Անուշ Մարգարյան | Հեքիաթներ

Անուշ Մարգարյան

ՈՒՂՏԱՔԱՂԸ

Մի աղքատ հարուստի խելքին փչեց աքաղաղին նժույգ կարգել և թամբել: Անմիտ պարծենկոտը տիրոջ ընծայած պաշտոնը կրծքին հագած, զուգված-զարդարված՝ ծուղրուղուեց իր

Գեղանկարիչ՝ Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ՝ Ավետիս Խաչատրյան

գեղեցկության և ուժի մասին: Հաղթանակի կարմիր դրոշն էլ կատարին առած՝ իրեն սապատավոր ուղտաքաղ կարծեց՝ հսկա ու զորեղ, այնքան զորեղ, որ ստվերը ամոթից փոքրացել ու կուչ էր եկել: Բայց հենց որ տեսավ ընդառաջ եկող ուղտերին, վախից փետրաթափ եղավ ու դարձավ քարե սափոր…
Ուստի՝ սափորաձև պարծենկոտին չպետք է հավատալ. լեզուն պոչից երկար է, փետուրներից՝ գունավոր: Դժվար է լցվում, բայց թափվելուց դառնում է հաստափոր գլուխգովան…

 

 

ՁՈՒԿԸ, ՈՐ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՑԱՄԱՔՈՒՄ

Վաղու՜ց, շա՜տ վաղուց ձկներն ապրում էին ցամաքում: Բոլոր կենդանիների նման չորքոտանի էին, չունեին լողակներ ու թևիկներ և չէին վախենում արևի ջերմությունից: Բայց ահա ձկների մեջ ապրում էր մի չաղլիկ, անբան Դմբլաձուկ: Նա այնքան ծույլ էր, որ ալարում էր նույնիսկ փռշտալ, իսկ քաղցած ժամանակ պարկում էր ծառի շուքին և պղպջակե ձայն հանում` սպուաշ, պուա-պուա, որը ձկներենով նշանակում էր` քաղցած եմ, ցած իջի՛ր: Եվ այդպես բերանը բաց սպասում էր մինչև մի քաղցր ու հյութալի պտուղ կընկներ բերանը: Իսկ երբ չէր կշտանում, գողանում էր հարևան կենդանիների ազնիվ աշխատանքը, որ հավաքում էին իբրև ձմռան պահուստ:
Եվ մի օր էլ բոլոր կենդանիներն հավաքվում են ու խորհուրդ անում.
– Նապաստա՛կ, դու մեր միջի ամենաարագավազն ես, Բողոքին վերցրու, գնա գտիր մեր թագուհուն և նրան պատմիր այս անբանի չարագործության մասին,- հուսահատ խնդրեց գայլը նապաստակին:
Է՜հ, ի՞նչ արած, ձմեռը մոտենում էր, և ողջ պաշարը վտանգի տակ էր: Նապաստակը մեկ կում քաջության վիտամին է խմում, Բողոքին շալակն է առնում և ճամփա ընկնում դեպի թագուհու ապարանք: Բողոքը նրան տեսնում է թե չէ, նապաստակի շալակից իջնում է և պատմում իրենց գլխին եկածը:
– Մեր ազնիվ թագուհի, ես բոլոր կենդանիների Բողոքն եմ և եկել եմ բոլորի անունից խնդրելու, որ պատժես մեղավորին: Դու մեզ միշտ բարություն ես սովորեցրել, չես տվել սուր-սոր ատամներ ու մագիլներ, որ մեզ պաշտպանենք չարից,- հուսահատ խոսեց Բողոքն ու շարունակեց: – Այժմ եկել եմ խնդրելու, որ պատժես Դմբլաձկանը, ով գողանում է մեր ձմռան պաշարը և առանց ամոթի իր պղպջակե տնակում անհոգ նստած` վայելում է մեր չարչարանքը:
Թագուհին լսե՜ց, լսե՜ց ու պատասխանեց.
– Հույսդ մի՛ գցիր, Բողո՛ք: Անհոգ հետ վերադարձիր, իսկ ես իմ անձրևային ցնցուղով կջրեմ նրա պղպջակե տնակն ու պարտեզը, որ ծառերի բերքն ավելի քաղցրանա ու ցած ընկնի: Այդ ժամանակ նա ուրիշի ունեցվածքին էլ աչք չի տնկի:
Բողոքը թագուհու խորհուրդները լսելով հեռանում է: Անցնում է երկար ժամանակ: Դմբլաձուկն համտեսելով իր պարտեզի բերքատու ծառերի ողջ պտուղները` հին գողի նման նորից թաքուն ուտում է հարևան կենդանիների ազնիվ աշխատանքը, որ հավաքում էին իբրև ձմռան պահուստ: Եվ թագուհուն այլ բան չէր մնում, քան արտաքսել նրան ցամաքից:
– Այսօրվանից դու կապրես ջրի ցուրտ հատակում, կսնվես տիղմով ու որդերով և երանի կտաս ցամաքի կյանքին,- բարկացավ թագուհին, և երբ երեք անգամ թափահարեց իր ձեռքի գավազանը, Դմբլաձկան ոտքերն ու ձեռքերը փախան նրանից և փոխարենը լողակներ աճեցին: Իսկ փամփլիկ մորթին պատվեց թեփուկներով: Եվ ասում են` մինչև այսօր էլ Դմբլաձուկը երբ քաղցած է լինում, փորձում է ցամաք դուրս գալ և գողանալ կենդանիների ազնիվ աշխատանքը, բայց թագուհին իր գավազանի ճառագայթներով հարվածում է նրան ու թեփուկները չորացնում:

 
 

ՔԱՅԼՈՂ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Գեղանկարիչ՝ Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ՝ Ավետիս Խաչատրյան

Հեռու-հեռավոր խաղալիքների աշխարհում մի քայլող Մայրաքաղաք էր ապրում: Քաղաքն այդպես էին անվանում, որովհետև նա հարյուր գումարած ութսուն, գումարած հարյուր հիսուն, անգամ հարյուր յոթանասուն մանուկների մայր էր, ովքեր ապրում էին իր գլխարկե քաղաքում: Մայրաքաղաքն այդ ուներ 2 հարկ՝ զով ամառային ու տաք ձմեռային: Ամռանը երեխաներն ապրում էին գլխարկե զով քաղաքում, իսկ ձմռանը՝ նրա տաք գրպանում: Քայլող Մայրաքաղաքն ինքը մայր բնություն էր, գիտեր ծառերեն, քարերեն, կենդաներեն, աստղերեն ու էլի շատ լեզուներ և բոլոր լեզուներով պաշտպանում էր իր մանուկներին: Բայց ահա մի օր մանուկներից չարաճճի Անփույթիկը, որ երազում էր գրպանագնաց դառնալ, մի թղթե շարժասանդուղք է կառուցում և հոգնելով գլխարկե քաղաքի պուրակներից՝ իր շարժասանդուղքով իջնում է գրպանե հարկը: Այդ ժամանակ տարվա եղանակների խառնաշփոթ է լինում, գլխարկե քաղաքի ամառը մենամարտում է գրպանե քաղաքի ձմռան հետ ու նրա գրպանը պատռում:

– Օգնեցե՜ք, երկրաշարժ է,- հուսահատ բղավեց չարաճճի Անփույթիկը, որ գլխիվայր ընկնում էր ցած պատռված գրպանե քաղաքից:
Եվ հենոց այդ ժամանակ քայլող Մայրաքաղաքը վերցրեց իր ծիածանազանգ շվին և խաղաղեցնող օրորոցային նվագեց: Երկու քաղաքների կռիվն անմիջապես դադարեց, իսկ ընկնող մանուկն անկման դիրքից բարձրացավ վեր, մուշ-մուշ քուն մտավ գլխարկե քաղաքում ու դեռ երազում որոշեց, որ մեծանա, քայլող Մայրաքաղաքի պես երաժիշտ կդառնա:

 
 
Ձվիկ-ձվիկ ձվեղեն, էլ չի լինի ոսկեղեն

Թռչնաֆաբրիկացի քաղաքաբնակ հավիկը կուտը կերել-կշտացել ու լաչառ կչկչոցն էլի գլուխն էր գցել:
– Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա… Մի էս գլուխգովանին տեսեք, գլխի չափ ձվեր է ածում, բայց հավի ուղեղ էլ չունի…
Էս մեր ածան հավիկն էստեղ չդիմացավ: Աչքը փակեց, կտուցը բացեց.
– Ի՞նչ… Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա… Ավելի լավ է անուղեղ լինել, քան քո նման չածան, լսեցի՞ր այ հավանման:
Ու սկսվե՜ց, մի կռիվ, մի ղալմաղաղ, մի ծեծ ու ջարդ:
Մի օր էլ էս մեր ածան հավիկը փետուրները փմփուշացրեց ու թավ կուրծքը առաջ ձգած՝ օրոր-շորորալով գնաց իր թխսկան ազգականներին հյուր: Գյուղական բակը աշխուժությունից տրնգի էր պարում: Երեք խոզ շատակերությունից փուչիկաձև ուռել, պայթելու աստիճան գիրացել էին ու մեծ կրքով փռվել էին բակի ցեխաջրերի մեջ, ոնց որ հողից հանած ցեխոտ կարտոֆիլ լինեին: Ցեխագույն հորթն անտարբեր իր խոտն էր ծամում: Ճանճ-մանճ, մլակ, մոծակ չարաճճի խաղ էին անում ցեխագույն հորթի շողիքի հետ: Բակի մի անկյունից լսվում էր անխնամ հավերի գյուղական կչկչոցը, որ բացարձակ նման չէր թռչնաֆաբրիկացի ինկուբացիոն հավերի եվրո կչկչոցին: Իսկ բակի ծայրամասում, աղբի կույտի մոտ նստել էր բակի պահապանն ու շնային բնազով քորում էր իրեն:
– Ֆու՛, սրանց զիբիլն էլ իրենց նման աղքատիկ է,- կչկչաց քաղքենի հավիկն ու փամփլիկ մարմինը անթաքույց դժգոհությամբ շրջեց դեպի հավաբունը:
Նրա անծանոթ կչկչոցից շունը ականջները խլշտացրեց: Ճարպոտ փափկամորթին տեսավ թե չէ, ախորժակը բացվեց, ու լոզերը լվացքի պես կախվեցին: Խեղճ հավը նրա շանթարգող հայացքից միանգամից փշաքաղվեց ու իրեն զգաց ոչ ավել, ոչ պակաս, յուղոտ մսի մի մեծ կտոր: Հետո կոպիտ, անտաշ վայրենին այնպես հաչեց, որ լեղապատառ հավիկը ճվճվալով վազեց հավաբնի կողմը ու սուր եղունգներով դուռը ճանկելով՝ բարեհաջող խցկվեց ներս: Թխսկան դեղնակարմիր փետուրներով վառիկը միանգամից ճանաչեց իր հեռավոր ազգակցուհուն: Աշխույժ կչկչոցով սեղան գցեց ու հյուրասեր տանտիրուհուն հատուկ ջանասիրությամբ զրույց բացեց.
– Այս տարի շատ հաջող տարի էր: Ողջ տարվա ընթացքում 150 հատ հավկիթ եմ ածել:
– Զարմանալու ոչինչ չկա, ես էլ՝ 365 հատ, այս տարվա ռեկորդակիրն եմ:
– Դե եթե ես էլ ձեզ նման թուխս չնստեի, ես էլ ռեկորդակիր կլինեի:
– Ի՞նչ: Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա…Մենք մեզ չենք ծանրաբեռնում նման անիմաստ պարտականությամբ,- վիրավորված կճկճաց քաղաքացի հավիկը:- Մի՞թե չգիտես, որ թուխս նստելիս մթերատվությունդ ընկնում է:
– Ինչ ասացի՞ր… Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա… Դու մայրությունը համարում ես անիմաստ պարտականությու՞ն: Դե ասենք ինչի եմ զարմանում, դու՜-ու՜-ու՜, էն ինչ են ասու՞մ, թու՜հ, մոռացա, լրիվ հավի հիշողություն ունեմ, հա՛, հիշեցի, ինկուբացիոն ծնունդ ես: Ի՞նչ իմանաս մայրանալու հրաշքը:
– Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա…- զայրացած փքվեց թռչնաֆաբրիկացին ու տվեց ամենավերջին ոչնչացնող հակահարվածը,- Թխսկան չեմ, կենսաբանական մորս էլ չգիտեմ, բայց քո նման սկլերոզ չունեմ, որ չափարի տակ ձու ածեմ: Լսեցի՞ր, այ թխսկա՛ն:
Տանտիրուհի վառիկը անսպասելի պատասխանից ձյութի պես կպել էր իր թառին ու մնացել էր շշմած: Ախր ի՞նչ իմանար փափկամորթ քաղքենին, որ կախված մարդու տանը պարանի մասին չեն խոսում, որ մի հատ էլ գնացել, ուրիշի տանը քուջուջ էր անում: Ու նրանց մեջ լեզվանի էգերին հատուկ ճարտասան մի վեճ սկսվեց: Մեկ էլ հանկարծ հավաբնի դուռը ճռռոցով բացվեց ու բրդոտ ոտքերով ներս մտավ տան տղամարդ աքլորը, որ կյանքում ունեցել էր շատ թռիչքներ ու անկումներ, հմայքի պակաս չուներ ու իր գործի անունը լավ գիտեր: Երիտասարդ արուն թոքերի ողջ ուժով ու ձայնալարերի զորությամբ այնպես աքլորավայել ծուղրուղուեց ու ռոմանտիկ աչքերը սահեցրեց հյուրի վրա, որ տանտիրուհի վառիկի միջի էգը վիրավորվեց:
– Հանգստացեք, տիկնայք, դուք արդեն անցնում եք բոլոր սահմանները:
– Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա… Ես թույլ չեմ տա, որ այս փնթին ինձ վրավորի: Ածած ձվերն էլ չեմ տեսնում, լրիվ թռչնաղբի մեջ կորած, կերար թե չէ, կորած ես, սաղմոնելեզի վարակը պատրաստ է:
– Ինչե՞ր ես խոսում, այ հիմար թևավոր: Մեր տերերն այն օգտագործելուց առաջ լվացնում են: Եվ հետո ի՞նչ ունեք իրար մեջ կիսելու: Ախր բոլորս էլ թևավոր ենք, մեր նախապապը հնդկական վայրի բանկիվյան հավն է, որ ընտելացվել ու գաղթել է Եվրոպա:
– Ոչ, ես դեմ եմ այդ տեսակետին: Գիտնականները պարզել են, որ էվոլուցիոն տեսանկյունից առաջինը ձուն է եղել, այնպես որ մեր նախապապերը մեր տեսակետների պես տարբեր են:
– Ջանիկս, պետք չէ այդքան աթեիստ լինել: Այո՛, հավը ձվից, բայց ձուն էլ հավից է առաջացել: Այն հավից, որ ստեղծեց Աստված, և որն էլ դարձավ հավազգիներիս նախահայրը:
– Ի՞նչ… Պա՜հ-պա՜հ, պա-պա, պա-պա… Չէ մի՝ նախապապ: Հիմա կուշաթափվեմ: Իմ հայրը և իմ տերը թռչնաֆաբրիկայի մեծահոգի տերն է:
– Որի համար դուք բոլորդ գլխաքանակ եք, այդպես չէ՞:
– Մեր տերը շատ քաղաքակիրթ պարոն է, հեռախոսն էլ, ի դեպ, Բեթհովենի «Լուսնի սոնետն» է նվագում:
– Ի՞նչ ես քեզ հավի տեղ դրել: Այդ բարի դեմքով քաղքենին քեզ փետրահան անողն ու փորդ մաքրողն է: Ձվարտադրությունդ նվազեցրու և կհամոզվես:
– Դե որ այդքան խելացի ես, ասա տեսնեմ, ինչ անեմ, որ երբեք չդառնամ հավով սուպ:
– Այ սա ուրիշ… Դու պետք է ոսկե ձվեր ածես, այդ ժամանակ կլինես սիրված ու անձեռնմխելի:
Տունդարձի ճանապարհին հավիկը ոսկեդրամներ գտավ, ագահությամբ կտցահարեց ու երազեց ոսկե ձվիկի մասին: Բայց ոսկեդրամները կանգնեցին նրա նեղլիկ կոկորդին ու սպանեցին հիմար երազողին:

Share Button

1 Կարծիք

  • Dmbladzuk says:

    դե լավ, հիմա ճուկի-ճուկի բաներ կարելի էր գրել՝ <> խոսքերով, իսկ հեղինակը թաց մարդու պես է գրում՝ կանգնելով կոստյումավորների մեջտեղում իր հեքիաթներով ցողում է, ապրես, հարգանքաագահ Դմբլաձուկ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *