Սիրանուշ Զախարյան | Տեր հայրը

Կռիվը երկու օր առաջ էր վերջացել։ Էլ մարդիկ իրար չէին քրքրում։ Բայց գլխիս ցավը գանգոսկրերս փշրում էր։ Ընկել էի գետնին, բռնել գլուխս, ոչ լացել էի կարողանում, ոչ՝ գոռալ։ Բուժքույրը պատահաբար պալատի դուռը բացեց ու տեսավ, թե ոնց էի գալարվում։ Մեծ կին էր։ Ով գիտի, թե մինչև ինձ հասնելը քանի անգամ քոռացավ, քանի հարկանի անեծքներ հնչեցրեց ինձ էս օրը գցողի հասցեին, քանի անգամ հանդիմանեց ինձ՝ իբր դեղերս չխմելու համար։ Բայց խմել էի․ ազնիվ խոսք։ Չէր օգնել։ Երկու օր առաջ՝ վերջին գմփոցից հետո, ինչ տեղափոխել էին հիվանդանոց, արդեն մի քանի չափաբաժին տվել էին։
– Պիտի սրսկեմ։
– Էդ ասեղը մոտիկ չբերես։
– Դու վախեցո՞ղ ես բա։
– Քեզ ասացի էդ ասեղը մոտիկ չբերես։
Ասացի ու այնքան վստահ տոննայանոց գլուխս թեքեցի, իբր չէի վախենում։ Ո՞նց ասեի, որ նռնակներից ու անօդաչուներից այնքան չէի վախենում, ինչքան ասեղից։ Դրա ցավը տասնվեց տարեկանում էի քաշել, արյանս մեջ էի քաշել։ Մի քիչ էլ, ու արդեն ուղեղիս մեջ կքաշվեր, ու էլ ինձ հետ չէին բերի։ Բայց հետ բերեցին։ Մեծ եղբայրս հետ բերեց, ով ինձ հայրություն էր անում երեք տարեկանից։ Բերեց ու ասաց, որ կարգին մարդ պետք է դառնամ։ Ու գուցե դառնայի, եթե կռիվը մեջ չընկներ։ Ուզում էի դառնալ, որովհետև հետ բերողս հավատում էր։
Հետո, էլի պատահաբար, մաքրուհին ներս մտավ, թուլացած ձեռքերս այնպես բռնեց, ասես ուզում էր գժին զսպաշապիկ հագցնել։ Ես գիտակցում էի, որ թույլ եմ ու չեմ կարող դիմադրել։ Երկու համարյա առողջ (մի քիչ հիպերտոնիկ), կայացած, ամրակազմ, կախված բազուկներով կանանց դիմաց ի՞նչ կարող էի անել ես՝ նվազս, որ մի հատ էլ դիմադրեի։ Համարձակ բռնեցին ու ծակեցին։ Ընդարմացած մարմինս ծակոցը չզգաց։ Գլուխս հրաժարվում էր կատարել իր ամենօրյա աշխատանքը։
Մի շաբաթ էր անցել։ Դեղերն արդեն կարճ ժամանակով սկսել էին օգնել։
– Լավ ա լինելու, չմտածես։ Մի քիչ էլ լավացի, կարևոր բան ունեմ ասելու, Տրդատ։
Գագիկն իսկապես ամբողջական անունս տալիս էր միայն կարևոր խոսակցությունների ժամանակ։ Չէի համբերում, թե երբ եմ այնքան լավ լինելու, որ վերջապես կայանա մեր զրույցը։
– Դու շատ լավ տերտեր կլինես, – ասաց Գագիկը մեկ ամիս անց՝ մի ամպամած գարնանային օր, երբ համարեց, որ արդեն լավ եմ լուրջ խոսակցությունների համար։
– Բայց ես ուզում եմ հաշվապահ դառնալ։ Թող մի քիչ էլ անցնի, կպարապեմ, կսովորեմ, կընդունվեմ։
– Գիտեմ, որ խելքդ կհասնի։ Բայց դու ավելի լավ ա խաչը բռնես ու մարդկանց օրհնես։ Համ որ մեռնեմ, ինձ ճամփա կդնես։
– Է, գիժ բաներ մի ասա։
– Չէ, ցավդ տանեմ, տերտերից լավը չկա։ Կռվի ամեն օրս բացվում ու մթնում էր աղոթքով, որ դո՛ւ ինձ պետք ա ճամփա դնես։ Էդ ա ճիշտը։ Տերտերը զենք չի բռնում։ Կռիվ չի գնում։ Եթե գնա էլ, աղոթելու ա ու վերադառնա։
– Ախր ես նիհար եմ։ Մորուքս էլ կարգին չի աճում։ Ինձնից ի՞նչ տերտեր։
– Նիհարը ոչինչ։ Մորուքդ էլ կաճի։ Էսքան ժամանակ ո՞վ ա առանց մորուքի մնացել, որ դու մնաս։
Համոզեց։ Սովորեցի աղոթել։ Երգում էի։ Ես իմ ձայնից խլանալով՝ քարոզ էի կարդում։ Աստիճանաբար այնքան հմտացա, որ առավելագույն անտարբերությամբ կատարելություն էի ցուցաբերում գործիս մեջ։ Գյուղի լավագույն կնունք ու թաղում օրհնողն էի։ Հետո դարձա մարզում լավագույնը, իսկ հետո՝ հանրապետության հայտնի դեմքերին կնքողն ու ճանապարհողը։
Մի օր թաղումից եկա ու տեսա, որ կինս գնացել է։ Հոգնել էր։ Ես էլ էի հոգնել։ Բայց չէի ասում, որ գնար։ Մտածում էի՝ ում հոգնությունն առաջինը հասնի առավելագույնին՝ նա էլ կգնա։ Նրանը հասավ։ «Տրդատ, ես այլևս այսպես չեմ կարող»։ Սեղանիս վրա թողել ու գնացել էր։ Այլևս․․․ Էս բառը քեզ համար չէր։ Բահդ ու գլխաշորդ գցեցիր, դարձար տերտերի կին, հիմա էլ՝ այլևս․․․ Է մի կարողացիր։ Տեսնենք, թե ում է վնաս չկարողանալդ։
Օրեցօր ավելի էի սառում բոլոր ճանապարհվողների, նրանց ճանապարհողների լացի ու աղաղակների, դառնացած հայացքների հանդեպ։ Աղոթքների ժամանակ խոսքերս կիսատ-պռատ էի ասում։ Բայց մեկ է, կանչում էին։ Իրենք գալիս տանում էին, իրենք էլ բերում էին տուն։
Տղաս մեծ մարդ էր արդեն։ Մոր հետ չէր գնացել։ Որոշել էր, որ հայր ու որդի գլուխ կհանենք։ Հենց այն տարիքում էր, երբ մոլախոտերը կարող էին պատել ուղեղը։ Ես մի նպատակ ունեի՝ հեշտացնել նրա կյանքն ու հեռու պահել սխալներից։ Բայց այդ ժամանակ չգիտեի, որ այն նպատակները, որոնք նպատակ դնողի հետ անմիջական կապ չունեն, վերածվում են պայքարի։ Չգիտեի, որ կյանքը անդադար առաջադրվող փորձությունների հաղթահարման մեջ է հաճելի։ Որ այդ փորձություններն օր օրի պետք է բարդացնել՝ ադրենալինը չպակասեցնելու համար։ Սակայն բարդանալը պետք է տեղի ունենա միայն ճանապարհն անցնողի չկարգավորված քայլերի, ուրիշների համար անհասկանալի նպատակների, ճիշտ ու սխալի արդյունքում։ Ու այդ դեպքում հաղթահարելը պայքարի փոխարեն հաճույք կլինի։ Ինքս հաղթահարում էի ոչ իմ կողմից իմ առաջ դրված նպատակները, բայց չէի գիտակցում, որ դա, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ։
Գործուղման էի։ Տերտերն էլ է գործուղում ունենում։ Երբ արարողությունը մեր գյուղից հեռու էր լինում, մի օր առաջ պատվիրատուները գալիս էին ինձ տանելու, հաջորդ օրը արարողությունն էր լինում, երրորդ օրը ինձ վերադարձնում էին։ Այդ արարողակարգերն ինձ համար գործուղման պես մի բան էին։ Մի ցուցակ ունեի։ Ավելի ճիշտ՝ մի նոթատետր՝ չորս ցուցակով։ Առաջին մասում կնքվողներն էին, երկրորդում՝ ամուսնացողները, երրորդում՝ խոստովանության եկողները, չորրորդում՝ ճանապարհվողները։ Երրորդն՝ ամենաքիչը, իսկ չորրորդն ամենամեծն էր գրանցումների քանակով։ Չգիտեմ՝ ես էի լավ ճանապարհում, թե՞ բոլոր տերտերների ցուցակներն այդ տեսքն ունեին։ Այս անգամ մի պաշտոնյայի ավելացրի վերջին ցուցակում։ Հարազատները որոշել էին նրա շռայլությունը, որպես լավագույն հատկանիշ, շռայլել մարդկությանը՝ մինչև նրան հրաժեշտ տալը։ Շռայլ կերպով էլ լավագույն տերտերն էր վարձատրվելու։ Հեռախոսիս ձայնն անջատել էի։ Որոշել էի գործուղումից հետո մի քանի օր ինձ թույլ տալ չաշխատել։ Արձակուրդ ունենալու միտքն ամեն ժամվա հետ ավելի էր ոգևորում ինձ։ Արարողությունից հետո նայեցի բաց թողնված զանգերը։ Ես պահպանել էի միայն որդուս, կնոջս ու Գագիկի հեռախոսահամարները։ Բաց թողնված զանգերը 2 համարից էին՝ հինգը տղայիս՝ երևի էլի կարոտել էր, ութն էլ մեկ այլ համարից։ Ծանոթ համար էր, էլի էի տեսել, բայց չէր տպավորվել, թե ումն է։ Ամեն դեպքում արձակուրդիս մտքերն ավելի ուժեղ էին։ Քնեցի։ Հաջորդ երեկոյան տուն հասա՝ առաջին անգամ արարողակարգից հետո թեթևության զգացումով։ Ճանապարհին պատկերացնում էի, թե ոնց եմ տուն մտնելու՝ առանց շտապելու բանալին կհանեի, կբացեի դուռը, տան խոնավահոտը չէր բորբոքի նյարդերս, կհասնեի խոհանոց, որը էլի չէր բուրի կյանքի հոտով՝ կնոջս գնալուց հետո այդպես էր արդեն մի քանի տարի, գլուխս ներս կմտցնեի ու էլի չէի համարձակվի առաջանալ, կթեքվեի դեպի հյուրասենյակ ու մի քանի օր կքնեի բազմոցին։ Երբ մի քանի օր անց արթնանայի, կեսօր կլիներ։ Կգնայի ննջասենյակ, ուր գնալու միակ պատճառը հագուստ վերցնելն էր։ Կհագնեի մաքուր սքեմ ու խաղաղված ժպիտով կգնայի պատարագի։ Էլ անփույթ չէի լինի, բառեր բաց չէի թողնի ու ինքս էլ կհավատայի, որ ինձ լսողները հատ առ հատ ընկալում են բոլոր խոսքերս։ Բայց քանի որ ամեն ինչ չէ կյանքում մեր պատկերացրածի պես, ես հիմա փնտրում եմ խոստավանահոր։ Ես՝ հազարավոր խոստովանություններ լսած, հազարներին թողություն տված մոլորված տեր Հովհաննեսս փնտրում եմ այն խոստովանահորը, ում առաջ կկարողանամ կանգնել ու ասել, որ ատում եմ իմ սքեմը, որով կարելի է և՛ թաղում գնալ, և՛ հարսանիք, և՛ գործուղման ճանապարհ ընկնել, և՛ սնվել։ Ատում եմ այնպես, ինչպես քաղաքացիական կյանքի վազվզոցը սիրող զինվորականն իր բանտարկող հագուստը, ինչպես գիր ու գրականություն սիրող բժիշկը՝ ցավացող մարմինների ձեռքը տանջվողների տրտունջն իր մեջ կրող ճերմակ խալաթը։ Ատում եմ սերտած այն դասը, որ մարդն ինքը պետք է ընտրի իր կյանքի ճանապարհը, որի հագուստը կկրի սիրով ու պատվով։
Երբ տուն հասա շռայլ պաշտոնյային ճանապարհելու գործուղումից, որդիս մեղադրական հայացքով սպասում էր ինձ տան շքամուտքի մոտ՝ սիգարը ձեռքին, կարմրած, ուռած աչքերով, ուժասպառ։ Միշտ խնամված հագուկապով, հարդարած մազերով՝ վերևում երկար, հետևի մասում՝ կիպ կտրած, ինտիլիգենտ տղայից բան չէր մնացել։ Իմ նվիրած մեքենան բակում չէր, ու Արմոյի՝ տանը լինելն ինձ անակնկալի բերեց։
– Ո՞ւր էիր, – անսպասելի բղավեց նա։
Ձեռքերը դողում էին։ Մարմինը ցնցվում էր։ Ինձ թվաց՝ ջերմություն ունի։ Հայրական բնազդն ինձ ստիպեց անհանգիստ շարժումներ անել։ Արմոն հրեց ինձ։ Հագուստս սրբեց շքամուտքի պատերի փոշին ու տեղ-տեղ ճերմակեց։ Այն տպավորությունն էր, որ տարիներ շարունակ ձևավորված սիրուն պատմությունը միֆ էր։ Չէր էլ եղել։ Այնքան սիրուն էի ձևավորել իմ մտքում այդ պատմությունը, որ հիմա, երբ տեղ-տեղ տարբեր դրոշմներ հետքեր էին թողնում, թվում էր, թե այնքան են շատացել այդ հետքերը, որ արդեն իրար վրա են դարսվում ու աննշմարելի է դառնում իմ ձևավորած ծածկույթը։ Այդ պատկերացումներն իմ մեջ արթնացան այն ժամանակ, երբ տեսա տեղ-տեղ փոշոտված սքեմս։
– Գործուղման էի, – խեղճացած ու հոգնած ձայնս լսելով՝ Արմոն կարծես մեղմացավ։ Խղճա՞ց ինձ, թե՞ ինքն էլ էր հոգնած, այդ հարցը մինչև այսօր չեմ համարձակվել նրան տալ։ Շատ կարևոր հարցերի մեջ թերևս դա ծիծաղելի կհնչեր։
– Իսկ զանգերին ինչո՞ւ չէիր պատասխանում։ Չնայած՝ միշտ էլ նման ճամփորդություններիդ ժամանակ չես պատասխանել։
Ես շունչ քաշեցի՝ որևէ պատասխան գլխումս փնտրելով, բայց Արմոն երևի հասկացավ, որ փնտրտուքս երկար կտևի։
– Գոնե Սեդրակի զանգերին պատասխանեիր։
– Սեդրակի՞ն ինչ էր պետք, – Գագիկի որդու անունը լսելով՝ անհանգստությունս մեծացավ։
Արմոն սկսեց լաց լինել։ Ծանոթ լաց էր։ Այդ լացով ճանապարհում էին՝ այլևս վերադարձ չակնկալելով։
– Ո՞վ է, – գունատվեցի ես։ – Գագի՜կ․․․
Ճչացի, ուշագնաց եղա, գիտակցության եկա, էլի ուշագնաց եղա։ Բայց անզոր էի նրա որոշման առաջ։ Ես պետք է «ճամփա դնեի»։ Այդ երեկո մոտս զկրտոց սկսվեց։ Թոքերս ցավում էին քնած-արթուն զկրտոցներից։ Այդ երբևէ ինձ հետ չպատահած երևույթի պատճառով Գագիկի թաղումը երկու օր հետաձգվեց։ Մտա սենյակ, ուր մեծ նկարից ինձ էր նայում Գագիկն այնպիսի հայացքով, որ ես զգացի իմ ապրած կյանքից նրա գոհունակությունը։ Առաջին անգամ նկատելի էին մոմերի դասավորությունը, մարդկանց խտությունը, ծաղիկների ու պսակների դիրքը։ Տարօրինակ կերպով հասկացա, որ մինչ այս երբեք աջուձախ չէի նայել։ Աղոթքս հստակ էր, անսխալ, չկտրտված բառերով։ Ձայնս չէր խեղդվում ինձ հարազատ մարդկանաց աղաղակներից, ու կոկորդս չէր չորանում լաց լինելու անհարմարությունից։ Միայն զգում էի, որ ձեռքիս խաչը դողում է, ու չեմ կարողանում կառավարել։
Վերջացավ։ Ամեն օրվա պես՝ այս օրն էլ անցավ։ Բայց այս մեկն ուրիշ էր։ Այն իր հետ տարավ երեսունհինգ տարիներս։ Թվում էր՝ այն ամպամած գարնանային օրվանից հետո ա՛յս օրվա համար եմ ապրել։ «Ճամփա դրեցի», – ամբողջ գիշեր անդադար մտքումս կրկնում էի ես։ Առավոտյան պատարագ պիտի լիներ։ Ես չգնացի։ Սարկավագներս ինձ կփոխարինեն։ Այսօր էլ, վաղն էլ, մեկ ամիս անց էլ, մինչ նոր քահանա կնշանակեն։ Ես ինձ շնորհել էի անժամկետ արձակուրդ։ Չորրորդ ցուցակիս մեջ ուշացումով ավելացրի վերջին անունը՝ «Պատվիրատու՝ Տրդատ, Ընդունող՝ Գագիկ»։
– Պապ, չես ուշանո՞ւմ, – ներս մտավ Արմոն, երբ պատարագի ժամից մեկ ժամ անցել էր։
– Ուշացել եմ։ Տարիներ եմ ուշացել։
Հետո լռեցի ու առաջին անգամ զգացի լռության դառնահամը։
– Ինչ էիր ուզում դառնա՞լ։
– Ֆուտբոլիստ, – աչքերը կախեց տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսում սովորող որդիս։
– Կսկենք սպորտային կոշիկներից։ Ես կողքիդ եմ։ Դիմիր՝ որտեղ պետք է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *