Զբիգնև Հերբերտ | Տերևը մեռած ծառի

Զբիգնև Հերբերտ․ լեհ պոետ, դրամատուրգ և էսսեիստ։ Ապրել է 1924-1998 թվականներին։ Հերբերտի նախնիներն անգլիական ծագում ունեին, Գալիցիա էին եկել Վիեննայից։ Բանաստեղծի հոր՝ Բոլեսլավի մայրն հայուհի էր։ Ընթերցողներն ու քննադատները որպես Հերբերտի պոեզիայի ընկալման բանալիներ ճանաչել են հեգնանքն ու հավատարմությունը։ Նրա պոեզիան փորձ է նորացնելու ավանդույթը` որպես հիմնարար արժեք անհատի կյանքում։ Հերբերտի պոեզիան փորձում է վերականգնել աշխարհի և մարդու գոյության ներդաշանակությունը, աչքի է ընկնում նուրբ փխրունությամբ և չափազանց զգայուն է ցավի հանդեպ։ Հատկապես հայտնի է բանաստեղծի ստեղծած կերպարը՝ Պան Կոգիտոն, որի միջոցով փորձում է ցույց տալ գոյություն ունեցող չափանիշների անկայունությունն ու անորոշությունը և անընդհատ փնտրում է մարդկային պարտքի էությունը։ Ինչպես պնդում էր լեհ պոետ, գրականագետ, Հերբերտի ժամանակակից Եժի Կվիատկովսկին․ «Հերբերտը դասական է․ նրա նպատակը նորարարությունը չէ, նրա նպատակը կատարելությունն է»։

 

Տատը

իմ տատը սրբագույն
երկար կիպ զգեստով
ամրացված
անհամար
կոճակներով
խոլորձի պես
արշիպելագի նման
ինչպես համաստեղություն
նստած եմ նրա ծնկներին
իսկ նա պատմում է ինձ
աշխարհից
ուրբաթ օրվանից
մինչև կիրակի
ականջ դնելով
գիտեմ ամենը –
– ինչ նրանն է
չի բացահայտում ինձ միայն իր ծագումը
Մարիա տատիկը Բալաբաններից
Մարիա Դոշվիադչոնան
ոչինչ չի ասում
կոտորածի մասին
Հայաստանի
թուրքերի կոտորածի
ուզում է խնայել ինձ
մի քանի տարվա մոլորությամբ
նա գիտի, որ կսպասեմ
ու ինքս կպարզեմ
առանց անեծք ու լաց
խորդուբորդ
մակերևույթը
և հատակը
բառի

 

Տունը

Տուն տարվա եղանակներից անդին
տուն կենդանիների ձագերի ու խնձորների
դատարկ տարածության քառակուսի
բացակա աստղի տակ

տունն աստղադիտակն էր մանկական
տունը պատյանը հույզերի
այտը քրոջ
ճյուղը ծառի
բոցն այրեց այտը
ճյուղը շեշտեց արկը
բույնի փխրուն մոխրի վրա
անտուն երգ հետևակի
տունը վեցանիստն է մանկության
խորանարդը հույզերի

թևն այրված քրոջ

տերևը մեռած ծառի

 

Իմ քաղաքը

Օվկիանոսը փռված է հատակին
աստղով աղի
օդը հղկում է
փայլուն քարերը
հաշմ հիշողությունը ստեղծում
հատակագիծը քաղաքի

ծովաստղի փողոցներ
մոլորակներ հեռավոր հրապարակների
կանաչ միգամածություններ պարտեզների

գաղթականներ ճմրթված գլխարկներով
գանգատվում են էության կորստից

գանձարանները ծակոտկեն հատակով
թափում են թանկարժեք քարեր

երազում տեսա, որ գնում էի
ծնողներիս տնից դեպ դպրոց
չէ՞ որ գիտեմ, թե ուր եմ գնում
ձախից Պաշանդի կրպակն է
երրորդ դպրոցի գրախանութը
անգամ ապակու միջից երևում է
գլուխը ծեր Բոդեկի

ուզում եմ թեքվել տաճարի կողմը
տեսարանն հանկարծ ընդհատվում է
չկա հաջորդիվ ընթացք
ուղղակի անհնար է գնալ առաջ
բայց չէ՞ որ լավ գիտեմ
որ փակ փողոցում չեմ ես

անհաստատ հիշողության օվկիանոսը
լվանում մշուշում է պատկերները

վերջում կմնա քարը
որի վրա ծնվել եմ ես

ամեն գիշեր
ոտաբոբիկ կանգնում եմ
շրխկոցով փակված դարպասների առջև
իմ քաղաքի

 

Աղերս

Սովորեցրու մեզ նաև մատները ոլորել
և դռներին հենվել մյուս կողմից
սենյակների արդեն զուր սիրո
երբ հարկավոր է թող լինի բռունցքով
այն ինչ երազվում էր երջանկության մասին
և մթագնում էր բոցը բարակ

իսկ հետո կռվի ավարտին
թույլ տուր մեզ բացել մատները
անգամ եթե արդեն դատարկություն է լոկ
երբ բաց ձեռքով կընդունես պարտությունը
երբ գանգը կառնես մատներիդ մեջ զգայուն
կսկսվի այդժամ ևս մեկ անգամ
բաց ձեռքերի գործը մեծ
լարերի վրայով ճամփորդությունն է խաղերից հետո
փրկության հատիկը վերջին

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *