Տիգրան Մանսուրյան | Հենց այսպես էլ ապրել…

Զրույցը վարեց` Հովհաննես Այվազյանը

-Դեմ չէի՞ք լինի, եթե ամենասկզբում հարցնեի այսօրվա մեր մշակութային և, մասնավորապես, երաժշտական կյանքում տիրող իրավիճակի մասին։ Ինչպիսի՞ն է մթնոլորտը։ Ճշմարիտ արվեստի տեղը նեղ չէ՞։ Շնչել լինո՞ւմ է։ Արժեքներ ստեղծվո՞ւմ են և, առավել ևս, գնահատվո՞ւմ են դրանք ըստ արժանվույն։ Այսքան «շնչահեղձ» հարցեր տվեցի վրա-վրա, որովհետև դրսի մարդու հայացքով, ոչ արվեստագետի տեսանկյունից, ներողություն, քիչ բան ունենք մխիթարվելու։ Թվում է` այսօր բարձր արվեստի ժամանակը չէ, գետնաքարշ աշխատանքի ու առօրյա հացը մի կերպ վաստակելու հոգսի ժամանակն է։
– Դժվարանում եմ այս մասին խոսել։ Դժվարանում եմ ոչ այն պատճառով, որ այդ իրավիճակի, մթնոլորտի մասին պատկերացումս ամբողջական չէ, այլ բաներ կան, որոնց մասին կարելի է խոսել, բաներ էլ կան, որոնց մասին անկարելի և անիմաստ է խոսելը։ Բոլորս` այս մասին խոսողներս էլ, չխոսողներս էլ, ուզում ենք, որ մեր երկրում մշակույթի վիճակը լավ լինի։ Միայն պետք է ճշտենք, ո՞րն է այդ լավը, ի՞նչ է մեր ուզածը։ Այս լավի տեսակները մեզանում նույնքան շատ են, որքան որևէ մեծ շուկայում աշխարհի այս ու այն կողմից բերված ապրանքների տեսակները։ Ինձ համար լավն այն է, որ պարտական չեմ որևէ մեկին հաշիվ տալու, թե ինչ եմ գրում, ինչպես եմ գրում։ Դրանից հետո մյուս լավն էլ այն է, որ աշխարհի այս կամ այն քաղաքում իմ գործի կատարմանը ներկա լինելու համար պետական մարմիններից թույլտվություն, բնութագիր և նման բաներ ձեռք բերելու խնդիր չունեմ։ Ինձ հետ կապված ստեղծագործական-կազմակերպական բոլոր հարցերը ես եմ որոշում։
Իհարկե, կուզեի, որ շատ բան այնպես չլիներ, ինչպես է։ Գուցե նաև իմ մեղքն է, որ այսօր հայ երաժշտության դասական արժեքներից շատերը մոռացության են տրված, բոլորովին չեն հնչում։ Թվում է, թե ինքներս մեզ ենք աղքատացնում։ Չեմ ուզում մոռացության տրված հեղինակների անուններ տալ, չեմ ուզում արժանի գործերի անուններ հիշատակել։ Ի՞նչ կարող ես անել։ Համբերել է պետք։ Անցյալ դարասկզբին հայ պրոֆեսիոնալ երաժշտության կազմավորմանը տեղյակ ամեն մեկը գիտի, թե Ալեքսանդր Սպենդիարյանը ինչպես և ինչ դժվարություններ կրելով հավաքեց առաջին նվագախումբը Երևանում։ Հեռավոր այն օրերին երաժշտական ամեն մի գործիք հայթայթելը իրադարձություն է եղել։ Մարտիրոս Սարյանը և իր տիկինը՝ Լուսիկ Սարյանը նոր ստեղծված կոնսերվատորիայի գրատախտակի համար պահանջվող նոտային հնգագիծն էին գծում-ներկում և հավատացած էին, որ մի մեծ ապագայի առաջին քայլերն են անում։ Փառք Աստծո, նոտային հինգ գիծ ունեցող գրատախտակներ հիմա Հայաստանում կան, երաժշտական գործիքներ ևս կան։ Ուրեմն, հավատացած եմ նաև, որ այսօր մոռացության տրված երաժշտական արժեքները կվերադառնան կյանք, կհնչեն մեզանում։ Կունենանք նաև այդ արժեքները գնահատող ունկնդիրներ։ Այս արժեքները սխալմունք կամ պարապ բաներ չէին, որ եկան ու անցան։
Ես չգիտեմ` այս բաների մասին իմաստ ունի՞ խոսելը… Ուզածդ թեման, ուզածդ այս կարգի «բողոքավոր» խոսքը ծառայում է, կարծես թե միայն փողի` մեկի գրպանից մյուսի գրպանն անցնելու շարժմանը։ Այս հարցի վրա վարագույր իջեցնենք, թողնենք, որ վարագույրի ետևում գործող անձինք շարունակեն իրենցը։ Հավատացած լինենք, որ ճանապարհը, որ բացվել է մեր շուկայում այսքան ապրանքների առաջ, մի օր էլ կծառայի ուրիշ արժեքների ներկրմանը։ Մի օր էլ մշակութային դաշտի իրական պատկերը ցույց տվող գիտակցություն-հայելի կունենանք, որի մեջ և՛ մեր դեմքը ավելի լավ կտեսնենք, և՛ ուրիշներինն ավելի ճիշտ կգնահատենք։

– Եվ ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում այս մթնոլորտում։ Չեք տեղավորվում, նեղ է ոնց որ… Ի՞նչ ու ինչպե՞ս կուզենայիք փոխված տեսնել կամ փոխել սեփական ուժերով։

– Ես ինձ նեղված չեմ զգում։ Հարուստ ձայնադարան ունեմ, լավ գրքեր ունեմ կողքս` երաժշտական, գեղարվեստական, ունեմ մտերիմների շրջանակ, ընդհանուր առմամբ՝ իմ ուզած մարդիկ իմ նկատմամբ ուշադիր են։ Այն, թե ինչ կուզենայի փոխված տեսնել կամ փոխել սեփական ուժերով, նույնպես պատկանում է այն թեմաների շարքին, որոնց մասին խոսելն անիմաստ բան է։ Վերջացավ։

– Կուզենայի խոսել երաժշտական պատվերի մասին։ Դուք այս վերջին գրեթե երկու տասնամյակում յուրաքանչյուր տարի մեկ կամ միանգամից մի քանի պատվեր եք ստանում արտասահմանից` Եվրոպայի ու Ամերիկայի խոշորագույն երաժշտական կենտրոններից, նշանավոր երաժիշտներից։ Այնքան, որ չեք հասցնում գրել և հաճախ քաղաքավարի մերժում եք։ Իսկ Հայաստանից` ոչ մի պատվեր։ Ինչպե՞ս հասկանալ…

– Ենթադրում եմ, որ սովետի տարիներին գրված, գնված, մի կողմ նետված գործերի քանակն այնքան մեծ է, որ դրանց շարքն այսօր ավելացնելը բացարձակ իմաստ չունի։ Գուցե դա չէ պատճառը, գուցե պետությունը փող չունի այդ տեսակ բաների համար։

– Մի՞թե…

– Չգիտեմ, ինձ թվում է, այդպես է… Իսկապես որ ես հաճախ եմ այս կամ այն գործը գրելու առաջարկություն ստանում։ Առաջարկներից որոշներն ընդունում եմ, որոշները` ոչ, տարբեր պատճառներով։
Փորձում եմ գրել նաև այն երաժշտությունը, որն ինձ ոչ ոք չի պատվիրում, բայց որը չեմ կարող չգրել։

– Կատարում։ Անմխիթար վիճակ մեզանում։ Ձեր երկերը հնչում են արևմտյան կիսագնդում ամենուր։ Չեք հասցնում ներկա լինել Ձեր ստեղծագործություններից կազմված համերգներին` նույնիսկ այն դեպքերում, երբ նախապես պայմանավորված եք լինում կազմակերպիչների հետ, Ձեր վիզան հաստատված է լինում, տոմսը` գնված։ Իսկ հայրենիքում` լավագույն դեպքում տարեկան մեկ-երկու կատարում։ Ցավով եմ ասում, բայց այստեղ Ձեզ սիրում են առավելապես Ձեր կինոերաժշտության համար, ձեր առավել լուրջ գործերին մեր երաժշտասերները, ասենք, երաժիշտների, մասնագետների մեծ մասը նույնպես, պարզապես ծանոթ չեն կամ գիտեն հպանցիկ։ Ինչպե՞ս կբացատրեիք այս տարօրինակ, կներեք, նաև վիրավորական իրավիճակը։

– Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, երբ Երևան մայրաքաղաքը, մեր ամբողջ հանրապետությունը մի քանի համերգասրահ ունեն ընդամենը։ Հետո երաժշտությունը, առհասարակ, նոր ստեղծված գործը մեզանում այն կարևորությունը չունի, ինչ, ասենք, Նյու Յորքում կամ Մյունխենում։ Եթե ես մի գործ եմ գրում, որը պիտի կատարվի եկող տարի այսինչ երկրում այսինչ երաժշտի կողմից, ապա այդ մասին այսօր արդեն ինտերնետում հաղորդագրություն է զետեղվում, գովազդ է արվում այս ու այն տեղ, այդ երկի կատարմանը մարդիկ նախապատրաստվում են։ Եվ գործը կատարելուց հետո, բնականաբար, արձագանքներ են լինում միջազգային մամուլում։ Մի քիչ տխուր, մի քիչ ծիծաղով ասեմ, որ այնտեղ իմ միայն մեկ գործի բերած լրագրային արձագանքներն ավելի շատ են, քան իմ բոլոր գործերի այստեղի տասը տարվա արձագանքները միասին վերցված։ Ես չեմ կարծում, որ մենք ինքներս մեզ չենք հարգում։ Երևի բաներ կան, որ մեզանում արժեք պիտի համարվեն հազար անգամ ստուգվելուց հետո միայն։ Կամ էլ համարվում են, բայց այդ մասին չի խոսվում ինչ-որ ընդունված պայմանավորվածություն, համաձայնություն չխախտելու համար։ Չգիտեմ… Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից մեկի մի տողը կա. «Իսկ Սոնան ասում է` գլուխը քարը, հենց այսպես էլ կարելի է ապրել»։ Ես էլ եմ ասում նույնը` հենց այսպես էլ կարելի է ապրել… Ինչ վերաբերում է արտասահմանյան կատարումներին ներկա լինելուն, ապա գնում եմ այնտեղ, որտեղ իմ գործի առաջին կատարումն է լինում կամ մի ամբողջ համերգ, կամ համերգաշար է նվիրված իմ գործերին։ Ամեն մի կատարման ետևից վազելն իմաստ չունի և հնարավոր էլ չէ. դրանք շատ են։ Շատ հաճախ ես տեղյակ չեմ լինում, թե որտեղ իմ որ գործն է կատարվում։ Երբեմն դրանց հնչելու մասին լսում եմ որոշ ժամանակ անց։ Բոլոր այն կոմպոզիտորները, որոնք, ասենք, մի տասնյակի չափ գործեր ունեն շրջանառվող, այս բաներին ծանոթ են, և սա սովորական վիճակ է նրանց համար։
Այն, ինչ ասում եք իմ երաժշտության և լուրջ գործերի առնչությամբ, իրոք, այդպես է։ Մեզանում գիտեն այնքան, ինչքան իմանալու պահանջ ու մղում կա։ Եվ առհասարակ դասական երաժշտության ունկնդիրների լսարանը մեզանում մեծ չէ։ Դասական երաժշտություն ամեն օր լսելու պահանջ ունեցող մարդիկ մեզանում հատուկենտ են, նաև երաժշտությունն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը համարողների շրջանում։ Սրանք հայտնի բաներ են։

– Աշխարհի լավագույն ձայնագրման ընկերություններից մեկը` ECM-ը` Մանֆրեդ Այխերի տնօրինությամբ, վերջին մի քանի տարում թողարկել է Ձեր երկերի ամբողջ չորս ձայնասկավառակ։ Այդ ընկերության համբավն այնպիսին է, որ, ասում են, աշխարհի բոլոր ծագերում վաճառասեղանների վրայից ուղղակի «սրբում են» նրա արտադրանքը` չնայելով անգամ, թե ում գործն է` թողարկված սկավառակի վրա։ Մանֆրեդ Այխերի շնորհիվ Ձեզ լսում են Ավստրալիայից մինչև Սիբիր, Ճապոնիայից մինչև Ամերիկա… Ինչո՞ւ չեք համագործակցում մեր հայրենական պրոդյուսերների հետ։

– Ովքե՞ր են մեր հայրենական պրոդյուսերները… Եթե այդպիսիք կան, ի՞նչ կարող են անել։ Իսկապես չեմ ճանաչում այդպիսի մասնագիտության տեր մարդկանց մեզանում։ Եթե այդպիսիք կան արդեն, ուրախ եմ։

Ինչ վերաբերում է Մանֆրեդ Այխերին, ապա նրա հետ համագործակցությունը ստեղծագործական երջանկություն է (քչերին տրված), և մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է։ Այխերին բնութագրելու համար ասեմ միայն, որ նա է հայտնաբերել և աշխարհին ներկայացրել Քիյթ Ջառեթին, նրա մոտ է ձայնագրվում, օրինակ, իմ ընկերներից Արվո Պյարտը։

– Ճի՞շտ է, որ Ձեր գործերի` գրված ու դեռ չգրված, նույնիսկ չմտահղացված գործերի հրատարակության, իրացման, կատարման իրավունքը վաղուց գնել են արտասահմանյան ընկերությունները։ Մեր հայրենիքը չի՞ աղքատանում բարոյապես, իրավաբանորեն և ֆինանսապես…

– Այս մասին միայն կարող եմ ասել, որ ես երկու հրատարակիչ ունեմ, երկուսն էլ Գերմանիայում են։ Իրոք, երբ մշակույթի տերերը մեզանում այնքան հարստանան, որ ուզենան հրատարակել իմ այդ գործերը, տպագրության իրավունքը պիտի գնեն գերմանացիներից։ Չեմ կարծում, թե դա մոտ ժամանակների բան է, այնպես որ առայժմ շնորհակալ լինենք գերմանական հրատարակչություններին, որոնք են «Հանս Սիկորսկին» և «Շոթը»։ Չեմ կարծում, թե մեր հայրենիքը դրանից աղքատանում է։ Առհասարակ, տպագրվելու, կատարվելու, ծանուցվելու, պատվերներ ունենալու գործընթացները արտառոց երևույթ չեն, բոլոր հեղինակների հետ հենց այդպես էլ լինում է։ Սա պրոֆեսիոնալ երաժշտի կյանքով ապրող մարդու գործունեության բաղկացուցիչ մասն է։

– Լինելով ամենանշանավոր ու սիրված երաժիշտներից մեկը` Դուք ընդամենը երեք-չորս ժողովածու ունեք հրատարակված։ Քիչ չէ՞…

– Անկեղծ ասեմ. այդպիսի բաների մասին չեմ մտածում։ Հրատարակում են` հիմնականում կատարողներին բավարարելու համար։ Չեմ կարող ասել, թե մեզանում մեծ պահանջարկ կա կատարողների կողմից, և նրանք նոտաների պակաս են զգում։ Արևմուտքում կատարողները գիտեն, թե իմ պարտիտուրները որ հրատարակչությունից պիտի ստանան, և հրատարակչությունները նրանց խնդրանքները բավարարում են` անկախ նրանից` գործը լույս է տեսել, թե ոչ։ Իմ պարտիտուրները բազմացված տեսնելու պահանջ չունեմ, ես պահանջ ունեմ նոր պարտիտուրներ գրելու։ Աշխարհի խոշորագույն երաժշտական գրադարաններում տեսել եմ պարտիտուրներ, որ տարիներով որևէ տեղ չեն հնչում։ Այդ պահին ինձ այնպես է թվացել, որ ոչ թե գրադարան եմ այցելել, այլ հնչյունների գերեզմանատուն։ Անհարկի հրատարակվելը շատ հաճախ պարտիտուրների գերեզմանատուն հարստացնելու պես մի բան է։ Բնական է և լավ է, երբ գործը որոշակի պահանջների բավարարման արդյունքում է հրատարակվում։

– Դուք երազում եք «Ռեքվիեմ» գրել։ Ծանր գործ է։ Մեծ գործ է։ Եվ արժե, որ մեր ժողովուրդն ունենա այդպիսի երկ։ Որքան գիտեմ` չունենք, չէ՞։ Բայց ռեքվիեմ հնչեցնելու պահանջն ունենք` թելադրված մեր պատմությամբ։ Պետությունը չէ՞ր կարող Ձեզ պատվիրել։ Հիմա, կարծեմ, երկիրն ունի ֆինանսական այդպիսի հնարավորություն, գործում է պետպատվերի ինստիտուտը։

– «Ռեքվիեմ» գրելու պահանջ մեջս, իրոք, կա այս էլ քանի տարի։ Բայց խնդիրն այստեղ միայն հոնորարը չէ։ Ես պետք է իմանամ կատարողական ինչ ուժերի` ինչ նվագախմբի, ինչ երգչախմբի համար պիտի գրվի դա։ Վերջերս Լոս Անջելեսում եղա Քրիստոֆեր Ռոուսի «Ռեքվիեմ» փորձերին։ Հրաշալի մի աշխատանք է դա, 90 րոպե տևողությամբ ռեքվիեմ է մեծ նվագախմբի, մեծ երգչախմբի համար։ Իմացա, որ Քրիստոֆեր Ռոուսը երեք տարի սպասել է այս գործի կատարմանը. նվագախումբը, որի համար գրել է, իսկ դա արդիական երաժշտություն կատարելու որոշակի փորձ ունեցող կոլեկտիվ է, այդ ընթացքում դժվարացել է հնչեցնել նրա գործը։ Ըստ երևույթին, դա հիշյալ նվագախմբի համար բարդ պարտիտուր է եղել։ Այնուհետև Ռոուսի այս երկը հանձն է առել հնչեցնելու Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկը։ Ռոուսը երաժշտության մեջ Պուլիտցերյան մրցանակի արժանացած հեղինակ է, և այս կատարումը համաամերիկյան երաժշտական իրադարձություններից մեկը եղավ։ Դա մի պարտիտուր է, որը վերագծում է ռեքվիեմի ժանրի առ այսօր գոյություն ունեցող սահմանները, գեղարվեստական մտածողության սահմանները։ Եթե Ռոուսի պես հեղինակն է իր հաշվարկների մեջ սխալվում կատարողներին ընտրելիս` երեք տարի չհնչելու գնով, ուրեմն, իրոք որ պետք է նախօրոք ճիշտ մտածել ու ընտրել, թե ում համար ես գրում։ Այնպես որ, խնդիրը միայն բարերար ունենալը չէ, պետք է նաև կողմնորոշված լինել նվագախմբի, երգչախմբի հարցում։

– Ի դեպ, կարելի՞ է հարցնել Ձեր հոնորարների մասին։ Ի՞նչ արժե, ասենք, Ձեր երաժշտության մեկ րոպեն։ Ոչ թե ուրիշի գրպանի փողը հաշվելու նկատառումով, այլ, ինչպես ասեմ, որ մեր հնարավոր հովանավորները պատկերացում ունենային Ձեր հավակնությունների մասին, եթե երբևէ ուզենային Ձեզ որևէ գործ գրելու առաջարկ անել։

– Ես երաժշտություն գրում եմ շատ մեծ դժվարությամբ և ինքս ինձ առանձնապես բեղմնավոր չեմ համարում։ Հետևաբար, իմ մեկ րոպեի համար քիչ չեմ պահանջում, իսկ թե ինչքան է, կոնկրետացնել չեմ ուզում։ Միայն ասեմ, որ աշխարհում այսօր լուրջ արվեստը հիմնականում եկամտի միջոց չէ։

– Դուք վաղուց չեք դասավանդում։ 25-30 տարի՞։ Ինչո՞ւ։ Վարպետը չէ՞ որ պետք է աշակերտներ, հետնորդներ ունենա։ Ամերիկացի երիտասարդ` 19-20 տարեկան կոմպոզիտորը երազում է ձեր աշակերտը դառնալ (փաստ, որի մասին գիտենք) և նամակով խնդրում է, որ հայտնեք Ձեր պայմանները… Այնքան ափսոսս գալիս է Ձեր տաղանդի` երաժշտական ու մարդկային-մանկավարժական տաղանդի երկրպագու երևանյան երիտասարդ ստեղծագործողը, որ չունի Ձեզնից դասեր առնելու հնարավորությունը։ Չէ՞ որ մի ժամանակ Դուք Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս էիք, ռեկտորն էիք…

– Մեր զրույցի սկզբում ասացի, որ կան թեմաներ, որոնց մասին խոսելն անիմաստ է։ Սա այդ թեմաներից մեկն է։ Անցնենք առաջ…

– Վերջերս վերադարձաք Ամերիկայից` չորս պատվերից հրաժարված։ Բայց մեկը կատարելու պայման կապած։ Ո՞ւմ պատվերն է դա, ի՞նչ գործ է։ Դա ա՞յն է, որի պատվիրատուն խնդրել էր, որ ինքներդ որոշեք ձեր երկի ժանրը, տևողությունը, գործիքային կազմը, գրելու ժամկետը, ինքներդ սահմանեք ձեր հոնորարի չա փը… Ձեզ համար աշխատելու գրեթե իդեալական պայմաններ էին խոստացել։ Վիլլա Իտալիայում, սպասարկող անձնակազմ, ազատություն բոլոր կենցաղային հոգսերից…

– Ո՛չ, սա այդ գործը չէ։ Դրանից նույնպես առայժմ հրաժարվել եմ։ Թեև պատվիրող կողմը, այնուամենայնիվ, սպասում է, շարունակում է համոզել ինձ։ Այդ չորս մերժածս գործերից միայն մեկից կարողացա վերջնականապես հրաժարվել, մյուսները դեռ քննարկումների ընթացքի մեջ են։ Այն մեկը, որ հիմա պիտի սկսեմ մեծ սիրով… Ահա այդ մեկի մասին հիմա չէի ուզենա խոսել։ Այս պահին աշխատում եմ մի գործի վրա, որի ծնունդը պատվերով չի պայմանավորված և կապված է հայ բանաստեղծության հետ (հայ բանաստեղծությամբ երաժշտություն գրելու պատվեր առհասարակ չի լինում, համենայնդեպս՝ ինձ հայտնի չէ)։

– 2005-ին Գրեմմիի մրցանակաբաշխության հինգ նոմինանտներից մեկը դարձաք։ Կարծում եմ` դրանով «վավերացվեց» ձեր միջազգային փառքը, որն ունեիք մինչ այդ։ «Լոս Անջելես թայմսը» վերջերս գրեց, թե Մանսուրյանի ժամը եթե դեռ չի հնչել, ապա արդեն շատ մոտ է։ Աշխարհով մեկ տարածվող ու ամենուր հարգված լուրջ թերթը նկատի ուներ ձեր համաշխարհային հռչակի մոտ լինելը։ Դուք ունե՞ք այդ համոզմունքը, որ շուտով, ահա շուտով…

– Փառքի հետ կապված հարցե՞ր քննարկենք… Միակ բանը, որն ինձ այսօր պահում է, այն է, որ իմ կնոջ մահից հետո ես չկոտրվեցի, իմ մեջ ուժ գտա գործս շարունակելու, և ինձ այնպես է թվում, որ «էն կողմերում» ինքը ուրախ է ինձ համար, գոհ է ինձանից։

– Առաջիկայում ե՞րբ կարող ենք ակնկալել ձեր ստեղծագործական երեկոն Երևանում։

– Կարծում ես` դրա պահանջը կա՞… Ես վստահ չեմ։ Եթե այդպիսի պահանջ լինի, թերևս նման բան տեղի ունենա։ Այդ մասին որևէ ստույգ բան չգիտեմ։

Գրանիշ հանդես [01-2011]

Share Button

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *