանները լարված են: Շունչդ եռման է:
-«Իսլամական պետությունը» ողջակիզել է ինչ-որ գերիի,-մեջիցդ դուրս ես ճզմում նախադասությունը: Այդպես առավոտյան ատամի մածուկն էիր սեղմում ամբողջ ուժով, որ խոզանակիդ վրա ինչ-որ բան հայտնվի:
-Ասեցիր «ողջակիզել» հիշեցի: Երեկ փորձում էի գազի կաթսան միացնել: Վառեցի թարթիչներս, մազափունջս: Տես:
Աննան մոտեցնում է դեմքը: Օծանելիքի հոտն ուժգնանում է:
-Տես, թարթիչներս խանձվել են:
Դու մոտենում ես խոսափողին:
-Նրան կապել են: Ձեռքերն ու ոտքերը: Ու այրել են…ողջ-ողջ…
-Տես, անգամ եղունգս է մի քիչ այրվել:
-Օրեր առաջ մի օդաչույի վանդակի մեջ էին դրել, կենդանու պես, ու էլի այրել էին…
-Լսիր, ասում են Հասմիկը շուտով դեկրետ է գնում:
Աննան նստում է ստուդիայի սեղանին: Ոտքը ոտքին է գցում:
-Մինչև երեխայի ծնվելն ուզում են գնան Ամերիկա, որ երեխան այնտեղ ծնվի: Կլինի քաղաքացի: Այդպես կլուծեն բանակի հարցը:
-Հասմիկը հղի՞ ա:
-Եսիմ:
Աննան շորորալով մոտենում է դռանը:
-Ասում ա` հիմա տղայի բանակի հարցը պետք է ծնված օրվանից լուծել, թե չէ հետո ուշ կլինի: Ասում ա`հիմա կաշառքն էլ չի անցնում: Մեկա տանում են:

– Ո՞վա ասում:
-Հասմիկը: Տեքստդ երկար ա՞:
-Մի էջ:
Նայում ես թղթին: Սև տառերը գլորվում են, դոմինոյի պես հենվում են իրար վրա, իրար հրում: Ասում ես.
-ԻՇԻՊ-ի ձեռքն ընկած ստրկուհիններից մեկը փախել ա: Ամբողջ դեմքը այլանդակված էր: Թվում էր, թե արջի երախից ա դուրս պրծել:
Աննան աչքերով չափում է սենյակը: Բարակ մատներով տրորում է քթի ծայրը: Այդ ժեստը նշանակում է, որ դու դառնում ես ձանձրալի:
-Այսօր քեզ երեկոյան սպասե՞նք: Գնում ենք փաբ, խմելու…
Դու շարունակում ես:
-Ինձ թվում ա, դեմքը տեղ տեղ վառել էին ծխախոտով:
Հիշում ես ինչպես էր փոքր ժամանակ ձեռքդ այրվել: Վառված մաշկիդ հոտը: Բերանդ ջրով է լցվում:
-Դե քեզ կսպասենք,-ժպտում է Աննան:
Այնպես ես վեր թռնում տեղից ու դուրս վազում ստուդիայից, որ ձեռքիդ թուղթը աշնան տերևի պես դանդաղ իջնում է գետնին: Լսում ես` ինչպես են սև տառերը զրնգոցով թափվում հատակին:
Քիչ անց զուգարանից դուրս ես գալիս գլուխդ թաց: Ճակատդ պահել էիր հոսացող ջրի տակ: Բերանումդ դեռ զգում ես հետ տվածի դառը համը: Կոկորդd քերված է: Օրորվելով քայլում ես դեպի սուրճ պատրաստող մեքենան: Գցում ես կոպեկը: Քեզ հիմա դառը սուրճ է պետք. կամ կօգնի, կամ էլ կրկին հետ կտաս:

-Լաերտ:

Շրջվում ես: Վաչեն է` սրբագրիչը: Մտածում ես` ռադիոյում սրբագրիչն ի՞նչ է անում: Արտասանելիս տառասխալները զգացվո՞ւմ են: Սուրճի հսկա մեքենան դղրդում է: Թվում`է ինչ-որ երկրաժարշ է, որը միայն այս մեքենան է զգում:
-Լաերտ:
-Իմ անունը Համլետ ա:
-Գիտեմ,-սրբագրիչը բոլոր դիտողություններին այդպես է պատասխանում: Մեքենայի մեջ երևաց բաժակը: Լսում ես` ինչպես է լցվում սուրճը: Սրբագրիչը կանգնած քեզ է նայում: Ուսումնասիրում է թաց գլուխդ:
-Բան կա՞,-հարցնում ես` նայելով բաժակիդ:
Մի քանի վարկյան լռելուց հետո Վաչեն խոսում է:
-Լսի, հանճարեղ անեկդոտ եմ լսել:
-Ըհը…
-Ուրեմն հայն ընկնումա ֆաշիստների համակետրոնացման ճամբար: Որոշում ա, որ փախնի: Մի հատ ֆաշիստի խփումա, շորերը հանում հագնումա, իրանից գոհ քայլումա դեպի կենտրոնական դարպասները…
Վերցնում ես սուրճդ: Սիրտդ նորից սկսում է խառնել: Կում ես անում:
-Գնում-գնումա, մեկ էլ տեսնումա, դիմացից հավասար քայլքով իրեն են մոտենում մոտ 10-15 զինվոր: Հայը չգիտի` ինչ անի: Որոշումա անցնելիս հայերեն արագ մի բան ասի ու գնա, բալքիմ սրանք բան չհասկանան:
Կում ես անում: Լեզուդ վառեցիր:
-Զինվորները մոտենում են: Հայը ձեռքը տնգում ա ու արագ ասում «Բար լուս»: Սրանք ի պատասխան ձեռքները մի մարդու պես տնգում են ու հավասար ասում «Աստծո բարի»:
Բերանիդ սուրճը փսխում ես ուղիղ սուրճի մեքենայի վրա: Կարծես Վաչեի կոշիկներն էլ կեղտոտեցիր, բայց համոզված չես: Սրբագրիչն անձայն հեռանում է: Սուրճը չի օգնում:
Քիչ անց գլորվելով գնում նստում ես համակարգչիդ դիմաց, որ մեկ անգամ ևս տեքստդ տպես: Հինն այլևս չի լինի կարդալ, մտածում ես դու, այնտեղից բոլոր տառերը թափվել են:

Սեղմում ես Print, սեղանիդ վրա պրինտերը քեզ սպիտակ Ա4-ով լեզու է ցույց տալիս: Մոտենում է խմբագիրդ իր տաջիկ գործընկերոջ հետ:
-Համո, ի՞նչ ես մտածում, մեզ մոտ հեղափոխություն կարա՞ լինի:
Ոգևորված է: Քո օգնության կարքն ունի: Թափահարում ես գլուխդ: Լեզուդ այս պահին երևի հարյուր կիլոգրամ է կշռում: Խմբագիրդ գոհ է: Տաջիկի դեմքին կիսալուսնի պես կլորանում է քմծիծաղը: Նա ասում է, որ պատմության մեջ շատ բաներ պատահում են հենց այն պատճառով, որ ոչ-ոք երբեք չի մտածում, որ դա կարող է պատահել: Ծնգոց է լսվում: Համակարգչիդ էկրանին նշվում է, որ հաղորդագրություն ես ստացել: Փորձում ես իբրև իմիջիայլոց բացել հաղորդագրությունը: Տաջիկը խոսում է Հիտլերի մասին: Ո՞վ էր սպասում, որ նա կգա իշխանության:
Նամակն Աննայից է: Նա նկարել է իր` համբույրի պատրաստ շուրթերը և ուղարկել քեզ: Հետո հայտնվում է տեքստը. «Պաչիկներ, այսօր անպայման կգաս»: Հաջորդ վարկյանին դու հասկանում ես, որ խմբագիրդ ու իր գործընկերը սառած նայում են համակարգչիդ էկրանից իրենց պաչիկ ուղարկող կարմիր շուրթերին: Կոպերդ մի տեսակ ծանրանում են: Ստամոքսդ աղմկում է: Ձեռքի մեկ շարժումով փակում ես էկրանը: Խմբագիրդ ու իր ընկերն այս ու այն կողմ են նայում, դեմքները լարված, ծիծաղը թաքցնելը շատ բարդ գործ է: Ծիծաղը փռշտոցի պես մի բան է: Դու քո ծիծաղի տերը չես:
Տրորում ես աչքերդ: Խմբագիրդ կատակում է` տեսքդ լավ չի Համո, գիշերը չե՞ս քնել: Գռմռում ես, որ քնից ոչ-ոք մինչև վերջ չի արթնանում: Չսպասելով խմբագրիդ պատասպանին գրում ես «կգամ» և ուղարկում պատասխանդ կարմիր շուրթերին:

3

Մայրդ ամեն առավոտ սանրում էր եղբորդ խարտյաշ մազերն ու աչքերի կանաչը սազող շապիկ հագցնում: Իսկ դու սևահեր ես, աչքերդ սև են: Մազերդ մտքերիդ շարունակությունն են` գզգզված ու կեղտոտ: Եղբորդ սանրվածը ինչ-որ հոլիվուդյան ֆիլմից կտրել և պատվաստել են գլխին:
Հիմա եղբորդ փոքր դուստրը քեզ է նայում իր երկու սև աչքերով: Դունչը առաջ է պահում, որ գզգզված գանգուրների արանքից քեզ տեսնի: Երբ նկատում է, թե ինչպես է մայրը սանրով մոտենում, գոռում է «պոկինուծ կառաբլ» ու դուրս է վազում սենյակից:
Կիրակի օրերը եղբորդ կինը գնում է եկեղեցի, իսկ դու գնում ես եղբորդ տուն: Դուրս գալուց նա մի թեթև հայացք է գցում սառնարանին ու դանդաղ փակում դուռը:
Երբ լսվում է մուտքի դռան չրխկոցը, դու բացում ես սառնարանի դուռը: Յուրաքանչյուր հարկում հայացքդ սառում, ֆիքսում է կաթի, լոլիկների, տանձի, խնձորի, յոգուրտի առկայությունը: Տասնվեց հատ ձու կա: Մտքիդ գալիս են չաղլիկ հավերը: Դու սկսում ես մրգերից, քանի որ, երբ սոված ես, իսկ ամեն կիրակի դու սոված ես, սիրտդ ինչ-որ քաղցր բան է ուզում: Մոր սանրից այդպես էլ չփրկված զարմուհիդ, որի մազերի հյուսքը հիմա ծռմռտված երկաթի կտոր է հիշեցնում, վազելով մոտենում է, ցցած մատիկով սղմում է ձեռքիդ խնձորը, ասես վերելակ է կանչում: Դու հյուրասիրում ես նրան քո կծած խնձորը, զարմուհուդ ատամների հետքը փոքր է, խնձորը դեռ ձեռքումդ է, իսկ դա նշանկում է, որ դուք այդպես կշարունակեք, մինչև խնձորից մնա պոչը, իսկ հետո կուտեք կոտլետները, թխվածքաբլիթները, երկու հատ լոլիկ, գազար…
-Ես զարմանում եմ` ինչպես ձեր երկուսի փորը չի ցավում: Անին, որ իմանա, թե աղջկաս ինչքան ես կերակրում, սիրտը կկանգնի, -համակարգչին նայելով ասում է եղբայրդ:
-Ախորժակը վատ բան չի, – վերջին «չի»-տ խլանում է բարձր խրթոցի մեջ: Կծեցիր խնձորը:
Եղբայրդ միայն հոգոց է հանում: Լողավազանում, ֆուտբոլի դաշտում, կարատեի դահլիճում ձևավորված նրա մարմինն անգամ բազմոցի վրա, համակարգիչը ծնկներին, թվում է, թե վարժություն է կատարում: Քո թեթև արտահայտված փորը զարմուհուդ մանկական կլոր փորի մեծ տարբերակն է: Խնձորը վերջացավ: Երկուսով նայեցիք սառնարանին:

Դու մտածում ես, որ եղբոր տուն ամեն շաբաթ չի կարելի գնալ սառնարանը դատարկելու համար: Դու մտածում ես, որ արժի եղբորդ հետ ինչ-որ բանից խոսել: Ի վերջո մայրդ կրկնում էր, որ նա գիտնական է դառնալու, ուրեմն պիտի որ ասելու բան ունենա, չնայած, որ պարզապես ոստիկան դարձավ:
-Բա դու ինչի՞ չես գնում եկեղեցի,- աչքերդ ուշադիր զննում են սառնարանի դարակը: Լոլիկն աչքով է անում: Կզակովդ տեսնում ես եղբորդ հայացքը, որը գզգզված գլխիդ ասում է. «Ձեռք ե՞ս առնում»: Կծում ես լոլիկը, կարմիր հյութը պզզում է ուղիղ զարմուհուդ շապիկի վրա: Ծիծաղում եք:
-Պապիին հիշո՞ւմ ես,-եղբայրդ քորում է իր ոսկեգույն գլուխը: Արդյունքում նրա գլխին այն խառնաշփոթն է առաջանում, որը դու, որպես կանոն, անվանում ես սանրվածք:
-Լավ չեմ հիշում, ինչի՞:
-Եսիմ, հիշեցի, որ տատին էլ հավատացյալ կին էր, իսկ պապը`ոչ:
-Պապին ես քաշել:
-Մի անգամ տատի մահից հետո հարցրեցի. «Պապ դու Աստծուն հավատո՞ւմ ես», ասեց`տղա ջան, ես տենց հիմար բաների չեմ հավատում:
-Պապին կոմունիստ էր…
-Ասեցի`պապ, բայց գիտե՞ս տատին հավատում էր: Ասեց ` դեեեե քո տատը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր:
Ժպտացիք: Զարմուհուդ մատիկը թեքվեց դեպի սառնարանը: Շոկոլադե տորթի ժամանակն է:

-Իսկ դու ինչի՞ն ես հավատում,-հետաքրքրվում ես դու ի ցույց դնելով շոկոլադե ատամներդ:
-Գիտությանը,-եղբայրդ հորնաջում է:
-Դու սիրո՞ւմ ես գիտություն,- հարցնում է երեք տարեկան աղջիկը:
-Հա:
-Ես էլ եմ սիրում, հեսա բերեմ ուտենք:
Վազում է իր սենյակ:
-Գործերդ ո՞նց են,- հանկարծ լրջանում է եղբայրդ:
-Եսիմ, -շոկոլադե տորթը չափից դուրս քաղցր է,- Նոր «կվարտիր» եմ տեղափոխվել:
– Ընկերուհի չունե՞ս:
Անտանելի քաղցր է: Ջուր ես ուզում:
-Ընկերուհի ի՞նչ եմ անում:
Հայտնվում է զարմուհիդ: Գլխին խաղալիք ռազմական գլխարկ կա: Ձեռքին Ալլադինի Լամպն է:
-Նայի, սա գիտություն է:
Նայում ես լամպին:
-Ես հիմա կդնեմ այն ջեռոցի մեջ ու մենք միասին կով կաճացնենք:
– Մաման ամեն անգամ զանգելուց ինձ հարցնում ա, թե երբ ես ամուսնանալու,- շարունակում է եղբայրդ:
-Լո՞ւրջ: Իսկ ինձ ինչի չի զանգում:
-Ասում ա, նյարդայանանում ա ձայնդ լսելով: Շատ նման ես մեր պապին:
Զարմուհիդ դնչիցդ բռնում և գլուխդ թեքում է այնպես, որ դու իր աչքից բացի ուրիշ ոչինչ տեսնելու հնարավորթյուն չունենաս:
-Մենք հիմա կովիկին կաճացնենք, կեփենք, կուտենք, դու կմեծանաս:
-Ոնց թե նման եմ,-գոռում ես դու նայելով փոքրիկի աչքերի մեջ, -Մեր մեջից դու ես պապի քթից թռածը: Աչքերիդ գույնը, մազերիդ գույնը: Ես ի՞նչ կապ ունեմ պապի հետ:
Լսում ես եղբորդ քմծիծաղը:
-Մորդ հարցրու:

Բժիշկներն ասում են` քրոնիկ անքնությունը և գիշերային մղձավանջները սթրեսի, նևռոզի նշաններ են: Եթե գիշերը մի քանի հանգստացնող հաբ ես ընդունում, իսկ լույսը բացվելուն պես մենակ սուրճով ես սնվում, դու հաստատ գլխացավեր կունենաս: Եթե շաբաթվա ընթացքում գրեթե հաց չես ուտում, իսկ կիրակի օրերը անվերջ խառնիխուռն բաներ ես մտցնում բերանդ, ստամոքսի խանգարումը քեզ կսպասի զուգարանում: Եթե դժգոհ ես կյանքիցդ, տեսնում ես` ինչպես են ընկերներդ սեփական բիզնեսը սկսում, փողեր աշխատում, իսկ դու Աննայից բացի, ոչիչնչի մասին չես կարողանում մտածել, դու աննորմալ ես: Եթե գիշերը պառկում ես անկողնուդ մեջ այն հույսով, որ գոնե այսօր քեզ երազում բաց տիեզերքում կտեսնես, բայց դրա փոխարեն ետևիցդ ֆաշիստներն են ընկնում, դու անհույս ես: Եթե մայրդ այլևս քեզ չի զանգում, դու հասել ես վերջնագծին:
-Ահա, վերցրու կովիկին,-զարմուհիդ քեզ է մեկնում իր բաց ափը, -կեր, որ մեծանաս:
-Ճիշտ ա, մուկիկ ջան,-եղբայրդ ժպտում է ֆեյսբուքին,-տուր, թող ուտի, մեծանա:
Հետո կանաչ աչքերը քեզ են նայում` մեկ-մեկ զանգի մորդ:
Քո փոխարեն պատասխանում է կծկված ստամոքսդ: Գռմռում է:

4

«Կեր հարուստներին»:

Կարմիր, ծուռմռտիկ տառերը կախվել են շենքի գլխավոր մուտքի դռներից: Տեղ-տեղ ներկը ծորացել է ու հաստ կաթիլները դեռ գետնին չհասած քարացել են: Ժամանակն ասես սառել է այս արյունոտ թվացող կոչի մեջ: Դու գիտես, որ սա ինտերնետում տարածված մեմերից մեկի վերջին նախադասությունն է: Ընդհանուր առմամբ այս կոչը հնչում է մոտավորապես այսպես` մի օր աղքատներն այնքան կշատանան, որ այլևս ուտելու բան չեն ունենա և կուտեն հարուստներին: Կեր հարուտսներին:
Ճռռոցով բացում ես շենքի գլխավոր մուտքի երկաթե դուռը: Վերելակի պատերն էլ են քեզ նույնն առաջարկում` կեր հարուստներին: Դու մտածում ես, որ սառնարանում պիտի, որ պանիր ունենաս: Ու գարեջուր: Սա իհարկե այն չէ, ինչ օրեր առաջ փորձեցիր Ամերիկայի դեսպանատանը, բայց ամեն դեպքում…
Լրագրողի աշխատանքի մեջ մի փոքրիկ կետ կա, որի մասին համալսարանում ոչ մի դասախոս չի ասում: Ամեն տեսակ կոնֆերանսների, գիտաժողովների, հանդիպումների ժամանակ հավաքվածներին հյուրասիրում են թեյով, սուրճով, քաղցրավենիքներով, երբեմն անգամ կարելի է համտեսել հացի փոքր կտորների վրա դասավորված հոլանդական պանիր, իսրայելական լոլիկ, հունական ձիթապտուց: Հյութերը` ռուսական, ուկրաիանական, տեղական: Ամեն տարի ամերիկյան դեսպանատունը երեկույթ է կազմակերպում: Լրագրողներին հրավիրում են համտեսել տեղական արտադրության գինին տեղական պանրի հետ: Սա բարիդրացիական ժեստ է գերտերության կողմից: Ամերիկան նույնպես սատարում է տեղական արտադրողին: Դու նման ակցիները բաց չես թողնում:
Դեսպանատան մուտքի մոտ հերթ է: Ինչ-որ մեկը կատակում է `քաղաքում այսքան շատ պանիր սիրող կա՞: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները հատ-հատ ստուգում են յուրաքանչյուր լրագրողի պայուսակը: Տվեք Ձեր անձնագիրը, ձայնագրիչ սարքը, հեռախոսը: Համակարգիչը ստիպված եք թողնել մեզ մոտ: Խնդրում եմ` ձեռքերը վեր: Այդպես մի նայեք, մենք ընդամենը մեր աշխատանքն ենք անում: Հետո պարզվեց, որ ցուցակներից մեկում քո անունը չկար, և դեսպանատան աշխատողն ասում է, որ Ամերիկայի զինանշանով բաժակ քեզ չի հասնում: Ստիպված ես գինին խմել մեկ անգամյա օգտագործման բաժակներից: Նա քեզ պատժում է իր ցուցակից բացակայելու համար: Լրագրողներից մեկն ականջիդ շշնջում է. «Այդպես մի նայիր: Նրանք ուղղակի վախենում են»: Ինչի՞ց: Լրագրողի բերանի կանաչ ծամոնը մի այտից ճպճպոցով գլորվում է դեպի մյուսը: «Ամեն բանից, ինչ նրանց հաշվարիներից դուրս է»: Օրինա՞կ: «Օրինակ սոված մարդուց, որի ձեռքին հրացան կա»: Դու լցնում ես բաժակդ: Ռեզինի նման պանիրը մի տեսակ կուլ չի գնում: Բերանումդ պայքարում է գործընկերոջդ կանաչ ծամոնի պես: Նա ֆռռթացնելով կում է անում:
-Դե գիտես, իրենց տիեզերաբանությունն ասում է` կամ մարդը սոված է, կամ զենք ունի: Եթե ունի զենք, ուրեմն էլ սոված չի:
Տրամաբանական է: «Լոռի» տեսակի պանիրը քո սիրածն է: Իրար ետևից կուլ ես տալիս փոքրիկ պանրե խորհանարդիկները:
-Նրանք չեն էլ պատկերացնում, որ սոված մարդու ձեռքում կարող է զենք հայտնվել, իսկ նա սնունդ փնտրելու փոխարեն օդ կկրակի:
Բաժակդ լցնում ես գինու երկրորդ տեսակով:
-Դու կրակել գիտե՞ս,-հանկարծ հարցնում է լրագրողը: Այդ պահին նկատում ես, որ նրա բարակ վզից ինքնասպանի մարմնի պես կախված է կանաչ փողկապը: Ճիշտ ծամոնի գույն: Վերնաշապիկը բաց վարդագույն է: Նոսր մազերը զգուշությամբ և խնամքով հարդարված են: Քթի կողքին խոշոր պզուկն իր սպիտակող ծայրով կարմիր կուրծք է հիշեցնում: Նա մոտ 35 տարեկան կլինի, բայց այնքան նիհար է, որ կարող է հենց այսօրվանից թոշակի անցնել: Դու վերցնում ես պանրի հերթական խորհանարդիկը: Նայում ես նրա բարակ մատներին: Պանիր ես առաջարկում: Հրաժարվում է: Ճպճպացնելով ծամոն է ծամում: Դու պատկերացնում ես, որ այդ կանաչ ծամոնն այնքան է ճմռթվում նրա ատամների տակ, որ ստամոքսահյութը շատանում-շատանում է, ու նա մարսում է ինքն իրեն: Ստամոքսահյութից կիսաքայքայված նրա արյունոտ գանգը քեզ նորից հարցնում է.
-Կրակել գիտե՞ս:
-Չէ,- անկախ քեզնից ավելացնում ես,-պապս գիտեր: Հայրենականի հերոս էր:
Մի բաժակ գինին միանգամից գլուխդ ես քաշում: Լավ կլիներ, որ պապդ բացի կրակել իմանալուց գրեթե ամեն գիշեր երազներումդ չերևար: Այսինքն քնած ժամանակ քեզ չթվար, թե դու քո պապն ես: Ու դու սոված ես: Անկախ նրանից, թե ով է ետևից, կողքից, վերևից կրակում: Դու ու պապդ…Դուք միշտ սոված եք:

«Կեր հարուստներին», առաջարկում է բնակարանիդ ժանգոտված դուռը: Ներս ես գլորվում: Սառնարանին ես նայում: Ինքդ քեզ, ասես հոգեվարքի մեջ, շշնջում ես. « Չի կարելի ինչ-որ բան կուլ տալ, առանց դա ներս ընդունելու»: Գլխիդ մեջ մտքերը լողում են ակվարիումի ձկների պես`տարբեր գույնի, չափի, տարբեր ուղղություններով: Հոգնածությունն ու գարեջուրն իրենց գործն անում են: Մարմինդ ծանրանում է, քարշ ես տալիս ռետինե ոտքերդ անկողնուդ ուղղությամբ: Պառկելիս մահճակալը ճռռում է, ասես դու հենց նոր ջարդեցիր նրա առանց այդ էլ ցավացող ողնաշարը:Բարձը սառն է: Գլուխդ խրվում է կտորով փաթաթված բմբուլների այդ կույտի մեջ, երազը փառի պես քսված է փափուկին: Ձեռքդ մտցնում ես բարձի տակ: Անկողնու սառնությունը փոխարինում է մաքուր օդը, որը քո բնակարանում երբեք չի լինում, որովհետև պատուհան չես բացում: Մատներդ դիպչում են ինչ-որ պինդ բանի: Վեր ես թռնում: Բարձդ մի կողմ ես նետում: Աչքերիդ առջև աշնան տերևի պես շորորալով իջնում է սպիտակ փոքրիկ մի բմբուլ ու պառկում անկողնուդ վրա խնամքով դասավորված պապուցդ մնացած հետպատերազմյան մեդալների վրա: Դու չես հիշում, թե ինչպես ես դրանք դրել բարձիդ տակ: Դա չգիտեիր, որ այդ մեդալներն ընդհանրապես պահպանվել են:

5
Լռությունը պարբերաբար ընդհատվում է եղբորդ հորանջոցով: Նա տրորում է կարմրած աչքերը, ասես փորձում է ռետինի պես ջնջել դրանք իր երեսից: Դու չես շարժվում: Շուրթերդ կպել են իրար, ծնոտդ ծանրացել է: Թվում է` էլ երբեք չես կարողանալու խոսել: Փակված եք եղբորդ մեքենայի մեջ: Գիշեր է: 00 անց 43 րոպե:
Մեքենան կանգնած է բնակելի շենքի մուտքից քիչ հեռու: Հսկա շինության պատուհաններից մեկը քոնն է: Բնականաբար այնտեղ լույս չի վառվում: Երեկոյան, երբ դուրս եկար տնից, հարևանների մոտ ձևացրեցիր, թե գնում ես գործերով: Աշխատեցիր չնկատել փողոցում կանգնած եղբորդ մեքենան: Քո հաշվարկներով, նա, ով կուզենա գլխիդ խաղ խաղալ, կգա գիշերը:
Եղբորդ հեռախոսը զնգում է, նրա «Ալո»-ն խառնվում է հորանջոցի հետ:
-Չգիտեմ, երբ կգամ,-ասում է նա`տրորելով աչքերը, -Համոյի հետ եմ:
Դու մտածում ես, որ սառնարանում կծած հոթ դոգ ես թողել:
-Ինչ ենք անո՞ւմ:
Եղբայրդ նայում է քեզ: Մթության մեջ նրա կանաչ աչքերը սևացել են: Այսպես քեզ նման է: Նորից տրորում է կոպերը:
-Գաղափար չունեմ, թե ինչ ենք անում,-հոգոց է հանում,-դու ինձ մի սպասի: Քնի: Մի ժամից կգամ…երևի…
Եթե սառած հոթ դոգը դնել միկրոալիքային վառարանում, ամբողջ փոքր խոհանոցդ կլցվի մսի և այլ սննդային հավելումների (առանց դրանց չի լինում ) հոտով:
-Բարի գիշեր: Ես էլ քեզ…
Տաք հացը փափուկ բարձի նման կտեղավորվի ստամոքսիդ մեջ: Լիզում ես շուրթերդ: Բայց դա հետո: Նախ պետք է բռնեք նրան, ով սիրում է կատակել դիմացինի մղձավանջների հետ:

Անցնում է մի ժամ: Ավելի ճիշտ ծորում է չեչով, պինդ մեղրի պես: Եղբայրդ ճպպացնում է:
-Ես չեմ հասկանում` մենք ստեղ ի՞նչ ենք անում:
-Բռնում ենք ինչ-որ կատակասերի:
-Ավելի հեշտ չէր լինի՞ տեսագրող սարք դնես:
-Փող չունեմ:
-Ես կտամ:
-Լսի,-դու փորձում ես հնարավորինս լայն բացել ուռած աչքերդ,-դու ոստիկա՞ն ես, թե չէ:
Եղբայրդ երեսը թեքում է: Դու շարունակում ես:
-Եթե պարզվի, որ ոչ-ոք թաքուն իմ տուն չի մտնում, ուրեմն իմ առաջին վարկածը ճիշտ էր:
Եղբայրդ երկու ձեռքով պինդ բռնում է ղեկը: Թվում է` հեսա կպոկի:
-Դու անասո՞ւն ես: Ասեցի` ես չեմ: Ինձ ինչի՞ տեղ ես դրել: Բան ու գործ չունեմ, բարձիդ տակ պիտի մեդալներ շարեմ:
Լռում ես: Սպասում ես հանգստանա: Հետո ցածր ձայնով ավելացնում ես:
-Ես մենակ քեզ էի ասել երազներիս մասին:
Լսվում է եղբորդ ծանր շնչառությունը:
-Իսկ փորձե՞լ ես քիչ խմել: Կարողա՞ հիշես, թե ում մոտ ինչ ես պատմում:
Բացում ես բերանդ, որ պատասխանես: Նորից փակում ես: Արդարանալու տեղ չունես: Փակում ես աչքերդ: Վերջին անգամ Աննային տեսել ես մի շաբաթ առաջ: Գործընկերներով խմում էիք: Կարմիր շորը փաթաթվել էր նրա նեղլիկ իրանին, որ թեթև տարուբերվում էր կրունկների կտկտոցի ռիթմին համահունչ: Աննան քեզ հետ խոսելիս անհնդհատ լիզում է շուրթերը: Վարդագույն լեզուն դուրս է սողում, իր ետևից թեթև փայլ է թողնում, ու ամաչկոտ ներս մտնում: Աննայի մոխրագույն աչքերը մի տեսակ բարակում են, երբ նա քեզ է նայում: Ձայնը թաքնվում է կոկորդում, սկսում է ավելի խորքից հնչել: Բառերը փափկում են, ասես նա հենց նոր է քնից արթնացել:
-Երևի Աննային եմ ասել,-բարձրաձայն մատծում ես դու:
Եղբայրդ միառժամանակ քեզ է նայում հետո քննիչի տոնով հարցնում է:
-Աննան հումորներ սիրո՞ւմ ա:
Թափ ես տալիս ուսերդ: Եսիմ: Աննան երբեք չի ասում, թե ինչ է սիրում: Եղբայրդ գլուխը ետ է գցում, մռթմռթում է: Տան ավագը լինելը պարզապես անտանելի է: Ամեն ինչ թողած, գիշերվա կեսին պետք է նստի հարբեցող, չկայացած փոքր եղբոր կողքին: Ավելի լավ է դու դիմես հոգեբանի: Քեզ բուժվել է պետք: Ի վերջո եղբորդ առաքելությունն այս կյանքում կատակասեր եսիմ ում, հավանաբար քո հերթական հարբեցող ընկերներից մեկին, բռնելը չէ:
-Բա ի՞նչն է,- դու ժպտում ես: Պետք է արագ ամեն ինչ կատակի վերածել, քանի դեռ չեք կռվել: Եղբայրդ պինդ փակում է աչքերը: Հետո իրեն ստիպելով խոսում:
-Դե…պատկերացրու, ինչ-որ աֆրիկյան երկրում, ինչ-որ ահաբեկիչներ գերի են վերցրել քո երկրի քաղաքացիներին: Դու հատուկ ջոկատի հրամանատարն ես: Պետք է ազատեք այդ մարդկանց: Հատուկ գործողությունն ավարտվում է: Ամեն ինչ ստացվում է: Ամբողջ ջոկատից միայն դու ես վիրավորվել: Ու միայն դու ես մահանում: Մեկ զոհ:
Եղբորդ աչքերը փակ են: Հարցնում է` դա ի՞նչ է կոչվում: Պատասխանում ես `բախտը չբերեց: Եղբայրդ քեզ այնպես է նայում, ասես դու հենց նոր նրան ասացիր, որ ամեն առավոտ ատամներդ լվանում ես կոյուղաջրով:
-Դա կոչվում ա գերազանց աշխատանք: Վտանգավոր գործողություն: Առաքելությունը կատարված է: Եվ ընդամենը մեկ զոհ: Մեկ:
Ժպտում ես:
-Ես նման բանի մասին լսել եմ: Եսիմ ում եղբայրն էր…
Լավ չես հիշում, բայց թվում է, թե Իսրայելի Վարչապետ Նեթանյահույի եղբայրն էր նման մի գործողություն ժամանակ զոհվել: Ինչ-որ տենց բան հաստատ հիշում ես:
Եղբայրդ քեզ չի նայում: Տեսնում ես, անգամ անունը չես հիշում: Ի՞նչ է նշանակում «եսիմ ում եղբայրը»: Այդ մարդն անուն ունի և իր գործը լավ է կատարել:
Դու մտածում ես, որ եղբայրդ երևի ինքն էլ չգիտի` ում մասին է խոսում: Պարզապես ինչ-որ տեղ լսել ու հավանել է այդ պատմությունը: Դու մտածում ես` պետք է մի բան ասել, հենց այնպես, ուղղակի խոսակցությունը սիրուն վերջացնելու համար:
-Հիմա լավ արված գործը ոչինչ չարժե: Գովազդն է կարևոր:
Եղբորդ դեմքի ոչ մի մկանը չի շարժվում: Դու նկատում ես, որ նրա աչքերի անկյունում բարակ ճաքերի պես սողում են մանր կնճիռները: Մտքիդ գալիս են մանկությանդ նկարները: Թղթի անկյունում միշտ տռզած արև էիր նկարում` գզգզված, ծուռմռտիկ շողերով, ճիշտ եղբորդ առաջին կնճիռների պես: Դու ուզում ես ասել, որ երբ մեծացար հասկացար, որ «լավ գործ», «կատարված պարտք», «հերոսություն» բառերը ոչինչ չեն նշանակում: Դու ուզում ես ասել, որ ժամանակին մարդիկ պատերազմի էին գնում փառքի ու հաղթանակի համար: Փորեք հողը, գտեք հին թագավորների արձանագրությունները: Երկու բանակ բաց երկնքի տակ իրար են բախվում: Երկու արքաներն էլ գրում են`հաղթեցինք: Դե արի ու գլուխ հանի` ով է հաղթել: Պարտվելն ամոթ էր: Պարտության մեջ փառք չկար: Հաղթանակն էր փառք բերում: Հիմա աշխարհը փոխվել է: Դու դա տեսնում ես նորություններով, դու դրա մասին խոսում ես ռադիոյով, դու էլ այդ փոփոխության մի մասն ես: Հիմա հաղթողն «ագրեսոր» է: Դու դա լավ գիտես: Դու ինքդ ես գրում և արտասանում այդ բառը: Հիմա պարտվողը…Իսկ պարտվող կա՞: Պատերազմն այսօր մի մեծ, վախենալու ռեալիթի շոու է: Ինչքան շատ դաժանություն, այնքան բարձր ռեյթինգներ: Հոլիվուդն անցնում է թոշակի: Գլխավոր ռեժիսորը փողն է: Գլխավոր դերերում` ահաբեկչական կառույցները, քաղաքական գործիչները, քարոզիչները, մարդու իրավունքի պաշտպանները: Կարևոր չէ, թե մարտի դաշտում քանի մարդ կզոհվի: Կարևորը դա լինի տեսախցիկի առաջ`արյունոտ, դաժան: Դրոշով փակված փակ դագաղի մեջ տուն վերադարձած զինվորն էլ ոչ-ոքի հետաքրքիր չէ: Իսկ ահա անդամահատված, արյունոտ դին, որին բարեկամներն ու հարևանները մտցնում են տեսախցիկի մեջ, նույն է թե մեր աչքը, այ դա տպավորիչ է: Նրանք կանոնները լավ գիտեն: Իրենց սպանված ընկերներին նկարում են ու գցում ինտերնետ: Նրանք իրենց զոհերին գլխատելու պահը տեսագրում են ձեռքի հեռախոսով: Ո՞վ է այսօր կռվի գնում առանց սմարթֆոնի: Եթե դու պատերազմի դաշտում «չեք ին» չես եղել, ուրեմն տնից դուրս չես եկել:
Դու ուզում ես ասել, որ այս անդադար ռեալիթի շոուն երբեմն ընդհատվում է սիրո մասին պատմող գովազդային տեսահոլովակներով: Մենք սիրում ենք բնությունը, եվրոպացիները սիրում են Սուդանից եկած փախստականներին, Հիսուսը սիրում է քեզ, Աստված սիրում է Ամերիկան, Քիմ Քարդաշյանը սիրում է Վեսթին: Սերը հաճելի գովազդ է: Սերը Կոկա Կոլա է: Մենք բոլորս սիրում ենք Կոկա Կոլա: Անգամ Սուդանցի բռնաբարված 13 ամյա աղջիկը նույնպես սիրում է Կոկա Կոլա: Ծռմռված ատամներով անհոգ ժպիտ: Փոխեք ալիքը:
Դու ուզում ես ասել, որ այս ամենից միայն սով ես զգում: Անընդհատ ուզում ես ստամոքսդ ինչ-որ բանով լցնել: Ծամել, ծամել…Արտում որոճացող կովի պես: Նայում ես եղբորդ ու ուզում ես ասել, որ երազներումդ, երբ քեզ թվում է, թե դու պատերազմի դաշտում կիսամոլորված քո պապն ես, երբ երբեմն քեզ թվում է, թե դու հեսա վախից տակդ կլցնես, անգամ այդ ժամանակ քեզ շատ ավելի կենդանի ես զգում, քան երբ արթնանում ես:
Դու շատ ես ուզում այդ ամենն ասել, բայց դրա փոխարեն հորանջում ես ու սկսում:
-Ուրեմն…Պատերազմ ա: Ֆաշիստները գրավում են գյուղը: Բոլորին տներից դուրս են հանում, դրսում շարում: Գալիս է թարգմանիչը, անտանելի ակցենտով սկսում. «Հիմա մենք գնդակահառել բոլոռ կանայք ու բռնաբառել բոլոռ տղամարդիկ»: Կանայք շշմած.
-Բայց այդպես չի լինում:
Տղամարդիկ`ուրախացած.
-Լինում ա, լավ էլ լինում ա…
Եղբորդ այտերի մկանները թեթևակի ձգվեցին վեր: Աչքերից ձգվող ճառագայթները մգացան:

6

…..

– Полный отказ от пищи, если, конечно, при этом пить воду, легко переносится в течение двух недель. Но через 50-60 дней все равно наступит смерть.

Դու հոգնել ես հաշվել օրերը, ժամերը, քայլերը: Ոտքերդ արդեն չեն ցավում, պարզապես ծանրացել են, ասես քարեր ես քարշ տալիս` սուր, ծակող քարեր: Սառը քամին դաղում է, բայց դու գոհ ես: Թվում է` եթե եղանակը վերևից չհրի, դու առաջ չես գնա: Զինվորներից մեկը վրացական ակցենտով շարունակում է հայտարարել:
-Длительное голодание ведет к смерти. При истощении пострадавшие выглядят ослабевшими. Они худые. Кожа тонкая, сухая, желтаватая…
Ստամոքսդ արձագանքում է բարձր գռմռոցով: Պատկերացնում ես, որ փորիդ մեջ ինչ-որ կատաղած շուն է կապած: Նրա սուր ժանիքների արանքից ծորում ու կաթում է ստամոքսահյութդ: Շունը գռմռում և փորձում է պոկել երկաթե շղթան, որով նրան կապել են: Չես կասկածում` շուտով նրա մոտ դա կստացվի, և դու կմարսես ինքդ քեզ:

-Волосы тусклые, ломкие. Число морщин резко увеличено. Жировых отложений нет. Глаза глубоко посажены…

Վրացու ձայնը գռգռում ու կատաղեցնում է ստամոքսումդ կապած գազանին: Նա խենթացած թափահարում է գլուխը, կռճտացնում ատամները: Պարզապես անտանելի է:

-Меняется психика. У голодающих начинается эйфория…
Վրացու ձայնն ալիք-ալիք տարածվում է, լուծվում օդի մեջ: Այժմ թթվածնից խինկալիի, խաչապուրիի ու եփած լոբու հոտ է գալիս: Նրա ակցենտից կաթում է արևի տակ տռզած մանդարինի հյութը: Ստամոքսիդ միջի շունը կատաղած թափահարում է գլուխը: Շղթան զնգում է: Ականջներիդ մեջ է զնգում: Երկաթի ձայնը ստիպում է քեզ կանգնել: Ընկերներդ դանդաղեցնում են քայլքը: Նրանց հայացքներում մտահոգություն կա: Վրացին տնքալով ուսի վրա ավելի հարմար է տեղավորում զենքը:
-Эйфория ломает имеющиеся в стереотипах запреты. Это впринципе может стать причиной каннибализма…

Շղթան ավելի ուժեղ է զնգում: Երկաթե օղակների շխկշխկոցն արձագանքում է ականջներիդ մեջ: Դու դողացող ձեռքդ մտցնում ես գրպանդ: Այնտեղից հանում ես սև, փոքր հեռախոսը: Դու լավ գիտես, որ այժմ 1944 թիվն է, բայց ձեռքիդ հեռախոսի վրա գրված է SAMSUNG: Ընկերներդ շշմած ձեռքիդ են նայում: Դու մոտեցում ես հեռախոսն ականջիդ:

-Ալո:
-Համլե՞տ:
-Հա…
-Արթնացիր, Աննան ա:
-…Հա…
-Գիտեմ շատ շուտ ա, բայց պիտի մի ձև գործի հասնես:
-Ինչի՞,- մռնչում ես դու:
-Մի քանի ժամ առաջ, զինված մարդկանց մի խումբ գրավելա Արդարադատության նախարարության շենքը: Պատանդներ են վերցրել: Տեղում լրագրողներ են պետք…
-Ի՞նչ…
-Արթնացիր, ասում եմ: Արդարադատության նախարարության շենքն են գրավել: Ավել բան չգիտեմ:
Հեռախոսն անջատվում է: Տրորում ես աչքերդ: Հետո հայացքդ կենտրոնանում է դիմացի պատի վրա: Մի ակնթարթ աչքերիդ առջև ամեն ինչ սևանում է: Հաջորդ վարկյանին նետում ես ձեռքիդ հեռախոսը պատին փակցված ժպտացող Ստալինի մեծ նկարին: Այն շրխկոցով ընկնում է գետնին, էկրանը կոտրվում է: Կատաղած շան պես մռնչում ես:

Երբ պառկում էիր քնելու Ստալինի նկարը չկար:

7

Ժամանակին մարդիկ փնտրում էին գանձեր, անմահության ճանապարհը, հավերժ շարժիչի գաղտնիքը, Աստծուն վերջապես…հիմա բոլորը փնտրում են իրենք իրենց: Գտիր ինքդ քեզ, և դրանում քեզ կօգնեն հարյուրավոր էժան և թանկ գրքերը` հատուկ մասնագիտացված հոգեբանների կողմից, թրեյնինգերը, վավերագրական ֆիլմերը, շոու ծրագրերը: Գտիր ինքդ քեզ: Մինչ դու ինքամոռաց վազում ես գնելու հերթական հատուկ և յուօրինակ գիրքն այս թեմայի շուրջ, ինչ-որ տեղ թոքախտից մեռնում է նա, ում գրադարանում պահված է հավերժ շարժիչի գաղտնիքը: Իրականում նա էլ թքած ունի …թղթերն արդեն խունացել են: Ու դու էլ թքած ունես, դրա համար պարզապես նայում ես մարդու գաղտնի տաղանդները բացահայտող նոր գրքի գովազդային վահանակին: «Աճեցրու մեջիդ կենաց ծառը» գրված է մեծ պաստառի վրա: Դու ծամոն ես գնում ու դանդաղ քայլերով շարժվում ես դեպի քո աշխատավայր:

Արդեն չորրորդ օրն է, ինչ զինված մարդկանց խումբը գրավել է նախարարության շենքը ու պատանդ է վերցրել աշխատակիցներին: Նախարարն արտերկրում էր: Նախարարը պատանդ չէ: Դուք, լրագրողներով, հերթապահում եք շենքի մոտ: Ոստիկաններից մեկը վիրավոր էր, նրան տարան հիվանդանոց: Եղբայրդ, փառք Աստծո, դեռ այս ամենի մեջ չկա: Այս պահին երևի թե տանն է: Դա իհարկե ժամանակավոր է: Անհանգիստ ես: Պատանդներն իրենց լավ են զգում: Հարձակվողները նույնպես: Միայն դու ես, որ սոված սատկում ես…ինչպես միշտ: Ծամոնդ ավելի է գռգռում ստամոքսդ, ու դու պատկերացնում ես, թե ինչպես կմտնես ռադիո և Աննայի հետ զրուցելիս, ասես չնկատելով՝ թաքուն նրա քթի տակից կթռցնես կիսախմած սուրճը: Իհարկե նա վաղուց գիտի քո այդ «հնարքների» մասին, բայց ձայն չի հանում: Դու քեզնից անկախ ժպտում ես: Աննան խմում է կապուչինո կաթով: Մեջն էլ երկու գտալ շաքարավազ է լցնում: Դա կարևոր պայման է: Ածխաջրերը օգնում են աշխատացնել ուղեղը, իսկ քեզ մինչև ուշ երեկո հնարավորինս թարմ միտք և անձայն ստամոքս է պետք:

Աննան քեզ տեսնելուն պես վերցնում է իր սուրճի բաժակն ու միանգամից խմում ամբողջը: Մի կում անգամ չի թողնում: Դու հիասթափված հոգոց ես հանում: Գրպանումդ կոպեկ չկա: Մնացիր առանց նախաճաշի: Բարևի փոխարեն հորանջում ես, Աննան տրորում է ուռած աչքերը և խռպոտ ձայնով հայտնում, որ նախագահից դեռ ոչ մի նորություն չկա: Պետական այրերը լռում են, ասես երկրում ոչինչ չի կատարվում: Դրա փոխարեն ակտիվացել են սոցցանցերը: Մարդիկ ողջունում են զինված խմբավորման գործողությունները, բոլորը զզվում են այս կիսաավտորիտար ռեժիմից և, եթե սա ինչ-որ բանի սկիզբն է, ապա թվում է, թե բոլորը պատրաստ են փողոց դուրս գալ ու պայքարել, հանուն…Աննան հորանջում է ու ծռմռելով շուրթերն ավելացնում է` հանուն արդարության: Հարցնում է` ի՞նչ կասես: Չլսելով պատասխանդ՝ ավելացնում է, որ նիհարել ես:

Դու անձայն մոտենում ես խմբագրիդ կաբինետի դռանը, բայց Աննան քեզ կանգնեցնում է՝ ասելով, որ այս պահին նա հյուր ունի: Ինչ-որ սիցիլիացի լրագրող, հին օրերի ընկերը, վերջապես այցելել է նրան: Խանգարելը խստիվ արգելվում է:
Դու հետաքրքրվում ես` արդյոք սիցիլիացի հյուրը կին է: Աննան հոգոց է հանում: «Հիմարի մեկը» կարդում ես նրա հայացքում:

-Հը՞ն, ի՞նչ կասես,- հարցնում է Աննան մոտ հինգ րոպե լռությունից հետո: Դու հասկանում ես, որ խոսելու ժամանակն է: Հակառակ դեպքում երկուսդ էլ կքնեք, ձեր համակարգիչների առջև: Ստամոքսդ քեզնից առաջ է ընկնում: Գռմռոցը լցվում է ամբողջ սենյակով մեկ: Պատկերացնում ես, թե ինչպես է ստամոքսահյութը մեջիցդ դուրս գալիս լցնում ամբողջ սենյակը: Իսկական ջրհեղեղ: Համակարգիչները, սեղաններն ու թղթերը լողում են սենյակի կեսը լցրած զզվելի հեղուկի մեջ: Դու ու Աննան աթոռներին նստած լողում եք ու զգում, թե ինչպես են մարսվում ձեր կոշիկները, հետո ոտքերը…այս ամենին խառնվում է դեղձի հոտը: Լարվում ես: Աննան քեզ է մեկնում ապակե ամանի մեջ խնամքով կտրտված դեղձն ու փնթփնթում `զզվում եմ այս մրգից: Սենյակը կրկին հին տեսքն է ստանում: Լսվում է համակարգիչների համաչափ դռռոցը, դեղձն անհետանում է հաշված վարկյաններում:

Ծամելով վերջին կտորը՝ նայում ես Աննայի կարմրած աչքերի մեջ: Նա սպասում է:

-Մեր շենքում մի հարևան ունենք: Տիկին Մարուսը:
Հետո՞: Աննան նայում է համակարգչին: Քորում է գլուխը: Եղունգների խռթխռթոցը զնգում է գլխիդ մեջ:

Տիկին Մարուսը հիսունն անց, միջնակարգ կրթությամբ կին է: Տիկին Մարուսը երկու երեխա ունի, ամեն օր խաչապուրի և բլիթներ է թխում ու հանձնում մոտակա խանութներին: Մարուսը ամառները բրդի գործ է անում: Լվանում է հարևանների դոշակների բրդերը, նոր դոշակներ է կարում ու այդպես նորից գումար է վաստակում: Տիկին Մարուսն արդար ընտրող է: Նա ընտրակաշառք է վերցնում բոլոր իրեն դիմող կուսկացություններից ու ընտրությունների ժամանակ թերթիկի վրա, բոլորի անունների առջև թռչնակ է դնում: Մարուսն ունի ամուսին, որը չի աշխատում, բայց չի էլ ուզում մեռնել, և քանի որ նրան անհրաժշտ դեղերի քանակն օր օրի աճում է, տիկին Մարուսն ամեն տարի ավելի ու ավելի է մաշվում ու բարակում` փորձելով գումար վաստակել: Մարուսը գիտի, թե մարդկային հասարակությունն ինչպես է կառուցված, ով, որտեղ և ինչպես է կառավարում երկիրը: Տիկին Մարուսը գիտի, որ իրականում աշխարհն իշխում են Ամերիակայի մութ անկյուններում նստած սպիտակ, շիկահեր մարդիկ: Տիկին Մարուսը գիտի, որ այս մարդիկ կարող են իրենց սենյակում դրված մեծ հեռակառավարման վահանակի կոճակները սղմելով՝ աշխարհի ուզածդ անկյունում երկրաշաժ ու ցունամի առաջացնել, նրանք նաև գիտեն, թե ինչպես բուժել բոլոր հիվանդությունները, բայց չեն ասում, որպեսզի մարդիկ ստիպված դեղեր գնեն: Այս մարդիկ վաղուց կապ են հաստատել այլմոլորակայինների հետ ու իրականում երկրի ընդերքից հանած նավթի զգալի պաշարները տալիս են հենց նրանց: Այլմոլորակայինների օգնությամբ նրանք հորինել են սմարթֆոնները, որպեսզի մարդկանց վերջնական զոմբիացնեն ու ստրկացնեն: Շուտով բոլորիս ձեռքերի մեջ չիպեր են լինելու և բոլորս էլ զրկվելու ենք մտածելու ունակությունից: Եվ երբ ամբողջ աշխարհի բնական պաշարներն ավարտվեն, այս մարդիկ իրենց հատուկ տիեզերնավով կհեռանան ուրիշ մոլորակ, որտեղ և ուրախության մեջ կապրեն: Մարուսը, սակայն, չի հուսահատվում, քանի որ գիտի, շուտով գալու է Հիսուս Քրիստոսը և բոլորին ազատի այլմոլորակայիններից ու վատ մարդկանցից: Մարուսը ապրում է այս հույսով ու երբեք չի մուծում համատիրության վճարները: Նախ որովհետև փող չունի, բացի այդ նա լավ գիտի, որ շուտով միևնույն է գալու է աշխարհի վերջը, ստացվում է, որ Համատիորթւյուններ նույնպես շուտով չեն լինի:

Բայց պատկերացնենք, մի պահ, որ Մարուսին այցելում է նրա հեռավոր բարեկամ, զինվորական եղբայրը: Առավոտյան զինվորականը դուրս է գալիս սիգարետ գնելու ու տանն է թողնում իր զենքը: Այդ պահին Մարուսի դուռը ծեծում է Համատիրության աշխատակիցը և սպառնում է Մարուսին, որ եթե այս իսկ պահին, տիկինը չմարի իր պարտքերը նրան դատի են տալու: Մարուսը կատաղած ձեռքը գցում է սեղանին դրված առաջին առարկային, և ինքն էլ է զարմանում երբ հասկանում է, որ իր ձեռքին ատրճանակ կա: Զենքը կարծես ինքն իրեն ուղղվում է դեպի համատիրության աշխատակիցը: Մարուսի մատները դողում են, բայց նրա անկոչ հյուրն ավելի սարսափած է: Նա տեղում արագ Մարուսի պարտքերի դիմաց ցուցակի մեջ դնում է «Պլյուս»՝ հավաստիացնելով, որ տիկինն այլևս պարտք չունի և խնդրում է նրան պարզապես թույլ տալ իրեն վերադառնալ իր ընտանիքի մոտ:
Մարուսը բացում է մուտքի դուռը: Համատիրության աշխատակիցը հեռանում է` շալվարը թաց, վրայից մեզի հոտ է գալիս: Մարուսը դողացող ձեռքերով սեղանին է դնում զենքը և այդ պահին նրա ուղեղում ինչ –որ բան փոխվում է, նա ինչ-որ թաքնված ուժ, անհասկանալի էյֆորիա է զգում: Մարուսը չգիտի ինչպես դա բացատրել, բայց մի բան միանշանակ է, կյանքն այլևս նախկինը չի լինի:

Հաջորդ օրը, քանի դեռ զինվորական բարեկամը խռռացնում է ճաշասենյակի բազմոցի վրա, Մարուսը վերցնում է նրա զենքը և մտնում դեղատուն: Այստեղ բաեհամբույր աշխատակիցները դողացող ձեռքերով մի տոպրակ դեղ են տալիս: Ամուսնուն դա մի տարի կհերիքի: Հետո Մարուսը նստում է տաքսի, ու վարորդն առանց վարանելու Մարուսին անվճար տանում է դեպի Պետական համալսարան: Ամբողջ ճամփին վարորդը խռպոտած ձայնով թվարկում է իր թոռնիկների անունները, նրանց տարիքը, և անընդհատ կրկնում, որ նրանք պապիկի կարիքը շատ ունեն, լավ չի լինի, եթե պապիկը այսպես մահանա գնա:

Վերջապես Մարուսը հասնում է Պետական Համալսարան, գտնում է ռեկտորին: Վերջինս սկսում է հավաստիացնել, որ Մարուսի որդին անպայման անվճար կսովորի: Ռեկտորն անընդհատ քրտնում է ու դողացող ձայնով հավաստիացնում է Մարուսին, որ նրա որդին Համալսարանի պարծանքն է: Շուտով, իհարկե, ոստիկանները շրջապատում են շենքը: Մարուսին ձերբակալում են: Բայց արի ու տես, որ ամեն ինչից զզված հասարակությունը դա չի հանդուրժում և դուրս է գալիս փողոց: Բողոքի ցույց է անում ի պաշտպանություն խեղճ, հոգնած ու մաշված կնոջ: Թերթերը գրում են երկրում տիրող ծայրահեղ հուսահատության մասին: Իշխանությունները լռում են: Մարուսը նոր հերոս է:

-Հա ի՞նչ, ես էլ փողոց դուրս կգայի,-ուսերը թափ է տալիս Աննան: Այդ կնոջը ոչ-ոք իրավունք չունի մեղադրել, դժվար կյանքից բոլորն են գազազում:
-Համաձայն եմ, -դու նայում ես դատարկ ամանին:

Մարուսն ունի մեկ այլ հարևան: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան տղամարդ: Նա ամեն առավոտ գնում է գործի, երեկոյան վերադառնում տուն: Տղայի դիմագծերը դժվար է նկարագրել, քանի որ ամբողջ դեմքը ծածկված է մանր կարմիր բշտիկներով: Փոքրամարմին է ու ճաղատ: Չունի և երբեք էլ չի ունեցել ընկերուհի: Նա չի հավատում շիկահեր մարդկանց թաքուն կառավարությանը, չի հավատում այլմոլորակայիններին: Նա չի հավատում անգամ Հիսուսի երկրորդ գալստյանը: Նա գիտի` Մեսսիյան հենց ինքն է: Նա հաստատ գիտի, թե ինչպես փրկել աշխարհը: Ու չնայած հարևան Մարուսի հանդեպ զգում է իր անսահման առավելությունները, միշտ բարեհամբույր է նրա հետ: Տղան գիտի` փրկիչների սիրտը պետք է բաց լինի անմեղսունակների համար: Նա գիտի, թե ինչ պետք է անել աշխարհն այս խառնաշփոթից փրկելու համար: Նա գիտի` ինչպես պետք է ապրեն մարդիկ, ինչ վարք պետք է ունենան իսկական կանայք, ինչ պետք է հագնեն, ինչ ուտեն և ինչ երաժշտություն լսեն: Նա գիտի բարոյականության հստակ կանոնները և գիտի, որ իր իմացածին այլընտրանք չկա: Տղան հավատում է մեծահոգությանն ու բարությանը, բայց նաև խոնարհվում է այն ուժի առջև, որը կստիպի կոտրել անբարոյականների և ըմբոստների մեջքը: Տղան միայն բարի ու մաքուր նպատակներ ունի: Նա ուզում է վերջ դնել անարդարությանը, և գիտի, որ իրենից լավ ոչոք դա չի կարող անել: Ու տղան զենք է գնում: Շատ զենք: Նա դրանք բաժանում է իր ընկերներին, որոնք որոշ ժամանակ անց իր հետևորդները կկոչվեն: Բայց տղան էլ ունի հարևան: Մեկ այլ տղա, որը շատ ավելի խարիզմատիկ է: Նրան սիրում են աղջիկները, նա ընդհանրապես ժպտերես է: Մեկ այլ, այս անգամ ժպտերես և ուրախ Մեսիա, ու նա էլ զենք ունի…Նա էլ գիտի, ինչ պիտի անել…

Աննան ճպպացնում է:
-Քեզ քնել է պետք: Վիճակդ արդեն անհանգստացնում է,-մռթմռթում է նա քթի տակ: Դու տրորում ես աչքերդ: Համաձայն ես:

Հաջորդ վարկյանին լսվում է Աննայի եղունգների կտկտոցը սեղանին: Դու նայում ես նրա ժպիտից ուռած այտերին: Ժպտում ես:

8

Ինքնապատասխանիչդ նախատում է` եթե ես չզանգեմ, քո մտքով չի անցնի չէ՞, որ մեկ անգամ մորդ զանգես, հարցնես ինչպես է: Գոնե տեսնես մայրդ կենդանի՞ է, թե մեռած: Ինքնապատասխանիչդ հուզվում է` էս իրավիճակի մասին անպայման ուզում եմ մի բան պատմես, ախր եղբայրդ ոստիկան ա, դու էլ լրագրող ես ի վերջո…հիմա տեսնես ինչե՞րի մեջա խեղջ տղաս: Ինքնապատասխանիչդ հոգոց է հանում` էլի խոզի պես ես չէ՞ ապրում: Պատկերացնում եմ տունդ ինչ կեղտոտ ա:
Այս հաղորդագրությունը հեռախոսդ կրկնում է նորից ու նորից: Դու լսում ես, բայց խոսափողը չես վերցնում: Մորդ համարը չես հավաքում: Դու չես կարող զանգել ու ասել, այո, տունս խոզանոց է: Դու չես կարող զանգել ու պարզապես ասել` բարև մամ, եղբորս մասին շատ բան չգիտեմ, ոստիկանական զորքերը վերահսկում են ամբողջ թաղամասը: Պատմում են, թե գրավված նախարարության շենքից զինված մարդիկ երբեմն կրակում ոստիկանների ուղղությամբ: Դու գաղափար չունես անգամ, թե արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը: Ալո մամ, եղբորս հետ վերջին անգամ խոսել եմ երեկ, դեռ կենդանի էր: Ասեց, որ էլ չզանգեմ, չզզվացնեմ, զբաղվածա: Ալո մամ, տանը ուտելու բան կա՞: Դու չես կարող այս ամենն ասել: Քո «համար մեկ խնդիրն» ըստ մորդ, այն է, որ դու խոզ ես: Երբ մարդու շուրջը թափթփված է, դա նշանակում է, որ նրա ուղեղում էլ ամեն ինչ նույն վիճակում է: Քո հարցերն ու պատասխաններն իրար վրա են գցված, խառը, ճմռթված, քո կեղտոտ շորերի նման, որոնք գցում ես լվացքի մեքենան: Ավելացնում ես լվացքի փոշին, սեղմում ես կոճակը:

Պատուհանները մարդու աչքերն են: Երբ փոքր էիր մայրդ ասում էր, եթե մարդու պատուհանները մաքուր չեն, ուրեմն նա թքած ունի արտաքին աշխարհի վրա: Դա անհարգալից վերաբերմունք է շրջակա միջավայրի նկատմամբ: Դու եռացնում ես ջուրը: Սպասում ես, որ գոլանա: Հետո ավելացնում ես նաշադիրի սպիրտ: Մայրդ ասում է, որ ամենալավը հենց դա է փայլեցնում: Ամեն տեսակ նորամուծությունները, հատուկ ապակի մաքրելու համար նախատեսված թանկարժեք նյութերն իրականում բանի պետք չեն: Դու փայլեցնում ես պատուհաններդ, դրսի աշխարհը մի տեսակ ավելի մաքուր է թվում: Ձեռքդ մտցնում ես նաշադիրով գոլ ջրի մեջ: Հետո քամում ես կտորը: Կըտ-կըտ-կըտ…բնակարանիդ լռության մեջ քամվող ջրի զայնը արձագանքվում է: Զնգում է, ղուդուտ տալիս ականջներդ: Մայրդ ասում է` ավելի լավ է այս երկու տղաների փոխարեն նա կես հատ աղջիկ ունենար:

Մայրդ պնդում է` զուգարանը մարդու դեմքն է: Եթե քո զուգարանը կեղտոտ է` դու ամուսնանալու, երեխա ունենալու, գիրք գրելու, նախագահի թեկնածու դառնալու իրավունք չունես: Դու ընդհանրապես իզուր ես տնից դուրս գալիս: Զուգարանը կարող ես մաքրել ինչով ուզում ես, հիմա գիտությունը, փառք Աստծո, հասել է այն աստիճանի, որ քիմիական հեղուկները պարզապես պետք է լցնել, ու սպասել մի կես ժամ, հետո ջուրը քաշիր: Այ զուգարանակոնքը և հատակը պետք է ձեռքով պռտես: Ծնկի իջիր: Հա ի՞նչ` հարգանքն էլ լավ բան է: Մեր պապերը բակում մի փոս էին փորում, ու զուգարանը դա էր: Հիմա յուրաքանչյուր մարդ նստում է սպիտակ, մաքուր զուգարանի վրա, ու դու այնքան հարգանք չունես այդ առաջընթացի նկատմամբ, որ անգամ երբեմն ջուրն ես մոռանում քաշել: Քո նմանները պետք է բակի փոսի հույսին մնային, ձեզ զարգացում պետք չէ: Դու պռտում ես զուգարանը ներսից, դրսից: Ռեզինե ձեռնոցներդ արդեն երկու տեղից պատռվել են, քիմիական տարբեր նյութերից մատներդ քոր են գալիս: Դա կապ չունի: Մայրդ ասում է, որ դու պապիտ ես քաշել, նա էլ էր փնթի, բայց դու փնթիների արքան ես: Քեզ ոչ մի աղջիկ չի հավանի: Դու խոզ ես ու դու ծնկի իջած մաքրում ես զուգարանի սալիկապատ հատակը: Քրտինքը ճակատիցդ կաթում է գետնին: Դա էլ ես մաքրում: Դու չես կարող զանգել մորդ ու ասել, որ իր ավագ որդու հետ ամեն ինչ հաստատ լավ կլինի: Դու չես կարող ասել, որ երկու օր առաջ Պուլիցերյան, կամ Նոբելյան մրցանակ ես ստացել: Դու չես կարող ինքնավստահ ձայնով ասել, որ այս ամառ նա մեկնելու է Փարիզ կամ Մադրիդ հանգստանալու, դա չի քննարկվում, դու արդեն տոմսերը գնել ես: Դու չես կարող այդ ամենն ասել, դրա համար ուզում ես, որ անպայման, գոնե զուգարանդ իդեալական մաքուր լինի:

Լամինատը փայլեցնող հեղուկից երկու տեսակ ես գնել`մեկը լավ որակ ունի, մյուսը` լավ հոտ: Այդպես ասաց նկարած ունքերով վաճառողուհին: Սկզբում ջրի մեջ լցնում ես մեկ բաժակ թանկանոց, լավ որակի հեղուկը: Մաքրում ես հատակը: Հետո դույլի ջուրը փոխում ես` ավելացնում ես մեկ բաժակ լավ հոտով հեղուկից: Ձեռքերով այս ու այն կողմ ես սահեցնում վրան սրբիչ գցած հատակի փայտը: Զուգահեռ շարժում ես երկու ոտքերդ, որոնց վրա հաստ սրբիչներ ես փաթաթել: Հատակը փայլեցնել է պետք: Կես ժամ անց բնակարանիդ հատակը պլպլում է ամանորյա խաղալիքի պես, տունդ էլ լցվում է նարնջի թարմ հոտով: Քեզնից քրտինքի հոտ է գալիս: Մայրդ ասում է` դու խոզ ես: Պտտում ես բաղնիքի բռնակներից մեկը, տաք ջուրը լցվում է լոգարանիդ մեջ: Հանում ես խոնավ շորերդ: Մեջքդ քրիտինքից քոր է գալիս: Հանում ես շորերդ, մերկ կանգնած նայում ես լոգարանիդ մեջ լցվող ջրին: Օճառդ մոռացել ես լոգարանի մեջ: Սառցաբեկորի պես լողալով այն հալչում է, փռփռում ու մի տեսակ պղտորում է ջուրը, որի մեջ դու պիտի մաքրվես: Ոտքերդ մտցնում ես տաք ջրի մեջ: Ոտնաթաթերդ կարմրում են, ողնաշարիդ միջով հաճելի սարսուռ է անցնում: Հանկարծ լսում ես լվացքի մեքենայի ազդանշանը: Վեր ես թռնում: Լռիվ մոռացել էիր: Դուրս ես վազում լոգասենյակից, ճպճպացնելով թաց ոտքերով վազում ես խոհանոց: Օճառոտ ջրից ոտքերդ դարձել են անկառավարելի: Սայթաքում ու ընկնում ես ուղիղ լվացքի մեքենայի առջև: Ծունկդ խփում ես գետնին: Սուր ցավից ոռնում ես: Աչքերիդ դիմաց ինչ-որ գունավոր պղպջակներ են գլորվում: Այն գունավոր սեղմակների պես, որոնք մայրդ օգտագործում էր շորերը չորացնելու համար: Կարմիր շորին կարմիր սեղմակ էր կպցնում, կապույտ շորին` կապույտ: Հարևանները, որ ամեն առավոտ ստուգում էին միմյանց լվացքի մաքրությունը, մորդ լվացքի պարանին անգամ չէին նայում: Նա մրցակցությունից դուրս էր: Նա ուներ մաքրության Սև գոտի: Բոլորը դա գիտեին, ոչ- ոք անգամ չէր ուզում ոտք մեկնել մորդ հետ: Դու կիսասողալով մոտենում ես լվացքի մեքենային, բացում ես կլոր դռնակը: Գետնին են թափվում մոխրագույն անդրավարտիքներն ու բաց վարդագուն վերնաշապիկը: Այս բոլոր շորերը պետք է ճերմակ լինեին, բայց դու կրկին մոռացել ես, որ գունավոր շորերը սպիտակների հետ լվացքի մեքենա չեն գցում: Մայրդ ասում է` դու խոզ ես: Ծունկդ ցավից չի ծալվում: Մայրդ ճիշտ է ասում:

9

Սենյակում տոթ է, չնայած որ պատուհանը բաց է: Ամեն անգամ, երբ զրուցակցիդ ճաղատ գլուխը թեքվում է դեպի ձախ, արևի ճառագայթները փայլեցնում են նրա գանգը, և նա դառնում է կոստյումով տոնածառի խաղալիք: Դու անտարբերությամբ լսում ես ռադիոյի լուրերի թողարկումը: Նա դիտմամբ է ձայնը բարձրացրել ու հրավիրում է քո ուշադրությունը: Հիմա այն պահն է, երբ մարդիկ կարծես նորովի են միմյանց բացահայտում: Վստահելի մարդ ես, թե ոչ, դա կախված է նրանից, թե ինչ կասես, արդեն 7օր ձգվող այս «միջադեպից»: Մի խումբ զիված մարդիկ գրավել են Արդարադատության նախարարության շենքը: Պատանդներ են պահում: Քաղաքի մեծ մասը նրանց պաշտպանում է, չնայած, որ չի արդարացնում արարքը: Կամ գուցե արդարացնում է, բայց վախենում է այդ մասին բացահայտ խոսել: Պատճառն իշխանություններն են, բոլորն են վերևներից զզվում: Սա նման է մանկությանդ տարիներին բակում խաղացած ֆուտբոլին, երբ խաղը սկսելուց առաջ թիմերի էիք բաժանվում: Եթե դու և եղբայրդ հայտնվեցիք առանձին թիմերում, կապ չունի… խաղի ընթացքում դուք թշնամիներ եք: Դու ամեն ինչ կանես նրան հաղթելու համար:
Հիմա էլ նույնն է կատարվում, բայց քաղաքի մասշտաբով: Խնդիրն այն է, որ դու երբեք էլ ֆուտբոլ չես սիրել:
Վահագն իր փայլփլուն ճաղատ գլուխը դեպի քեզ է թեքում, ու ժպտում: Հավանաբար սպասում է, որ պիտի մեկնաբանես ռադիոյով հնչածը: Դու թափահարում ես ուսերդ: Իբր` ի՞նչ ասեմ, խոսքեր չունեմ:
Դե հա, հասկանում եմ, եղբայրդ ոստիկան է, ցավակցում է Վահագնը: Դու զննում ես նրա սենյակը: Չափազանց մաքուր է` ոչ մի կոնֆետ, կամ թխվածքաբլիթ սեղանին դրած չկա, գոնե գցեիր բերանդ, զբաղվեիր: Վահագն անգամ սուրճ չի առաջարկում: Վահագնը գործի մարդ է:
Նրա հետ ծանոթացել ես տարիներ առաջ, մի խղճուկ խմբագրությունում, որտեղ նա մոտ մեկ ամիս քո խմբագիրն էր: Լրագրողները վազում էին ասուլիսից ասուլիս, մանր-մունր լուրեր էին բերում: Դա պետք էր արագ գցել կայք: Վահագնը չէր հավանում ձեր գրած վեռնագրերը, միշտ ջնջում էր դրանք, հետո պատճենում քո գրած լուրի առաջին տողը և արտատպում այն, որպես վերնագիր: Ստացվում էր, որ ընթերցողն իրար ետևից երկու անգամ նույն վերանգիրն էր կարդում: Վահագնը կարծում էր, որ դա հանճարեղ է : Բանը բանից անցավ այն օրը, երբ թշնամու բանակի մասին փոքր ինֆորմացիայի կողքին, որպես լուրին կից նկար Վահագնը դրել էր ինչ-որ աֆրիկյան սուրիկատների ֆոտո: Զարմացած խեղճ կենդանիները պետք է ընթերցողին հիշեցնեին, թե ինչ տեսակի զինվորներ են իրականում հարևան բանակի «մարտիկները»: Հետո Վահագնը դուրս եկավ մեդիա ոլորտից: Այժմ նա ժամանակի ճիշտ կառավարման` «Թայմ մենեջմենթի» մասին դասախոսություններ է կարդում, հատուկ ծրագրեր է իրականացնում: Ասում են` գործերը լավ են: Բացի այդ ամուսնացել է, երեխաներ ունի: Ժպտերես է ու բարի: Այս ամենին գումարած շատ գաղափարական է, աշխատում է ամեն ինչ անել ի նպաստ իր հայրենիքի: Ի սրտե: Դու այդ հարցում նրան երբեմն օգնում ես: Բնականաբար գումարի դիմաց:
Անցած անգամ, օրինակ, երբ մի բժշկուհի փորձում էր տեղեկատվական արշավ սկսել հանուն երեխաների պատվաստումների, դուք Վահագնի հետ զրուցելուց հետո եկաք այն եզրակացության, որ ի վերջո դեռ գիտությունն այն աստիճան չի զարգացել, որպեսզի մենք կարողանանք միանշանակ խոսել պատվաստումների օգուտների մասին, էլ չեմ ասում վնասների, որոնք ամենուր են: Դեմոգրաֆիական աճի կտրուկ նվազումը քեզ օրինակ: Բոլորը գիտեն, որ դա պատվաստումներից է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում: Ինչո՞ւ: Որովհետև ապացուցված բան է, դեղագործական ընկերությւոնները հատուկ են այսպիսի ծրագրով աշխատում, որ բթացնեն մարդկանց ու կառավարեն հիմարներին: Քեզնից պահանջվում էր միայն հոդված գրել: Ու դու գրեցիր: Իհարկե նախապես պայմանավորվեցիք, որ վերջում քո անվան փոխարեն Վահագնինն է լինելու: Հորեղբայրդ բժիշկ է, չես ուզում նրա հետ տհաճ խոսակցություն ունենալ: Վահագն ամեն ինչ հասկացավ:
Հոդվածդ լիովին համապատասպանում էր լրագրողական չափանիշներին: Դու չէիր ստել: Ընդհանրապես, եթե լավ ես ճանաչում ընթերցողիդ, ստել պետք չէ: Ընթերցողը միշտ կարդում է ավելին, քան դու կգրես: Օրինակ՝ դու գրել էիր, որ պատվաստանյութերը Հնդկաստանից էին: Ավելորդություն էր հոդվածիդ մեջ երկար բարակ բացատրել, որ այսօր Հնդկաստանը աշխարհում դեղագործության ոլորտում առաջատար դիրքերում է կանգնած: Դու պարզապես նշեցիր Հնդկաստան բառը, և հնդկական մի աղմկոտ փողոցի նկար դրեցիր: Դե նման փողոցների սանիտարա-հիգիենիկ պատկերը կարելի է պատկերացնել: Ընթերցողն արդեն իսկ հասկանում է, որ նման պայմաններում ապրող մարդիկ, նման կեղտոտ լաբորատորիաներ ունեն, և հասկանալի է, թե նրանց արտադրած դեղերն ինչ կլինեն: Հետո, երբ հերթը հասավ բժշկուհուն, դու գրեցիր, և դա ճիշտ էր, որ նա մի քանի տարի ուսանել է Անգլիայում: Դե բոլորը գիտեն, դրսում սովորած մարդիկ իրականում ում համար են ծառայում: Խոսքի մեջ չմոռացար նշել, որ մոր կողմից նրա բարեկամներից մեկը բարձր պաշտոն ունի Արդարադատության նախարարությունում: Հիմա լիովին պարզ է դառնում, թե ինչպես է բժշկուհին դարձել այն, ինչ կա այսօր: Պարզ է դառնում` ինչպես և ում է նա իրականում ծառայում: Դու դրա մասին չես գրում, ընթերցողը դա կարդում է: Գործը վերջացավ նրանով, որ բժշկուհին ի վերջո լռեց: Նրանից առաջ մի քանի քաղաքագետներ էին, մի երկու քաղաքական գործիչ: Վահագնը երբեք չէր ասում, թե ում էին նրանք խանգարում: Նա չէր ասում, թե որտեղից է ստանում այն գումարները, որոնց մի մասը հետո քեզ է փոխանցում: Դուք պարզապես նստում էինք նրա սենյակում և երկար բարակ զրուցելուց հետո գալիս էինք այն եզրակացության, որ տվյալ մարդու գործունեությունը վտանգավոր է երկրի համար, մարդիկ պետք է ի վերջո հասկանան, թե ով է նա: Պետք է հոդված գրել: Իհարկե ոչ մի դեպքում պետք չէ խաբել, դա բացառվում է: Դու գրում ես, Վահագնը զբաղվում է նրանով, որ հոդվածդ հայտնվում է երկրի գլխավոր թերթերից մեկում, կամ մի քանիսում:

-Պեչենի կուտե՞ս,-Վահագնը դարակից հանում է շոկոլադե թխվածքաբլիթներով լի ամանը: Դնում է դիմացդ: Հետո քթի տակ մրմնջում է.
– Դրանց լաբը կոչվում է «Սննդի մշակման և բարելավման լաբորատորիա»: Գումարը ստանում են հիմնականում դրսից:
-Գրանտակեր են,- հայտարարում ես դու, որպեսզի շեղես դիմացինիդ ուշադրությունը բերանումդ խրթխրթացող թխվածքաբլիթի ձայնից:
-Գրանտակեր են,- հաստատում է Վահագնը:
Այդ գումարներով այսպես կոչված «հետազոտություններ» են իրականացնում: Հիմնականում հայտնի են մեր «Էկո մթերքի» ուսումնասիրմամբ: Սկզբում ամեն ինչ լավ էր, ասում էին իսկական բնական մթերք ենք արտադրում: Բայց վերջերս ինչ-որ չեն հավանում «Էկո հավկիթները»:
-Ինչը՞:
-Դե …հավկիթները: Հավերին դեղեր, ամեն տեսակ քիմիա չեն տալիս…մաքուր ձևեր են ստանում: Սրանք էլ փնթփնթում են, բա նման հավկիթը կարող ա վտանգավոր լինի: Հասկանո՞ւմ ես ուր են տանում:
-Ահա,-երկրորդ թխվածքաբլիթն ավելի փափուկ ես փորձում ծամել:
-Համը հանեցին, տանում են մեզ դեպի քիմիա:
-Լսիր, դու էլ ոնց որ հավերի փոքրիկ ֆերմա չունեի՞ր:
-Ունեի, բայց հարցը ես չեմ: Հարցը ազգն է: Ազգային շահը:
Ռադիոն կողքից աղմկում է`Նա-խա-գահ հե-ռա-ցիր: Հաղորդավարն ասում է` զինված խմբավորումը պահանջում է, որ երկրի ղեկավարը անմիջապես թողնի իր պաշտոնը և հեռանա: Արդարադատության շենքի դիմաց հավաքաված ամբոխը նույնն է պահանջում: Վահագնը ասում է.
– Այդ Լաբորատորիայի տնօրենն է ոմն Անուշ անունով մի կին: Երեսունութ տարեկան:
-Հա, կարծեմ հիշում եմ իրան, ասուլիս էր տալիս, խոսում էր չրերի մասին:
«Նա-խա-գահ հե-ռա-ցիր»:
-Կարծեմ գովում էր,-հերթական թխվածքաբլիթն ես ծամում:
-Հա, հիշեցիր:
Վահագնը ձեռքով շոյեց սեփական գլուխը, մատները սուզվեցին ոչ թե մազերի, այլ գլխին արտացոլվող արևի փայլի մեջ:
-Ես այդ Անուշի կողմից հրապարակված մի քանի հոդված եմ կարդացել:
Նա-խա-գահ…Հանկարծ սուր ցավը ծակեց ստամոքսդ: Քեզնից անկախ կուչ եկար: Վահագնը ոչինչ չնկատեց:
-Այդ կինն իրական չարիք է: Այն իմաստով, որ նա բոլորովին էլ խելացի չէ, ձևեր է թափում, թե խելացի է, բայց…ամեն տեսակ ԳՄՕ-ների կողմնակից է…
Հե-ռա-ցիր…
Սենյակը սկսեց պտտվել շուրջդ: Ստամոքսդ կծկվեց, սիրտդ մի տեսակ մեծացավ, դմփդմփողը արձագանքում էր անգամ կոկորդումդ: Բերանդ լցվեց թքով: Թխվածքաբլիթը հաստատ ուզում էր դուրս հոսալ: Վահագնը շարունակում էր:
-Լավ կլիներ, եթե պրոֆեսիոնալ լրագրողը …ասենք…ուսումնասիրեր նրանց գործունեությունը, խոսեր այդ կնոջ հետ…եսիմ…
-Լավ,-ասացիր դու և ոտքի կանգնեցիր:
Վահագնը նույնպես կանգնեց:
-Գումարի մասին …
-Կարիք չկա:
-Եթե կուզես հոդվածիդ տակ ուրիշ անուն…
-Կտեսնենք: Կներես շտապում եմ:

Մոտ երեսուն վարկյան անց դու գտար միջանցքում զուգարանը: ՇՇմել կարելի է, թե ինչեր ասես կարող են դուրս պրծնել կիսադատարկ ստամոքսից: Դուրս գալիս միայն նկատեցիր, որ դա կանանց զուգարան էր: Լվացվեցիր: Օրորվելով դուրս եկար խորհրդային միության օրերում սարքված շենքի նեղ միջանցքից: Մուտքի մոտ նստած հսկիչ պապիկի ռադիոն կանչում էր` Նա-խա-գահ, Հե-ռա-ցիր:

10

Զուգարանակոնքդ այնպես է փայլում, որ այժմ, երբ գլուխդ գրեթե մտել է զուգարանիդ մեջ, քեզնից անկախ մի տեսակ հպարտություն ես զգում: Մայրդ հաստատ լուռ կնայեր զուգարանիդ: Լուռն նայելն այս դեպքում համարժեք է Նոբելյան մրցանակի: Մայրդ ունի գնահատման մի քանի մակարդակ: Թվարկենք վարից վեր`
5. Դու անհույս ես:
4.Ես պարզապես զարմանում եմ, որ դու իմ որդին ես:
3.Դու ամեն դեպքում պապիդ ես նմա:
2. Դու փնթի խոզ ես:
1. Լռություն` պատվավոր մրցանակ:
Եթե նա չի խոսում, դա նշանակում է` դու ամեն ինչ ճիշտ ես արել:
Այսօր, երբ հիվանդանոցից զանգեցիր մորդ ու կարդացիր բժիշկիդ գրած ախտորոշումը, լսեցիր`ես զարմանում եմ, որ դու իմ որդին ես: Այդ պահին դիմացից անցավ մի հղի կին իր ամուսնու`իսկական քայլող, բեղավոր ճարպագնդի ձեռքը բռնած: Մայրդ շարունակում էր ինչ-որ բաներ ասել, իսկ դու ուսումնասիրում էիր ճարպանգնդի դեմքի կարմիր բշտիկները: Անջատեցիր հեռախոսը: Երևի հիվանդանոցից մորդ զանգելու և նրանից խղճահարություն մուրալու համար պետք է առնվազն ինչ-որ քաղցկեղ ունենայիր: Հետաքրիքր է` ո՞ւմ էիր ուզում զարմացնել քո սուր արտահայտված քրոնիկ գաստրիտով: Հիմա ամեն երկրորդը գաստրիտ ունի: Մարսողությունը մարդկության համար մեկ խնդիրն է: Մենք ունենք շատ սնունդ` տեսակ-տեսակ ռեստորաններ, չինական խոհանոց, ֆասթֆուդ, խոհարարական հեռուստաալիքներ, որտեղ ամեն օր տեսնում ենք ինչպես են ռուսները սուշի, իսկ չինացիները համբուրգեր ուտում…և բոլորս միասին չենք կարողանում մեր կերածը մարսել:
Ճարպագունդն ինքնագոհ նստեց տաքսին: Սկզբից ինքը` հետո կինը:

Անցնում է Նախարարության շենքի գրավման 9-րդ օրը: Շենքի շուրջը ժողովուրդ է հավաքվել` մարդիկ ասում են, որ եկել են արյունահեղությունը կանխելու համար, իրականում զինված խմբավորման արածը նրանց սրտով է: Մարդիկ զզվում են իշխանություններից, մարդիկ արդարացնում են զենքով տղաներին: Իսկ դու օրը երկու-երեք անգամ փսխում ես: Տարօրինակ է`այս գործընթացը քեզ համար անգամ հաճելի է դարձել: Այն պահը, երբ ստամոքսիդ մկանները կծկվում են, իսկ դու փորձում ես կարգավորել շունչդ: Սկզբում ափսոսում էիր մեջիցդ դուրս եկող համեղ պիցցան, մեղրով լցոնած եփած խնձորները, բա Գիրո՞սը…Հետո մի տեսակ սիրտդ սառեց: Կորչի ամեն ինչ գրողի ծոցը: Թող կծկվի ստամոքսդ` գոնե այժմ հաստատ գիտես, որ փորի մկաններ ունես: Թող ամեն ինչ թափվի զուգարանի մեջ: Միայն թե..աչքդ զուգարանակոնքի վրա ինչ-որ սև կետ է տեսնում` կեղտի հետք: Մինչ օրգանիզմդ պայքարում է փսխելու հետ զուգահեռ շնչելու համար, դեմքդ կարմրում այտուցվում է, քթիցդ ու աչքերիցդ արցունքներ են հոսում, քո ձախ ձեռքը ձգվում է դեպի դարակի կողքին դրված խոնավ սպունգը: Մաքրում ես սև բիծը: Իդեալական մաքուր զուգարան: Փսխում ես: Ջուրը քաշում ես: Հայելու միջից քեզ է նայում կարմրած փսլնքա-արցունքոտ դեմքդ: Գրպանիցդ հանում ես ճմռթված անձեռոցիկը: Մաքրում ես դեմքդ: Ստամոքսդ գռմռում է, բայց հանգիստ, մի տեսակ հոգնած ձայնով: Ջուր ես խմում: Իդեալական մաքուր ստամոքս:

11

-Համի ուժեղացուցիչները մթերքն ավելի համեղ են դարձնում…այսինքն մարդկանց փաստացի խաբում են…
-Դե այո…համի ուժեղացուցիչները մթերքն ավելի համեղ են դարձնում: Նույնն անում են սև պղպեղը, աղը, շաքարը, տարատեսակ սուոսները և այլն…

Դու արդեն մոտ 40 րոպե խոսում ես սննդամթերքի մասին: Խոսում ես: Չես ուտում: Ստամոքսդ դեմ է: Կծկվել է, ինչպես այն սրբիչը, որ մայրդ ձեռքով լվանում, իսկ հետո ձեռքով քամում էր: Չպետք է համաձայնեիր գրել սննդի մասին: Յուրաքանչյուր բառ շեղում է: Զրուցակցիդ ցածր, բայց հյութեղ ձայնն ամեն անգամ հնչում է այն խրթոցի պես, որը լսվում է, երբ մեծ կանաչ խնձոր ես կծում: Անգամ ոտքերիդ մատներն են լարվել: Նայում ես ձեռքիդ կիսաճմռթած թղթին: Դրանից լավաշի հոտ է գալիս: Այստեղ գրել ես այն հարցերը, որոնցով պատրաստվում էիր գիտնականին խեղդել, երբ զգաս նրա լարվածությունը, երբ նրա շուրթերը բարակեն ու մեկ գիծ դառնան, ձեռքերը քրտնեն, շնչառությունն արագանա, ձայնը մի տեսակ բարալիկ, ոչ դուրեկան երանգ ստանա…Թարսի պես նա իր գզգզված կարմիր գանգուրների միջից քեզ միայն ժպտում է: Նման ժպիտ հաճախ հայտնվում է այն մարդկանց դեմքին, ում հարևանը ոգևորված ցույց է տալիս իր երեխաների նկարները ու անվերջ խոսում, պատմում է նրանց մասին:: Աչքերում ձանձրյութ է, խորը թաքցրած հորանջոց:

Ամեն դեպքում որոշում ես գրոհել:
– Գիտեք, ինձ իրականում սննդային հավելումներն այնքան էլ չեն հետաքրքրում: Ի՞նչ կասեք սննդի մոդիֆիկացիայի մասին: Խոսքս գենետիկ փոփոխությունների մասին է:
Դու ժպտում ես անբնական վառ կարմիր ներկած գանգուրներով կնոջը: Նա ժպտում է քեզ: Շուրթերը բարակ են, բայց ոչ չոր: Աչքերի տակ հավաքված պեպենները ցուցարարների ամբոխի պես թվում է, թե ուր որ է կցրվեն: Նուրբ կազմվածն ու բնականից ավել խնամված մաշկը խաբում են, թե նա հազիվ մոտ 30-32 տարեկան լինի: Եթե չլինեին աչքերն ու այդ տարօրինակ նայվածքը, նա գուցե ավելի երիտասարդ թվար: Մինչդեռ քո նոթատետրում տարիքը գրված է` երեսունութ:
-Գենետիկ մոդիֆիկացիան դա նախևառաջ այս կամ այն օրգանիզմի գենոմի ուղղորդված փոփոխությունն է: Նպատակն է`այդ օրգանիզմին տալ մեզ պետքական ինչ-ինչ հատկություններ:
Նա ավելի հարմար է տեղավորվում աթոռին: Ձեռքերը խաչում է կրծքին: Այս խոսակցությունը սկսում է նրա դուրը չգալ: Դու քեզ մի տեսակ հաղթանակած ես զգում:
-Ներեցեք, բայց սելեկցիայի դեպքում էլ մենք ազդում ենք օրգանզիմի վրա`ցանկանալով նրա մեջ ինչ-որ ուրիշ հատկություններ ներդնել: Ո՞րն է տարբերությունը: Ավելի ճիշտ` որտե՞ղ է անցնում սահմանը սելեկցիայի և գենետիկ մոդիֆիկացիայի միջև:
Նա սառած քեզ է նայում: Դու ինքնագոհ նայում ես ճմռթված թղթերիդ: Գրառումներիդ մեջ նման հարց չկա: Ստամոքսդ գռմռում է: Բարկանում ես: Այդպես երբեմն պատահում է, երբ նման առաջադրանքների ժամանակ մեջիդ լրագրողը գլուխ է բարձրացնում: Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, որպեսզի հետո քեզ ոչինչ չտանջի, պետք է հետևել նախանշված քայլերին, տալ միայն նախապես գրված հարցերը: Թույլ չտալ, որ հետաքրքրությունը գլուխ բարձրացնի: Եթե մի բան քեզ հետաքրքրեց` վաղ թե ուշ դու կունենաս էմոցիոնալ կապ այդ նյութի հետ: Իսկ դա, անկախ ամեն ինչից, վատ է: Այս դեպքում միակ բանը, որ քեզ պետք է հետաքրքրի` առաջադրանքի անթերի կատարումն է: Բայց նա արդեն սկսել է պատասխանել հարցիդ: Ծուղակում ես:
-Խնդիրը նրանում է, որ ֆորմալ առումով հստակ սահմանագիծ չկա: Սելեկցիան նույն ինքը գենետիկ մոդիֆիկացիան է: Այստեղ ճանապարհը, այսպես ասենք, ավելի երկար է: Բայց դա նույն բանն է…
Թվում է, թե պեպենները թփրտում են քթի շուրջ: Հոգնում ես:
-Ես հասկանում եմ Ձեր հարցը,- հոգոց հանում է նա,- մարդիկ սարսափում են, երբ լսում են գենետիկորեն մոդիֆիկացված սնունդի մասին:
Արևը կարծես ուժգնանում է: Կոպերդ ծանրանում են: Դու հիշում ես, որ երեկ ոչինչ չես կերել: Այսօր մի բաժակ սուրճ ես խմել: Կշտանում ես այս հարցազրույցից: Զրուցակցիդ ձայնից: Նյարդերդ բանի պետք չեն:
-Մարդիկ ի՞նչ են հասկանում որ,- ֆշշացնում ես դու,- մարդիկ չեն հավատում գիտությանը: Հավատում են հարևան Ուստա Գևորգին…
Պեպենոտը ժպտում է:
-Ուստա Գևորգը փորձված մարդ է…Խնդիրը գիտության մեջ չէ: Մարդիկ չեն հավատում մարդկանց: Իսկ այնպես է ստացվել, որ բոլոր գիտնականները մարդիկ են:
Դու հորանջում ես: Ստամոքսդ հանձնվում է: Այլևս ձայն-ձուն չկա: Հետո լսում ես`ինչպես է շրխկոցով փակվում հաստ նոթատետրդ: Պեպենոտ կարմրահերի հետ ինչ-որ բան ես պայմանավորվում: Նույն ակնթարթին մոռանում ես, թե նա քեզ ինչ ասաց: Գլուխդ ցավում է ամեն անգամ, երբ նա քեզ բարյացկամ գլխով է անում: Գոնե մազերն այդքան կարմիր չլինեին: Ձեռքով ես անում: Ցտեսություն: Շնորհակալություն:
Շորորալով տաքսի ես գտնում: Ճանապարհին անընդհատ տրորում ես աչքերդ: Կոպերդ կարմրում են: Նկատում ես դա տաքսու վարորդի հայելու մեջ: «Պեպենոտի մազերից են վարակվել» քմծիծաղով մրմնջում ես մեքենայի դռանը:
Այստեղ պահեք: Մանրը թող Ձեզ մնա: Կանչում ես վերելակը: Բացում ես բնակարանիդ դուռը: Այս բժժած վիճակից դուրս գալու համար հարկավոր է սառը ցնցուղ ընդունել: Բացում ես բաղնիքիդ դուռը: Քայլ ես դնում: Ինչ էլ մութ է: Ոտքերդ ցավում են:

Այստեղ`ներսում, սառը գետն այնքան հանգիստ է հոսում: Այն թքած ունի քո ձեռքի զենքի և ոտքերի վերքերի վրա: Դուք`բոլորդ, գետի համար մի-մի կանաչ գորտ եք: Տարբերություն չկա: Այն թքած ունի ձեր կյանքի և հատկապես մահվան վրա:
Դուք հանում եք սապոգները, ոտքերը մտցնում եք սառը հոսող ջրի մեջ: Ինչ-որ մեկը տնքում է` ցավից, թե հաճույքից, դժվար է ասել: Մթության մեջ հազիվ են նշմարվում ձեր ուրվագծերը: Շարքով նստած եք գետի ափին: Ոտքերը ջրի մեջ…Ու թերևս միակ բանը, որ կարելի է հստակ ասել ձեր մասին, այն է, որ ողջ եք: Դեռ ողջ եք:
Մտքիդ գալիս են Ձեր ֆերմայի կովերը: Տեսնես հիմա կենդանի՞ են: Մորթեցին, կերա՞ն: Համո՞վ էր: Հետո մտածում ես` տեսնես ինչե՞ր կային կովի մսի մեջ: Հիվանդություններ ունե՞ր: Գետի ջուրը տաքանում է: Հաճելի է:
-Հըն, ինչի՞ տխրեցիր,- հարցնում է կողքինդ ու ավելացնում,- ջուրը լավ սառնա , չէ՞:
«Տաքա»:
-Մտածում եմ` կովի մեջ ի՞նչ կա:
-Միս,-ստամոքսով պատասխանում է ընկերդ:
-Մսի մե՞ջ…
Ջուրն ավելի է տաքանում: Մարմինդ մի տեսակ դմբրում է: Ծանրանում ես: Ընկերդ ծիծաղում է: Մթությունը թույլ չի տալիս տեսնել, թե նա ուր է նայում: Անհարմար ես զգում: Ասես կոպերդ կապած լինեն: Ընկերդ շշնջում է:
-Մի՞թե քո պապը գիտեր, թե ինչ է ուտում: Դու էլ չգիտես: Հետո՞ ինչ, որ թղթի վրա գրված է` ածխաջրեր`20 տոկոս…Մի բան հստակ է`քեզ են ուտում: Դա ինչ-որ հատուկ դավադրությունբ չէ: Ոչ: Բնական ընտրություն է: Մարդասերները պարտվում են մարդակերներին:
Դու տրորում ես աչքերդ: Գետի խշշոցի արանքից լսվում է մեկ այլ զինվորի ձայնը:
-Հրաշալի դարում ենք ապրում: Առաջին անգամ փոքրամասնությունը կարող է կերակրել մեծամասնությանը, և հացի հետ մեր ստամոքսն է լվում նաև համոզմունքը մեր յուրահատկության մասին: Ամենքս մի-մի աստղ ենք: Որպեսզի ավելի վառ փայլենք, պետք է մի երկու-երեք օր հերթ կանգնենք նոր հեռախոսի համար: Առանց դրա չի լինի:
-Ինչի՞…
-Եսիմ: Պիցցան ուտելիս դա հասկացա: Միանգամից ստացվեց: Հասկանո՞ւմ ես…
Ինձ դեռ դպրոցում են ասել, որ իմ կարծիքը շատ կաևոր է: Անգամ եթե հիմարություններ էի դուրս տալիս, դա կապ չուներ, դա դիրքորոշում էր և վերջ: Իմ բացառիկության մասին բոլորն էին խոսում`գովազդի սիրուն աղջիկները, քաղաքական գործիչները, կրոնական կազմակերպությունները…բոլորը…բացի բանակից:
Ծիծաղեցին: Բարկանում ես: Շուրթերդ հազիվ են շարժվում: Շշնջում ես:
-Դու բացառիկ ես, ինչպես հարյուր դոլլարանոցը: Քեզ հայելու մեջ նայիր: Դու լրիվ կանաչ ես: Քեզ փոխանակում, վատնում են ամեն տեսակ բարիքներ ստանալու համար: Քեզ գողանում, ճմռթում, նորից են տպում: Իսկ ամենակարևորն այն է, որ փողն արժեք ունի, քանի դեռ երաշխավորող ունի: Դու երաշխավորող ունե՞ս:
Հաջորդ ակնթարթին մթությունը պայթեցնում է թշնամու կրակահերթը: Բոլորդ գորտերի նման ցատկում եք գետի մեջ: Խեղդվում ես: Գլուխդ դուրս ես հանում ջրից: Բացում ես աչքերդ: Շորերով պառկած ես ջրով լի լոգարանի մեջ: Միայն կոշիկներդ ես հանել: Գլխիդ վերևում խշշում է ցնցուղից հոսող տաք ջուրը: Սուզվում, գլուխդ դնում ես լոգարանի հատակին: Փակում ես աչքերդ:

12

Բժիշկն ասաց լուսնոտությունը լուրջ խնդիր չի: Բժիշկն ասաց` նյարդերդ լարված են: Դեղ կխմես, կհանգստանաս, կանցնի: Բժիշկն ասաց` լրագրողի գործը գործ չի: Ուրիշ զբաղմունք գտի: Բժիշկը ծիծաղեց, երբ ասացիր, որ միշտ սոված ես:Ասաց`մարդիկ էս կյանքից ախորժակ չունեն, իսկ դու բողոքում ես ուտելո՞ւց: Առողջ տղամարդը պիտի լավ սնվի: Բժիշկը ձեռքի հետ ռադիո էր լսում: Արդեն տասներորդ օրն է, ինչ զինված խմբավորումը գրավել է Արդարադատության նախարարության շենքը: Նախագահը ոչ մի կտրուկ քայլի հրաման չի տալիս: Բոլորը սպասում են: Ոստիկանների, քաղաքացիների, երկրի համբերության մեծ տոնավաճառ է` գները բարձրանում են:
Երկու օր առաջ եղբորդ խորհուրդով տեսագրող սարքը միացրեցիր ու քնեցիր: Առավոտյան էկրանին տեսար, թե ինչպես ես գիշերն այս ու այն կողմ գնում: Մոտեցել էիր համակարգչիդ: Ջնջել էիր վերջին ամսում արված հարցազրույցների ձայնագրության ողջ արխիվը: Պտտվել էիր տեղում, մոտեցել պատուհանին, հետո պառկել ու քնել:
Բժշկական մեծ հանրագիտարանը մռթմռթաց`դրանք լուսնոտության նշաններ են: Փաստորեն Ստալինի նկարն էլ էիր դու փակցրել պատին, պապիդ մեդալներն էլ մտցրել բարձիդ տակ:
Մոտակա պոլիկլինիկայի երիտասարդ հոգեբանը քեզ բաց բերանով լսեց: Հետո ոգևորված ասաց, որ դա շատ հետաքրքիր դեպք է: Հրավիրեց մի քանի կոնսուլտացիայի իր մոտ: Ասացիր` փող չունեմ: Ասաց` անվճար: Մայրդ ասաց` դու անհույս ես:
Երբ հաջորդ անգամ գնացիր պոլիկլինիկա, պարզվեց, որ ոգևորված հոգեբանը դարձել է երկրում թափ առնող ընդդիմադիր շարժման ակտիվիստ, իսկ երկու ժամ անց տեղեկացել է, որ Գրին Քարտ է շահել: Մի կողմ է դրել ազգային քաղաքական պայքարը և աշխատանքը, թռնում է Ամերիկա` լավ կյանքի ու ապագայի ետևից:
Քեզ դիմավորող ցմփոր, միջին տարիքի հոգեբանը ռադիոն բարձր միացրած քո գանգատները լսեց, թղթի վրա ինչ-որ դեղի անուն գրեց: Հաճախ ժպտում էր` մատներով հարդարելով մոխրագույն բեղերը: Քեզ անընդհատ թվում էր` ուր որ է նա իր գրասեղանի տակից ձմերուկ կհանի ու կմեկնի քեզ. «Ուզո՞ւմ ես կտրեմ փորձես: Մեջը սաղ կարմիրա: Քաղցր: Կիլոն 120 դրամ: Սրանից մենակ մեր պոլիկլինիկայում են ծախում: Ես եմ բերում…»:

13

Սուպերմարկետի հերթում կանգնած հաշվում ես, թե որքան գումար է մնացել հոդվածիդ դիմաց ստացած հոնորարից: Եթե հանենք կոմունալ պարտքերը, դեղի փողը…չէ, չի ստացվում: Մնացած գումարը հազիվ հերիքում է, որ այսօր ու վաղը ստամոքսդ ինչ-որ բանով լցնես: Աննային ոչ մի տեղ հրավիրելու փող չունես: Նորից: Հոնորարդ այս անգամ սպասվածից քիչ էր: Վահագնը փող տալիս միայն ուսերը թափ տվեց` իբր ներիր, ես էլ չգիտեմ, թե ինչպես այսպես ստացվեց: Դու գիտեիր` հոդվածն այնքան էլ սուր ու վարկաբեկող չէր: Պարզապես հերթական տաղտկալի զրույց ԳՄՕ-ի մասին: Բայց Վահագնի դեմքը միանգամից փոխվեց, երբ իբր իմիջիայլոց ասացիր, որ իր ուզածի պես կարող է խմբագրել նյութդ: Ինչ ուզում է` թող փոխի: Հավանաբար այս խոսքերն էին պատճառը, որ հաջորդ օրը նոր հոդվածի պատվեր ստացար: Ինչ-որ ոգևորված մարդաբան երիտասարդների համար անվճար սեմինարներ է անցկացնում, պատմելով նրանց Աֆրիկայից եկած, կապիկից առաջացած մարդկության մասին: «…Մի տեսակետ, որ շատ լուրջ գիտնականներ շատ կասկածելի են համարում»,-ասաց Վահագնը: Դու հարցրեցիր, իսկ այդ լուրջ գիտնականների կոնտակները ևս կարո՞ղ է քեզ տալ: Իհարկե, եղբայրս, բայց նախ այդ խեղկատակի հետ հանդիպիր:
«Խեղկատակին» կհանդիպես վաղը: Հարցազրույցին պատրաստ չես: Նախագահը հեռուստացույցով ասում է, որ Նախարարության շենքը պետք է ազատել առանց զոհերի: Եղբայրդ տանը չի լինում: Ծառայում է: Աննան մտքիցդ դուրս չի գալիս: Վերջերս իրար գրեթե չեք տեսնում: Հանդիպելիս հազիվ հարցնում եք երկու բառ փոխանակել: Հետո նա փախնում է «գործերով», իսկ դու գործընկերներիդ աշխատասեղանների դարակներում կոնֆետներ կամ ուտելու այլ բան ես փնտրում: Ինչ-որ ներքին զգացում ունես, որ օր օրի ավելի ու ավելի քիչ ես հետաքրքրում Աննային: Իսկ…մի րոպե…երբևիցե հետաքրքրե՞լ ես: Նման մտքերից ավելի ես սովածանում:
Սուպերմարկետից դուրս ես գալիս, երեխայի պես պինդ-պինդ գրկած ալյուրի մեծ տոպրակով: Որոշեցիր ալյուր գնել, երբ փողոցում կանգնեցիր ու քեզնից անկախ նայեցիր բանկերից մեկի պլպլան պտտվող դռներին: Ի վերջո այստեղ փող կա: Կարելի է վարկ վերցնել: Չէ, մի րոպե: Դու ինքդ քեզ խոսք ես տվել, որ այդ ծուղակը չես ընկնի: Պարտքով կյանքդ չես ապրի, ինչպես մյուսներն են անում` պարտքով տուն, մեքենա, մասնագիտություն, երջանկություն:
Երբ փոքր էիր, բակի միակ մթերային խանութի տերը պարտքերի մի հաստ տետր ուներ: Այնտեղ գրված էին ձեր բոլոր հարևանների անունները: Միայն մորդ անունը չկար: Եթե դու բլիթ ուզեիր, նա կասեր` ոչ, տետրում իր անունը երբեք չէր գրի: Արդյունքում դու քեզ ճղելով լաց էիր լինում, իսկ մորդ դեմքը քարանում էր: Շուտով քո մանկական մտքին հասավ մի պարզ բացատրություն` տետրի մեջ մորդ անվան բացակայությունն ավելի կարևոր էր, քան քաղցր պատառի քո ցանկությունը: Ինչո՞ւ: Դու պատասխանը չես գտել, բայց այսօր էլ շարունակում ես խոսանավել ամեն տեսակ պարտքերի և չվճարված հաշիվների ցուցակներից: Այս ամենի մասին հաճախ ես մտածում: Եկել ես այն եզրահանգման, որ քեզ շրջապատող աշխարհը, ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ դու ինքդ մի օր հանձնվես ու վերածվես երջանիկ պարտականի: Ֆիլմերից, հեռուստաշուներից, փողոցից քեզ անընդհատ նորանոր ցանկություններ են նայում: Դրանք այնքան շատ են, այնքան գայթակղիչ ու թանկ, որ անգամ եթե 24 ժամ աշխատես դժվար թե հասցնես բոլորը ձեռք բերել: Բայց պիտի ձգտես…Հատկապես նոր իրեր առնելուն: Մեր օրերում մարդու ինքնության զգալի մասը կախված է իրեն շրջապատող իրերից: Նրանք են մարդու հայելիները: Քո թանկարժեք հեռուստացույցը, հեռախոսը, մեքենան, բնակարանը և անգամ հասցեն ավելի շատ բան կպատմեն քո մասին, քան դու ինքդ: Իհարկե դու էլ կարող ես խոսել, բայց նախընտրելի է գրես, օրինակ ֆեյսբուքյան քո էջում, թե չէ քեզ լսելու ժամանակ ո՞վ ունի:
Դու այս ամենից իրականում շատ չես նեղվում: Մարդիկ միշտ են այդպիսին եղել: Սիրել ու բարձր են գնահատել իրերը: Միայն թե տխրեցնում է այն միտքը, որ ժամանակին մարդու գործերն էին իրերին արժեք տալիս, իսկ հիմա հակառակն է: Օրինակ` Պագանինիյի ջութակը վերջերս վաճառվեց քո պատկերացումներից վեր գնով: Թվում է, թե ջութակ է էլի…Բայց ախր այս մեկով նվագել է մաեստրոն: Վարպետի մատները ձևավորել են իրի արժեքը: Իսկ օրեր առաջ, երբ խանութից քեզ համար «Ադիդաս» բոթասներ գնեցիր, մի տեսակ այդ ոտնամանները խորը իմաստ ու ներշնչանք տվեցին երեկոյան մոտակա այգում վազելու քո գաղափարին: Մինչ այդ էլ ժամանակ առ ժամանակ վազում էիր: Բայց դա կարծես անիմաստ գործողություն լիներ: Քիթ փորելու պես մի բան: Իսկ հիմա…Վաճառողը հարցրեց, թե արդյոք պրոֆեսիոնալ մարզիկ ես: Դու շունչդ պահեցիր, որ փորդ ձգվի և գլխով արեցիր: Ադիդասով երբ այգի մտար, քեզ միաժամանակ թեթև և ուժեղ էիր զգում: Անգամ թվաց, թե ճանապարհին հանդիպած աղջիկներն ուրիշ աչքով են նայում: Դե սպորտսմեն տղան ուրիշ է: Թանկագին գնումդ իր անճաշակ խայթող կանաչ գույնով հեռվից հեռու գոռում էր այն մասին, որ գրպանումդ փող կա: Եվ կարևոր չէ, որ հինգերորդ րոպեից շունչդ փչեց: Վաղը…Չէ, հաջորդ շաբաթ նորից կփորձես:
Եվ այսպես, դու կանգնած ես բանկի մուտքի դիմաց քո նոր սպորտային կոշիկների մեջ ու մտածում ես, որ Աննային ինչ գնով էլ լինի պետք է մի տեղ հրավիրել: Դրա համար փող է պետք: «Մեզ զոհեր պետք չեն» կրկնում է ականջակալներից միայն քեզ հասնող ռադիոյի միջից Հանրապետության նախագահը: Քո մոտ փող չկա: Իսկ բանկում կա: Քայլ ես անում դեպի բանկ: Մի տեսակ լարվում ես: Որքան մոտ են քեզ այդ պլպլացող-պտտվող դռները, այնքան սուր է զգացումը, որ կորցնում ես սեփական կյանքդ վերահսկելու վերջին ուժերը: Հանկարծ մտքիդ է գալիս կարմրահեր գիտնականը: Ի դեպ նրա անունը` Անուշ, մազերի գույնի հետ հեչ չէր սազում: Զրույցի ժամանակ դու հարցրեցիր` արդյոք չի վախենում իր գործունեությունից, արդյոք չի վախենում, որ մի օր այդ փոփոխված միրգն ու բանջարեղենը այլևս իրենը չեն լինի, այդ գենետիկ փոփոխությունները կշարունակվեն լիովին այլ, անկանխատեսելի ձևով, որ իր գիտական տարատեսակ փորձերն իրենց ճանապարհով կգնան: Անուշը ծիծաղեց: Հետո ասաց.
-Որ գնաս տուն հաց թխիր, ձևը գիտե՞ս:
-Հա՞ց:
-Ահա:
-Ինչո՞ւ հաց:
-Դե ինչ-որ բանից պետք է սկսես ի վերջո…հեչ թխած կա՞ս:
-Չէ:
-Իսկ ամեն օր ուտում ես, չէ՞:
-Դե հա:
-Դու ամեն Աստծո օր ուտում ես, այսինքն մարմնից մասն ես դարձնում մի բան, որն անգամ ինքդ պատրաստել չգիտես: Էլ ի՞նչ «իրավիճակին տիրապետելու» մասին ես հարցնում:
-Դե, ես ուզում էի ասել…
-Ալյուր գնիր: Հաց թխիր: Դա բարդ չէ:
Բանկի պտտվող դռան հետ մի շրջան արեցիր ու վազեցիր սուպերմարկետ: Ալյուրն ու խմորիչը դրված էին կողք կողքի` վեցերորդ շարքի երկրորդ դարակում:

14
Հացի խմորը գոլ ջուր է սիրում: Գոլ ջուր, մի գտալ աղ, խմորիչ, շաքարավազ… Կալորիականությունը` հարյուր գրամում երեքհարյուր կիլոկալորիա: Կեր ու չաղացիր: Դու կասես` հացն ի վերջո ածխաջրերի մեծ պաշար է: Ուղեղն ածխաջրերով է սնվում: Քեզ ածխաջրեր պետք չեն: Դու գիտես, ինչպես սեղմել հեռախոսիդ կոճակը, հեռակառավարման վահանակի, ֆոտոապարատի, միկրոալիքային վառարանի, համակարգչի, լվացքի մեքենայի սեղմակները: Այնպես որ`կեր ու չաղացիր:
Հացի խմորը գոլ ջուր է սիրում: Այդպես, երբ մատներդ մտցնում ես խմորի մեջ այն կենդանի է թվում: Դիակի պես սառը չէ: Դրա համար էլ կպչում է ձեռքերիդ` երեխայի նման: Չես կարող հենց այնպես պոկել: Ստիպված ես աշխատել: Տրորել, տրորել…
Հոգնեցնող է: Հազար անգամ մտածում ես` թքած, դեն նետես, ձեռքդ լվանաս, բայց շարունակում ես տրորել ու տեսնում ես, որ ինչ-որ բան ստացվում է: Խմորը կամաց-կամաց ձևափոխվում է, կամաց-կամաց քո ձեռքի կարիքն էլ չի զգում: Դու քրտնում ես, ձեռքդ ցավում է: Խմորն արդեն չի կպչում մատներիդ: Խմորն արդեն ինքնուրույն է: Հիմա դու պետք է այն հանգիստ թողնես: Փակիր, դիր մի կողմ: Թող ինքն իրեն աճի: Երկու-երեք ժամից կբացես: Կզարմանաս: Փքվել է: Կարող ես մի փոքր համտեսել: Հետո դիր վառարանն ու սպասիր:
Գնել ես 10 կգ ալյուր, 1 կգ աղ, խմորիչ, 5 կգ շաքարավազ: Հաց ես թխում: Մի տեսակ հանգստացել ես: Մտածում ես` սուպերմարկետի հացաբուլկեղենի բաժինը քո կյանքի վրա էլ ազդեցություն չունի: Փոքր հաղթանակ, փոքր ազատություն կա այս ամենի մեջ: Խանութի` գունավոր, թեփով, տարատեսակ ալյուրներից պատրաստված հացերն այլևս քեզ չեն կանչում: Դու արդեն գիտես, որ կարող ես ապրել առանց այդ բաժնի: Հացերի դիմաց փնտրող, գնահատող հայացքով կանգնած մարդիկ քեզ փոքր են թվում, անօգնական, ինչպես երեխաները: Դու մի գլուխ բարձր ես, մի քիչ մեծացած: Մտածում ես` որքան ազատ է ցորենի արտ ունեցողը: Նա, ով գիտի, ինչպես հացահատիկը վերածել ալյուրի: Ազատ են կոշկակարը, դերձակը, ձկնորսը…Նրանց ապրանքի անունը երևի չի հետաքրքրում: Նրանք գիտեն ապրանքը ներսից: Գոնե մեկը: Նրանք գիտեն, որ չկա ապրանք, կա աշխատանք: Աշխատանքը պատրաստի չի լինում: Այն շարժման մեջ է: Սուպերմարկետն աշխատանքի քարացած ցուցահանդես է: Եվ դու արդեն մեկ բաժնից ազատ ես: Ուրախ ես: Այդ կապակցությամբ` սելֆի քո թխած հացի հետ: Կեր ու չաղացիր:

15

Հացդ համեղ է: Զարմուհուդ համար էլ կպահես: Նա հաստատ կհավանի: Նա քեզ է քաշել: Փորդ լցվում է, մտքերդ սկսում են արագանալ: Զանգե՞ս Աննային:
-Ալո:
-Ողջույն: Որտեղ ե՞ս…
-Օֆ, մի հարցրու:
-Հարցնում եմ:
Աննան նոր ԱյՖոն անվանումը կրող հեռախոսի համար խանութի մուտքի դիմաց գոյացած հերթի մեջ է:
-Լուսաբանո՞ւմ ես,-կատակեցիր դու:
-Չէ…
Աննան «չէ»-ն կուլ տվեց այնպես, ինչպես դու ես կուլ տալիս գիշերվա կեսին սառնարանից հանած տորթի կտորն այն պահին, երբ հանկարծ հայտնվում է եղբորդ կինն ու հարցնում` ինչ ես անում:
«Պարզ է»: Անջատեցիր հեռախոսդ: Ի դեպ հին մոդելի Սամսունգ: Մտածեցիր: Մեկ նոր Այֆոնն արժե մոտ 6 հատ «հատուկ» հոդված: Եվս հինգ տեքստ ու հեռախոսն Աննայինն է, Աննան` քոնը: Այս բանաձևի մեջ ինչ-որ պատանեկան պարզամտություն կա, բայց հիմա այն ամենուր է: Դու նախ զանգում ես Վահագնին, ասում, որ այս ամիս ազատ ես: Միանգամից ստանում յոթը հոդվածի պատվեր: Պայմանավորվում եք` չորսը հանձնելու դեպքում միանգամից ամբողջ գումարը կստանաս, իսկ հետո կհանձնես մնացածը: Հետո զանգում ես Աննային ու խնդրում, որ հերթի մեջ չկանգնի: «Մի քանի օրից դու կունենաս նոր այֆոն. անցած ծնունդիդ ուշացած նվերն է»: Երբեք այդքան ինքնավստահ ոչինչ չէիր ասել: Քեզ վերջին անգամ այսքան լավ զգացել ես երևի տասնհինգ տարեկանում:
Մարդու Էվոլուցիան ուսումնասիրող գիտնականների մեջ մի այսպիսի վարկած է շրջանառվում, համաձայն որի նախամարդը սկսել է երկու ոտքի վրա հստակ կանգնել ու քայլել, որովհետև երբ երկու ձեռքերն էլ ազատվել են, կարողացել է ավելի շատ միրգ ու հատապտուղ բերել հասցնել էգին ու իր ձագերին: Որսի համար էլ այդպես ավելի հարմար է: Նրա ձագերն ավելի կուշտ փորով կքնեին, էգն էլ հաստատ իրենից չէր փախչի ավելի ուժեղի մոտ: Մտքիդ եկավ հենց այս վարկածը: Հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր` գուցե երկու ոտքով քայլելու ժամանա՞կն է:
Աննան քեզ հավատաց:
-Զզվում եմ հերթերից,-մլավեց նա:
-Ես էլ…
Երբ փոքր էիր ու երկրում պատերազմ էր, հացը հատուկ կտրոնով էին տալիս: Ձեր ընտանիքին հասնում էր հաց ու կես: Մայրդ քեզ ու եղբորդ ուղարկում էր հացի: Հերթի մեջ այնքան երկար էիք կանգնում, մինչև սկսում էիր պարապությունից թարթիչներդ պոկել: Եղբայրդ սաստում էր: Նա մեծ էր, կարողանում էր հանգիստ սպասել: Դուք այդ ժամանակ լավ ախորժակ չունեիք: Մայրդ ստիպելով էր կերակրում: Այդ հացն ու կեսը հերիքում էր: Իսկ ընտանիքներ կային, որոնց համար դա շատ քիչ էր: Մի օր մի կին լաց էր լինում, խնդրում վաճառողին, որ կես հաց ավել տա: «Սոված են մնում էրեխեքս»: Դու չես հիշում` այդ օրը կնոջն ի վերջո ավել հաց տվեցին, թե ոչ: Դու հիշում ես հերթը: Պոկվող թարթիչների պտտոցը: Իսկ մարդիկ մոռացել են: Ոտաբոբիկ չեն, բայց հերթ են կանգնում կոշիկի խանութի դիմաց: Բոլորը հեռախոսներ ունեն, բայց հերթ են կանգնում նոր Այֆոնի համար: Ձեռքդ մտցնում ես ալյուրի պարկի մեջ: Երազի պես փափուկ է:

16

Երեք օրում` չորս երկար հարցազրույց: Այսքան արդյունավետ դեռ չէիր աշխատել: Ռադիոյում գրեթե չերևացիր: Խմբագիրդ ասաց` ազատ ես: Քեզ հեռախոսով հեռացրեցին աշխատանքից: Հեչ պետքդ չէր: Հայտնի բժիշկ, պրոֆեսոր Դավիթ Կանայանի հետ խոսեցիր երեխաների պատվաստման մասին: Դեմքիդ ժպիդ ներարկած լսում էիր զրուցակցիդ պատասխանները: Նա պատրաստված էր: Զգույշ էր խոսում: Երկար տարար բերեցիր, մտքի թելերը խառնեցիր, դարձրեցիր խճճված կծիկ: Հետո նա ասաց` իհարկե վակցինացիան որոշակի վտանգներ պարունակում է: Շարունակությունը չլսեցիր: Կարծես ալերգիկ ռեակցիներից էր խոսում: Բայց դա էական չէր: Գրիչով նոթատետրիդ էջի անկյունում գրեցիր հոդվածիդ ամենահավանական վեռնագիրը.
«Վակցինացիան վտանագավոր է»: Վահագն ասում էր (և զուգահեռ թխվածքաբլիթ էր ուտում ու քեզ չէր հյուրասիրում), որ այդ «սութի գիտնականները դրսի փողերն ուտում են ու այնպես անում, որ մեր ազգի քոքը կտրեն»: Վահագնը մի տեսակ ավելի բաց ու ազատ սկսեց խոսել, երբ տեղեկացավ, որ այլևս ռադիոյում չես աշխատում: Հասկացավ, որ հիմա քո միակ գործատուն ինքն է: Դու փախնելու տեղ չունես, հետևաբար պարտավոր ես իր պես մտածել: Դու չէիր լսում նրան: Թխվածքաբլիթ էիր ուզում: Չառաջարկեց: Մտածեցիր, որ Վահագնը նոր երիտասարդության մի պարզ նմուշ է: Այս մարդիկ լավ են հագնվում, նրանք տանը, մտքում, նոթատետրի մեջ կյանքի ամեն հարցի համար պատասխաններ ունեին: Նրանք գիտեին` իրենց միտքն ազատ է, համոզմունքները` հստակ: Նրանց բնակարանները ճաշակով կահավորված են: Սառնարանում պահվող սնունդը, հիգիենիկ պարագաները և անգամ կոշիկները` բացառապես «էկո» և «օրգանիկ»: Նրանք որպես կանոն չեն ծխում: Այդպես էլ մնացիր նրա փառակալած, թխվածքաբլիթ ծամող ատամներին նայելով:
-Պետք է նրանց հանենք ջրի երես,- ծամում ու կուլ էր տալիս նոր գործատուդ:-Դու պրոֆեսիոնալ ես: Դու կարող ես դա անել:
Դու լավ լրագրող ես: Դու գիտես, որ անկախ նրանից, թե մարդն ինչ է ասում ու մտածում, քո հոդվածում նա կասի, այն, ինչ քեզ է հարկավոր: Որքան բարդ են զրուցակցիդ խոսքերն, այնքան դու շարժվելու և երևակայելու տեղ ունես: Քո գլխավոր զենքը կոնտեքստից դուրս հանված նախադասություններն են:
Վահագն այնտեղ էր, որտեղ ուզում էր լինել: Հենց այն աթոռի վրա: Նա կուլ տվեց վերջին թխվածքաբլիթը, նայեց աչքերիդ մեջ:
-Գիտես, մարդիկ, երբ փոքր են լինում, սիրում են քիթ փորել, բոբո հանել: Հետո մեծանում, իրենց ուղեղներն են փորփրում ու էլի բոբոներ են հանում:
«Բոբո» բառը նա քմծիծաղով արտաբերեց: Հետո քեզ աչքով արեց: Դու արդեն սովորել էիր, որ ձեր յուրաքանչյուր զրույցը նա ավարտում էր հերթական «եսիմ ինչ»-ով, որը Վահագնի համար փոխարինում էր «Այսքանը, ազատ ես» նախադասությունը:
Դու մտածում ես` այսպես նա երևի ինքն իրեն ավելի կարևոր է զգում:

17

Արամ Լուսինյանը մոտ 45-47 տարեկան կլիներ: Կենսաբանական գիտությունների թեկնածու: Շապիկը ժամանակին երևի կարմիր է եղել: Հավանաբար օրերով կուչ է եկել դարակի արանքում, այդ պատճառով այժմ գիտնականի մարմնի վրա թառել էր կտորից փրփուրի պես: Ձեռքերն ավելի շատ դաշնակահարին կսազեին, հայացքը` ծեր հրաշագործին: Մոտ երկու տարի առաջ որոշել է գիտությունը հասցնել հասարակ մարդկանց: Անվճար սեմինարների ժամանակ պատմում է էվոլյուցիայի տեսության և գենետիկայի վերաբերյալ գիտության վերջին ձեռքբերումների մասին: Վահագնին դա դուր չի գալիս: Նա ասում էր` Լուսինյանն իսկական ֆաշիստ է, ուզում է սպանել հասարակոթյան մեջ հոգևորը: Դեմ է մարդկության ծագման վերաբերյալ ամեն տեսակ այլընտրանքային տեսությանը: Իսկ դա լուրջ չի:
Քո խնդիրը նրանում է, որ Լուսինյանն իրոք դուրդ գալիս է: Վաղուց ոչ-ոքի հետ զրուցելիս այսքան հետաքրքիր չի եղել: Գիտնականն այնպիսի խաղաղված ձայնով էր խոսում, ասես Աստծուն գտած լիներ: Աթեիստ էր: Ծուղակդ չէր ընկնում: Յուրաքանչյուր հարցիդ պատասխանում էր քնացնող համբերությամբ: Հիմա էլ պարզաբանում էր, թե ինչ բան է էվոլուցիան: Ասում էր, որ գենետիկայի բացահայտումը, վերջնականորեն ապացուցեց այս գործընթացի իսկությունը: Նա խոսում էր բացահայտ, անհերքելի փաստերի մասին: Հարցերդ, որ այդպիսի ջանասիրությամբ գրել էիր, այժմ քեզ փոքրացնում, դարձնում էին երեխա: Նրա խոսքը գնալով դանդաղում, պարզանում էր: Այդպես երբեմն դու ես խոսում զարմուհուդ հետ:
-…Բազմացման էֆեկտիվությունն ավելի ճիշտ կլինի գնահատել ոչ թե ելնելով երեխաների, այլ թոռների քանակից…
-Ներողություն, ընդհատում եմ: Իսկ կարո՞ղ եք պատմել` ինչ է սեռական ընտրությունը:
-Դա բնական ընտրության հետաքրքիր ձև է, որը հատուկ է այն օրգանիզմներին, որոնք ունեն սեռային տարանջատում: Դրա արդյունքում սեռերի մոտ զարգանում են այնպիսի հատկություններ, որոնք թույլ են տալիս ավելի գրավիչ երևալ հակառակ սեռի աչքերում: Երբեմն այդ հատկությունները կարող են պրակտիկ ոչ մի այլ կիրառություն չունենալ և անգամ խանգարել: Օրինակ` եղջերուների տեսակ, որի մոտ եղջուրներն անհավանական չափսերի են հասնում: Դա իհարկե բարդացնում է նրանց կյանքը:
Մտքիդ Աննայի խայթող կարմիր շրթներկը եկավ: Այն լցվում էր շուրթերի մանր ծալքերի մեջ և թելիկ-թելիկ ընդգծում դրանց փափկությունը: Լուսինյանը շարունակում էր:
-Շատ դեպքերում արույի գլխավոր խնդիրը էգի ուշադրությունը գրավելն է: Չէ՞ որ էֆեկտիվ բազմանալու համար նախ պետք է զուգընկեր գտնել, ցանկալի է` լավ գեներով:
-Ասացիք լավ գեներ…Գիտե՞ք ինչ մտածեցի: Բժշկության զարգացումը բերեց նրան, որ բնական ընտրությունը, որի մասին, այսօր այդքան խոսեցինք, փաստացի տուժեց:
Ժպտաց: Դեմքի մկանների այդ թեթևակի կծկումը գիտնականին երեխայի անմեղություն հաղորդեց: Առաջին անգամ մտածեցիր` ատում ես գործդ:
-Մարդասիրության տեսակետից բնական ընտրությունն այնքան էլ հաճելի բան չէ: Ոչ-ոք չէր ցանկանա դրա զոհը դառնալ: Այդպես էր, օրինակ, միջնադարում: Մարդկանց կյանքի միջին տևողությունը մոտ երեսուն տարի էր: Մանկական մահացության մասին էլ չեմ խոսում, կարծեմ մոտ վաթսուն տոկոսի էր հասնում…
-Կարելի՞ է ենթադրել, որ նման պայմաններում գոյատևում և սերունդը շարունակում են հիմնականում ամենախելացիներն ու առողջները:
-Կարելի է: Բայց քաղաքակրթության զարգացման արդյունքում բնական ընտրության այդ գործոնը թուլանում է: Մեր օրերում հանգիստ ապրում և ընտանիք են կազմում այնպիսի ժառանգական մուտացիաներով մարդիկ, որոնք ժամանակին շատ շուտ կմահանային: Մարդասիրության տեսակետից դա հրաշալի է, բայց ցավոք մեծ հաշվով վատ է անդրադառնում մեր գենոֆոնդի վրա: Այդ մուտացիաներն ազդում են մեր ինտելեկտի վրա, թուլացնում են առողջությունը: Եթե ոչինչ չարվի, մարդիկ գնալով ավելի վատառողջ և հիմար կդառնան:

Այ այստեղ զգույշ եղիր:

Լուսինյանը շարունակում է:
-Մեր քաղաքակրթական պայմաններում անգամ շատ ցածր ինտելեկտով մարդիկ հանգիստ բազմանում են: Որոշ հասարակություններում, որոշակի պայմաններում անգամ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ցածր ինտելեկտով մարդիկ ավելի արագ են բազմանում: Հետևանքները կարող եք պատկերացնել:
Հետո նա խոսեց այն մասին, որ մարդիկ իհարկե բոլորն էլ իրավունքն ունեն ապրել հավասար պայմաններում և լավ աշխարհում, որ իրավիճակը կարող է շտկել գիտության զարգացումը: Եթե մենք կարողանանք «ժամանակին կիրառել մեր գեները գիտակցված բարեփոխման ենթարկելու մեթոդը», դա կարող է բոլորիս փրկել…Բայց դա այլևս կարևոր չէր…
Կոնտեքստից հանված բառերն են քո զենքը: Չնայած Լուսինյանը հավատաց, քո ի սրտե հետաքրքրված հայացքին, այնքան բաց խոսեց, որ անգամ կոնտեքստն իրեն չի փրկի:
Փորդ գրմռաց: Մտածեցիր, որ երբ Վահագնից գումարդ վերցնես, ամենադժվարը կլինի ռեստորան չմտնելն ու ինչ-որ հավի կրծքամիս տոմատե սոուսի մեջ չպատվիրելը: Լեզուդ խորտակվեց բերանդ հեղեղած թքի մեջ: Ծանր ժամանակները ծայրահեղ քայլեր են պահանջում: Կգնաս մորդ տուն, այնտեղ հաց կուտես: Անալի խաշած բրոկկոլին յուղազրկված յոգուրտի հետ կլցնես ստամոքսդ: Ի վերջո գաստրիտ ունես, առողջ սնունդը քեզ համար անհրաժեշտություն է:
Ճանապարհին առաջին անգամ մտքովդ անցավ, որ չգիտես, թե իրականում ով է այս վարկաբեկող հոդվածների պատվիրատուն: Հասկանալի է, որ Վահագն ինչ-որ մեկի, կամ մի խումբ մարդկանց պատվերն է կատարում քո միջոցով: Եկեղեցի՞ն: Դժվար: Կրոնն ու գիտությունը քո երկրում զուգահեռ աշխարհներում են ապրում և աշխատում են չհատվել, իսկ հանդիպելիս միմյանց մեղմ ժպտում են: Այստեղ չարություն չկա: Գուցե փողի հա՞րց է: Ասենք ուրիշ գիտնականներ կամ լաբորատորիաներ ուզում են, որ իրենց հետազոտության համար գումար պոկել: Որպեսզի դա արվի, նախ պետք է վերացնել ոլորտում մրցակիցներին: Տրամաբանական է, բայց դե, այն, որ երկիրը տափակ է, նույնպես տրամաբանակն է: Դու չգիտես պատճառը: Դու զենք ես ուրիշի ձեռքում: Փոքրիկ զինվոր: Մեկ-Երկու, մեկ-երկու…Քայլդ դառնում է շարային…
Սկզբում մի տեսակ թանձրանում ես: Հետո հայացքդ քարանում է, նայում ես ինչ-որ կամայական նշանակետի: Հանկարծ հասկանում ես, որ խմածդ գարեջրերը, թխածդ հացը, որ պետք է քեզ ազատություն տար, Հայրենական մեծ պատերազմում թաթախված երազներդ, պապիդ կանաչ աչքերը, լուսնոտությունը, մաքուր զուգարանը և անգամ գաստրիտդ…Այդ ամբողջը դասալքության փոքրիկ փորձեր էին: Դու ի վերջո զորակոչվել ես: Ծառայում ես…Չգիտես էլ, որ բանակին: Քեզ առան: Այֆոնո՞վ: Չէ, կարմիր շրթներկով: Կանայք քսում են այն շուրթերին, ավելի առողջ և գրավիչ երևալու համար: Խախտում են բնական ընտրության կանոնները: Խաբում են քեզ: Արդար չի:
Մտքիդ գալիս է հոդվածիդ հնարավոր վեռնագիրը «Հիմարներն ավելի արագ են բազմանում»: Կնշես, որ գիտնականն առաջարկում է գիտակցված փոփոխել մեր գեները: Անպայման կհիշես, թե ինչ բան է սելեկցիան: Կարելի է ֆաշիստների հետ զուգահեռներ անցկացնել, ու պնդել, որ բազմազավակ ընտանիքներին բացահայտ վիրավորում են: Ի վերջո ո՞վ է որոշողը, թե ով է խելացի, ով` ոչ: Ստամոքսդ գռմռաց: Ցավից ձգվեցիր: Խաշած բրոկկոլին անյուղ յոգուրտով այնքան էլ վատ միտք չէ:

18

…Ուրեմն այֆոնը բարակ սիրուն հեռախոս է: Ասես սկուտեղ լինի…
Վաճառողը կարծես հպարտ է, որ այսքան բան գիտի այս սարքի մասին: Նա շարունակում է հետդ խոսել, իսկ դու քեզ մանկապարտեզի սան ես զգում: Ամեն անգամ, երբ նայում է հեռախոսին, որն ի դեպ արդեն քոնն է, նրա հայացքը մի տեսակ փոխվում է: Այդպես մայրդ էր նայում, երբ հասկանում էր, որ հարևանների միջից ամենաճերմակը իր լվացած սպիտակեղենն է: Երևի թե վաճառողին հանդիպած միակ մարդն էիր, ով հեռախոսի համար գումարը տվեց առձեռն ու միանգամից` առանց երկար բարակ հարց ու փորձ անելու: Նա ամեն դեպքում շարունակում է խոսել: Երևի անսովոր է նման վիճակին: Հետո մտնում ես հարևանությամբ գտնվող ծաղիկների խանութ: Խնդրում ես գեղեցիկ փաթեթավորեն հեռախոսի տուփը:
Վահագն ասաց` Լուսինյանի մասին հոդվածը վերջում կհրապարակի: Այսինքն դեռ մոտ երկու շաբաթ կա: Մինչ այդ դու քեզ արգելել ես փոշմանել: Դա քո ընտրությունն էր: Երկու շաբաթ անց կմտածես`ինչ անես: Գուցե դուրս գաս ոլորտից: Ուրիշ գործ փնտրես: Անհետանաս, իբր չես էլ եղել, չես էլ գրել: Ես չէի, ձեռքս էր: Դեմքդ ծամածռող քմծիծաղին փաթեթավորող աղջիկը արձագանքեց թեթև, նկարած ժպիտով: Մյուս կողմից իհարկե ափսոս է տաղանդդ: Այս ամենի մեջ ինչ-որ արկածային, դրամատիկ բան կա: Դու քեզ տաղանդավոր նկարիչ ես զգում, որը զբաղված է մեծ վարպետների գործերը կեղծելով: Ո՞ւմ է պետք քո յուղաներկը, երբ բոլորը լուսնակարչական ապարատներ ունեն, հենց հեռախոսի մեջ: Իսկ ահա վարպետների գործերը կեղծել, նրանց անունը վարկաբեկել, որ հասարակ մարդուն այլևս պարզ չլինի, թե որտեղ է սուտը և որտեղ կեղծիքը, այ դա հետաքրքիր է: Դրա համար փող են տալիս: Եվ ընդհանրապես` բացասական հերոսներն ավելի հետաքրքիր են: Անգամ Աստվածաշնչում Պետրոսն իր դավաճանությամբ քեզ միշտ ավելի է դուր եկել: Ավելի ճիշտ ստիպել է լարվես, ջղաձգվես: Հիսուսին հավանեցիր խաչի վրա, երբ ասաց. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»: Հուսալքվե՞ց: Հետաքրքիքր է: Ճիշտ մարդիկ ձգողական ուժ չունեն: Հիշեցիր եղբորդ իր անսահմանափակ պարտքի զգացումով: Մայրդ ասում էր` սամուրայ:
Փաթեթավորված այֆոնը դրեցին գեղեցիկ տոպրակի մեջ: Շնորհակալություն: Տոպրակը մատներիցդ կախված քայլում ես: Աննան հեռախոսով հասցե թելադրեց, ասաց մշակութային մեծ իրադարձություն է լինելու : «Քո դուրը կգա» խոստացավ վառարանի կողքին տաքացած փափուկ բարձ հիշեցնող ձայնով: Դու ասացիր` նվեր ունես: Ճանապարհին միացրեցիր հեռախոսիդ միջի ռադիոն: Քո էժանագին Սամսունգը թաքցրեցիր գրպանիդ մեջ: Ռադիոյից նախկին խմբագրիդ ձայնն ասում է, որ զինված խումբը ոստիկանության հետ անվերջ թվացող բանակցություններից հետո ի վերջո որոշել է հանձնվել: Պաշարված շենքի շուրջ մինչ օրս հավաքված քաղաքացիների ամբոխը «արդարություն» է պահանջում: Մտածում ես` իրոք որ մեդիայից հեռանալու ժամանակն է: Դու անգամ նորությունները չես կարողանում լսել: Ներքին այդ վարձու հոդվածագիրը մասնատում է յուրաքանչյուր լսած նախադասություն: Համալսարանի երկրորդ կուրսում սովորեցնում են` լրագրողի առաքելությունը տեղեկատվություն տարածելն է, լրագրողը չի կարող կողմնակալ լինել: Հետո, երբ ընդունվում ես աշխատանքի, պարզվում է, որ խմբագիրդ որոշակի հայացքների տեր մարդ է: Եթե համաձայն չես` խմբագրություններ շատ կան: Անցնում է որոշ ժամանակ, հայտնաբերում ես, որ քո մեջ էլ կան կարծրացած «չի կարելի»-ներ: Իդեալական է, երբ քո ներքին ու խմբագրական «չի կարելի»-ները համընկնում են:
Արագացրեցիր քայլքդ: Սիրտդ խոզի խորոված ուզեց: Շեֆ-խոհարարի ձեռքով հատուկ քեզ համար պատրաստված ուտեստ: Վերջին անգամ մոտ երկու տարի առաջ էր, երբ մտար քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը և խոզի խորոված պատվիրեցիր: Այդ օրը մտածեցիր, որ երջանիկ մարդ ես: Այսօր փորձում ես հիշել խորովածի համը, պահել այն բերանիդ մեջ, բայց ինչ-որ բան սխալ է գնում: Մտքերդ անընդհատ պատռվում են: Խոնավ թղթից ինքնաթիռ դժվար է սարքել: Նվերը մատերիցդ կախած քայլում ես ու մտածում, որ արդեն ուշանում ես, հարկավոր է շտապել: Չի ստացվում: Ծանրանում ես: Խոզի երևակայական խորովածը չես կարողանում մարսել: Ամեն անգամ, երբ քայլ ես դնում, զգում ես, ինչպես է մարմնիդ ամբողջ ճարպը դոնդողի պես նախ վեր ձգվում, հետո ձգողականության ուժին ենթարկվելով իջնում ներքև: Մի տեսակ ամաչում ես տեսքիցդ` չնայած քեզ գեր դեռ չի կարելի անվանել: Մինչ այժմ Աննայի կամ համով ուտեստների մասին մտածելը քեզ այնքան հեշտ էր թվում: Շնչելու պես մի բան էր: Այսօր ստիպված ես կենտրոնանալ: Ճիգ գործադրել: Չէ, էլի երջանիկ ես, բայց մի տեսակ… Զոռով: Կանգնում ես: Մտքերիդ արանքից դուրս ես հանում Լուսինյանի ճմռթված դիմանկարը: Նա է մեղավորը: Չես կարողանում քեզ նրա հետ չհամեմատել: Փոքր ու տձև ես: Ֆիզիկապես փոքր, արտաքնապես` ծռմռված: Հիշեցիր պապիդ: Գիտնական չէր: Հասարակ վարորդ էր: Պատերազմից վերադառնալուց հետո, աղբի մեքենա էր քշում: Նրա կողքին փոքր էիր, բայց գոհ էիր: Կանաչ աչքերով ու սպիտակ մազերով աղբի մեքենայի վարորդը հաճախ պատմում էր առասպելական մարդկանց, թզուկների` Աճուճ-Պաճուճի մասին: Նրանք այնքան փոքր են, որ կարող են ասեղի անցքի միջով անցնել:
-Պապ, բա ո՞նց գնանք իրանց մոտ: Դու ճանապարհը գիտե՞ս, որ քշես:
-Ժամանակի ճանապարհով, բալես: Ավանդությունն ասում ա, որ վերջում բոլոր մարդիկ գնալով փոքրանալու են ու դառնան աճուճ-պաճուճ:
-Աճուճա-պաճուճա, աճուճա-պաճուճա….,-ծղրտալով կրկնում ես դու ու տեղում մի ոտքի վրա թռվռում:
Հետո նայում ես պապիդ կանաչ աչքերի մեջ: Նա գրպանից հանում է ճմռթված, կծիկ դարձած թաշկինակը: Քսում է քթին: Մաքրում է դեմքը: Թաշկինակը սրբում է կնճիռները, դիմագծերը…Լուսինյանի ծանր հայացքն է քեզ նայում: Մազերը մգանում են: Ձայնը խաղաղ է: Նա ասում է` արդի մարդկության էվոլուցիան գնում է դեպի անկում: Դեգրադացիա: Այն դեռևս կոմպեսացվում է սոցիալ-մշակութային զարգացմամբ: Նա ասում է, որ սա այլևս տեսակետ չէ, այլ գիտական փաստերի վրա հիմնված բացահայտում: Նա ասում է` գենային ինժեներիան կարող է փրկել իրավիճակը, բայց լրագրողները, քաղաքական գործիչները և տարբեր շահառու խմբերն ամեն ինչ փչացնում են իրենց վարկաբեկող հայտարարություններով ու հոդվածներով: Նա ասում է, եթե այսպես շարունակվի քաղաքակրթությունը կվերանա: Դու պատասխանում ես.
-Աճուճա-պաճուճա, աճուճա-պաճուճա…
Լուսինյանի մազերը սպիտակում են: Աչքերը`կանաչում: Նա ժպտում է քեզ, ինչպես եղբայրդ է ժպտում իր դստերը, երբ աղջիկը հարցնում է` կաթը կովի միջից ո՞նց ա գալիս: Կովի մեջ տռուբա կա՞…
Ռադիոյով հաղորդում են, որ նախարարության շենքի մոտ հավաքված ամբոխի մեջ անհանգստություններ են գրանցվում: Մարդիկ դժգոհ են, որ «իշխանությունները խեղդում են զինված պայքարը»: Լրագրողն ասում է` կրակոցներ են լսվել: Զանգում ես եղբորդ: Անհասանելի է: Հիշեցիր` նա էլ այֆոն ունի: Կինն է նվիրել: Ինչի՞դ է պետք այֆոնը, եթե միշտ անհասանալի ես: Կանգնում ես: Հասար:

19

Մեծ սեղանի վրա արքայախնձորը բացվել էր ծաղկի պես` դիլիմ-դիլիմ, շուրջ պար…Կիվին լուսաֆորի կանաչն էր: Նուռը` Աննայի շուրթերն էին: Այսօր ամեն ինչ կարելի է:
Արդի արվեստի նորարարական կենտրոնում կոնցեպտուալ ստեղծագործությունների ցուցահանդես էր:
-Մենք արվեստի գործի մի մասն ենք լինելու,-խոստացավ Աննան:
-Եվ ի՞նչ պիտի անենք,-հարցերցիր դու:
-Քեզ դուրը կգա,-խոստացան կարմիր շուրթերը: Աննան նվերը տեսնելուն պես ուրախ ծղրտաց: Այլևս ձեռքդ բաց չէր թողնում: Ժպտում էր: Ականջիդ փսփսաց` երբ ասացիր, որ կառնես` չհավատաց, բայց որոշեց քեզ «շանս տալ»: Ուրախ է, որ դու արդարացրեցիր նրա սպասումները: Հարցը այֆոնը չէ, այլ այն, որ խոսքիդ տերն ես: Գոհ ես: Նայում ես արքայախնձորին:
Քիչ անց պարզվում է, որ ստեղծագործությունը, որի մասն ես, կոչվում է «Ստամոքս»: Հեղինակն Աննայի մոտ ընկերն է: Սեղանին դրված են տարատեսակ ուտեստներ, հատուկ հյուրերը պետք է դրանք անխնա ծամեն և կուլ տան: Հենց այդ սեղանի շուրջ կանգնած ուտելու գործընթացն էլ փաստորեն արվեստի գործն է` Ստամոքսը: Հատուկ հյուրերն էլ դուք եք: Աննան ժպտաց` ես գիտեի, որ քո դուրը կգա:
-Ողջույն…
Ծանոթ ձայն էր: Շրջվեցիր: Ձեր խմբագրությունում աշխատող սրբագրիչն էր: Վաչե՞, Վահե՞…Անունը չհիշեցիր: Նա ուրախ գրկախառնվեց Աննայի հետ: Վրայից ժամկետն անցած խավիարի հոտ էր գալիս: Սրբագրիչը նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին:
-Ի՞նչ եք ուտելու,- հարցրեցիր դու ձեռքի շարժումով նրան հրավիրելով սեղանի շուրջ:
-Պոեզիա,-արտաշնչեց նա: Սրբագրիչը ցույց տվեց սրահի անկյունում գետնին փռած կարմիիր կտորը:
-Կարված է պիոներական վզկապներից: Կանգնելու եմ կտորի վրա և արտասանեմ:

Ձայնը դողաց:

Լենին պապիկն էլ
Մանուկ է եղել,
Մեզ նման պստիկ,
Ժիր ու սիրունիկ։

Բռնել է թիթեռ,
Սիրել ծաղիկներ,
Սահնակով սղալ,
Երգել ու խաղալ։

Բայց խաղ ու պարից,
Սահնակ, թիթեռից,
Ծաղկից առավել
Ուսումն է սիրել։

Խոնարհվեց: Աննան ծափահարեց:
-Ես էլ Լենինի մասին ոտանավոր գիտեմ,-ասացիր դու,-մանկապարտեզում եմ սովորել:
Աննայի հոնքերն արհեստական զարմանքից վեր սողացին:
-Լենին պապին մեռել է,
Մատը ոռին դրել է,
Հանկարծակի տռել է,
Մատը ոռից թռել է:

Խոնարհվեցիր: Ոչ-ոք չծափահարեց: Աննայի ժպտը լարված էր, ասես ատամի ցավից առաջացած լիներ: Սրբագրիչը հոգոց հանեց:
-Հետաքրքիր մանկապարտեզ եք հաճախել:
Ասաց ու գնաց:

Դու ու Աննան մի-մի ափսե վերցրեցիք: Տոլմա, սնկով աղցան, խորոված բադրիջան, արքայախնձոր…Լցնում էիր ափսեիդ մեջ, նայում ու չէիր կշտանում:
Դզզզզզզ: Դզզզզզ:
Տաբատիդ գրպանում թաքցրած էժան սմարթֆոնն իր բարձր վիբրացիայով հաստատ փչացնում էր արվեստի գործը: Փորձում ես չնկատել: Ամոթ է այստեղ գրպանից հանել մաշված հեռախոսը:
Դզզզզզ….
Թվում է, թե օդն էլ է վիբրացիայի մեջ թռթռում: Մարդկանց դեմքերը մշուշոտվում են` դզզում, հին հեռուստացույցից քեզ նայող մաշված ֆիլմի պես…Խշշոցով…Գրպանիդ դզզոցը հանդարտվում է: Գլխիդ միջինը` ոչ: Սոված ես: Մի մեծ տոլմա վերցնում ու դնում ես բերանիդ մեջ: Աննան ժպտալով ծամում է: Մտածում ես, որ առաջին անգամ ես նրան ինչ-որ բան ուտելիս տեսնում: Կողքից մարդիկ շամպայնով լի գավաթները բռնած ձեզ են հետևում: Ֆոտոլրագրող երիտասարդը մորեխի պես այս ու այն կողմ թռվռալով նկարում է, թե ինչպես եք ծամում: Ծնոտդ լարվում է: Գրպանումդ կարճ դզզոց ես զգում: SMS եկավ: Այս անգամ չես դիմանում: Ձեռքդ մտցնում ես գրպանդ, իմիջիայլոց, իբր թաշկինակ ես հանում: Դու թաշկինակ չունես: Ո՞ւմ են պետք թաշկինակները, եթե մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ կան; Արագ, գրպանիցդ կիսով չափ հանում ես հեռախոսդ, կարդում ես. «Եղբորդ վիրավորել են: Շուտ արի հիվանդանոց»: Շարունակում ես ծամել: Մի ձեռքով ամուր բռնել ես ափսեն: Բռնվել ես ափսեից, որ չընկնես: Աննան արագ-արագ ծամում և կուլ է տալիս: Ժպիտն ավելի է ձգում, նորից ծամում ու կուլ է տալիս: Դու ծամում ես, ծամում ես, ծամում ես…Այս տոլման ասես ռեզինից լինի: Կուլ չի գնում: Ծնոտդ ցավում է: Ծամած միսը գլորում ես բերանիդ մեջ` մեկ աջ, մեկ ձախ…աջ կողմ, ձախ կողմ…աջ…ձախ…աջ-ձախ-աջ…ձախ-ձախ-աջ-ձախ-աջ…դմփդմփում է գլխիդ մեջ զինվորաների համաչափ քայլքը: Աջ-ձախ-աջ: Պիոներական վզկապներից կարված կարմիր գորգը թռթռում է: Ծալվում է: Տակից հերթով ասես բունկերից դուրս են գալիս ու շարք կազմած, համաչափ դմփդմփացնելով առաջ են գալիս սովետական բանակի հյուծված զինվորները:
Աջ-ձախ-աջ:
Նիհար են, սփրթնած, բայց պինդ են: Կողքովդ անցնելիս քեզ են նայում: Ավելի ճիշտ ծամող ծնոտիդ:
Աջ-ձախ-աջ:
Զինվորներից մեկը կանաչ աչքեր ունի: Խարտյաշ մազեր, որոնք հետո , հաստատ գիտես, կճերմակեն, բայց չեն պակասի: Նա քեզ պես սուր քիթ ունի, եղբորդ պես լայն ճակատ: Նա քեզ չի նայում:
Աջ-ձախ-աջ:
Կանաչ աչքերը կողքովդ անցնելիս զննում են ափսեյիդ պարունակությունը: Նրա հայացքում ստամոքսի գռմռոց կա: Հեռանալիս գլուխը որքան հնարավոր է թեքում է, մինչև վերջ նայում է ձեռքիդ ափսեյին:
Աջ-ձախ-աջ:
Կուլ ես տալիս տոլման: Աղացած միսը քարի պես ընկնում է ստամոքսիդ մեջ: Սոված չես:
-Սելֆի,-ասում է Աննան ու նոր Այֆոնով նկարում է քո կուշտ դեմքի արտահայտությունն ու իր կարմիր, փայլուն ժպիտը: Նկարն անմիջապես հայտնվում է Ֆեյսբուքում:
Հավանել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *