Արաքս Շահինյան | Տաղ Սուրբ ծննդի

Արվեստն ինքնին՝ ըստ էության, փոխաբերություն է, այ թե ինչի փոխաբերություն, մտքի հունարն էլ է երբեմն համրացել իր անիմացության կամ բազմիմացության առաջ։ Որքան մեծ միտքը, այնքան բացատրությունները տոլստոյական, որքան բացատրությունները տոլստոյական, այնքան հասկացողներն անհասկանալի։

Քարանձավում խարխափելու բնազդը մարմիններիս դաջած՝ նույն կապկական շարժուձևով և ամենակարևորը մեզնից գոհ եկել հասել ենք քաղաքակրթություն՝ այդպես էլ չիմանալով՝ որտեղ վերջացավ քարանձավը, որտեղից սկսեց քաղաքակրթության առաջին պատվիրանը՝ խոսել, այն էլ իբր հավասարը հավասարի հետ, սիրով, քանզի ամենայն ածանցյալ երկրորդական է։ Խոսքը մարդու բանն է, մարդը Խոսքի՝ միշտ չէ. արդյոք դավաճան չե՞նք հենց այստեղ։ Ամբողջապես մեզ շնորհվածին խեղանդամ դաձրինք ոչ թե պատահմամբ, այլ նենգափոխելով։ Երգով ցած իջավ, հիշոցք դարձրինք, ու փոխանակ այս անգամ արդեն մեզնից դուրս եկած նույն սուրբ երգով էլ վերանար իր տուն, թարախ մտքի, քաղաքական կեղտ քարոզների քարը մեջքին կապկպեցինք, ծանրացավ, ճկռեց, իջեցրինք անդունդ։ Սանդարամետի դուռն էլ այնպես պինդ վրան փակեցինք, որ չլինի թե տունդարձի կանչը, որ բարեբախտաբար ոչ մի հողեղեն ձգողականություն չի ճանաչելու, հասնի գերության մեջ, սրբերի սուրբ, մարդուն աշտանակ ուղարկված Խոսքին։ Սա էլ անմեղապարտ համբարձվի երկինք իր տիրոջ նման, հետ նայի ասի «էլ չեմ դառնալու»։ Եվ ճիշտ չի՞ անի։ Բայց բարեբախտաբար չարն այստեղ է միշտ՝ աչքներիս առաջ, վերևից գուցե լավ չի երևում, դրա համար է բազմանում անսանձ։ Մի օր կճարվի, կբռնեն պոչից, կոտոշները հատ-հատ կհանեն, կսգա կերած կյանքերի համար, ուշ, շատ ուշ կլինի։ Այդժամ նորից կդառնանք Խոսքին՝ փառավորելու էության հաղթը, թագ կդնենք ուսյալի գլխին, տխմարին կտանք իր սիրած գաղջը, իսկ մինչ այդ՝ մոռանում ենք՝ ի սկզբանե Խոսքն էր խավարի մեջ, որը առ այսօր մինչև վերջ այդպես էլ չցրվեց։ Մոր պես մի բան եթե ունենք էլ, Խոսքից ավելին երբեք չի եղել։ Եվ արդյոք մենք չե՞նք հենց այն փոխաբերությունը, որ «ի սկզբանե»-ից արարվեցինք ցած։ Ասաց, որ եղանք, չասեր՝ ի՞նչ գիտեմ։ Եթե մենք հենց այդ փոխաբերությունն ենք, ուրեմն մի քիչ էլ արվեստ ենք, հարկավ։ Եվ խնդրում եմ, մի՛ բանեցրեք ձեր արդարամիտ գիտությունն այս դյուրահավատ, խեղճ մտքի վրա, որ ավելի շատ հույս է, քան թե միտք։

Խոսքի հանճարը մենք՝ արվեստներս, ամենալավն ենք նյութել թուղթ ու գրով։ Վաղ ռենեսանսի «ֆլամանդական պրիմիտիվների» գեղանկարչությունը մի հիանալի սառնարյունություն է։ Քամի է շչում Ավետման տեղից, մարդկանց դեմքերը կտրող ձմեռ են, որոնց վրա նախաքրիստոնեական «Լույս դեռ չենք տեսել» արդարացումն է։ Բոլորն այսպես են, բացի Մարիամից ու Գաբրիելից։ Առաջինը դեռ անիմացության մեջ արդեն փայլուն է, որովհետև մենք մեր լույսը չենք տեսնում դրսից, իսկ երկրորդն իր ողջ առաքելությամբ գիտի ամեն ինչ, եկել է հայտնի, որ Մարդն իրեն այդտեղ ուղարկած Խոսքից այլևս պակաս չի լինելու։

Քրիստոս ինչպե՞ս կանչվեց մոր արգանդ։ Խոսքով՝ Ավետմամբ։ Մարիամին ասվեց. «Որդի կունենաս», դրանից անդին ոչինչ հարկ չեղավ։ Ինչպե՞ս նկարես Խոսքն այս կտավին, որ սուտ չհնչի, չպղծի լուրը, չդառնա կատակ անբան բերանին, չապականի մաքրության ջուրը։ Փոխաբերությամբ։ Խոսքը կդառնա լույս, որը թույլ ներկով ներս կթափանցի ապակուց սառը, չի ջարդուփշրի միջով անցնելով, չի փոխի նախկին կուսությունը, ապակուն առանց վնաս հասցնելու կիջնի ուղղաձիգ այն Կնոջ վրա, ով մսուրում՝ նույն քարանձավում, երբեք չէր խարխափել ու խարխափելու։ Ահա և լույսը Խոսքի, Սուրբ Հոգու փոխաբերություն։ Նկարչին հեշտ է մեզ՝ անհավատներիս համոզել, որ մենք՝ անհավատներս, մինչև չտեսնենք, չենք հավատալու։ Եվ ցույց է տալիս առանց գանգատի, ասում է. «Նայի՛ր, իջնում է Լույսը սպիտակ աղավնուց կամ Գաբրիելի ոսկե բերանից, իջնում է անխախտ, ինչպես ճշմարիտ հավատը, որ ոչ ունեցար, ոչ էլ կունենաս, քանի կառչած ես անհատով, շենքով պաշտվող կրոնին։ Հպարտ կլինես, որ անհավատ ես, սուտ-մուտ քարոզի համար պարապ չես, քարոզն էլ ի՞նչ է՝ անուսի ուսում, չգիտի՛, ա՛յդ պատճառով է սովորեցնում։ Առաջադեմը հավատին ոսոխ, հավատը միամիտ, անգետի ճարն է»։

Երաժշտությամբ այս ամենն այլ է, վերից վար չես իջնի նոտաշարի հետ, որ ցույց տաս՝ ինչպես է Խոսքը աղավնուց հասնում Մարիամի՝ առանց այդ էլ լույս պատկերի վրա։ Սուրբ ծննդի երաժշտության մեջ միջոցներն այլ են և անսահմանափակ։ Երբ Լայպցիգում 1734-ի դեկտեմբերի 25-ի կանուխ վատ ցրտին Սուրբ Նիկոլաս եկեղեցու դարպասներից ներս առաջին անգամ կատարվեց Բախի «Սուրբ ծննդի» օրատորիոն, այնտեղ հավաքված միամիտները չգիտեին՝ ինչ պատմական իրադարձության են մաս։ Այդ օրից ի վեր դասական երաժշտության աշխարհն ունեցավ քրիստոնեության գալուստը հայտարարող երաժշտություններից ամենահամապարփակն ու երկարը. ծայրից ծայր կատարելու դեպքում տևում է մոտավորապես երեք ժամ։ Այստեղ անմիտ լինելիս ոչինչ չես տեսնի, կզգաս պարզապես Բախի դասական դարձած մեծությունը, վատ բան չես լսի, սուս-փուս կընդունես ավանդապատումը, որ չի ծնվել հեռ Բախից անդին ազնվագույնը։ Բայց լայնանում, լուսանում ես ինքնըստինքյան, երբ տեսնում ես՝ ինչ ֆանտաստիկ հնար է կիրառել Բախը Գալուստն ավետելիս։ Օրատորիոյի առաջին տակտը բացվում է նշանակալի, բայց ոչ ամենաերաժշտական գործիքով՝ լիտավրով։ Եկեղեցու մեջ ինչու՞ է հարվածային գործիքն ազդարարում ծծնդյան լուրը, երաժիշտներից երաժիշտն ավելի բարեհունչ ձև չգտա՞վ աշխարհի ամենաբարեհունչ լուրն ազդարարելու, չէ՞ր լինի՝ մարդկային ձայներն հաղորդեին, որ ամենալավը հասկանայինք իրար։ Չէր լինի, և ահա թե ինչու։ Մարդու ձայնը չհաշված՝ աշխարհի հնագույն գործիքն է հարվածայինը, հայտնի է բոլոր կրոն-անկրոն ազգերին և ունի ամենակարևոր ընդհանրությունը՝ պատերազմն ազդարարելու կամ հենց դրա մեջ լինելու լուրը։ Թմբկահարելով որսի են գնացել, հաղթել կայծակից վառվող հրեշին, թմբկահարելով քայլել են ուղիղ մահվան լայնաբաց անկուշտ երախին, բնության աստվածներից անձրև են խնդրել, թաղել իրենց անցավորներին, թմբկահարելով շարվել են երկայն, պատերազմի ահեղ ոգին նստեցրել կակղամորթ զորքի նոսրացող գլխին։ Թմբկահարելը պատերազմելն է եղել առհավետ՝ ձայնեղ զգուշացում, որ վերջդ մոտ է։ Եվ ի՞նչ է Բախն անում, եթե ոչ նույնը. թմբկահարելով հայտարարում է՝ ծնվել է ահա Պատերազմն ընդդեմ Երկրի խավարի, ծնվել է թշնամին բոլոր պատերազմների՝ Խաղաղությունը, բայց միայն այնժամ է Նա խաղաղություն, երբ գտնեք իրար։ Առկա չէ անկախ, սար չէ, որ նստես լայն, չոր ստորոտին, քեզ մխիթարի վերևից իջնող քամոտ գիրգ օդով, ոչ էլ քարոզ է կաթնակեր բերնին, որ չգիտի էլ ինչ, բայց համոզում է պիրկ, ձայնեղ ոգով։ Ներս պիտի նայես, որ գտնեք իրար, նայես շատ երկար, ամեն Աստծո օր, եկեղեցու պատից կախ չէ այն, ոչ էլ ապրում է սքեմի մթնում, հայտնի չէ ուր է, գուցե ամեն տեղ, տեսնողին պարզ է, չտեսնողին՝ էհ… Ծնվել է ոչ այլ ոք, քան հենց մահվան Մահը։ Սրանից առավել պատերազմ գիտե՞ք, գրե՛ք անպայման, միայն թե չմոռանաք լիտավրով սկսել։

Օրատորիոյի երկրորդ մասը սկսում է տիեզերական խաղաղության այնպիսի մի սինֆոնիայով, որ մանկան քնի ամենակտարյալ ալեգորիան է։ Բախն այն գրել է, երբ Տերը քնեց. գրել է անձայն, որ չխանգարի, չարթնացնի Բեթղեհեմի բոլոր մանուկներին, գրել է անձայն, ինչպես ձյունը, որ ենթադրաբար իջավ այդ օրը Խոսքի հետ ամենքիս գլխին, գրել է անձայն, որ ասի. «երբ Մարդ քնած է, քի՛չ աղաղակեք»։ Միայն մանկան քունն է մնացել այդքան խաղաղ, լավը մնացյալ բոլոր քներից, այդքան անեղծ, անպաշտպան, արդար, որ չի ընդհատվում պարզկա գիշերվա երկրորդ չար կեսին իր ու աշխարհի ցավից նեղսրտած։ Սրանից առավել խաղաղ բան գիտե՞ք, գրե՛ք անպայման, միայն թե մոռացեք լիտավրով սկսել։ Եվ եթե հարցնեք հիմա գրողիս, այս սինֆոնիան Սուրբ ծննդի ամենալավ երաժշտությունն է, որ չունի ոչ մի ավելորդություն, ոչ մի պերճաշուք բան, ինչպես որ կյանքն է (կամ էր) քրիստոնյայի։

Բախի ժամանակ (նրանից առաջ ու հետո էլ) շատ գրվեց Սուրբ ծննդի ձոն, մեկը մեկից վառ, շյուտցյան պարզության, տոնական, շքեղ՝ պաճուճված ձայնի կախարդ խմբերով, բայց էլի մեկը խախտում է ահա երաժշտական խրախճանքի ընդունված կարգը։ Այս իտալացին ամենակարկառուն երաժշտական ուղեծիրն էր սեփական հայրենիքի սահմաններն այդպես էլ չլքած Բախի համար՝ անձամբ անծանոթ ուսուցիչն էր ամեն իմացյալ ու չիմացյալի, երբ հարց ուներ Բախը երաժշտական։ Արկանջելլո Կորելլիի Սուրբ ծննդի կոնչերտո գրոսոն հրատարակվեց միայն հետմահու (ինչպես հարիր է արվեստի գործին՝ ըստ ցինիկ բախտի), որի ստեղծման օրն անհայտ է հիմա, և որ հենց այն տարօրինակն է, որ Ջուզեպպե Տորելիի Սուրբ ծննդի կոնչերտո գրոսսոյի նմանությամբ ունի ավետիսը բոթի ձայներով հայտարարող սկիզբ։ Ո՞րն է այս գործի տխրաձայն սկզբի իմաստը, նման չէ՞ արդյոք այն նախառենեսանսյան խստադեմ մարդկանց սառը դեմքերին, որ կտրող ձմեռ էին և որոնց վրա նախաքրիստոնեական «Լույս դեռ չենք տեսել» արդարացումն էր։ Հենց ինքն է, որ կա, Ծնունդը Կորելլին սկսում է նախածնունդով, Բախի ուսուցիչներից այս մեկի մտքում լույսը մթի հետ հակադրելուց է առավել պայծառ։ Փոխվում է հետո իհարկե ամեն ինչ, դառնում իսկական տոն տարեմուտի, հետո գտնում ես խաղաղությու՛նն էլ, զուսպ ուրախությու՛նն էլ փրկվելու հույսի, ամեն, ամեն ինչ, եթե լսելիս անմիտ լսող չես։

Անվերջ այս շարքի հարաբերական վերջը մի կերպ սահմանենք և տեղը զիջենք մեզ ավելի մոտ գտնվողներից մեկին։ Մեծ ժամանակային թռիչքով գանք 20-րդ դար, որտեղ սպասում է անսպասելի Պուլենկը, ում կենսագրությունը ծայրահեղ անհամատեղելի վարքի օրինակ է՝ մոլի կաթոլիկ աստվածապաշտից մինչև ճիշտ դրա հակառակը ամեն առումով։ Եվ այդ ծայրահեղ անհամատեղելի վարքի «կաթոլիկ» կեսի մեջ ստեղծեց արտակարգ «Չորս սուրբծննդյան մոտետները»։ Պուլենկը, չնայած ատոնալ դարի հիմնականում ատոնալ պահանջներին, գնաց արմատներով մինչև միջնադար և հանդիպեց իր ժամանակներում վաղուց չգրվող բարի մոտետին, ինչը ձայնի համար գրվող պոլիֆոնիկ ստեղծագործություն էր։ Ուշ 13-րդ դարի երաժշտագետ Ժան դը Գրուշին ասում է՝ մոտետն ամեն մարդու մոտ չեն կատարի, դրա նրբագույն կողմերը հանրային չեն, բազմակողմանիորեն ուսյալ մարդը միայն կարող է դրանք զգալ և հետևաբար հենց նրա համար էլ պետք է կատարել։ Պուլենկը մոտետի այդ նրբագույն կողմերը հանել է միջնադարյան խորխորատներից, զուգել հասկանալի գեղեցկությամբ և դրել ձյունոտ տոնածառի տակ։ Գնանք լսելու։

 

Սուրբ ծննդի դասական երաժշտության ոչ ժամանակագրական սեղմ ուղեցույց.

Յոհան Սեբաստյան Բախ (17-18-րդ դդ) – Սուրբ ծննդյան Օրատորիո (ամբողջությամբ)

Յոհան Սեբաստյան Բախ – Սինֆոնիա Սուրբ ծննդյան օրատորիոյից

Արկանջելլո Կորելլի (17-18-րդ դդ) – Սուրբ ծննդի կոնչերտո գրոսսո

Ֆրանցիս Պուլենկ (20-րդ դ.)– Չորս Սուրբ ծննդյան մոտետ

Անտոնիո Վիվալդի (17-18-րդ դդ) – Սուրբ ծննդյան կոնչերտո

Առնոլդ Շյոնբերգ (20-րդ դ.) – Սուրբ ծննդի երաժշտություն

Մարկ-Անտուան Կարպենտիե (17-18-րդ դդ) – Սուրբ ծննդի կեսգիշերի մեսա

Ֆրանչեսկո Մանֆրեդինի (17-18-րդ դդ) – Սուրբ ծննդյան կոնչերտո

Հայնրիխ Շյուտց (16-17-րդ դդ) – Հատված Սուրբ ծննդյան օրատորիոյից

Պալեստրինա (16-րդ դ.) – Ձոն Քրիստոսի ծննդյան

Ֆելիքս Մենդելսոն (19-րդ դ.) – Սուրբ ծնունդ

Ջուզեպպե Տորելի (17-18-րդ դդ.) – Սուրբ ծննդյան կոնչերտո գրոսսո

Ֆերենց Լիստ (19-րդ դ.) – Տոնածառ

Պյոտր Չայկովսկի (19-րդ դ.) – Բալետ «Մարդուկ-Ջարդուկ» (ամբողջությամբ)

Հեկտոր Բեռլիոզ (19-րդ դ.) – Հատված «Քրիստոսի Մանկությունը» օրատորիոյից

Բենջամին Բրիթեն (20-րդ դ.) – Քերոլների արարողություն

Ամիլկարե Պոնկիելի (19-րդ դ.) – Սուրբ ծննդի նախօրեի մեսա (մաս 3. Կրեդո)

Ալեսանդրո Ստրադելլա (17-րդ դ.) – Սուրբ ծննդի կանտատ

Ալեսանդրո Սկարլատի (17-18-րդ դդ.) – Սուրբ ծննդյան մեսա

Կամիլ Սեն-Սանս (19-20-րդ դդ) – Սուրբ ծննդյան օրատորիո

 

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • հ. մ. says:

    Կեցցես: Զարմացած եմ, որ այսօրվա պլեբսի դահլիճում նման ազնիվ մտածող կին կամ աղջիկ կա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *