Շուշան Ներսիսյան | Թեյի սեղան

ԻՆՔԸ ԵՐԵՔԻՑՍ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ ԷՐ

Կրակ կար աչքերի մեջ, կլանող կրակ, որ սկսեց այրել, հետք չէր թողնի, միայն բորբոքել էր պետք: Ժպիտը բոլորիս ժպիտներից սիրուն էր, թեք հայացքով էր ժպտում, աչքերի արանքով, որ չնկատվի: Քիչ էր խոսում, շատ երազում: Մեզ նման չէր, տարբեր էր մեզնի՜ց էլ, բոլորի՜ց էլ: Ինքն իր մեջ իր աշխարհն ուներ, չէր թողնում իր աշխարհ մտնենք, վախենում էր վնասենք…
***
Ասում էինք՝ հրապուրանք է, չի սիրում, չէր հավատում, գլուխը կորցրել էր: Ասում էինք՝ բոլոր պատմությունների նման է լինելու, գեղեցիկ ես, աչքերիդ կրակն է հրապուրում, մի օր կհոգնի, էլ չի գա, չէր լսում, չէր ուզում հավատալ:
Սիրահարվել էր…
***
Հենց երեկոյանում էր, իրեն տնից դուրս էր գցում, որովհետև սովորաբար նա երեկոյան էր գալիս, դե մենք էլ հավատարիմ ընկերուհիների նման մենակ չէինք թողնում: Որ գար, տեսներ՝ մենակ չէ, չէր մոտենա…
Երեկոյան էր գալիս: Մենք էլ պարտականության նման ոչ մի գալը բաց չէինք թողնում: Ոտից գլուխ նայում էինք՝ ինչ է հագել, ինչ գույնի վերնաշապիկով է, ժամացույցը ա՞ջ, թե՞ ձախ ձեռքին է կապած, որ քննարկելու բան ունենանք, իսկ էս երազկոտը միայն աչքերին էր նայում: Հետո մենք երկուսով քննարկում էինք ոտքից գլուխ՝ ինչ էր հագել, ինչ գույնի վերնաշապիկով էր, ժամացույցը ա՞ջ, թե՞ ձախ ձեռքին էր կապած (ի դեպ, բոլորի նման ձախին էր կապած, արտասովոր ոչինչ չկար), իսկ սա չէր մասնակցում, բայց զգում էինք, որ աչքերի կրակը քիչ-քիչ բորբոքվում է…
Մի անգամ որոշեցինք մենք էլ նրա աչքերին նայել, նեղսրտել էր, բան չասաց, բայց մենք հասկացանք, այլևս երբեք չկրկնեցինք մեր սխալը, մեր գործը էս երազկոտին մենակ չթողնելն էր, որ տեսներ՝ մենակ չէ, չէր մոտենա…
***
Մի օր գրեթե լաց եղավ, ասաց մենակ թողեք, որ գա, տեսնի մենակ եմ, կմոտենա: Մենք մեզ մեղավոր զգացինք, մի անգամ էլ հասցրինք զգուշացնել, որ չի սիրում, միայն հրապուրված է:
Լուռ վեր կացավ, գնաց, ինքը մեզ մենակ թողեց…
***
Մի օր էլ եկավ հրաժեշտ տալու: Էդ հետո միայն հասկացանք, որ հրաժեշտ տալու էր եկել: Պատմեց, չնայած՝ պատմելու բան չկար, կարող էր ոչինչ չասել, բայց մեր պարտքն էր լսել ու հասկանալ մի քանի ամսվա սերը փայփայած ու իրենից անկախ այդ սերը կորցրած մեր ընկերոջը:
-Ի՞նչ եղավ,-մի անգամ համարձակվեցինք հարցնել:
-Ոչի՜նչ:
-Բա ինչու՞ էլ չեկավ:
-Հոգնել էր:
-Ինչի՞ց
-Չգիտե՜մ, մի օր հոգնեց ու որոշեց էլ չնայել, աչքերը մի կողմ թեքեց: Հենց այդ պահին հասկացա, որ ընդմիշտ կորցրի նրան:
***
Ասում էինք, չէ՞, հրապուրանք է, չէր հավատում…
***
Մոռացվեց, որովհետև մի քանի օրվա հրապուրանք էր, մի քանի գրամանոց զգացմունք, կուլ գնաց անկշռելի սերերին:
Մոռացվեց արագ, այնքան արագ, ինչպես արագ մոռացվում են մի քանի օրվա սերերը՝ առանց ավելորդ ձևականությունների: Այդ միքանիօրանոց սերերի նման էլ երբեք չմտաբերվեց, ականջը երբեք չզնգաց, թե` «Քեզ հիշող կա», որովհետև հիշող չկար: Մոռացվեց ընդամենը մեկ երեկոյի համար գնված զգեստի պես, որն այլևս չի գրավում հենց այդ երեկոյից անմիջապես հետո, այն զգեստի նման, որ հագնում են միայն մեկ անգամ այդ երեկոյի համար ու վերջ: Մոռացվեց այդքան արագ: Մոռացվեց այն օծանելիքի նման, որի վերջին կաթիլները հազիվ հերիքում են միայն մի երեկո բուրելու համար: Մոռացվեց այն ծաղիկների նման, որոնք սովորաբար հավերժ չհիշվելու են գնում հաստափոր գրքերի մեջ ու չորանում են, ու եթե մի օր հիշես ու ձեռք տաս, կփշրվեն, իսկ ինքն արդեն փշրված գնաց չհիշվելու:
Նյութականացվեց ու մոռացվեց…
Մի քանի անգամ հասցրեց հայելու մոտ զարդարվել, մի քանի անգամ միայն մազերը սովորականից ուրիշ հարդարեց, մի քանի անգամ հարևաններն ասացին, որ աչքերում փայլ է հայտնվել, մի քանի անգա՜մ ու վե՜րջ…
***
-Մի քանի անգամվա համար արժե՞ր հրապուրվել, գլուխ կորցնել:
-Արժեր, – մի վերջին անգամ այս մասին խոսելիս թռուցիկ ասաց նա:

 

ԹԵՅԻ ՍԵՂԱՆ

Ես քեզ թեյի մեկ սեղան եմ պարտք, զրույցի թեման դու ինքդ կորոշես: Հենց որոշես, կհանդիպենք քաղաքի սրճարաններից մեկում, որ թեյ խմենք: Մատուցողն այդ օրն արդեն որերորդ անգամ իրենից գոհ դեմքով մեզ՝ իր համար հերթական թեյ խմող մարդկանց կմոտեցնի թեյերի տեսականին, իսկ մենք կտարբերվենք հերթական թեյ խմողներից, մենք պարզապես տաք թեյ կպատվիրենք, եղածներից ամենատաքը, որի գոլորշին կխառնվի իմ ժպիտին: Շաքարավազի կարիք չի լինելու:
Ես հագնելու եմ թափանցիկ բլուզ, դու՝ վանդակավոր վերնաշապիկ. այդպես դու իդեալական ես: Մազերս հավաքելու եմ ամենաանփույթ տարբերակով, դու կլինես բոլորից կոկիկ (ինչպես միշտ): Շրթներկ չեմ քսելու, ժպտալու եմ, դու լինելու ես լուրջ, մի քիչ գործնական (ինչպես միշտ):
Խոսակցության թեմաները, ինչպես որոշել էի, դու ես առաջարկելու, ես ձևացնելու եմ, թե հետաքրքիր են: Դու խոսելու ես, իսկ ես ձևացնելու եմ, թե հասկանում եմ: Մի քանի հերթապահ հարց կտամ, դու կպատասխանես լուրջ, մանրամասնորեն (ինչպես միշտ):
Իսկ ես լսելու եմ, լսելու եմ ձայնդ, երբեք չփոխվող ձայնդ…
Դու շարունակելու ես խոսել, ես՝ ձևացնել:
Բաժակներում եղած թեյը, ձանձրանալով ձևականություններից, աստիճանաբար սկսելու է սառչել, ու դու թեյնիկում մնացած տաք թեյով տաքացնելու ես առաջինն՝ իմ, հետո քո բաժակի թեյը՝ երկարացնելով մեր հանդիպումը: Ես շարունակելու եմ ժպտալ…
Հետո զգալու եմ հանդիպման վերահաս ավարտը ու երկու ափով գրկելու եմ բաժակս, որ թեյը չսառչի: Դու շարունակելու ես խոսել, ես՝ զգալ ավարտը, դու՝ խոսել, ես՝ զգալ…
Սրճարանից դուրս գալու առաջարկը քոնն է լինելու (ինչպես միշտ), ես երբեք նման առաջարկ չէի անի: Ես չեմ մերժելու: Իմ պատվիրած տաք թեյի համար դու ես վճարելու (դու երբեք թույլ չես տալիս, որ քո փոխարեն ուրիշները վճարեն): Ու ես նորից քեզ մեկ թեյի սեղան եմ պարտք մնալու:
Մենք քայլելու ենք դեպի դուռը (միակ բանը, որ այդ օրը երկուսս միաժամանակ ենք անելու): Դու բացելու ես դուռը, առաջինը ես եմ դուրս գալու՝ թիկունքիս զգալով ներկայությունդ:
Սրճարանից դուրս ենք գալու միասին՝ սեղանին թողնելով երկու կիսատ թեյի բաժակ, որոնցից մեկի թեյն ամբողջովին սառած է լինելու, մյուսը վերջին ճիգերով պայքարելու է չսառչելու համար՝ կարծելով՝ դեռ կերկարացնի հանդիպումը: Այս վերջին բաժակի թեյը ամբողջովին կսառչի միայն այն ժամանակ, երբ զգա, որ հանդիպումն ավարտվել է, ու իր սառչել-չսառչելը ոչինչ չի փոխելու, որ չսառչելու պայքարն անիմաստ է:
Երբ մատուցողը մոտենա մեր սեղանին, գտնելու է երկու արդեն ամբողջովին սառած թեյի բաժակ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *