Կարինե Աշուղյան | Ապրելու կամք


(ԱՊՐԵԼՈՒ ԿԱՄՔ)
Studium vivendi

Անցնել խուլ խավարի,
կույր լռության միջով՝
անհնարին սև, սև…
անցնել լուռ, անայլայլ՝
բազմաչարապատիկ
այս ձմեռվա միջով.
ահա, էլի կես քայլ-
փրկություն ու գարուն,
անցնել անգայթ, թեթև՝
բռնած ապառնիից
քեզ մեկնված ծառի
ձեռքը ծաղկափթիթ:

 

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ

Գիշեր – գիշերի ետևից անվերջ
և ցերեկները ինձ հետապնդող,
կրկին կրկնվող մղձավանջի մեջ՝
երբ ստորգետնյա ինչ-որ սարսափում
հանկարծ հայտնված՝ ելքն էի փնտրում,
կույր-կույր խարխափում նենգ բավիղներում,
տեսնում՝ ինչպես են հեշտ անցուդարձում
ինձ չնկատող անցորդներն ուրիշ,
նրանց ետևից վազում խելահեղ,
որ գետնի տակից նրանց հետ ելնեմ,
սակայն հայտնվում նորից փակուղում-
արդեն գիտեի` որդուս լուսերես
պատկերն այլևս երբեք ու երբեք
չտեսնելու վախն ու վտանգը սուր,
և նրա աստղոտ աչքերի լույսով
այլևս երբեք չողողվելը՝
բոլոր անհնար ու հնարավոր,
գրված-չգրված սոսկանքների մեջ
ամենադժոխք դժոխքն է դժնի…

 

ՎԵՐՋԻՆ ԱՐԵՎ- ՕՐ

Ամռան բոցկլտուն,
կարմիր ու կանաչ
ամեն մի օրն եմ
փայել-փայփայել
և լուսացնցուղ
գիրկընդխառնումը
անվերջ վայելել,
բայց բոլորից շատ
ամառնավերջի
այս օրն եմ սիրում:
Քե՜զ եմ սիրում, օր,
կեզ օգոստոսի
վերջին անուշ շունչ
և անուշ ժպիտ,
ահա, դողում եմ
ժամերիդ վրա
ու վայրկյաններիդ:
Վաղը աշուն է,
դեռ մնա, մնա,
գուցե հասցնեմ
քեզանով լցվել,
որ կարողանամ
դիմանալ-ապրել
վհատությունը
վերահաս աշնան
և սառցադառնը
անփախուստ ձմռան,
սրտխփոցները
վերուվար գարնան-
եթե հապաղես
երեք ակնթարթ՝
երեք եղանակ
կյանք կնվիրես:
Իմ բարի ամռան
վերջին արև-օր,
կառչել եմ քեզնից,
բայց քամին սթափ
ինձ ցույց է տալիս՝
նախշուն ձեռքերիդ
տերևաթափ է ,
եվ թռչուններ են՝
աչքերի մեջ՝ չու:

 

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ

Նմանակների
ձույլ նույնության մեջ՝
տարբերություններ,
հակոտնյաների
տարբերության մեջ՝
նմանություններ,
ամենամեծում՝
ամենափոքրը
և աննշմարում՝
ամենամեծը,
անգունությունը
որպես ծիածան
գույն-գույն կռահող,
համրության մեջ՝ ձայն
և ձայների մեջ՝
լռության քարը,
հրճվանքների մեջ՝
վհատություն սաղմ,
ողբի մեջ՝ հույսի
անակնկալ ծիլ,
խաղաղության մեջ՝
պատերազմի հևք,
պատերազմի մեջ ՝
խաղաղության շունչ,
ատելության մեջ՝
սիրո բողբոջը
և անսիրության
քամին՝ սիրո մեջ,
կյանքի մեջ՝ մահվան
հալածանքը սև,
մահվան մեջ՝ կյանքի
ժպիտ ծիկրակող-
այս ամենայնը
(և շատ առավելն
ու մնացյալը)
տեսնող հայացքս
շաղվում է մեկ-մեկ,
շլանում եմ ես,
ու պատռվում է
պատյանը տգեղ
հրավառության
մեջ Գեղեցիկի:
Եվ քիչ է մնում՝
էլ չսարսափեմ
մեն-մի վայրկյանից,
երբ սայթաքելով
Անմահությունն ես
կորցնում հավերժ:

 

ԻՆՉ ՀՐԱՇԱԼԻ…

Ինչ հրաշալի զբաղմունք կլիներ՝
ծովաջրերը մաղել ու զտել
ծովերի մասին երբևէ գրված
խիստ ծանրութեթև բոլոր բառերից,
ծովերի խորքերն սրբել-ազատել
տեսություններով, գիտությամբ լեցուն
ամեն օր, ինչպես վաղուց՝ խորտակված
հազարակուտակ բոլոր նավերից,
գործած-չգործած սխալներից, փորձից,
ջրասույզ եղած խուլ խարիսխներից,
ինքնասպաններից- մարդասպաններից,
դեպի վերջ տանող առաջնորդներից,
շոգ ձմեռներից, ցուրտ ամառներից,
մահատանջ սիրուց, կույր ճակատագրից,
անվրեպ խոցող չար աչքից, ցավից,
մաքուրը եղծող նզովք-անեծքից:

Ինչ հրաշալի զբաղմունք կլիներ՝
ծովերին նոր շունչ ընծայել հանկարծ
և երջանկություն ըմպել հայացքով.
արևածագից մինչ մայրամուտ
ծովերի երեսն արտացոլում է
մեր երազների հրդեհացոլքը,
հրաշալի է նայել ծովերին,
որ այլ ինչ չեն, քան Յոթերորդ երկնի՝
ամպի չափ մաքուր հայելիները:

 

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվ ափերին սիրահարված,
և ափերը անհաշտ ծեծող,
ափերի հետ կռիվ տվող,
և ափերից խռով ելնող,
և ափերը ամուր գրկող
սիրուց գժված ու սիրարբուն,
մաճառի պես թունդ-պղպջուն,
իմ սիրելի, խելառ գետեր,
ձեր ջրերին չխառնվի
հանկարծ մի օր լաց ու արցունք.
էլ ո՞ւմ հույսին պիտի մնան
ձեր գիժ գրկում խաղ-խայտացող
մանր ու մեծ ձուկն ու ձկնիկ,
սիրով լեցուն ձկնկիթներ:

Գիժ ու մաքուր՝ նաև ներեք
բոլոր նրանց, ում երազում
ջրահարսեր չեն ժպտացել,
և ոչ մի ծով չի ծփացել
ու չի կանչել գաղտնածածուկ:

 

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Փոքրիկ աղջիկ,
ներիր, որ մենք
չգնացինք
ճամփաներով
քո երազած,
այլ կույր-անզոր՝
հանձնվեցինք
ճակատագրի
պտտահողմին,
և ջուրն ընկանք,
և կրակը:
Ներիր, ներիր
քո պսպղուն
և շողշողուն,
լույս-պատկերի
աղավաղումը
օրեցօր,
աղճատումը
տարեցտարի,
ներիր սիրուն
սիրտդ՝ անզեն
և դուռը բաց
թողնելն անփույթ,
ներիր, որ քեզ
չփրկեցի
ներս սողոսկող
ամեն չարից,
վրիպանքից,
հոգսից, ցավից:
Տես, իմ խորքում
քեզ փայել եմ
ու փայփայել,
և նույնն ես դու,
մեկ-մեկ լացկան,
իմ լավ աղջիկ,
մի արտասվիր,
մենք ճանապարհ
կընկնենք մի օր
դեպի յոթ ծով,
յոթ սար այն կողմ
և, իմ արև,
դեռ կլինենք
շատ երջանիկ,
փոքրիկ Կարիկ:

 

ԻՆՁ ԴԵՆ ՄԻ ՆԵՏԵՔ

Ինձ դեն մի նետեք,
տեսեք՝ խոսում եմ
և դեռ շարժում եմ
եղած ու չեղած
ոտուձեռքս ես,
դեռ գցելու չէ
հագուկապուստս,
դեռ կան մազերս,
թեկուզ և՝ նոսր:
Ես՝ միոտանի
ու կաղին տալով,
ես՝ կռնատ-կռնատ
ու մի աչքանի,
մի անգամ փախա,
երբ տանում էիք
աղբամանի մոտ…
Հիմա սուսուփուս
կընկնեմ-կմնամ
ձեր աչքից հեռու
մի խուլ անկյունում:

Թեկուզ ՝ կոտրված,
բայց տիկնիկ եմ դեռ:

 

ԵՎՍ ՄԻ ՏԱՐԻ, ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ

Քանի հմայիլ
նետեցի ջուրը
և քանի հուռութք՝
անխոհեմ- անփույթ՝
քամիներին զուր-
արբշիռ կյանքն էի
կրում իբրև զարդ:
Դառնամ, ներեմ ինձ
ու ներում հայցեմ
ինքս ինձանից.
ես չդողացի
երբեք քեզ վրա,
չգուրգուրեցի,
չպաշտպանեցի,
իմ փխրուն մարմին՝
իմ հոգու խեցի՝
տրված, որ լցվես
խինդ ու բերկրությամբ:
Ես՝ կույր, անվրդով,
ամեն սխալի,
ամեն մեղքի հետ
դուռը բացեցի
տառապանքի դեմ,
ու ցավն անսփոփ
մարմինս լցվեց:
Բայց հոգիս, հոգիս
( երևի, գուցե )
վազող ջրերի
անտակ ծոցերից
և քամիների
հազար ձեռքերից
հմայիլներ է
փրկել ինձ համար…
Տեր, հրաշափառ
այդ շշուկներով
թող Առավոտը
շնորհի ժպիտ,
հետո ձեռքերով
իր լուսացնուղ
մեկ կամ մի քանի
հուռութքներ շարի
իմ պարանոցին:

Տեր, մեղա, մեղա,
բայց Դու բոլորից
լավ գիտես՝ ինչու:

 

ՃՆՃՂՈՒԿ ԻՄ, ՃՆՃՂՈՒԿ

Երկինքն ասում է՝ ինձ դուր է գալիս,
որ վերևից եմ նայում քեզ վրա:
Հողը սաստում է՝ դեռ այնքան տեղ կա,
ուր ոտնահետքեր դու պիտի թողնես:
Եվ Երկնքի ու Երկրի միջև
թևին տվող մի պստլիկ ճնճղուկ
ափիս է նստում անվախ ու աշխույժ,
ծլվլում է ժիր ու շնչակտուր՝
որտեղ որ դու ես, դա է գեղեցիկ:
Ճնճղուկ, իմ ճնճղուկ, ափիցս կտցիր
ձմռան դժոխքով անցած իմ կյանքի,
սիրո, լինելու անհատնում կամքը:
Հետո ճախրանքում վեր կանցնես արծվից :

 

ԳՈՒՑԵ

Մի օր ես էլ կպարտվեմ քեզ,
քեզ՝ ամենա-անհայտ ու սև,
բայց իմ սրտում՝ ցավից հրկեզ,
ցոլցլում է կայծը կյանքի,
ինձ քո գրկից հանում է դեռ
որդուս Հավատ, Հույսն ու Սերը
և ժպիտը Արեգակի:
Գիտեմ, որքան էլ դառանուն,
որքան էլ ՝ նենգ ու անփախուստ,
քեզ պարտվելով պիտի մի օր
Անմահության լույսին փարվեմ:

 

ԱՂՈԹՔ

Տեր իմ, ազատիր իմ գիշերներում
ինձ հետապնդող սև մղձավանջից,
երբ դեգերում եմ դառն ընդ-հատակում՝
հողի տակ ծանր և ամենակուլ,
երբ որ անվերջ է վայրկյանը տևում,
և սոսկում ես սև հավերժությունից,
երբ գիտեմ՝ ինչ է դժոխք ու պատիժ,
երբ ելք եմ փնտրում անվերջ այդ բավղից:
Եվ հասկանում եմ, թե ինչ է զգում
հողը թոթափած խոտը նորածիլ՝
Լույս աշխարհ գալու, Լույսը զգալու,
Լույսը տեսնելու երջանկությունը:

 

ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՄԱՆ ՈՒՐԱԽ ՕՐԸ

Ըստ օրացույցի երեկ հուլիսյան
սովորական օր՝ ամսի 27-ն էր
(բայց քաղաքական այս նոր տոմարով՝
կորած-ընդհատված ամենքիս գարնան
երկրորդ օրն էր հենց):
Ըստ օրացույցի՝ վերջին քսան տարում
աչքով տեսածին չհավատալու չափ
համահայկական ուրախության օր,
երբ ամեն մեկը համոզված է, որ
բոլոր-բոլորից շատ ինքն է ուրախ:

Սակայն մեզանից բազմապատիկ շատ
խաղաղված- արդար-լույս հոգիներ կան-
երեկ, գիշերով լուսնի խավարման,
պատարագն, ահա, վերջապես հասավ
Ամենավերին, և Երկնքից է այս ցնծությունը
անձրևում խաղաղ ու հոգեպարար,
լվանում է մեր աչքերը անուրախ:
Այս պատարագը չունի մեղեդի,
ինչպես և չունի բառեր աղոթքի,
այլ միայն՝ անուն-ազգանունները
սև մարտիմեկյան տասն անմեղ զոհի՝
Գոռ Քլոյան,
Դավիթ Պետրոսյան,
Տիգրան Աբգարյան,
Տիգրան Խաչատրյան,
Արմեն Ֆարմանյան,
Հովհաննես Հովհաննիսյան,
Համլետ Թադևւոսյան,
Գրիգոր Գևորգյան,
Սամվել Հարությունյան,
Զաքար Հովհաննիսյան:
Սա գիր չէ, այլ ճիչ, որ գուցե լսեն
վաղաժամ մեկնած լավագույնները
և նաև նրանք՝ հազարներ, միլիոն,
որ գլխապատառ երկրից հեռացան-
ինքն իրեն միակ տղամարդ կարծող,
որ կաթիլ -կաթիլ մեզ թունավորեց
և լավագույնը խլեց մեզանից,
որ մեզ օտարեց մեր հայրենիքից,
մեր հայրենիքում դարձրեց գերի,
գողացավ մեզնից մեր դառը հացը,
նա, որ դրսում առյուծ էր որսում,
իսկ ներսում մեզ էր հալածում-որսում:

Թող փառաբանվի անունը քո, Տեր,
քաղցր հատուցման այս ժամի համար:
Այսքան երջանիկ
եղել եմ մեկ էլ
Սիրո հեքիաթում՝
իմ սիրահարված
ժամանակներում:
Եվ մինուճարիս
ծննդյան օրը:

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՒՌ

Բայց որքան էլ որ
սքանչելի է նռնածաղիկը՝
իր պտղին այնքան զարմանալի նման,
կարմիր շշունջով հուշելով նույնիսկ
համը բաղձալի ու քաղցրաթթու,
պետք է ժամանակն ինքն առաջանար,
իսկ մենք գնայինք
հասունացմանը առաջ, ընդառաջ՝
քայլով մերթ՝ կարկամ,
մերթ՝ հատու – խրոխտ,
մինչ ամենավերջ
կռվի աննահանջ
ու նաև նահանջ,
խուլ տարիների,
հույսերի վառման,
նաև ցավատանջ
հուսահատության,
այդ ճանապարհին՝
իրար կորցնելու-
գտնելու միջով:
աքսորի, բանտի,
և արտագաղթի,
Հացի փորձության
և Ոգու սովի,
մատնությունների,
անձնազոհության,
կրակների
ու ջրերի միջով:

Ահա և հասուն
մեր Ազատության,
մեր Հաղթանակի,
մեր Հույսի նուռը
հույժ քաղցրապտուղ,
որ մեր շենքերի
հին սյուների
և խոյակների
ու կամարների
ճարտար կերտվածքից
կենդանացել է
և քաղաքացու
շուրթին է որպես
մեր նորոգ ու Նոր
Հայաստանի համ:

 

ՀԱՅՐԵՆԻՔ

Կորիզի փայտե պատյանի գրկում
լուռ ննջող սաղմը
խորհուրդն է ծառի ու առեղծվածը,
հիշողությունն է նախածառերի,
հիշողությունը՝ արմատից սաղարթ,
հիշողությունը բողբոջումների,
ծաղկափթթումի,
տերևաթափի,
ու մրգահասի,
հիշողությունը մեռնող
և նորից հառնող ծառերի,
հավերժանորոգ կյանք ու ծննդի:

Հայրենիք, մենք քո ծիրանի ծառից
հողի գիրկն ընկած կորիզներ ենք սոսկ
և մեր մարմնեղեն պատյանների մեջ
լուռ կրում ենք քեզ
որպես սիրտ, հոգի,
որպես սրբազան ծիրանենու սաղմ,
փայփայում ենք քեզ և լուսագծում
վերհուշը վաղվա,
որ մեր Եռագույն նարոտով կապված
ու ծիածանով երազանքների՝
Արարատի լեռան պատկերը ունի:

 

Տես նաև՝ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ | Կարինե Աշուղյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *