Կարեն Անտաշյան | TIFL օրագիր

նախաբան

Դանդաղ եմ ծիծաղում, որ քթիցս էլի արյուն չգա:
վրացի Պաատայի հետ երկար խոսեցինք
ու եկանք այն մտքին,
որ ամեն ինչ ունենք, բացի հույսից։
ամերիկացին մեռնող լեզուների մասին ֆիլմ ցուցադրեց,
ուշադիր էի, հայեր չկային։
լատվիացին խոսեց ճնշված ու տաբուացված
նարատիվների վրա կենտրոնանալու մասին․
ռուսական օկուպացիա, բաժանված կանայք,
հոմոսեքսուալ ֆաբուլա, անտուն կենդանիներ․
կարծես թե լավ իրավապաշտպան է։
ռուսերեն միայն ծխարանում ենք խոսում:
ֆրանսիացու բանաստեղծություններից դե ոչինչ չհասկացա,
բայց հա՝ ֆրանսերենը սիրուն ու նեվրոտիկ լեզու է։
խորվաթը թվաց քառասունն անց կին,
որը պատրանքներ չունի․ հազվադեպ է այդպես պատահում։
ադրբեջանցին, ում կենսագրությունը
ամենաերկարն էր տեղեկագրում,
իմ ելույթի ժամանակ լքեց դահլիճը։
քթիցս ամեն դեպքում արյուն եկավ էլի՝
հայտարարեցի, որ պատահականություն է։
հետո պարզվեց, որ մարդն ընդամենը ելել է ծխելու.
պատահականություն է, ok:
կյանքումս առաջին անգամ իռլանդացի իռլանդացու հետ
թբիլիսիում գնացինք իռլանդական փաբ, շատ խնդալու էր,
բայց հետո շատ տխուր էր, երբ քեֆը լավ,
արդեն էլֆերեն խոսելու փուլում ասեց,
որ ինքը գրում է մի լեզվով, որով խոսում է իր երկրի
ընդամենը երկու տոկոսը․
ես ինձ դզված զգացի։
ամերիկացին կարգին մուժիկ դուրս եկավ․
ասեց, որ տեղյակ է հայերի տառապանքներից,
քիփ է սարոյանի որդու հետ, ու փակեց հաշիվը,
հայտարարելով՝ ամերիկան
վերջապես պետք է հատուցի՞ մի օր, թե՝ չէ։

 

վերջաբան

Բանաստեղծը՝ բանաստեղծների վտառում –
կա՞ արդյոք ավելի ձանձրալի բան,
քան մենակների համքարությունը։
մենակ չի այլևս։ շատվորով ենք։
ինչպես միշտ՝ կրակ չունեմ
և սա ինքնին լավ պատմության սկիզբ է։
վերջապես ծխելով հայտնվեց հույնը,
որպես միֆական մեռել,
որպես ցերեկն անպատեհորեն արթնացած վամպիր։
տեսածս ամենածեր գեյն է՝
սևազգեստ, ազնվազարմ, խորամանկ, մերձիմահ։
արծաթեղենով բեռնված ձեռքի էլեգանտ ժեստը
նկարում եմ թաքուն ու ուղարկում Էլիզին –
իբր իրեն ուրախացնելու համար եմ միայն հմայլվել։
ճապոնացին աննկատ է ներկա՝
ինչպես ամպոտ կեսօրի ստվերը,
բայց բռի հարցերովս գաղտնիքից կորզում եմ
նրա սովորականության նշանները նույնպես-հայավարի –
կինն աստղաֆիզիկոս է, ասում է՝ կշտամբում է ինձ
տիեզերք բառը սխալ կոնտեքստում կիրառելու համար,
մինչև երեսունը ձկնամթերք չի կերել,
քանի որ փոքր ժամանակ վախացրել են․
թե սուշիից կռաբները կելնեն կուտեն իրեն։
պատմում եմ, որ կիրովականի բազառում
կապչոնի սիգ էի ծախում արձակուրդներին՝
յանի՝ ես էլ տռավմաներ ունեմ
կապված ծովամթերքի հետ։
հասկանում եմ բոլորի անգլերենը բացի անգլիացուց,
սպանեք՝ չեմ հասկանում։
իռլանդացի ընկերս թարգմանում է։
միայն երրորդ օրն եմ գլխի ընկնում,
որ փառատոնային արտիստը պետք է
անհանգստացած երևա ինչ-որ համամարդկային հարցով,
իսկ ես էշ-էշ ինձ պահում էի այնպես,
ասես եկել եմ հանգստանալու ինձ անհանգստացնող բաներից։
անկապ նկատեցի, թե ոնց է ուկրաինացին
փողոցում շոշափում բրոնզե արձանի
պլպլան ցուցամատը, որպես հաջողության նշան։
ավստրիացին յա անհավես է, յա՝ խմած
յա մի հանքի լուսանկարում է անհեթեթ բաներ,
պապյե-մաշե կինտոյի աչք, առաստաղի ճաք –
երկուսից էլ Թբիլիսիում՝ ինչքան ուզես։
կեսգիշերն անց էր, սպառված էի իսկապես՝
տաղանդավոր ձևանալու համար։
հոլանդացի բարեհամբյուր տիկինը
գինի առաջարկեց, ասեցի չեմ խմում,
նրբանկատորեն հարցրեց՝
կրոնակա՞ն պատճառներով
գլխով ասեցի՝ այո։

05-08․06․2023

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *