Տիգրան Գրիգորյան | Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն…

Լուսանկարը՝ Տիգրան Գրիգորյանի

…Տե՛ր մեր, ես ասում եմ նրանց՝
հանե՛լ գլխարկները և արկերի տարափի տակ ծնկի իջնել ու բացել սրտերը, զի չկա մխիթարություն մեր ցավերին և չկա խոսք մեր քարացած լռության դիմաց …
Տե՛ր մեր, այդ մենք ենք՝
քո նոր վկաները։
Ես ասում եմ նրանց, ովքեր կորցրին ամեն բան և կորցրին դեպի Քո գիրկը տանող ճանապարհը։
Դու ես մեր Տերը և մենք՝ Քո մարդիկ …
Ճառագի՜ր մեզ վրա, որովհետև մենք ելանք ուղին գտնելու, բայց կորանք անտառների մեջ, որովհետև մեր ոտքերը սպառվեցին վազքից, մեր ձեռքերը սկսեցին տնքալ,
մեր աղաղակներն անլսելի դարձան ու մեր բառերը լքեցին իմաստներն իրենց։
Տե՛ր մեր, այրի՜ր կրկին այս կարճլիկ մորենին ու թող քո կրակը տաքացնի մեզ։
Կերակրիր մեզ քո նշաններով և թող ամեն պատառը քո լույս մարմինը լինի՝ կենարար մարմինը։
Գինի՜ տուր մեզ, եռացո՛ղ գինի, որ արթնացնի մեզ ցավի թմրությունից։
Խաղաղեցրո՛ւ մեզ՝ կոպիտ մաշկով պատվածներիս ու թող հողը չքամի մեր ուժը, չջնջի իսպառ։
Տե՛ր մեր, հանդարտեցրու այս սառը քամին, որ ցուրտ գիշերը չջարդի ոսկրերը մեր։
Տաքացրու հողը, որ հոգնատանջ մարմինների համար փափուկ անկողին դարձավ։
Տե՛ր մեր, Դու խաղաղությունն ես, երանելի լռությունը, մաքուր լույսը, անապական ջուրը …
Մի՛ գնա, մեզ հետ Մնա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *